Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (13.08.2010-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2010.10.20/51(785) Հոդ.1176
Принят
Վճռաբեկ դատարան
Дата принятия
13.08.2010
Подписан
Նախագահող
Дата подписания
13.08.2010
Дата вступления в силу
13.08.2010

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

ՀՀ վճռաբեկ դատարանի որոշում 

Քաղաքացիական գործ թիվ 3-7 (ՎԴ) (2009թ.)

Քաղաքացիական գործ թիվ  3-7(ՎԴ)

2010թ.

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան)

նախագահությամբ

Ս. Սարգսյանի

մասնակցությամբ դատավորներ

Ե. Սողոմոնյանի

Վ. Աբելյանի

 

Ա. Բարսեղյանի

Մ. ԴՐՄԵՅԱՆԻ

Է. Հայրիյանի

Տ. Պետրոսյանի

2010 թվականի օգոստոսի 13-ին

դռնբաց դատական նիստում, քննելով ըստ Նունե Մովսիսյանի հայցի ընդդեմ Գագիկ Խրիմյանի, Սերգեյ Բախչինյանի, Արփենիկ Բաղդասարյանի` գույքը տիրազուրկ ճանաչելու և սեփականության իրավունքը ճանաչելու պահանջների վերաբերյալ, քաղաքացիական գործով Իրինա Օգանեզովայի, Աննա և Ագնեսա Բաղդասարյանների վճռաբեկ բողոքը` Վճռաբեկ դատարանի 13.03.2009 թվականի որոշումը նոր հանգամանքի հիմքով վերանայելու մասին,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը

 

ՀՀ քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 26.09.2005 թվականի վճռով բավարարվել է Նունե Մովսիսյանի հայցն ընդդեմ Գագիկ Խրիմյանի, Սերգեյ Բախչինյանի, Արփենիկ Բաղդասարյանի` գույքը տիրազուրկ ճանաչելու և սեփականության իրավունքը ճանաչելու պահանջների մասին:

ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի 05.02.2007 թվականի որոշմամբ Վերաքննիչ դատարանի 26.09.2005 թվականի վճռի դեմ Իրինա Օգանեզովայի, Աննա և Ագնեսա Բաղդասարյանների բերած վճռաբեկ բողոքը վերադարձվել է:

ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի 18.06.2007 թվականի որոշմամբ մերժվել է ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի 05.02.2007 թվականի «Վճռաբեկ բողոքը վերադարձնելու մասին» որոշումը նոր հանգամանքի հիմքով վերանայելու մասին Իրինա Օգանեզովայի, Աննա և Ագնեսա Բաղդասարյանների դիմումը:

Վճռաբեկ դատարանի 21.07.2008 թվականի որոշմամբ ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի 18.06.2007 թվականի որոշումը նոր հանգամանքի հիմքով վերանայելու մասին Իրինա Օգանեզովայի, Աննա և Ագնեսա Բաղդասարյանների դիմումը վերադարձվել է:

Վճռաբեկ դատարանի 13.03.2009 թվականի որոշմամբ Իրինա Օգանեզովայի, Աննա և Ագնեսա Բաղդասարյանների բողոքը բավարարվել է մասնակիորեն: Որոշվել է` ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի 18.06.2007 թվականի «Նոր հանգամանքների հիմքով որոշման վերանայման վարույթի հարուցումը մերժելու մասին» որոշումը վերացնել: ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի 05.02.2007 թվականի «Վճռաբեկ բողոքը վերադարձնելու մասին» որոշումը թողնել ուժի մեջ, իսկ Իրինա Օգանեզովայի, Աննա և Ագնեսա Բաղդասարյանների բողոքը` առանց բավարարման:

Սույն գործով վճռաբեկ բողոք են ներկայացրել Իրինա Օգանեզովան, Աննա և Ագնեսա Բաղդասարյանները:

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը

 

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորմամբ.

Վճռաբեկ բողոքը բերվել է նոր հանգամանքի հիմքով:

Բողոք բերած անձինք նշված պնդումը պատճառաբանել են հետևյալ փաստարկներով.

ՀՀ սահմանադրական դատարանը 23.02.2010 թվականի թիվ ՍԴՈ-866 որոշմամբ արձանագրել է, որ Վճռաբեկ դատարանը 19.02.2009 թվականին, 13.03.2009 թվականին և 24.07.2009 թվականին կայացրել է սույն գործով վերջնական դատական ակտեր համարվող որոշումներ` կիրառելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի` ՀՀ սահմանադրական դատարանի 09.09.2008 թվականի թիվ ՍԴՈ-758 որոշմամբ իրավաբանական ուժը կորցրած 204.28-րդ հոդվածի դրույթները, և որոշել է «Մելտեքս» ՍՊԸ-ի և քաղաքացիներ Սերինե Ֆլջյանի, Իրինա Օգանեզովայի, Աննա Բաղդասարյանի և Ագնեսա Բաղդասարյանի դիմումների հիման վրա ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 204.28-րդ հոդվածի 1-ին կետի` ՀՀ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ գործի վարույթը կարճել: ՀՀ սահմանադրական դատարանն արձանագրել է նաև, որ «նախ` ՀՀ սահմանադրական դատարանի ՍԴՈ-758 որոշման 13-րդ կետում արտահայտված իրավական դիրքորոշման և եզրափակիչ մասի 5-րդ կետի հիմքով ՀՀ Սահմանադրությանը հակասող և անվավեր է ճանաչվել նաև «ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 2007 թվականի նոյեմբերի 28-ին ընդունված ՀՀ օրենքի (ՀՕ-277-Ն) 72-րդ հոդվածում ընդգրկված 204.28-րդ հոդվածը, որը ՀՀ Ազգային ժողովի կողմից 2008 թվականի դեկտեմբերի 26-ին ընդունված` ինչպես ՀՕ-233-Ն, այնպես էլ դրան հաջորդող որևէ այլ օրենքով դեռևս ՀՀ Սահմանադրությանը չի համապատասխանեցվել, երկրորդ` ՀՀ սահմանադրական դատարանի` 2008 թվականի ապրիլի 15-ի ՍԴՈ-751 որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումների և «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 69-րդ հոդվածի 12-րդ մասի պահանջների հիմքով սպառված չպետք է համարվի սույն գործի առարկայի շրջանակներում նոր հանգամանքներով իրավասու դատարան դիմելու շահագրգիռ անձանց իրավունքը»:

Տվյալ դեպքում ՀՀ սահմանադրական դատարանի 23.02.2010 թվականի թիվ ՍԴՈ-866 որոշումը` դրանում արտահայտված իրավական դիրքորոշումներով, սույն գործով նոր հանգամանք է և հիմք է Վճռաբեկ դատարանի 13.03.2009 թվականի որոշումը վերանայելու համար, ինչի հետևանքով պետք է փոփոխվի նաև Վճռաբեկ դատարանի 21.07.2008 թվականի «Դիմումը վերադարձնելու մասին» որոշումը և կայացվի նոր որոշում` ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի 18.06.2007 թվականի «Նոր հանգամանքների հիմքով որոշման վերանայման վարույթի հարուցումը մերժելու մասին» որոշումը նոր հանգամանքների հիմքով վերանայելու, դրա արդյունքում այն բեկանելու կամ փոփոխելու մասին, որով պետք է բեկանվի կամ փոփոխվի ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի 05.02.2007 թվականի «Վճռաբեկ բողոքը վերադարձնելու մասին» որոշումը և վճռաբեկ բողոքն ընդունվի վարույթ:

Նշվածի կապակցությամբ ՀՀ սահմանադրական դատարանը 09.09.2008 թվականի թիվ ՍԴՈ-758 որոշման 13-րդ կետով արտահայտել է իրավական դիրքորոշում այն մասին, որ «այն դեպքում, երբ դատական ակտի համար որպես նոր հանգամանք հիմք է հանդիսանում սահմանադրական դատարանի` համապատասխան օրենքի դրույթը Սահմանադրությանը հակասող և անվավեր ճանաչելու մասին որոշումը, ապա գործնականում վերանայված ակտի ուժի մեջ մնալն անհնարին է, որովհետև արդարադատության հիմքում դրվել է ու կշարունակի ուժի մեջ մնալ հակասահմանադրական նորմը»:

 

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձինք պահանջել են «նոր հանգամանքի հիմքով վերանայել ՀՀ վճռաբեկ դատարանի 13.03.2009թ. թիվ 3-7(ՎԴ) որոշումը և այն փոփոխել` վճռաբեկ բողոքը բավարարել` վերանայման արդյունքում նոր հանգամանքի հիմքով վերանայել ՀՀ վճռաբեկ դատարանի 21.07.2008թ. թիվ 3-602/2008թ./ որոշումը, բեկանել կամ փոփոխել ՀՀ վճռաբեկ դատարանի 21.07.2008թ. թիվ 3-602/2008թ./ որոշումը և կայացնել նոր որոշում` թիվ 3-1285(ՎԴ)/2007թ./ քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 18.06.2007թ.` «Նոր հանգամանքների հիմքով որոշման վերանայման վարույթի հարուցումը մերժելու մասին» որոշումը նոր հանգամանքների հիմքով վերանայելու, դրա արդյունքում բեկանելու կամ փոփոխելու մասին, որով բեկանել կամ փոփոխել ՀՀ վճռաբեկ դատարանի 05.02.2007թ. որոշումը` վճռաբեկ բողոքը վերադարձնելու մասին, և վճռաբեկ բողոքն ընդունել վարույթ»:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը

 

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը.

1) 09.09.2008 թվականին ՀՀ սահմանադրական դատարանը քննել է Սերինե Ֆլջյանի դիմումն այն տեսանկյունից, թե արդյոք իրավաչափ է նոր հանգամանքներով դատական ակտերի վերանայումն առաջին ատյանի դատարանի կողմից: ՀՀ սահմանադրական դատարանի 09.09.2008 թվականի թիվ ՍԴՈ-758 որոշման եզրափակիչ մասի 3-րդ, 4-րդ և 5-րդ կետերի համաձայն` «3. «ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 80 հոդվածի 5-րդ մասը` իրավակիրառական պրակտիկայի կողմից դրան տրված բովանդակությամբ հանդերձ, ճանաչել Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 18, 19 և 42 հոդվածների պահանջներին հակասող և անվավեր: 4. «ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 3.2 բաժնի 204.20 հոդվածի 2-րդ մասը և 204.26 հոդվածը ճանաչել Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 18, 19 հոդվածների պահանջներին հակասող և անվավեր: 5. Վերոհիշյալ նորմերի` ՀՀ Սահմանադրությանը հակասող և անվավեր ճանաչելու արդյունքում օրենսդրական բացը բացառելու անհրաժեշտությունից ելնելով, նկատի ունենալով սույն որոշման 10-րդ կետում սահմանադրական դատարանի արտահայտած իրավական դիրքորոշումը, ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 68 հոդվածի 9-րդ մասով, ՀՀ Սահմանադրությանը հակասող և անվավեր ճանաչել նաև «ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 28.11.2007թ. ՀՕ-277-Ն ՀՀ օրենքի` սույն որոշման 3-րդ և 4-րդ կետերով ՀՀ Սահմանադրությանը հակասող և անվավեր ճանաչված իրավադրույթների հետ համակարգային առումով փոխկապակցված 72 և 76 հոդվածները»:

2) Հիմք ընդունելով ՀՀ սահմանադրական դատարանի վերոնշյալ որոշումը` «ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության 2008 թվականի դեկտեմբերի 26-ի թիվ ՀՕ-233-Ն օրենքով կատարվեցին մի շարք կարևոր փոփոխություններ, մասնավորապես` նշված օրենսգրքի 3.1-րդ և 3.2-րդ բաժինները շարադրվեցին նոր խմբագրությամբ` նոր երևան եկած կամ նոր հանգամանքներով առաջին ատյանի դատարանի դատական ակտը վերանայելու լիազորությունը վերապահվեց վերաքննիչ դատարանին, իսկ վերաքննիչ և վճռաբեկ դատարանների դատական ակտերը` վճռաբեկ դատարանին (ՀՕ-233-Ն ՀՀ պաշտոնական տեղեկագիր N76(666) 30 դեկտեմբերի 2008թ.):

3) Վճռաբեկ դատարանը, 13.03.2009 թվականի որոշմամբ Իրինա Օգանեզովայի, Աննա և Ագնեսա Բաղդասարյանների բողոքը բավարարելով մասնակիորեն` ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի 18.06.2007 թվականի «Նոր հանգամանքների հիմքով որոշման վերանայման վարույթի հարուցումը մերժելու մասին» որոշումը վերացնելով, ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի 05.02.2007 թվականի «Վճռաբեկ բողոքը վերադարձնելու մասին» որոշումը թողնելով ուժի մեջ, իսկ Իրինա Օգանեզովայի, Աննա և Ագնեսա Բաղդասարյանների բողոքը` առանց բավարարման, կիրառել է նաև գործի քննության ժամանակ գործող ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 204.28-րդ հոդվածը:

4) ՀՀ սահմանադրական դատարանի 23.02.2010 թվականի ««Մելտեքս» ՍՊԸ-ի և քաղաքացիներ Սերինե Ֆլջյանի, Իրինա Օգանեզովայի, Աննա Բաղդասարյանի և Ագնեսա Բաղդասարյանի դիմումների հիման վրա` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 204.28-րդ հոդվածի 1-ին կետի` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ գործի վարույթը կարճելու մասին» թիվ ՍԴՈ-866 որոշմամբ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 204.28-րդ հոդվածի 1-ին կետի` ՀՀ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ գործի վարույթը կարճվել է:

ՀՀ սահմանադրական դատարանը նույն որոշման եզրափակիչ մասի 1-ին կետի 2-րդ պարբերությամբ արձանագրել է նաև, որ «նախ` ՀՀ սահմանադրական դատարանի ՍԴՈ-758 որոշման 13-րդ կետում արտահայտած իրավական դիրքորոշման և եզրափակիչ մասի 5-րդ կետի հիմքով ՀՀ Սահմանադրությանը հակասող և անվավեր է ճանաչվել նաև «ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 2007 թվականի նոյեմբերի 28-ին ընդունված ՀՀ օրենքի (ՀՕ-277-Ն) 72-րդ հոդվածում ընդգրկված 204.28-րդ հոդվածը, որը ՀՀ Ազգային ժողովի կողմից 2008 թվականի դեկտեմբերի 26-ին ընդունված` ինչպես ՀՕ-233-Ն, այնպես էլ դրան հաջորդող որևէ այլ օրենքով դեռևս ՀՀ Սահմանադրությանը չի համապատասխանեցվել, երկրորդ` ՀՀ սահմանադրական դատարանի` 2008 թվականի ապրիլի 15-ի ՍԴՈ-751 որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումների և «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 69-րդ հոդվածի 12-րդ մասի պահանջների հիմքով սպառված չպետք է համարվի սույն գործի առարկայի շրջանակներում նոր հանգամանքներով իրավասու դատարան դիմելու շահագրգիռ անձանց իրավունքը»:

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները

 

Քննելով վճռաբեկ բողոքը նշված հիմքի սահմաններում` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այն հիմնավոր է մասնակիորեն հետևյալ պատճառաբանությամբ.

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 1-ին հոդվածի 3-րդ մասի համաձայն` քաղաքացիական գործերով դատավարությունն իրականացվում է գործի քննության ժամանակ գործող oրենքներով:

ՀՀ սահմանադրական դատարանի 09.09.2008 թվականի թիվ ՍԴՈ-758 որոշման պահանջները կատարելու նպատակով «ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքով կատարվեցին մի շարք կարևոր փոփոխություններ, մասնավորապես` նշված օրենսգրքի 3.1-րդ և 3.2-րդ բաժինները շարադրվեցին նոր խմբագրությամբ` նոր երևան եկած կամ նոր հանգամանքներով առաջին ատյանի դատարանի դատական ակտը վերանայելու լիազորությունը վերապահվեց վերաքննիչ դատարանին, իսկ վերաքննիչ և վճռաբեկ դատարանների դատական ակտերը` վճռաբեկ դատարանին (ՀՕ-233-Ն, ՀՀ պաշտոնական տեղեկագիր N 76(666), 30 դեկտեմբերի 2008թ.): Ի դեպ, ՀՀ սահմանադրական դատարանի «2008թ. ընդունած որոշումների կատարման վիճակի վերաբերյալ» հաղորդման համաձայն (Երևան, «ՀՀ ՍԴ աշխատակազմ», Հունվար 2009թ., էջ 20-22)` «… ՍԴՈ-754, ՍԴՈ-758, ՍԴՈ-765, ՍԴՈ-767 որոշումներում արտահայտված` սահմանադրական դատարանի իրավական դիրքորոշումների իրացման ուղղությամբ ՀՀ Ազգային ժողովը գործնական քայլեր է ձեռնարկել»: «2008թ. դեկտեմբերի 26-ին ՀՀ Ազգային ժողովն ընդունեց և դեկտեմբերի 29-ին ՀՀ նախագահի կողմից ստորագրվեցին ... Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքում ... փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին ... ՀՕ-233-Ն, ՀՕ-237-Ն և ՀՕ-235-Ն օրենքները, որոնք կարևոր երաշխիք հանդիսացան սահմանադրական դատարանի հիշյալ որոշումների կատարումն ապահովելու համար»:

Միաժամանակ մյուս` 23.02.2010 թվականի թիվ ՍԴՈ-866 որոշմամբ ՀՀ սահմանադրական դատարանն արձանագրել է, որ «ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության 2008 թվականի դեկտեմբերի 26-ի թիվ ՀՕ-233-Ն օրենքով օրենսդիրը չի անդրադարձել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 204.28-րդ հոդվածով նախատեսված իրավակարգավորումը ՀՀ Սահմանադրությանը համապատասխանեցնելու խնդրին, ինչի արդյունքում դատական պրակտիկայում կիրառվել է հակասահմանադրական ճանաչված այդ նորմը:

Սույն գործով Վճռաբեկ դատարանը, 13.03.2009 թվականի որոշմամբ Իրինա Օգանեզովայի, Աննա և Ագնեսա Բաղդասարյանների բողոքը բավարարելով մասնակիորեն` ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի 18.06.2007 թվականի «Նոր հանգամանքների հիմքով որոշման վերանայման վարույթի հարուցումը մերժելու մասին» որոշումը վերացնելով, ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի 05.02.2007 թվականի «Վճռաբեկ բողոքը վերադարձնելու մասին» որոշումը թողնելով ուժի մեջ, իսկ Իրինա Օգանեզովայի, Աննա և Ագնեսա Բաղդասարյանների բողոքը` առանց բավարարման, կիրառել է նաև գործի քննության ժամանակ գործող ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 204.28-րդ հոդվածը:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 204.33-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` նոր հանգամանքները հիմք են դատական ակտի վերանայման համար, եթե Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի` ուժի մեջ մտած որոշմամբ ամբողջությամբ կամ մի մասով հակասահմանադրական է ճանաչվել այն օրենքը կամ իրավական ակտը, որը կիրառել է դատարանը:

ՀՀ Սահմանադրության 102-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` Սահմանադրական դատարանի որոշումները և եզրակացությունները վերջնական են և ուժի մեջ են մտնում հրապարակման պահից:

Վերոգրյալի հիման վրա և հիմք ընդունելով ՀՀ սահմանադրական դատարանի 23.02.2010 թվականի թիվ ՍԴՈ-866 որոշումը` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Վճռաբեկ դատարանի 13.03.2009 թվականի որոշումը ենթակա է վերանայման:

Միաժամանակ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Վճռաբեկ դատարանի 13.03.2009 թվականի որոշմամբ կիրառված ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 204.28-րդ հոդվածով սահմանված էր նոր հանգամանքներով դատական ակտի վերանայման արդյունքում դատարանի լիազորությունները, ինչից հետևում է, որ ՀՀ սահմանադրական դատարանի 23.02.2010 թվականի թիվ ՍԴՈ-866 որոշումը վերաբերում է Վճռաբեկ դատարանի 13.03.2009 թվականի որոշմամբ կիրառված դատավարական իրավունքի նորմի` նոր հանգամանքներով դատական ակտի վերանայման արդյունքում դատարանի լիազորությունների, սահմանադրականության հարցին, և այն որևէ իրավական առնչություն չունի Վճռաբեկ դատարանի 13.03.2009 թվականի որոշմամբ Իրինա Օգանեզովայի, Աննա և Ագնեսա Բաղդասարյանների ներկայացրած պահանջների մերժման պատճառաբանությունների հետ:

Հետևաբար վերանայելով Վճռաբեկ դատարանի 13.03.2009 թվականի որոշումը` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Իրինա Օգանեզովայի, Աննա և Ագնեսա Բաղդասարյանների բողոքը` Վճռաբեկ դատարանի 21.07.2008 թվականի «Դիմումը վերադարձնելու մասին» որոշումը նոր հանգամանքի հիմքով վերանայելու, դրա արդյունքում ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի 18.06.2007 թվականի «Նոր հանգամանքների հիմքով որոշման վերանայման վարույթի հարուցումը մերժելու մասին» և ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի 05.02.2007 թվականի «Վճռաբեկ բողոքը վերադարձնելու մասին» որոշումները նոր հանգամանքի հիմքով վերանայելու պահանջների մասին, ենթակա է մերժման հետևյալ պատճառաբանությամբ.

Սույն գործով Վերաքննիչ դատարանի 26.09.2005 թվականի վճռով բավարարվել է Նունե Մովսիսյանի հայցն ընդդեմ Գագիկ Խրիմյանի, Սերգեյ Բախչինյանի, Արփենիկ Բաղդասարյանի` գույքը տիրազուրկ ճանաչելու և սեփականության իրավունքը ճանաչելու պահանջների մասին: Նշված վճռի դեմ Իրինա Օգանեզովան, Աննա և Ագնեսա Բաղդասարյանները վճռաբեկ բողոք են բերել 22.01.2007 թվականին (դատական ակտի հրապարակվելուց 16 ամիս հետո): Բողոք բերած անձինք նշել են, որ բողոքարկվող դատական ակտի մասին տեղեկացել են 2006 թվականի դեկտեմբեր ամսին Աիդա Քոչարյանից, որն իր հերթին դատական ակտի մասին տեղեկացել է նույն ժամանակահատվածում: Մինչդեռ նշված հանգամանքը հիմնավորող որևէ ապացույց բողոք բերող անձինք չեն ներկայացրել, այսինքն` չեն հիմնավորել բողոքարկվող դատական ակտի մասին իմանալուց հետո սահմանված եռամսյա ժամկետում վճռաբեկ բողոք բերելու հանգամանքը: Բացի այդ, Վերաքննիչ դատարանի 26.09.2005 թվականի վճռի դեմ գործին մասնակից չդարձած Աիդա Քոչարյանը վճռաբեկ բողոք է բերել դեռևս 06.10.2005 թվականին, որը սահմանված կարգով հետ է վերցվել 18.11.2005 թվականի դիմումով: Այսինքն` Աիդա Քոչարյանը 06.10.2005 թվականից իմացել է բողոքարկվող դատական ակտի մասին: Նշված պատճառաբանությամբ հիմնավոր չէ բողոք բերած անձանց փաստարկներն այն մասին, որ բողոքարկվող դատական ակտի մասին տեղեկացել են 2006 թվականի դեկտեմբեր ամսին` նույն ժամանակահատվածում դատական ակտի մասին տեղեկացված Աիդա Քոչարյանից: Հետևաբար Իրինա Օգանեզովան, Աննա և Ագնեսա Բաղդասարյանները բաց են թողել իրավահարաբերության պահին գործող ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 228.1-րդ հոդվածի 4-րդ մասի հիմքով վճռաբեկ բողոք բերելու համար սահմանված ժամկետը:

Ինչ վերաբերում է Վճռաբեկ դատարանի 21.07.2008 թվականի «Դիմումը վերադարձնելու մասին» որոշումը նոր հանգամանքի հիմքով վերանայելու մասին Իրինա Օգանեզովայի, Աննա և Ագնեսա Բաղդասարյանների բողոքի պահանջին, ապա այն ըստ էության բավարարվել է Վճռաբեկ դատարանի 04.02.2009 թվականի «Նոր հանգամանքներով դատական ակտի վերանայման վարույթ հարուցելու մասին» որոշման կայացմամբ:

 

Հիմք ընդունելով վերոգրյալը` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով ենթակա է կիրառման ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-րդ հոդվածը, որի 1-ին մասի 1-ին կետի համաձայն` գործն ըստ էության լուծող դատական ակտերի վերանայման արդյունքով վճռաբեկ դատարանը մերժում է վճռաբեկ բողոքը` դատական ակտը թողնելով oրինական ուժի մեջ:

 

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 204.30-րդ, 204.33-րդ, 204.38-րդ և 240-241.2-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

 ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել մասնակիորեն: Վերանայել ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 13.03.2009 թվականի որոշումը:

2. ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի 05.02.2007 թվականի «Վճռաբեկ բողոքը վերադարձնելու մասին» որոշումը թողնել ուժի մեջ, իսկ Իրինա Օգանեզովայի, Աննա և Ագնեսա Բաղդասարյանների բողոքը` առանց բավարարման:

3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող`

 

Ս. Սարգսյան

Դատավորներ`

Ե. ՍՈՂՈՄՈՆՅԱՆ

 

Վ. Աբելյան

Ա. Բարսեղյան

 

Մ. ԴՐՄԵՅԱՆ

Է. Հայրիյան

Տ. Պետրոսյան