Գլխավոր տեղեկություն
Տիպ
Համաձայնագիր
Тип
Исходный акт (07.06.2001-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2012.08.15/39(913)
Принят
Հայաստանի Հանրապետություն
Дата принятия
25.01.2000
Дата подписания
25.01.2000
Дата вступления в силу
07.06.2001

Հ Ա Մ Ա Ձ Ա Յ Ն Ա Գ Ի Ր

 

Անկախ Պետությունների Համագործակցության մասնակից պետությունների էլեկտրական էներգիայի և հզորության տարանցման մասին

 

Սույն Համաձայնագրի մասնակից պետությունների Կառավարությունները, այսուհետ` Կողմեր,

առաջնորդվելով 1991թվականի դեկտեմբերի 17-ի՝ Էներգետիկական խարտիայի և 1994 թվականի դեկտեմբերի 17-ի՝ Էներգետիկական խարտիային կից Պայմանագրի դրույթներով,

հիմնվելով 1992 թվականի փետրվարի 14-ի՝ Անկախ Պետությունների Համագործակցության էներգետիկայի բնագավառում միջպետական հարաբերությունների համակարգման Համաձայնագրի վրա,

առաջնորդվելով «Անկախ Պետությունների Համագործակցության մասնակից պետությունների էլեկտրաէներգետիկական համակարգերի զուգահեռ աշխատանքի ապահովման մասին» 1998 թվականի նոյեմբերի 25-ի՝ Պայմանագրով,

հայտնելով փոխադարձ վստահության և Կողմերի էլեկտրաէներգետիկական համակարգերի կառավարմանը չմիջամտելու հիման վրա էլեկտրաէներգետիկայի բնագավառում իրավահավասար համագործակցության պատրաստակամություն,

նպատակ ունենալով օգտագործել Կողմերի էլեկտրաէներգետիկական համակարգերի զուգահեռ աշխատանքի տեխնիկական և տնտեսական առավելությունները և իրականացնել միջհամակարգային արդյունքները,

ընդունելով էլեկտրաէներգիայի առևտրում աճող շահագրգռվածությունը,

ձգտելով աջակցել էլեկտրական էներգիայի և հզորության բաց շուկայի կայացմանը,

 

համաձայնեցին ներքոհիշյալի մասին.

 

Հ ո դ վ ա ծ  1

 

Սույն Համաձայնագրի նպատակների համար հետևյալ հասկացությունները նշանակում են՝

էլեկտրական էներգիայի և հզորության տարանցում`

 ա) Կողմի տարածքով, նրա էլեկտրական ցանցերով, այլ պետության տարածքում արտադրված և երրորդ պետության տարածքի համար նախատեսված, էլեկտրական էներգիայի և հզորության հաղորդում, պայմանով, որ կամ այլ պետությունը կամ երրորդ պետությունը հանդիսանում են սույն Համաձայնագրի մասնակից պետություն,

բ) էլեկտրական էներգիայի և հզորության հաղորդում մի Կողմի երկու կետերի միջև մյուս Կողմի տարածքով՝ նրա էլեկտրական ցանցերով,

տնտեսվարող սուբյեկտ` իրավաբանական կամ ֆիզիկական անձ, որը զբաղվում է էլեկտրական էներգիայի և հզորության արտադրությամբ, փոխադրումով, բաշխումով՝ պետության ազգային օրենսդրությանը համապատասխան:

 

Հ ո դ վ ա ծ  2

 

Կողմերը, առկա տեխնիկական հնարավորությունների սահմաններում, ապահովում են իրենց տարածքներով էլեկտրական էներգիայի և հզորության անարգել տարանցումը՝ անկախ էլեկտրական էներգիայի և հզորության ծագման վայրից, նշանակման վայրից և սեփականատերից, ըստ համաձայնեցված, տնտեսապես հիմնավորված և թափանցիկ սակագների, կնքված պայմանագրերին համապատասխան:

 

Հ ո դ վ ա ծ  3

 

Էլեկտրական էներգիայի և հզորության տարանցումն իրականացվում է Կողմերի տնտեսվարող սուբյեկտների (անկախ սեփականության ձևերից և գերատեսչական պատկանելությունից) կնքած պայմանագրերի (կոնտրակտների) հիման վրա:

Էլեկտրական էներգիայի և հզորության տարանցումն իրականացվում է լարման բոլոր դասերի էլեկտրահաղորդման գծերով, անկախ գերատեսչական պատկանելությունից, համաձայն Կողմերի հաստատած էլեկտրահաղորդման միջպետական գծերի և գործող նորմատիվ ակտերին և/կամ Կողմերի տնտեսվարող սուբյեկտների միջև կնքված պայմանագրի պայմաններին համապատասխանող էլեկտրական էներգիայի հաշվառման համակարգերով սարքավորված էլեկտրական էներգիայի մաքսային հսկողության կետերի ցանկերի:

 

Հ ո դ վ ա ծ  4

 

Յուրաքանչյուր Կողմ պարտավորվում է արտաքին առևտրային պայմանագրերում և այլ՝ էլեկտրական էներգիայի և հզորության տարանցումը և տարանցման համար էլեկտրահաղորդման գծերի օգտագործումը կարգավորող համապատասխան փաստաթղթերում նախատեսել տարանցման ոչ պակաս բարենպաստ ռեժիմ, քան այն, որը նախատեսվում է իր սեփական տարածքում արտադրվող կամ իր սեփական կարիքների համար նախատեսվող էլեկտրական էներգիայի և հզորության հաղորդումը կարգավորող տեխնիկատեխնոլոգիական և նորմատիվ-իրավական ակտերով:

 

Հ ո դ վ ա ծ  5

 

Կողմերը աջակցում են էլեկտրական էներգիայի և հզորության տարանցման առկա համակարգերի առավելագույն օգտագործմանը:

 

Հ ո դ վ ա ծ  6

 

Այն դեպքում, երբ տարանցումն իրականացնող Կողմի տարանցման հնարավորությունները ցածր են, քան հնարավոր մասնակիցների կողմից ներկայացրած էլեկտրական էներգիայի և հզորության տարանցումային գործառնություններ կատարելու առաջարկները, առաջնահերթությունը սահմանում է այն Կողմը, որն իրականացնում է տարանցումը, ելնելով բացառապես այս կամ այն առաջարկի տեխնիկատնտեսական նախընտրությունից:

 

Հ ո դ վ ա ծ  7

 

Կողմերը աջակցում են էլեկտրական էներգիայի և հզորության տարանցումն իրականացնող Կողմի տարածքում առկա էլեկտրահաղորդման գծերի վերակառուցմանը և/կամ նոր էլեկտրահաղորդման գծերի կառուցմանը:

Դրամական և նյութական միջոցների ներդրման կարգը էլեկտրական էներգիայի և հզորության տարանցման համար առկա հզորությունների վերակառուցման և/կամ նոր հզորությունների կառուցման նպատակով, ինչպես նաև նման օբյեկտների նկատմամբ իրավունքների բաշխումը, կսահմանվեն առանձին երկկողմ և բազմակողմ համաձայնագրերով՝ կնքված ներդրումային ծրագրերի մասնակիցների միջև:

 

Հ ո դ վ ա ծ  8

 

Կողմերն իրականացնում են գործնական միջոցառումներ՝ ուղղված էլեկտրական էներգիայի և հզորության տարանցման իրենց իրավական, ինստիտուցիոնալ և տեխնոլոգիական նորմերի և մեխանիզմների ներդաշնակեցմանը:

 

Հ ո դ վ ա ծ  9

 

Կողմերի միջև փոխադրվող էլեկտրաէներգիայի մաքսային ձևակերպումը և մաքսային հսկողությունը իրականացվում է Կողմերի մաքսային օրենսդրություններին և այդ բնագավառում Համագործակցության շրջանակներում Կողմերի ընդունած այլ փաստաթղթերին համապատասխան:

 

Հ ո դ վ ա ծ  10

 

Էլեկտրական էներգիայի և հզորության տարանցման ծառայությունները վճարվում են Կողմերի տնտեսվարող սուբյեկտների՝ էլեկտրական էներգիայի և հզորության տարանցման գծով պայմանագրերի (կոնտրակտների) մասնակիցների միջև համաձայնեցված սակագներով:

Էլեկտրական էներգիայի և հզորության տարանցման ծավալի որոշումը կատարվում է շահագրգիռ Կողմերի համաձայնեցմամբ:

 

Հ ո դ վ ա ծ  11

 

Կողմերը միջոցներ են ձեռնարկում էլեկտրական էներգիայի և հզորության տարանցման համար ժամանակին վճարումների ապահովման ուղղությամբ:

 

Հ ո դ վ ա ծ  12

 

Յուրաքանչյուր Կողմ պարտավորվում է ունենալ հակավթարային ավտոմատիկա այնպիսի ծավալով, որը բավարար է մյուս Կողմի տարածքում առաջացող համակարգային (կասկադային) վթարների զարգացում չթույլատրելու համար:

 

Հ ո դ վ ա ծ  13

 

Էլեկտրական էներգիայի և հզորության տարանցման վրա ազդող վթարային իրավիճակների առաջացման դեպքում, Կողմերը և/կամ տնտեսվարող սուբյեկտները աջակցում են վթարների զարգացման կանխմանը և օգնում են դրանց հետևանքների վերացմանը:

Վթարով պայմանավորված էլեկտրական էներգիայի և հզորության տարանցման ծավալի նվազեցման հետևանքով վնասի փոխհատուցման կարգը կսահմանվի էլեկտրական էներգիայի և հզորության տարանցման պայմանագրերին (կոնտրակտներին) համապատասխան:

 

Հ ո դ վ ա ծ  14

 

Վթարների արագ վերացման նպատակով Կողմը, որի տարածքում տեղի է ունեցել վթարը, իրավունք է ընձեռում մյուս Կողմերի վթարավերականգնողական ստորաբաժանումներին ազատորեն իր տարածք ներկրել և/կամ դուրս տանել սարքավորումներ և նյութեր՝ համաձայն այդ ստորաբաժանումների տեխնիկական սարքավորվածության ցանկի, որոնք ենթակա են պարտադիր հայտարարագրման և մաքսային հսկողության: Ընդ որում, Կողմերը պարտավորվում են նշված սարքավորումների և նյութերի համար չգործածել մաքսային տուրքեր և դրանց համարժեք գանձումներ, ինչպես նաև ոչ սակագնային բնույթի սահմանափակումներ:

 

Հ ո դ վ ա ծ  15

 

Կողմերը միջոցներ են ձեռնարկում, այդ թվում՝ համատեղ, որպեսզի, Կողմերից ոչ մեկը չհայտնվի էլեկտրական էներգիայի և հզորության մատակարարման աղբյուրներից անջատման և մատակարարողների, սպառողների և տարանցման մասնակիցների շահերին վնաս հասցնելու վտանգի առջև:

Էլեկտրաէներգետիկ օբյեկտները, որոնց միջոցով իրականացվում է և/կամ որոնք ապահովվում են տարանցումը, շահագործող տնտեսվարող սուբյեկտների գործունեությունը կանոնակարգվում է Կողմերի ազգային օրենսդրությամբ և նրանց միջև կնքված համաձայնագրերով:

 

Հ ո դ վ ա ծ  16

 

Կողմերը տեղեկացնում են միմյանց և Անկախ Պետությունների Համագործակցության էլեկտրաէներգետիկական խորհրդին նոր իրավական ակտերի պատրաստման, էլեկտրական էներգիայի և հզորություն տարանցման բնագավառում հարկային և մաքսային օրենսդրությունների փոփոխությունների մասին, անցկացնում են համապատասխան խորհրդակցություններ՝ փոխընդունելի որոշումների հասնելու նպատակով:

Կողմերը տեղեկացնում են միմյանց հարկային և մաքսային օրենսդրությունների բնագավառում նոր իրավական ակտերի ընդունման մասին՝ նրանց ուժի մեջ մտնելու օրվանից մեկ ամսվա ընթացքում:

 

Հ ո դ վ ա ծ  17

 

Սույն Համաձայնագիրը չի շոշափում այն միջազգային համաձայնագրերի դրույթները, որոնց մասնակից են հանդիսանում Կողմերը:

 

Հ ո դ վ ա ծ  18

 

Սույն Համաձայնագրի կիրառման կամ մեկնաբանման հետ կապված վիճելի հարցերը լուծվում են շահագրգիռ Կողմերի միջև խորհրդակցությունների և բանակցությունների միջոցով: Վիճելի հարցերը բանակցությունների միջոցով կարգավորելու անհնարինության դեպքում Կողմերը դիմում են արբիտրաժային կամ այլ միջազգային դատարաններ:

 

Հ ո դ վ ա ծ  19

 

Էլեկտրական էներգիայի և հզորություն տարանցման վերաբերյալ Կողմերի միջև վեճ ծագելու դեպքում նրանք չեն դադարեցնում և չեն կրճատում էլեկտրական էներգիայի և հզորություն տարանցիկ մատակարարումները, ինչպես նաև ապահովում են նախկինում ձեռք բերված բոլոր պայմանավորվածությունների պահպանումը մինչև վեճի վերջնական լուծումը, ընդ որում՝ առաջնորդվելով 1991 թվականի՝ էներգետիկական խարտիայի, էներգետիկական խարտիային կից 1994 թվականի դեկտեմբերի 17-ի՝ Պայմանագրի, տնտեսվարող սուբյեկտների միջև կնքված այլ միջազգային համաձայնագրերի ու պայմանագրերի դրույթներով:

 

Հ ո դ վ ա ծ  20

 

Սույն Համաձայնագիրը գործում է ուժի մեջ մտնելու օրվանից հինգ տարվա ընթացքում: Այդ ժամանակահատվածի ավարտից հետո Համաձայնագիրն ինքնաբերաբար կերկարաձգվի ամեն անգամ նոր հնգամյա ժամանակահատվածով, եթե Կողմերը այլ որոշում չընդունեն:

 

Հ ո դ վ ա ծ  21

 

Յուրաքանչյուր Կողմ կարող է դուրս գալ սույն Համաձայնագրից` դուրս գալու ամսաթվից առնվազն մեկ տարի առաջ այդ մասին գրավոր ծանուցում հղելով ավանդապահին, կատարելով Համաձայնագրի գործողության ընթացքում առաջացած ֆինանսական և այլ պարտավորությունները:

 

Հ ո դ վ ա ծ  22

 

Աույն Պայմանագիրը բաց է դրա նպատակները և սկզբունքները կիսող այլ պետությունների կողմից միանալու համար՝ միանալու վերաբերյալ փաստաթղթերը ավանդապահին հանձնելու միջոցով: Միացումը համարվում է ուժի մեջ մտած միանալու մասին ծանուցումը ավանդապահի ստանալու օրվանից:

 

Հ ո դ վ ա ծ  23

 

Բոլոր Կողմերի ընդհանուր համաձայնությամբ սույն Համաձայնագրում կարող են կատարվել փոփոխություններ և լրացումներ, որոնք ձևակերպվում են Համաձայնագրի անբաժանելի մասը կազմող համապատասխան արձանագրություններով և ուժի մեջ են մտնում սույն Համաձայնագրի 24-րդ հոդվածով նախատեսված կարգով:

 

Հ ո դ վ ա ծ  24

 

Սույն Համաձայնագիրն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից, իսկ այն պետութունների համար, որոնց օրենսդրությունը պահանջում է համաձայնագրի ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգերի կատարում՝ համապատասխան փաստաթղթերը ավանդապահին հանձնելու օրվանից:

 

Կատարված է Մոսկվա քաղաքում, 2000 թվականի հունվարի 25-ին, մեկ բնօրինակով՝ ռուսերեն: Բնօրինակը պահվում է Անկախ Պետությունների Համագործակցության Գործադիր կոմիտեում, որը սույն Համաձայնագիրը ստորագրած յուրաքանչյուր պետության կուղարկի Համաձայնագրի հավաստված պատճենը:

 

*Համաձայնագիրը Հայաստանի Հանրապետության համար ուժի մեջ է մտել 2001 թվականի հունիսի 7-ից: