Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (30.07.2010-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀԳՏ 2010.10.01/22(374) Հոդ.1084.32
Принят
Վճռաբեկ դատարան
Дата принятия
30.07.2010
Подписан
Նախագահող
Дата подписания
30.07.2010
Дата вступления в силу
30.07.2010

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

ՀՀ վճռաբեկ դատարանի որոշում
Վարչական գործ թիվ ՎԴ4/0196/05/08

Վարչական գործ թիվ ՎԴ4/0196/05/08

2010թ.

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան)

նախագահությամբ

Ս. Սարգսյանի

մասնակցությամբ դատավորներ

Ե. Սողոմոնյանի

 

Վ. Աբելյանի

Ս. Անտոնյանի

Վ. Ավանեսյանի

Ե. Խունդկարյանի

Է. Հայրիյանի

Տ. Պետրոսյանի

 

2010 թվականի հուլիսի 30-ին

դռնբաց դատական նիստում, քննելով ըստ Լիանա Կարապետյանի հայցի ընդդեմ ՀՀ Արմավիրի մարզի Արշալույս համայնքի (այսուհետ` Համայնք) գյուղապետարանի, ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Վաղարշապատի տարածքային ստորաբաժանման (այսուհետ` Կադաստր), երրորդ անձ Վահրամ Վարդումյանի` Համայնքի թիվ 3 տնտեսական գրքի թիվ 228 համարի և 04.11.2003 թվականի սեփականության իրավունքի գրանցումներն անվավեր ճանաչելու պահանջների մասին, վարչական գործով Լիանա Կարապետյանի վճռաբեկ բողոքը` Վճռաբեկ դատարանի 08.07.2009 թվականի «Վճռաբեկ բողոքը վերադարձնելու մասին» որոշումը նոր երևան եկած հանգամանքի հիմքով վերանայելու մասին,

 

Պ Ա Ր Զ Ե Ց

 

1. Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով դատարան` Լիանա Կարապետյանը պահանջել է անվավեր ճանաչել Համայնքի թիվ 3 տնտեսական գրքի թիվ 228 համարի և 04.11.2003 թվականի թիվ 1212551 սեփականության իրավունքի գրանցումները:

ՀՀ վարչական դատարանի (այսուհետ` Դատարան) 30.04.2009 թվականի վճռով հայցը մերժվել է:

Վճռաբեկ դատարանի 08.07.2009 թվականի որոշմամբ Դատարանի 30.04.2009 թվականի վճռի դեմ բերված Լիանա Կարապետյանի վճռաբեկ բողոքը վերադարձվել է:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Լիանա Կարապետյանը:

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորմամբ.

Վճռաբեկ բողոքը բերվել է նոր երևան եկած հանգամանքի հիմքով:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

ՀՀ Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանի` թիվ ԱՐԴ-0080/01/09 քրեական գործով օրինական ուժի մեջ մտած 07.08.2009 թվականի դատավճռով հաստատվել է այն հանգամանքը, որ սույն գործով վեճի առարկա գույքի նկատմամբ Վահրամ Վարդումյանի սեփականության իրավունքը գրանցվել է 2004 թվականի հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին ստեղծված ակնհայտ կեղծ փաստաթղթի` Համայնքի ղեկավարի 05.06.2000 թվականին տրված քաղվածքի հիման վրա, համաձայն որի` «սեփականաշնորհման հանձնաժողովի 12.11.1991 թվականի թիվ 22 որոշմամբ 11-ամյա Վահրամ Վարդումյանին սեփականաշնորհվել է 0.15հա մակերեսով հողամաս, բնակելի տուն և օժանդակ շինություններ»:

Նշվածը նոր երևան եկած հանգամանք է, քանի որ Լիանա Կարապետյանը դիմել է Դատարան` համատեղ ամուսնական կյանքի ընթացքում ձեռք բերված տան նկատմամբ համասեփականատիրոջ իր իրավունքը պաշտպանելու նպատակով, իսկ Դատարանը վերջինիս պահանջը մերժել է` վճռի մեջ նշելով, որ Լիանա Կարապետյանն իրավական հիմքեր չունի պնդելու, որ վիճելի տունը և տնամերձը ձեռք են բերվել համատեղ ամուսնական կյանքի ընթացքում:

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է նոր երևան եկած հանգամանքի հիմքով վերանայել Վճռաբեկ դատարանի 08.07.2009 թվականի «Վճռաբեկ բողոքը վերադարձնելու մասին» որոշումը և գործն ուղարկել նոր քննության:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը.

1) ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի տարածքային ստորաբաժանման ղեկավարի կողմից 04.11.2003 թվականին տրված «Անշարժ գույքի սեփականության իրավունքի գրանցման» թիվ 1212551 վկայականի համաձայն` Վահրամ Վարդումյանի սեփականության իրավունքը ՀՀ Արմավիրի մարզի Արշալույս գյուղի բնակելի տան նկատմամբ գրանցված է Համայնքի 3/228 գրքի քաղվածքի` «սեփականաշնորհման հանձնաժողով»-ի 12.11.1991 թվականի թիվ 22 որոշման հիման վրա, ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման միասնական թիվ 04-021-4-10 մատյանի 000039 համարի տակ (գ.թ. 15-16):

2) «Համայնքի ղեկավարի կողմից 05.06.2000 թվականին տրված Համայնքի տնտեսական թիվ 3 գրքից` գրանցման համար` 228, քաղվածք»-ի համաձայն` «սեփականաշնորհման հանձնաժողով»-ի 12.11.1991 թվականի թիվ 22 որոշմամբ Վահրամ Վարդումյանի անվամբ գրանցված է 0.15հա մակերեսով տնամերձ հողամաս, որի վրա առկա է բնակելի տուն օժանդակ շինություններով` կառուցված 1979 թվականին (գ.թ. 19):

3) ՀՀ Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանի` թիվ ԱՐԴ-0080/01/09 քրեական գործով օրինական ուժի մեջ մտած 07.08.2009 թվականի դատավճռով հաստատված են համարվել հետևյալ հանգամանքները.

ՀՀ Արմավիրի մարզի Արշալույս գյուղի բնակիչ Ավետիս Մկրտչյանը 2004 թվականի հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին որոշել է վաճառել նշված գյուղում գտնվող իր հանգուցյալ հորը` Արկադի Մկրտչյանին, պատկանող տունը, որը գնելու ցանկություն է հայտնել նույն գյուղի բնակիչ Վահրամ Վարդումյանը:

Տան նկատմամբ սեփականության իրավունքը գրանցելու համար Ավետիս Մկրտչյանը գնացել է Համայնքի գյուղապետարան` Համայնքի ղեկավարի աշխատակազմի քարտուղար Խաթուն Համբարձումյանի մոտ և հայտնել է, որ ցանկանում է վաճառել իր հայրական տունը, սակայն սեփականության իրավունքի պետական գրանցման վկայական չունի, և խնդրել է օգնել իր հայրական տունը Վահրամ Վարդումյանին վաճառելու և վերջինիս անվամբ ձևակերպելու հարցում:

Խաթուն Համբարձումյանը կազմել է 06.03.2000 թվականով թվագրված կեղծ քաղվածք այն մասին, որ Համայնքի թիվ 3 տնտեսական գրքի 228 համարի գրառման համաձայն` «սեփականաշնորհման հանձնաժողով»-ի 12.11.1991 թվականի թիվ 22 որոշմամբ Վահրամ Վարդումյանի անվամբ գրանցված է 0.15հա մակերեսով տնամերձ հողամաս, որի վրա առկա է բնակելի տուն օժանդակ շինություններով` կառուցված 1979 թվականին: Նշված կեղծ քաղվածքը կազմելուց հետո Խաթուն Համբարձումյանն այն ներկայացրել է Կադաստր, որտեղ որոշ ժամանակ անց ստացել է արդեն գնորդ Վահրամ Վարդումյանի անվամբ հաշվառված` Ավետիս Մկրտչյանին պատկանող տան սեփականության իրավունքի գրանցման վկայական: Նշված վկայականը ստանալուց հետո այն տրվել է Ավետիս Մկրտչյանին, և նրանից վերցվել է նախապես պահանջված 300 ԱՄՆ դոլարը: Այսինքն` կատարել է հանցավոր արարքներ` նախատեսված ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 2-րդ մասով և 314-րդ հոդվածի 1-ին մասով (ՀՀ Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանի` թիվ ԱՐԴ-0080/01/09 քրեական գործով օրինական ուժի մեջ մտած 07.08.2009 թվականի դատավճիռը ներկայացվել է վճռաբեկ բողոքին կից):

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները

Քննելով վճռաբեկ բողոքը նշված հիմքի սահմաններում` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այն հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ.

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 134-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` նոր երևան եկած կամ նոր հանգամանքներով վարչական դատարանի դատական ակտը վերանայում է վճռաբեկ դատարանը:

Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն` վարչական դատարանի` նոր երևան եկած կամ նոր հանգամանքներով դատական ակտերը վերանայվում են Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքով սահմանված հիմքերով և կարգով:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 204.32-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն` նոր երևան եկած հանգամանքները հիմք են դատական ակտի վերանայման համար, եթե դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով հաստատված` վկայի ակնհայտ կեղծ ցուցմունքները, փորձագետի ակնհայտ կեղծ եզրակացությունը, թարգմանչի ակնհայտ սխալ թարգմանությունը, փաստաթղթերի կամ իրեղեն ապացույցների կեղծված լինելը հանգեցրել են ապօրինի կամ չհիմնավորված դատական ակտ կայացնելուն:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 226-րդ հոդվածի 2-րդ կետի և ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 118.3-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն` վճռաբեկ բողոք բերելու հիմքերն են նոր երևան եկած կամ նոր հանգամանքները:

Սույն գործով Դատարանը, մերժելով Լիանա Կարապետյանի հայցը, 30.04.2009 թվականի վճռի հիմքում դրել է այն հանգամանքները, որ վիճելի տունը և տնամերձը սեփականության իրավունքով Վահրամ Վարդումյանին են պատկանել մինչև Լիանա Կարապետյանի հետ ամուսնության պետական գրանցումը` 04.11.2003 թվականը, ինչը հաստատվում է գործում առկա «Անշարժ գույքի սեփականության իրավունքի գրանցման» թիվ 1212551 վկայականով (նշված վկայականի համաձայն` Վահրամ Վարդումյանի սեփականության իրավունքը ՀՀ Արմավիրի մարզի Արշալույս գյուղի բնակելի տան նկատմամբ գրանցված է Համայնքի 3/228 գրքի քաղվածքի` «սեփականաշնորհման հանձնաժողով»-ի 12.11.1991 թվականի թիվ 22 որոշման հիման վրա): Հետևաբար, Լիանա Կարապետյանն իրավական հիմքեր չունի պնդելու, որ վիճելի տունը և տնամերձը ձեռք են բերվել ամուսինների համատեղ կյանքի ընթացքում և պահանջելու անվավեր ճանաչել նշված գրանցումը, ինչպես նաև «թիվ 228 տնտեսական գիրքը» այն դեպքում, երբ վերջինս այդ ժամանակ չի հանդիսացել Վահրամ Վարդումյանի ընտանիքի (ծխի) անդամը և նրա վերաբերյալ հողամաս սեփականաշնորհելու որոշում չի կայացվել: Ինչ վերաբերում է Լիանա Կարապետյանի պնդմանն այն մասին, որ նշված քացվածքը կեղծ է, ապա այդ պնդումը հիմնավորող որևէ ապացույց չի ներկայացվել: Նշված վճռի դեմ Լիանա Կարապետյանի վճռաբեկ բողոքը Վճռաբեկ դատարանի 08.07.2009 թվականի որոշմամբ վերադարձվել է:

Սույն վճռաբեկ բողոքին կից Լիանա Կարապետյանը ներկայացրել է ՀՀ Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանի` թիվ ԱՐԴ-0080/01/09 քրեական գործով օրինական ուժի մեջ մտած 07.08.2009 թվականի դատավճիռը, որով հաստատվել է այն հանգամանքը, որ Համայնքի ղեկավարի աշխատակազմի քարտուղար Խաթուն Համբարձումյանը կազմել է 06.03.2000 թվականով թվագրված կեղծ քաղվածք այն մասին, որ Համայնքի թիվ 3 տնտեսական գրքի 228 համարի գրառման համաձայն` «սեփականաշնորհման հանձնաժողով»-ի 12.11.1991 թվականի թիվ 22 որոշմամբ Վահրամ Վարդումյանի անվամբ գրանցված է 0.15հա մակերեսով տնամերձ հողամաս, որի վրա առկա է բնակելի տուն օժանդակ շինություններով` կառուցված 1979 թվականին: Նշված կեղծ քաղվածքը կազմելուց հետո Խաթուն Համբարձումյանն այն ներկայացրել է Կադաստր, որտեղ որոշ ժամանակ անց ստացել է արդեն գնորդ Վահրամ Վարդումյանի անվամբ հաշվառված Ավետիս Մկրտչյանին պատկանող տան համար սեփականության իրավունքի գրանցման վկայական:

Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ՀՀ Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանի` թիվ ԱՐԴ-0080/01/09 քրեական գործով օրինական ուժի մեջ մտած 07.08.2009 թվականի դատավճռով հաստատված հանգամանքները ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 204.32-րդ հոդվածով սահմանված նոր երևան եկած հանգամանք են, քանի որ նշված դատավճռով հաստատված է համարվել «Համայնքի ղեկավարի կողմից 05.06.2000 թվականին տրված Համայնքի տնտեսական թիվ 3 գրքից` գրանցման համար` 228, քաղվածք»-ի կեղծված լինելու հանգամանքը, իսկ նշված քաղվածքը դրվել է Դատարանի 30.04.2009 թվականի վճռի, ապա նաև Վճռաբեկ դատարանի 08.07.2009 թվականի «Վճռաբեկ բողոքը վերադարձնելու մասին» որոշման կայացման հիմքում:

Այսպիսով, սույն վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը համարում է բավարար` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 204.32-րդ հոդվածի 2-րդ կետի ուժով Վճռաբեկ դատարանի որոշումը վերանայելու և Դատարանի վճիռը բեկանելու համար:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 59-րդ, 118-րդ հոդվածներով, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 204.32-րդ, 240-2412-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

Ո Ր Ո Շ Ե Ց

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Վերանայել ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 08.07.2009 թվականի «Վճռաբեկ բողոքը վերադարձնելու մասին» որոշումը, բեկանել ՀՀ վարչական դատարանի 30.04.2009 թվականի վճիռը և գործն ուղարկել նույն դատարան` նոր քննության:

2. Հայցադիմումի համար վճարված պետական տուրքի հարցին անդրադառնալ գործի նոր քննության արդյունքում:

3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող`

 

Ս. Սարգսյան

Դատավորներ`

 

Ե. Սողոմոնյան

 

Վ. Աբելյան

Ս. Անտոնյան

Վ. Ավանեսյան

Ե. Խունդկարյան

Է. Հայրիյան

Տ. Պետրոսյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան