ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՀՀ վարչական դատարանի վճիռ |
Վարչական գործ թիվ ՎԴ2/0278/05/09 2010թ. |
Նախագահող դատավոր՝ Հ. Թորոսյան |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան)
նախագահությամբ |
Ս. Սարգսյանի | |
մասնակցությամբ դատավորներ |
Ե. Սողոմոնյանի | |
Վ. Աբելյանի | ||
Ս. Անտոնյանի | ||
Վ. Ավանեսյանի | ||
Ա. Բարսեղյանի | ||
Մ. ԴՐՄԵՅԱՆԻ | ||
Ե. Խունդկարյանի | ||
Է. Հայրիյանի |
2010 թվականի հունիսի 25-ին
դռնբաց դատական նիստում, քննելով ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի (այսուհետ` Կոմիտե) վճռաբեկ բողոքը ՀՀ վարչական դատարանի 08.02.2010 թվականի վճռի դեմ` ըստ Կոմիտեի հայցի ընդդեմ Վարդան Գիժլարյանի` 275.175 ՀՀ դրամ բռնագանձելու և ՀՀ մաքսային օրենսգրքի 132-րդ հոդվածի 2-րդ մասի «ա» ենթակետով նախատեսված պարտավորությունը կատարելուն պարտավորեցնելու պահանջների մասին,
ՊԱՐԶԵՑ
1. Գործի դատավարական նախապատմությունը
Դիմելով դատարան` Կոմիտեն պահանջել է բռնագանձել Վարդան Գիժլարյանից 275.175 ՀՀ դրամ տուգանքը և պարտավորեցնել վերջինիս կատարել ՀՀ մաքսային օրենսգրքի 132-րդ հոդվածի 2-րդ մասի «ա» ենթակետով նախատեսված պարտավորությունը, այն է` մաքսային մարմին ներկայացնել Հայաստանի Հանրապետություն ներմուծված ավտոմեքենայի վերաբերյալ հայտարարագիր:
ՀՀ վարչական դատարանի (այսուհետ` Դատարան) 08.02.2010 թվականի վճռով հայցը բավարարվել է մասնակիորեն` ՀՀ մաքսային օրենսգրքի 132-րդ հոդվածի 2-րդ մասի «ա» ենթակետով նախատեսված պարտավորությունը կատարելուն պարտավորեցնելու պահանջի մասով:
Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Կոմիտեն:
Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:
2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը
Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.
Դատարանը չի կիրառել ՀՀ մաքսային օրենսգրքի 139-րդ, 189-րդ հոդվածները, «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 86-րդ հոդվածը, որոնք պետք է կիրառեր, սխալ է մեկնաբանել ՀՀ մաքսային օրենսգրքի 198-րդ հոդվածը, խախտել է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 64-րդ, 113-րդ հոդվածները:
Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.
Դատարանը գտել է, որ ՀՀ մաքսային օրենսգրքի 198-րդ հոդվածի իմաստով ապրանքի «հանձնման» ներքո նկատի չի առնվում դրա արժեքի կամ գնի փոխհատուցում կատարելը, քանի որ եթե նշված հոդվածի «հանձնումը» բառի ներքո նկատի առնվեր նաև «վաճառքը», ապա այդ մասին հատուկ պետք է նշվեր նաև «վաճառքը» բառը` որպես այդ հոդվածի սանկցիայով սահմանված պատասխանատվություն առաջացնող արարք: Մինչդեռ Դատարանն անտեսել է, որ «Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության 2008 թվականի օգոստոսի 21-ի թիվ ՀՕ-155-Ն օրենքով ՀՀ մաքսային օրենսգրքի 198-րդ հոդվածը լրացվել է նաև «օտարելը» և «ոչնչացնելը» բառերով:
Դատարանը, վերլուծելով ՀՀ մաքսային օրենսգրքի 198-րդ հոդվածը, եզրահանգել է, որ Վարդան Գիժլարյանը նշված հոդվածով սահմանված արարքի համար պատասխանատվության ենթակա սուբյեկտ չէ: Մինչդեռ Դատարանն անտեսել է, որ ՀՀ մաքսային օրենսգրքի 139-րդ հոդվածի համաձայն` ներմուծվող ապրանքները ներմուծման պահից մինչև որևէ մաքսային ռեժիմով հայտարարագրվելը գտնվում են մաքսային հսկողության տակ: Տվյալ դեպքում Վարդան Գիժլարյանը Հայաստանի Հանրապետություն ներմուծած ավտոմեքենան որևէ մաքսային ռեժիմով չի հայտարարագրել: Հետևաբար այդ ապրանքը մինչ օրս գտնվում է մաքսային հսկողության ներքո:
Դատարանն անտեսել է նաև, որ Կոմիտեի հայցադիմումի փաստերը սահմանափակվում են ուժի մեջ գտնվող և չվերացված որոշման հիման վրա տուգանքի բռնագանձման հարցի լուծմամբ: Այսինքն` տվյալ դեպքում հայցի առարկայի շրջանակը տուգանքի բռնագանձումն է, այլ ոչ թե որոշման իրավաչափությունը: Հետևաբար Դատարանը դուրս է եկել հայցի առարկայի շրջանակից, քանի որ Վարդան Գիժլարյանը չի ներկայացրել հակընդդեմ հայց, որով կվիճարկվեր Կոմիտեի հետաքննության վարչության պետի 02.10.2009 թվականի «Վարչական տույժ նշանակելու մասին» որոշման իրավաչափությունը:
Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է Դատարանի 08.02.2010 թվականի վճիռը բեկանել և փոփոխել` հայցը բավարարել:
3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը.
