Հ Ա Մ Ա Ձ Ա Յ Ն Ա Գ Ի Ր
ԱՊՀ մասնակից պետությունների բաց գիտատեխնիկական տեղեկատվության ազատ մուտքի և փոխանակման կարգի մասին
Սույն Համաձայնագրի մասնակից պետությունները՝ ի դեմս իրենց Կառավարությունների, այսուհետ՝ Կողմեր,
հիմնվելով Անկախ Պետությունների Համագործակցության տեղեկատվական տարածքի ձևավորման մասին Կոնվենցիայի վրա,
ղեկավարվելով տեղեկատվության ազատ մուտքի սկզբունքով,
հարգելով տեղեկատվության օգտագործողների՝ տեղեկատվական ռեսուրսներ մուտք ունենալու իրավունքները՝ անկախ նրանց քաղաքացիությունից և բնակության երկրից,
հաշվի առնելով համատեղ օգտագործման տեղեկատվական ռեսուրսների մուտքի կարգի սահմանման անհրաժեշտությունը,
համաձայնեցին ներքոհիշյալի մասին.
Հ ո դ վ ա ծ 1
Սույն Համաձայնագրի նպատակների համար ներքոհիշյալ հասկացություններն ունեն հետևյալ նշանակությունները.
տեղեկատվության ազատ մուտք` տեղեկատվության օգտագործողներին՝ Համաձայնագրի մասնակից պետությունների քաղաքացիներին, իրավաբանական անձանց, պետական իշխանության և կառավարման մարմիններին, տեղական ինքնակառավարման մարմիններին, հասարակական միություններին, բաց տեղեկատվության իրավունքի տրամադրում, որը նախատեսում է դրա ազատ ստացում, պահպանում, օգտագործում և տարածում գործող ազգային օրենսդրությամբ չարգելված գիտական, գիտատեխնիկական, արտադրական, հասարակական և այլ գործունեություն իրականացնելիս,
բաց գիտատեխնիկական տեղեկատվություն` գիտատեխնիկական, տնտեսական և սոցիալական գիտելիքներն արտացոլող տեղեկություններ, որոնք ստացվել են գիտահետազոտական, փորձակոնստրուկտորական, տեխնոլոգիական, նախագծային և այլ գիտական և արտադրական գործունեության ընթացքում և թույլատրված են օգտագործման, Կողմերի գործող իրավական ռեժիմին համապատասխան,
ածանցյալ տեղեկատվություն` ելակետային տեղեկատվության մշակման արդյունքում ստացված տեղեկատվություն,
փաստաթղթավորված տեղեկատվություն (փաստաթուղթ)` նյութական կրողի վրա ֆիքսված տեղեկատվություն՝ այն նույնականացնելու հնարավորություն տվող ռեկվիզիտներով,
տեղեկատվական համակարգ` փաստաթղթերի (փաստաթղթերի զանգվածի) և տեղեկատվական գործընթացներն իրագործող տեխնոլոգիաների կազմակերպչորեն կարգավորված ամբողջություն,
տեղեկատվական ռեսուրսներ` առանձին փաստաթղթեր և փաստաթղթերի զանգվածներ, տեղեկատվական համակարգերում (գրադարաններում, արխիվներում, հիմնադրամներում, տվյալների բանկերում, այլ տեղեկատվական համակարգերում) առկա փաստաթղթեր և փաստաթղթերի զանգվածներ,
համատեղ օգտագործման տեղեկատվական ռեսուրսներ` գիտատեխնիկական տեղեկատվության միջպետական փոխանակման մասին Համաձայնագրի մասնակից պետությունների իրավազորության տակ գտնվող և նրանց կողմից որպես գիտատեխնիկական տեղեկատվության միջպետական փոխանակումն ապահովող (այն մասով, որը պետությունը սահմանում է փոխանակման համար բավարար) տարր սահմանված տեղեկատվական ռեսուրսների ամբողջություն,
տեղեկատվական արտադրանք` փաստաթղթավորված տեղեկատվություն, որը պատրաստված է օգտագործողների կարիքներին համապատասխան և նախատեսված է կամ կիրառվում է օգտագործողների կարիքների բավարարման համար,
տեղեկատվական ծառայություններ` սուբյեկտների (սեփականատերերի և տիրապետողների) գործողությունները տեղեկատվական արտադրանքով օգտագործողներին ապահովելու ուղղությամբ,
փաստաթղթավորված տեղեկատվության, տեղեկատվական ռեսուրսների, տեղեկատվական արտադրանքի սեփականատեր` օրենքով սահմանված ծավալով նշված օբյեկտների տիրապետման, օգտագործման և տնօրինման լիազորություններն իրականացնող սուբյեկտ,
փաստաթղթավորված տեղեկատվության, տեղեկատվական ռեսուրսների, տեղեկատվական արտադրանքի տիրապետող` սեփականատիրոջ կողմից սահմանված ծավալով նշված օբյեկտների տիրապետման, օգտագործման և տնօրինման լիազորություններն իրականացնող սուբյեկտ,
տեղեկատվության, միջպետական տեղեկատվական փոխանակման միջոցների օգտագործող (այսուհետ` օգտագործող)` սեփականատիրոջը կամ տիրապետողին՝ իրեն անհրաժեշտ տեղեկատվական արտադրանք կամ միջպետական տեղեկատվական փոխանակման միջոցների օգտագործման հնարավորություն ստանալու համար դիմած և դրանք օգտագործող սուբյեկտ,
միջպետական տեղեկատվական փոխանակում` տեղեկատվական արտադրանքի փոխանցում և ստացում, ինչպես նաև տեղեկատվական ծառայությունների մատուցում պետական սահմանների վրայով, գործող իրավական ռեժիմին համապատասխան,
միջպետական տեղեկատվական փոխանակման միջոցներ` միջպետական տեղեկատվական փոխանակման ժամանակ օգտագործվող տեղեկատվական համակարգեր և ցանցեր, կապի ցանցեր,
տեղեկատվական ոլորտ (միջավայր)` տեղեկատվության ստեղծման, վերափոխման և սպառման հետ կապված սուբյեկտների գործունեության ոլորտ,
տեղեկատվական անվտանգություն` հասարակության տեղեկատվական միջավայրի պաշտպանվածության վիճակ, որն ապահովում է դրա ձևավորումը, օգտագործումը և զարգացումը՝ քաղաքացիների, կազմակերպությունների, պետության շահերից ելնելով:
Հ ո դ վ ա ծ 2
Յուրաքանչյուր Կողմ.
ապահովում է օգտագործողների համար բաց գիտատեխնիկական տեղեկատվության ազատ մուտք,
միջոցներ է ձեռնարկում տեղեկատվական կառուցվածքների համաձայնեցված գործողությունների իրականացման ուղղությամբ՝ համատեղ օգտագործման գիտատեխնիկական տեղեկատվության ռեսուրսների առավել լրիվ ձևավորման և արդյունավետ օգտագործման ապահովման հարցերով,
պայմաններ է ստեղծում Կողմերի համատեղ օգտագործման գիտատեխնիկական տեղեկատվության համար ազատ մուտքի սկզբունքի գործնական իրագործման համար,
կազմակերպում է տեղեկատվական միջոցների, տեղեկատվական արտադրանքի, տեղեկատվական համակարգերի հաշվառում և գրանցում, ինչպես նաև դրանց մասին տեղեկությունների հրապարակում,
ապահովում է գիտատեխնիկական տեղեկատվության էլեկտրոնային կատալոգների և տվյալների հասցեատեղեկատվական բազայի ձևավորումը:
Հ ո դ վ ա ծ 3
1. Ազատ մուտքի օբյեկտներ են հանդիսանում Կողմերի պետական տեղեկատվական ռեսուրսները, որոնք նախատեսված են միջպետական տեղեկատվական փոխանակման համար:
2. Տեղեկատվության օգտագործողները, անկախ բնակության երկրից և քաղաքացիությունից, ունեն բաց տեղեկատվական ռեսուրսների մուտքի հավասար իրավունքներ:
3. Օրինական հիմքերով պետական տեղեկատվական ռեսուրսներից ստացված տեղեկատվությունը նրանց կողմից կարող է օգտագործվել ածանցյալ տեղեկատվություն ստեղծելու համար: Գիտատեխնիկական տեղեկատվության օգտագործումը պետք է իրականացվի դրա աղբյուրի անպայման նշմամբ:
Հ ո դ վ ա ծ 4
1. Օգտագործողի կողմից գիտատեխնիկական տեղեկատվության ստացման կարգն ու պայմանները որոշում է սեփականատերը կամ տիրապետողը պայմանագրային հիմունքով: Գիտատեխնիկական տեղեկատվության տրամադրումը կարող է իրականացվել ինչպես անհատույց, անշահութաբեր հիմքով, այնպես էլ դրա առևտրային իրացման ճանապարհով՝ պահպանելով սույն Համաձայնագրով սահմանված պահանջները: Պետական տեղեկատվական ռեսուրսներից օգտագործողներին անվճար կամ անշահութաբեր հիմունքներով տրամադրվող տեղեկատվական ծառայությունների ցանկերը սահմանում է յուրաքանչյուր Կողմ:
2. Տրամադրվող գիտատեխնիկական տեղեկատվության և տեղեկատվական ապահովման ծառայությունների ցանկերը, դրա ստացման կարգի ու պայմանների մասին տեղեկությունները օգտագործողներին տրամադրվում են անվճար:
3. Գիտատեխնիկական տեղեկատվության փոխանակման կարգը և համատեղ օգտագործման տեղեկատվական ռեսուրսների մուտքը կանոնակարգող հրահանգչական-մեթոդական փաստաթղթերը հաստատվում են գիտատեխնիկական տեղեկատվության գծով Միջպետական համակարգող խորհրդի կողմից:
4. Փաստաթղթավորված տեղեկատվության, տեղեկատվական ռեսուրսների, տեղեկատվական արտադրանքի սեփականատերն իրավունք ունի հսկել միջպետական փոխանակման իր օբյեկտների պաշտպանության իրականացման նկատմամբ, արգելել կամ կասեցնել տեղեկատվական արտադրանքի փոխանցումը և միջպետական փոխանակման միջոցների մուտքը՝ պայմանագրով սահմանված պահանջները և պայմանները չկատարելու դեպքում:
Սեփականատերը պարտավոր է ապահովել օգտագործողների համար մուտք իր սեփականության օբյեկտներ, սույն Համաձայնագրով սահմանված պայմաններին համապատասխան:
Հ ո դ վ ա ծ 5
1. Կողմերի՝ տեղեկատվական ռեսուրսների ձևավորման և օգտագործման համար պատասխանատու պետական կառավարման մարմինները, ինչպես նաև Կողմերի կազմակերպությունները պայմաններ են ապահովում օգտագործողներին օպերատիվ կերպով ամբողջական և հավաստի տեղեկատվություն տրամադրելու համար:
2. Փաստաթղթավորված տեղեկատվության, տեղեկատվական ռեսուրսների, տեղեկատվական արտադրանքի տիրապետողը, նորմատիվ, ծրագրային և տեխնոլոգիական համատեղելիության հիման վրա, պարտավոր է ապահովել ազգային օրենսդրությամբ կամ այդ տեղեկատվական ռեսուրսների սեփականատիրոջ կողմից սահմանված տեղեկատվությունը օգտագործողին տրամադրելու կանոնների և մշակման ռեժիմի պահպանումը:
Հ ո դ վ ա ծ 6
1. Համատեղ օգտագործման տեղեկատվական ռեսուրսներն են.
մինչև 1991 թվականը Կողմերի համատեղ ստեղծած տեղեկատվական ռեսուրսներ,
1991 թվականից հետո ստեղծված և Կողմերի կողմից համատեղ օգտագործման համար տրամադրված տեղեկատվական ռեսուրսներ,
Կողմերի կողմից համատեղ ձևավորվող տեղեկատվական ռեսուրսներ:
2. Համատեղ օգտագործման տեղեկատվական ռեսուրսները տրամադրվում են հետևյալ ուղիներով.
գիտատեխնիկական տեղեկատվության հիմնադրամներին ազատ մուտքի ապահովում,
Կողմերի միջգրադարանային բաժանորդագրության օգտագործում,
մուտք համատեղ օգտագործման համակարգչային տեղեկատվական ցանցեր, տվյալների բազաներ և շտեմարաններ,
դիմում համատեղ օգտագործման տեղեկատու էլեկտրոնային կատալոգներ և հասցեատեղեկատվական տվյալների բազաներ:
3. Համատեղ օգտագործման տեղեկատվական ռեսուրսների պաշտպանությունը չթույլատրված մուտքից ապահովվում է Կողմերի օրենսդրական և այլ նորմատիվ ակտերով:
Հ ո դ վ ա ծ 7
1. Կողմերը պարտավորվում են.
նպաստել իրենց տեղեկատվական ռեսուրսների վիճակի և զարգացման մասին տեղեկությունների և փորձի փոխանակմանը,
խթանել միջպետական տեղեկատվական փոխանակման ակտիվությունը՝ տնտեսական բնույթի միջոցների համակարգի միջոցով,
օժանդակություն ցուցաբերել զարգացած տեղեկատվական ենթակառուցվածքների զարգացմանը, այդ թվում՝ ԱՊՀ մասնակից պետությունների կառավարությունների ղեկավարների Խորհրդի 1992 թվականի նոյեմբերի 13-ի` Որոշմամբ ստեղծված գիտատեխնիկական տեղեկատվության միջպետական փոխանակման զարգացման հիմնադրամի ձևավորմանը:
2. Գիտատեխնիկական տեղեկատվության Միջպետական համակարգող խորհրդի կողմից ընդունված գիտատեխնիկական տեղեկատվության միջպետական փոխանակման մեխանիզմի իրագործման սկզբունքային հարցերի կապակցությամբ հրահանգչական-մեթոդական փաստաթղթերի հիման վրա, Կողմերի՝ գիտատեխնիկական համագործակցության իրականացման համար պատասխանատու պետական մարմինները, ազգային օրենսդրությանը համապատասխան, իրականացնում են նորմատիվ-իրավական ակտերում համապատասխան փոփոխություններ և լրացումներ կատարելուն ուղղված միջոցառումներ:
3. Գիտատեխնիկական տեղեկատվության Պետական ռուբրիկատորի հիման վրա (ԳՈՍՏ 7.49-84) Կողմերը համատեղ մշակում են ԱՊՀ մասնակից պետությունների գիտատեխնիկական տեղեկատվության Միջպետական ռուբրիկատոր՝ հաշվի առնելով այդ պետությունների տեղեկատվական կարիքների առանձնահատկությունները: Մինչև նշված փաստաթղթի ընդունումը, Կողմերը որպես միջպետական օգտագործում են գիտատեխնիկական տեղեկատվության Պետական ռուբրիկատորը, ԳՈՍՏ 7.49-84-ին համապատասխան:
Հ ո դ վ ա ծ 8
Կողմերը միջոցներ կձեռնարկեն միջպետական տեղեկատվական փոխանակման մասնակիցների պետական օժանդակության սկզբունքների և մեխանիզմների մշակման և ներդրման հարցերով համաձայնեցված գործողությունների անցկացման համար, որոնք ուղղված են.
ազգային տեղեկատվական ռեսուրսների վիճակի որակական փոփոխությունների իրականացման համար գիտական հետազոտությունների անցկացմանը,
ժամանակակից տեղեկատվական տեխնոլոգիաների հիման վրա սկզբունքորեն նոր տեղեկատվական արտադրանքի և ծառայությունների ստեղծմանը,
միջպետական տեղեկատվական փոխանակման միջոցների և ազգային տեղեկատվական ենթակառուցվածքի ձևավորմանը, զարգացմանը և կատարելագործմանը:
Հ ո դ վ ա ծ 9
1. Կողմերը միջոցներ կձեռնարկեն փաստաթղթավորված տեղեկատվության և տեղեկատվական արտադրանքի տեսքով գիտատեխնիկական տեղեկատվության՝ առանց մաքսերի գանձման ներմուծման, արտահանման և տեղափոխման ընթացակարգի մշակման ուղղությամբ՝ մաքսային մարմիններին ներկայացնելով միայն Համագործակցության մասնակից պետությունների ազգային օրենսդրությանը և միջազգային համաձայնագրերին համապատասխան ձևակերպված ուղեկցող փաստաթղթեր:
Կողմերը միջոցներ կձեռնարկեն միանալու համար 1950 թվականի նոյեմբերի 22-ի՝ Կրթական, գիտական և մշակութային բնույթի նյութերի ներմուծման մասին Միջազգային Համաձայնագրին (Ֆլորենցյան կոնվենցիա) և 1976 թվականի նոյեմբերի 26-ի՝ դրա Արձանագրությանը, որը սահմանում է, որ կրթական, գիտական և մշակութային բնույթի գրքերի, թերթերի, պարբերական և այլ հրատարակությունների՝ այդ Համաձայնագրի մասնակից երկրներ ներմուծելիս և դրանցից արտահանելիս, մաքսային ձևակերպումն իրականացվում է առանց մաքսային տուրքերի և ավելացված արժեքի հարկի գանձման:
Հ ո դ վ ա ծ 10
Յուրաքանչյուր Կողմ ձեռնպահ է մնում սույն Համաձայնագրի դրույթներին հակասող և դրանում դրված նպատակների իրագործմանը խոչընդոտող, ինչպես նաև այլ Կողմերին վնաս հասցնող գործողություններից:
Հ ո դ վ ա ծ 11
Սույն Համաձայնագրի կիրառման և մեկնաբանման հետ կապված վիճելի հարցերը լուծվում են շահագրգիռ Կողմերի միջև խորհրդակցությունների և բանակցությունների միջոցով:
Վիճելի հարցերը բանակցությունների միջոցով լուծելու անհնարինության դեպքում Կողմերը դիմում են Անկախ Պետությունների Համագործակցության Տնտեսական դատարան կամ այլ միջազգային դատական մարմիններ:
Հ ո դ վ ա ծ 12
Կողմերի ընդհանուր համաձայնությամբ սույն Համաձայնագրում կարող են կատարվել փոփոխություններ և լրացումներ առանձին արձանագրությունների ձևով, որոնք հանդիսանում են Համաձայնագրի անբաժանելի մասը և ուժի մեջ են մտնում սույն Համաձայնագրի 16-րդ հոդվածով նախատեսված կարգով:
Հ ո դ վ ա ծ 13
Սույն Համաձայնագրի դրույթները չեն շոշափում Կողմերի՝ այլ միջազգային պայմանագրերին համապատասխան ստանձնած պարտավորությունները:
Հ ո դ վ ա ծ 14
Յուրաքանչյուր Կողմ կարող է դուրս գալ սույն Համաձայնագրից, այդ մասին դուրս գալուց առնվազն վեց ամիս առաջ գրավոր ծանուցում ուղարկելով ավանդապահին:
Հ ո դ վ ա ծ 15
Սույն Համաձայնագիրը բաց է նրա նպատակները և սկզբունքները կիսող և սույն Համաձայնագրից բխող պարտավորությունները ստանձնելու պատրաստ, այլ պետությունների կողմից միանալու համար՝ այդպիսի միացման մասին փաստաթղթերը ավանդապահին հանձնելու միջոցով:
Հ ո դ վ ա ծ 16
Սույն Համաձայնագիրը ժամանակավորապես կիրառվում է ստորագրման օրվանից, եթե դա չի հակասում Կողմերի օրենսդրությանը և ուժի մեջ է մտնում այն ստորագրած Կողմերի կողմից դրա ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ՝ ներպետական ընթացակարգերը կատարելու մասին երրորդ ծանուցումը ավանդապահին ի պահ հանձնելու օրվանից:
Անհրաժեշտ ներպետական ընթացակարգերն ավելի ուշ կատարած Կողմերի համար այն ուժի մեջ է մտնում նրանց կողմից համապատասխան փաստաթղթերը ավանդապահին հանձնելու օրվանից:
Կատարված է Մոսկվա քաղաքում 1998 թվականի սեպտեմբերի 11-ին, մեկ բնօրինակով՝ ռուսերեն: Բնօրինակը պահվում է Անկախ Պետությունների Համագործակցության Գործադիր քարտուղարությունում, որը սույն Համաձայնագիրը ստորագրած յուրաքանչյուր պետությանը կուղարկի դրա հաստատված պատճենը:
*Համաձայնագիրը Հայաստանի Հանրապետության համար ուժի մեջ է մտել 2000 թվականի հոկտեմբերի 17-ից: