ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՀՀ վարչական դատարանի վճիռ |
Վարչական գործ թիվ ՎԴ/5531/05/09 2010թ. |
Նախագահող դատավոր՝ Ա. Միրզոյան |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան)
նախագահությամբ |
Ս. Սարգսյանի | |
մասնակցությամբ դատավորներ |
Ա. Բարսեղյանի | |
Վ. Աբելյանի | ||
Ս. Անտոնյանի | ||
Մ. ԴՐՄԵՅԱՆԻ | ||
Ե. Խունդկարյանի | ||
Է. Հայրիյանի | ||
Ե. Սողոմոնյանի |
2010 թվականի հունիսի 25-ին
դռնբաց դատական նիստում, քննելով «Ինտրաքոմ Հայաստան» ՍՊԸ-ի (այսուհետ՝ Ընկերություն) վճռաբեկ բողոքը ՀՀ վարչական դատարանի 16.12.2009 թվականի վճռի դեմ՝ ըստ Բաբկեն Սահրադյանի հայցի ընդդեմ ՀՀ արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն բաժանմունքի (այսուհետ՝ Ծառայություն), Ընկերության՝ 30.01.2008 թվականի կատարողական վարույթը կարճելու մասին թիվ 01/04-33/08 որոշումը վերացնելու պահանջի մասին,
ՊԱՐԶԵՑ
1. Գործի դատավարական նախապատմությունը
Դիմելով դատարան՝ Բաբկեն Սահրադյանը պահանջել է վերացնել կատարողական վարույթը կարճելու մասին 30.01.2008 թվականի թիվ 01/04-33/08 որոշումը։
ՀՀ վարչական դատարանի (այսուհետ` Դատարան) 16.12.2009 թվականի վճռով հայցը բավարարվել է։
Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Ընկերությունը։
Վճռաբեկ բողոքի պատասխան է ներկայացրել Բաբկեն Սահրադյանը։
2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը
Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.
Դատարանը խախտել է ՀՀ Սահմանադրության 19-րդ հոդվածը, «Մարդու իրավունքների և հիմնարար ազատություների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածը, ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 5-րդ հոդվածը, 60-րդ հոդվածը, 61-րդ հոդվածի 1-ին մասը, 62-րդ հոդվածի 3-րդ մասը։
Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանում է հետևյալ փաստարկներով.
04.03.2009 թվականին Ընկերությունում ստացվել է թիվ 12111 համարի դատական ծանուցագիրը, որով Ընկերությունը սույն գործով հրավիրվել է Դատարան։
Սակայն հետագայում Դատարանի կողմից նշանակված դատական նիստերին Ընկերությունը պատշաճ չի ծանուցվել, այսինքն՝ բացի 04.03.2009 թվականի թիվ 12111 ելից համարով թվագրված, դատական ծանուցագրից որևէ այլ ծանուցում Ընկերությունը չի ստացել։
Տվյալ դեպքում Ընկերությունը փաստացի զրկվել է իր իրավունքի իրականացման հնարավորությունից։
Մասնավորապես, Դատարանը պատշաճ կարգով չծանուցելով դատական նիստի վայրի և ժամի մասին և առանց պատասխանողի քննելով գործը՝ չի ապահովել Ընկերության դատական պաշտպանության իրավունքի, իրավահավասարության և մրցակցության սկզբունքների իրականացումը։
Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Դատարանի 16.12.2009 թվականի վճիռը և գործն ուղարկել նոր քննության։
2.1 Վճռաբեկ բողոքի պատասխանի հիմնավորումները
Ընկերությունն իր իրավաբանական հասցեն փոխել է 02.07.2009 թվականին և ստացել է պետական գրանցում հասցեի փոփոխման վերաբերյալ։ Այսինքն՝ մինչև 02.07.2009 թվականն Ընկերությունը տեղյակ է եղել սույն դատական գործի մասին, պատշաճ ծանուցվել է դատական նիստի ժամանակի և վայրի մասին, ստացել է հայցադիմումը և այլ անհրաժեշտ փաստաթղթեր։ Իսկ 02.07.2009 թվականից հետո Բաբկեն Սահրադյանը Դատարանին ներկայացրել է Ընկերության ինտերնետային կայքից քաղվածք, որը Դատարանն ընդունել է ի գիտություն և Ընկերության ծանուցումներն ու դատական ակտերն ուղարկել է ինտերնետային կայքից վերցված հասցեով, այն է՝ 0037, ք. Երևան, Բաբայան 2.։
3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը
Բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը՝
1. Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարան 07.02.2008 թվականին մուտքագրված հայցադիմումի համաձայն՝ Ընկերության իրավաբանական հասցեն նշվել է Երևան, Աղայան փողոց 9 շենք, թիվ 73 բնակարան, իսկ գործունեության հասցեն՝ Հանրապետության 44/2, 4-րդ հարկ (հատոր 1-ին, գ.թ. 9)։
2. Հայցադիմումի ներկայացումից հետո մինչև 10.03.2009 թվականն ընկած ժամանակահատվածում իրականացված դատավարական գործողությունների մասին Ընկերությունը ծանուցվել է իրավաբանական և գործունեության հասցեներով, որոնք պատշաճ կարգով ստացել է (հատոր 1-ին, գ.թ. 51-52, 75-76, 98, 101, 124, 126)։
3. Բաբկեն Սահրադյանի կողմից Դատարան ներկայացված 10.03.2009 թվականի, 21.04.2009 թվականի Ընկերության ինտերնետային կայքից քաղվածքների համաձայն՝ Ընկերության հասցեն է 0037 Երևան, Բաբայան 2 (հատոր 2-րդ, գ.թ. 43, 65)։
4. Դատարանի 04.03.2009 թվականի թիվ 12111 դատական ծանուցագրով 10.03.2009 թվականին նշանակված նախնական դատական նիստի մասին Ընկերությունը ծանուցվել է Երևան, Բաբայան 2 հասցեով, որն Ընկերությունում ստացվել է 07.03.2009 թվականին (հատոր 2-րդ, գ.թ. 34-36)։
5. Դատարանի 07.04.2009 թվականի թիվ Ե-186856 դատական ծանուցագրով 20.04.2009 թվականին նշանակված դատական նիստի մասին Ընկերությունը ծանուցվել է Երևան, Բաբայան 2 հասցեով, որն Ընկերությունում ստացվել է 10.04.2009 թվականին (հատոր 2-րդ, գ.թ. 54-56)։
6. Դատարանի «Փորձաքննություն նշանակելու մասին», «Գործի վարույթը կասեցնելու մասին» 20.04.2009 թվականի որոշումները, ինչպես նաև գործի վարույթը կասեցնելու մասին որոշման մեջ թույլ տրված վրիպակն ուղղելու մասին 05.05.2009 թվականի որոշումն Ընկերությանն ուղարկվել են Երևան, Բաբայան 2 հասցեով (հատոր 2-րդ, գ.թ. 79-81, 88-89)։
7. 05.10.2009 թվականին Դատարան մուտքագրված՝ «Վարույթը վերսկսելու մասին» դիմումին կից Բաբկեն Սահրադյանը ներկայացրել է 02.10.2009 թվականի Ընկերության ինտերնետային կայքից քաղվածք, որի համաձայն՝ Ընկերության հասցեն է 0037 Երևան, Բաբայան 2 (հատոր 3-րդ, գ.թ. 19-20)։
8. Դատարանի «Գործի վարույթը վերսկսելու մասին» 08.10.2009 թվականի որոշումն Ընկերությանն ուղարկվել է ք. Երևան, Աղայան 9 շենք, թիվ 73 հասցեով, որը փոստային ծառայության կողմից վերադարձվել է «փակ է, ոչ ոք չկա» նշումով (հատոր 3-րդ, գ.թ. 27-29)։
9. Դատարանի 20.11.2009 թվականին նշանակված դատական նիստի մասին 10.11.2009 թվականի թիվ Ե-64066 դատական ծանուցագիրն Ընկերությանն ուղարկվել է ք. Երևան, Աղայան 9 շենք, թիվ 73 հասցեով, որը փոստային ծառայության կողմից վերադարձվել է «փակ է, ոչ ոք չկա» նշումով (հատոր 3-րդ, գ.թ. 34-36)։
10. 16.12.2009 թվականի թիվ ՎԴ/5531/05/09 վճիռը Դատարանը 17.12.2009 թվականի թիվ Ե-72692 գրությամբ ուղարկել է ք. Երևան, Բաբայան 2 և ք. Երևան, Աղայան 9 շենք, թիվ 73 բնակարան հասցեներով։ Նշված վճիռն Ընկերությունը ստացել է ք. Երևան, Բաբայան 2 հասցեով, իսկ ք. Երևան, Աղայան 9 շենք, թիվ 73 բնակարան հասցեով ուղարկված վճիռը փոստային ծառայության կողմից վերադարձվել է (հատոր 3-րդ, գ.թ. 65-67)։
11. Գործում առկա չէ «Գործի վարույթը վերսկսելու մասին» 08.11.2009 թվականի որոշման ընդունումից հետո Ընկերությանը՝ 20.11.2009 թվականին նշանակված դատական նիստին ծանուցելու փաստը հավաստող որևէ ապացույց։
4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները
Քննելով վճռաբեկ բողոքը վերը նշված հիմքի սահմաններում` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ վճռաբեկ բողոքը հիմնավոր է մասնակիորեն հետևյալ պատճառաբանությամբ.