1) Կոմիտեի հետաքննության վարչության պետի 02.10.2009 թվականի «Վարչական տույժ նշանակելու մասին» որոշմամբ Վարդան Գիժլարյանը ՀՀ մաքսային օրենսգրքի 198-րդ հոդվածով ճանաչվել է զանցառու մաքսային հսկողության ներքո գտնվող և առանց մաքսային մարմնի թույլտվության 1996 թվականի արտադրության «ՎԱԶ-21074» մակնիշի XTA210740T0976984 նույնականացման համարի ավտոմեքենայի օտարման համար և տուգանվել է մաքսային հսկողության ներքո գտնվող և առանց մաքսային մարմնի թույլտվության օտարված 1996 թվականի արտադրության «ՎԱԶ-21074» մակնիշի XTA210740T0976984 նույնականացման համարի ավտոմեքենայի մաքսային արժեքի հիսուն տոկոսի չափով` 275.175 ՀՀ դրամ (գ.թ. 8-9):
2) Կոմիտեի հետաքննության վարչության պետի նշված որոշումը չի վիճարկվել:
4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները
Քննելով վճռաբեկ բողոքը նշված հիմքի սահմաններում` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այն հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ.
ՀՀ մաքսային օրենսգրքի 2-րդ հոդվածի «ժզ» ենթակետի համաձայն` մաքսային հսկողություն է համարվում Հայաստանի Հանրապետության օրենքներով, և այլ իրավական ակտերով, ինչպես նաև միջազգային պայմանագրերով ամրագրված դրույթների պահպանման նպատակով մաքսային մարմինների կողմից իրականացվող միջոցառումների համակարգը:
ՀՀ մաքսային օրենսգրքի 138-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` ապրանքների և տրանսպորտային միջոցների տեղափոխման կարգի պահպանումն ապահովելու նպատակով իրականացվում է մաքսային հսկողություն: Մաքսային հսկողության ենթակա են Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանով տեղափոխվող բոլոր ապրանքներն ու տրանսպորտային միջոցները, եթե նույն օրենսգրքով այլ բան նախատեսված չէ:
ՀՀ մաքսային օրենսգրքի 139-րդ հոդվածի 2-րդ պարբերության համաձայն` անկախ նույն հոդվածի առաջին պարբերությամբ սահմանված հսկողության ժամկետներից, ներմուծվող ապրանքները ներմուծման պահից մինչև որևէ մաքսային ռեժիմով հայտարարագրվելը գտնվում են մաքսային հոկողության տակ:
ՀՀ մաքսային օրենսգրքի 189-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` մաքսային կանոնների խախտում է համարվում անձի կողմից կատարված անօրինական գործողությունը կամ անգործությունը, որն ուղղված է Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսդրությամբ և մաքսային ոլորտին առնչվող Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանով տեղափոխվող ապրանքների և տրանսպորտային միջոցների մաքսային հսկողության և մաքսային ձևակերպման սահմանված կարգի դեմ, և որի համար նույն օրենսգրքով նախատեսված է պատասխանատվություն:
ՀՀ մաքսային օրենսգրքի 198-րդ հոդվածի համաձայն` մաքսային հսկողության ներքո գտնվող ապրանքներն ու տրանսպորտային միջոցներն առանց մաքսային մարմնի թույլտվության մասնակի կամ ամբողջությամբ հանձնելը, օտարելը, ոչնչացնելը կամ կորցնելը` առաջացնում է տուգանքի նշանակում` այդ ապրանքների և տրանսպորտային միջոցների մաքսային արժեքի հիսուն տոկոսի չափով:
Նշված նորմերի վերլուծությունից հետևում է, որ մաքսային հսկողությունը մաքսային մարմինների կողմից իրականացվող միջոցառումների համակարգ է, որի նպատակը Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանով տեղափոխվող բոլոր ապրանքների և տրանսպորտային միջոցների տեղափոխման կարգի պահպանման ապահովումն է: Ներմուծվող ապրանքները մաքսային հոկողության ներքո գտնվում են ներմուծման պահից մինչև որևէ մաքսային ռեժիմով հայտարարագրվելու պահը: Իսկ առանց մաքսային մարմնի թույլտվության մաքսային հսկողության ներքո գտնվող ապրանքները կամ տրանսպորտային միջոցները մասնակի կամ ամբողջությամբ հանձնելը, օտարելը, ոչնչացնելը կամ կորցնելը որակվում է որպես մաքսային կանոնների խախտում, որի համար մեղավոր անձը ենթակա է պատասխանատվության` նշված ապրանքների կամ տրանսպորտային միջոցների մաքսային արժեքի հիսուն տոկոսի չափով տուգանքի տեսքով: Այսինքն` նշված իրավախախտման սուբյեկտ է համարվում այն անձը, որն առանց մաքսային մարմնի թույլտվության մասնակի կամ ամբողջությամբ հանձնում կամ օտարում կամ ոչնչացնում կամ կորցնում է մաքսային հսկողության ներքո գտնվող ապրանքները կամ տրանսպորտային միջոցները:
Սույն գործով Դատարանը հայցը` 275.175 ՀՀ դրամ բռնագանձելու պահանջի մասով, մերժելու հիմքում դրել է այն հանգամանքները, որ ՀՀ մաքսային օրենսգրքի 198-րդ հոդվածը պատասխանատվություն է սահմանում միայն մաքսային հսկողության ներքո գտնվող ապրանքներն առանց մաքսային մարմնի թույլտվության հանձնելու կամ կորցնելու համար: Բացի այդ, նշված հոդվածը չի կարող վերաբերել Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանով ապրանքներ ներմուծող անձին: Հետևաբար Վարդան Գիժլարյանի վրա դրվել է ակնհայտ ոչ իրավաչափ պարտականություն: Այսինքն` Կոմիտեի հետաքննության վարչության պետի 02.10.2009 թվականի «Վարչական տույժ նշանակելու մասին» որոշումն առ ոչինչ վարչական ակտ է:
Մինչդեռ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Դատարանը կիրառել է ՀՀ մաքսային օրենսգրքի 198-րդ հոդվածը հին խմբագրությամբ: Մասնավորապես` «Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության 2008 թվականի օգոստոսի 21-ի թիվ ՀՕ-155-Ն օրենքով ՀՀ մաքսային օրենսգրքի 198-րդ հոդվածը լրացվել է նաև «օտարելը» և «ոչնչացնելը» բառերով: Այսինքն` նշված հոդվածով պատասխանատվություն է առաջանում ոչ միայն առանց մաքսային մարմնի թույլտվության մաքսային հսկողության ներքո գտնվող ապրանքները կամ տրանսպորտային միջոցները մասնակի կամ ամբողջությամբ հանձնելու կամ կորցնելու, այլ նաև դրանք օտարելու կամ ոչնչացնելու համար:
Տվյալ դեպքում Կոմիտեի հետաքննության վարչության պետի 02.10.2009 թվականի «Վարչական տույժ նշանակելու մասին» որոշմամբ Վարդան Գիժլարյանը զանցառու է ճանաչվել ՀՀ մաքսային օրենսգրքի 198-րդ հոդվածով մաքսային հսկողության ներքո գտնվող և առանց մաքսային մարմնի թույլտվության 1996 թվականի արտադրության «ՎԱԶ-21074» մակնիշի XTA210740T0976984 նույնականացման համարի ավտոմեքենայի օտարման համար: Հետևաբար Վարդան Գիժլարյանի արարքը ՀՀ մաքսային օրենսգրքի 198-րդ հոդվածով որակվում է որպես մաքսային կանոնների խախտում:
Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Դատարանը սխալ է մեկնաբանել ՀՀ մաքսային օրենսգրքի 198-րդ հոդվածով սահմանված մաքսային կանոնների խախտման սուբյեկտային կազմը, քանի որ նշված հոդվածով որպես իրավախախտման, հետևաբար նաև պատասխանատվության սուբյեկտ է հանդիսանում առանց մաքսային մարմնի թույլտվության մաքսային հսկողության ներքո գտնվող ապրանքները կամ տրանսպորտային միջոցները մասնակի կամ ամբողջությամբ հանձնող, օտարող, ոչնչացնող կամ կորցնող անձը:
Տվյալ դեպքում Դատարանը հաստատված է համարել, որ Վարդան Գիժլարյանը նշված ավտոմեքենան բաժանել է մասերի և վաճառել: Հետևաբար վերջինս ՀՀ մաքսային օրենսգրքի 198-րդ հոդվածի ուժով մաքսային կանոնների խախտման սուբյեկտ է:
Նման պայմաններում Վճռաբեկ դատարանն անհիմն է համարում Դատարանի եզրահանգումն այն մասին, որ Կոմիտեի հետաքննության վարչության պետի 02.10.2009 թվականի «Վարչական տույժ նշանակելու մասին» որոշումն առ ոչինչ վարչական ակտ է (վարչական ակտի առ ոչինչ լինելու հարցի վերաբերյալ իրավական հիմնավորումը տես` ըստ ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի Սպանդարյանի 1 հարկային տեսչության հայցի ընդդեմ «Նովռոսինվեստ» ՍՊԸ-ի` 1.269.000 ՀՀ դրամ բռնագանձելու պահանջի մասին, թիվ ՎԴ/0562/05/09 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 12.03.2010 թվականի որոշումը):
