Հ Ա Մ Ա Ձ Ա Յ Ն Ա Գ Ի Ր
Սպառողների իրավունքների պաշտպանության բնագավառում Անկախ Պետությունների Համագործակցության մասնակից պետությունների համագործակցության հիմնական ուղղությունների մասին
Սույն Համաձայնագրի մասնակից պետությունների Կառավարությունները, այսուհետ՝ Կողմեր,
հաշվի առնելով Անկախ Պետությունների Համագործակցության մասնակից պետությունների միջև առևտրային կապերի աշխուժացման անհրաժեշտությունը,
Համագործակցության մասնակից պետությունների տնտեսական ինտեգրացման զարգացման նպատակով,
գործելով 1994 թվականի ապրիլի 15-ի՝ Ազատ առևտրի գոտու ստեղծման մասին Համաձայնագրի և դրանում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին 1999 թվականի ապրիլի 2-ի Արձանագրության իրականացման ուղղությամբ,
ձգտելով իրենց պետությունների բնակչության կենսամակարդակի մշտական բարձրացմանը,
գիտակցելով Համագործակցության մասնակից պետությունների փոխգործակցության կարևորությունը անորակ ապրանքներից, աշխատանքներից, ծառայություններից սպառողների իրավունքների պաշտպանության ապահովման բնագավառում,
նկատի ունենալով սպառողների իրավունքների պաշտպանության բնագավառում հասարակական միավորումների գործունեության նշանակալիությունը,
ընդունելով և հաշվի առնելով գործող միջազգային իրավունքի, մասնավորապես, ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 1985 թվականի ապրիլի 9-ի «Ղեկավար սկզբունքներ սպառողների շահերի պաշտպանության համար» բանաձևի նորմերը,
սպառողների իրավունքների պաշտպանության բնագավառում համաձայնեցված քաղաքականություն վարելու նպատակով,
համաձայնեցին ներքոհիշյալի մասին.
Հ ո դ վ ա ծ 1
Սույն Համաձայնագրի նպատակների համար օգտագործվում են հետևյալ սահմանումները.
սպառողների իրավունքների պաշտպանության մասին ազգային օրենսդրություն` երկրում գործող սպառողների իրավունքների պաշտպանության ոլորտի հարաբերությունները կարգավորող իրավական նորմերի ամբողջություն,
սպառող` բացառապես անձնական (կենցաղային) կարիքների համար, եկամուտ չստանալու հետ կապված, ապրանքներ (աշխատանքներ, ծառայություններ) պատվիրելու կամ ձեռք բերելու մտադրություն ունեցող կամ պատվիրող, ձեռք բերող, օգտագործող քաղաքացի,
արտադրող` սպառողներին իրացնելու համար ապրանքներ արտադրող կազմակերպություն, անկախ սեփականության ձևից, ինչպես նաև անհատ ձեռնարկատեր,
կատարող` սպառողներին ծառայություններ մատուցող կամ աշխատանքներ կատարող կազմակերպություն անկախ սեփականության ձևից, ինչպես նաև անհատ ձեռնարկատեր,
վաճառող` առուվաճառքի պայմանագրով սպառողներին ապրանք իրացնող կազմակերպություն՝ անկախ սեփականության ձևից, ինչպես նաև անհատ ձեռնարկատեր,
անբարեխիղճ տնտեսվարող սուբյեկտներ` իրենց գործունեության ընթացքում սպառողների իրավունքների պաշտպանության մասին օրենսդրության, գործարար շրջանառության սովորույթների խախտումներ թույլ տվող վաճառողները, արտադրողները, կատարողները, եթե այդ խախտումները կարող են պատճառել կամ պատճառել են գույքային կամ ոչ գույքային վնաս սպառող քաղաքացիներին և/կամ շրջակա միջավայրին,
սպառողների հասարակական միավորումներ` սպառողների օրենսդրական իրավունքների և շահերի պաշտպանության նպատակով ստեղծած՝ սույն Համաձայնագրի մասնակից պետությունների ազգային օրենսդրության համաձայն գրանցված՝ քաղաքացիների և (կամ) իրավաբանական անձանց ոչ առևտրային միավորումներ (կազմակերպություններ), ինչպես նաև սույն Համաձայնագրի մասնակից բոլոր կամ մի քանի պետությունների տարածքում գործող միջազգային ոչ պետական կազմակերպություններ:
Հ ո դ վ ա ծ 2
Սույն Համաձայնագրի նպատակը սպառողների իրավունքների պաշտպանության բնագավառում համաձայնեցված քաղաքականության իրականացման ուղղությամբ Կողմերի համագործակցության իրավական և կազմակերպչական հիմքերի ստեղծումն է՝ ուղղված համագործակցության՝ սույն Համաձայնագրին մասնակից պետությունների քաղաքացիների համար, նրանց շահերը այդ պետությունների տարածքներում գործող տնտեսվարող սուբյեկտների անբարեխիղճ գործունեությունից պաշտպանելու նպատակով, հավասար պայմանների ձևավորմանը:
Հ ո դ վ ա ծ 3
Սպառողների իրավունքները և դրանց պաշտպանությունը երաշխավորվում է սպառողների իրավունքների պաշտպանության ազգային օրենսդրությամբ, ինչպես նաև սույն Համաձայնագրով:
ԱՊՀ մասնակից յուրաքանչյուր պետության քաղաքացիները, ինչպես նաև տվյալ պետության տարածքում բնակվող այլ անձինք սույն Համաձայնագրին միացած Համագործակցության այլ պետությունների տարածքներում, իրենց սպառողական իրավունքների հետ կապված՝ օգտվում են նույն իրավական պաշտպանությունից, ինչ տվյալ պետության քաղաքացիները և իրավունք ունեն դիմել սպառողների իրավունքների պաշտպանության պետական, հասարակական և այլ կազմակերպություններին, ներկայացնել հայց դատարաններ և իրականացնել այլ դատավարական գործողություններ նույն պայմաններով, ինչ այդ պետության քաղաքացիները:
Հ ո դ վ ա ծ 4
Կողմերը հաշվի առնելով սպառողների իրավունքների պաշտպանության մասին ազգային օրենսդրությունը, այդ ոլորտում միջազգային իրավունքի ընդունված նորմերը, համագործակցում են հետևյալ ուղղություններով.
սպառողներին, պետական մարմիններին և սպառողների հասարակական միավորումներին ապրանքների (աշխատանքների, ծառայությունների), արտադրողների (վաճառողների, կատարողների) մասին օպերատիվ և ճշգրիտ տեղեկատվության ապահովում,
սույն Համաձայնագրի մասնակից պետությունների տարածքներում անբարեխիղճ տնտեսվարող սուբյեկտների գործունեությունը և անորակ ապրանքների (ծառայությունների) ներթափանցումը շուկա կանխելու ուղղությամբ միջոցների ձեռնարկում,
բարեխիղճ մրցակցության զարգացման ճանապարհով սպառողի համար ապրանքների (աշխատանքների, ծառայությունների) ազատ ընտրությանը նպաստող պայմանների ստեղծում,
սպառողների իրավունքների պաշտպանության բնագավառում լուսաբանման ծրագրերի իրականացում՝ որպես պետական կրթական համակարգում քաղաքացիների ոսուցման անբաժանելի մաս,
զանգվածային լրատվության միջոցների, այդ թվում՝ հեռուստատեսության և ռադիոյի ներգրավումը սպառողների իրավունքների պաշտպանության հարցերի քարոզչության և մշտական լուսաբանման աշխատանքներին:
Սույն Համաձայնագրի մասնակից պետությունների սպառողների շահերի պաշտպանության ոլորտի ազգային օրենսդրությունների համապատասխանեցում այն չափով, որքանով դա անհրաժեշտ է սույն Համաձայնագրի իրականացման համար:
Հ ո դ վ ա ծ 5
Կողմերը աջակցում են՝ անկախ հասարակական միավորումների գործունեության համար պայմանների (այդ թվում իրավական) ստեղծմանը, նրանց մասնակցությանը սպառողների իրավունքների պաշտպանության բնագավառում քաղաքականության ձևավորմանը, սպառողների իրավունքներին և շահերին առնչվող նորմատիվ-իրավական ակտերի, սպառողների գանգատների քննարկմանը խոչընդոտող հանգամանքների վերացումն ապահովող ընթացակարգերի մշակմանը, ինչպես նաև Կողմերի միջև սպառողական տեղեկատվության փոխանակման համակարգի ստեղծմանը:
Հ ո դ վ ա ծ 6
Սույն Համաձայնագրի իրականացումը կատարում են սույն Համաձայնագրի մասնակից պետությունների համապատասխան ազգային մարմինները, իրենց ազգային օրենսդրությամբ սահմանված իրավասության շրջանակներում:
Սույն Համաձայնագրի իրագործման ուղղությամբ Կողմերի գործունեության համակարգումն իրականացնում է Հակամենաշնորհային քաղաքականության միջպետական խորհուրդը:
Հակամենաշնորհային քաղաքականության միջպետական խորհուրդը համագործակցում է սպառողների հասարակական միավորումների հետ՝ սույն Համաձայնագրի իրականացման ընթացքում:
Սպառողների հասարակական միավորումները կարող են մասնակցել սույն Համաձայնագրի իրականացմանը` համաձայն իրենց կանոնադրության և ազգային օրենսդրության:
Հ ո դ վ ա ծ 7
Սույն Համաձայնագրի դրույթները չեն շոշափում այլ միջազգային պայմանագրերին համապատասխան Կողմերի ստանձնած իրավունքները և պարտավորությունները:
Հ ո դ վ ա ծ 8
Սույն Համաձայնագիրը ուժի մեջ է մտնում ստորագրման պահից, իսկ պետությունների համար, որոնց օրենսդրությունը նրա ուժի մեջ մտնելու համար պահանջում է ներպետական ընթացակարգերի կատարում` ավանդապահին համապատասխան փաստաթղթերը ի պահ հանձնելու օրվանից:
Հ ո դ վ ա ծ 9
Սույն Համաձայնագրում կարող են կատարվել լրացումներ և փոփոխություններ, որոնք ձևակերպվում են սույն Համաձայնագրի անբաժանելի մասը հանդիսացող առանձին արձանագրություններով:
Հ ո դ վ ա ծ 10
Սույն Համաձայնագրի կիրառման կամ մեկնաբանման հետ կապված վիճելի հարցերը լուծվում են շահագրգիռ Կողմերի միջև խորհրդակցությունների և բանակցությունների միջոցով:
Հ ո դ վ ա ծ 11
Սույն Համաձայնագիրը գործում է ուժի մեջ մտնելու պահից հինգ տարվա ընթացքում: Նշված ժամկետը լրանալուց հետո սույն Համաձայնագիրը ինքնաբերաբար կերկարաձգվի՝ ամեն անգամ հինգ տարի ժամկետով, եթե Կողմերն այլ որոշում չեն ընդունի:
Հ ո դ վ ա ծ 12
Յուրաքանչյուր Կողմ կարող է դուրս գալ սույն Համաձայնագրից՝ դուրս գալուց ոչ ուշ, քան վեց ամիս առաջ այդ մասին ավանդապահին գրավոր ծանուցում ուղարկելով:
Հ ո դ վ ա ծ 13
Սույն Համաձայնագիրը բաց է Համաձայնագրի նպատակները և սկզբունքները կիսող այլ պետությունների կողմից միանալու համար՝ միանալու մասին փաստաթղթերը ավանդապահին հանձնելու միջոցով:
Կատարված է Մոսկվա քաղաքում 2000 թվականի հունվարի 25-ին, մեկ բնօրինակով՝ ռուսերեն: Բնօրինակը պահվում է Անկախ Պետությունների Համագործակցության Գործադիր կոմիտեում, որը սույն Համաձայնագիրը ստորագրած յուրաքնաչյուր պետությանը կուղարկի դրա հաստատված պատճենը:
*Համաձայնագիրը Հայաստանի Հանրապետության համար ուժի մեջ է մտել 2001 թվականի հունվարի 25-ից:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|