Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (25.06.2010-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2010.09.28/46(780).1 Հոդ.1084.17
Принят
Վճռաբեկ դատարան
Дата принятия
25.06.2010
Подписан
Նախագահող
Дата подписания
25.06.2010
Дата вступления в силу
25.06.2010

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական
դատարանի որոշում 

Քաղաքացիական գործ թիվ ԵԷԴ/1013/02/09

Քաղաքացիական գործ թիվ ԵԷԴ/1013/02/09

2010թ.

Նախագահող դատավոր՝ Ա. Պետրոսյան

Դատավորներ՝ Ա. Խառատյան

               Կ. Չիլինգարյան

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան)

նախագահությամբ

Ս. Սարգսյանի

մասնակցությամբ դատավորներ

Վ. Ավանեսյանի

 

Վ. Աբելյանի

 

Ս. Անտոնյանի

Ա. Բարսեղյանի

Մ. ԴՐՄԵՅԱՆԻ

Ե. ԽՈՒՆԴԿԱՐՅԱՆԻ

Է. Հայրիյանի

Ե. Սողոմոնյանի

2010 թվականի հունիսի 25-ին

դռնբաց դատական նիստում, քննելով Սեդա Ավետիսյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 29.12.2009 թվականի որոշման դեմ՝ ըստ հայցի Անժիկ Բեգլարյանի ընդդեմ Սեդա Ավետիսյանի` ալիմենտի վճարումից ազատելու պահանջի մասին,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը.

Դիմելով դատարան` Անժիկ Բեգլարյանը պահանջել է ազատել Սեդա Ավետիսյանի օգտին բռնագանձման ենթակա ամսական 10.000 ՀՀ դրամ ալիմենտի վճարումից։

Երևանի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի (այսուհետ` Դատարան) 23.10.2009 թվականի վճռով հայցը բավարարվել է։

 ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 29.12.2009 թվականի որոշմամբ Դատարանի 23.10.2009 թվականի վճիռը թողնվել է օրինական ուժի մեջ։

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Սեդա Ավետիսյանը։

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել։

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, փաստարկները և պահանջը.

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածը, ինչի արդյունքում սխալ է մեկնաբանել ՀՀ ընտանեկան օրենսգրքի 107-րդ հոդվածը։

 Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանում է հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանը չի անդրադարձել գործում առկա ապացույցներին և դրանց չի տվել համապատասխան գնահատական, ինչի հետևանքով անտեսել է բողոք բերած անձի ուշադրության արժանի շահերը։ Այսպես, Վերաքննիչ դատարանը պատշաճ չի գնահատել սոցիալական ծառայությունների Էրեբունու տարածքային բաժնի տեղեկանքը, Էրեբունու թաղապետարանի թիվ 3 տեղամասի տեղեկանքը, բողոք բերած անձի հաշմանդամության տեղեկանքը և բժշկական փաստաթղթերը, որոնցով հիմնավորվում է բողոք բերած անձի` ոչ նպաստառու, միայնակ թոշակառու, 2-րդ խմբի հաշմանդամ և 81 տարեկան անաշխատունակ լինելու հանգամանքները։

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 29.12.2009 թվականի որոշումը և գործն ուղարկել նոր քննության։

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը.

 Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը՝

1) Սեդա Ավետիսյանը Անժիկ Բեգլարյանի մայրն է։ Երևանի Էրեբունի և Նուբարաշեն համայնքների առաջին ատյանի դատարանի` օրինական ուժի մեջ մտած 15.08.2007 թվականի վճռի համաձայն` նույն դատարանի 14.02.2007 թվականի վճռով որոշված ամսական 20.000 ՀՀ դրամ ալիմենտի չափը պակասեցվել է, և վճռվել է Անժիկ Բեգլարյանից հօգուտ Սեդա Ավետիսյանի բռնագանձել ամսական 10.000 ՀՀ դրամ ալիմենտ։ Վճռի հիմքում դրվել են Անժիկ Բեգլարյանի ամուսնու` Մելիք Սախարյանի թոշակառու լինելու և նրա առողջության վատթարացման հետևանքով Անժիկ Բեգլարյանի գույքային դրության փոփոխման հանգամանքները (գ.թ. 10)։

