ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական Քաղաքացիական գործ թիվ ԵԿԴ/2023/02/09 |
Քաղաքացիական գործ թիվ ԵԿԴ/2023/02/09 2010թ. |
Նախագահող դատավոր՝ Ս. Միքայելյան | |
Դատավորներ՝ Ն. Տավարացյան Դ. Խաչատրյան |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան)
նախագահությամբ |
Ս. Սարգսյանի | |
մասնակցությամբ դատավորներ |
Վ. Աբելյանի | |
Ս. Անտոնյանի | ||
Վ. Ավանեսյանի | ||
Ա. Բարսեղյանի | ||
Մ. ԴՐՄԵՅԱՆԻ | ||
Ե. ԽՈՒՆԴԿԱՐՅԱՆԻ | ||
Է. Հայրիյանի | ||
Ե. Սողոմոնյանի |
2010 թվականի հունիսի 25-ին
դռնբաց դատական նիստում, քննելով Թորոս Հարությունյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 05.02.2010 թվականի որոշման դեմ՝ ըստ հայցի Սուսաննա Ռեչելյանի ընդդեմ Թորոս Հարությունյանի, վեճի առարկայի նկատմամբ ինքնուրույն պահանջ չներկայացնող երրորդ անձ` ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Մարաշ տարածքային ստորաբաժանման (այսուհետ` Կադաստր)` Սուսաննա Ռեչելյանին սեփականության իրավունքով պատկանող հողի վրա Թորոս Հարությունյանի կողմից կառուցված 3 մետր բարձրությամբ պարիսպը քանդելուն պարտավորեցնելու և 20.9 քմ լայնությամբ և 14.14 քմ երկարությամբ հողատարածքը վերադարձնելու պահանջների մասին,
ՊԱՐԶԵՑ
1. Գործի դատավարական նախապատմությունը
Դիմելով դատարան՝ Սուսաննա Ռեչելյանը պահանջել է պարտավորեցնել Թորոս Հարությունյանին քանդելու սեփականության իրավունքով իրեն պատկանող հողի վրա կառուցած 3 մետր բարձրությամբ պարիսպը և վերադարձնել 20.9 քմ և 14.14 քմ մակերեսով հողատարածքը:
Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանի (այսուհետ՝ Դատարան) 27.11.2009 թվականի վճռով հայցը մերժվել է:
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ՝ Վերաքննիչ դատարան) 05.02.2010 թվականի որոշմամբ Սուսաննա Ռեչելյանի ներկայացուցչի վերաքննիչ բողոքը բավարարվել է մասնակիորեն, բեկանվել է Դատարանի 27.11.2009 թվականի վճիռը, և գործն ուղարկվել է նոր քննության:
Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Թորոս Հարությունյանը:
Վճռաբեկ բողոքի պատասխան է ներկայացրել Սուսաննա Ռեչելյանը:
2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը
Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.
Վերաքննիչ դատարանը չի կիրառել ՀՀ Սահմանադրության 8–րդ և 31-րդ հոդվածները, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 163-րդ հոդվածը, որոնք պետք է կիրառեր, խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 48-րդ, 51-րդ, 53-րդ հոդվածների պահանջները:
Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.
Վերաքննիչ դատարանը գործում առկա բոլոր ապացույցները բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ գնահատման չի ենթարկել, ինչի արդյունքում հանգել է գործի սխալ լուծման: Մասնավորապես, գործում առկա են ապացույցներ, որ Երևանի Գորկու փողոցի թիվ 76 տունը ձեռք է բերվել 23.08.1979 թվականին Մարգարիտա Շահվերդովայի հետ կնքված առուծախի պայմանագրով: 1950-ական թվականներից հողամասը պարիսպով անջատված էր հարևան հողամասերից, այդ թվում Սուսաննա Ռեչելյանին պատկանող հողամասից: Նշված հողամասի նկատմամբ իրավունքները ստացել են պետական գրանցում և տրվել է սեփականության իրավունքի վկայական, որում նշված հողամասի սահմանները համապատասխանում են 1953 թվականի գույքաթերթով և 1979 թվականի առուծախի պայմանագրով նշված չափերին, որոնց համաձայն տունը գտնվում է 12մ լայնությամբ և 27մ երկարությամբ պարսպապատված հողամասի վրա:
Վերոգրյալի հիման վրա Թորոս Հարությունյանը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 05.02.2010 թվականի որոշումը և օրինական ուժ տալ Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի 27.11.2009 թվականի վճռին:
2.1 Վճռաբեկ բողոքի պատասխանի հիմնավորումները
Վերաքննիչ դատարանը, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածի համաձայն, գործում առկա յուրաքանչյուր ապացույց գնահատել է գործի բոլոր ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտության վրա հիմնված ներքին համոզմամբ, պարզել է վերաքննիչ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը, որի արդյունքում կայացրել է հիմնավորված որոշում: Ելնելով վերոգրյալից՝ ներկայացված վճռաբեկ բողոքը անհիմն է և ենթակա է մերժման:
3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը՝
1. Երևանի Գորկու փողոցի թիվ 76 բնակելի տան 14.04.1953 թվականի գույքային թերթով հողամասի չափերը սահմանված են 12մ լայնությամբ և 27մ երկարությամբ (գ.թ. 25, 26):
2. 23.08.1979 թվականի առուծախի պայմանագրով Թորոս Հարությունյանը գնել է Երևանի Գորկու փողոցի թիվ 76 տունը: Նշված պայմանագրով հողամասի չափը նշվել է նույնը, ինչ 14.04.1953 թվականի գույքային թերթում/ գ.թ. 66/:
3. 22.05.1997 թվականին Թորոս Հարությունյանին տրվել է Երևանի Գորկու փողոցի թիվ 76 բնակելի տան հին նմուշի անշարժ գույքի սեփականության իրավունքի վկայական, իսկ 03.06.1999 թվականին նույն հասցեի տան նկատմամբ տրվել է նոր նմուշի անշարժ գույքի սեփականության իրավունքի վկայական: Նշված երկու անշարժ գույքի սեփականության իրավունքի վկայականներում հողամասի մակերեսը սահմանվել է 308 քմ (գ.թ. 24, 67-70):
4. Երևանի Գորկու փողոցի թիվ 78 բնակելի տունը պատկանել է Սուսաննա Ռեչելյանի ամուսնուն` Գրիգոր Ռեչելյանին, որը մահացել է 04.03.2002 թվականին (գ.թ. 31):
5. 11.05.1987 թվականին տրված տեխնիկական անձնագրի համաձայն՝ Երևանի Գորկու փողոցի թիվ 78 բնակելի տան հողի մակերեսը սահմանվել է 174 քմ (գ.թ. 19-22):
6. 21.08.2008 թվականին Սուսաննա Ռեչելյանին տրվել է ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագիր: Ժառանգական զանգվածում հողամասի չափը սահմանվել է Երքաղխորհրդի գործկոմի 11.05.1987 թվականի տեխնիկական անձնագրի համաձայն (գ.թ. 31):
7. Կադաստրի 28.04.2009 թվականի գրությամբ մերժվել է Սուսաննա Ռեչելյանի սեփականության իրավունքի գրանցումը Երևանի Գորկու փողոցի թիվ 78 բնակելի տան նկատմամբ և պատճառաբանվել, որ «չի ներկայացվել հատկացվածից ավելին օգտագործվող 11.9 քմ մակերեսով հողամասի, հատկացվածից պակաս օգտագործվող 20.9 քմ հողամասի և ինքնակամ շինությունների վերաբերյալ իրավահաստատող փաստաթղթեր» (գ.թ.47-48):
8. Երևանի Գորկու փողոցի թիվ 61, թիվ 65, թիվ 68, թիվ 74, թիվ 80 տների` թվով հինգ բնակիչների 04.10.2009 թվականի հայտարարության համաձայն` Թորոս Հարությունյանի կողմից նշված տունը գնելու պահին և դրանից հետո Երևանի Գորկու փողոցի թիվ 76 և թիվ 78 տների հողամասերը իրարից բաժանված են պարսպով (գ.թ.72):
9. «Ավագյան Ռիելթի» ՍՊԸ-ի 07.09.2009 թվականի փորձաքննության ակտի համաձայն` վիճելի հասցեի տնատիրության սեփականատերերի կողմից պակաս օգտագործվող մակերեսով հողամասից 20.2 քմ հողամասն օգտագործվում է հարևան տնատիրության սեփականատերերի կողմից (գ.թ.9-10):
4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները
Քննելով վճռաբեկ բողոքը վերը նշված հիմքի սահմաններում՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այն հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ.