Հետևաբար Կոմիտեի հետաքննության վարչության պետի 02.10.2009 թվականի «Վարչական տույժ նշանակելու մասին» որոշման առ ոչինչ չլինելու և չվիճարկվելու պայմաններում այն ենթակա է պարտադիր կատարման (չվիճարկվող վարչական ակտի իրավաչափության կանխավարկածի հարցի վերաբերյալ իրավական հիմնավորումը տես` ըստ Երևանի քաղաքապետարանի հայցի ընդդեմ Հրաչյա Քարամյանի` ինքնակամ շինությունը քանդելուն պարտավորեցնելու և 200.000 ՀՀ դրամ վարչական տուգանքը բռնագանձելու պահանջների մասին, թիվ ՎԴ/2068/05/08 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 27.05.2009 թվականի որոշումը):
Միաժամանակ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով անհրաժեշտ է կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-րդ հոդվածի 1-ին կետի 4-րդ ենթակետով սահմանված` ստորադաս դատարանի դատական ակտը փոփոխելու Վճռաբեկ դատարանի լիազորությունը հետևյալ հիմնավորմամբ.
ՀՀ Սահմանադրության 19-րդ հոդվածի և «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի ողջամիտ ժամկետում իր գործի քննության իրավունք: Սույն գործով վեճի լուծումն էական նշանակություն ունի գործին մասնակցող անձանց համար: Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գործը ողջամիտ ժամկետում քննելը հանդիսանում է ՀՀ Սահմանադրության և «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի նշված հոդվածներով ամրագրված` անձի արդար դատաքննության իրավունքի տարր, հետևաբար գործի անհարկի ձգձգումները վտանգ են պարունակում նշված իրավունքի խախտման տեսանկյունից: Տվյալ դեպքում Վճռաբեկ դատարանի կողմից ստորադաս դատարանի դատական ակտը փոփոխելը բխում է արդարադատության արդյունավետության շահերից, քանի որ սույն գործով վերջնական դատական ակտ կայացնելու համար նոր հանգամանք հաստատելու անհրաժեշտությունը բացակայում է:
Դատական ակտը փոփոխելիս Վճռաբեկ դատարանը հիմք է ընդունում սույն որոշման պատճառաբանությունները, ինչպես նաև գործի նոր քննության անհրաժեշտության բացակայությունը:
Այսպիսով, սույն վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը համարում է բավարար` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 227-րդ և 228-րդ հոդվածների ուժով Դատարանի վճիռը բեկանելու համար:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-2412-րդ հոդվածներով, ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 59-րդ և 118-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը
ՈՐՈՇԵՑ
1. Վճռաբեկ բողոքը բավարարել մասնակիորեն: Բեկանել ՀՀ վարչական դատարանի 08.02.2010 թվականի վճռի` հայցը մերժելու մասը և այն փոփոխել. ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի հայցը բավարարել` Վարդան Գիժլարյանից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել 275.175 ՀՀ դրամ: Վճիռը մնացած մասով թողնել օրինական ուժի մեջ:
2. Վարդան Գիժլարյանից հօգուտ ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի բռնագանձել 5.504 ՀՀ դրամ` որպես հայցադիմումի և 10.000 ՀՀ դրամ` որպես վճռաբեկ բողոքի համար վճարված պետական տուրքեր:
3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:
Նախագահող` |
Ս. Սարգսյան | |
Դատավորներ` |
Ե. ՍՈՂՈՄՈՆՅԱՆ | |
Վ. Աբելյան | ||
Ս. Անտոնյան | ||
Վ. ԱՎԱՆԵՍՅԱՆ | ||
Ա. Բարսեղյան | ||
Մ. ԴՐՄԵՅԱՆ | ||
Ե. Խունդկարյան | ||
Է. Հայրիյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|