2) 07.11.2008 թվականի ԱԱ թիվ 155819 մահվան վկայականի համաձայն` Մելիք Սախարյանը մահացել է 06.11.2008 թվականին (գ.թ. 8)։

3) Սոցիալական ծառայությունների Էրեբունու տարածքային բաժնի 30.09.2009 թվականի տեղեկանքի համաձայն` Անժիկ Բեգլարյանը հաշվառված չէ Էրեբունու ընտանիքների անապահովության գնահատման համակարգում, իսկ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայության Էրեբունի-Նուբարաշենի սոցիալական ապահովության տարածքային բաժնի 01.10.2009 թվականի գրության համաձայն` Անժիկ Բեգլարյանը որպես կենսաթոշակառու հաշվառված չէ (գ.թ. 76, 77)։

4) Սոցիալական ծառայությունների Էրեբունու տարածքային բաժնի 02.06.2008 թվականի և 22.09.2009 թվականի տեղեկանքների համաձայն` Սեդա Ավետիսյանը հաշվառված է Էրեբունու «Փարոս» համակարգում` որպես ոչ նպաստառու (գ.թ. 46, 105)։

5) ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ՀՀ բժշկասոցիալական փորձաքննության գործակալության 23.12.2008 թվականի տեղեկանքի համաձայն` Սեդա Ավետիսյանը 2-րդ խմբի հաշմանդամ է (գ.թ. 48)։

6) Էրեբունու համայնքի ղեկավարի 18.09.2008 թվականի գրության համաձայն` Սեդա Ավետիսյանը գտնվում է սոցիալապես անապահով վիճակում, իսկ Էրեբունու թաղապետարանի թիվ 3 տեղամասի 03.09.2009 թվականի տեղեկանքի համաձայն` Սեդա Ավետիսյանը միայնակ թոշակառու է (գ.թ. 43, 44)։

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.

Քննելով վճռաբեկ բողոքը նշված հիմքի սահմաններում՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ վճռաբեկ բողոքը հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ.

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ դատարանը յուրաքանչյուր ապացույց գնահատում է գործում եղած բոլոր ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտության վրա հիմնված ներքին համոզմամբ։

 ՀՀ ընտանեկան օրենսգրքի 107-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` եթե ալիմենտ վճարելու վերաբերյալ համաձայնության բացակայությամբ ալիմենտի չափը դատական կարգով որոշելուց հետո փոփոխվել է կողմերից մեկի գույքային և ընտանեկան դրությունը, ապա դատարանը կարող է յուրաքանչյուր կողմի պահանջով փոփոխել ալիմենտի սահմանված չափը կամ ալիմենտ վճարելու պարտավոր անձին ազատել դա վճարելուց։ Ալիմենտի չափը փոփոխելիս կամ դա վճարելուց ազատելիս դատարանը կարող է հաշվի առնել նաև կողմերի` ուշադրության արժանի շահերը։

Սույն գործով Դատարանը հայցը բավարարելու հիմքում դրել է այն հանգամանքները, որ Անժիկ Բեգլարյանի ամուսինը մահացել է, որի հետևանքով նրա նյութական դրությունը վատթարացել է, բացի այդ, Անժիկ Բեգլարյանը չի աշխատում, թոշակառու չէ և եկամտի այլ աղբյուր չունի։

 Վերաքննիչ դատարանը, Դատարանի վճիռը թողնելով օրինական ուժի մեջ, պատճառաբանել է, որ Դատարանը կողմերի ներկայացրած ապացույցների հիման վրա հաստատված է համարել, որ Անժիկ Բեգլարյանը չի աշխատում, թոշակառու չէ, իսկ նախկին վճիռներով հաստատվել է վերջինիս գույքային դրությունը վատթարանալու փաստը։

Մինչդեռ սույն գործում առկա Երևանի Էրեբունի և Նուբարաշեն համայնքների առաջին ատյանի դատարանի` օրինական ուժի մեջ մտած 15.08.2007 թվականի վճռի համաձայն` նույն դատարանի 14.02.2007 թվականի վճռով որոշված ամսական 20.000 ՀՀ դրամ ալիմենտի չափը պակասեցվել է, և վճռվել է Անժիկ Բեգլարյանից հօգուտ Սեդա Ավետիսյանի բռնագանձել ամսական 10.000 ՀՀ դրամ ալիմենտ։ Վճռի հիմքում դրվել է Անժիկ Բեգլարյանի ամուսնու` Մելիք Սախարյանի թոշակառու լինելու և նրա առողջության վատթարացման հետևանքով Անժիկ Բեգլարյանի գույքային դրությունը փոփոխվելու հանգամանքը։

Հիմք ընդունելով վերոգրյալը` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ նախկին վճիռներով Անժիկ Բեգլարյանի ամուսնու թոշակառու լինելու և առողջական վիճակի վատթարացման հետևանքով Անժիկ Բեգլարյանի գույքային դրության վատթարացման փաստը հաշվի է առնվել Երևանի Էրեբունի և Նուբարաշեն համայնքների առաջին ատյանի դատարանի` օրինական ուժի մեջ մտած 15.08.2007 թվականի վճռով նախկինում բռնագանձվող ալիմենտի չափը նվազեցնելիս, հետևաբար սույն գործի լուծման համար նշված հանգամանքն այլևս էական նշանակություն չունի։

Վճռաբեկ դատարանը հարկ է համարում արձանագրել, որ ՀՀ ընտանեկան օրենսգրքի 107-րդ հոդվածի 1-ին մասի ուժով դատարանը յուրաքանչյուր գործով կողմի պահանջով ալիմենտի սահմանված չափը փոփոխելու կամ ալիմենտի վճարումից պարտավոր անձին ազատելու հարցը լուծելիս պետք է գնահատի և հաշվի առնի երկու կողմերի փաստացի գույքային և ընտանեկան դրությունը, ինչպես նաև ուշադրության արժանի այլ շահերը։ Մասնավորապես, դատարանը պետք է համեմատի ալիմենտի սահմանման դրությամբ ալիմենտ վճարելու պարտավոր անձի առկա և գործի քննության ժամանակ գոյություն ունեցող գույքային և ընտանեկան դրությունը, ինչպես նաև ուշադրության արժանի այլ շահերը։ Միայն նման համեմատական վերլուծության արդյունքում դատարանը կարող է հաստատված համարել ալիմենտ վճարելու պարտավոր անձի գույքային դրության վատթարացման փաստը, որը հիմք է ալիմենտի վճարումից ազատելու կամ դրա չափը փոփոխելու համար։

Սույն գործի փաստերի համաձայն՝ Էրեբունի և Նուբարաշեն համայնքների առաջին ատյանի դատարանի` օրինական ուժի մեջ մտած 15.08.2007 թվականի վճռով Անժիկ Բեգլարյանի գույքային և ընտանեկան դրությունը հաշվի առնելով սահմանվել է նոր ալիմենտի չափ, իսկ սույն գործում առկա չէ որևէ ապացույց նշված վճռի կայացումից հետո Անժիկ Բեգլարյանի գույքային դրության վատթարացման մասին (մասնավորապես՝ 15.08.2007 թվականի վճռի կայացման պահին Անժիկ Բեգլարյանն աշխատել է և ունեցել է եկամտի այլ աղբյուր)։ Բացի այդ, Սեդա Ավետիսյանը սոցիալապես անապահով է, 2-րդ խմբի հաշմանդամ է, նպաստ չի ստանում, և նրա եկամտի միակ աղբյուրը կենսաթոշակն է, մինչդեռ Անժիկ Բեգլարյանը թոշակառու չէ։

Նման պայմաններում Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Անժիկ Բեգլարյանի՝ չաշխատելու, թոշակառու չլինելու և եկամտի այլ աղբյուր չունենալու հանգամանքները բավարար չեն Անժիկ Բեգլարյանի գույքային դրությունը վատթարացած համարելու և սահմանված ալիմենտի վճարումից ազատելու համար։

Ինչ վերաբերում է Անժիկ Բեգլարյանի ամուսնու մահվան փաստին, ապա Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այն նույնպես բավարար չէ Անժիկ Բեգլարյանի գույքային դրությունը վատթարացած դիտելու, հետևաբար նաև Սեդա Ավետիսյանի նկատմամբ ունեցած ալիմենտային պարտավորություններից ազատելու համար, քանի որ Երևանի Էրեբունի և Նուբարաշեն համայնքների առաջին ատյանի դատարանի` օրինական ուժի մեջ մտած 15.08.2007 թվականի վճռով արդեն իսկ հաստատվել են նրա թոշակառու լինելու և առողջական վիճակի վատթարացման հանգամանքները, որոնք հիմք էին հանդիսացել ալիմենտի չափը նվազեցնելու համար։

Վերոգրյալի հիման վրա Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Անժիկ Բեգլարյանի գույքային դրության վատթարացման փաստի բացակայության և Սեդա Ավետիսյանի` կենսաթոշակառու, վատառողջ և սոցիալապես անապահով լինելու պայմաններում Անժիկ Բեգլարյանը չի կարող ազատվել Սեդա Ավետիսյանի հանդեպ ունեցած ալիմենտային պարտավորություններից։

 

Այսպիսով, սույն վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 227-228-րդ հոդվածների ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու համար։

 

Միաժամանակ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ տվյալ դեպքում անհրաժեշտ է կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-րդ հոդվածի 1-ին կետի 4-րդ ենթակետով սահմանված՝ ստորադաս դատարանի դատական ակտը փոփոխելու ՀՀ վճռաբեկ դատարանի լիազորությունը հետևյալ հիմնավորմամբ.

 ՀՀ Սահմանադրության 19-րդ հոդվածի և «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ՝ Կոնվենցիայի) 6-րդ հոդվածի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի ողջամիտ ժամկետում իր գործի քննության իրավունք։ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գործը ողջամիտ ժամկետում քննելը հանդիսանում է ՀՀ Սահմանադրության և Կոնվենցիայի վերը նշված հոդվածով ամրագրված անձի արդար դատաքննության իրավունքի տարր, հետևաբար, գործի անհարկի ձգձգումները վտանգ են պարունակում նշված իրավունքի խախտման տեսանկյունից։ Տվյալ դեպքում Վճռաբեկ դատարանի կողմից ստորադաս դատարանի դատական ակտը փոփոխելը բխում է արդարադատության արդյունավետության շահերից։

 Դատական ակտը փոփոխելիս Վճռաբեկ դատարանը հիմք է ընդունում սույն որոշման պատճառաբանությունները, ինչպես նաև գործի նոր քննության անհրաժեշտության բացակայությունը։

 

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-2412-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել մասնակիորեն։ Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 29.12.2009 թվականի որոշումը և այն փոփոխել` Անժիկ Բեգլարյանի հայցը մերժել։

2. Անժիկ Բեգլարյանից հօգուտ ՀՀ պետական բյուջեի բռնագանձել 10.000 (տասը հազար) ՀՀ դրամ` որպես վճռաբեկ բողոքի համար վճարման ենթակա պետական տուրք։

3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման։

 

Նախագահող`

 

Ս. Սարգսյան

Դատավորներ`

Վ. ԱՎԱՆԵՍՅԱՆ

 

Վ. Աբելյան

Ս. Անտոնյան

Ա. Բարսեղյան

 

Մ. ԴՐՄԵՅԱՆ

Ե. Խունդկարյան

Է. Հայրիյան

Ե. ՍՈՂՈՄՈՆՅԱՆ

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան