Հ Ա Մ Ա Ձ Ա Յ Ն Ա Գ Ի Ր
ԱՊՀ մասնակից պետությունների՝ մշակովի բույսերի գենետիկական ռեսուրսների պահպանման և օգտագործման բնագավառում համագործակցության մասին
Սույն Համաձայնագրի մասնակից պետությունները՝ ի դեմս Կառավարությունների, այսուհետ` Կողմեր,
գիտակցելով բույսերի գենետիկական բազմազանության պահպանման կարևորությունը ներկա և ապագա սերունդների համար,
հաշվի առնելով բուսական ռեսուրսների ազգային հավաքածուների լրացման անհրաժեշտությունը՝ Կողմերի սելեկցիոն ծրագրերում դրանց հետագա օգտագործման համար,
նկատի ունենալով ազգային հավաքածուների բույսերի նմուշների պահպանման և ուսումնասիրման նոր արդյունավետ մեթոդների մշակման անհրաժեշտությունը,
ելնելով բույսերի գենետիկական ռեսուրսների ուսումնասիրման բնագավառում կուտակված փորձի օգտագործման համար գիտական ներուժի միավորման և գյուղատնտեսական մշակաբույսերի նոր բարձրաբերք տեսակների ստացման նպատակով ազգային հավաքածուներից առավել հեռանկարային, բարձր արդյունավետություն ունեցող և կայուն ելակետային նյութի առանձնացման ցանկությունից,
համաձայնեցին ներքոհիշյալի մասին.
Հ ո դ վ ա ծ 1
Սույն Համաձայնագրի նպատակների համար ստորև բերված հասկացություններն ունեն հետևյալ նշանակությունները՝
բույսերի գենոֆոնդ` մշակաբույսերի և դրանց վայրի ցեղակիցների գենետիկական բազմազանություն,
բույսերի գենետիկական ռեսուրսներ` սելեկցիոն ծրագրերում օգտագործման համար արժեքավոր գեների պոտենցիալ աղբյուր հանդիսացող բուսական նյութ,
մշակաբույսեր` բուծվող բույսեր,
բույսերի գենոֆոնդի ազգային հավաքածուներ` բույսերի գենետիկական ռեսուրսների հավաքածուներ, որոնք գտնվում են պետության տնօրինության տակ,
գյուղատնտեսական մշակաբույսերի համատեղ տեսակներ և հիբրիդներ` պայմանագրերի, համաձայնագրերի կամ կոնտրակտների շրջանակներում համատեղ միջազգային սելեկցիոն ծրագրերի հիման վրա ստեղծված տեսակներ և հիբրիդներ,
համատեղ գիտարշավներ` Կողմերից մեկի տարածքում իր մասնագետների մասնակցությամբ իրականացվող՝ բույսերի գենետիկական բազմազանության նմուշների հավաքման գիտարշավներ:
Հ ո դ վ ա ծ 2
Կողմերն իրականացնում են իրավահավասար, փոխշահավետ գիտատեխնիկական համագործակցություն՝ մշակաբույսերի գենոֆոնդի հավաքման, պահպանման, ուսումնասիրման և օգտագործման բնագավառում սելեկցիոն ծրագրերի իրագործման նպատակով:
Հ ո դ վ ա ծ 3
Կողմերի համագործակցության հիմնական նպատակներն ու խնդիրներն են՝
մշակաբույսերի և դրանց վայրի ցեղակիցների գենետիկական ռեսուրսների փոխշահավետ փոխանակման իրականացում,
բույսերի գենոֆոնդի ուսումնասիրման, արդյունավետ օգտագործման և պահպանման մեթոդների մշակման ուղղությամբ համատեղ ծրագրերի իրականացում,
մասնակցություն համատեղ գիտարշավներին՝ բույսերի գենոֆոնդի ազգային հավաքածուների փոխլրացման համար,
առանձին մշակաբույսերի և դրանց խմբերի համատեղ հավաքածուների ստեղծում,
էկոլոգիական համատեղ հետազոտությունների անցկացում՝ գյուղատնտեսական մշակաբույսերի հեռանկարային տեսակների և հիբրիդների ստեղծման համար՝ ելակետային նյութի ստացման նպատակով,
ԽՍՀՄ նախկին հանրապետությունների գենետիկական բանկերում համատեղ հավաքած բույսերի գենոֆոնդի նմուշներին փոխշահավետ մուտքի ապահովում,
աջակցություն բույսերի գենետիկական ռեսուրսների ազգային բանկերի ստեղծմանը՝ գենոֆոնդի, աշխատանքի մեթոդների և տեխնոլոգիաների փոխանակման հիման վրա,
ազգային գենեֆոնդի վերաբերյալ համատեղ համակարգչային տվյալների բազաների ստեղծում՝ սելեկցիոն ծրագրերում բույսերի գենետիկական ռեսուրսների արագացված օգտագործման համար,
Կողմերի օրենսդրության մերձեցում՝ Կողմերի միջև բույսերի գենետիկական ռեսուրսների փոխանակումը հեշտացնելու նպատակով,
աջակցություն գենոֆոնդի նմուշների ազատ և առանց մաքսի տեղափոխմանը ահմաններով՝ հաշվի առնելով ֆիտոսանիտարական հսկողության պահանջները,
կադրերի պատրաստում և որակավորման բարձրացում՝ բույսերի գենետիկական ռեսուրսների հետ աշխատելու համար:
Հ ո դ վ ա ծ 4
Կողմերն իրականացնում են հիմնական գյուղատնտեսական մշակաբույսերի սելեկցիայի ուղղությամբ համատեղ ծրագրերի մշակում և իրագործում՝ իրենց մշակաբույսերի գենետիկական ռեսուրսների ազգային ծրագրերի հիման վրա:
Հ ո դ վ ա ծ 5
Կողմերը, անհրաժեշտության դեպքում, կստեղծեն աշխատանքային խմբեր՝ բույսերի գենոֆոնդի հավաքման և օգտագործման հույժ կարևոր հիմնախնդիրների լուծման համար, ինչպես նաև՝ համատեղ ոչ կառավարական միավորումներ ու ձեռնարկություններ՝ համատեղ ծրագրերն իրականացնելիս ստացվող բույսերի սելեկցիայի բնագավառում նվաճումների իրագործման նպատակով:
Կողմերն աջակցում են իրենց տարածքներում ստեղծված և պետական գրանցամատյաններում գրանցված գյուղատնտեսական մշակաբույսերի տեսակների և հիբրիդների օգտագործմանը:
Հ ո դ վ ա ծ 6
Կողմերն ինքնուրույն են կրում սույն Համաձայնագրին համապատասխան ստանձնած պարտավորությունների հետ կապված ծախսերը: Համատեղ միջոցառումների ֆինանսավորման հարցերը քննարկվում են յուրաքանչյուր կոնկրետ դեպքում և լուծվում են փոխընդունելի պայմանների հիման վրա:
Հ ո դ վ ա ծ 7
Առևտրային հիմքով համատեղ սելեկցիոն ծրագրերի մշակման կամ առևտրային արժեք ունեցող համատեղ գործունեության արդյունքների ստացման դեպքում Կողմերը որոշում են իրենց բաժնեմասային մասնակցությունը դրանցում կամ հատուկ պայմանագիր են կնքում:
Հ ո դ վ ա ծ 8
Բույսերի համատեղ տեսակների և հիբրիդների սեփականության իրավունքը սույն Համաձայնագրի յուրաքանչյուր մասնակից պետությունում ձեռք է բերվում և իրականացվում այն Կողմի օրենսդրությանը համապատասխան, որի տարածքում ծագում է այդպիսի իրավունքը:
Հ ո դ վ ա ծ 9
Կողմերը պահպանում են սույն Համաձայնագրին համապատասխան կատարվող աշխատանքների և ստացված գիտատեխնիկական արդյունքների մասին տեղեկատվության կոնֆիդենցիալությունը, եթե փոխանցող Կողմը կանխապայման է դրել, որ այն գաղտնի բնույթ ունի: Այդ արդյունքների մասին տեղեկությունը կարող է հրապարակվել ըստ Կողմերի փոխադարձ պայմանավորվածության դրա պատշաճ իրավական պահպանության ապահովումից հետո: Գաղտնիության ապահովման ուղղությամբ պարտավորությունն ուժի մեջ է մնում փոխանցող Կողմի սահմանած ժամկետում:
Հ ո դ վ ա ծ 10
Կողմերն անց են կացնում գիտնականների համատեղ հանդիպումներ, սիմպոզիումներ ու գիտաժողովներ՝ նվիրված մշակաբույսերի գենետիկական ռեսուրսների ուսումնասիրմանը և օգտագործմանը, ինչպես նաև իրականացնում են գիտական և գործնական հետաքրքրություն ներկայացնող հարցերով մասնագիտական գրականության փոխանակում:
Հ ո դ վ ա ծ 11
Կողմերը լիազորում են Ագրոարդյունաբերական համալիրի հարցերով միջկառավարական խորհրդին՝ ազգային գյուղատնտեսական գիտությունների ակադեմիաների մասնակցությամբ իրականացնելու սույն Համաձայնագրի կատարման ուղղությամբ գործունեության համակարգում:
Հ ո դ վ ա ծ 12
Սույն Համաձայնագրի իրագործումն իրականացվում է թե՛ Կողմերի, թե՛ նրանց իրավասու մարմինների կնքած բազմակողմ և երկկողմ համաձայնագրերի հիման վրա, ինչպես նաև Կողմերի տնտեսվարող սուբյեկտների կնքած պայմանագրերի (կոնտրակտների) հիման վրա:
Հ ո դ վ ա ծ 13
Սույն Համաձայնագիրը չի շոշափում Կողմերի՝ այլ միջազգային համաձայնագրերով ստանձնած պարտավորությունները և չի խոչընդոտում Կողմերի մասնակցությանը բույսերի գենետիկական ռեսուրսների պահպանման և օգտագործման բնագավառում պետությունների համագործակցության միջազգային ծրագրերին:
Հ ո դ վ ա ծ 14
Սույն Համաձայնագիրը բաց է դրա նպատակներն ու սկզբունքներն ընդունող այլ պետությունների կողմից միանալու համար՝ այդպիսի միացման մասին փաստաթղթերը ավանդապահին հանձնելու միջոցով:
Միացած պետությունների համար Համաձայնագիրն ուժի մեջ է մտնում այդպիսի միացմանը Կողմերի համաձայնության մասին վերջին ծանուցումը ավանդապահի ստանալուց 30 օր անց:
Հ ո դ վ ա ծ 15
Սույն Համաձայնագրում Կողմերի ընդհանուր համաձայնությամբ կարող են կատարվել փոփոխություններ և լրացումներ:
Փոփոխություններն ու լրացումները ձևակերպվում են առանձին արձանագրություններով, որոնք ուժի մեջ են մտնում սույն Համաձայնագրի 17-րդ հոդվածով նախատեսված կարգով:
Հ ո դ վ ա ծ 16
Սույն Համաձայնագրի կիրառման և մեկնաբանման հետ կապված վիճելի հարցերը լուծվում են շահագրգիռ Կողմերի միջև խորհրդակցությունների և բանակցությունների միջոցով:
Հ ո դ վ ա ծ 17
Սույն Համաձայնագիրն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից, իսկ այն Կողմերի համար, որոնց օրենսդրությունը դրա ուժի մեջ մտնելու համար պահանջում է անհրաժեշտ՝ ներպետական ընթացակարգերի կատարում՝ համապատասխան փաստաթղթերը ավանդապահին հանձնելու օրվանից:
Հ ո դ վ ա ծ 18
Սույն Համաձայնագիրը կնքվում է հինգ տարի ժամկետով և ինքնաբերաբար կերկարաձգվի հետագա հնգամյա ժամանակաշրջաններով, եթե Կողմերն այլ որոշում չեն ընդունում:
Հ ո դ վ ա ծ 19
Յուրաքանչյուր Կողմ կարող է դուրս գալ սույն Համաձայնագրից՝ դուրս գալուց ոչ ուշ, քան վեց ամիս առաջ ավանդապահին այդ մասին գրավոր ծանուցում հղելով:
Կատարված է Մինսկ քաղաքում 1999 թվականի հունիսի 4-ին, մեկ բնօրինակով` ռուսերեն: Բնօրինակը պահվում է Անկախ Պետությունների Համագործակցության Գործադիր կոմիտեում, որը սույն Համաձայնագիրն ստորագրած յուրաքանչյուր պետության կուղարկի դրա հաստատված պատճենը:
*Համաձայնագիրը Հայաստանի Հանրապետության համար ուժի մեջ է մտել 2000 թվականի հոկտեմբերի 24-ից: