Գլխավոր տեղեկություն
Տիպ
Համաձայնագիր
Тип
Ինկորպորացիա (01.08.2016-մինչ օրս)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀԱԳՆՊՏ 2016.11.09/2(36)
Принят
Հայաստանի Հանրապետություն
Дата принятия
29.02.2016
Дата подписания
29.02.2016
Дата вступления в силу
01.08.2016

Հ Ա Մ Ա Ձ Ա Յ Ն Ա Գ Ի Ր

 

Հայաստանի Հանրապետության և Շվեյցարիայի Համադաշնության միջև վիզաների տրամադրումը դյուրացնելու մասին

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆԸ, այսուհետ` Հայաստան, և

 

 ՇՎԵՅՑԱՐԻԱՅԻ ՀԱՄԱԴԱՇՆՈՒԹՅՈՒՆԸ, այսուհետ` Շվեյցարիա,

այսուհետ` Կողմեր,

 

 ՑԱՆԿՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՆԱԼՈՎ դյուրացնելու միջմարդկային շփումները՝ որպես տնտեսական, հումանիտար, մշակութային, գիտական և այլ կապերի կայուն զարգացման կարևոր նախապայման, դյուրացնելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին վիզաների տրամադրումը,

 

 ՎԵՐԱՀԱՍՏԱՏԵԼՈՎ իրենց քաղաքացիների համար համապատասխան ժամկետներում առանց վիզայի ճամփորդական ռեժիմ սահմանելու նպատակով աստիճանական քայլեր ձեռնարկելու մտադրությունը՝ պայմանով, որ առկա լինեն լավ կառավարվող և անվտանգ շարժունակության համար նախադրյալներ,

 

 ՆԿԱՏԻ ՈՒՆԵՆԱԼՈՎ, որ 2013 թվականի հունվարի 10-ից Շվեյցարիայի քաղաքացիները 90 օրը չգերազանցող ժամանակահատվածով դեպի Հայաստան ճամփորդելիս կամ Հայաստանի տարածքով տարանցելիս ազատված են վիզայի պահանջից,

 

ԸՆԴՈՒՆԵԼՈՎ, որ վիզայի տրամարդումը դյուրացնելը չպետք է հանգեցնի անկանոն միգրացիայի, և հատուկ ուշադրություն դարձնելով անվտանգությանը և հետ ընդունելուն,

 

ՀԱՇՎԻ ԱՌՆԵԼՈՎ 2004 թ. հոկտեմբերի 26-ին ստորագրված` Եվրոպայի միության, Եվրոպական համայնքների և Շվեյցարիայի Համադաշնության միջև Շվեյցարիայի Համադաշնության ասոցացման և Շենգենյան դրույթների (Acquis) կատարման, կիրառման և զարգացման մասին համաձայնագիրը, որն ստորագրվել է 2008 թ. դեկտեմբերի 12-ին (այսուհետ` Շենգենի ասոցացման համաձայնագիր),

 

ՀԱՇՎԻ ԱՌՆԵԼՈՎ Հայաստանի Հանրապետության և Եվրոպայի միության միջև 2012 թ. դեկտեմբերի 17-ին ստորագրված համաձայնագիրը վիզաների տրամադրումը դյուրացնելու մասին, որն ուժի մեջ է մտել 2014 թ. հունվարի 1-ին, ինչպես նաև` Իսլանդիայի, Նորվեգիայի, Շվեյցարիայի և Լիխտենշտայնի վերաբերյալ համաձայնագրին կից համատեղ հայտարարությունը,

 

ՀԱՇՎԻ ԱՌՆԵԼՈՎ Հայաստանի Հանրապետության Կառավարության և Շվեյցարիայի Դաշնային Խորհրդի միջև` դիվանագիտական անձնագիր ունեցողների համար մուտքի արտոնագիր ստանալու պահանջի վերացման մասին համաձայնագիրը` ստորագրված 2009 թ. նոյեմբերի 10-ին, որն ուժի մեջ է մտել 2010 թ. փետրվարի 25-ին (այսուհետ` 2009 թ. երկկողմ վիզայի համաձայնագիր),

 

ՀԱՄԱՁԱՅՆԵՑԻՆ ՀԵՏԵՎՅԱԼԻ ՄԱՍԻՆ.

 

ՀՈԴՎԱԾ 1

Նպատակը և կիրառման շրջանակը

 

1. Սույն Համաձայնագրի նպատակն է դյուրացնել վիզաների տրամադրումը Հայաստանի քաղաքացիներին 180 օր ժամանակահատվածի ընթացքում 90 օրվանից ոչ ավել ժամանակահատվածով որոշակի նպատակներով Շվեյցարիայում գտնվելու համար:

 

2. Եթե Հայաստանը վերականգի վիզայի պահանջները Շվեյցարիայի քաղաքացիների կամ նրանց որոշ կատեգորիաների համար, ապա այն նույն դյուրացումները, որոնք սույն Համաձայնագրով շնորհվել են Հայաստանի քաղաքացիներին, ինքնաբերաբար, փոխադարձության սկզբունքի հիման վրա, կկիրառվեն Շվեյցարիայի համապատասխան քաղաքացիների նկատմամբ:

 

ՀՈԴՎԱԾ 2

Ընդհանուր դրույթը

 

1. Սույն Համաձայնագրով նախատեսված` վիզայի տրամադրման դյուրացումները Հայաստանի քաղաքացիների համար կիրառվում են այնքանով, որքանով նրանք ազատված չեն վիզայի պահանջից Շվեյցարիայի ազգային օրենսդրությամբ, սույն Համաձայնագրով կամ այլ միջազգային համաձայնագրերով:

 

2. Հայաստանի կամ Շվեյցարիայի ազգային օրենսդրությունը կիրառվում է սույն Համաձայնագրով չկարգավորվող այնպիսի հարցերի նկատմամբ, ինչպիսիք են վիզայի տրամադրման մերժումը, ճամփորդական փաստաթղթերի ճանաչումը, ապրուստի բավարար միջոցների վերաբերյալ ապացույցները, մուտքի մերժումը և վտարման միջոցները:

 

ՀՈԴՎԱԾ 3

Սահմանումները

 

 Սույն Համաձայնագրի իմաստով՝

 

 ա) «Շվեյցարիայի քաղաքացի» նշանակում է` ցանկացած անձ, ով ունի Շվեյցարիայի քաղաքացիություն` Շվեյցարիայի օրենսդրությանը համապատասխան,

 

 բ) «Հայաստանի քաղաքացի» նշանակում է` ցանկացած անձ, ով ունի Հայաստանի քաղաքացիություն` Հայաստանի օրենսդրությանը համապատասխան,

 

 գ) «վիզա» նշանակում է` Շվեյցարիայի կողմից տրված թույլտվություն` Շվեյցարիայի կամ Շենգենի ցանկացած այլ անդամ պետության տարածքով տարանցելու կամ Շվեյցարիայի կամ Շենգենի ցանկացած այլ անդամ պետության տարածքում որոշակի նպատակով գտնվելու համար` ոչ ավել, քան 90 օր յուրաքանչյուր 180 օր ժամանակահատվածում,

 

 դ) «օրինական բնակվող անձ» նշանակում է` Հայաստանի քաղաքացի, ում թույլատրվել կամ իրավունք է տրվել 90 օրից ավել գտնվել Շվեյցարիայի տարածքում` Շվեյցարիայի ազգային օրենսդրության համաձայն,

 

 ե) «Շենգենի անդամ պետություն» նշանակում է` ցանկացած պետություն, որը կիրառում է Շենգենյան բոլոր դրույթները (Acquis)` սահմանի անցման և վիզայի հետ կապված, Շենգենյան ասոցացման համաձայնագրի շրջանակներում:

 

ՀՈԴՎԱԾ 4

Ճամփորդության նպատակի վերաբերյալ փաստաթղթային հիմնավորումը

 

 1. Հայաստանի քաղաքացիների հետևյալ կատեգորիաների համար հետևյալ փաստաթղթերը բավարար են` հիմնավորելու համար ճամփորդության նպատակը դեպի Շվեյցարիա.

 

ա) մերձավոր ազգականների համար` ամուսիններ, երեխաներ (ներառյալ որդեգրվածները), ծնողներ (ներառյալ խնամակալները), տատիկներ, պապիկներ, թոռներ, ովքեր այցելում են Շվեյցարիայի քաղաքացիներին կամ Շվեյցարիայի տարածքում օրինական կերպով բնակվող Հայաստանի քաղաքացիներին.

 

- գրավոր դիմում հյուրընկալող անձի կողմից,

 

 բ) պաշտոնական պատվիրակության անդամների՝ ներառյալ այնպիսի պատվիրակությունների մշտական անդամների համար, որոնք Հայաստանին ուղղված պաշտոնական հրավերի հիման վրա մասնակցում են հանդիպումների, խորհրդակցությունների, բանակցությունների կամ փոխանակման ծրագրերի, ինչպես նաև միջկառավարական կազմակերպությունների կողմից Շվեյցարիայի տարածքում կազմակերպվող միջոցառումների.

 

 - Հայաստանի իրավասու մարմնի կողմից տրված նամակ, որով հաստատվում է, որ դիմողը վերը նշված միջոցառումներին մասնակցելու նպատակով Շվեյցարիայի տարածք ուղևորվող իր պատվիրակության անդամ է, որին կից ներկայացվում է պաշտոնական հրավերի պատճենը,

 

 գ) դպրոցականների, ուսանողների, հետբուհական կրթություն ստացող անձանց և ուղեկցող ուսուցիչների համար, ովքեր ճամփորդում են ուսման կամ կրթական վերապատրաստման նպատակով` ներառյալ փոխանակման ծրագրերի, ինչպես նաև դպրոցի հետ կապված գործունեության այլ ոլորտների շրջանակում.

 

 - հյուրընկալող համալսարանի, քոլեջի կամ դպրոցի կողմից գրավոր դիմում, կամ ընդունման մասին վկայական, կամ ուսանողական քարտեր, կամ այն դասընթացների մասին վկայականներ, որոնց պետք է հաճախեն,

 

 դ) բուժման նպատակով ճամփորդող և ուղեկցող` անհրաժեշտ անձանց համար.

 

 - բուժհիմնարկի պաշտոնական փաստաթուղթ, որով հաստատվում է տվյալ հիմնարկում բուժօգնություն ստանալու անհրաժեշտությունը, ուղեկցման անհրաժեշտությունը և բուժման վճարումների համար բավարար ֆինանսական միջոցների մասին ապացույցը,

 

 ե) լրագրողների և մասնագիտական պարտականությունների կատարման շրջանակներում նրանց ուղեկցող տեխնիկական անձնակազմի համար.

 

 - մասնագիտական կազմակերպության կամ դիմողի գործատուի կողմից տրված վկայական կամ այլ փաստաթուղթ, որն ապացուցում է, որ տվյալ անձը որակավորված լրագրող է, և որում նշվում է, որ ճամփորդության նպատակն է լրագրողական աշխատանք կատարելը, կամ ապացուցվում է, որ նա այն տեխնիկական անձնակազմի անդամ է, որն ուղեկցում է լրագրողին մասնագիտական պարտականությունների կատարման շրջանակներում,

 

 զ) միջազգային սպորտային միջոցառումների մասնակիցների և մասնագիտական պարտականությունների կատարման շրջանակներում նրանց ուղեկցող անձանց համար.

 

 - հյուրընկալող կազմակերպության, իրավասու մարմինների, ազգային սպորտային ֆեդերացիաների կամ Շվեյցարիայի օլիմպիական կոմիտեի կողմից գրավոր դիմում,

 

 է) գործարարների և բիզնես կազմակերպությունների ներկայացուցիչների համար.

 

 - հյուրընկալող իրավաբանական անձի կամ ընկերության, կազմակերպության կամ այդպիսի իրավաբանական անձի կամ ընկերության գրասենյակի կամ մասնաճյուղի, Շվեյցարիայի պետական կամ տեղական իշխանության մարմինների, կազմակերպող կոմիտեների կամ Շվեյցարիայի տարածքում անցկացվող առևտրային և արդյունաբերական ցուցահանդեսների, խորհրդաժողովների և գիտաժողովների կողմից տրված գրավոր դիմում, որը հաստատված է Հայաստանի իրավասու մարմինների կողմից` ազգային օրենսդրության համապատասխան,

 

 ը) միջազգային ցուցահանդեսներին, խորհրդաժողովներին, գիտաժողովներին, սեմինարներին կամ այլ նմանատիպ միջոցառումներին մասնակցող մասնագետների համար.

 

 - հյուրընկալող կազմակերպության կողմից գրավոր դիմում, որը հաստատում է, որ տվյալ անձը մասնակցում է այդ միջոցառմանը,

 

 թ) քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների և Շվեյցարիայում գրանցված հայկական համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների կողմից հրավիրված անձանց համար, որոնք ճամփորդություն են ձեռնարկում կրթական վերապատրաստումներին, սեմինարներին, խորհրդաժողովներին՝ ներառյալ փոխանակման ծրագրերի կամ համահայկական և համայնքային աջակցության ծրագրերի շրջանակներում մասնակցելու նպատակով.

 

 - հյուրընկալող կազմակերպության կողմից տրված գրավոր դիմում, հաստատում, որ այդ անձը քաղաքացիական հասարակության ներկայացուցիչ է կամ մասնակցում է համահայկական կամ համայնքային աջակցության ծրագրերին, և համապատասխան գրանցամատյանից վկայական նման կազմակերպության հիմնադրման մասին, որը տրվում է Հայաստանի պետական իշխանության մարմնի կողմից` ազգային օրենսդրության համապատասխան,

 

 ժ) գիտական, ակադեմիական, մշակութային և գեղարվեստական աշխատանքներին մասնակցող անձանց համար՝ ներառյալ համալսարանական և այլ փոխանակման ծրագրերը.

 

 - գրավոր դիմում հյուրընկալող կազմակերպության կողմից` այդ աշխատանքներին մասնակցելու համար,

 

 ժա) Հայաստանում գրանցված տրանսպորտային միջոցների վարորդների համար, ովքեր իրականացնում են միջազգային բեռնափոխադրումների և ուղևորների փոխադրման ծառայություններ դեպի Շվեյցարիայի տարածք.

 

 - միջազգային ճանապարհային փոխադրումներ իրականացնող փոխադրողների` Հայաստանի ազգային ասոցիացիայի (միություն) կողմից գրավոր դիմում, որում նշվում է ճամփորդությունների նպատակը, երթուղին, տևողությունը և հաճախականությունը,

 

 ժբ) քույր քաղաքների և այլ քաղաքային մարմինների կողմից կազմակերպված պաշտոնական փոխանակման ծրագրերի մասնակիցների համար.

 

- այդ քաղաքների վարչակազմի ղեկավարի (քաղաքապետի) կամ քաղաքային իշխանությունների կողմից տրված գրավոր դիմում,

 

 ժգ) շիրիմներ այցելելու համար.

 

 - պաշտոնական փաստաթուղթ, որը կհաստատի գերեզմանի գոյությունը կամ պահպանումը, ինչպես նաև ազգակցական կամ այլ կապերը դիմողի և հանգուցյալի միջև:

 

 2. Սույն հոդվածի նպատակներով՝ գրավոր դիմումը ներառում է հետևյալ տեղեկույթը.

 

 ա) հրավիրված անձի համար` անունը և ազգանունը, ծննդյան տարեթիվը, սեռը, քաղաքացիությունը, անձնագրի համարը, ճամփորդության ժամկետը և նպատակը, մուտքերի թիվը և, եթե կիրառելի է, ամուսնու և երեխաների անունները, ովքեր ուղեկցում են հրավիրված անձին,

 

 բ) հրավիրող անձի համար` անունը, ազգանունը և հասցեն,

 

 գ) հրավիրող իրավաբանական անձի, ընկերության կամ կազմակերպության համար` լրիվ անվանումը, հասցեն և

 

 - եթե դիմումը տրվել է կազմակերպության կամ իշխանության մարմնի կողմից` դիմումն ստորագրող անձի անունը և պաշտոնը,

 

 - եթե հրավիրողը իրավաբանական անձ կամ ընկերություն կամ նման իրավաբանական անձի կամ ընկերության գրասենյակ կամ մասնաճյուղ է` հիմնադրված Շվեյցարիայի տարածքում` գրանցման համարը, ինչպես պահանջվում է Շվեյցարիայի ազգային օրենսդրությամբ:

 

 3. Սույն հոդվածի 1-ին պարբերության մեջ նշված անձանց կատեգորիաների համար վիզաների բոլոր կատեգորիաները տրվում են պարզեցված կարգով՝ առանց պահանջելու ճամփորդության նպատակի հետ կապված որևէ այլ հիմնավորում, հրավեր կամ վավերացում, որը նախատեսված է Շվեյցարիայի օրենսդրությամբ:

 

ՀՈԴՎԱԾ 5

Բազմակի մուտքի վիզաների տրամադրումը

 

 1. Շվեյցարիայի դիվանագիտական ներկայացուցչությունները և հյուպատոսական հիմնարկները մինչև 5 տարվա վավերականությամբ բազմակի մուտքի վիզաներ են տրամադրում Հայաստանի քաղաքացիների հետևյալ կատեգորիաներին.

 

ա) Շվեյցարիայի քաղաքացիներին կամ Շվեյցարիայի տարածքում օրինական կերպով բնակվող Հայաստանի քաղաքացիներին այցելող ամուսիններին, երեխաներին (ներառյալ որդեգրվածները), որոնց 21 տարին չի լրացել, կամ ովքեր գտնվում են խնամքի տակ, և` ծնողներին (ներառյալ խնամակալները),

 

 բ) ազգային և տարածաշրջանային կառավարությունների և սահմանադրական ու գերագույն դատարանների անդամներին, ովքեր իրենց պարտականությունները կատարելիս սույն Համաձայնագրով ազատված չեն վիզայի պահանջից,

 

 գ) պաշտոնական պատվիրակությունների մշտական անդամներին, ովքեր Հայաստանին ուղղված պաշտոնական հրավերների հիման վրա կանոնավոր կերպով պետք է մասնակցեն հանդիպումների, խորհրդակցությունների, բանակցությունների կամ փոխանակման ծրագրերի, ինչպես նաև Շվեյցարիայի տարածքում անցկացվող` միջկառավարական կազմակերպությունների կողմից կազմակերպված միջոցառումներին:

 

 Շեղում կատարելով` այն դեպքերում, երբ հաճախակի կամ պարբերաբար ճամփորդելու անհրաժեշտությունը կամ մտադրությունն ակնհայտորեն սահմանափակվում է ավելի կարճ ժամանակահատվածով, բազմակի մուտքի վիզայի վավերականության ժամկետը սահմանափակվում է այդ ժամանակահատվածով, մասնավորապես, եթե.

 

 - «ա» կետում նշված անձանց դեպքում` Շվեյցարիայում օրինական կերպով բնակվող Հայաստանի քաղաքացիների օրինական բնակվելու թույլտվության վավերականության ժամանակահատվածը,

 - «բ» կետում նշված անձանց դեպքում` պաշտոնավարման ժամկետը,

 - «գ» կետում նշված անձանց դեպքում` պաշտոնական պատվիրակության մշտական անդամի կարգավիճակի վավերականության ժամկետը

 

 հինգ տարուց պակաս է:

 

 2. Շվեյցարիայի դիվանագիտական ներկայացուցչությունները և հյուպատոսական հիմնարկները մինչև մեկ տարվա վավերականությամբ բազմակի մուտքի վիզաներ են տրամադրում հետևյալ անձանց կատեգորիաներին՝ պայմանով, որ նախորդ տարվա ընթացքում նրանք ստացել են նվազագույնը մեկ վիզա և օգտվել դրանից` Շվեյցարիայի կամ Շենգենի անդամ այլ այցելած պետության` մուտքի և գտնվելու վերաբերյալ ազգային օրենսդրության համապատասխան.

 

 ա) պաշտոնական պատվիրակությունների անդամներին, ովքեր Հայաստանին հասցեագրված պաշտոնական հրավերի հիման վրա կանոնավոր կերպով մասնակցում են հանդիպումների, խորհրդակցությունների, բանակցությունների կամ փոխանակման ծրագրերի, ինչպես նաև Շվեյցարիայի տարածքում միջկառավարական կազմակերպությունների կողմից կազմակերպված միջոցառումների,

 

 բ) քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներին և Շվեյցարիայում գրանցված հայկական համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների կողմից հրավիրված անձանց, ովքեր կանոնավոր կերպով ճամփորդություն են ձեռնարկում Շվեյցարիա՝ կրթական վերապատրաստումներին, սեմինարներին, խորհրդաժողովներին՝ ներառյալ փոխանակման ծրագրերի կամ համահայկական և համայնքային աջակցության ծրագրերի շրջանակներում մասնակցելու նպատակով,

 

 գ) միջազգային ցուցահանդեսների, խորհրդաժողովների, գիտաժողովների, սեմինարների կամ այլ նմանատիպ միջոցառումների մասնակցող մասնագետներին, ովքեր կանոնավոր կերպով ճամփորդում են դեպի Շվեյցարիա,

 

 դ) գիտական, մշակութային և գեղարվեստական աշխատանքներին, ներառյալ համալսարանական և այլ փոխանակման ծրագրերը, մասնակցող անձանց, ովքեր կանոնավոր կերպով ճամփորդում են դեպի Շվեյցարիա,

 

 ե) ուսանողներին և հետբուհական կրթություն ստացող անձանց, ովքեր կանոնավոր կերպով ճամփորդում են ուսման կամ կրթական վերապատրաստման նպատակով, ներառյալ` փոխանակման ծրագրերի շրջանակում,

 

 զ) քույր քաղաքների կամ այլ քաղաքային մարմինների կողմից կազմակերպված պաշտոնական փոխանակման ծրագրերի մասնակիցներին,

 

 է) բուժման նպատակով կանոնավոր այցելությունների կարիք ունեցող անձանց և ուղեկցող անհրաժեշտ անձանց,

 

 ը) լրագրողներին և մասնագիտական պարտականությունների կատարման շրջանակներում նրանց ուղեկցող տեխնիկական անձնակազմին,

 

 թ) գործարարներին և բիզնես կազմակերպությունների ներկայացուցիչներին, ովքեր կանոնավոր կերպով ճամփորդում են դեպի Շվեյցարիա,

 

 ժ) միջազգային սպորտային միջոցառումների մասնակիցներին և մասնագիտական պարտականությունների կատարման շրջանակներում նրանց ուղեկցող անձանց,

 

 ժա) Հայաստանում գրանցված տրանսպորտային միջոցների վարորդներին, ովքեր իրականացնում են միջազգային բեռնափոխադրումների և ուղևորների փոխադրման ծառայություններ դեպի Շվեյցարիայի տարածք:

 

 Շեղում կատարելով առաջին նախադասությունից` եթե հաճախակի կամ կանոնավոր ճամփորդելու անհրաժեշտությունը կամ մտադրությունն ակնհայտորեն սահմանափակվում է ավելի կարճ ժամանակահատվածով, ապա բազմակի մուտքի վիզայի վավերականության ժամկետը սահմանափակվում է այդ ժամանակահատվածով:

 

 3. Շվեյցարիայի դիվանագիտական ներկայացուցչությունները և հյուպատոսական հիմնարկները առնվազն 2 տարվա և առավելագույնը 5 տարվա վավերականությամբ բազմակի վիզաներ են տրամադրում սույն հոդվածի 2-րդ պարբերության մեջ նշված քաղաքացիների կատեգորիաներին՝ պայմանով, որ նախորդ 2 տարվա ընթացքում նրանք օգտվել են մեկ տարվա բազմակի մուտքի վիզաներից` Շվեյցարիայի կամ այցելած Շենգենի անդամ այլ պետության` մուտքի և գտնվելու վերաբերյալ օրենքներին համապատասխան, եթե հաճախակի կամ կանոնավոր կերպով ճամփորդելու անհրաժեշտությունը կամ մտադրությունն ակնհայտ կերպով չի սահմանափակվում ավելի կարճ ժամանակահատվածով, որի դեպքում բազմակի մուտքի վիզաների վավերականության ժամկետը սահմանափակվում է այդ ժամանակահատվածով:

 

 4. Սույն հոդվածի 1-3-րդ պարբերություններում նշված անձանց` Շվեյցարիայի կամ Շենգենի ցանկացած այլ անդամ պետության տարածքում գտնվելու ընդհանուր ժամանակահատվածը չի գերազանցում 90 օրը 180 օր ժամանակահատվածի ընթացքում:

 

ՀՈԴՎԱԾ 6

Վիզայի դիմումների հետ կապված ձևակերպումների համար վճարները

 

 1. Հայաստանի քաղաքացիների վիզայի դիմումների հետ կապված ձևակերպումների համար վճարը կազմում է 35 եվրո:

 Նշված գումարը կարող է վերանայվել` 14-րդ հոդվածի 3-րդ կետով նախատեսված ընթացակարգին համապատասխան:

 

2. Եթե Հայաստանը վերականգնի վիզայի պահանջները Շվեյցարիայի քաղաքացիների կամ նրանց որոշ կատեգորիաների համար, Հայաստանի կողմից գանձվող վիզայի վճարը չի գերազանցի սույն հոդվածի առաջին պարբերությամբ Հայաստանի քաղաքացիների համար նշված գումարը:

 

 3. Չխախտելով սույն հոդվածի 4-րդ պարբերության դրույթները` վիզայի դիմումների հետ կապված ձևակերպումների համար վճարներից ազատվում են հետևյալ կատեգորիաների անձինք.

 

 ա) թոշակառուները,

 

 բ) 12-ից ցածր տարիք ունեցող երեխաները,

 

 գ) ազգային ու տարածաշրջանային կառավարությունների և սահմանադրական ու գերագույն դատարանների անդամները, եթե նրանք սույն Համաձայնագրով կամ 2009 թ. երկկողմ համաձայնագրով, համապատասխանաբար, ազատված չեն վիզայի պահանջից,

 

 դ) հաշմանդամություն ունեցող անձինք և նրանց ուղեկցող անձինք` ըստ անհրաժեշտության,

 

 ե) Շվեյցարիայի տարածքում օրինական կերպով բնակվող Հայաստանի քաղաքացիների մերձավոր ազգականները` ամուսինները, երեխաները (ներառյալ որդեգրվածները), ծնողները (ներառյալ խնամակալները), տատիկները, պապիկները, թոռները,

 

 զ) պաշտոնական պատվիրակության անդամները, ովքեր Հայաստանին հասցեագրված պաշտոնական հրավերի հիման վրա մասնակցում են հանդիպումների, խորհրդակցությունների, բանակցությունների կամ փոխանակման ծրագրերի, ինչպես նաև միջկառավարական կազմակերպությունների կողմից Շվեյցարիայի տարածքում կազմակերպվող միջոցառումների,

 

 է) դպրոցականները, ուսանողները, հետբուհական կրթություն ստացող անձինք և ուղեկցող ուսուցիչները, ովքեր ճամփորդություն են ձեռնարկում ուսման կամ կրթական վերապատրաստման նպատակով, ներառյալ` փոխանակման ծրագրերի, ինչպես նաև դպրոցի հետ կապված գործունեության այլ ոլորտների շրջանակում,

 

 ը) լրագրողները և մասնագիտական պարտականությունների կատարման շրջանակներում նրանց ուղեկցող տեխնիկական անձնակազմը,

 

 թ) միջազգային միջոցառումների մասնակիցները և մասնագիտական պարտականությունների կատարման շրջանակներում նրանց ուղեկցող անձինք,

 

 ժ) քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները և Շվեյցարիայում գրանցված հայկական համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների կողմից հրավիրված անձինք, ովքեր ճամփորդություն են ձեռնարկում կրթական վերապատրաստումներին, սեմինարներին, խորհրդաժողովներին՝ ներառյալ փոխանակման ծրագրերի կամ համահայկական և համայնքային աջակցության ծրագրերի շրջանակներում մասնակցելու նպատակով,

 

 ժա) գիտական, ակադեմիական, մշակութային և գեղարվեստական աշխատանքներին, ներառյալ համալսարանական և այլ փոխանակման ծրագրերը, մասնակցող անձինք,

 

 ժբ) այն անձինք, ովքեր ներկայացրել են մարդասիրական նկատառումներով, ներառյալ շտապ բժշկական օգնություն ստանալու համար, իրենց ճամփորդության անհրաժեշտությունը հիմնավորող փաստաթղթեր, և նման անձին ուղեկցող անձը, կամ մերձավոր ազգականի հուղարկավորությանը մասնակցելու կամ ծանր հիվանդ մերձավոր ազգականին այցելելու համար:

 

 4. Եթե Շվեյցարիան վիզայի տրամադրման համար համագործակցում է արտաքին ծառայություն մատուցողի հետ, ապա արտաքին ծառայություն մատուցողը կարող է ծառայության դիմաց գանձել վճար: Այս վճարը պետք է համաչափ լինի արտաքին ծառայություն մատուցողի` իր գործառույթներն իրականացնելու ընթացքում կատարած ծախսերին և չպետք է գերազանցի 30 եվրոն: Շվեյցարիան բոլոր դիմողներին հնարավորություն է ընձեռում իրենց դիմումներն անմիջականորեն հանձնելու իր հյուպատոսարաններին:

 

 Շվեյցարիայի` Շենգենին ասոցացվելու արդյունքում 1-ին պարբերության մեջ նախատեսված վճարները կվերացվեն այն պահից, երբ Միությունը վերացնի համապատասխան վճարները` 2012 թ. դեկտեմբերի 17-ի` Հայաստանի Հանրապետության և Եվրոպական միության միջև վիզաների տրամադրումը դյուրացնելու մասին համաձայնագրի համաձայն:

 

ՀՈԴՎԱԾ 7

Վիզայի դիմումների հետ կապված ձևակերպումներին առնչվող ընթացակարգերի տևողությունը

 

 1. Շվեյցարիայի դիվանագիտական ներկայացուցչությունները և հյուպատոսական հիմնարկները վիզայի տրամադրման դիմումի վերաբերյալ որոշում ընդունում են վիզայի տրամադրման համար պահանջվող դիմումի և փաստաթղթերի ստացման ամսաթվից հետո 10 օրացուցային օրվա ընթացքում:

 

 2. Առանձին դեպքերում վիզայի դիմումի վերաբերյալ որոշում ընդունելու ժամկետը կարող է երկարաձգվել մինչև 30 օրացուցային օր` հատկապես այն դեպքում, երբ դիմումը լրացուցիչ ուսումնասիրման կարիք ունի:

 

 3. Հրատապ դեպքերում վիզայի դիմումի վերաբերյալ որոշում ընդունելու ժամկետը կարող է կրճատվել մինչև երկու աշխատանքային օր կամ ավելի պակաս:

 

 4. Եթե դիմում հանձնելու համար դիմողներից պահանջվում է հարցազրույց անցնել, ապա հարցազրույցը, որպես կանոն, նշանակվում է հարցազրույցի համար դիմելու ամսաթվից հետո` երկու շաբաթվա ընթացքում: Հիմնավորված հրատապ դեպքերում դիվանագիտական ներկայացուցչությունները կամ հյուպատոսական հիմնարկները կարող են դիմողներին թույլ տալ իրենց դիմումները ներկայացնել առանց հարցազրույց անցնելու, կամ հարզազրույցը կարող է լինել անմիջապես:

 

ՀՈԴՎԱԾ 8

Մեկնումը` կորած կամ գողացված փաստաթղթերի դեպքում

 

Հայաստանի կամ Շվեյցարիայի այն քաղաքացիները, ովքեր Շվեյցարիայի կամ Հայաստանի տարածքում գտնվելու ընթացքում կորցրել են իրենց անձը հաստատող փաստաթղթերը, կամ ումից այդ փաստաթղթերը գողացել են, կարող են դուրս գալ Հայաստանի կամ Շվեյցարիայի տարածքից Շվեյցարիայի կամ Հայաստանի դիվանագիտական ներկայացուցչությունների կամ հյուպատոսական հիմնարկների կողմից տրված` անձը հաստատող՝ սահմանը հատելու իրավունք տվող վավեր փաստաթղթերի հիման վրա` առանց որևէ վիզայի կամ այլ թույլտվության:

 

ՀՈԴՎԱԾ 9

Վիզայի ժամկետի երկարաձգումը բացառիկ հանգամանքներում

 

Հայաստանի այն քաղաքացիների համար, ովքեր ֆորսմաժորային կամ մարդասիրական պատճառներով իրենց վիզայում նշված ժամկետում չեն կարող դուրս գալ Շվեյցարիայի տարածքից, վիզաների ժամկետները անվճար երկարաձգվում են Շվեյցարիայի օրենսդրությանը համապատասխան՝ իրենց բնակության պետություն վերադառնալու համար պահանջվող ժամանակահատվածով:

 

ՀՈԴՎԱԾ 10

Դիվանագիտական անձնագրերը

 

1. Հայաստանի այն քաղաքացիները, ովքեր ունեն վավեր դիվանագիտական անձնագրեր, կարող են մուտք գործել Շվեյցարիայի տարածք, այնտեղից դուրս գալ և այն տարանցել` առանց վիզաների:

 

2. Սույն հոդվածի 1-ին պարբերության մեջ նշված անձինք Շվեյցարիայի կամ Շենգենի անդամ այլ պետության տարածքում կարող են առանց վիզաների մնալ 90 օրվանից ոչ ավել ժամկետով 180 օր ժամանակահատվածի ընթացքում:

 

3. Սույն Համաձայնագրի ուժի մեջ մտնելու պահից 2009 թ. երկկողմ վիզայի համաձայնագիրը կկիրառվի սույն հոդվածին համապատասխան:

 

ՀՈԴՎԱԾ 11

Փորձագետների հանդիպումներ

 

Կողմերի ներկայացուցիչները, երբ անհրաժեշտ է, կհանդիպեն Կողմերից մեկի առաջարկի հիման վրա` քննարկելու համար սույն Համաձայնագրի կիրարկումը, և, անհրաժեշտ համարելու դեպքում, կնախաձեռնեն սույն Համաձայնագրում փոփոխություններ, մասնավորապես` 2014 թ. դեկտեմբերի 17-ի` «Հայաստանի Հանրապետության և Եվրոպական միության միջև վիզաների տրամադրումը դյուրացնելու մասին» համաձայնագրի փոփոխություններին համապատասխան:

 

ՀՈԴՎԱԾ 12

Սույն Համաձայնագրի առնչությունը Հայաստանի և Շվեյցարիայի միջև կնքված` այլ երկկողմ համաձայնագրերին

 

Ուժի մեջ մտնելուց հետո սույն Համաձայնագիրը կգերակայի Հայաստանի և Շվեյցարիայի միջև կնքված` ցանկացած երկկողմ կամ բազմակողմ համաձայնագրի կամ պայմանավորվածության դրույթների նկատմամբ՝ այնքանով, որքանով նշված համաձայնագրերի կամ պայմանավորվածությունների դրույթները կարգավորում են սույն Համաձայնագրով կարգավորվող հարցերը:

 

ՀՈԴՎԱԾ 13

Տվյալների պաշտպանություն

 

Այնքանով, որքանով անձնական տվյալներն անհրաժեշտ են սույն Համաձայնագրի իրականացման համար, դրանք կմշակվեն և կպաշտպանվեն տվյալների պաշտպանության ոլորտում Հայաստանի և Շվեյցարիայի ազգային օրենսդրության և այն միջազգային պայմանագրերի համապատասխան դրույթների համաձայն, որոնց երկու պետությունները կողմ են:

 

Հոդված 14

Եզրափակիչ դրույթներ

 

1. Սույն Համաձայնագիրը ենթակա է վավերացման կամ հաստատման Կողմերի կողմից` իրենց համապատասխան ներքին ընթացակարգերին համապատասխան, և ուժի մեջ է մտնում այն ամսաթվին հաջորդող երկրորդ ամսվա առաջին օրը, երբ Կողմերը միմյանց ծանուցում են, որ վերը նշված ընթացակարգերն ավարտվել են։

 

2. Սույն Համաձայնագիրը կնքվում է անորոշ ժամկետով, քանի դեռ չի դադարեցվել սույն հոդվածի 5-րդ պարբերության համաձայն:

 

3. Սույն Համաձայնագիրը կարող է փոփոխվել Կողմերի գրավոր համաձայնությամբ: Փոփոխություններն ուժի մեջ կմտնեն սույն հոդվածի 1-ին պարբերության համաձայն:

 

4. Յուրաքանչյուր Կողմ կարող է ամբողջությամբ կամ մասնակիորեն կասեցնել սույն Համաձայնագրի գործողությունը` ելնելով հանրային կարգի, ազգային անվտանգության կամ հասարակության առողջության պաշտպանության նկատառումներից: Կասեցման որոշման մասին մյուս Կողմը ծանուցվում է ոչ ուշ, քան 48 ժամ առաջ` նախքան դրա ուժի մեջ մտնելը: Սույն Համաձայնագրի կիրառումը կասեցրած Կողմը անմիջապես տեղեկացնում է մյուս Կողմին, երբ կասեցման հիմքերն այլևս չկա:

 

5. Յուրաքանչյուր Կողմ կարող է դադարեցնել սույն Համաձայնագրի գործողությունը մյուս Կողմին տրված գրավոր ծանուցման միջոցով: Սույն Համաձայնագիրը դադարում է ուժի մեջ լինել նման ծանուցման ամսաթվից 90 օր հետո:

 

Կատարված է Ժնևում 2016թ. փետրվարի 29-ին, երկու բնօրինակով` հայերեն, գերմաներեն և անգլերեն, ընդ որում` այս տեքստերից յուրաքանչյուրը հավասարապես նույնական է: Տարաձայնությունների դեպքում կօգտագործվի անգլերեն տեքստը:

 

Համաձայնագիրն ուժի մեջ է մտել 2016թ. օգոստոսի 1-ին