ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական Քաղաքացիական գործ թիվ ԳԴ5/0023/02/09 |
Քաղաքացիական գործ թիվ ԳԴ5/0023/02/09 2010թ. |
Նախագահող դատավոր՝ Դ. Խաչատրյան | |
Դատավորներ՝ Ն. Տավարացյան Ս. Միքայելյան |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան)
նախագահությամբ |
Ս. Սարգսյանի | |
մասնակցությամբ դատավորներ |
Է. Հայրիյանի | |
Վ. Աբելյանի | ||
Ս. Անտոնյանի | ||
Ա. Բարսեղյանի | ||
Մ. ԴՐՄԵՅԱՆԻ | ||
Ե. Խունդկարյանի | ||
Տ. Պետրոսյանի |
2010 թվականի մայիսի 27-ին
դռնբաց դատական նիստում, քննելով Կատերինա Չինդինայի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 04.12.2009 թվականի որոշման դեմ՝ ըստ հայցի Մաքսիմ, Վասիլի, Տանյա Չինտինների (Չինդինների) և Անյուտա Սոլովյովայի ընդդեմ Կատերինա Չինդինայի` բաժնային սեփականության ներքո գտնվող գույքից բաժինն առանձնացնելու, իսկ դրա ակնհայտ աննպատակահարմարության դեպքում գույքը հրապարակային սակարկություններով վաճառելու և ստացված գումարը համասեփականատերերի միջև բաժիններին համաչափ բաշխելու պահանջի մասին,
ՊԱՐԶԵՑ
1. Գործի դատավարական նախապատմությունը
Դիմելով դատարան՝ Մաքսիմ, Վասիլի, Տանյա Չինտինները (Չինդինները) և Անյուտա Սոլովյովան պահանջել են ՀՀ Գեղարքունիքի մարզի Շորժա համայնքում բաժնային սեփականության ներքո գտնվող տունը, կցակառույցները, տնամերձ հողամասը հրապարակային սակարկություններով վաճառել` ստացված գումարը հետագայում բաշխելով ընդհանուր սեփականության մասնակիցների միջև` բաժիններին համաչափ, իսկ ՀՀ Գեղարքունիքի մարզի Շորժա համայնքում գտնվող վարելահողերն առանձնացնել բնեղենով` ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի տրամադրած հատակագծին համապատասխան։
ՀՀ Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի դատարանի (այսուհետ՝ Դատարան) 15.11.2007 թվականի վճռով հայցը բավարարվել է։
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 27.02.2009 թվականի որոշմամբ Կատերինա Չինդինայի վերաքննիչ բողոքը բավարարվել է` Դատարանի 15.11.2007 թվականի վճիռը բեկանվել է, և գործն ուղարկվել նույն դատարան` նոր քննության։
Դատարանի 18.09.2009 թվականի վճռով հայցը բավարարվել է։ Վճռվել է «ՀՀ Գեղարքունիքի մարզի Շորժա համայնքում բաժնային սեփականության ներքո գտնվող Մաքսիմ, Վասիլի և Տանյա Չինտիններին (Չինդիններին), Անյուտա Սոլովյովային և Կատերինա Չինդինային պատկանող անշարժ գույքը, որը բաղկացած է 110.9քմ բնակելի տնից, 55.0քմ անասնագոմից, 60.6քմ ծածկոցներից և 613.5քմ տնամերձ հողամասից, հրապարակային սակարկություններով վաճառել և ստացված գումարը հետագայում բաշխել ընդհանուր սեփականության մասնակիցների միջև` նրանց բաժիններին համաչափ։ Ըստ ՀՀ ԿԱ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Ճամբարակի տարածքային ստորաբաժանման կողմից 2009թ. օգոստոսի 8-ին տրված հա. 4/048 եզրակացության` Գեղարքունիքի մարզի Շորժա համայնքում բաժնային սեփականության ներքո գտնվող Մաքսիմ, Վասիլի և Տանյա Չինտիններին (Չինդիններին), Անյուտա Սոլովյովային և Կատերինա Չինդինային պատկանող 0.746հա և 0.73հա մակերեսներով վարելահողերից առանձնացնել հայցվորների` Մաքսիմ, Վասիլի և Տանյա Չինտինների (Չինդինների) ու Անյուտա Սոլովյովայի բաժինը»։
Վերաքննիչ դատարանի 04.12.2009 թվականի որոշմամբ Կատերինա Չինդինայի վերաքննիչ բողոքը մերժվել է, և Դատարանի 18.09.2009 թվականի վճիռը թողնվել է օրինական ուժի մեջ։
Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Կատերինա Չինդինան։
Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել։
2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը
Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.
Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ և 105-րդ հոդվածները, որոնց արդյունքում կիրառել է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 197-րդ հոդվածի 6-րդ մասը, 199-րդ հոդվածի 1-ին մասը, որոնք չպետք է կիրառեր և չի կիրառել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 197-րդ հոդվածի 4-րդ մասը, որը պետք է կիրառեր։
Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանում է հետևյալ փաստարկներով.
Վերաքննիչ դատարանն անտեսել է այն հանգամանքը, որ Դատարանի կողմից լրիվ, բազմակողմանի և օբյեկտիվ չեն գնահատվել գործում առկա ապացույցները։ Այսպես, Վերաքննիչ դատարանը պատշաճ իրավական գնահատական չի տվել այն հանգամանքին, որ վիճելի գույքը հնարավոր է առանձնացնել որոշակի շինարարական աշխատանքներ կատարելու միջոցով, ինչպես նաև ընդհանուր գույքի օգտագործման մեջ սեփականատեր Կատերինա Չինդինան ունի էական շահ և բաժինն աննշան չէ։
Վերաքննիչ դատարանն անտեսել է նաև, որ Դատարանն իրավունք ունի ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 197-րդ հոդվածի 6-րդ կետով սահմանված կարգով վճիռ կայացնել գույքը հրապարակային սակարկություններով վաճառելու մասին բացառիկ, այն է` ընդհանուր գույքը բաժանելու կամ դրանից ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 197-րդ հոդվածի 3-5-րդ կետերում սահմանված կանոններով բաժինն առանձնացնելու աննպատակահարմարության դեպքում։
Բացի այդ, ինչպես Դատարանը, այնպես էլ Վերաքննիչ դատարանը, անտեսելով նաև այն հանգամանքը, որ Կատերինա Չինդինայի քույրերի կողմից ժառանգությունն ընդունելու մասին Մարդու իրավունքների եվրոպական դատարանում առկա է քաղաքացիական գործ, սույն քաղաքացիական գործի վարույթը չեն կասեցրել։
Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 04.12.2009 թվականի որոշումը և գործն ուղարկել նոր քննության։
3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը՝
1. 27.07.2007 թվականի սեփականության իրավունքի գրանցման թիվ 2126177 վկայականի համաձայն` ՀՀ Գեղարքունիքի մարզի Շորժա համայնքում գտնվող 81.6քմ տունը, 55.0քմ անասնագոմը, 46.4քմ ծածկերը և 0.084 տնամերձ հողամասը բաժնային սեփականության իրավունքով պատկանում են Մաքսիմ, Վասիլի, Տանյա Չինտիններին (Չինդիններին) և Անյուտա Սոլովյովային 1/8-ական, իսկ Կատերինա Չինդինային` 1/2 բաժիններով (հատոր 1-ին, գ.թ. 47-49)։
2. 17.08.2007 թվականի սեփականության իրավունքի գրանցման թիվ 2132591 վկայականի համաձայն` ՀՀ Գեղարքունիքի մարզի Շորժա համայնքում գտնվող 0.746հա վարելահողը բաժնային սեփականության իրավունքով պատկանում են Մաքսիմ, Վասիլի, Տանյա Չինտիններին (Չինդիններին) և Անյուտա Սոլովյովային 1/8-ական, իսկ Կատերինա Չինդինային` 1/2 բաժիններով (հատոր 1-ին, գ.թ. 94-96)։
3. 17.08.2007 թվականի սեփականության իրավունքի գրանցման թիվ 2132592 վկայականի համաձայն` ՀՀ Գեղարքունիքի մարզի Շորժա համայնքում գտնվող 0.73հա վարելահողը բաժնային սեփականության իրավունքով պատկանում են Մաքսիմ, Վասիլի, Տանյա Չինտիններին (Չինդիններին) և Անյուտա Սոլովյովային 1/8-ական, իսկ Կատերինա Չինդինային` 1/2 բաժիններով (հատոր 1-ին, գ.թ. 97-99)։
4. «ՀՀ փորձագիտական կենտրոն» ՊՈԱ կազմակերպության 01.10.2007 թվականի փորձագետի թիվ 28620707 եզրակացության համաձայն՝ «սույն փորձաքննության շրջանակներում ՀՀ Գեղարքունիքի մարզի Շորժա համայնքում գտնվող տնատիրության շինություններից և հողատարածքից 1/2 բաժնեմասին հասանելիք ստացված մակերեսներից` ազատ հողատարածքից` 306.75մ2, բնակելի տնից` 40.8մ2 և օժանդակ շինություններից` 57.8մ2 հողամասերի մակերեսների առանձնացումը տնատիրության ընդհանուր հողամասից հնարավոր չէ տեխնիկապես իրականացնել, առանց դրանց անհամաչափ վնաս պատճառելու, դրանք սերվիտուտով չծանրաբեռնելու, նվազագույն մակերեսներ ընդհանուր օգտագործման թողնելու, օգտագործման կարգ չսահմանելու պայմաններից, հետազոտվող բնակելի տան և օժանդակ շինությունների փաստացի տեղակայումից, հատակագծային լուծումներից, չափերից առանձնացվող հատվածների ըստ նշանակության օգտագործման անհրաժեշտությունից և բաժնեմասերի առանձնացումը փոքրածավալ շինարարական աշխատանքների իրականացումից, ինչպես նաև ՀՀ քաղաքաշինության նորմատիվ ակտերի պահանջներից ելնելով» (հատոր 1-ին, գ.թ.64-70)։
4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը
Քննելով վճռաբեկ բողոքը նշված հիմքի սահմաններում՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այն հիմնավոր է մասնակիորեն հետևյալ պատճառաբանությամբ.
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 197-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ բաժնային սեփականության մասնակիցների միջև ընդհանուր գույքը բաժանելու կամ դրանից նրանցից մեկի բաժինն առանձնացնելու եղանակի և պայմանների մասին համաձայնության բացակայության դեպքում՝ բաժնային սեփականության մասնակիցն իրավունք ունի դատական կարգով պահանջել ընդհանուր գույքից բնեղենով առանձնացնելու իր բաժինը։
Եթե բաժինը բնեղենով առանձնացնելը չի թույլատրվում oրենքով կամ դա անհնար է առանց ընդհանուր սեփականության ներքո գտնվող գույքին անհամաչափ վնաս պատճառելու, առանձնացող սեփականատերը բաժնային սեփականության մյուս մասնակիցներից կարող է պահանջել վճարելու իր բաժնի արժեքը։
Նույն հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ բաժնային սեփականության մասնակցին բնեղենով առանձնացվող գույքի անհամաչափությունը բաժնային սեփականության իրավունքում նրա բաժնին վերացվում է նրան համապատասխան դրամական գումար վճարելով կամ այլ փոխհատուցումով։
Բաժնային սեփականության մասնակցի բաժինը բնեղենով առանձնացնելու փոխարեն մյուս սեփականատերերը կարող են այդ մասնակցի համաձայնությամբ նրան փոխհատուցում վճարել։ Այն դեպքերում, երբ սեփականատիրոջ բաժինն աննշան է, չի կարող իրապես առանձնացվել և ընդհանուր գույքի oգտագործման մեջ այդ սեփականատերն էական շահ չունի, դատարանը կարող է նաև այդ սեփականատիրոջ համաձայնության բացակայության դեպքում բաժնային սեփականության մյուս մասնակիցներին թույլատրել վճարելու փոխհատուցում։
Նույն հոդվածի 5-րդ մասի համաձայն՝ նույն հոդվածին համապատասխան՝ փոխհատուցումն ստանալու պահից սեփականատերը կորցնում է ընդհանուր գույքում բաժնի նկատմամբ իրավունքը։
Նույն հոդվածի 6-րդ մասի համաձայն՝ ընդհանուր գույքը բաժանելու կամ դրանից նույն հոդվածի 3-5-րդ կետերում սահմանված կանոններով բաժին առանձնացնելու ակնհայտ աննպատակահարմարության դեպքում դատարանն իրավունք ունի վճիռ կայացնել գույքը հրապարակային սակարկություններով վաճառելու մասին՝ ստացված գումարը հետագայում բաշխելով ընդհանուր սեփականության մասնակիցների միջև՝ նրանց բաժիններին համաչափ։
Նշված հոդվածի վերլուծությունը ցույց է տալիս, որ օրենսդիրը դատարանին իրավունք է վերապահել կայացնելու վճիռ ընդհանուր գույքը հրապարակային սակարկություններով վաճառելու մասին միայն պարտադիր նախապայմանների առկայության դեպքերում, այն է` ընդհանուր գույքը բաժանելու կամ նույն հոդվածի 3-5-րդ կետերում սահմանված կանոններով բաժինն առանձնացնելու ակնհայտ աննպատակահարմարության դեպքերում։
Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 197-րդ հոդվածի 6-րդ կետով սահմանված գույքը հրապարակային սակարկություններով վաճառելու դատարանի իրավունքը կարող է կիրառվել միայն բացառիկ, այսինքն` վերը նշված պարտադիր պայմանների առկայության դեպքում (տես նաև` Լիդիա Ժուրավլյովա ընդդեմ Աստղիկ և Մարիամ Գյուլամիրյանների՝ փոխհատուցմամբ սեփականության իրավունքը դադարեցնելու պահանջի մասին, Վճռաբեկ դատարանի 2007 թվականի մարտի 30-ի թիվ 3-739(ՎԴ) որոշումը)։
Այսպես, Վերաքննիչ դատարանը վերաքննիչ բողոքը մերժելիս հիմք է ընդունել «ՀՀ փորձագիտական կենտրոն» ՊՈԱ կազմակերպության 01.10.2007 թվականի փորձագետի թիվ 28620707 եզրակացությունը, համաձայն որի` «սույն փորձաքննության շրջանակներում ՀՀ Գեղարքունիքի մարզի Շորժա համայնքում գտնվող տնատիրության շինություններից և հողատարածքից 1/2 բաժնեմասին հասանելիք ստացված մակերեսներից` ազատ հողատարածքից` 306.75մ2, բնակելի տնից` 40.8մ2 և օժանդակ շինություններից` 57.8մ2 հողամասերի մակերեսների առանձնացումը տնատիրության ընդհանուր հողամասից հնարավոր չէ տեխնիկապես իրականացնել, առանց դրանց անհամաչափ վնաս պատճառելու, դրանք սերվիտուտով չծանրաբեռնելու, նվազագույն մակերեսներ ընդհանուր օգտագործման թողնելու, օգտագործման կարգ չսահմանելու պայմաններից, հետազոտվող բնակելի տան և օժանդակ շինությունների փաստացի տեղակայումից, հատակագծային լուծումներից, չափերից առանձնացվող հատվածների ըստ նշանակության օգտագործման անհրաժեշտությունից և բաժնեմասերի առանձնացումը փոքրածավալ շինարարական աշխատանքների իրականացումից, ինչպես նաև ՀՀ քաղաքաշինության նորմատիվ ակտերի պահանջներից ելնելով»։
Մինչդեռ, ինչպես Դատարանը, այնպես էլ Վերաքննիչ դատարանը պատշաճ իրավական գնահատական չեն տվել այն հանգամանքին, որ «ՀՀ փորձագիտական կենտրոն» ՊՈԱ կազմակերպության 01.10.2007 թվականի փորձագետի թիվ 28620707 եզրակացությամբ հնարավոր է համարվել տեխնիկապես առանձնացնել վիճելի գույքը` որոշակի շինարարական աշխատանքներ կատարելու պայմաններում, որպիսի առաջարկները ստորադաս դատարանների կողմից քննության առարկա չեն դարձվել։
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածի համաձայն` դատարանը յուրաքանչյուր ապացույց գանահատում է գործում եղած բոլոր ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտության վրա հիմնված ներքին համոզմամբ։
Վերոգրյալի հիման վրա Վճռաբեկ դատարանը փաստում է, որ սույն քաղաքացիական գործով չի կատարվել «ՀՀ փորձագիտական կենտրոն» ՊՈԱ կազմակերպության 01.10.2007 թվականի փորձագետի թիվ 28620707 եզրակացության բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտություն։
Միաժամանակ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն վճռաբեկ բողոքի հիմքը վերաբերում է դատական ակտի` ՀՀ Գեղարքունիքի մարզի Շորժա համայնքում գտնվող բնակելի տունը, կցակառույցները և տնամերձ հողամասը հրապարակային սակարկություններով վաճառելու և ստացված գումարը հետագայում ընդհանուր սեփականության մասնակիցների միջև` նրանց բաժիններին համաչափ բաշխելու մասին, հետևաբար դատական ակտը ենթակա է բեկանման այդ մասով։
Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 197-րդ հոդվածի 6-րդ կետի մասով բավարար է, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 227-րդ և 228-րդ հոդվածների համաձայն, Վերաքննիչ դատարանի որոշման մասը բեկանելու համար։
Ինչ վերաբերում է գործի վարույթը կասեցնելու մասին վճռաբեկ բողոքի փաստարկին, ապա այն անհիմն է հետևյալ պատճառաբանությամբ.
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 105-րդ հոդվածի համաձայն` դատարանը պարտավոր է կասեցնել գործի վարույթը, եթե անհնարին է տվյալ գործի քննությունը մինչև սահմանադրական, քաղաքացիական, քրեական կամ վարչական դատավարության կարգով քննվող այլ գործով կամ հարցով որոշում կայացնելը։
Մինչդեռ բողոք բերած անձ Կատերինա Չինդինայի, քույրերի` Պոլյա Բելիչինի, Լյուբա Երմակովայի, Դունյա Վդովինայի և Վերա Չինդինայի կողմից ըստ իրենց հայցի ընդդեմ Մաքսիմ, Վասիլի, Տանյա Չինտինների (Չինդինների) և Անյուտա Սոլովյովայի, Ճամբարակի նոտարական գրասենյակի` ժառանգությունն ընդունելու փաստը հաստատելու, ըստ օրենքի և ըստ կտակի ժառանգության իրավունքի վկայագրերը, կտակը և սեփականության իրավունքի գրանցումները մասնակի անվավեր ճանաչելու պահանջների մասին քաղաքացիական գործով Մարդու իրավունքների եվրոպական դատարան բողոք ներկայացնելը չի կարող անհնար դարձնել սույն գործի քննությունը։
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-2412 -րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը
ՈՐՈՇԵՑ
1. Վճռաբեկ բողոքը բավարարել մասնակիորեն։ Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 04.12.2009 թվականի որոշման` ՀՀ Գեղարքունիքի մարզի Շորժա համայնքում գտնվող բնակելի տունը, կցակառույցները և տնամերձ հողամասը հրապարակային սակարկություններով վաճառելու և ստացված գումարը հետագայում ընդհանուր սեփականության մասնակիցների միջև` բաժիններին համաչափ բաշխելու մասը և գործն այդ մասով ուղարկել ՀՀ Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան՝ նոր քննության։ ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 04.12.2009 թվականի որոշման մնացած մասը թողնել օրինական ուժի մեջ։
2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման։
Նախագահող` |
|
Ս. Սարգսյան |
Դատավորներ` |
|
Է. Հայրիյան |
Վ. Աբելյան | ||
Ս. Անտոնյան | ||
Ա. Բարսեղյան | ||
Մ. ԴՐՄԵՅԱՆ | ||
Ե. Խունդկարյան | ||
Տ. Պետրոսյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|