Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (30.07.2010-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2010.09.28/46(780).1 Հոդ.1084.39
Принят
Վճռաբեկ դատարան
Дата принятия
30.07.2010
Подписан
Նախագահող
Дата подписания
30.07.2010
Дата вступления в силу
30.07.2010

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

ՀՀ վարչական դատարանի վճիռ
Վարչական գործ թիվ ՎԴ/1215/05/09

Վարչական գործ թիվ ՎԴ/1215/05/09

2010թ.

Նախագահող դատավոր՝ Ք. Մկոյան

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան)

նախագահությամբ

Ս. Սարգսյանի

մասնակցությամբ դատավորներ

Վ. ԱՎԱՆԵՍՅԱՆԻ

Վ. Աբելյանի

Ս. Անտոնյանի

Ե. Խունդկարյանի

Է. ՀԱՅՐԻՅԱՆԻ

Տ. ՊԵՏՐՈՍՅԱՆԻ

Ե. ՍՈՂՈՄՈՆՅԱՆԻ

 

2010 թվականի հուլիսի 30-ին

դռնբաց դատական նիստում, քննելով ՀՀ գլխավոր դատախազի տեղակալի վճռաբեկ բողոքը ՀՀ վարչական դատարանի 23.09.2009 թվականի վճռի դեմ` ըստ հայցի «Ռուբին» ՍՊԸ-ի (այսուհետ` Ընկերություն) ընդդեմ ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի Իջևանի տարածքային հարկային տեսչության (այսուհետ` Տեսչություն)` 29.12.2008 թվականի թիվ 1002835 ստուգման ակտն անվավեր ճանաչելու պահանջի մասին,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով դատարան` Ընկերությունը պահանջել է անվավեր ճանաչել Տեսչության 29.12.2008 թվականի թիվ 1002835 ստուգման ակտը:

ՀՀ վարչական դատարանի (այսուհետ` Դատարան) 23.09.2009 թվականի վճռով հայցը բավարարվել է:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազի տեղակալը:

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Դատարանը խախտել է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 24-րդ հոդվածի 1-ին մասը, որի արդյունքում կիրառել է «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ պարբերությունը, որը չպետք է կիրառեր, սխալ է մեկնաբանել «Շահութահարկի մասին» ՀՀ օրենքի 10-րդ հոդվածը:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանում է հետևյալ փաստարկներով.

Դատարանը վճռի հիմքում դրել է այն հանգամանքը, որ ստուգում իրականացնող անձինք հղում չեն կատարել համապատասխան փաստաթղթերին, որի պատճառով հնարավոր չէ որոշել խախտման փաստի առկայությունը:

Մինչդեռ Դատարանը անտեսել է, որ 29.12.2008 թվականի թիվ 1002835 ստուգման ակտում առկա է «Ըստ ստուգման ներկայացված փաստաթղթերի» արտահայտությունը, որը բավարար է ակտն օրենքի պահանջներին համապատասխան կազմված լինելու համար:

Դատարանը հաշվի չի առել, որ 29.12.2008 թվականի թիվ 1002835 ստուգման ակտի համաձայն` 2007 թվականի փաստացի շահութահարկի հաշվարկով ընկերության կողմից համախառն եկամտից նվազեցվող ծախսերը 20.857.9 հազար ՀՀ դրամի չափով ավել են հաշվարկվել, այսինքն` ընկերության կողմից ստուգում իրականացնող պաշտոնատար անձանց ներկայացրած ծախս հիմնավորող փաստաթղթերի տվյալները չեն համապատասխանել շահութահարկի հաշվարկում արտացոլված համախառն եկամտից կատարված նվազեցման չափին:

Բացի այդ, Դատարանը հաշվի չի առել, որ նշված հարցի վերաբերյալ ՀՀ վճռաբեկ դատարանը ՎԴ/2414/05/08 վարչական գործով` ըստ հայցի «Հոսք» ՍՊԸ-ի ընդդեմ ՀՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության` ՀՀ ԿԱ ՀՊԾ-ի ՕՀՎ-ի Լոռու մարզային բաժնի` ստուգման ակտը մասնակի անվավեր ճանաչելու պահանջի մասին 13.03.2009 թվականի որոշմամբ արտահայտել է հետևյալ իրավական դիրքորոշումը. գործում առկա ստուգման ակտի ուսումնասիրման արդյունքում Վճռաբեկ դատարանը պարզել է, որ ակտի վիճարկվող մասում ուղղակիորեն առկա է «ըստ ներկայացված փաստաթղթերի» արտահայտությունը, ավելին, արձանագրվել է, որ Ընկերության կողմից չեն ներկայացվել 2006 թվականի 4-րդ եռամսյակում և 2007 թվականի 2-րդ եռամսյակում մատակարարների կողմից ստացված երկու հաշիվ ապրանքագրերի վերաբերյալ տեղեկություններ:

Դատարանի պատճառաբանությունն այն մասին, որ ակտից չի երևում, թե արձանագրված խախտումները որ ժամանակահատվածին են վերաբերում, անհիմն է, քանի որ ստուգման հանձնարարագիրը և ակտը տեղեկություններ են պարունակում ստուգվող ժամանակաշրջանի մասին: Այսպես, ակտի 4-րդ կետում արձանագրվել է, որ կազմակերպությունը հանրապետության տարածքում ձեռք բերված ապրանքների և ստացված ծառայությունների դիմաց ավել ԱԱՀ է հաշվանցել 2007 թվականի 299,6 հազար դրամ, 2008 թվականի հուլիսին` 94,3 հազար դրամ:

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Դատարանի 23.09.2009 թվականի վճիռը և այն փոփոխել` հայցը մերժել:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը`

1) ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտերի կոմիտեի նախագահի 04.12.2008 թվականի 1002835 հանձնարարագրի համաձայն` Ընկերությունում կատարվել է բյուջեի հետ փոխհարաբերությունների և հարկային մարմնի կողմից վերահսկվող օրենսդրության պահանջների կատարման ճշտության ստուգում (գ.թ. 13):

2) 29.12.2008 թվականի թիվ 1002835 ստուգման ակտի համաձայն` Ընկերությանն առաջադրվել է պետական բյուջե մուծման ենթակա 29.208.000 ՀՀ դրամ հարկային պարտավորություն: Ստուգման ակտի 1-ին կետում արձանագրվել է, որ ըստ ստուգման ներկայացված փաստաթղթերից պարզվել է, որ 2007 թվականի փաստացի շահութահարկի հաշվարկով Ընկերության կողմից համախառն եկամտից նվազեցվող ծախսերը ավել է հաշվարկվել 20857,9 հազար դրամի չափով և Ընկերությունը խախտել է` «Շահութահարկի մասին» ՀՀ օրենքի 10-րդ հոդվածի 1-ին կետի պահանջները, որի արդյունքում պակաս շահութահարկ է հաշվարկվել 4.171.600 ՀՀ դրամի չափով: Ընդամենը շահութահարկի գծով ենթակա է գանձման 8.182.600 ՀՀ դրամ (գ.թ. 15):

3) Ստուգման ակտի 4-րդ կետում արձանագրվել է, որ ըստ ներկայացված փաստաթղթերի` կազմակերպությունը, խախտելով «Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենքի 23-րդ հոդվածի պահանջները, առևտրային նպատակով հանրապետության տարածքում ձեռք բերված ապրանքների և ստացված ծառայությունների գծով առանց համապատասխան հարկային հաշիվների առկայության և բանկային փոխանցման ավել ԱԱՀ է հաշվանցել 2007թ. հուլիսին 299.600 ՀՀ դրամ և 2008թ. հուլիսին` 94.300 ՀՀ դրամ:

 Նշված կետում արձանագրվել է նաև, որ 2007 թվականի սեպտեմբեր ամսվա ԱԱՀ-ի հաշվարկով ընկերության կողմից իրացման շրջանառությունը պակաս է ցույց տրվել 35.683.300 ՀՀ դրամի չափով` խախտելով «Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 2-րդ կետի պահանջները, որի արդյունքում ԱԱՀ է պակաս հաշվարկվել 7.136.600 ՀՀ դրամի չափով:

Սույն կետում նշվել է, որ ավելացված արժեքի հարկի գծով ենթակա է գանձման 5.360.500 ՀՀ դրամ (գ.թ. 16):

4) Հարկային մարմնի գանգատարկման հանձնաժողովի 06.02.2009 թվականի թիվ 31/3 որոշմամբ ստուգման ակտը թողնվել է անփոփոխ (գ.թ. 24-25):

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները.

Քննելով վճռաբեկ բողոքը վերը նշված հիմքի սահմաններում` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այն անհիմն է հետևյալ պատճառաբանությամբ.

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 24-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատարանը, անմիջականորեն գնահատելով գործում եղած բոլոր ապացույցները, որոշում է փաստի հաստատված լինելու հարցը` բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման վրա հիմնված ներքին համոզմամբ:

«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն` առանձին տեսակի վարչական վարույթների առանձնահատկությունները սահմանվում են օրենքներով և Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով:

 «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ պարբերության համաձայն` ստուգման ակտում պետք է նկարագրվեն արձանագրված խախտումները, այն իրավական նորմերը, որոնց պահանջները չեն կատարվել, խախտման կոնկրետ ժամանակը, հղում` համապատասխան փաստաթղթերին, պատասխանատվության կիրառման համապատասխան իրավական հիմքերը:

«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` վարչական մարմինը պարտավոր է ապահովել փաստական հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննարկումը` բացահայտելով գործի բոլոր, այդ թվում` վարույթի մասնակիցների օգտին առկա հանգամանքները: Իսկ նույն օրենսգրքի 4-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` վարչական մարմինները պարտավոր են հետևել օրենքների պահպանմանը:

Վճռաբեկ դատարանն իր` նախկինում կայացրած որոշումներում անդրադարձել է «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ պարբերության իրավական վերլուծությանը:

Մասնավորապես Վճռաբեկ դատարանը նշել է, որ վարչական ակտում համապատասխան փաստաթղթերին հղում կատարելու պարտավորության սահմանումն օրենսդրի կողմից ինքնանպատակ չէ, քանի որ օրենքի այդ պահանջը պահպանված լինելու պարագայում միայն հնարավոր կլինի պարզել, ստուգել և հաստատված համարել խախտումների առկայությունը կամ բացակայությունը, ինչպես նաև դրանք բավարար հիմքերի առկայությամբ արձանագրված լինելու հանգամանքը, ինչը ստուգումն իրականացրած անձանց հնարավորություն կտա (ակտը վիճարկելու դեպքում) ապացուցելու, որ ուսումնասիրված փաստաթղթերում առկա տվյալները բավարար են եղել այս կամ այն եզրահանգման գալու և խախտում արձանագրելու համար, եթե նույնիսկ տնտեսավարող սուբյեկտի ներկայացուցիչները պնդեն, որ այդ փաստաթղթերը ստուգման պահին չեն ուսումնասիրվել (տես`«Նիգ Շինմոնտաժ» ՍՊԸ-ի հայցն ընդդեմ ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի Շահումյանի հարկային տեսչության` 24.09.2008 թվականի թիվ 1042697 ակտի 1-ին և 4-րդ կետերն անվավեր ճանաչելու պահանջի մասին և ըստ Տեսչության հակընդդեմ հայցի ընդդեմ Ընկերության` 4.347.400 ՀՀ դրամ բռնագանձելու պահանջի մասին Վճռաբեկ դատարանի 06.11.2009 թվականի թիվ ՎԴ/6698/05/08 որոշումը):

Սույն գործով Դատարանը ստուգման ակտի 1-ին և 4-րդ կետերի անվավերության հիմքում դրել է այն հանգամանքը, որ ակտի վերոնշյալ կետերում հղում չի կատարվել խախտումների համար հիմք հանդիսացած փաստաթղթերին: Մասնավորապես, Դատարանը նշել է, որ ակտի 1-ին կետում արձանագրված չէ, թե ծախսերը հիմնավորող որ փաստաթղթերն են համարվել չընդունված, որի դեպքում միայն հնարավոր կլիներ որոշել վերը նշված կարգով սահմանված` այդ փաստաթղթերի չհիմնավորված լինելու հանգամանքը, իսկ ակտի 4-րդ կետից չի երևում, թե ինչ ապրանքների և ստացված ծառայությունների մասին է խոսքը, երբ են այդ ապրանքները ձեռք բերվել, որտեղից:

Հիմք ընդունելով վերոգրյալը և սույն գործի փաստերը համադրելով Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով վիճարկվող ակտի 1-ին և 4-րդ կետերում չկա հղում համապատասխան փաստաթղթերին: Ստուգումն իրականացրած պաշտոնատար անձինք նշված կետերում արձանագրել են. «ըստ ստուգման ներկայացված փաստաթղթերից պարզվեց...», սակայն չեն մանրամասնել, թե ինչ փաստաթղթերի մասին է իրենց կողմից կատարված գրառումը:

Ինչ վերաբերում է վճռաբեկ բողոքում բերված այն փաստարկին, որ Դատարանը հաշվի չի առել, որ Ընկերության կողմից ստուգում իրականացնող պաշտոնատար անձանց ներկայացրած ծախս հիմնավորող փաստաթղթերի տվյալները չեն համապատասխանել շահութահարկի հաշվարկում արտացոլված համախառն եկամտից կատարված նվազեցման չափին, ապա Վճռաբեկ դատարանը գտնում է, որ վիճարկվող ակտի 1-ին կետում որևէ փաստաթղթի վրա հղում կատարված չլինելու պայմաններում (տվյալ դեպքում` ակտում պետք է նշվեր, թե ծախսը հիմնավորող որ փաստաթղթերի տվյալները չեն համապատասխանել շահութահարկի հաշվարկում արտացոլված համախառն եկամտից կատարված նվազեցման չափին), Դատարանի կողմից հնարավոր չէր պարզել, ստուգել և հաստատված համարել ակտի 1-ին կետում արձանագրված խախտման առկայությունը կամ բացակայությունը:

Ինչ վերաբերում է բողոք բերած անձի այն փաստարկին, որ անհիմն է Դատարանի այն պատճառաբանությունը, որ ակտից չի երևում, թե արձանագրված խախտումները որ ժամանակահատվածին են վերաբերում, քանի որ ստուգման հանձնարարագիրը և ակտը տեղեկություններ են պարունակում ստուգվող ժամանակաշրջանի մասին, ապա Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այն անհիմն է, քանի որ ակտի 4-րդ կետի անվավերության հիմքում դրվել է ոչ թե խախտման կոնկրետ ժամանակը արձանագրված չլինելու հանգամանքը, այլ տվյալ կետում համապատասխան փաստաթղթերին հղում կատարված չլինելու փաստը:

Ինչ վերաբերում է բողոք բերած անձի այն փաստարկին, որ Դատարանը հաշվի չի առել սույն գործով կիրառելի Վճռաբեկ դատարանի 13.03.2009 թվականի թիվ ՎԴ/2414/05/08 որոշումը, ապա Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այն անհիմն է հետևյալ պատճառաբանությամբ.

Վճռաբեկ դատարանը գտնում է, որ բողոքի հիմքում բարձրացված իրավական հարցին պատասխանելու համար վճռաբեկ բողոքի հիմքի շրջանակներում պետք է քննարկման առարկա դարձվի հետևյալ հարցադրումը.

Արդյոք Տեսչության կողմից վկայակոչված Վճռաբեկ դատարանի 13.03.2009 թվականի թիվ ՎԴ/2414/05/08 գործի փաստական հանգամանքները նույնանման են սույն գործի փաստական հանգամանքների հետ և դրանում առկա իրավական հիմնավորումները պարտադիր են Դատարանի համար:

ՀՀ Դատական օրենսգրքի 15-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն` որոշակի փաստական հանգամանքներ ունեցող գործով Վճռաբեկ դատարանի կամ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դատական ակտի հիմնավորումները (այդ թվում` օրենքի մեկնաբանությունները) պարտադիր են դատարանի համար նույնանման փաստական հանգամանքներով գործի քննության ժամանակ, բացառությամբ այն դեպքի, երբ վերջինս ծանրակշիռ փաստարկների մատնանշմամբ հիմնավորում է, որ դրանք կիրառելի չեն տվյալ փաստական հանգամանքների նկատմամբ:

Վճռաբեկ դատարանն իր` նախկինում կայացարած որոշումներում անդրադարձել է ՀՀ դատական օրենսգքրի 15-րդ հոդվածի 4-րդ մասի իրավական վերլուծությանը: Մասնավորապես, Վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ յուրաքանչյուր գործ իր փաստական հանգամանքներով եզակի է և Վճռաբեկ դատարանի և Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դատական ակտով տրված իրավական մեկնաբանության` համապատասխան գործով կիրառելիության հարցը լուծելիս դատարանները պետք է համադրեն նախադեպային գործի և քննության առարկա գործի էական նշանակություն ունեցող փաստերը: Այսինքն` դատարանը նախադեպային որոշմամբ տրված օրենքի մեկնաբանության` քննվող գործով կիրառելիության հարցը լուծելիս պետք է նախ առանձնացնի այն փաստական հանգամանքները, որոնք էական նշանակություն են ունեցել նախադեպային որոշման կայացման համար և այնուհետև դրանք համադրի քննվող քաղաքացիական գործի փաստական հանգամանքների հետ որոշելով դրանց նույնական լինել կամ չլինելու հարցը (տես`«Արաբկիր Ալկո Լիկյոր-Օղու գործարան» ՍՊԸ-ի հայցն ընդդեմ Սոս Բաղդասարյանի` բնակարանի 1/7 մասի սեփականատեր ճանաչելու և բնակարանի մասի վրա բռնագանձում տարածելու պահանջների մասին Վճռաբեկ դատարանի 25.07.2008 թվականի թիվ 3-480(ՎԴ) որոշումը):

Վճռաբեկ դատարանի 13.03.2009 թվականի թիվ ՎԴ/2414/05/08 գործի փաստական հանգամանքների համաձայն` ՀՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության պետի 12.12.2007 թվականի 1035652 հանձնարարագրով «Հոսք» ՍՊԸ-ում կատարվել է բյուջեի հետ փոխհարաբերությունների և հարկային մարմնի կողմից վերահսկվող օրենսդրության պահանջների կատարման ճշտության ստուգում, որի արդյունքում 14.02.2008 թվականին կազմվել է թիվ 1035652 ստուգման ակտ և Ընկերությանն առաջադրվել է պետական բյուջե մուծման ենթակա 10.849.800 ՀՀ դրամ հարկային պարտավորություն: Վիճարկվող ակտի 4-րդ կետում նշվել է «ըստ ներկայացված փաստաթղթերի» արտահայտությունը և դրա հետ մեկտեղ արձանագրվել, որ Ընկերության կողմից մասնավորապես չեն ներկայացվել 2006 թվականի 4-րդ եռամսյակում և 2007 թվականի 2-րդ եռամսյակում մատակարարների կողմից ստացված երկու հաշիվ ապրանքագրերի վերաբերյալ տեղեկություններ: Վերոգրյալի հիման վրա Վճռաբեկ դատարանը գտել է, որ ստուգման ակտի վիճարկվող բաժինը կազմվել է «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի պահանջների պահպանմամբ:

Մինչդեռ սույն գործում առկա ստուգման ակտի ինչպես 1-ին, այնպես էլ 4-րդ կետերում առկա է միայն «ըստ ստուգման ներկայացված փաստաթղթերից պարզվեց...» արտահայտությունը, և նշված չեն այն փաստաթղթերը, որոնց հիման վրա արձանագրվել են խախտումները:

Հիմք ընդունելով վերոգրյալը` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն վարչական գործի և Վճռաբեկ դատարանի 13.03.2009 թվականի թիվ ՎԴ/2414/05/08 գործի համար էական նշանակություն ունեցող փաստական հանգամանքները նույնական չեն: Մասնավորապես, Վճռաբեկ դատարանի 13.03.2009 թվականի թիվ ՎԴ/2414/05/08 գործում առկա ստուգման ակտի 4-րդ կետում առկա էր հղում համապատասխան փաստաթղթերին:

Նման պայմաններում Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վճռաբեկ դատարանի 13.03.2009 թվականի թիվ ՎԴ/2414/05/08 որոշման իրավական հիմնավորումները սույն գործով կիրառելի չեն:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-2412-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը մերժել: ՀՀ վարչական դատարանի 23.09.2009 թվականի վճիռը թողնել օրինական ուժի մեջ:

2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող`

 

Ս. Սարգսյան

Դատավորներ`

 

Վ. Ավանեսյան

ՎԱբելյան

 

Ս. Անտոնյան

Ե. Խունդկարյան

Է. Հայրիյան

Տ. Պետրոսյան

Ե. ՍՈՂՈՄՈՆՅԱՆ