Գործող ՀՀ հողային օրենսգրքի 118-րդ հոդվածի առաջին կետի համաձայն՝ մինչև օրենսգիրքն ուժի մեջ մտնելը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ձեռք բերված հողամասի նկատմամբ իրավունքներն ունեն իրավաբանական ուժ և ենթակա չեն վերագրանցման:
29.01.1991 թվականին ընդունված ՀՀ հողային օրենսգրքի 9-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն՝ տնամերձ հողամասերը, ինչպես նաև այգեգործական (ամառանոցի) և բնակելի տան շինարարության սպասարկման համար Հայաստանի Հանրապետության քաղաքացիների ունեցած հողամասերն անհատույց կարգով թողնվում են նրանց որպես սեփականություն:
Վճռաբեկ դատարանը անդրադառնալով 29.01.1991 թվականին ընդունված ՀՀ հողային օրենսգրքի 9-րդ հոդվածին, նշել է, որ նշված հոդվածի ուժով հողամասի նկատմամբ սեփականության իրավունք ձեռք բերելու համար էական նշանակություն ունի այդ հողամասի նկատմամբ սեփականության իրավունք ունեցող անձի կողմից հողամասը փաստացի առանձնացված լինելու հանգամանքը և այն տիրապետելու փաստը (տես՝ Յուրիկ Սարգսյանի հայցն ընդդեմ Արամ, Կարինե, Հրաչուհի, Կարեն Պողոսյանների, Արարատի մարզի Տափերականի գյուղապետարանի, ինքնուրույն պահանջներ չներկայացնող երրորդ անձ ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի աշխատակազմի Վեդու տարածքային ստորաբաժանման անշարժ գույքի սեփականության իրավունքի պետական գրանցումը մասնակիորեն անվավեր ճանաչելու և սեփականության իրավունքը ճանաչելու պահանջների մասին Վճռաբեկ դատարանի 24.07.2009 թվականի թիվ ԱՎԴ1/0090/02/08 որոշումը):
Դատարանը Սուսաննա Ռեչելյանի հայցի մերժման հիմքում դրել է այն հանգամանքը, որ «թե փորձաքննությամբ և թե կադաստրի գրություններով չի հաստատվում այն փաստը, որ պատասխանողի կողմից կառուցված պարիսպը անօրինական է և 20.9ք/մ լայնությամբ և 14.4ք/մ երկարությամբ հայցվորի սեփականությունը հանդիսացող տարածքը՝ դա հենց կադաստրի գրությամբ նշված 20.9ք/մ հայցվորին հասանելիք պակաս հողամասն է», մինչդեռ դատաքննությամբ և ներկայացված գրավոր փաստաթղթերով ապացուցվել է, որ Թորոս Հարությունյանը Երևանի Գորկու փողոցի թիվ 78 բնակելի տունը գնել է դեռևս 1979 թվականից և այդ ժամանակվանից հողամասի չափերը չեն փոփոխվել, ինչը նշված է առուծախի պայմանագրում, գույքային թերթում և սեփականության իրավունքի վկայականում, այսինքն՝ Թորոս Հարությունյանը «ապացուցել է, որ իր կողմից զբաղեցված հողատարածքը տնօրինում է օրինական հիմքերով, ուստի հողազավթման վերաբերյալ հայցվորի փաստարկներն այս հիմքով նույնպես անհիմն են»:
Վերաքննիչ դատարանը, վերաքննիչ բողոքի բավարարման հիմքում դնելով «Ավագյան Ռիելթի» ՍՊԸ-ի կողմից տրամադրված փորձաքննության ակտը, պատճառաբանել է, որ Դատարանը որպես ապացույց այն չի գնահատել և գտել է, որ «անհիմն է նշված եզրակացության ակտը, որպես ապացույց, չդիտելու վերաբերյալ Ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի պատճառաբանությունը»:
Սույն գործի փաստերի համաձայն` Թորոս Հարությունյանը 23.08.1979 թվականին առուվաճառքի պայմանագրով գնել է Երևանի Գորկու փողոցի թիվ 76 բնակելի տունը, որը գործում առկա 14.04.1953 թվականի գույքային թերթի համաձայն գտնվել է 12մ լայնությամբ և 27մ երկարությամբ հողամասի վրա: Հետագայում Թորոս Հարությունյանին 22.05.1997 թվականին տրվել է հին նմուշի սեփականության իրավունքի վկայական՝ որտեղ հողամասի չափը նշվել է 308 քմ, իսկ 03.06.1999 տրվել է նոր նմուշի սեփականության իրավունքի վկայական, որտեղ հողամասի չափը դարձյալ նշվել է 308 քմ: 1953 թվականից մինչև 22.05.1997 թվականը Երևանի Գորկու փողոցի թիվ 76 բնակելի տան չափերը չեն փոփոխվել (ավելացել): Նույն փողոցի թիվ 78 բնակելի տան 11.05.1987 թվականին տրված տեխնիկական անձնագրով հողի մակերեսը սահմանված է 174 քմ: Երևանի Գորկու փողոցի թիվ 61, թիվ 65, թիվ 68, թիվ 74, թիվ 80 տների բնակիչների 04.10.2009 թվականի հայտարարության համաձայն թիվ 76 տան և թիվ 78 տների հողամասերի միջև բաժանարար պարիսպն առկա էր ինչպես ներկայիս սեփականատերերի իրավանախորդների տիրապետման ժամանակ, այնպես էլ հիմա:
Հիմք ընդունելով վերոգրյալը Վճռաբեկ դատարանը գտնում է, որ «Ավագյան Ռիելթի» ՍՊԸ-ի 07.09.2009 թվականին տրված փորձաքննության ակտը չի կարող սույն վեճի լուծման համար էական նշանակություն ունենալ, քանի որ Երևանի Գորկու փողոցի թիվ 76 և թիվ 78 տների հողամասերը, ինչպես իրավանախորդների, այնպես էլ իրավահաջորդների ժամանակ միմյանցից առանձնացված են եղել բաժանարար պատով և հողամասի չափերը փոփոխության չեն ենթարկվել: Նշված առանձնացված հողամասի նկատմամբ սեփականության իրավունքը ծագել է 29.01.1991 թվականի ՀՀ հողային օրենսգրքի 9-րդ հոդվածի ուժով:
Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար՝ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 227-րդ և 228-րդ հոդվածների ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու համար:
Միաժամանակ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ տվյալ դեպքում անհրաժեշտ է կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով սահմանված՝ առաջին ատյանի դատարանի դատական ակտին օրինական ուժ տալու՝ Վճռաբեկ դատարանի լիազորությունը հետևյալ հիմնավորմամբ.
«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի ողջամիտ ժամկետում իր գործի քննության իրավունք: Սույն քաղաքացիական գործով վեճի լուծումն էական նշանակություն ունի գործին մասնակցող անձանց համար: Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գործը ողջամիտ ժամկետում քննելը հանդիսանում է «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի նույն հոդվածով ամրագրված անձի արդար դատաքննության իրավունքի տարր, հետևաբար, գործի անհարկի ձգձգումները վտանգ են պարունակում նշված իրավունքի խախտման տեսանկյունից:
Տվյալ դեպքում Վճռաբեկ դատարանի կողմից ստորադաս դատարանի դատական ակտին օրինական ուժ տալը բխում է արդարադատության արդյունավետության շահերից, քանի որ սույն գործով վերջնական դատական ակտ կայացնելու համար նոր հանգամանք հաստատելու անհրաժեշտությունը բացակայում է:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-2412-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը
ՈՐՈՇԵՑ
1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 05.02.2010 թվականի որոշումը և օրինական ուժ տալ Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանի 27.11.2009 թվականի վճռին:
2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:
Նախագահող` |
Ս. Սարգսյան | |
Դատավորներ` |
Վ. Աբելյան | |
Ս. Անտոնյան | ||
Վ. Ավանեսյան | ||
Ա. Բարսեղյան | ||
Մ. ԴՐՄԵՅԱՆ | ||
Ե. ԽՈՒՆԴԿԱՐՅԱՆ | ||
Է. Հայրիյան | ||
Ե. ՍՈՂՈՄՈՆՅԱՆ |