Գլխավոր տեղեկություն
Տիպ
Համաձայնագիր
Тип
Ինկորպորացիա (03.02.2017-մինչ օրս)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀԱԳՆՊՏ 2017.07.26/1(38)
Принят
Հայաստանի Հանրապետություն
Дата принятия
05.10.2016
Дата подписания
05.10.2016
Дата вступления в силу
03.02.2017

ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ

 

Հայաստանի Հանրապետության Կառավարության և Վրաստանի Կառավարության միջև` սահմանային ներկայացուցիչների` սահմանային կոմիսարների գործունեության մասին

 

Հայաստանի Հանրապետության Կառավարությունը և Վրաստանի Կառավարությունը (այսուհետև` Կողմեր),

ձգտելով բարիդրացիական հարաբերությունների զարգացմանը և պետական սահմանի ռեժիմի ապահովման գործում սահմանապահ գերատեսչությունների համագործակցության աջակցմանը,

ընդունելով իրենց պետական սահմանների պահպանության ուղղությամբ անկախ պետությունների` միջոցներ ձեռնարկելու անքակտելի իրավունքը,

ղեկավարվելով 2011 թ. նոյեմբերի 29-ին ստորագրված` «Հայաստանի Հանրապետության Կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության և Վրաստանի ներքին գործերի նախարարության միջև սահմանային համագործակցության մասին» համաձայնագրի սկզբունքներով,

նշելով Հայաստանի Հանրապետության և Վրաստանի սահմանային ներկայացուցիչների` սահմանային կոմիսարների մասնակցության անհրաժեշտությունը սահմանային համագործակցությանն աջակցելու և սահմանային միջադեպերի նախազգուշացման գործում,

ցանկանալով իրականացնել սահմանային ներկայացուցիչների համագործակցություն սահմանային կոմիսարների գործունեության իրականացման մասով` Կողմերի պետությունների ազգային օրենսդրությանը, միջազգային իրավունքի համընդհանուր սկզբունքներին ու նորմերին և սույն Համաձայնագրին համապատասխան,

համաձայնեցին հետևյալի մասին.

 

Հոդված 1

 

1. Կողմերը, սույն Համաձայնագրին, իրենց պետությունների ներքին օրենսդրությանը և միջազգային իրավունքի հանրաճանաչ սկզբունքներին ու նորմերին համապատասխան, համագործակցում են սահմանային ներկայացուցչության գործունեության մասով։

2. Հայաստանի Հանրապետության և Վրաստանի սահմանային ներկայացուցիչները և նրանց տեղակալները նշանակվում են Կողմերի պետությունների գործող օրենսդրությանը համապատասխան:

3. Սահմանային ներկայացուցիչների և նրանց տեղակալների նշանակման մասին Կողմերը միմյանց տեղեկացնում են գրավոր, տեխնիկական/էլեկտրոնային միջոցներով` նշելով նրանց կեցության վայրը, ազգանունները, անունները և հայրանունները, լիազորությունները և գործունեության հատվածները:

4. Սույն Համաձայնագրի դրույթների իրականացման համար Կողմերի իրավասու մարմիններն են.

 

Հայկական Կողմից՝

Հայաստանի Հանրապետության Կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայությունը.

 

Վրացական Կողմից՝

Վրաստանի ներքին գործերի նախարարությունը։

Իրավասու մարմինների փոփոխության դեպքում Կողմերը տասնօրյա ժամկետում դիվանագիտական ուղիներով միմյանց կծանուցեն այդպիսի փոփոխության մասին։

 

Հոդված 2

 

1. Սահմանային ներկայացուցիչներն իրենց գործունեության հատվածների սահմաններում իրենց պարտականությունները կատարում են փոխադարձ համագործակցության հիման վրա՝ իրենց պետությունների օրենսդրությանը և այն միջազգային պայմանագրերին համապատասխան, որոնց մասնակից են Հայաստանի Հանրապետությունը և Վրաստանը:

Սահմանային ներկայացուցիչներն իրենց պարտականությունները կատարում են պետական սահմանի այն հատվածներում, որոնք սահմանված են Սահմանային ներկայացուցիչների գործունեության հատվածների մասին արձանագրությամբ (Հավելված հմ. 1), ինչպես նաև սույն Համաձայնագրով սահմանված լիազորություններին համապատասխան:

2. Սահմանային ներկայացուցիչների գործունեության հատվածների փոփոխման դեպքում Կողմերը միմյանց ծանուցում են գրավոր՝ տեխնիկական/էլեկտրոնային միջոցներով:

3. Գրավոր լիազորությունները (Հավելված հմ. 2) տրվում են`

Հայաստանի Հանրապետության սահմանային ներկայացուցիչներին և նրանց տեղակալներին` Հայաստանի Հանրապետության Կառավարության կողմից.

Վրաստանի սահմանային ներկայացուցիչներին և նրանց տեղակալներին` Վրաստանի Կառավարության կողմից:

 

Հոդված 3

 

1. Սահմանային ներկայացուցիչների գործունեության ապահովման համար նշանակվում են օգնականներ, քարտուղարներ, ծառայողական նամակագրության ընդունման և փոխանցման համար լիազորված անձինք, կարող են ներգրավվել նաև թարգմանիչներ, փորձագետներ և այլ անձինք:

2. Սահմանային ներկայացուցիչների պարտականությունները կատարելիս սահմանային ներկայացուցիչների տեղակալներն օգտվում են այն նույն իրավունքներից, որոնցից օգտվում են սահմանային ներկայացուցիչները:

3. Սահմանային ներկայացուցիչների օգնականները կատարում են սահմանային ներկայացուցիչների կողմից որոշված պարտականությունները՝ համաձայն այն Կողմի պետության ազգային օրենսդրության, որի ներկայացուցիչն են իրենք: Սահմանային ներկայացուցիչները տալիս են գրավոր լիազորություններ սահմանային ներկայացուցիչների օգնականներին, վկայականներ` քարտուղարներին և թարգմանիչներին, սահմանը դեպի երկու կողմ մեկանգամյա հատման վկայականներ (հավելվածներ 3-5-րդ):

 

Հոդված 4

 

Սահմանային ներկայացուցիչներն իրենց գործունեության հատվածների սահմաններում`

ա) ձեռնարկում են բոլոր անհրաժեշտ միջոցները սահմանային միջադեպերի նախազգուշացման, առաջացման դեպքում դրանց հետաքննման և կարգավորման համար.

բ) հսկում են Կողմերի կողմից սահմանված` պետական սահմանի հատման կանոնների պահպանումը և ձեռնարկում են միջոցներ սահմանված կարգի խախտմամբ պետական սահմանի հատումը կանխելու ուղղությամբ.

գ) համապատասխան պետական մարմինների հետ համատեղ ձեռնարկում են անհրաժեշտ միջոցներ` ուղղված պետական սահմանին անօրինական միգրացիայի, մաքսանենգության և այլ տեսակի իրավախախտումների դեմ պայքարին.

դ) համապատասխան պետական մարմինների առաջարկությամբ մասնակցում են մարդկանց դիերի ճանաչմանը և ձեռնարկում են դրանց փոխանցմանն ուղղված միջոցներ.

ե) պետական կառավարման և շրջակա միջավայրի պաշտպանության լիազորված մարմինների հետ համատեղ ապահովում են պետական սահմանին տնտեսական աշխատանքների և այլ գործունեության կատարման, սահմանային ջրամբարներում ջրօգտագործման, ինչպես նաև որսի և ձկնորսության կանոնների պահպանման պատշաճ վերահսկողություն.

զ) ժամանակին միմյանց տեղեկացնում են պետական սահմանով համաճարակների, կենդանիների համաճարակների, գյուղատնտեսական վնասատուների, հրդեհների և բնածին ու տեխնածին աղետների տարածման սպառնալիքների մասին.

է) համակարգում են պետական սահմանի ռեժիմի պահպանության ապահովման հետ կապված հարցերը:

 

Հոդված 5

 

1. Սահմանային ներկայացուցիչները, որպես կանոն, համատեղ աշխատում են նիստերի կամ հանդիպումների ժամանակ:

2. Սահմանային ներկայացուցիչների նիստերը կամ հանդիպումները անցկացվում են Կողմերից մեկի առաջարկով: Կողմերը միմյանց նախապես տեղեկացնում են նիստի կամ հանդիպման օրակարգի, մասնակիցների կազմի, անցկացման վայրի և ժամկետի մասին:

3. Առանձին դեպքերում նիստերին կամ հանդիպումներին, սահմանային ներկայացուցիչների փոխադարձ պայմանավորվածությամբ, կարող են քննարկվել նիստի օրակարգում չներառված հարցեր:

4. Նիստի կամ հանդիպման անցկացման մասին առաջարկին հանդիպման նախաձեռնող Կողմին պատասխանը պետք է ներկայացվի հնարավորինս կարճ ժամկետներում, սակայն ոչ ուշ, քան 48 ժամ առաջ (նշված ժամկետները հաշվելու դեպքում չպետք է հաշվի առնվեն Կողմերի պետությունների` գործող աշխատանքային օրենսդրությամբ սահմանված ոչ աշխատանքային և հանգստյան օրերը): Ընդ որում` քննարկման համար կարող են առաջարկվել լրացուցիչ հարցեր, ինչպես նաև` նիստի կամ հանդիպման անցկացման այլ ժամկետ կամ վայր:

5. Նիստին կամ հանդիպմանը պետք է ներկա լինեն Կողմերի սահմանային ներկայացուցիչները: Եթե դա հնարավոր չէ, ապա նիստին կամ հանդիպմանը մասնակցում է նրա տեղակալը, ինչի մասին հանդիպման նախաձեռնող սահմանային ներկայացուցիչը տեղեկացնում է նիստի կամ հանդիպման սկսվելուց ոչ ուշ, քան 24 ժամ առաջ:

6. Սահմանային ներկայացուցիչների նիստերին և հանդիպումներին կարող են մասնակցել նրանց տեղակալները, օգնականները, քարտուղարները, թարգմանիչները, իսկ անհրաժեշտության դեպքում` փորձագետները և այլ անձինք:

Սահմանային ներկայացուցիչների օգնականների հանդիպումներին կարող են մասնակցել քարտուղարները, թարգմանիչները, անհրաժեշտության դեպքում` փորձագետներ և այլ անձինք:

7. Այն հարցերը, որոնք չեն պահանջում անձնական հանդիպումներ, կարող են լուծվել ծառայողական նամակագրության կամ կապի տեխնիկական միջոցների օգտագործմամբ:

8. Սահմանային ներկայացուցիչները պայմանավորված ժամկետներում միմյանց տեղեկացնում են նիստերի կամ հանդիպումների ժամանակ ընդունված որոշումների կատարման համար ձեռնարկված միջոցների մասին:

 

Հոդված 6

1. Սահմանային ներկայացուցիչները տարվա սկզբում պատրաստում և միմյանց հետ համաձայնեցնում են համատեղ միջոցառումների տարեկան պլանը:

2. Սահմանային ներկայացուցիչների պլանային նիստերը կամ հանդիպումները անց են կացվում տարին առնվազն երկու անգամ:

3. Սահմանային ներկայացուցիչների և նրանց տեղակալների, օգնականների պլանային հանդիպումներն անց են կացվում, որպես կանոն, Կողմերի պետությունների տարածքներում` հերթականությամբ, իսկ արտահերթ հանդիպումը` այն նախաձեռնող Կողմի պետության տարածքում:

4. Սահմանային ներկայացուցիչների օգնականների հանդիպումներն անց են կացվում սահմանային ներկայացուցիչների հանձնարարությամբ:

 

Հոդված 7

 

1. Սահմանային ներկայացուցիչների նիստերի և հանդիպումների արդյունքներով կազվում է համատեղ արձանագրություն, որում նշվում են օրակարգը, մասնակիցների կազմը, նիստի կամ հանդիպման ընթացքը, ընդունված որոշումները և դրանց կատարման ժամկետները:

2. Նիստի կամ հանդիպման արձանագրությունը կազմվում է երկու օրինակից, ռուսերեն և ամրագրվում է սահմանային ներկայացուցիչների ստորագրություններով և կնիքներով:

3. Սահմանային ներկայացուցիչների նիստերի և հանդիպումների արձանագրություններն ուժի մեջ են մտնում դրանց փոխանակման պահից:

4. Անհրաժեշտության դեպքում սահմանային ներկայացուցչի ցուցումով կազմվում է սահմանային ներկայացուցիչների տեղակալների և օգնականների հանդիպումների արձանագրություն, որը հաստատվում է սահմանային ներկայացուցիչների կողմից:

 

Հոդված 8

 

1. Սահմանային ներկայացուցիչները պետական սահմանին փոխադարձ համաձայնությամբ սահմանում են հանդիպումների և ծառայողական նամակագրության փոխանակման կետեր, ինչպես նաև` տեխնիկական կապի միջոցների օգտագործման կարգը: Այն անձինք, ովքեր լիազորված են ապահովելու ծառայողական նամակագրության ընդունումը և փոխանցումը, պարտավոր են իրականացնել ծառայողական նամակագրության շուրջօրյա ընդունումը և փոխանցումը:

2. Սահմանային ներկայացուցիչները ձերբակալված անձանց, ինչպես նաև մարդկանց դիերի, ընտանի կենդանիների և գույքի փոխանցումը կատարում են Կողմերի պետությունների գործող օրենսդրությանը համապատասխան: Յուրաքանչյուր այդպիսի փոխանցման վայրը, ժամկետը և կարգը սահմանային ներկայացուցիչները որոշում են առանձին:

3. Սահմանային ներկայացուցիչները փոխադարձ պայմանավորվածության հիման վրա կազմում են ակտերի, ստացականների և այլ փաստաթղթերի նմուշները, որոնք ձևակերպվում են ձերբակալված անձանց, մարդկանց դիերի, կենդանիների, գույքի փոխանցման, ծառայողական նամակագրության ընդունման և փոխանցման ժամանակ, ինչպես նաև այլ գործողությունների կատարման դեպքում` սույն Համաձայնագրի դրույթներին համապատասխան:

4. Ձերբակալված անձանց, մարդկանց դիերի, ընտանի կենդանիների և գույքի փոխանցումը կատարվում է անմիջապես սահմանային ներկայացուցիչների, տեղակալների կամ, նրանց հանձնարարությամբ, օգնականների միջոցով:

 

Հոդված 9

 

1. Սահմանային ներկայացուցիչները, նրանց տեղակալները, օգնականները, քարտուղարները, թարգմանիչները և փորձագետները սույն Համաձայնագրի շրջանակներում իրենց պարտականությունների կատարման համար հատում են պետական սահմանը հատուկ սահմանված կետերում կամ համաձայնեցված վայրերում:

2. Սահմանային ներկայացուցիչները, նրանց տեղակալները և օգնականները պետական սահմանը հատում են գրավոր լիազորությունների հիման վրա (հավելվածներ 2-րդ, 3-րդ), քարտուղարները և թարգմանիչները` վկայականների հիման վրա (հավելված 4), փորձագետները և համատեղ աշխատանքի համար հրավիրված անձինք` դեպի սահմանի երկու կողմ մեկանգամյա հատման համար տրված վկայականների հիման վրա (հավելված 5):

3. Սահմանային ներկայացուցիչների, նրանց տեղակալների և օգնականների, ինչպես նաև քարտուղարների և թարգմանիչների վկայականները հաստատվում են Կողմերի սահմանային ներկայացուցիչների նիստերին:

4. Սույն Համաձայնագրի դրույթներին համապատասխան` պետական սահմանը հատելու իրավունքի մասին փաստաթղթի կորչելու դեպքում փաստաթղթի տերը այդ մասին պետք է անհապաղ տեղեկացնի իր պետության սահմանային ներկայացուցչին, ով չեղյալ կհամարի կորցրած փաստաթուղթը և պատահածի մասին կտեղեկացնի հարակից պետության սահմանային ներկայացուցչին:

 

Հոդված 10

 

1. Սույն Համաձայնագրի դրույթների համաձայն` սահմանային ներկայացուցիչներին, նրանց տեղակալներին, օգնականներին, քարտուղարներին, թարգմանիչներին և փորձագետներին մյուս պետության տարածքում իրենց պարտականությունները կատարելիս երաշխավորվում է անձնական անվտանգությունը, ինչպես նաև նրանց առջև դրված խնդիրների կատարման համար անհրաժեշտ փաստաթղթերի և գույքի անձեռնմխելիությունը: Նշված անձինք ունեն սահմանված համազգեստ կրելու իրավունք:

2. Յուրաքանչյուր Կողմ իր վրա է վերցնում իր տարածքում սույն Համաձայնագրի կատարման հետ կապված բոլոր ծախսերը. նիստերի կամ հանդիպումների անցկացման հետ կապված ծախսերը կրում է այն Կողմը, որի տարածքում անց է կացվում նիստը կամ հանդիպումը:

 

Հոդված 11

 

Իրենց պետությունների օրենսդրությանը համապատասխան` սահմանային ներկայացուցիչները միմյանց հետ փոխանակում են տեղեկություն.

ա) պետական սահմանի անօրինական հատման փաստերի մասին.

բ) պետական սահմանի վրա կազմակերպությունների և առանձին անձանց գործունեության մասին՝ կապված անօրինական միգրացիայի, մաքսանենգության և այլ տեսակի իրավախախտումների հետ.

գ) պետական սահմանին մոտ մարդկանց կամ կենդանիների վտանգավոր վարակիչ հիվանդությունների առաջացման, ինչպես նաև գյուղատնտեսական և անտառային վնասատուների զանգվածային տարածման, հրդեհների, ջրհեղեղների և այլ` բնածին ու տեխնածին աղետների մասին.

դ) ենթադրվող գործողությունների (սպառնալիքների) մասին, որոնք կարող են վնաս հասցնել երկրորդ Կողմի պետական անվտանգությանը և պետության շահերին, ինչպես նաև սահմանային միջադեպերի կանխման նպատակով ձեռնարկված միջոցների մասին.

ե) սահմանի ռեժիմի պահպանության վրա ազդող այլ հարցերի մասին:

 

Հոդված 12

 

Սահմանային միջադեպերի կարգավորման համար, ինչպես նաև պետական սահմանի ռեժիմի տարբեր տեսակի խախտումների կանխման նպատակով սահմանային ներկայացուցիչները համապատասխան ծառայությունների օգնությամբ անց են կացնում համատեղ հետաքննություններ հետևյալ դեպքերում.

ա) մի պետության պետական սահմանի կողմից մյուս պետության անձանց կամ տարածքների կրակոցների, այդ թվում նաև` մարդկանց մահ կամ մարմնական վնասվածքներ, գույքի վնաս և այլ ծանր հետևանքներ առաջացրած.

բ) անձանց և տրանսպորտային միջոցների` պետական սահմանի ապօրինի հատում.

գ) թռչող սարքերի և լողամիջոցների կողմից պետական սահմանի խախտում.

դ) պետական սահմանով մաքսանենգ ապրանքներ անցկացնելու փորձեր.

ե) Կողմերի սահմանապահ գերատեսչությունների պաշտոնատար անձանց կողմից ծառայողական պարտականությունների կատարման ընթացքում պետական սահմանի պատահական հատում.

զ) բնածին աղետների կամ այլ հանգամանքների հետևանքով մյուս Կողմի պետության տարածք ընկած լողամիջոցների, ձկնորսական գործիքների և այլ գույքի հայտնաբերում.

է) սահմանային նշանների և սահմանային այլ շինությունների (այդ թվում` նաև գետերում և ջրավազաններում) տեղափոխում, վնասում և ոչնչացում.

ը) ընտանի կենդանիների կողմից պետական սահմանի հատում.

թ) պետական սահմանով հրդեհի տարածում.

ժ) պետական սահմանի ռեժիմի այլ խախտումներ, որոնք շոշափում են Կողմերի պետական շահերը, սակայն չեն պահանջում հարցի լուծում դիվանագիտական ուղիներով:

 

Հոդված 13

 

1. Սույն Համաձայնագրի 12-րդ հոդվածում նշված միջադեպերի հանգամանքների պարզաբանումն անց է կացվում սահմանային ներկայացուցիչների միջև` սահմանված կարգով: Սահմանային միջադեպերի համատեղ հետաքննությունը կատարվում է սահմանային ներկայացուցիչների անմիջական ղեկավարությամբ և այն Կողմի պետական օրենսդրության համաձայն, որի տարածքում տեղի է ունեցել սահմանային միջադեպը:

2. Սահմանային միջադեպի համատեղ հետաքննության արդյունքների մասին կազմվում է ակտ, իսկ անհրաժեշտության դեպքում` այլ փաստաթղթեր:

3. Սույն Համաձայնագրով նախատեսված լիազորությունների շրջանակներում սահմանային ներկայացուցիչները լուծում են մյուս պետության տարածքում հայտնված մարդկանց, դիերի, ընտանի կենդանիների և գույքի վերադարձման հարցերը:

4. Սահմանային այն միջադեպերը, որոնց շուրջ սահմանային ներկայացուցիչները չեն կարողացել հասնել համաձայնության, լուծվում են դիվանագիտական ուղիներով:

 

Հոդված 14

 

Սույն Համաձայնագրի իրականացման նպատակով Կողմերը փոխանակում են սահմանային ներկայացուցիչների գործունեության տեղամասերի վերաբերյալ տեղեկատվություն:

Փաստաթղթերի ձևերը (հավելվածներ 1-5-րդ) կազմում են սույն Համաձայնագրի անբաժանելի մասը:

 

Հոդված 15

 

Կողմերի փոխադարձ համաձայնությամբ սույն Համաձայնագրում կարող են կատարվել փոփոխություններ և լրացումներ, որոնք ձևակերպվում են առանձին արձանագրություններով (փաստաթղթերով) և ուժի մեջ են մտնում համաձայն սույն Համաձայնագրի 18-րդ հոդվածում նախատեսված կարգի: Նշված ձևով ընդունված փաստաթղթերը կազմում են սույն Համաձայնագրի անբաժանելի մասը:

 

Հոդված 16

 

Սույն Համաձայնագրի դրույթների պարզաբանման և իրագործման ժամանակ ծագող ցանկացած վիճելի հարց լուծվում է Կողմերի միջև` խորհրդակցությունների և/կամ պայմանավորվածության միջոցով:

 

Հոդված 17

 

Սույն Համաձայնագիրը չի վերաբերում Կողմերի այն իրավունքներին և պարտավորություններին, որոնք նախատեսված են այն գործող միջազգային պայմանագրերով, որոնց մասնակիցներ են Հայաստանի Հանրապետությունը և Վրաստանը:

 

Հոդված 18

Սույն Համաձայնագիրն ուժի մեջ է մտնում անհրաժեշտ ներպետական ընթացակարգերն ավարտելու մասին վերջին ծանուցումն ստանալու օրվանից և գործում է մինչև Հայաստանի Հանրապետության և Վրաստանի միջև պետական սահմանի ռեժիմի մասին պայմանագրի ուժի մեջ մտնելը:

 

Հոդված 19

 

Կողմերից յուրաքանչյուրը կարող է դադարեցնել սույն Համաձայնագրի գործողությունը՝ գրավոր ծանուցելով մյուս Կողմին: Սույն Համաձայնագրի գործողությունը դադարեցվում է նման ծանուցում մյուս Կողմի ստանալու օրվանից 60 օր հետո:

Ստորագրված է Թբիլիսի քաղաքում 2016թ. հոկտեմբերի 5-ին, երկու բնօրինակով, յուրաքանչյուրը` հայերեն, վրացերեն և ռուսերեն: Բոլոր տեքստերն էլ հավասարապես նույնական են:

Սույն Համաձայնագրի դրույթների մեկնաբանման ժամանակ տարաձայնություններ առաջանալու դեպքում նախապատվությունը տրվում է ռուսերեն տեքստին:

 

Հավելված 1
«Հայաստանի Հանրապետության Կառավարության և Վրաստանի Կառավարության միջև` սահմանային ներկայացուցիչների` սահմանային կոմիսարների գործունեության մասին» համաձայնագրի

 

ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ

 

սահմանային ներկայացուցիչների գործունեության տեղամասերի մասին

 

«Հայաստանի Հանրապետության Կառավարության և Վրաստանի Կառավարության միջև` սահմանային ներկայացուցիչների` սահմանային կոմիսարների գործունեության մասին» Համաձայնագրից բխող պարտավորությունների կատարման համար Կողմերը համաձայնեցին հետևյալի մասին.

 

Սահմանային ներկայացուցիների՝ սահմանային կոմիսարների գործունեության տեղամասերն են.

 

Հայաստանի Հանրապետության կողմից`

Լոռի-Տավուշ տեղամասի (գտնվելու վայրը` գյուղ Պուշկինո) սահմանային ներկայացուցչի համար երեք պետությունների՝ Հայաստանի Հանրապետության, Վրաստանի, Ադրբեջանի Հանրապետության պետական սահմանների հատման կետից մինչև Լեգլի լեռան 3156.9 մետր բարձրությունը:

Աշոցք-Ամասիա տեղամասի (գտնվելու վայրը` գյուղ Աշոցք) սահմանային ներկայացուցչի համար՝ Լեգլի լեռան 3156.9 մետր բարձրությունից մինչև երեք պետությունների՝ Հայաստանի Հանրապետության, Վրաստանի, Թուրքիայի Հանրապետության պետական սահմանների հատման կետը:

 

Վրաստանի կողմից`

Ախալցխա տեղամասի (գտնվելու վայրը` Ախալցխայի մունիցիպալիտետ, քաղաք Ախալցխա) սահմանային ներկայացուցչի համար՝ երեք պետությունների՝ Վրաստանի, Հայաստանի Հանրապետության, Թուրքիայի Հանրապետության պետական սահմանների հատման կետից մինչև Լեգլի լեռան 3156.9 մետր բարձրությունը:

 

Ցիտելի խիդի` Կարմիր կամուրջ տեղամասում (գտնվելու վայրը` Մառնեուլի մունիցիպալիտետ, գյուղ Կիրաչ-Մուգանլո) սահմանային ներկայացուցչի համար` Լեգլի լեռան 3156.9 մետր բարձրությունից մինչև երեք պետությունների՝ Վրաստանի, Հայաստանի Հանրապետության, Ադրբեջանի Հանրապետության պետական սահմանների հատման կետը:

 

Կատարված է, Ստորագրված է Թբիլիսի քաղաքում 2016թ. հոկտեմբերի 5-ին, յուրաքանչյուրը` հայերեն, վրացերեն և ռուսերեն` երկու հավասարազոր օրինակով:

 

Հավելված 2
«Հայաստանի Հանրապետության Կառավարության և Վրաստանի Կառավարության միջև` սահմանային ներկայացուցիչների` սահմանային կոմիսարների գործունեության մասին» համաձայնագրի

 

ՍԱՀՄԱՆԱՅԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻ՝ ՍԱՀՄԱՆԱՅԻՆ ԿՈՄԻՍԱՐՆԵՐԻ ԵՎ ՆՐԱՆՑ ՏԵՂԱԿԱԼՆԵՐԻ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

Կազմ - Պետության անվանումը և պետական զինանշանը

 

Էջ 1 - ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆ

Էջ 2 -

Էջ 3 - Լուսանկար, կնիք, ստորագրություն

Էջ 4 201__ թ. ____________ ___ «Հայաստանի Հանրապետության Կառավարության և Վրաստանի Կառավարության միջև` սահմանային ներկայացուցիչների` սահմանային կոմիսարների գործունեության մասին» համաձայնագրի հիման վրա

 

________________________________________________________________________

(անուն, հայրանուն, ազգանուն)

 

նշանակվել է սահմանային ներկայացուցիչ՝ սահմանային կոմիսար (սահմանային ներկայացուցչի՝ սահմանային կոմիսարի տեղակալ),

 

__________________________

(պետության անվանումը)

__________________________

(տեղամասի անվանումը)

 

հայ-վրացական պետական սահմանի տեղամասում և լիազորված է վերը նշված Համաձայնագրում նախատեսված պարտականությունները կատարելու համար: Այդ կապակցությամբ իրավունք ունի անցնելու հայ-վրացական պետական սահմանը և գտնվելու ________________________ տարածքում:

                        (պետության անվանումը)

____________________________________________________________________

           (լիազորություններ ստորագրելու իրավունք ունեցող պատասխանատու անձի պաշտոնը)

_____________________________________________________________________

(ազգանուն, ստորագրություն)

 

Կնիքի տեղը

 

Ք. ___________

 

_____ __________ 201_ թ.

 

Էջ 5 - 4-րդ էջի տեքստը _____________ լեզվով

Էջ 6 - հարակից պետության (պետության անվանումը)

          սահմանային ներկայացուցչի՝

          սահմանային կոմիսարի կնիքի և ստորագրության տեղը

Էջ 7 -

Էջ 8 -

Հավելված 3
«Հայաստանի Հանրապետության Կառավարության և Վրաստանի Կառավարության միջև` սահմանային ներկայացուցիչների` սահմանային կոմիսարների գործունեության մասին» համաձայնագրի

 

ՍԱՀՄԱՆԱՅԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉԻ` ՍԱՀՄԱՆԱՅԻՆ ԿՈՄԻՍԱՐԻ ՕԳՆԱԿԱՆԻ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆԸ

 

Կազմ - Պետության անվանումը և պետական զինանշանը

 

Էջ 1 - ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆ

Էջ 2 -

Էջ 3 - Լուսանկար, կնիք, ստորագրություն

 

Էջ 4 201__ թ. ____________ ___ «Հայաստանի Հանրապետության Կառավարության և Վրաստանի Կառավարության միջև` սահմանային ներկայացուցիչների` սահմանային կոմիսարների գործունեության մասին» համաձայնագրի հիման վրա

__________________________________________________________________

(անուն, հայրանուն, ազգանուն)

 

նշանակվել է սահմանային ներկայացուցչի՝ սահմանային կոմիսարի օգնական

 

__________________________

(պետության անվանումը)

__________________________

(տեղամասի անվանումը)

 

հայ-վրացական պետական սահմանի տեղամասում և լիազորված է վերը նշված Համաձայնագրում նախատեսված պարտականությունները կատարելու համար: Այդ կապակցությամբ իրավունք ունի անցնելու հայ-վրացական պետական սահմանը և գտնվելու ________________________ տարածքում:

               (պետության անվանումը)

 

Սահմանային ներկայացուցիչ՝ սահմանային կ

__________________________________________________________________

(պետության անվանումը)

_________________________________________________________________

(ազգանուն, ստորագրություն)

 

Կնիքի տեղը

 

Ք. ___________

 

_____ __________ 201_ թ.

 

Էջ 5 - 4-րդ էջի տեքստը _____________ լեզվով

Էջ 6 - հարակից պետության (պետության անվանումը)

          սահմանային ներկայացուցչի՝

          սահմանային կոմիսարի կնիքի և ստորագրության տեղը

 

Էջ 7 -

Էջ 8

 

Հավելված 4
«Հայաստանի Հանրապետության Կառավարության և Վրաստանի Կառավարության միջև` սահմանային ներկայացուցիչների` սահմանային կոմիսարների գործունեության մասին» համաձայնագրի

 

ՍԱՀՄԱՆԱՅԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻ` ՍԱՀՄԱՆԱՅԻՆ ԿՈՄԻՍԱՐՆԵՐԻ ՔԱՐՏՈՒՂԱՐՆԵՐԻ/ԹԱՐԳՄԱՆԻՉՆԵՐԻ ՎԿԱՅԱԿԱՆԸ

 

Կազմ - Պետության անվանումը և պետական զինանշանը

 

Էջ 1 - ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆ

Էջ 2 -

Էջ 3 - Լուսանկար, կնիք, ստորագրություն

Էջ 4 201__ թ. ____________ ___ «Հայաստանի Հանրապետության Կառավարության և Վրաստանի Կառավարության միջև` սահմանային ներկայացուցիչների` սահմանային կոմիսարների գործունեության մասին» համաձայնագրի հիման վրա

 

________________________________________________________________

(անուն, հայրանուն, ազգանուն)

 

հանդիսանում է սահմանային ներկայացուցիչ՝ սահմանային կոմիսարի

_________________________________________________

(պաշտոնը)

հայ-վրացական պետական սահմանի

__________________________

(պետության անվանումը)

__________________________

(տեղամասի անվանումը)

 

և իրավունք ունի անցնելու հայ-վրացական պետական սահմանը և գտնվելու

_________________ տարածքում (պետության անվանումը)

Սահմանային ներկայացուցիչ` սահմանային կոմիսար

_________________________________________________________________

(պետության անվանումը)

_________________________________________________________________

(ազգանուն, ստորագրություն)

 

Կնիքի տեղը

 

Ք. ___________

 

_____ __________ 201_ թ.

 

Էջ 5 - 4-րդ էջի տեքստը _____________ լեզվով

Էջ 6 - հարակից պետության (պետության անվանումը)

          սահմանային ներկայացուցչի՝

          սահմանային կոմիսարի կնիքի և ստորագրության տեղը

Էջ 7 -

Էջ 8 -

 

Հավելված 5
«Հայաստանի Հանրապետության Կառավարության և Վրաստանի Կառավարության միջև` սահմանային ներկայացուցիչների` սահմանային կոմիսարների գործունեության մասին» համաձայնագրի

 

ՊԵՏԱԿԱՆ ՍԱՀՄԱՆԻ` ԴԵՊԻ ԵՐԿՈՒ ԿՈՂՄ ՄԵԿԱՆԳԱՄՅԱ ՀԱՏՄԱՆ ՎԿԱՅԱԿԱՆ

 

Էջ 1 - Հայ-վրացական պետական սահմանի մեկանգամյա հատման ՎԿԱՅԱԿԱՆ

Էջ 2 4 201__ թ. ____________ ___ «Հայաստանի Հանրապետության Կառավարության և Վրաստանի Կառավարության միջև` սահմանային ներկայացուցիչների` սահմանային կոմիսարների գործունեության մասին» համաձայնագրի հիման վրա

_________________________________________________________________

(անուն, հայրանուն, ազգանուն)

 

իրավունք ունի հատելու հայ-վրացական պետական սահմանը դեպի երկու կողմերի պետություններ

 

__________________________

(տեղամասի անվանումը)

տեղամասում և գտնվելու

_________________________

(պետության անվանումը)

տարածքում  

 

Վավերական է անձի ինքնությունը հաստատող փաստաթուղթ ներկայացնելու դեպքում:

Վավերական է ___ __________ 201__ թվականից

մինչև ___ __________ 201 __ թվականը:

 

Սահմանային ներկայացուցիչ` սահմանային կոմիսար

_________________________________________________________________

(պետության անվանումը)

_________________________________________________________________

(ազգանուն, ստորագրություն)

 

Կնիքի տեղը

 

Ք. ___________

 

_____ __________ 201_ թ.

 

Էջ 3 - 2-րդ էջի տեքստը __________ լեզվով

Էջ 4 - հարակից պետության (պետության անվանումը) սահմանային

          ներկայացուցչի` սահմանային կոմիսարի կնիքի և ստորագրության տեղը:

 

Համաձայնագիրն ուժի մեջ է մտել 2017թ. փետրվարի 3-ին: