Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (27.05.2010-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2010.08.10/37(771).1 Հոդ.898.8
Принят
Վճռաբեկ դատարան
Дата принятия
27.05.2010
Подписан
Նախագահող
Дата подписания
27.05.2010
Дата вступления в силу
27.05.2010

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

ՀՀ վարչական դատարանի վճիռ
Վարչական գործ թիվ ՎԴ/0617/05/09

Վարչական գործ թիվ ՎԴ/0617/05/09

2010թ.

Նախագահող դատավոր՝ Գ. Ղարիբյան

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան)

նախագահությամբ

Ս. Սարգսյանի

մասնակցությամբ դատավորներ

Ա. Բարսեղյանի

 

Վ. Աբելյանի

Ս. Անտոնյանի

Վ. Ավանեսյանի

Մ. ԴՐՄԵՅԱՆԻ

Ե. Խունդկարյանի

Է. Հայրիյանի

Տ. Պետրոսյանի

 

2010 թվականի մայիսի 27-ին

դռնբաց դատական նիստում, քննելով ՀՀ Կոտայքի մարզի Պռոշյան համայնքի ղեկավար Հրաչ Մուրադյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վարչական դատարանի 27.07.2009 թվականի վճռի դեմ՝ ըստ հայցի Ալինա Հովհաննիսյանի, Գոհարիկ Եղիկյանի, Անիչկա Մուրադյանի, Նառա Մարտոյանի ընդդեմ ՀՀ Կոտայքի մարզի Պռոշյան համայնքի (այսուհետ՝ Համայնք)՝ Պռոշյան համայնքի ավագանու 04.12.2008 թվականի թիվ 2/1 որոշումն անվավեր ճանաչելու պահանջի մասին,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը

 

Դիմելով դատարան՝ Ալինա Հովհաննիսյանը, Գոհարիկ Եղիկյանը, Անիչկա Մուրադյանը, Նառա Մարտոյանը պահանջել են անվավեր ճանաչել Պռոշյան համայնքի ավագանու 04.12.2008 թվականի թիվ 2/1 որոշումը։

ՀՀ վարչական դատարանի (այսուհետ` Դատարան) 27.07.2009 թվականի վճռով հայցը բավարարվել է։

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Պռոշյան համայնքի ղեկավար Հրաչ Մուրադյանը։

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել։

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը

 

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Դատարանը խախտել է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 24-րդ հոդվածը, կիրառել է «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 20-րդ, 21-րդ, 29-րդ և 35-րդ հոդվածները, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 68-րդ հոդվածը, որոնք չպետք է կիրառեր, չի կիրառել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 62-րդ հոդվածը, «Պետական կառավարչական հիմնարկների մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածը, որոնք պետք է կիրառեր։

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանում է հետևյալ փաստարկներով.

Դատարանի կողմից չի գնահատվել գործում առկա 05.12.2008 թվականի Պռոշյան համայնքի ղեկավարի լուծարման գործընթացը սկսելու և լուծարային հանձնաժողով ստեղծելու մասին թիվ 46 կարգադրությունը, և գործի քննությամբ հաստատված է համարվել այն, որ լուծարային հանձնաժողով չի ստեղծվել։

Դատարանը, «մանկավարժական խորհրդի» 06.02.2009 թվականի նիստի արձանագրության հիման վրա ապացուցված է համարել, որ Ալինա Հովհաննիսյանը, Գոհարիկ Եղիկյանը, Անիչկա Մուրադյանը, Նառա Մարտոյանը մանկավարժական խորհրդի անդամներ են։ Մինչդեռ Պռոշյան համայնքի մսուր-մանկապարտեզ հիմնարկի կանոնադրության (այսուհետ` Կանոնադրություն) 35-րդ կետի համաձայն՝ մանկավարժական խորհուրդը ձևավորվում է համայնքի ղեկավարի կողմից։ Մինչդեռ գործում առկա չէ որևէ ապացույց այն մասին, որ ձևավորվել է մանկավարժական խորհուրդ, և Ալինա Հովհաննիսյանը, Գոհարիկ Եղիկյանը, Անիչկա Մուրադյանը, Նառա Մարտոյանը մանկավարժական խորհրդի անդամներ են։

Դատարանը հաշվի չի առել այն հանգամանքը, որ հիմնարկն իրավաբանական անձ չէ, և գործում է օրենքների, իրավական այլ ակտերի և հիմնադրի կողմից հաստատված Կանոնադրության հիման վրա։ Կանոնադրության 32-րդ և 33-րդ կետերի համաձայն՝ բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի, մանկապարտեզի հիմնադիրն ունի հաստատության գործունեությանը և կառավարմանը վերաբերող ցանկացած հարց վերջնական լուծելու, այդ թվում՝ հաստատության վերակազմակերպման և լուծարման իրավունք։ Ավելին, մանկավարժական խորհուրդը ստեղծվում է միայն ուսումնադաստիարակչական աշխատանքների արդյունավետ կազմակերպման նպատակով։

Բացի այդ, համայնքի զարգացման գործընթացը համայնքի՝ ի դեմս իր կառավարման մարմինների բացառիկ լիազորությունն է, ինչն ամրագրված է ՀՀ Սահմանադրությամբ և օրենքներով։

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Դատարանի 27.07.2009 թվականի վճիռը։

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը

 

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը՝

1) Իրավաբանական անձի առանձնացված ստորաբաժանման, հիմնարկի հաշվառման թիվ 01Բ 000782 վկայականի համաձայն՝ ՀՀ Կոտայքի մարզի Պռոշյան համայնքի մսուր-մանկապարտեզ հիմնարկի հիմնադիրը ՀՀ Կոտայքի մարզի Պռոշյանի գյուղապետարանն է (գ.թ. 26)։

2) ՀՀ առողջապահության նախարարության պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության Կոտայքի մարզային կենտրոնի 25.11.2008 թվականի թիվ 04/07Տ-24/64 գրությամբ Համայնքի ղեկավարին առաջարկվել է 24.08.2007 թվականին կազմված ակտով արձանագրված խախտումները վերացնելու նպատակով միջոցներ ձեռնարկել մինչև 2009 թվականի գարնանը մանկապարտեզի արմատական վերանորոգման և թերությունների վերացման ուղղությամբ։ Միաժամանակ հայտնվել է, որ վերանորոգման և թերությունների վերացման ուղղությամբ միջոցառումներ չձեռնարկելու դեպքում մանկապարտեզի հետագա շահագործումը կարգելվի (գ.թ.37)։

3) Համայնքի ավագանին 04.12.2008 թվականին ընդունել է թիվ 2/1 որոշումը, համաձայն որի՝ «1. Լուծարել համայնքային ենթակայության մսուր-մանկապարտեզը` օրենքով սահմանված կարգով։

2. Հիմնանորոգումից հետո շենքը շահագործել նույն նպատակով» (գ.թ.13)։

4) Համայնքի ղեկավարի 05.12.2008 թվականի թիվ 46 կարգադրությամբ ստեղծվել է լուծարային հանձնաժողով (գ.թ. 60)։

5) Պետական ռեգիստրի Նաիրիի տարածքային բաժնի 09.02.2009 թվականի թիվ 9 գրության համաձայն՝ Համայնքի մսուր-մանկապարտեզը գտնվում է լուծարային գործընթացում (գ.թ. 40)։

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները

 

Քննելով վճռաբեկ բողոքը նշված հիմքի սահմաններում` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այն հիմնավոր է մասնակիորեն հետևյալ պատճառաբանությամբ.

Սույն գործով հայցի առարկան է համայնքի ավագանու որոշումը համայնքային ենթակայության ներքո գտնվող մսուր-մանկապարտեզը լուծարելու մասին։

Վճռաբեկ դատարանը գտնում է, որ բողոքի հիմքում բարձրացված իրավական հարցին պատասխանելու համար վճռաբեկ բողոքի շրջանակներում պետք է քննարկման առարկա դարձվի հետևյալ հարցադրումը.

Արդյո՞ք համայնքային ենթակայության ներքո գտնվող մսուր-մանկապարտեզը լուծարելու մասին համայնքի ավագանու որոշումը վարչական ակտ է։

ՀՀ Սահմանադրության 104-րդ հոդվածի համաձայն` տեղական ինքնակառավարումն իրականացվում է համայնքներում։ Տեղական ինքնակառավարումը համայնքի իրավունքն ու կարողությունն է` սեփական պատասխանատվությամբ բնակիչների բարօրության նպատակով Սահմանադրությանը և օրենքներին համապատասխան լուծելու տեղական նշանակության հարցերը։

«Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի համաձայն` համայնքն իրավաբանական անձ է, որի առանձնահատկությունները սահմանվում են օրենքով։ Համայնքն ինքնուրույն տնօրինում է իր սեփականությունը, ունի բյուջե։

Նույն օրենքի 52-րդ հոդվածի համաձայն` համայնքն իր լիազորությունների իրականացման նպատակով համայնքի ավագանու որոշմամբ կարող է ստեղծել բյուջետային հիմնարկներ։

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 62-րդ հոդվածի համաձայն` հիմնարկ է համարվում կառավարչական, սոցիալ-մշակութային, կրթական կամ ոչ առևտրային բնույթի այլ գործունեություն իրականացնելու համար իրավաբանական անձի ստեղծած կազմակերպությունը։ Հիմնարկն իրավաբանական անձ չէ և գործում է իրավաբանական անձի կանոնադրության հիման վրա։ Հիմնարկի պարտավորությունների համար պատասխանատվություն է կրում այն ստեղծած իրավաբանական անձը։

«Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 16-րդ հոդվածի 14-րդ կետի համաձայն` համայնքի ավագանին օրենքով սահմանված կարգով որոշում է կայացնում համայնքային բյուջետային հիմնարկների լուծարման մասին։

Համայնքի մսուր-մանկապարտեզ հիմնարկի կանոնադրության 1-ին և 2-րդ կետերի համաձայն՝ մսուր-մանկապարտեզը բյուջետային հիմնարկ է։

Նույն կանոնադրության 33-րդ կետի ե) և է) ենթակետերի համաձայն` մանկապարտեզի հիմնադրի` համայնքի ղեկավարի բացառիկ լիազորություններն են՝

հաստատության վերակազմակերպումը և լուծարումը,

հաստատության լուծարման հանձնաժողովի ստեղծումը և լուծարման հաշվեկշռի հաստատումը։

Նշված նորմերի վերլուծությունից հետևում է, որ հիմնարկը համայնքի կողմից ստեղծված կազմակերպություն է, որը ստեղծվել է համայնքի լիազորությունների իրականացման նպատակով։ Համայնքին է վերապահված ՀՀ Սահմանադրությանը և օրենքներին համապատասխան տեղական նշանակության հարցերը լուծելու, այդ թվում` համայնքի ենթակայության տակ գտնվող բյուջետային հիմնարկները լուծարելու հարցը։

Վճռաբեկ դատարանն իր՝ նախկինում կայացրած որոշումներում անդրադարձել է վարչական ակտի իրավական բնորոշմանը։

Մասնավորապես, վերլուծելով «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 19-րդ և 20-րդ հոդվածները, Վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ վարչական վարույթը մի գործընթաց է, որը կարող է բաղկացած լինել մի քանի փուլերից, և այդ բոլոր փուլերը հետապնդում են միասնական նպատակ, այն է՝ վարչական ակտի ընդունում։

Միաժամանակ Վճռաբեկ դատարանը նշել է, որ «Վարչարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 53-րդ հոդվածի իմաստով վարչական ակտի բնորոշման հատկանիշ է համարվում արտաքին ներգործությունը, հանրային իրավունքի բնագավառում կոնկրետ գործի կարգավորման նպատակ հետապնդելը, և այդ ակտը պետք է ուղղված լինի անձանց համար իրավունքներ և պարտականություններ սահմանելուն, փոփոխելուն, վերացնելուն կամ ճանաչելուն (տե´ս «Ծառայության հանքարտադրողների ոլորտային հարկային տեսչության ընդդեմ «Գևորգ-Ա» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության` 11 191 000 (տասնմեկ միլիոն մեկ հարյուր իննսունմեկ հազար) ՀՀ դրամ բռնագանձելու և հակընդդեմ հայցի` Ծառայության Թալինի տարածքային հարկային տեսչության 2006 թվականի սեպտեմբերի 5-ի թիվ ՍԱ-148469 ստուգման ակտն անվավեր ճանաչելու պահանջների մասին Վճռաբեկ դատարանի 06.07.2007 թվականի թիվ 3-918(ՏԴ) որոշումը)։

Մինչդեռ համայնքի ավագանու 04.12.2008 թվականի թիվ 2/1 որոշումը վերաբերում է միայն համայնքի կողմից ստեղծված և իր ենթակայության տակ գտնվող հիմնարկը` մսուր-մանկապարտեզը, օրենքով սահմանված կարգով լուծարելուն։ Այսինքն՝ այն չունի արտաքին ներգործություն և անմիջականորեն ուղղված չէ այլ անձանց համար իրավունքներ կամ պարտականություններ սահմանելուն, փոփոխելուն, վերացնելուն կամ ճանաչելուն, այսինքն` նշված ակտը «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի իմաստով չի կարող գնահատվել որպես վարչական ակտ, քանի որ իրենից ներկայացնում է հիմնադրի՝ համայնքի կողմից իր ենթակայության բյուջետային հիմնարկի՝ մսուր-մանկապարտեզի գործունեությունը դադարեցնելուն ուղղված իրավական ակտ։

Այսպիսով, վճռաբեկ բողոքի վերոնշյալ հիմքը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 228-րդ հոդվածի ուժով Դատարանի վճիռը բեկանելու համար։

Միաժամանակ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ տվյալ դեպքում անհրաժեշտ է կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-րդ հոդվածի 1-ին կետի 4-րդ ենթակետով սահմանված՝ ստորադաս դատարանի դատական ակտը փոփոխելու ՀՀ վճռաբեկ դատարանի լիազորությունը հետևյալ հիմնավորմամբ.

ՀՀ Սահմանադրության 19-րդ հոդվածի և «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ՝ Կոնվենցիայի) 6-րդ հոդվածի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի ողջամիտ ժամկետում իր գործի քննության իրավունք։ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գործը ողջամիտ ժամկետում քննելը հանդիսանում է ՀՀ Սահմանադրության և Կոնվենցիայի վերը նշված հոդվածներով ամրագրված անձի արդար դատաքննության իրավունքի տարր, հետևաբար, գործի անհարկի ձգձգումները վտանգ են պարունակում նշված իրավունքի խախտման տեսանկյունից։ Տվյալ դեպքում, Վճռաբեկ դատարանի կողմից ստորադաս դատարանի դատական ակտը փոփոխելը բխում է արդարադատության արդյունավետության շահերից։

Դատական ակտը փոփոխելիս Վճռաբեկ դատարանը հիմք է ընդունում սույն որոշման պատճառաբանությունները, ինչպես նաև գործի նոր քննության անհրաժեշտության բացակայությունը։ Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-2412-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել։ Բեկանել ՀՀ վարչական դատարանի 27.07.2009 թվականի վճիռը և այն փոփոխել. Ալինա Հովհաննիսյանի, Գոհարիկ Եղիկյանի, Անիչկա Մուրադյանի, Նառա Մարտոյանի հայցը մերժել։

2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման։

 

Նախագահող`

 

Ս. Սարգսյան

Դատավորներ`

 

Ա. Բարսեղյան

 

Վ. Աբելյան

Ս. Անտոնյան

Վ. Ավանեսյան

Մ. ԴՐՄԵՅԱՆ

Ե. Խունդկարյան

Է. Հայրիյան

Տ. Պետրոսյան