Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Тип
Ինկորպորացիա (10.09.2010-մինչ օրս)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2010.10.20/51(785) Հոդ.1178
Принят
Վճռաբեկ դատարան
Дата принятия
10.09.2010
Подписан
Նախագահող
Дата подписания
10.09.2010
Дата вступления в силу
10.09.2010

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական
դատարանի որոշում 

Քաղաքացիական գործ թիվ 07-2920

Քաղաքացիական գործ թիվ 3-248 /ՎԴ/

2010թ.

Նախագահող դատավոր՝ Լ. Սոսյան

Դատավորներ՝ Կ. Հակոբյան

                  Ն. Հովսեփյան

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան)

նախագահությամբ

Վ. Աբելյանի

մասնակցությամբ դատավորներ

Տ. Պետրոսյանի

 

Ս. Անտոնյանի

 

Ա. Բարսեղյանի

Մ. ԴՐՄԵՅԱՆԻ

Ե. ԽՈՒՆԴԿԱՐՅԱՆԻ

Է. Հայրիյանի

Ե. Սողոմոնյանի

 2010 թվականի սեպտեմբերի 10-ին

դռնբաց դատական նիստում, քննելով Անդրանիկ Այվազյանի վճռաբեկ բողոքը՝ ըստ հայցի Դավիթ Փոլադյանի ընդդեմ Անդրանիկ Այվազյանի՝ գումարի և այդ գումարին հաշվարկվող տոկոսների բռնագանձման, ըստ Անդրանիկ Այվազյանի հակընդդեմ հայցի ընդդեմ Դավիթ Փոլադյանի՝ գումարի և այդ գումարին հաշվարկվող տոկոսների բռնագանձման և ըստ հայցի Դավիթ Փոլադյանի ընդդեմ Անդրանիկ Այվազյանի՝ Անդրանիկ Այվազյանի նկատմամբ ունեցած պարտավորությունները, այդ թվում՝ 28.04.2002 թվականի ստացականում նշված պարտավորությունը դադարած ճանաչելու պահանջների մասին քաղաքացիական գործով ՀՀ քաղաքացիական վերաքննիչ դատարանի` 31.08.2007 թվականի օրինական ուժի մեջ մտած թիվ 07-2920 վճիռը նոր երևան եկած հանգամանքներով վերանայելու պահանջի մասին,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը.

 

Դիմելով դատարան՝ Դավիթ Փոլադյանը պահանջել է բռնագանձել Անդրանիկ Այվազյանից 120.000 ԱՄՆ դոլար պարտքի գումարը և այդ գումարի նկատմամբ հաշվարկված 60.000 ԱՄՆ դոլար տոկոսները։

Գործի քննության ընթացքում Դավիթ Փոլադյանը պահանջը պնդել է մասնակիորեն և պահանջել բռնագանձել Անդրանիկ Այվազյանից 102.500 ԱՄՆ դոլար պարտքի և 36.663 ԱՄՆ դոլար հաշվարկված տոկոսների գումարը։

Հակընդդեմ հայցով դիմելով դատարան՝ Անդրանիկ Այվազյանը պահանջել է բռնագանձել Դավիթ Փոլադյանից 362.000 ԱՄՆ դոլար պարտքի գումարը և այդ գումարի նկատմամբ հաշվարկված 78.540 ԱՄՆ դոլար տոկոսները։

Երևանի Ավան և Նոր Նորք համայնքների առաջին ատյանի դատարանի 21.12.2004 թվականի վճռով հայցը և հակընդդեմ հայցը բավարարվել են, կատարվել է պահանջների հաշվանցում, և որոշվել է Դավիթ Փոլադյանից հօգուտ Անդրանիկ Այվազյանի բռնագանձել 301.377 ԱՄՆ դոլար։

Մեկ այլ հայցով դիմելով դատարան՝ Դավիթ Փոլադյանը պահանջել է դադարած ճանաչել Անդրանիկ Այվազյանի նկատմամբ ունեցած պարտավորությունները, այդ թվում` 28.04.2002 թվականի ստացականում նշվածը։

Երևանի Ավան և Նոր Նորք համայնքների առաջին ատյանի դատարանի 30.05.2005 թվականի վճռով հայցը մերժվել է։

ՀՀ քաղաքացիական վերաքննիչ դատարանի 23.06.2005 թվականի որոշմամբ նշված քաղաքացիական գործերը միացվել են մեկ վարույթում։

ՀՀ քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարանի 15.02.2007 թվականի վճռով Դավիթ Փոլադյանի հայցը՝ Անդրանիկ Այվազյանից գումար բռնագանձելու պահանջի մասին, բավարարվել է, Անդրանիկ Այվազյանի հակընդդեմ հայցը բավարարվել է, կատարվել է պահանջների հաշվանցում` Դավիթ Փոլադյանից հօգուտ Անդրանիկ Այվազյանի բռնագանձվել է 301.377 ԱՄՆ դոլար գումար, իսկ Դավիթ Փոլադյանի հայցը՝ Անդրանիկ Այվազյանի նկատմամբ ունեցած պարտավորությունները, այդ թվում՝ 28.04.2002 թվականի ստացականում նշվածը դադարած համարելու պահանջի մասին, մերժվել է։

ՀՀ վճռաբեկ դատարանի 06.07.2007 թվականի թիվ 3-962(ՎԴ) որոշմամբ ՀՀ քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարանի 15.02.2007 թվականի վճիռը բեկանվել, և գործն ուղարկվել է նույն դատարան՝ նոր քննության։

ՀՀ քաղաքացիական վերաքննիչ դատարանի 31.08.2007 թվականի վճռով Դավիթ Փոլադյանի հայցերը բավարարվել են, իսկ Անդրանիկ Այվազյանի հակընդդեմ հայցը մերժվել է։

ՀՀ վճռաբեկ դատարանի 24.03.2008 թվականի թիվ 3-281(ՎԴ) որոշմամբ վերադարձվել է ՀՀ քաղաքացիական վերաքննիչ դատարանի 31.08.2007 թվականի վճռի դեմ Անդրանիկ Այվազյանի վճռաբեկ բողոքը։

Դիմելով դատարան՝ Անդրանիկ Այվազյանը պահանջել է անվավեր ճանաչել էական նշանակություն ունեցող մոլորության ազդեցության տակ Դավիթ Փոլադյանի, Վլադիմիր Ադամյանի և Անդրանիկ Այվազյանի միջև 13.06.2002 թվականին կնքված համաձայնագիրը։

Երևանի քաղաքացիական դատարանի 21.10.2008 թվականի վճռով հայցը բավարարվել է։

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 07.07.2009 թվականի որոշմամբ Դավիթ Փոլադյանի վերաքննիչ բողոքը բավարարվել է մասնակիորեն՝ մասնակիորեն բեկանվել է Երևանի քաղաքացիական դատարանի 21.10.2008 թվականի վճիռը և փոփոխվել է. «Դավիթ Փոլադյանի, Վլադիմիր Ադամյանի և Անդրանիկ Այվազյանի միջև 2002 թվականի հունիսի 13-ին կնքված համաձայնագիրը՝ «այլևս մեզանից յուրաքանչյուրս մեկս մյուսի նկատմամբ որևէ պարտք ու պահանջ չունենք և չենք ներկայացնելու» մասով ճանաչել անվավեր Անդրանիկ Այվազյանին և Դավիթ Փոլադյանին վերաբերող մասով։ Հայցը մնացած մասով մերժել»։

ՀՀ վճռաբեկ դատարանի 18.09.2009 թվականի թիվ ԵԱՆԴ/2013/02/08 որոշմամբ վերադարձվել է ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 07.07.2009 թվականի որոշման դեմ Դավիթ Փոլադյանի վճռաբեկ բողոքը։

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Անդրանիկ Այվազյանը։

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել։

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.

 

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Սույն գործով առկա է նոր երևան եկած հանգամանք։

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկով.

ՀՀ քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարանի` 31.08.2007 թվականի օրինական ուժի մեջ մտած վճռի հիմքում դրվել է 13.06.2002 թվականին կնքված համաձայնագիրը, որը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի` 07.07.2009 թվականի օրինական ուժի մեջ մտած որոշմամբ Անդրանիկ Այվազյանի և Դավիթ Փոլադյանի վերաբերող մասով անվավեր է ճանաչվել։

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 07.07.2009 թվականի դատական ակտն օրինական ուժի մեջ է մտել 18.09.2009 թվականին։ Տվյալ որոշման մասին Անդրանիկ Այվազյանն իմացել է 22.10.2009 թվականին։

Նշված դատական ակտով 13.06.2002 թվականին կնքված համաձայնագիրը Դավիթ Փոլադյանին և Անդրանիկ Այվազյանին վերաբերող մասերով անվավեր ճանաչման հանգամանքը նոր երևան եկած հանգամանք է, որն էական նշանակություն ունի ՀՀ քաղաքացիական վերաքննիչ դատարանի 31.08.2007 թվականի վճիռը վերանայելու և այն բեկանելու համար։

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել ՀՀ քաղաքացիական վերաքննիչ դատարանի 31.08.2007 թվականի վճիռը։

 

 3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը.

 

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը՝

1) 28.04.2002 թվականի ստացականի համաձայն՝ Դավիթ Փոլադյանը պարտավորվել է մինչև 28.05.2003 թվականը մարել Անդրանիկ Այվազյանի նկատմամբ ունեցած 362.000 ԱՄՆ դոլար պարտքը (հատոր 2-րդ, գ.թ. 8)։

2) Դավիթ Փոլադյանի, Վլադիմիր Ադամյանի և Անդրանիկ Այվազյանի միջև 13.06.2002 թվականին կնքված համաձայնագրով արձանագրվել է, որ Դավիթ Փոլադյանի կողմից ««Տավուշ» գինու գործարան» ՓԲԸ-ում ունեցած 60 տոկոս բաժնեմասը Վլադիմիր Ադամյանին օտարելուց հետո այլևս իրենցից յուրաքանչյուրը մեկը մյուսի նկատմամբ որևէ պարտք ու պահանջ չունի և չի ներկայացնելու, բացառությամբ նրա, որ Անդրանիկ Այվազյանը և Վլադիմիր Ադամյանը պարտավորվում են վերը նշված գործարքը կատարելուց հետո 45 օրվա ընթացքում Դավիթ Փոլադյանին վճարել 120.000 ԱՄՆ դոլար (հատոր 2-րդ, գ.թ. 7)։

3) ՀՀ քաղաքացիական վերաքննիչ դատարանի 31.08.2007 թվականի վճռով Անդրանիկ Այվազյանից հօգուտ Դավիթ Փոլադյանի բռնագանձվել է 102.500 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ հիմնական պարտքի և 36.663 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ տոկոսների գումարները, ինչպես նաև դադարած է ճանաչվել Դավիթ Փոլադյանի կողմից Անդրանիկ Այվազյանին 28.04.2002 թվականին տրված ստացականում նշված պարտավորությունը։ Նշված վճռի հիմքում դրվել է Դավիթ Փոլադյանի, Վլադիմիր Ադամյանի և Անդրանիկ Այվազյանի միջև 13.06.2002 թվականին կնքված համաձայնագիրը (հատոր 4-րդ, գ.թ. 59-66)։

4) ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի` օրինական ուժի մեջ մտած 07.07.2009 թվականի որոշմամբ Դավիթ Փոլադյանի, Վլադիմիր Ադամյանի և Անդրանիկ Այվազյանի միջև 13.06.2002 թվականին կնքված համաձայնագիրը՝ «այլևս մեզանից յուրաքանչյուրս մեկս մյուսի նկատմամբ որևէ պարտք ու պահանջ չունենք և չենք ներկայացնելու» մասով՝ Անդրանիկ Այվազյանին և Դավիթ Փոլադյանին վերաբերող մասով ճանաչվել է անվավեր։

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.

 

Քննելով վճռաբեկ բողոքը վերը նշված հիմքի սահմաններում` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ վճռաբեկ բողոքը հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ.

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 20432-րդ 1-ին կետի 1-ին ենթակետի համաձայն՝ նոր երևան եկած հանգամանքները հիմք են դատական ակտի վերանայման համար, եթե բողոք ներկայացրած անձն ապացուցում է, որ այդ հանգամանքները հայտնի չեն եղել և չէին կարող հայտնի լինել գործին մասնակցող անձանց, կամ այդ հանգամանքները հայտնի են եղել գործին մասնակցող անձանց, բայց նրանցից անկախ պատճառներով չեն ներկայացվել դատարան, և այդ հանգամանքները գործի լուծման համար ունեն էական նշանակություն։

Նշված հոդվածի վերլուծությունից հետևում է, որ դատական ակտը նոր երևան եկած հանագամանքների հիմքով վերանայվում է, եթե`

1. այդ հանգամանքները հայտնի չեն եղել և չէին կարող հայտնի լինել գործին մասնակցող անձանց, կամ

2. այդ հանգամանքները հայտնի են եղել գործին մասնակցող անձանց, բայց նրանցից անկախ պատճառներով չեն ներկայացվել դատարան, և

3. այդ հանգամանքները էական նշանակություն ունեն գործի լուծման համար։

Վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշումներում արտահայտել է այն դիրքորոշումը, որ յուրաքանչյուր գործ իր փաստական հանգամանքներով եզակի է, հետևաբար, նոր երևան եկած հանգամանքի էական լինելը յուրաքանչյուր գործով որոշելիս դատարանները պետք է հաշվի առնեն վերանայվող գործի բոլոր փաստերը և պարզեն` արդյոք այդ հանգամանքներն իրենց բնույթով ազդում են վերանայվող գործի ելքի վրա, թե` ոչ (տե´ս Մարինե Մանուկյանի` նոր երևան եկած հանգամանքների հիմքով դատական ակտը վերանայելու պահանջի մասին Վճռաբեկ դատարանի 13.03.2009 թվականի թիվ 02-2397(ԵԿԴ) և Կարինե Հարությունյանի` նոր երևան եկած հանգամանքների հիմքով դատական ակտը վերանայելու պահանջի մասին Վճռաբեկ դատարանի 13.03.2009 թվականի թիվ ԵԱՔԴ/1137/02/08 քաղաքացիական գործերով որոշումները)։

Սույն գործով ՀՀ քաղաքացիական վերաքննիչ դատարանը Դավիթ Փոլադյանի պահանջները բավարարելու հիմքում դրել է եզրահանգումն այն մասին, որ «13.06.2002 թվականի համաձայնագրի հիման վրա՝ 13.06.2002 թվականից հետո դադարել են գործել մինչև այդ օրը Դ. Փոլադյանի, Ա. Այվազյանի և Վ. Ադամյանի միջև գոյություն ունեցած բոլոր փոխադարձ պարտավորությունները, այդ թվում՝ Դավիթ Փոլադյանի կողմից տրված 28.04.2002 թվականի ստացականում նշված պարտավորությունը»։

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի` 07.07.2009 թվականի օրինական ուժի մեջ մտած որոշմամբ Դավիթ Փոլադյանի, Վլադիմիր Ադամյանի և Անդրանիկ Այվազյանի միջև 13.06.2002 թվականին կնքված համաձայնագիրը՝ «այլևս մեզանից յուրաքանչյուրս մեկս մյուսի նկատմամբ որևէ պարտք ու պահանջ չունենք և չենք ներկայացնելու» մասով՝ Անդրանիկ Այվազյանին և Դավիթ Փոլադյանին վերաբերող մասով, ճանաչվել է անվավեր։

Հիմք ընդունելով վերոգրյալը և սույն գործի փաստերը համադրելով` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 07.07.2009 թվականի որոշմամբ հաստատված հանգամանքներն էական նշանակություն ունեն սույն գործի լուծման համար, հետևաբար ՀՀ քաղաքացիական վերաքննիչ դատարանի` 31.08.2007 թվականի օրինական ուժի մեջ մտած վճիռը ենթակա է վերանայման։

Այսպիսով, վճռաբեկ բողոքի նշված հիմքի առկայությունը բավարար է` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 226-րդ հոդվածի ուժով ՀՀ քաղաքացիական վերաքննիչ դատարանի վճիռը բեկանելու համար։

 

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 20432-րդ և 240-2412-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել։ Բեկանել ՀՀ քաղաքացիական վերաքննիչ դատարանի 31.08.2007 թվականի վճիռը և գործն ուղարկել Երևանի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան` նոր քննության։

2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման։

 

Նախագահող`

 

Վ. Աբելյան

Դատավորներ`

Տ. Պետրոսյան

Ս. Անտոնյան
 

Ա. Բարսեղյան

Մ. ԴՐՄԵՅԱՆ

ե. Խունդկարյան

Է. Հայրիյան

Ե. ՍՈՂՈՄՈՆՅԱՆ