Գլխավոր տեղեկություն
Номер
N 591
Տիպ
Որոշում
Тип
Պաշտոնական Ինկորպորացիա (09.09.2010-28.11.2020)
Статус
Չի գործում
Первоисточник
ՀՀՊՏ 2002.06.12/18(193) Հոդ.427
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
20.05.2002
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
20.05.2002
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
20.05.2002
Дата вступления в силу
22.06.2002
Ուժը կորցնելու ամսաթիվ
28.11.2020

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
20 մայիսի 2002 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

20 մայիսի 2002 թվականի N 591
քաղ. Երևան

ԶՈՐԱՀԱՎԱՔԱՅԻՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՕՐԻՆԱԿԵԼԻ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Զորահավաքային նախապատրաստության և զորահավաքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 17-րդ հոդվածին և Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի դեկտեմբերի 1-ի «Զորահավաքային նախապատրաստության և զորահավաքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկումն ապահովող միջոցառումների մասին» N 1192 որոշման 1-ին կետի «ա» ենթակետին համապատասխան՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

Հաստատել զորահավաքային մարմինների օրինակելի կանոնադրությունը (կցվում է):

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան

 

 

Հաստատված է
ՀՀ կառավարության 2002 թվականի
մայիսի 20-ի N 591 որոշմամբ

 

Օ Ր Ի Ն Ա Կ Ե Լ Ի  Կ Ա Ն Ո Ն Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

 

զորահավաքային մարմինների
 

I. Ընդհանուր դրույթներ

 

Զորահավաքային մարմինների օրինակելի կանոնադրության (այսուհետև՝ կանոնադրություն) նպատակն է սահմանել այդ մարմինների իրավունքներն ու պարտականությունները, ենթակայությունը, խնդիրները և դրանց լուծման հիմնական ուղղությունները:

1. Զորահավաքային մարմիններն ստեղծվում են պետական մարմիններում, տեղական ինքնակառավարման մարմիններում ու զորահավաքային առաջադրանք կատարող կազմակերպություններում:

Պետական մարմիններում զորահավաքային մարմինների իրավասություններն իրականացնում են համապատասխան կառուցվածքային ստորաբաժանումները:

2. Զորահավաքային մարմիններն իրենց աշխատանքի ընթացքում ղեկավարվում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով, օրենքներով և այլ իրավական ակտերով ու անմիջական ղեկավարի որոշումներով, որի վրա անհատական պատասխանատվություն է դրված զորահավաքային նախապատրաստության միջոցառումների կազմակերպման և իրականացման համար:

 

 

II. Զորահավաքային մարմինների պարտականությունները եվ իրավունքները

 

3. Զորահավաքային մարմինների հիմնական խնդիրներն են խաղաղ ժամանակ զորահավաքային նախապատրաստության և քաղաքացիական պաշտպանության աշխատանքների կազմակերպումը և համակարգումը:

(3-րդ կետը լրաց. 26.08.10 N 1091-Ն)

4. Զորահավաքային նախապատրաստության խնդիրներին համապատասխան՝

ա) պետական մարմիններում ստեղծվող զորահավաքային մարմինները տվյալ բնագավառի զորահավաքային նախապատրաստության մասով իրականացնում են՝

զորահավաքային նախապատրաստության համակարգի ղեկավարումը,

զորահավաքային նախապատրաստության ծրագրերի, պլանների մշակման աշխատանքների գիտամեթոդական, տեղեկատվական, մեթոդական և կազմակերպչական ապահովումը,

զորահավաքային նախապատրաստության մասով՝ պետական պաշտպանական պատվերի (առաջադրանքի) կատարումն ապահովող միջոցառումների նախապատրաստումը,

զորահավաքային առաջադրանքների կատարումն ապահովող միջոցառումների մշակումը և անհրաժեշտության դեպքում՝ դրանց իրականացումը,

զորահավաքային նախապատրաստության միջոցառումների կատարման վերաբերյալ պետական մարմնի ղեկավարին հաշվետվություն ներկայացնելը,

զորահավաքային պլանների կատարման և զորահավաքային ծավալման ուսումնական վարժանքների անցկացման կազմակերպումն ու իրականացումը,

սահմանված կարգով պետական մարմնի զինապարտների հաշվառումը,

սպառազինության և տեխնիկայի, կարևորագույն քաղաքացիական արտադրանքների, բնակչության կենսաապահովման համակարգերի, առավելագույն վտանգ ու ազգային արժեքներ ներկայացնող օբյեկտների փաստաթղթերի ապահովագրական ֆոնդի ստեղծումը,

զորահավաքային առաջադրանքների (պատվերների) կատարման և խնդիրների իրագործման ժամանակ զորահավաքային պլանների համաձայն կազմակերպություններից կամ քաղաքացիներից շենքեր, շինություններ, հողամասեր, գույք, տրանսպորտային և այլ նյութական միջոցներ վերցնելու, ինչպես նաև նրանց տնտեսական գործունեության ուղղվածությունը փոփոխելու ժամանակ համապատասխան ակտերի կազմումը.