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 5-րդ հոդվածի համաձայն՝ Վարչական դատարանը պարտավոր է ապահովել, որ կողմերն ունենան հավասար հնարավորություններ գործի քննության ամբողջ ընթացքում, այդ թվում՝ յուրաքանչյուր կողմին ընձեռել քննվող գործի վերաբերյալ իր դիրքորոշումը ներկայացնելու լիարժեք հնարավորություն։
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 91-րդ հոդվածի համաձայն՝ դատաքննությունը վարչական դատարանում անցկացվում է դատական նիստերի միջոցով։ Նույն օրենսգրքի 60-րդ հոդվածի համաձայն՝ ծանուցագրով դատական նիստի կամ առանձին դատավարական գործողություններ կատարելու ժամանակի և վայրի մասին տեղեկացվում են դատավարության մասնակիցները։
Նույն օրենսգրքի 62-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ ծանուցագրի հանձնումն իրականացվում է «Փաստաթղթերի հատուկ առաքման մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով։ Ծանուցագրի հետ մեկտեղ հասցեատիրոջն ուղարկվում են դատավարական փաստաթղթերի պատճենները։ Ծանուցագրերն ուղարկվում են այն հաշվով, որ դրանց հասցեատերերը դատական նիստին ներկայանալուց կամ դատավարական գործողությունների կատարմանը մասնակցելուց առնվազն 5 օր առաջ իրազեկվեն դատական նիստի կամ դատավարական գործողությունների կատարման ժամանակի և վայրի վերաբերյալ։
«Փաստաթղթերի հատուկ առաքման մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի համաձայն՝ հատուկ առաքում է համարվում փոստով կամ առձեռն հանձնմամբ հատուկ առաքումը, ընդ որում հատուկ առաքումը փոստով տեղի է ունենում միայն փոստային ազգային օպերատորի միջոցով։ Իսկ նույն օրենքի 8-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ առձեռն հանձնմամբ հատուկ առաքումը համարվում է կատարված, եթե ուղարկողի մոտ առկա են առաքման փաթեթը կազմող փաստաթղթերի պատճենները, որոնց յուրաքանչյուր էջը պարունակում է առաքման փաթեթն ընդունող անձի նշումը փաթեթի ստացման փաստի և ամսաթվի վերաբերյալ և նրա ստորագրությունը, իսկ առաջին էջը՝ նաև առաքման փաթեթն ընդունող անձի անունը և ազգանունը։
Վերը նշված նորմերի վերլուծությունից հետևում է, որ ծանուցումն ուղարկվում է պատվիրված նամակով՝ հանձնման մասին ծանուցմամբ կամ հանձնվում է առձեռն (այսուհետ՝ պատշաճ ձևով)։ Սա ենթադրում է վարչական դատավարության մասնակիցների՝ դատական նիստի կամ դատավարական գործողությունների մասին իրազեկելու կապակցությամբ դատարանի ակտիվ գործողություններ, որոնք պետք է իրականացվեն վերը նշված նորմերով նախատեսված միջոցների և եղանակների օգտագործմամբ։ Ընդ որում, անկախ ծանուցման եղանակից, ծանուցումը պետք է լինի այնպիսին, որով հնարավոր է ապացուցել վարչական դատավարության մասնակցին դատական նիստի կամ դատավարական գործողության մասին տեղեկացնելու փաստը։
Վճռաբեկ դատարանն իր նախկին որոշումներում անդրադարձել և գնահատման առարկա է դարձրել դատավարության մասնակիցների պատշաճ ծանուցման դեպքերին, մասնավորապես, երբ դատարանը գործը քննել է գործին մասնակցող անձանցից որևէ մեկի բացակայությամբ։
Այսպես, Վճռաբեկ դատարանը, հիմք ընդունելով ՀՀ Սահմանադրության 19-րդ հոդվածը և «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածը, արձանագրել է կողմերի իրավահավասարության և մրցակցության դատավարական սկզբունքների խախտում և, ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 228-րդ հոդվածի 2-րդ կետի 2-րդ ենթակետով, բեկանել է դատական ակտը (տես՝ «Արմենմոտոր» ՓԲԸ-ի հայցն ընդդեմ ՀՀ Արմավիրի մարզի Փարաքարի գյուղապետարանի, երրորդ անձ Նախարարության՝ «Արմենմոտոր» ՓԲԸ-ի՝ Փարաքար-Թաիրով համայնքում գտնվող 2,430 հա հողատարածքի՝ ՀՀ կառավարության 30.12.2004 թվականի թիվ 879-Ն և 13.10.2005 թվականի թիվ 1809-Ն որոշումներով սեփականաշնորհման համար սահմանված գներով վճարման իրավունքը (վճարումը վերոհիշյալ որոշումներով սահմանված գներով իրականացնելու պայմանով) ճանաչելու պահանջի մասին Վճռաբեկ դատարանի 04.12.2009 թվականի թիվ ՎԴ/1043/05/09 որոշումը)։
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 62-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն՝ դատավարության մասնակիցները և նրանց ներկայացուցիչները, ինչպես նաև այլ անձինք պարտավոր են դատարանին հայտնել գործի քննության ընթացքում իրենց հասցեի փոփոխության մասին։ Նման հաղորդման բացակայության դեպքում ծանուցագիրն ուղարկվում է նրանց վերջին հայտնի հասցեով և համարվում է հանձնված, թեկուզև հասցեատերն այդ հասցեում այլևս չի բնակվում կամ չի գտնվում։
Նշված նորմի վերլուծությունից հետևում է, որ գործին մասնակցող յուրաքանչյուր անձ կրում է գործի քննության ընթացքում իր հասցեի փոփոխության մասին դատարանին հայտնելու պարտավորություն։
Տվյալ դեպքում գործում առկա չէ որևէ ապացույց, որով կհիմնավորվեր, որ Ընկերությունն իր հասցեի փոփոխության մասին Դատարանին տեղեկացրել է։
Միաժամանակ, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ թեև Ընկերությունը չի կատարել ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 62-րդ հոդվածի 6-րդ մասով նախատեսված՝ հասցեի փոփոխության մասին Դատարանին հայտնելու իր պարտավորությունը, այդուհանդերձ Դատարանը տեղեկացված է եղել գործի քննության ընթացքում Ընկերության հասցեի փոփոխության մասին։
Մասնավորապես, Բաբկեն Սահրադյանի կողմից Դատարան ներկայացված 10.03.2009 թվականի, 21.04.2009 թվականի Ընկերության ինտերնետային կայքից քաղվածքների համաձայն՝ Ընկերության հասցեն է 0037 Երևան, Բաբայան 2։ Բացի այդ, Դատարանի 04.03.2009 թվականի թիվ 12111, 07.04.2009 թվականի թիվ Ե-186856 դատական ծանուցագրերը Դատարանը ուղարկել է հենց Երևան, Բաբայան 2 հասցեով, որոնք Ընկերությունը ստացել է։
Մինչդեռ Դատարանը գործի վարույթը վերսկսելու մասին 08.10.2009 թվականի որոշումը, 20.11.2009 թվականին նշանակված դատական նիստի մասին 10.11.2009 թվականի թիվ Ե-64066 դատական ծանուցագիրն Ընկերությանն ուղարկել է ք. Երևան, Աղայան 9 շենք, թիվ 73 հասցեով, որը փոստային ծառայության կողմից վերադարձվել է «փակ է, ոչ ոք չկա» նշումով։
Հիմք ընդունելով վերոգրյալը և համադրելով սույն գործի փաստերը՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Ընկերությունը չի ծանուցվել միայն 20.11.2009 թվականին նշանակված դատական նիստի ժամանակի և վայրի մասին։
Նման պայմաններում Վճռաբեկ դատարանը գտնում է, որ հիմնավոր չէ բողոք բերած անձի այն փաստարկը, որ բացի 04.03.2009 թվականի թիվ 12111 ելից համարով թվագրված դատական ծանուցագրից որևէ այլ ծանուցում Ընկերությունը չի ստացել։
Վճռաբեկ բողոքի պատասխանի փաստարկները մասնակիորեն հերքվում են վերը նշված պատճառաբանությամբ։
Այսպիսով, սույն վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը համարում է բավարար՝ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 228-րդ հոդվածի ուժով Դատարանի վճիռը բեկանելու համար։
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-2412-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը
ՈՐՈՇԵՑ
1. Վճռաբեկ բողոքը բավարարել։ Բեկանել ՀՀ վարչական դատարանի 16.12.2009 թվականի վճիռը և գործն ուղարկել նույն դատարան՝ նոր քննության։
2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման։
Նախագահող` |
Ս. Սարգսյան | |
Դատավորներ` |
Ա. Բարսեղյան | |
Վ. Աբելյան | ||
Ս. Անտոնյան | ||
Մ. ԴՐՄԵՅԱՆ | ||
Ե. Խունդկարյան | ||
Է. Հայրիյան | ||
Ե. ՍՈՂՈՄՈՆՅԱՆ |