Գլխավոր տեղեկություն
Номер
N 1126-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (16.09.2010-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2010.09.15/44(778) Հոդ.1025
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
19.08.2010
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
09.09.2010
Дата вступления в силу
16.09.2010

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

19 օգոստոսի 2010 թվականի N 1126-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 15-Ի N 654-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Պետական կառավարչական հիմնարկների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ և 11-րդ հոդվածներին և Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 11-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի մայիսի 15-ի «Հայաստանի Հանրապետության էներգետիկայի նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկը «Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկ վերանվանելու, Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարության կանոնադրությունը և աշխատակազմի կառուցվածքը հաստատելու մասին» N 654-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`

1) որոշման N 1 հավելվածի`

ա. 1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«1. Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարությունը (այսուհետ` նախարարություն) գործադիր իշխանության հանրապետական մարմին է, որը մշակում և ապահովում է օրենքով, այլ իրավական ակտերով և սույն կանոնադրությամբ իր իրավասությանը վերապահված բնագավառներում Հայաստանի Հանրապետության կառավարության քաղաքականության իրականացումը:»,

բ. 5-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«5. Նախարարությունն ունի Հայաստանի Հանրապետության զինանշանի պատկերով ու իր անվանմամբ հայերեն և այլ լեզուներով կլոր կնիք, ձևաթղթեր, խորհրդանիշ և այլ անհատականացման միջոցներ:»,

գ. 6-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«6. Նախարարության համակարգը կազմված է նախարարից, նախարարի տեղակալներից, խորհրդականներից, մամուլի քարտուղարից, օգնականներից և ռեֆերենտներից, նախարարության աշխատակազմից, ինչպես նաև նախարարության ենթակայությանը հանձնված պետական ոչ առևտրային կազմակերպություններից:»,

դ. 7-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«7. Նախարարության նպատակները և խնդիրներն են`

1) էներգախնայողության և վերականգնվող էներգետիկայի ոլորտի քաղաքականության մշակման ու իրականացման ապահովումը.

2) էներգետիկայի բնագավառում և էներգասպառման ոլորտում պետական տեխնիկական վերահսկողության պետական քաղաքականության ապահովումը.

3) տեղական էներգետիկական պաշարների, էներգիայի այլընտրանքային աղբյուրների արդյունավետ օգտագործման ապահովումը.

4) Հայաստանի Հանրապետության էներգետիկական անկախության ապահովումը.

5) ատոմային էներգիայի` խաղաղ նպատակներով օգտագործման պետական քաղաքականության մշակման և իրականացման ապահովումը.

6) քիմիական արդյունաբերության զարգացման պետական քաղաքականության մշակման ու իրականացման ապահովումը.

7) ընդերքօգտագործման ոլորտում պետական քաղաքականության մշակման ու իրականացման ապահովումը.

8) ընդերքի օգտագործման տրամադրման ապահովումը.

9) օգտակար հանածոների ողջամիտ օգտագործման, ուսումնասիրման և հանքարդյունահանման արդյունավետ իրականացմանը նպաստելը.

10) ընդերքի օգտագործման և պահպանության բնագավառում պետական վերահսկողության ապահովումը.

11) ընդերքի մասին երկրաբանական և այլ տեղեկատվության պետական ընդերքաբանական փորձաքննության ապահովումը.

12) ընդերքի մասին երկրաբանական և այլ տեղեկատվության միասնական համակարգի ապահովումը:»,

ե. 8-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«8. Նախարարությունն իր նպատակների և խնդիրների իրականացման համար` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով իրականացնում է հետևյալ գործառույթները`

1) էներգախնայողության և վերականգնվող էներգետիկայի ոլորտի պետական ծրագրերի մշակում և դրանց իրականացման մոնիթորինգ.

2) էներգետիկայի բնագավառի կայուն զարգացման, անվտանգության ապահովման և էներգամատակարարման հուսալիության ռազմավարության ծրագրերի ու միջոցառումների մշակում.

3) էներգակիրների արդյունավետ օգտագործման ուղղությամբ պետական ծրագրերով իրականացվող աշխատանքների մոնիթորինգ.

4) սեփական վերականգնվող էներգետիկ ռեսուրսների առաջնահերթ ու արդյունավետ օգտագործման խթանման տնտեսական ու իրավական մեխանիզմների մշակում.

5) էներգախնայողության և էներգաարդյունավետության ստանդարտացման փաստաթղթերի մշակում.

6) էներգետիկայի բնագավառի օբյեկտների և դրանց անվտանգության գոտիների հողերի օգտագործման նորմերի ու սահմանափակումների սահմանում.

7) միջուկային նյութերի ներմուծման կամ արտահանման լիցենզիայի տրամադրման նախապատրաստական աշխատանքների իրականացում և Հայաստանի Հանրապետության կառավարություն առաջարկություն ներկայացնելը.

8) Հայաստանի Հանրապետությունում ռադիոակտիվ թափոնների կառավարման ռազմավարության, նպատակային ծրագրի մշակում և դրանց իրականացման մոնիթորինգ.

9) ատոմային էլեկտրակայանի անվտանգ շահագործման և շահագործումից հանման ծրագրերի ու միջոցառումների մշակում և դրանց իրականացման մոնիթորինգ.

10) Հայաստանի Հանրապետությունում նոր միջուկային էներգաբլոկի կառուցման աշխատանքների իրականացման մոնիթորինգ.

11) էլեկտրաէներգետիկական համակարգի օպերատորի կողմից մշակված էլեկտրաէներգետիկական համակարգի անվտանգության և հուսալիության ցուցանիշների հաստատում.

12) նախարարության իրավասության սահմաններում միջուկային տեղակայանքների և միջուկային նյութերի ֆիզիկական պաշտպանության հարցերում պետական կառավարման մարմինների փոխգործողության աշխատանքների իրականացում.

13) նախարարության իրավասության սահմաններում միջազգային գործունեության և միջազգային կապերի իրականացում.

14) Հայաստանի Հանրապետության միջգերատեսչական պայմանագրերի (համաձայնագրերի) նախագծերի նախապատրաստման, կնքման, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության ստանձնած պարտավորությունների կատարման աշխատանքներին մասնակցություն.

15) քիմիական արդյունաբերության զարգացման ռազմավարության մշակում և դրա իրականացման մոնիթորինգ.

16) օրենքով և այլ իրավական ակտերով սահմանված կարգով համապատասխան վարչական վիճակագրական հաշվետվությունների (հարցաթերթեր, տեղեկանքներ և այլն) ներդրում ու դրանց միջոցով հավաքագրված տվյալների հիման վրա վարչական վիճակագրական ռեգիստրի վարում.

17) նախարարության իրավասության սահմաններում` պետական մասնակցությամբ առևտրային կազմակերպություններում մասնակցի (բաժնետիրոջ) լիազորությունների իրականացում, ինչպես նաև պետական ոչ առևտրային կազմակերպությունների ու պետական հիմնարկների կառավարում.

18) Հայաստանի Հանրապետության սոցիալ-տնտեսական ծրագրերի` նախարարության իրավասությանը վերապահված բնագավառներին վերաբերող բաժինների մշակում.

19) նախարարության իրավասության սահմաններում Հայաստանի Հանրապետության տարեկան պետական բյուջեի նախագծի մշակում.

20) նախարարության իրավասության սահմաններում մասնավորեցման ռազմավարությամբ պայմանավորված` պետական բաժնեմաս ունեցող ընկերությունների մասնավորեցման ծրագրերի վերաբերյալ առաջարկություններ ներկայացնելը.

21) իրավական նորմատիվ ակտերի նախագծերի մշակում և սահմանված կարգով դրանք Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնելը.

22) նախարարության իրավասությանը վերապահված բնագավառներին առնչվող իրավական ակտերի նախագծերի քննարկում և դրանց վերաբերյալ կարծիքների ու առաջարկությունների տրամադրում.

23) նախարարության իրավասությանը վերապահված բնագավառներին առնչվող գիտատեխնիկական ծրագրերի մշակում, գիտատեխնիկական առաջընթացի և էներգաարդյունավետ տեխնոլոգիաների ներդրման, կադրերի պատրաստման և վերապատրաստման, խրախուսման միջոցառումների մշակում.

24) ընդերքի ոլորտի զարգացման ռազմավարական ծրագրերի, հայեցակարգերի մշակում և դրանց իրականացման մոնիթորինգ.

25) ընդերքի պետական երկրաբանական ուսումնասիրության աշխատանքների պետական պատվերի` սահմանված կարգով ձևավորում.

26) ընդհանուր տարածում և ռազմավարական նշանակություն ունեցող օգտակար հանածոների ցանկերի և երկրաբանական ուսումնասիրությունների հատուկ ցանկի վերաբերյալ առաջարկությունների մշակում.

27) ռազմավարական նշանակության օգտակար հանածոների հանքավայրերի, տեղամասերի, երևակումների ընդերքօգտագործման տրամադրման նպատակով աճուրդների կազմակերպման մեխանիզմների ձևավորում.

28) ներկայացված հայտի հիման վրա` օգտակար հանածոների հանքավայրերի հայտնաբերող ճանաչելու փաստի հաստատում։»։

2. Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարության աշխատակազմի երկրաբանական գործակալությունը և կոնցեսիոն գործակալությունը միաձուլման ձևով վերակազմակերպել` ստեղծելով Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարության աշխատակազմի ընդերքի տրամադրման գործակալություն, իսկ ընդերքի վերահսկողության պետական տեսչությունը վերակազմավորման ձևով վերակազմակերպել ընդերքի վերահսկողության տեսչության:

3. Այդ կապակցությամբ որոշման N 2 հավելվածի II բաժինը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

 

«II. Առանձնացված ստորաբաժանումներ

 

Էներգետիկայի պետական տեսչություն

Ընդերքի վերահսկողության տեսչություն

Ընդերքի տրամադրման գործակալություն

Օգտակար հանածոների պաշարների գործակալություն»։

4. Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարին` երկշաբաթյա ժամկետում` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարության աշխատակազմի ընդերքի տրամադրման գործակալության կանոնադրությունը:

5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան


2010 թ. սեպտեմբերի 9
Երևան