բ) տեղական ինքնակառավարման մարմիններում և զորահավաքային առաջադրանք կատարող կազմակերպություններում ստեղծվող զորահավաքային մարմինները զորահավաքային նախապատրաստության մասով իրականացնում են՝

սահմանված զորահավաքային առաջադրանքի կատարումն ապահովող զորահավաքային պլանի մշակման աշխատանքի կազմակերպումը,

զորահավաքային պլանների կատարումն ապահովող միջոցառումների մշակումը և իրականացումը,

զորահավաքային նախապատրաստության մասով պաշտպանական պատվերի (առաջադրանքի), ինչպես նաև համապատասխան պայմանագրերի կատարումն ապահովող միջոցառումների մշակումը,

սահմանված կարգով կազմակերպության ղեկավար անձնակազմի, մասնագետների և որակյալ բանվորների ամրագրման աշխատանքների իրականացումը,

զորահավաքային նախապատրաստության միջոցառումների իրականացման արդյունքների վերաբերյալ հաշվետվություն ներկայացնելը,

զորահավաքային նախապատրաստության ոլորտին առնչվող այլ աշխատանքներ:

4.1. Քաղաքացիական պաշտպանության բնագավառում իրականացվում են հետևյալ գործառույթները`

1) քաղաքացիական պաշտպանության պլանների մշակում ու մասնակցություն դրանց մշակման աշխատանքներին.

2) համապատասխան կառուցվածքային ստորաբաժանումների հետ համատեղ քաղաքացիական պաշտպանության զարգացման և այդ նպատակի համար ներդրումների, նյութատեխնիկական միջոցների և աշխատանքային ռեսուրսների վերաբերյալ առաջարկությունների մշակում.

3) քաղաքացիական պաշտպանության ղեկավար կազմի քաղաքացիական պաշտպանության գծով պատրաստման կազմակերպում.

4) կառուցվածքային ստորաբաժանումների կողմից քաղաքացիական պաշտպանության գծով պարտականությունների կատարման նկատմամբ հսկողություն.

5) կառուցվածքային և տարածքային ստորաբաժանումների աշխատողների կողմից իրականացվող քաղաքացիական պաշտպանության ոլորտի աշխատանքների համակարգում.

6) ղեկավար մարմնի հանձնարարությամբ՝ կառուցվածքային և տարածքային ստորաբաժանումների՝ քաղաքացիական պաշտպանության գծով գործունեության ուսումնասիրություններին մասնակցություն.

7) սահմանված կարգով քաղաքացիական պաշտպանության վերաբերյալ ներկայացվող հաշվետվությունների վերլուծություն և դրա արդյունքները ղեկավարին ներկայացնելը.

8) իր լիազորությունների սահմաններում, ինչպես նաև մարմնի ղեկավարի հանձնարարությամբ, առաջարկությունների, տեղեկանքների, հաշվետվությունների, զեկուցագրերի և այլ գրությունների նախապատրաստում.

9) կառուցվածքային, տարածքային և առանձնացված ստորաբաժանումների աշխատողներին մասնագիտական հարցերի վերաբերյալ խորհրդատվական օգնության ցուցաբերում.

10) քաղաքացիական պաշտպանության հարցերով անձնակազմի նախապատրաստության և քաղաքացիական պաշտպանության աշխատանքների կատարելագործման վերաբերյալ առաջարկությունների մշակում և դրանք ներկայացնելը.

11) քաղաքացիական պաշտպանության ոլորտին վերաբերող այլ հարցերի համակարգում և քաղաքացիական պաշտպանության միջոցառումների կազմակերպում:

(4.1 կետը լրաց. 26.08.10 N 1091-Ն)

5. Զորահավաքային մարմիններն իրավունք ունեն՝

ա) առաջարկություններ ներկայացնելու զորահավաքային նախապատրաստության և զորահավաքի և քաղաքացիական պաշտպանության աշխատանքների կատարելագործման վերաբերյալ.

բ) իրենց իրավասության սահմաններում խորհրդակցություններ հրավիրելու.

գ) իրենց իրավասության սահմաններում համակարգելու զորահավաքային նախապատրաստության և զորահավաքի և քաղաքացիական պաշտպանության հետ կապված միջոցառումները:

(5-րդ կետը լրաց. 26.08.10 N 1091-Ն)

 

III. Զորահավաքային մարմինների կառուցվածքը, ենթակայությունը եվ գաղտնի գործավարությունը

 

6. Զորահավաքային մարմնի կառուցվածքը և կազմը որոշվում են՝ ելնելով զորահավաքային նախապատրաստության աշխատանքների բնույթից և ծավալից:

7. Զորահավաքային մարմնի ղեկավարը ենթարկվում է պետական մարմնի աշխատակազմի, համայնքի և կազմակերպության ղեկավարներին:

8. Զորահավաքային մարմինների գաղտնի գործավարությունն իրականացվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

(կանոնադրությունը լրաց. 26.08.10 N 1091-Ն)