Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (23.07.2010-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2010.10.20/51(785) Հոդ.1187
Принят
Վճռաբեկ դատարան
Дата принятия
23.07.2010
Подписан
Նախագահող
Дата подписания
23.07.2010
Дата вступления в силу
23.07.2010

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետության 

վերաքննիչ քրեական դատարանի
Գործ թիվ ԵՇԴ/0115/01/09

ԵՇԴ/0115/01/09

Նախագահող դատավոր՝  Ա. Խաչատրյան

Դատավորներ՝ Մ. Սիմոնյան

                  Ս. Ավետիսյան

 

ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան)

 

նախագահությամբ

Հ. Ղուկասյանի

մասնակցությամբ դատավորներ

Ե. Դանիելյանի

 

Ա. Պողոսյանի

Ս. Օհանյանի

   
քարտուղարությամբ

Մ. Պետրոսյանի

մասնակցությամբ`
  պաշտպան

Զ. Հակոբյանի

 2010 թվականի հուլիսի 23-ին

 ք. Երևանում

դռնբաց դատական նիստում, քննելով ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 2010թ. փետրվարի 24-ի դատավճռի դեմ ամբաստանյալ Սամվել Վոլոդյայի Գաբրիելյանի և նրա պաշտպան Զոյա Հակոբյանի վճռաբեկ բողոքը,

 

ՊԱՐԶԵՑ

 

Գործի դատավարական նախապատմությունը.

 

1. Քրեական գործը հարուցվել է 2009թ. հուլիսի 28-ին:

2. Նախաքննության մարմնի 2009թ. սեպտեմբերի 27-ի որոշմամբ Սամվել Գաբրիելյանը ներգրավվել է որպես մեղադրյալ և նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 325-րդ հոդվածի 1-ին մասով այն բանի համար, որ նա 2009թ. մարտի 4-ին Երևանի Շենգավիթ համայնքի թիվ 16 տեղամասի թաղային լիազոր ներկայացուցիչ Աղուն Ժամխարյանից ստանալով իր բնակության վայրի վերաբերյալ ակնհայտ կեղծ տեղեկանք, 2009թ. ապրիլի 11-ին այն ներկայացրել է Երևանի «Կենտրոն» նոտարական գրասենյակ, որի հիման վրա ստացել է միանձնյա ժառանգության իրավունքի վկայական` այդ եղանակով օգտագործելով կեղծ փաստաթուղթը:

3. 2009թ. հոկտեմբերի 30-ին քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան:

Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի 2009 թվականի դեկտեմբերի 22-ի դատավճռով Սամվել Գաբրիելյանը ՀՀ քրեական օրենսգրքի 325-րդ հոդվածի 1-ին մասով արդարացվել է:

4. Վերոհիշյալ դատավճռի դեմ վերաքննիչ բողոք են բերել Շենգավիթ վարչական շրջանի դատախազության ավագ դատախազներ Ժ.Սահակյանը և Մ.Շահգալդյանը:

ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 2010թ. փետրվարի 24-ի դատավճռով մեղադրողների վերաքննիչ բողոքը բավարարվել է, Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի 2009թ. դեկտեմբերի 22-ի արդարացման դատավճիռը բեկանվել է, Ս.Գաբրիելյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 325-րդ հոդվածի 1-ին մասով և դատապարտվել տուգանքի նվազագույն աշխատավարձի չորսհարյուրապատիկի` 400.000 ՀՀ դրամի չափով: Կիրառվել է «Համաներում հայտարարելու մասին» ՀՀ Ազգային ժողովի 2009թ. հունիսի 19-ի որոշումը և Ս.Գաբրիելյանն ազատվել է նշանակված պատիժը կրելուց:

5. Վերաքննիչ դատարանի վերոհիշյալ դատական ակտի դեմ վճռաբեկ բողոք են բերել ամբաստանյալ Ս.Գաբրիելյանը և նրա պաշտպան Զ.Հակոբյանը:

2010թ. ապրիլի 22-ի որոշմամբ Վճռաբեկ դատարանը բողոքն ընդունել է վարույթ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 414.2-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի հիմքով («վերաքննիչ դատարանի կողմից թույլ է տրված առերևույթ դատական սխալ, որը կարող է առաջացնել կամ առաջացրել է ծանր հետևանքներ»):

 Շենգավիթ վարչական շրջանի դատախազության ավագ դատախազ, գործով մեղադրող Ժ.Սահակյանի կողմից ներկայացվել է վճռաբեկ բողոքի պատասխան, որում արտահայտելով իր դիրքորոշումը գործով կայացված դատական ակտերի և բերված բողոքի վերաբերյալ` մեղադրողը խնդրել է ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավճիռը թողնել անփոփոխ, իսկ վճռաբեկ բողոքը` մերժել:

 

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստական հանգամանքները.

 

6. Նախաքննության մարմինը քրեական գործով ձեռք բերված ապացույցներով հաստատված է համարել հետևյալը.

Սամվել Վոլոդյայի Գաբրիելյանը և գործով վկա Սմբատ Վոլոդյայի Գաբրիելյանը հանդիսանում են հարազատ եղբայրներ: Սամվել Գաբրիելյանը, 1988 թվականին ամուսնանալով Աննա Եփրեմյանի հետ, բնակվել է Երևանի Ղարիբջանյան փողոցի թիվ 50 տանը` ծնողների ու եղբոր հետ: Նույն հասցեում բնակվել է նաև նրանց հորեղբայրը` Հրանտ Արամի Տիգրանյանն իր ընտանքով: 1995 թվականից Սամվել Գաբրիելյանը բնակվել է աներոջ կողմից գնված Երևան քաղաքի Սվաճյան փողոցի 20 շենքի թիվ 9 բնակարանում։ Եղբայրների փոխհարաբերությունները եղել են լարված, ինչը վերջիններիս ծնողների մահվանից հետո (Վոլոդյա Գաբրիելյանի` 1995 թվականին և Սաթիկ Սարուխանյանի` 1998 թվականին) ավելի է սրվել` կապված Երևան քաղաքի Ղարիբջանյան փողոցի 50 հասցեում գտնվող գույքի և կենղացային հարցերի հետ։

Նախաքննության մարմինը հաստատված է համարել նաև, որ Սամվել Գաբրիելյանը, որոշելով «տունը սեփականաշնորհել և ըստ օրենքի դառնալ դրա ժառանգ», Երևան քաղաքի Շենգավիթ համայնքի թիվ 16 տեղամասի լիազոր ներկայացուցիչ Աղուն Ժամխարյանի անվամբ կազմել է տեղեկանք այն մասին, որ իբր ծնողների մահից հետո մինչ այդ տեղեկանքը տալու պահը (2009թ. մարտի 4-ը) բնակվել է Երևանի Ղարիբջանյան փողոցի թիվ 50 տանը, և այն ներկայացրել է Ա.Ժամխարյանի հաստատմանը: Վերջինս, լինելով նորանշանակ և սպասարկելով 2000 բնակչի, չի տիրապետել բնակիչների շարժին: Հիմնվելով այն հանգամանքի վրա, որ Սամվել Գաբրիելյանը հաշվառված է այդ տանը, պահանջել է, որ տեղեկանքի իսկությունը այլ մարդիկ հաստատեն, որից հետո նոր ինքը կվավերացնի այն: 2009թ. մարտի 4-ին Սամվել Գաբրիելյանը Ա.Ժամխարյանի մոտ է հրավիրել Հ.Տիգրանյանին, որը ցանկանալով աջակցել եղբոր որդուն տան սեփականաշնորհման վկայական ունենալու հարցում, կեղծ հայտարարություն է տվել` հաստատելով տեղեկանքի իսկությունը: Ա.Ժամխարյանը վստահելով` ստորագրել և կնքել է ներկայացված տեղեկանքը: Սամվել Գաբրիելյանը ստանալով իր բնակության վայրի մասին ակնհայտ կեղծ փաստաթուղթ` 2009թ. ապրիլի 11-ին այն ներկայացրել է «Կենտրոն» նոտարական տարածքի նոտարին, և այդ եղանակով օգտագործելով կեղծ փաստաթուղթը, ստացել է միանձնյա ժառանգության վկայական:

7. Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի 2009 թվականի դեկտեմբերի 22-ի դատավճռով Սամվել Գաբրիելյանը ՀՀ քրեական օրենսգրքի 325-րդ հոդվածի 1-ին մասով արդարացվել է:

Վերլուծելով գործով ձեռք բերված ապացույցները, առաջին ատյանի դատարանը եկել է եզրահանգման, որ ամբաստանյալին մեղսագրված այն արարքը, որ նա 2009թ. մարտի 4-ին Երևանի Շենգավիթ համայնքի թիվ 16 տեղամասի լիազոր ներկայացուցիչ Աղուն Ժամխարյանից ստացել է իր բնակության վայրի վերաբերյալ ակնհայտ կեղծ տեղեկանք և այն օգտագործել է 2009թ. ապրիլի 11-ին` ներկայացնելով Երևանի «Կենտրոն» նոտարական տարածքի գրասենյակ, որի հիման վրա ստացել է միանձնյա ժառանգության իրավունքի վկայական, իրականությանը չի համապատասխանում, քանի որ այդ տեղեկանքում նշված հանգամանքը, որ Սամվել Գաբրիելյանը «բնակվում է Երևանի Ղարիբջանյան փողոցի 50 տանը և կատարում է բոլոր կոմունալ վճարումները», չի կարող կեղծ դիտվել այն հիմքով, որ դրանում նշված տեղեկությունը համապատասխանում է իրականությանը: Առաջին ատյանի դատարանը նշել է նաև, որ Սամվել Գաբրիելյանը ստացել է ոչ թե միանձնյա ժառանգության իրավունքի վկայական, ինչպես նշված է նրան առաջադրված մեղադրանքում, այլ տան 1/2-րդ մասի նկատմամբ, իսկ մյուս 1/2-րդ մասի նկատմամբ ժառանգության իրավունքի վկայական է տրվել նրա հորեղբայր Հրանտ Տիգրանյանին:

8. ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը գտել է, որ նախաքննական մարմինը Սամվել Գաբրիելյանի արարքին տվել է ճիշտ քրեաիրավական գնահատական, և վերջինիս վերաբերյալ կայացված արդարացման դատավճիռը պետք է բեկանել:

ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը նշել է, որ դատավճռում շարադրված դատարանի պատճառաբանությունները չեն կարող սույն քրեական գործի շրջանակներում բավարար հիմք հանդիսանալ ամբաստանյալ Սամվել Գաբրիելյանի նկատմամբ արդարացման դատական ակտ կայացնելու համար:

ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը հանգել է այն հետևության, որ գործի փաստական հանգամանքների մասին առաջին ատյանի դատարանի դատական ակտում շարադրված հետևությունները չեն համապատասխանում ինչպես քրեական գործով ձեռք բերված ապացույցներին, այնպես էլ գործի փաստական հանգամանքներին:

ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը գտել է, որ քրեական գործով վկաների` «ինչպես նախաքննական, այնպես էլ դատաքննության ընթացքում տված ցուցմունքներով հիմնավորվել է, որ թիվ 16 տեղամասային թաղային լիազոր Ա.Ժամխարյանի կողմից 2009թ. մարտի 4-ին տրված տեղեկանքը, ըստ որի Սաթիկ Գրիգորի Սարուխանյանի 30.11.1998թ. մահվանից հետո մինչև օրս Երևանի Ղարիբջանյան փողոցի թիվ 50 տանը բնակվում է Վոլոդյա Արամի Գաբրիելյանի որդի՝ Սամվել Վոլոդյայի Գաբրիելյանը, չի համապատասխանում իրականությանը, այսինքն` հիշյալ հասցեի տանը ամբաստանյալ Սամվել Գաբրիելյանի կողմից 1998 թվականից մինչև 2009թ. մարտի 4-ը բնակվելու փաստը և տվյալը կեղծ է»։

ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը հաստատված է համարել, որ «ամբաստանյալ Սամվել Գաբրիելյանը 04.03.2009թ. Երևանի Շենգավիթ համայնքի թիվ 16 տեղամասի լիազոր ներկայացուցիչ Աղուն Ժամխարյանից ստացել է իր բնակության վայրի վերաբերյալ ակնհայտ կեղծ տեղեկանք և օգտագործել է 11.04.2009թ-ին` ներկայացնելով Երևանի «Կենտրոն» նոտարական տարածքի գրասենյակ, որի հիման վրա ստացել է միանձնյա ժառանգության իրավունքի վկայական, այսինքն կատարել է հանցագործություն` նախատեսված ՀՀ քրեական օրենսգրքի 325-րդ հոդվածի 1-ին մասով»:

 

Վճռաբեկ բողոքի հիմքը, հիմնավորումները և պահանջը.

 

Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

9. Վճռաբեկ բողոքի հեղինակները փաստարկում են, որ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 2010թ. փետրվարի 24-ի դատավճիռը կայացվել է նյութական և դատավարական իրավունքի խախտումներով:

10. Բողոքաբերները գտնում են, որ Սամվել Գաբրիելյանը դատապարտվել է մի արարքի համար, որը չի կատարել, նրա գործողություններում հանցակազմը բացակայում է: Ի հիմնավորումն իրենց փաստարկների` բողոք բերած անձինք նշում են, որ Սամվել Գաբրիելյանը կեղծ փաստաթուղթ չի օգտագործել, փաստաթուղթ կեղծելու անհրաժեշտություն չի էլ եղել, քանի որ տվյալները, որ Սամվել Գաբրիելյանը բնակվում է Երևանի Ղարիբջանյան փողոցի 50 տանը և կատարում է բոլոր կոմունալ վճարումները, համապատասխանում են իրականությանը:

11. Վճռաբեկ բողոքի հեղինակները գտնում են, որ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը խախտել է Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին Եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածով ամրագրված արդար դատաքննության իրավունքը, ՀՀ Սահմանադրության 19-րդ և ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 18-րդ հոդվածների պահանջները: Ի հիմնավորումն իրենց փաստարկների` բողոքաբերները նշում են, որ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի կողմից արդարացման դատավճիռը բեկանելու և մեղադրական դատավճիռ կայացնելու հարցում հիմնական դեր են խաղացել Սամվել Գաբրիելյանի եղբոր` Սմբատ Գաբրիելյանի շանտաժները և զրպարտանքը, մասնավորապես` արդարացման դատավճիռ կայացրած դատարանին կաշառակերության մեջ մեղադրելը, ինչպես նաև սպառնալիքները` իր եղբայր Սամվել Գաբրիելյանին չդատապարտելու դեպքում նրա հետ ինքնադատաստան տեսնելու մասին:

12. Ելնելով վերոգրյալից՝ բողոքի հեղինակները խնդրում են ամբողջությամբ բեկանել ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 2010թ. փետրվարի 24-ի դատավճիռը և օրինական ուժ տալ Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի 2009թ. դեկտեմբերի 22-ի դատավճռին:

 

Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.

 

13. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված իրավական հարցը հետևյալն է. ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի կողմից Սամվել Գաբրիելյանի նկատմամբ կայացված մեղադրական դատավճիռը հիմնվա՞ծ է արդյոք գործին վերաբերող փոխկապակցված հավաստի ապացույցների բավարար ամբողջության վրա:

14. ՀՀ Սահմանադրության 19-րդ հոդվածն ամրագրում է, որ յուրաքանչյուր ոք ունի իր խախտված իրավունքները վերականգնելու, ինչպես նաև իրեն ներկայացված մեղադրանքի հիմնավորվածությունը պարզելու համար հավասարության պայմաններում, արդարության բոլոր պահանջների պահպանմամբ, անկախ և անկողմնակալ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում իր գործի հրապարակային քննության իրավունք:

ՀՀ Սահմանադրության 21-րդ հոդվածը սահմանում է, որ չփարատված կասկածները մեկնաբանվում են հօգուտ մեղադրյալի:

«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ «Յուրաքանչյուր ոք, երբ որոշվում են նրա քաղաքացիական իրավունքներն ու պարտականությունները կամ նրան ներկայացված ցանկացած քրեական մեղադրանքի առնչությամբ, ունի օրենքի հիման վրա ստեղծված անկախ ու անաչառ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում արդարացի և հրապարակային դատաքննության իրավունք (…) »:

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 18-րդ հոդվածի 3-րդ մասը սահմանում է, որ հանցանք գործելու մեջ անձի մեղավորության մասին հետևությունը չի կարող հիմնվել ենթադրությունների վրա, այն պետք է հաստատվի գործին վերաբերող փոխկապակցված հավաստի ապացույցների բավարար ամբողջությամբ:

Նույն հոդվածի 4-րդ մասն ամրագրում է, որ մեղադրանքն ապացուցված լինելու վերաբերյալ բոլոր կասկածները, որոնք չեն կարող փարատվել սույն օրենսգրքի դրույթներին համապատասխան պատշաճ իրավական ընթացակարգի շրջանակներում, մեկնաբանվում են հօգուտ մեղադրյալի կամ կասկածյալի:

Շարադրված դրույթների վերլուծությունից երևում է, որ հանցանք գործելու մեջ անձի մեղավորության մասին հետևությունը չի կարող հիմնվել ենթադրությունների վրա, այն ենթակա է հիմնավորման գործին վերաբերող փոխկապակցված, հավաստի ապացույցների բավարար ամբողջությամբ, իսկ չփարատված կասկածները պետք է մեկնաբանվեն հօգուտ մեղադրյալի:

15. ՀՀ քրեական օրենսգրքի 325-րդ հոդվածի 1-ին մասը պատասխանատվություն է նախատեսում իրավունք վերապահող կամ պատասխանատվությունից ազատող վկայական կամ պաշտոնական այլ փաստաթուղթ կեղծելու, կեղծողի կողմից անձամբ կամ այլ անձի կողմից դրանք օգտագործելու կամ իրացնելու նպատակով կամ այդպիսի փաստաթուղթ իրացնելու կամ նույն նպատակներով կեղծ կնիքներ, դրոշմներ, ձևաթղթեր, տրանսպորտային միջոցների պետհամարանիշներ պատրաստելու կամ իրացնելու, ինչպես նաև ակնհայտ կեղծ փաստաթուղթ օգտագործելու համար:

16. Մեջբերված դրույթի վերլուծությունից երևում է, որ ՀՀ քրեական օրենսգրքի 325-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցակազմի պարտադիր հատկանիշ է հանդիսանում հանցագործության առարկան` իրավունք վերապահող կամ պատասխանատվությունից ազատող պաշտոնական փաստաթուղթը, դրոշմը, կնիքը, ձևաթուղթը, տրանսպորտային միջոցի պետհամարանիշը:

Տվյալ դեպքում որպես պաշտոնական փաստաթուղթ պետք է համարել պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնինների, դրանց հիմնարկությունների, ձեռնարկությունների և կազմակերպությունների կողմից տրվող այն վավերացված տեղեկատվությունը, որը գտնվում է նյութական կրիչների վրա և հավաստում է իրավաբանական նշանակություն ունեցող փաստեր կամ իրադարձություններ:

Փաստաթղթերի, դրոշմների և մյուս առարկաների կեղծումը կարող է իրականացվել երկու ձևով`

1. իրական փաստաթղթերի կամ մյուս առարկաների տեքստի, բովանդակության, դրանցում առկա տեղեկատվության աղավաղումը տարբեր եղանակներով (ջնջում, քերծվածք, լրացում),

2. ամբողջովին կեղծ փաստաթղթի կամ այլ առարկայի պատրաստում:

Օգտագործել կեղծ փաստաթղթեր` նշանակում է դրանք շրջանառության մեջ դնել սեփական կարիքների համար` դրանց միջոցով իրավունքներ ձեռք բերելու կամ պատասխանատվությունից ազատվելու նպատակով:

Հանցակազմի սուբյեկտիվ կողմը բնութագրվում է ուղղակի դիտավորությամբ, հանցավորը գիտակցում է, որ պատրաստում և օգտագործում է կեղծ փաստաթղթեր կամ այլ առարկաներ:

17. Սույն գործի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ.

ա) Գործով իրեղեն ապացույց է ճանաչվել 2009թ. մարտի 4-ին Երևան քաղաքի Շենգավիթ համայնքի թիվ 16 տեղամասի լիազոր ներկայացուցիչ Աղուն Ժամխարյանի կողմից Սամվել Գաբրիելյանին տրված տեղեկանքը, որի բովանդակությունը հետևյալն է.

Տրվում է Երևան քաղաքի Ղարիբջանյան փողոցի 50 տան բնակիչ Հրանտ Արամի Տիգրանյանին, առ այն, որ Արամ Գաբրիելի Տիգրանյանի 01.02.1956թ. մահվանից, և Շողեր Սումբաթի Տիգրանյանի 30.12.1981թ. մահվանից հետո Երևան քաղաքի Ղարիբջանյան փողոցի 50 տանը բնակվել են Արամ Գաբրիելի Տիգրանյանի որդիներ Հրանտ Արամի Տիգրանյանը և Վոլոդյա Արամի Գաբրիելյանը: Վոլոդյա Արամի Գաբրիելյանի 01.05.1995թ. մահվանից և Վոլոդյա Արամի Գաբրիելյանի կնոջ` Սաթիկ Գրիգորի Սարուխանյանի 30.11.1998թ. մահվանից հետո մինչ օրս Երևան քաղաքի Ղարիբջանյան փողոցի 50 տանը բնակվում են Հրանտ Արամի Տիգրանյանը և Վոլոդյա Արամի Գաբրիելյանի որդին` Սամվել Վոլոդյայի Գաբրիելյանը և կատարում են բոլոր կոմունալ վճարումները (տե´ս քրեական գործի 2-րդ հատորի կազմին ամրացված` իրեղեն ապացույց ճանաչված տեղեկանքը պարունակող ծրարը):

բ) Սամվել Գաբրիելյանը ցուցմունք է տվել, որ բնակվել է, և այժմ էլ բնակվում է Երևան քաղաքի Ղարիբջանյան փողոցի 50 տանը, ինքը կեղծ տեղեկանք չի օգտագործել, 2009թ. մարտի 4-ին տրված տեղեկանքում նշված տվյալները համապատասխանում են իրականությանը, տեղեկանքն էլ ինքը չի ստորագրել և կնքել, այլ դա արել է պատշաճ անձը` Շենգավիթ համայնքի թիվ 16 տեղամասի լիազոր ներկայացուցիչ Աղուն Ժամխարյանը` մինչև ստորագրելը ստուգելով և համոզվելով, որ գրվածը համապատասխանում է իրականությանը (տե´ս դատական նիստի ձայնային արձանագրության լազերային կրիչը, քրեական գործի 3-րդ հատոր, էջ 91):

գ) Գործում առկա են «Երևան-Ջուր» ՓԲԸ և «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ կողմից տրված փաստաթղթեր, որոնք վկայում են այն մասին, որ Սամվել Գաբրիելյանը հանդիսանում է Երևան քաղաքի Ղարիբջանյան փողոցի թիվ 50 տան բաժանորդ (տե´ս քրեական գործ, հատոր 1-ին, էջ 135, 137):

դ) Երևանի Շենգավիթ համայնքի թիվ 16 տեղամասի թաղային լիազոր ներկայացուցիչ Գասպարյանի կողմից 2005թ. հուլիսի 13-ին տեղեկանք է տրվել Սամվել Գաբրիելյանին այն մասին, որ նա գրանցված է Երևանի Ղարիբջանյան փողոցի 50 տանը, ուր բնակվում է իր ընտանիքով (տե´ս քրեական գործ, հատոր 1-ին, էջ 63):

ե) 2007թ. նոյեմբերի 12-ին Երևանի Շենգավիթ համայնքի թիվ 16 տեղամասի թաղային լիազոր ներկայացուցչի կողմից ևս մեկ տեղեկանք է տրվել Սամվել Գաբրիելյանին առ այն, որ նա 1976 թվականից հաշվառված է և մշտապես բնակվում է Երևան քաղաքի Ղարիբջանյան փողոցի 50 տանը, ծնողների մահվանից հետո մինչ օրս նա է կատարում իր կողմից անընդմեջ օգտագործվող նշված տան բոլոր կոմունալ վճարումները (տե´ս քրեական գործ, հատոր 2-րդ, էջ 23):

զ) Գործում առկա են նախաքննության ընթացքում վկաների տված ցուցմունքներ այն մասին, որ վերջին տարիներին Սամվել Գաբրիելյանին օրվա տարբեր ժամերի հաճախ տեսել են Երևանի Ղարիբջանյան փողոցի 50 հասցեում, սակայն պնդել են, որ նա այդ հասցեում չի բնակվել:

18. Առաջին ատյանի դատարանի դատական նիստի ձայնային արձանագրության ունկնդրմամբ պարզ է դառնում հետևյալը.

ա) վկա Օնիկ Մարգարյանը դատարանում ցուցմունք է տվել այն մասին, որ առնվազն վերջին երեք տարիների ընթացքում հաճախ է տեսնում Սամվել Գաբրիելյանին Ղարիբջանյան փողոցի 50 հասցեում, սակայն չի կարող հաստատապես ասել, նա այդ տանը բնակվել է, թե ոչ: Նախագահող դատավորի այն հարցին, թե այդ դեպքում ինչու՞ է նախաքննության ժամանակ միանշանակ ասել, որ Սամվել Գաբրիելյանը չի բնակվում այդ հասցեում` վկա Օ.Մարգարյանը պատասխանել է, որ քննիչն իրեն հարց է տվել, թե ինքը տեսե՞լ է արդյոք, որ Սամվել Գաբրիելյանը Ղարիբջանյան փողոցի 50 հասցեում է քնում-արթնանում, ինքը պատասխանել է, որ ոչ` չի տեսել, ինչից հետո քննիչն իրեն ասել է. եթե այդպես է` գրի, որ չի ապրում: Վկա Օ.Մարգարյանը հայտնել է նաև, որ Սամվել Գաբրիելյանի տունը կահավորված է և պիտանի է բնակվելու համար:

բ) վկա Գյուլնարա Հարությունյանը դատարանում ցուցմունք է տվել այն մասին, որ վերջին 3-4 տարում` համարյա ամեն օր տեսնում է Սամվել Գաբրիելյանին Ղարիբջանյան փողոցի 50 հասցեում, կարծում է, որ նա այդ հասցեում է բնակվում: Սամվել Գաբրիելյանն է ջուր քաշել, վերանորոգել այդ տունը: Հարցին պատասխանելով` վկա Գ.Հարությունյանը ասել է, որ երբ ինքը նախաքննության ժամանակ ասել է, որ Սամվելը չի բնակվում այնտեղ, իրականում բնակվել բառի իմաստը ճիշտ չի ընկալել: Քննիչն իրեն հարցրել է` Սամվել Գաբրիելյանն ապրում է այդ տանը, թե ոչ, քննիչը պահանջել է ասել` այո կամ ոչ: Ինքն ասել է, և դատարանում էլ պնդում է, որ Սամվել Գաբրիելյանին հիշյալ հասցեում շատ հաճախ տարբեր ժամերի տեսել է, ընդ որում նաև վաղ առավոտյան և ուշ երեկոյան, սակայն ինքն ինչպես կարող է իմանալ, Սամվել Գաբրիելյանն այդ տանը գիշերը քնում էր, թե ոչ, չէ որ ինքը Սամվել Գաբրիելյանի պահակը չի:

գ) վկա Լիդա Մարտիրոսյանը ցուցմունք է տվել այն մասին, որ առնվազն վերջին երեք տարիների ընթացքում ցերեկվա ժամերին հաճախ տեսնում է Սամվել Գաբրիելյանին Ղարիբջանյան փողոցի 50 հասցեում: Հարցին պատասխանելով` վկա Լ.Մարտիրոսյանը հայտնել է, որ չի կարող ասել, թե Սամվել Գաբրիելյանը հիշյալ տանն է գիշերում, թե ոչ, քանի որ նրա հետ համատեղ չի բնակվում: Վկա Լ.Մարտիրոսյանը հայտնել է նաև, որ Սամվել Գաբրիելյանի տունը կահավորված է և պիտանի է բնակվելու համար:

դ) վկա Սվետլանա Հակոբյանը ցուցմունք է տվել այն մասին, որ երբ իր երեխաներին դպրոց է տարել կամ խանութ է գնացել, Ղարիբջանյան 50 հասցեում հաճախակի տեսել է Սամվել Գաբրիելյանին, բայց գիտի, որ վերջինս այդ հասցեում չի բնակվում: Հարցին պատասխանելով` վկա Ս.Հակոբյանը հայտնել է, որ Ղարիբջանյան 50 տան բակ ընդհանրապես չի մտնում, մտել է շատ վաղուց` մի պահ (տե´ս դատական նիստի ձայնային արձանագրության լազերային կրիչները պարունակող ծրարը, քրեական գործի 3-րդ հատոր, էջ 91):

19. Շարադրված փաստական հանգամանքների վերլուծությունից երևում է, որ գործով վկաների ցուցմունքներով հաստատվում է, որ վերջին տարիներին, գրեթե ամեն օր, օրվա տարբեր ժամերի հաճախակի տեսել են Սամվել Գաբրիելյանին Երևանի Ղարիբջանյան 50 հասցեում: Վկաների այս պնդումները հիմնված են իրենց հաստատապես հայտնի փաստերի վրա, քանի որ անձամբ են տեսել Սամվել Գաբրիելյանին Երևանի Ղարիբջանյան 50 հասցեում: Վկաները ցուցմունք են տվել նաև այն մասին, որ այցելությունների ժամանակ համոզվել են, որ Երևանի Ղարիբջանյան 50 տունը պատշաճ կահավորված է և պիտանի է բնակվելու համար:

Ինչ վերաբերում է այն հանգամանքին, որ վկաները հայտնել են, թե Սամվել Գաբրիելյանը Երևանի Ղարիբջանյան 50 հասցեում չի բնակվել, ապա այդ պնդումները հիմնված են ենթադրությունների վրա: Վկաները չեն նշում Սամվել Գաբրիելյանի` Ղարիբջանյան 50 տանը չբնակվելու վերաբերյալ իրենց հայտնած տվյալի ստացման աղբյուրը, մինչդեռ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 112-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` «Վկայի հաղորդած տվյալները չեն կարող ծառայել որպես ապացույց, եթե նա չի նշում դրանց ստացման աղբյուրը»: Ավելին, վկաներ Օնիկ Մարգարյանը, Գյուլնարա Հարությունյանը, Լիդա Մարտիրոսյանը դատարանում այդ կապակցությամբ հայտնել են, որ չեն կարող հաստատապես ասել, թե Սամվել Գաբրիելյանը Ղարիբջանյան 50 հասցեում գիշերում է, թե` ոչ, քանի որ տեղյակ չեն: Վկա Սվետլանա Հակոբյանը դատարանում ցուցմունք տալով այն մասին, որ թեև օրվա տարբեր ժամերի հաճախ տեսել է Սամվել Գաբրիելյանին Երևանի Ղարիբջանյան 50 հասցեում, բայց գիտի, որ վերջինս այդ հասցեում չի բնակվում, իրեն ուղղված հարցին պատասխանել է, որ Ղարիբջանյան 50 տան բակ ընդհանրապես չի մտնում, մտել է շատ վաղուց` մի պահ:

20. Հիմք ընդունելով սույն որոշման 14-16-րդ կետերում շարադրված օրենսդրական պահանջներն ու իրավական վերլուծությունները, ինչպես նաև 17-19-րդ կետում շարադրված փաստական հանգամանքները, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը, խախտելով ՀՀ Սահմանադրության 21-րդ հոդվածի և ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 18-րդ հոդվածի պահանջները, չփարատված կասկածները հօգուտ մեղադրյալի մեկնաբանելու փոխարեն մեկնաբանելով ի վնաս մեղադրյալի, հանցանք գործելու մեջ Սամվել Գաբրիելյանի մեղավորության մասին հետևությունը հիմնելով ենթադրությունների վրա, գործին վերաբերող փոխկապակցված հավաստի ապացույցների բավարար ամբողջության բացակայության պայմաններում Սամվել Գաբրիելյանի նկատմամբ կայացրել է մեղադրական դատավճիռ: Մինչդեռ, գնահատելով յուրաքանչյուր ապացույցն ըստ վերաբերելիության և թույլատրելիության, իսկ ամբողջ ապացույցներն իրենց համակցությամբ` գործի լուծման համար բավարարության տեսանկյունից, չփարատված կասկածները մեկնաբանելով հօգուտ ամբաստանյալի, ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը հաստատված պետք է համարեր, որ գործով ձեռք բերված ապացույցներով չի հիմնավորվում Սամվել Գաբրիելյանի կողմից ՀՀ քրեական օրենսգրքի 325-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքի կատարումը:

21. Վերոգրյալից բացի, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը, սխալ մեկնաբանելով Երևան քաղաքի Շենգավիթ համայնքի թիվ 16 տեղամասի լիազոր ներկայացուցիչ Աղուն Ժամխարյանի կողմից 2009թ. մարտի 4-ին տրված տեղեկանքի բովանդակությունը` նշել է, որ Երևանի Ղարիբջանյան 50 տանը Սամվել Գաբրիելյանի կողմից 1998 թվականից մինչև 2009 թվականի մարտի 4-ը բնակվելու տվյալը կեղծ է: Մինչդեռ, հիշյալ տեղեկանքում ասվում է, որ Սամվել Գաբրիելյանը Ղարիբջանյան փողոցի 50 տանը բնակվում է 1995 թվականի մայիսի 1-ին իր հոր մահանալուց, և 1998 թվականի նոյեմբերի 30-ին իր մոր մահանալուց հետո, այլ ոչ թե սկսած 1998 թվականից, ինչպես մեկնաբանում է վերաքննիչ դատարանը: Հիշյալ ամսաթվերով ընդամենը նշվել է ծնողների մահվան կոնկրետ ժամկետը, այլ ոչ թե Սամվել Գաբրիելյանի կողմից Ղարիբջանյան փողոցի 50 տանը բնակություն հաստատելու սկզբնաժամկետը:

22. Վճռաբեկ դատարանն արձանագրում է նաև, որ արդարացման դատավճռում Երևանի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը նշել է, որ Սամվել Գաբրիելյանը ստացել է ոչ թե միանձնյա ժառանգության իրավունքի վկայական, ինչպես նշված է նրան առաջադրված մեղադրանքում, այլ տան 1/2-րդ մասի նկատմամբ, իսկ մյուս 1/2-րդ մասի նկատմամբ ժառանգության իրավունքի վկայական է տրվել նրա հորեղբայր Հրանտ Տիգրանյանին:

Չնայած այն հանգամանքին, որ 2009թ. մարտի 11-ին տրված ժառանգության իրավունքի վկայագրում նշված է, որ Սամվել Գաբրիելյանի ժառանգական գույքը բաղկացած է Երևանի Ղարիբջանյան փողոցի թիվ 50 հասցեում գտնվող անշարժ գույքի 1/2 բաժնից (տե´ս քրեական գործ, հատոր 2-րդ, էջ 50), ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը բեկանելով Երևանի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավճիռը և կայացնելով մեղադրական դատավճիռ` նույնությամբ վերաշարադրել է քննիչի կողմից առաջադրված մեղադրանքի ձևակերպումը և հաստատված համարել, որ Սամվել Գաբրիելյանը ստացել է «միանձնյա ժառանգության իրավունքի վկայական»: Ընդ որում, մեղադրական դատավճռում սխալ է նշվել Սամվել Գաբրիելյանին ժառանգության իրավունքի վկայագիր տալու ամսաթիվը` իրականում այն տրվել է 2009թ. մարտի 11-ին, այլ ոչ թե 2009թ. ապրիլի 11-ին, ինչպես նշել է ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը` նույնությամբ կրկնելով մեղադրական եզրակացության համապատասխան մասի շարադրանքը:

23. Վերոգրյալից բացի, հաստատված համարելով, որ Սամվել Գաբրիելյանն իրականում Երևանի Ղարիբջանյան փողոցի թիվ 50 տանը չի բնակվել, նա կատարել է ՀՀ քրեական օրենսգրքի 325-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցանք, քանի որ կեղծ տեղեկանք է օգտագործել այն մասին, որ բնակվում է այդ տանը, ՀՀ վերաքննիչ քրեական դատարանն իր կայացրած մեղադրական դատավճիռն ամբաստանյալ Սամվել Գաբրիելյանին է ուղարկել Երևանի Ղարիբջանյան փողոցի թիվ 50 հասցեով (տե´ս քրեական գործ, հատոր 4-րդ, էջ 280): Նույն կերպ է վարվել նաև Շենգավիթ վարչական շրջանի դատախազության ավագ դատախազ, գործով մեղադրող Ժ.Սահակյանը, ով իր կողմից ներկայացված վճռաբեկ բողոքի պատասխանի պատճենները դատավարության մասնակիցներին ուղարկելով` ամբաստանյալ Սամվել Գաբրիելյանին վճռաբեկ բողոքի պատասխանի պատճենը ուղարկել է Երևանի Ղարիբջանյան փողոցի թիվ 50 հասցեով:

24. Ելնելով վերոգրյալից` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Սամվել Գաբրիելյանի վերաբերյալ Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի 2009 թվականի դեկտեմբերի 22-ի արդարացման դատավճիռն օրինական է, հիմնավորված և պատճառաբանված, իսկ այդ դատական ակտը բեկանելու վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 2010թ. փետրվարի 24-ի դատավճիռը` անօրինական և չհիմնավորված: ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատական ակտով խախտվել են ՀՀ Սահմանադրության 21-րդ հոդվածի, ՀՀ քրեական օրենսգրքի 3-րդ, 9-րդ և ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 2-րդ, 7-րդ, 17-րդ, 18-րդ, 112-րդ, 127-րդ, 365-րդ, 366-րդ հոդվածների պահանջները:

ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի կողմից թույլ է տրվել նաև ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 397-րդ հոդվածով նախատեսված քրեական օրենքի ոչ ճիշտ կիրառում. այն է` կիրառվել է քրեական օրենքի այն հոդվածը, որը ենթակա չէր կիրառման: Սույն գործով դատական ակտ կայացնելիս վերաքննիչ դատարանը խախտել է նաև ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 358-րդ հոդվածում ամրագրված` դատավճռի օրինական, հիմնավորված և պատճառաբանված լինելու մասին պահանջները:

25. Հիմք ընդունելով վերոգրյալը՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ վերը նշված նյութական և դատավարական իրավունքի խախտումները, որոնք ազդել են գործով ճիշտ որոշում կայացնելու վրա, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 397-րդ, 398-րդ և 406-րդ հոդվածների հիման վրա վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու հիմք են:

Նշված դատական սխալը, որն ազդել է գործի արդյունքի վրա, խաթարում է արդարադատության բուն էությունը, դատավճռի՝ որպես արդարադատության ակտի իմաստը, խախտում է սահմանադրորեն պաշտպանվող շահերի անհրաժեշտ հավասարակշռությունը:

Վճռաբեկ դատարանը գտնում է նաև, որ քանի որ գործի նյութերով հերքվում են վերաքննիչ դատարանի դատավճռում նշված՝ Սամվել Գաբրիելյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 325-րդ հոդվածի 1-ին մասով առաջադրված մեղադրանքի հիմնավոր լինելու մասին բոլոր փաստարկները և հաստատվում նրա նկատմամաբ առաջին ատյանի դատարանի կայացրած արդարացման դատավճռի օրինական, հիմնավորված ու պատճառաբանված լինելը, ուստի անհրաժեշտ է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 419-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի հիման վրա բեկանել վերաքննիչ դատարանի դատավճիռը և օրինական ուժ տալ առաջին ատյանի դատարանի դատավճռին:

 

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 92-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 403-406-րդ, 419-րդ, 422-424-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Ամբաստանյալ Սամվել Վոլոդյայի Գաբրիելյանի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 2010թ. փետրվարի 24-ի դատավճիռը բեկանել և օրինական ուժ տալ Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի 2009 թվականի դեկտեմբերի 22-ի դատավճռին:

2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող`

 

Հ. Ղուկասյան

Դատավորներ`

Ե. Դանիելյան

Ա. Պողոսյան

 

Ս. Օհանյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան