Գլխավոր տեղեկություն
Տիպ
Համաձայնագիր
Тип
Исходный акт (-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀԱԳՆՊՏ 2014.12.24/4(30)
Принят
Հայաստանի Հանրապետություն

ՄԻԱՎՈՐՎԱԾ
ԱԶԳԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ

E

_______________________________________________________________________________________________

ՏՆՏԵՍԱԿԱՆ ԵՎ
ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ

Distr.
GENERAL

TRANSP/WP.1/2003/1/Rev.4
23 April 2004

RՍSSIAN
Օriginal: ENGLISH,
FRENCH and RUSSIAN

_______________________________________________________________________________________________

ԵՎՐՈՊԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ՆԵՐՔԻՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԿՈՄԻՏԵ

 

Ճանապարհային անվտանգության աշխատանքային խումբ

 

ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ԵՐԹԵՎԵԿՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ԵՎ ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ՆՇԱՆՆԵՐԻ ՈՒ ԱԶԴԱՆՇԱՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ 1968 ԹՎԱԿԱՆԻ ԿՈՆՎԵՆՑԻԱՆԵՐԻ ԵՎ ԴՐԱՆՔ ԼՐԱՑՆՈՂ` 1971 ԹՎԱԿԱՆԻ ԵՎՐՈՊԱԿԱՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԵՐԻ ՈՒՂՂՈՒՄՆԵՐԸ ԵՎ ԱՅԴ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄԸ

 

Առաջարկություններ

Ճանապարհային երթևեկության մասին Վիեննայի կոնվենցիայի ուղղումների վերաբերյալ

 

Քարտուղարության գրություն

 

Սույն փաստաթուղթն իրենից ներկայացնում է առաջարկություններ Ճանապարհային երթևեկության մասին 1968 թվականի կոնվենցիայի ուղղումների վերաբերյալ, որոնք վերջնական տեսքով ընդունվել են Ճանապարհային երթևեկության անվտանգության աշխատանքային խմբի կողմից (WP.1) քառասուներեքերորդ նստաշրջանում:

 

Սույն փաստաթղթի վերջում ներկայացվում է բացատրական հուշագիրը, որը վերաբերում է ուղղումների վերաբերյալ ներկայացված առաջարկություններին:

 

* * *

I. Առաջարկություններ Ճանապարհային երթևեկության մասին 1968 թվականի կոնվենցիայի ուղղումների վերաբերյալ

 

Ա. Կոնվենցիայի հիմնական տեքստի ուղղումները

 

ՀՈԴՎԱԾ 1 (Սահմանումներ)

 

Ներառել նոր` g-bis ենթակետ՝ հետևյալ բովանդակությամբ.

«g-բիս) հեծանվային երթևեկության գոտի» տերմինը նշանակում է` հեծանվորդների համար նախատեսված երթևեկելի գոտի: Երթևեկության հեծանվային գոտին առանձնացվում է մյուս երթևեկելի մասից երկայնակի ճանապարհային գծանշման միջոցով,»:

 

Ներառել նոր` g-ter ենթակետ՝ հետևյալ բովանդակությամբ.

 

«g-տեր) հեծանվային արահետ» տերմինը նշանակում է` հեծանվորդների համար նախատեսված և համապատասխան նշանով նշված` առանձին ճանապարհ կամ ճանապարհի հատված երթևեկելի մասի արահետ: Հեծանվային արահետը կառուցվածքային ձևով առանձնանում է այլ ճանապարհներից կամ նույն ճանապարհի այլ տարրերից,»:

 

ՀՈԴՎԱԾ 8 (Վարորդներ)

 

Ներառել նոր` 6-րդ կետ՝ հետևյալ բովանդակությամբ.

 

«6. Տրանսպորտային միջոցի վարորդը պետք է խուսափի վարելու հետ կապ չունեցող որևէ գործողությունից: Ազգային օրենսդրության մեջ անհրաժեշտ է սահմանել տրանսպորտային միջոցների վարորդների կողմից հեռախոսների օգտագործման կանոններ: Ամեն դեպքում օրենսդրությունը պետք է արգելի մեխանիկական տրանսպորտային միջոցի և կախովի շարժիչով հեծանվի երթևեկության ժամանակ վարորդի կողմից ձեռքով պահված հեռախոսի օգտագործումը:»:

 

ՀՈԴՎԱԾ 11 (Վազանց և երթևեկությունը շարքերում)

 

Կետ 1

 

Ներառել նոր`գ ենթակետ` հետևյալ բովանդակությամբ.

«գ. Ազգային օրենսդրության շրջանակներում հեծանվորդներին և կախովի շարժիչով հեծանիվների վարորդներին կարող է թույլատրվել վազանց կատարել կանգնած կամ դանդաղ ընթացող տրանսպորտային միջոցներին երթևեկության ուղղությանը համապատասխանող կողմից՝ բավարար տեղի առկայության դեպքում:»:

 

ՀՈԴՎԱԾ 16 (Երթևեկության ուղղության փոփոխությունը)

 

Կետ 1

 

Փոփոխել բ ենթակետը հետևյալ կերպ.

 

«բ) Եթե նա մտադիր է ճանապարհից դուրս գալ մյուս կողմից, պայմանով, որ Պայմանավորվող կողմերը կամ նրանց տարածքային ստորաբաժանումները հնարավորություն կունենան սահմանելու հեծանիվների և կախովի շարժիչով հեծանիվների համար նրանց երթևեկության ուղղությունը փոփոխել թույլատրող այլ դրույթներ, օրինակ` խաչմերուկը երկու առանձին փուլերով հատելու միջոցով մոտենալ, որքան հնարավոր է երկկողմ երթևեկությամբ ճանապարհների երթևեկելի մասի առանցքին կամ միակողմ երթևեկությամբ ճանապարհներին երթևեկության ուղղությանը համապատասխանող կողմին հակառակ եզրին, իսկ եթե նա մտադիր է դուրս գալ մյուս երկկողմ երթևեկությամբ մյուս ճանապարհ՝ կատարել շրջադարձ այնպես, որ դուրս գալ մյուս ճանապարհի երթևեկելի մաս այն կողմով, որը համապատասխանում է երթևեկության ուղղությանը:»:

 

Կետ 2

 

Փոփոխել հետևյալ կերպ.

«2. Երթևեկության ուղղության փոփոխության հետ կապված մանևր կատարելիս վարորդը պետք է, չխախտելով սույն Կոնվենցիայի 21-րդ հոդվածի` հետիոտնի վերաբերյալ դրույթները, զիջի այն ճանապարհի երթևեկելի մասով կամ նույն ճանապարհի այլ մասերով շարժվող ճանապարհային երթևեկության մասնակիցներին, որտեղից նա պատրաստվում է դուրս գալ:»:

 

ՀՈԴՎԱԾ 23 (Կանգառ և կայանման տեղ)

 

Կետ 1

 

Վերջին նախադասությունը փոփոխել հետևյալ կերպ.

«Ինչպես բնակավայրերում, այնպես էլ դրանցից դուրս, դրանք չպետք է գտնվեն հեծանվային արահետների, երթևեկության հեծանվային գոտիների, ավտոբուսների երթևեկության համար նախատեսված գոտիների, ձիավորների արահետների, հետիոտների արահետների, հատուկ հետիոտների տեղաշարժի համար նախատեսված մայթերի կամ կողնակների վրա` բացառությամբ ազգային օրենսդրությամբ թույլատրված դեպքերի:»:

 

Կետ 6

 

Փոփոխել հետևյալ կերպ.

 

«6. Սույն հոդվածի ոչ մի դրույթ չպետք է մեկնաբանվի որպես Պայմանավորվող կողմերի կամ նրանց տարածքային ստորաբաժանումների կողմից կայանման տեղի կամ կանգառի համար այլ սահմանումներ ներառելու կամ հեծանիվների ու կախովի շարժիչով հեծանիվների կայանման տեղին և կանգառին վերաբերող` սեփական սահմանումներ նախատեսելու համար խոչընդոտ:»:

 

ՀՈԴՎԱԾ 25-bis (Հատուկ ճանապարհային նշաններով նշված թունելներին վերաբերող հատուկ կանոններ)

 

Կետ 1

 

Հանել գ ենթակետը:

 

Կետ 3

 

Ներկայիս 3-րդ կետի փոխարեն, որը դառնում է 4-րդ կետ, ներառել հետևյալ տեքստը.

 

«3. Վարորդներին թույլատրվում է կանգ առնել կամ կայանել տրանսպորտային միջոցը միայն վթարային իրավիճակի կամ վտանգի դեպքում: Ընդ որում` հնարավորության դեպքում նրանք պետք է օգտագործեն հատուկ նշված վայրերը:»:

 

ՀՈԴՎԱԾ 27 (Հեծանիվների, կախովի շարժիչով հեծանիվների և մոտոցիկլետների վարորդներին վերաբերող հատուկ կանոններ)

 

Կետ 4

 

Փոփոխել հետևյալ կերպ.

 

«4. Երթևեկության հեծանվային գոտիների կամ հեծանվային արահետների առկայության դեպքում Պայմանավորվող կողմերը կամ նրանց տարածքային ստորաբաժանումները կարող են հեծանիվների վարորդներին արգելել շարժվել երթևեկության հեծանվային գոտուց կամ հեծանվային արահետից դուրս երթևեկելի հատվածով: Այդ դեպքում նրանք կարող են թույլատրել կախովի շարժիչով հեծանիվների վարորդներին շարժվել երթևեկության հեծանվային գոտով կամ հեծանվային արահետով, և եթե նրանք դա անհրաժեշտ համարեն, արգելել նրանց շարժվել երթևեկության հեծանվային գոտուց կամ հեծանվային արահետից դուրս երթևեկելի հատվածով: Ազգային օրենսդրությունը պետք է որոշի, թե ո՜ր պայմաններում ճանապարհային երթևեկության մյուս մասնակիցները կարող են օգտագործել երթևեկության հեծանվային գոտիները կամ հեծանվային արահետները կամ հատել դրանք, ընդ որում` պահպանելով հեծանվորդների մշտական անվտանգությունը:»:

 

ՀՈԴՎԱԾ 37 (Հաշվառման պետության տարբերիչ նշանը)

 

Կետ 1

 

Փոփոխել և լրացնել հետևյալ կերպ.

 

«1. ա) Միջազգային երթևեկության մեջ գտնվող յուրաքանչյուր ավտոմոբիլի վրա` հետևի մասում, բացի նրա հաշվառման համարանիշից, պետք է լինի նաև այն պետության տարբերիչ նշանը, որտեղ այն հաշվառված է:

 բ) Այդ նշանը կարող է տեղադրվել կա՜մ հաշվառման համարանիշից առանձին, կա՜մ հաշվառման համարանիշի վրա:

 գ) Այն դեպքում, երբ հաշվառման համարանիշի վրա անց է կացվում տարբերիչ նշան, այն պետք է տեղադրվի նաև տրանսպորտային միջոցի առջևի մասի հաշվառման համարանիշի վրա, եթե այդպիսին պրտադիր է:»:

 

Կետ 2

 

Փոփոխել առաջին նախադասությունը հետևյալ կերպ.

 

«2. Ավտոմոբիլով քարշարկվող յուրաքանչյուր կցորդի վրա, որի վրա, սույն Կոնվենցիայի 36-րդ հոդվածին համապատասխան, պետք է հետևի մասում տեղադրվի հաշվառման համարանիշը, նաև հետևի մասում պետք է տեղադրվի կա՜մ հաշվառման համարանիշից առանձին, կա՜մ հաշվառման համարանիշի վրա, այդ հաշվառման համարանիշը տված պետության տարբերիչ նշանը:»:

 

Կետ 3

 

Փոփոխել հետևյալ կերպ.

 

«3. Տարբերիչ նշանի բաղադրիչ տարրերը և անցկացնելու եղանակը, ինչպես նաև դրա տեղադրվածությունը հաշվառման համարանիշի վրա պետք է համապատասխանեն սույն Կոնվենցիային կից 2-րդ և 3-րդ հավելվածներով նախատեսված պայմաններին»:

 

ՀՈԴՎԱԾ 41 (Վարորդական վկայականներ)

 

Կետ 1

 

Փոփոխել բ և գ ենթակետերը հետևյալ կերպ.

 

«բ) Պայմանավորվող կողմերն իրենց վրա են վերցնում վարորդի` անհրաժեշտ գիտելիքները և հմտությունը իրավասու մարմինների կողմից ստուգվելուց հետո միայն վարորդական վկայականներ տրամադրելու ապահովման պարտավորությունը. այդ ստուգումն անցկացնելու համար լիազորված անձինք պետք է ունենան համապատասխան որակավորում. ինչպես տեսական, այնպես էլ գործնական քննությունների բովանդակությունը և անցկացման կարգը կանոնակարգվում է ազգային օրենսդրությամբ,

գ) ազգային օրենսդրության մեջ պետք է նախատեսվեն վարորդական վկայական ստանալու համար պահանջներ: Մասնավորապես, դրանում պետք է սահմանվեն վարորդական վկայական ստանալու նվազագույն տարիքը, պահանջվող առողջական վիճակը և տեսական ու գործնական քննությունների հաջող հանձնման պայմանները:»:

 

2-7-րդ կետեր

 

Փոփոխել այդ կետերի ներկայիս տեքստը հետևյալ կերպ.

 

«2. ա) Պայմանավորվող կողմերը կճանաչեն.

i) Սույն Կոնվենցիային կից 6-րդ հավելվածի դրույթներին համապատասխանող ցանկացած վարորդական վկայական.

ii) Սույն Կոնվենցիային կից 7-րդ հավելվածի դրույթներին համապատասխանող ցանկացած վարորդական վկայական` պայմանով, որ այն ներկայացվում է ազգային վարորդական վկայականի հետ, որը վավերական է իր տարածքում տրանսպորտային միջոց վարելու համար, համապատասխանում է այն տրանսպորտային միջոցների կարգին կամ ենթակարգերին, որոնք վարելու համար տրված են վկայականները` պայմանով, որ նշված վկայականները վավերական են և տրված են մյուս Պայմանավորվող կողմի կամ նրա տարածքային ստորաբաժանումներից մեկի կամ այդ Պայմանավորվող կողմից լիազորված միավորման կողմից,

բ) մի Պայմանավորվող կողմի տված վարորդական վկայականները պետք է ճանաչվեն մյուս Պայմանավորվող կողմի տարածքում մինչև այն պահը, որից սկսած` տվյալ տարածքը դառնում է վկայականի տիրոջ սովորական բնակության վայրը,

գ) սույն կետի դրույթները չեն կիրառվում աշակերտ-վարորդի վարորդական վկայականի նկատմամբ:

3. Ազգային օրենսդրությամբ կարող է սահմանափակվել ազգային վարորդական վկայականի գործողության ժամկետը: Միջազգային վարորդական վկայականի գործողության ժամկետը սահմանափակվում է ազգային վարորդական վկայականի գործողության ժամկետը լրանալու ամսաթվով կամ միջազգային վարորդական վկայականը տալու պահից երեք տարին չգերազանցող ժամկետը լրանալու ամսաթվով` կախված նրանից, թե որ ժամկետն ավելի շուտ կլինի:

4. Անկախ 1-ին և 2-րդ կետերում նշված դրույթներից`

ա) եթե վարորդական վկայականի վավերականությունը պայմանավորված է տվյալ անձի կողմից որշակի հարմարանքներ կրելը պահանջող կամ վարորդի հաշմանդամության հաշվարկով տրանսպորտային միջոցի որոշակի վերասարքավորում նախատեսող հատուկ նշումով, ապա այդ վկայականը վավերական է համարվում այդ կանոնները պահպանելու պայմանով,

բ) Պայմանավորվող կողմերը կարող են իրենց տարածքում չճանաչել այն վարորդական վկայականը, որի տիրոջ տասնութ տարին դեռ չի լրացել,

գ) յուրաքանչյուր Պայմանավորվող կողմ կարող է չճանաչել իր տարածքում C, D, CE և DE կարգերի ավտոմոբիլներ կամ տրանսպորտային միջոցների շարժակազմեր վարելու համար սույն Կոնվենցիային կից 6-րդ և 7-րդ հավելվածներում նշված այն վարորդական վկայականները, որոնց տերերի քսանմեկ տարին չի լրացել:

5. Միջազգային վարորդական վկայականը կարող է տրվել միայն սույն Կոնվենցիայում նախատեսված նվազագույն պահանջները հաշվի առնելով տրված ազգային վարորդական վկայականի հիման վրա: Միջազգային վարորդական վկայականը տրվում է միայն այն Պայմանավորվող կողմի կողմից, որի տարածքում տերն ունի սովորական բնակության վայր, որի կողմից տրվել է ազգային վարորդական վկայականը, կամ ճանաչվում է մյուս Պայմանավորվող կողմի տված ազգային վարորդական վկայականը. այն համարվում է այդ տարածքում անվավեր:

6. Սույն հոդվածի դրույթները Պայմանավորվող կողմերին չեն պարտավորեցնում.

ա) վավերական ճանաչել մյուս Պայմանավորվող կողմի տարածքում այն անձանց տրված ազգային վկայականները, ովքեր այդ վարորդական վկայականը տրամադրելու պահին նրանց տարածքում ունեցել են սովորական բնակության վայր, կամ ովքեր այդ վկայականը տրամադրելուց հետո իրենց սովորական բնակության վայրը տեղափոխել են նրանց տարածք,

բ) ճանաչել այն վարորդներին տրամադրված ազգային վարորդական վկայականները, որոնց սովորական բնակության վայրը վկայականների տրամադրման պահին գտնվել է այն տարածքում, որտեղ տրվել են վկայականները, կամ որոնք տեղափոխել են իրենց բնակության վայրը այլ տարածք վկայականները տրամադրելուց հետո:»:

 

ՀՈԴՎԱԾ 43 (Անցումային դրույթներ)

 

Փոփոխել առկա տեքստը հետևյալ կերպ.

 

 «1. Պայմանավորվող կողմերը պետք է տրամադրեն ազգային վարորդական վկայականները 6-րդ հավելվածի նոր խմբագրությանը համապատասխան` դրա ուժի մեջ մտնելուց հետո ոչ ուշ, քան հինգ տարի հետո: Սույն Կոնվենցիայի 41-րդ, 43-րդ հոդվածների 6-րդ հավելվածի նախկին խմբագրություններին համապատասխան տրված ազգային վարորդական վկայականները մինչև այդ ժամանակաշրջանի ավարտը ճանաչվում են իրենց գործողության ժամկետի ընթացքում:

2. Պայմանավորվող կողմերը պետք է տրամադրեն միջազգային վարորդական վկայականները 7-րդ հավելվածի նոր խմբագրությանը համապատասխան` դրա ուժի մեջ մտնելուց հետո ոչ ուշ, քան հինգ տարի հետո: Սույն Կոնվենցիայի 41-րդ, 43-րդ հոդվածների և 7-րդ հավելված նախկին խմբագրություններին համապատասխան տրված միջազգային վարորդական վկայականները մնում են ուժի մեջ ` հաշվի առնելով 41-րդ հոդվածի 3-րդ կետի դրույթները:»:

 

Բ. Կոնվենցիայի հավելվածների ուղղումները

 

Հավելված 1 (ԱՎՏՈՄՈԲԻԼՆԵՐԸ ԵՎ ԿՑՈՐԴՆԵՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԵՐԹԵՎԵԿՈՒԹՅԱՆ ԹՈՒՅԼԱՏՐԵԼՈՒ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆԻՑ ՇԵՂՎԵԼԸ)

 

Կետ 9

 

Փոփոխել հետևյալ կերպ.

 

«9. Պայմանավորվող կողմերը կարող են իրենց տարածքով միջազգային երթևեկության չթույլատրել սույն Կոնվենցիայի 37-րդ հոդվածով նախատեսված որևէ տարբերիչ նշանից տարբեր տարբերիչ նշան ունեցող ավտոմոբիլներ կամ ավտոմոբիլով քարշակվող կցորդներ: Պայմանավորվող կողմերը չպետք է արգելեն այն տրանսպորտային միջոցի երթևեկությունը, որի տարբերիչ նշանը տեղադրված է հաշվառման համարանիշից առանձին` սույն Կոնվենցիայի դրույթներին համապատասխան, և իրենով փոխարինում է սույն Կոնվենցիային չհամապատասխանող տարբերիչ նշանին, որը տեղադրված է հաշվառման համարանիշի վրա:»:

 

Հավելված 2 (ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԵՐԹԵՎԵԿՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԳՏՆՎՈՂ ԱՎՏՈՄՈԲԻԼՆԵՐԻ ԵՎ ԿՑՈՐԴՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՀԱՄԱՐԱՆԻՇԸ)

 

Փոփոխել անվանումը հետևյալ կերպ.

 

«ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԵՐԹԵՎԵԿՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԳՏՆՎՈՂ ԱՎՏՈՄՈԲԻԼՆԵՐԻ ԵՎ ԿՑՈՐԴՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՀԱՄԱՐԱՆԻՇԸ ԵՎ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՆՇԱՆԸ»

 

Կետ 3

 

Առաջին նախադասությունը փոփոխել հետևյալ կերպ.

 

«3. Եթե հաշվառման համարանիշը նշված է ցուցնակի վրա, ապա այդ ցուցնակը պետք է լինի հարթ և ամրացված լինի ուղղահայաց կամ գրեթե ուղղահայաց դիրքով` տրանսպորտային միջոցի միջին երկայնակի կտրվածքին ուղղաձիգ:»:

 

Կետ 4

 

Փոփոխել հետևյալ կերպ.

 

«4. Առանց սույն Կոնվենցիայի 5-րդ հավելված 61.է կետի դրույթների համար վնասի` հաշվառման նշանի ֆոնը, որի վրա տեղադրված է հաշվառման համարանիշը, ինչպես նաև` որտեղ դա կիրառելի է, պետության տարբերիչ նշանը, որտեղ գրանցված է տրանսպորտային միջոցը և, հնարավոր է` լրացուցիչ պատկերված են դրոշը և զինանշանը` 3-րդ հավելվածում սահմանված պայմաններին համապատասխան, կարող է լինել լուսանդրադարձիչ նյութից:»:

 

Ներառել նոր` 5-րդ կետ, հետևյալ բովանդակությամբ.

 

«5. Հաշվառման նշանի այն մասի ֆոնը, որտեղ պատկերված է տարբերիչ նշանը, պետք է լինի այն նույն նյութից, որն օգտագործվում է այն մասի ֆոնի վրա, որտեղ տեղադրված է հաշվառման համարանիշը:»:

 

Հավելված 3. (ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԵՐԹԵՎԵԿՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԳՏՆՎՈՂ ԱՎՏՈՄՈԲԻԼՆԵՐԻ ԵՎ ԿՑՈՐԴՆԵՐԻ ՏԱՐԲԵՐԻՉ ՆՇԱՆԸ)

 

3-րդ հավելվածի տեքստը փոփոխել հետևյալ կերպ.

 

«1. Սույն Կոնվենցիայի 37-րդ հոդվածում նշված տարբերիչ նշանը պետք է բաղկացած լինի լատինական այբուբենի մեկ-երեք գլխատառերից:

2. Այն դեպքերում, երբ տարբերիչ նշանը տեղադրվում է հաշվառման նշանից առանձին, այն պետք է համապատասխանի հետևյալ պահանջներին.

ա) Տառերի բարձրությունը պետք է լինի ոչ ավել, քան 0,08 մ, և տառերը պետք է նշված լինեն ոչ պակաս, քան 0,01 մ լայնությամբ գծիկներով: Տառերը պետք է լինեն սև էլիպսի ձև ունեցող սպիտակ ֆոնի վրա, որի գլխավոր առանցքը հորիզոնական է: Սպիտակ ֆոնը կարող է լինել լուսանդրադարձիչ նյութից:

բ) Այն դեպքերում, երբ տարբերիչ նշանը բաղկացած է միայն մեկ տառից, էլիպսի գլխավոր առանցքը կարող է լինել ուղղահայաց:

գ) Տարբերիչ նշանը պետք է պատկերվի այնպես, որ այն անհնար լինի շփոթել հաշվառման համարանիշի հետ, կամ որ չվատանա դրա ընթեռնելիությունը:

դ) Մոտոցիկլետների և դրանց կցորդների վրա էլիպսի առանցքների երկարությունը պետք է լինի ոչ պակաս 0,175 մ-ից և 0,115 մ-ից: Այլ ավտոմոբիլների և դրանց կցորդների վրա էլիպսի առանցքների երկարությունը պետք է կազմի ոչ պակաս`

i) 0,24 մ-ից և 0,145 մ-ից, եթե տարբերիչ նշանը կազմված է երեք տառից,

ii) 0,175 մ-ից և 0,115 մ-ից, եթե տարբերիչ նշանը կազմված է ոչ պակաս, քան երեք տառից:

3. Այն դեպքերում, երբ տարբերիչ նշանը պատկերված է հաշվառման նշանի վրա, կիրառվում են հետևյալ պահանջները.

ա) Տառերի բարձրությունը պետք է լինի 0,02 մ-ից ոչ պակաս` հաշվի առնելով այն, որ հաշվառման նշանի բարձրությունը կազմում է 0,11 մ:

բ) i) Հաշվառման պետության տարբերիչ նշանը, որը որտեղ որ կիրառելի է, լրացված է այդ պետության դրոշով կամ խորհրդանիշով կամ տնտեսական ինտեգրացիայի այն տարածքային կազմակերպության խորհրդանիշով, որի մեջ մտնում է տվյալ պետությունը, պետք է տեղադրված լինի հետևի մասի հաշվառման նշանի ձախ կամ աջ եզրից, նախընտրելի է` ձախից կամ հաշվառման նշանների վրա` վերին ձախ եզրից երկու շարքով գրառումներով:

 ii) Եթե հաշվառման նշանի վրա, բացի տարբերիչ նշանից, տեղավորվում է նաև շրջանի կամ տեղանքի ոչ թվային խորհրդանիշը և/կամ դրոշը և/կամ խորհրդանիշը, ապա հաշվառման պետության տարբերիչ նշանը պետք է պարտադիր կարգով տեղադրվի հաշվառման նշանի ձախ եզրին:

գ) Հաշվառման պետության նշանը լրացնող, որտեղ դա կիրառելի է, դրոշը կամ խորհրդանիշը պետք է տեղադրվեն այնպես, որ չվատանա տարբերիչ նշանի ընթեռնելիությունը, և որ նախընտրելի է`դրանք գտնվեն դրանց վրա:

դ) Հաշվառման պետության տարբերիչ նշանը պետք է տեղադրվի այնպես, որ այն կարելի լինի հեշտությամբ նույնականացնել և հնարավոր չլինի չշփոթել հաշվառման համարանիշի հետ, և որ չվատանա դրա ընթեռնելիությունը: Այդ պատճառով էլ ծայրահեղ դեպքում կա՜մ տարբերիչ նշանի գույնը պետք է տարբերվի հաշվառման համարանիշից, կա՜մ տարբերիչ նշանի ֆոնի գույնը պետք է տարբերվի հաշվառման համարանիշի ֆոնից, կա՜մ տարբերիչ նշանը պետք է հստակ առանձնացված լինի հաշվառման համարանիշից. նախընտրելի է` համապատասխան գծով:

ե) Մոտոցիկլետների և դրանց կցորդների հաշվառման համարանիշերի վրա, ինչպես նաև երկու շարքով գրառումներով հաշվառման նշանների վրա տարբերիչ նշանի տառերի չափերը, ինչպես նաև, որտեղ դա կիրառելի է, ազգային դրոշի կամ հաշվառման պետության խորհրդանիշի կամ տնտեսական ինտեգրացիայի տարածաշրջանային այն կազմակերպության խորհրդանիշի պատկերի չափերը, որի մեջ մտնում է այդ երկիրը, կարող են համապատասխան ձևով փոփոխվել:

զ) Սույն կետի դրույթները նույն սկզբունքներով կիրառվում են տրանսպորտային միջոցի առջևի հաշվառման նշանի նկատմամբ, եթե այդպիսին պարտադիր է:

4. Տարբերիչ նշանի նկատմամբ կիրառվում են հավելված 2 3 կետի համապատասխան դրույթները:»:

 

Հավելված 5 (ԱՎՏՈՄՈԲԻԼՆԵՐԻՆ ԵՎ ԿՑՈՐԴՆԵՐԻՆ ՎԵՐԱԲԵՐՈՂ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐ)

 

II գլխի 19-րդ և 25-րդ կետեր

 

Միայն ռուսերեն տեքստին վերաբերող փոփոխություն.

 

II գլխի 19-րդ կետում «հետևի մասի համարանիշի լուսավորման սարք» տերմինի սահմանումը փոխել հետևյալ կերպ.

 

«Հետևի մասի հաշվառման նշանի լուսավորման սարք» նշանակում է` հետևի մասի հաշվառման նշանի լուսավորման համար ծառայող սարք, այն կարող է բաղկացած լինել մի քանի օպտիկական տարրերից:»:

 

II գլխի 25-րդ կետը փոխել հետևյալ կերպ.

 

«25. Հետևի մասում հաշվառման համարանիշ ունեցող յուրաքանչյուր ավտոմոբիլ կամ կցորդ պետք է համալրված լինի լուսավորման համար հարմարանքով, որը պետք է տեղադրված լինի այնպես, որ այդ համարանիշը ընթեռնելի լինի պարզ եղանակին:»:

 

IV գլխի 61-րդ կետ

 

Միայն ռուսերեն տեքստին վերաբերող փոփոխություն

 

Փոխել IV գլխի 61-րդ կետի է ենթակետը հետևյալ կերպ.

 

«է) թույլատրելով հետևի մասում սպիտակ կամ գունավոր լուսանդրադարձիչ` թվային կամ տառային նշումներով կամ լուսանդրադարձիչ ֆոնով հաշվառման նշանների, ինչպես նաև լուսանդրադարձիչ տարբերիչ նշաններ կամ ազգային օրենսդրությամբ նախատեսված այլ տարբերիչ մակնշման կիրառումը:»:

 

Հավելված 6 (ԱԶԳԱՅԻՆ ՎԱՐՈՐԴԱԿԱՆ ՎԿԱՅԱԿԱՆ)

 

6-րդ հավելվածի տեքստը փոխել հետևյալ կերպ.

 

1. Ազգային վարորդական վկայականը իրենից պետք է ներկայացնի փաստաթուղթ:

2. Վկայականը կարող է պատրաստվել պլաստիկից կամ թղթից: Նախընտրելի է, որ պլաստիկից վկայականի չափերը լինեն 54x86 մմ: Վկայականի գույնը` նախընտրելի է վարդագույն. գրառումների համար զետեղված տառերը և տեղերը պետք է սահմանվեն ազգային օրենսդրությամբ` 6-րդ և 7-րդ կետերի դրույթները պահպանելու պայմանով:

3. Վկայականի դիմային կողմում գրվում են «Վարորդական վկայական» բառերը այն երկրի ազգային լեզվով (ազգային լեզուներով), որտեղ տրվել է վարորդական վկայականը, ինչպես նաև` վկայականը տված երկրի անվանումը և/կամ տարբերիչ նշանը:

4. Վկայականում պարտադիր կարգով նշվում են ներքևում թվարկված տեղեկությունները. այդ տեղեկությունները համարակալվում են հետևյալ կերպ.

 

1. Ազգանուն

2. Անուն, այլ անուններ

3. Ծննդյան ամսաթիվ և վայր1

 4 ա) Վկայականը տալու ամսաթիվը

4 բ) Վկայականի գործողության ժամկետը լրանալու ամսաթիվը

4 գ) Վկայականը տված մարմնի անվանումը կամ կնիքը

5. Վկայականի համարը

6. Տիրոջ լուսանկարը

7. Տիրոջ ստորագրությունը

9. Այն տրանսպորտային միջոցների կարգերը (ենթակարգերը), որոնց վրա տարածվում է վկայականի գործողությունը

2. Տրանսպորտային միջոցի յուրաքանչյուր կարգին (ենթակարգին) վերաբերող` ծածկագրված տեսքով լրացուցիչ տեղեկատվություն կամ սահմանափակումներ

 

5. Վկայականում կարող են նշվել լրացուցիչ տեղեկություններ, եթե դա պահանջվում է ազգային օրենսդրությամբ. այդ տեղեկությունները համարակալվում են հետևյալ կերպ.

 

4 դ) 4-րդ կետի 5-րդ ենթակետում նշված համարը չհանդիսացող նույնականացման համարը հաշվառման նպատակներով

8. Սովորական բնակության վայրը

10. Տրանսպորտային միջոցների յուրաքանչյուր կարգի (ենթակարգի) համար վկայական տալու ամսաթիվը

11. Տրանսպորտային միջոցների յուրաքանչյուր կարգի (ենթակարգի) համար վկայականի գործողության ավարտի ամսաթիվը

13. Տեղեկատվություն հաշվառման նպատակների համար` սովորական բնակության վայրի երկրի փոփոխության դեպքում

14. Տեղեկատվություն հաշվառման նպատակներով կամ ճանապարհային երթևեկության անվտանգությանը վերաբերող այլ տեղեկատվություն:

 

6. Վկայականում կատարվող բոլոր գրառումները պետք է կատարվեն լատինական այբուբենի տառերով: Այլ տառեր օգտագործելու դեպքում այդ գրառումները պետք է փոխարկվեն նաև լատինական այբուբենի տառերով:

7. Նախընտրելի է, որ 4-5-րդ կետերի 1-7-րդ ենթակետերում նշված տեղեկատվությունը նշվի վկայականի նույն կողմի վրա: 4-րդ և 5-րդ կետերի 8-14-րդ ենթակետերում այլ տվյալներ ներառելու համար զետեղված տեղերը պետք է նախատեսվեն ազգային օրենսդրությամբ: Ազգային օրենսդրությամբ կարող է տեղ նախատեսվել նաև էլեկտրոնային եղանակով ներմուծվող տեղեկատվության պահպանման համար:

8. Վարորդական վկայականը կարող է տրվել հետևյալ կարգերի տրանսպորտային միջոցներ վարելու համար.

 

 

A

Մոտոցիկլետներ

B

ավտոմոբիլներ (բացառությամբ A կարգին վերաբերող տրանսպորտային միջոցների), որոնց թույլատրելի առավելագույն զանգվածը չի գերազանցում 3500 կգ-ը, և նստելատեղերի քանակը, բացի վարորդի նստելատեղից, չի գերազանցում ութը. B կարգի ավտոմոբիլ`կցորդված կցորդով, որի թույլատրելի առավելագույն զանգվածը չի գերազանցում 750 կգ-ը. B կարգի ավտոմոբիլ` կցորդված կցորդով, որի թույլատրելի առավելագույն զանգվածը գերազանցում է 750 կգ-ը, սակայն չի գերազանցում ավտոմոբիլի զանգվածը` առանց բեռնվածության, իսկ այդպիսի շարժակազմի ընդհանուր թույլատրելի առավելագույն զանգվածը չի գերազանցում 3500 կգ-ը

C

ավտոմոբիլներ, բացառությամբ D կարգին վերաբերողների, որոնց թույլատրելի առավելագույն զանգվածը գերազանցում է 3500 կգ-ը. C կարգի ավտոմոբիլ` կցորդված կցորդով, որի թույլատրելի առավելագույն զանգվածը չի գերազանցում 750 կգ-ը

D

ուղևորներ փոխադրելու համար նախատեսված և, բացի վարորդի նստելատեղից, ավելի քան ութ նստելատեղ ունեցող ավտոմոբիլներ. D կարգի ավտոմոբիլ` կցորդված կցորդով, որի թույլատրելի առավելագույն զանգվածը չի գերազանցում 750 կգ-ը

BE  

B կարգի ավտոմոբի` կցորդված կցորդով, որի թույլատրելի առավելագույն զանգվածը գերազանցում է 750 կգ-ը և գերազանցում է ավտոմոբիլի զանգվածը` առանց բեռնվածության. B կարգի ավտոմոբիլ` կցորդված կցորդով, որի թույլատրելի առավելագույն զանգվածը գերազանցում է 750 կգ-ը, իսկ այդպիսի շարժակազմի ընդհանուր թույլատրելի առավելագույն զանգվածը գերազանցում է 3500 կգ-ը

CE

C կարգի ավտոմոբիլ` կցորդված կցորդով, որի թույլատրելի առավելագույն զանգվածը գերազանցում է 750 կգ-ը

DE

D կարգի ավտոմոբիլ` կցորդված կցորդով, որի թույլատրելի առավելագույն զանգվածը գերազանցում է 750 կգ-ը.

9. Ազգային օրենսդրության հիման վրա A, B, C, CE, D և DE դասերի շրջանակներում կարող են ներառվել տրանսպորտային միջոցների հետևյալ ենթակարգերը, որոնք վարելու համար կարող է տրվել վարորդական վկայական.

A1

ենթակարգ` ոչ ավել, քան 125 խորանարդ սմ աշխատանքային ծավալով, և ոչ ավելի, քան 11 կՎտ (կամ 15 ձիաուժ) առավելագույն հզորությամբ շարժիչով մոտոցիկլետներ (թեթև մոտոցիկլետներ)

B1

մեքենայավորած տրիցիկլեր և քվադրոցիկլեր

C1

Ավտոմոբիլներ` բացառությամբ D կարգին վերաբերող տրանսպորտային միջոցների, որոնց թույլատրելի առավելագույն զանգվածը գերազանցում է 3500 կգ-ը, սակայն չի գերազանցում 7500 կգ-ը. C1 ենթակարգի ավտոմոբիլ` կցորդված կցորդով, որի թույլատրելի առավելագույն զանգվածը չի գերազանցում 750 կգ-ը

D1

ուղևորներ փոխադրելու համար նախատեսված և, բացի վարորդի նստելատեղից, ավելի քան 8, սակայն ոչ ավել, քան 16 նստելատեղ ունեցող ավտոմոբիլներ. D1 ենթակարգի ավտոմոբիլ` կցորդված կցորդով, որի թույլատրելի առավելագույն զանգվածը չի գերազանցում 750 կգ-ը

C1E 

C1 ենթակարգի ավտոմոբիլ` կցորդված կցորդով, որի թույլատրելի առավելագույն զանգվածը գերազանցում է 750 կգ-ը, սակայն չի գերազանցում ավտոմոբիլի զանգվածը` առանց բեռնվածության, իսկ այդպիսի շարժակազմի ընդհանուր թույլատրելի առավելագույն զանգվածը չի գերազանցում 12000 կգ-ը

D1E

D1 ենթակարգի ավտոմոբիլ` կցորդված կցորդով, որը նախատեսված չէ ուղևորներ փոխադրելու համար, և որի թույլատրելի առավելագույն զանգվածը գերազանցում է 750 կգ-ը, սակայն չի գերազանցում ավտոմոբիլի զանգվածը` առանց բեռնվածության, իսկ այդպիսի շարժակազմի ընդհանուր թույլատրելի առավելագույն զանգվածը չի գերազանցում 12000 կգ-ը

10. Բացի վերը թվարկված կարգերից և ենթակարգերից` ազգային օրենսդրությամբ կարող են նախատեսվել նաև տրանսպորտային միջոցների այլ կարգեր և ենթակարգեր: Տրանսպորտային միջոցների այդպիսի կարգերի և ենթակարգերի նշումները պետք է տարբերվեն Կոնվենցիայում օգտագործվող տրանսպորտային միջոցների կարգերի և ենթակարգերի նշումներից, ընդ որում` պետք է կիրառվի այլ տառ:

11. Այն տրանսպորտային միջոցների կարգերը (ենթակարգերը), որոնք վարելու համար վավերական է վկայականը, պետք է ներկայացվեն ստորև ներկայացված աղյուսակում նշված պատկերագրերով:

 

Ներմուծեք նկարագրությունը_7380

 

Հավելված 7 (ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՎԱՐՈՐԴԱԿԱՆ ՎԿԱՅԱԿԱՆ)

 

1-ին էջի օրինակի ծանոթագրությունը (կազմի առաջին էջի ձախ կողմը) փոխել հետևյալ կերպ.

 

«2/ Ազգային վարորդական վկայականի գործողության ժամկետը լրանալու ամսաթիվը կամ միջազգային վարորդական վկայականը տրամադրելու պահից երեք տարին չգերազանցող ժամկետը լրանալու ամսաթիվը` կախված նրանից, թե ո՜ր ժամկետը ավելի շուտ կլինի:»:

2-րդ էջի օրինակը (կազմի առաջին էջի ներքին կողմը) փոխել հետևյալ կերպ.

 

Սույն վկայականը վավերական չէ ………………………………………………………..
…………………………………………………………………………………………………
…………………………………………………………………………………………………1/
Այն վավերական է բոլոր այլ Պայմանավորվող կողմերի տարածքներում համապատասխան ազգային վարորդական վկայական ներկայացնելու դեպքում:
Այն տրանսպորտային միջոցների կարգերը, որոնք վարելու համար այն իրավունք է տալիս. նշված են գրքույկի վերջում

2/

Սույն վկայականը կորցնում է իր ուժը մյուս Պայմանավորվող կողմի տարածքում, որը դառնում է դրա սեփականատիրոջ սովորական բնակության վայր:

1/ Այստեղ նշվում է այն Պայմանավորվող կողմ հանդիսացող պետության անվանումը, որտեղ դրա տերն ունի սովորական բնակության վայր:

2/ Պայմանավորվող կողմ հանդիսացող պետությունների ցանկի ոչ պարտադիր ներառման համար նախատեսված տեղ:

Հմ. 3 օրինակի ձախ և աջ էջերը փոփոխել հետևյալ կերպ.

 

ՕՐԻՆԱԿ հմ. 3

 

(ձախ էջ)

 

ԳՐԱՌՈՒՄՆԵՐ ՎԱՐՈՐԴԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Ազգանուն………………………………………………………………………………….…1.
Անուն, այլ անուններ……………………………………………………………………...…2.
Ծննդյան վայր1/……………………………………………………………………………...3.
Ծննդյան ամսաթիվ………………………………………………………………………......4.
Սովորական բնակության վայր2/………………………………………………………...…5.

ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ԾԱԾԿԱԳՐԵՐԻ ՆՇՄԱՄԲ` ԱՅՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԿԱՐԳԵՐԸ ԵՎ ԵՆԹԱԿԱՐԳԵՐԸ, ՈՐՈՆՔ ՎԱՐԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՏՐՎԵԼ Է ՎԿԱՅԱԿԱՆԸ

Կարգի ծածկագիրը/

Պատկերագիր

Ենթակարգի ծածկագիրը/Պատկերագիր

 

Ներմուծեք նկարագրությունը_7387

ՕԳՏԱԳՈՐԾՈՒՄՆ ԱՐԳԵԼՈՂ ՊԱՅՄԱՆՆԵՐ 3/

1/ Ծննդյան վայրը կարող է փոխարինվել ազգային օրենսդրությամբ սահմանված այլ ճշգրիտ տեղեկություններով

2/ Նշվում է, եթե դա պահանջվում է ազգային օրենսդրությամբ

3/ Օրինակ` «Վարել միայն ակնոցով», «Վավերական է միայն հմ. … տրանսպորտային միջոցը վարելու համար», «Մեկ ոտքից զրկված անձի վարելու համար` տրանսպորտային միջոցը վերասարքավորելու պայմանով»

 

ՕՐԻՆԱԿ հմ. 3

 

(աջ էջ)

Ներմուծեք նկարագրությունը_557

4/ Վկայականը տված իշխանության մարմնի կամ միավորման կնիքը կամ դրոշմակը: Այդ կնիքը կամ դրոշմակը դրվում է կարգերի և ենթակարգերի նշումների կողքին միայն այն դեպքում, եթե տերն իրավունք ունի վարելու համապատասխան տրանսպորտային միջոցները:

5/ Պետության անվանումը:

6/ Իր տարածքում վարորդական վկայականի վավերականությունը չեղյալ հայտարարած իշխանության մարմնի ստորագրությունը և կնիքը կամ դրոշմակը: Եթե բացառության համար նախատեսված տեղերը սույն էջի վրա արդեն ամբողջությամբ օգտագործվել են, ապա այլ բացառությունները անհրաժեշտ է անցկացնել սույն էջի հակառակ կողմի վրա:

 

II. ԲԱՑԱՏՐԱԿԱՆ ՀՈՒՇԱԳԻՐ (Առաջարկվող ուղղումների հիմնավորում)

 

Հոդված 1

 

Քանի որ հեծանվորդները դասվում են ճանապարհային երթևեկության հատուկ խոցելի դասին, Ճանապարհային երթևեկության մասին 1968 թվականի Վիեննայի կոնվենցիայում առաջարկվում է նախատեսել նրանց անվտանգության բարձրացմանը և խթանմանն ուղղված նոր միջոցներ: Բացի տվյալ հոդվածից` այդ միջոցները վերաբերում են 11-րդ, 16-րդ, 23-րդ և 27-րդ հոդվածներին:

Այդ կապակցությամբ, որպես սահմանումներ, առաջարկվում է ներառել «հեծանվային արահետ» և «երթևեկության հեծանվային գոտի» հասկացությունները (g-բիս) և g-տեր) ենթակետեր), որոնք համապատասխանում են հեծանիվների երթևեկության համար առանձնացված ենթակառուցվածքի հատակագծման երկու տեսակների: Այդ երկու սահմանումները զուգահեռաբար կներառվեն 1968 թվականի` Ճանապարհային նշանների և ազդանշանների մասին Վիեննայի կոնվենցիայում, որտեղ կներառվի առանձին ուղղում:

 

Հոդված 8, կետ 6 (նոր)

 

Երթևեկության ժամանակ վարորդի կողմից որոշ սարքերի, մասնավորապես հեռախոսի օգտագործման հետ կապված` ճանապարհային երթևեկության անվտանգության համար էական ռիսկերը հաշվի առնելով` առաջարկվող ուղղումն ուղղված է վարորդների կողմից հեռախոսի օգտագործման ասպեկտները կարգավորելու համար միջոցներ ձեռնարկելու` Պայմանավորվող կողմերին պարտավորեցնող դրույթներ Ճանապարհային երթևեկության մասին 1968 թվականի Վիեննայի կոնվենցիայում ներառելուն: Նրանցից պահանջվում է առնվազն արգելել մեխանիկական տրանսպորտային միջոցի և կախովի շարժիչով հեծանվի երթևեկության ժամանակ վարորդի կողմից ձեռքով բռնած հեռախոսի օգտագործումը:

 

Հոդված 11, կետ 11.գ

 

Առաջարկված ուղղումն ուղղված է նրան, որ հնարավորություն ընձեռվի Պայմանավորվող կողմերին թույլատրել հեծանվորդներին և կախովի շարժիչով հեծանիվների վարորդներին շրջանցել կանգնած վիճակում գտնվող կամ դանդաղ շարժվող տրանսպորտային միջոցները երթևեկության ուղղությանը համապատասխանող կողմից: Այդպիսի պրակտիկա արդեն իսկ կիրառվում է ինտենսիվ հեծանվային երթևեկությամբ երկրներում:

 

Հոդված 16

 

Կետ 1.բ

 

Երթևեկության ուղղության փոփոխությունը, մասնավորապես ձախ շրջադարձը (ձախակողմյան երթևեկությամբ երկրներում` աջ շրջադարձը), հատկապես բարդ մանևր է հեծանվորդի կամ կախովի շարժիչով հեծանվի վարորդի համար: Գործնականում հեծանվորդը կամ կախովի շարժիչով հեծանվի վարորդը միտում ունեն պահելու կա՜մ երթևեկելի մասի առանցքը և անհրաժեշտության դեպքում մեկը մյուսի հետևից հատելու երթևեկության գոտիները` Կոնվենցիայի 16-րդ հոդվածի դրույթներին համապատասխան, կա՜մ մնալու հեծանվային արահետի վրա կամ երթևեկելի մասի աջ (կամ ձախ) կողմից և հատել խաչմերուկը երկու փուլով: Այսպիսով, առաջարկվող ուղղումն ուղղված է հեծանվորդներին և կախովի շարժիչով հեծանվի վարորդներին երթևեկության ուղղության երկու փուլով փոփոխելու հնարավորության ընձեռմանը: Պայմանավորվող կողմերը կարող են, բացի դրանից, կիրառել այլ դրույթներ:

 

Կետ 2

 

Առաջարկվող ուղղումն ուղղված է նրան, որ պարտավորցվեն վարորդները, երբ նրանք պատրաստվում են փոխել երթևեկության ուղղությունը, անկախ նրանից, թե արդյոք խոսքը այլ երթևեկելի մասի հատման մասին է, բաց թողնել ճանապարհային երթևեկության այլ մասնակիցներին: Ճանապարհային երթևեկության այլ մասնակիցներ ասելով` պետք է հասկանալ ոչ միայն նրանց, ովքեր երթևեկում են երթևեկելի մասով (օրինակ` հեծանվորդներին` երթևեկության հեծանվային գոտիներում), այլև նրանց, ովքեր գտնվում են հեծանվային արահետների վրա:

 

Հոդված 23

 

Կետ 1 (վերջին նախադասությունը)

 

Առաջարկվող ուղղումն ուղղված է նրան, որ ընդլայնվի բնակավայրերում և դրանց սահմաններից դուրս կանգառի կամ կայանման արգելքի գործողության ոլորտը` դրանում ներառելով այնպիսի այլ տեսակների ենթակառուցվածքներ, ինչպիսիք են երթևեկության հեծանվային գոտիները, ավտոբուսների երթևեկության համար նախատեսված գոտիները, ձիավորների համար արահետները և հետիոտնի համար արահետները:

 

Կետ 6

 

Տվյալ առաջարկության նպատակն այն է, որ Պայմանավորվող կողմերին հնարավորություն տրվի, բացի 23-րդ հոդվածի կանոններից, ներառելու կայանմանը կամ կանգառին վերաբերող այլ կանոններ և ընդունելու հստակ կանոններ, որոնք վերաբերում են հեծանիվների և կախովի շարժիչով հեծանիվների կանգառին և կայանմանը:

 

Հոդված 25-բիս, 1-ին և 3-րդ կետեր

 

Ինչպես վկայում են 1999 և 2001 թվականներին Եվրոպայի որոշ ճանապարհային թունելներում արձանագրված լուրջ ճանապարհատրանսպորտային պատահարները, թունելի ներսում վարորդի ոչ ճիշտ վարքը, այդ թվում` ճանապարհատրանսպորտային պատահարի առաջացման դեպքում, կարող է հանգեցնել ողբերգական հետևանքների: Այդ պատճառով էլ առաջարկվում է առավել կոնկրետ կերպով ճշգրտել Կոնվենցիայում կանոնները, որոնք պետք է պահպանեն վարորդները թունելի ներսում երթևեկության ժամանակ:

 

Հոդված 27, կետ 4

 

Առաջարկվող ուղղումն ուղղված է նրան, որ, մի կողմից, (առաջին փուլում) հեծանվային գոտիների վրա տարածվեն երթևեկության գործող դրույթները և, մյուս կողմից, (երկրորդ փուլում) թույլատրել ազգային օրենսդրությունում մատնացույց անել, թե ճանապարհային երթևեկության ո՜ր այլ մասնակիցներն են, որ կարող նաև օգտագործել երթևեկության հեծանվային գոտիները կամ հեծանվային արահետները:

 

Հոդված 37

 

Ճանապարհային երթևեկության մասին 1968 թվականի Վիեննայի կոնվենցիայի գործող 37-րդ հոդվածին համապատասխան` թույլատրվում է միայն տրանսպորտային միջոցի հետևի մասում հաշվառման նշանից առանձին տեղադրվող հաշվառման պետության տարբերիչ նշանը:

Առաջարկվող ուղղումներն ուղղված են նրան, որ թույլատրվի Եվրամիության շրջանակներում արդեն իսկ ընդունված` հաշվառման նշանի վրա հաշվառման պետության տարբերիչ նշանի տեղադրման պրակտիկան:

Այդ նպատակով 37-րդ հոդվածի 1-ին կետի ուղղումը նպաստում է համապատասխան պայմանների առավել հստակ և ճշգրիտ սահմանմանը, որոնցով թույլատրվում է օգտագործել հաշվառման պետության տարբերիչ նշանը, և որով այդ նշանը պետք է համապատասխանի. այդ կապակցությամբ անհրաժեշտություն առաջացավ վերանայելու 1-ին, 2-րդ և 3-րդ հավելվածներում ներքևում սահմանված` այդ նշանի կիրառության պայմաննները և հնարավորությունները: 37-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ կետերը զուգահեռաբար ճշգրտվել են` այդ կերպ հաշվի առնելով սահմանված սկզբունքները:

 

Հոդված 41

 

Ճանապարհային երթևեկության մասին 1968 թվականի կոնվենցիայում առաջարկվում է ներառել ազգային և միջազգային վարորդական վկայականներին վերաբերող նոր դրույթների մի ամբողջ հավաքածու, որպեսզի, մի կողմից, ապահովվի միջազգային վարորդական վկայականների մեծ պաշտպանությունը, որոնց կապակցությամբ տեղ են գտնում խարդախության բազմաթիվ դեպքեր, և, մյուս կողմից, միջազգային մակարդակով համաձայնեցվեն ազգային վարորդական վկայականներին վերաբերող կանոնները` միջազգային մասշտաբով ճանապարհային երթևեկության հեշտացման համար: Բացի տվյալ հոդվածից` այդ միջոցներն առնչություն ունեն կոնվենցիայի 43-րդ հոդվածի և 6-րդ և 7-րդ հավելվածների հետ:

Այդ կապակցությամբ առաջարկվող ուղղումների նպատակը կայանում է.

- կետ 1. ազգային վարորդական վկայականների տրամադրման պայմանների ճշգրտման և խստացման մեջ, մասնավորապես` ազգային օրենսդրության մեջ պարտավորության ներառման միջոցով, մի կողմից, սահմանել տեսական և գործնական քննությունների անցկացման բովանդակությունը և պայմանները (ենթակետ բ) և, մյուս կողմից, նախատեսել (ենթակետ գ) անհրաժեշտ պայմաններ վարորդական վկայական ստանալու համար (տարիք, ավտոտրանսպորտային միջոց վարելու համար ֆիզիկական և մտավոր պիտանությանը վերաբերող նվազագույն նորմեր և այլն).

- կետ 2. միջազգային վարորդական վկայականի ներկայացման կանոնների խստացման մեջ` հաշվի առնելով ավելի հաճախ ստացվող այն տեղեկատվությունը, որից հետևում է, որ այդ վկայականները տրվում են խաբեության ճանապարհով, մասնավորապես` ինտերնետով: Այսպես, առաջարկվում է (ենթակետ ա.ii) ճանաչել այդ վկայականը որպես գործող միայն այն դեպքում, եթե այն ներկայացվում է համապատասխան ազգային վկայականի հետ, որի հիման վրա այն տրվել է: Բացի դրանից` ներկայումս գործող 2-րդ կետից հանվել է ա ենթակետը` համապատասխան հնարավորությունները հեշտացնելու և այդպիսով միջազգային մակարդակով վկայականի ճանաչման համաձայնեցված ընթացակարգերի կիրառմանը նպաստելու նպատակով: Նոր` ա ենթակետում հստակեցվել են այդ վկայականների ճանաչման պայմանները: Եվ, վերջապես, հաշվի առնելով առաջարկված փոփոխությունները` վերանայվել է այդ կետի ձևակերպումը.

- կետ 3. որպես առանձին սկզբունք` կոնվենցիայի հիմնական տեքստում միջազգային վարորդական վկայականների գործողության ժամկետ հասկացությունը ներառելու մեջ, որը մինչ այդ, կոնվենցիայի 7-րդ հավելվածում ներկայացվող սահմանմանը համապատասխան, նշվում էր միայն միջազգային վկայականի 1-ին էջի օրինակի ստորին հատվածի ծանոթության մեջ.

- կետ 4. վարորդական վկայականների կարգերի (ենթակետ գ)` 6-րդ հավելվածի նոր տարբերակում ներառված կարգերի հետ համաձայնեցման և տվյալ կետի համարակալման ճշգրտման մեջ` հաշվի առնելով նոր` վերը նշված 3-րդ կետի ներառումը.

- ներկայիս 4-րդ և 5-րդ կետերը հանելու մեջ, որոնց բովանդակությունն արտացոլվել է 6-րդ և 7-ևդ հավելվածներում.

- կետ 5. Պայմանավորվող կողմերի կողմից միջազգային վարորդական իրավունքների տրամադրման պայմանների ճշգրտման մեջ: Այդ կետում վերարտադրվում է ներկայիս 6-րդ կետի առաջին նախադասությունը, որի մնացած տեքստը հանվում է, և ներառվում են նոր դրույթներ` այդ վկայականների տրամադրման պայմանների առավել հստակ սահմանման համար.

- կետ 6. տվյալ կետում ներկայումս գործող 7-րդ կետի դրույթների շարադրման մեջ, որը փոփոխվել է, և ազգային վկայականներով այդ դրույթների կիրառության ոլորտի սահմանափակման մեջ:

 

Հոդված 43

 

Տվյալ հոդվածը, որի գործող դրույթները հնացել են, օգտագործվում է նոր` անցումային դրույթների սահմանման համար` հաշվի առնելով ազգային (հավելված 6) և միջազգային (հավելված 7) վարորդական վկայականներում կատարված լուրջ փոփոխությունները: Այսպես. որպեսզի Պայմանավորվող կողմերը կարողանան ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ` իրենց տարածքում այդ նոր դրույթներին համապատասխանող վարորդական վկայականներ ներդնելու նպատակով, սահմանվել է հնգամյա ժամկետ, որն սկսվում է սույն Կոնվենցիայի համապատասխան ուղղումների ուժի մեջ մտնելու պահից:

 

Հավելված 1, կետ 9

 

Առաջարկվող ուղղումն ուղղված է այն տրանսպորտային միջոցի բացթողնման պայմանների ճշգրտմանը, որի հաշվառման նշանի վրա տեղադրված տարբերիչ նշանը չի համապատասխանում սահմանված պահանջներին, որպեսզի ստուգման ընթացքում գործնականում բացառվի դրա սխալ կամ դիտավորյալ մեկնաբանությունը:

 

Հավելված 2

 

Առաջարկված ուղղումները, որոնք վերաբերում են տվյալ հավելվածին, ուղղված են.

 

- հավելվածի անվանման լրացմանը, որպեսզի ապահովվի այդ անվանման համապատասխանությունը հավելվածի բովանդակությանը.

- ցուցանակ-ից առաջ հատուկ ածականը բացառելուն (3-րդ կետի առաջին նախադասություն).

- որպեսզի հաշվառման նշանի ֆոնը լինի լուսանդրադարձիչ նյութից (4-րդ կետ) և ներկայիս հղումը 32-րդ հոդվածի 5-րդ կետով փոխարինելուն, որը հնացել է նախորդ ուղղումը կատարելուց հետո, 5-րդ հավելվածի 61-րդ կետի է ենթակետի հղումով.

- այն բանը հստակեցնելուն (5-րդ կետ), որ հաշվառման նշանի այն մասի ֆոնը, որի վրա տեղադրված է տարբերիչ նշանը, պետք է լինի հաշվառման համարանիշի համար օգտագործվող նույն նյութից:

 

Հավելված 3

 

Այդ հավելվածի ամբողջ կառուցվածքը փոփոխվել է` հաշվի առնելով հաշվառման նշանից առանձին տեղադրվող տարբերիչ նշանին չվերաբերող և այսուհետ` 2- րդ կետում շարադրված կանոններին համապատասխան, հաշվառման նշանի վրա տարբերիչ նշանի անցկացման հնարավորությունը: Այդ փոփոխության ընթացքում գործող դրույթները բարելավվել են, և դրանցում կատարվել են լրացուցիչ ճշգրտումներ:

 

3-րդ կետի առաջարկվող ուղղումներն ուղղված են.

 

- ի լրումն տարբերիչ նշանի հաշվառման նշանի վրա դրոշի պատկերի կամ ազգային խորհրդանիշի կամ տնտեսական ինտեգրացման տարածաշրջանային այն կազմակերպության խորհրդանիշի տեղավորման հնարավորության ճանաչմանը, որի մեջ մտնում է տվյալ երկիրը.

- մի կողմից` այն չափերի ճշգրտմանը, որոնք պետք է ունենա հաշվառման նշանի վրա տեղադրված տարբերիչ նշանը և, մյուս կողմից, այն պայմանների ճշգրտմանը, որոնց այն պետք է համապատասխանի այն մասով, որով վերաբերում է, մասնավորապես, դրա անցկացման տեղին և ընթեռնելիությանը.

- տարբերիչ նշանի վրա փոքրացված չափերով տառերի և դրոշի պատկերի կամ խորհրդանիշի կիրառմանը մոտոցիկլետների հաշվառման նշանների, ինչպես նաև այն հաշվառման նշանների վրա, որոնց վրա համարանիշը նշվում է երկու շարքով.

- հաշվառման նշանի վրա խորհրդանիշի և/կամ դրոշի և/կամ շրջանի կամ տեղանքի խորհրդանիշի օգտագործման թույլտվությանը:

 

Հավելված 5

 

Առաջարկված ուղղումները վերաբերում են միայն ռուսերեն տեքստին, և դրանց նպատակը տերմինաբանական բնույթի անճշտություններն ուղղելն է:

 

Հավելված 6

 

Առաջարկվող ուղղումն ուղղված է 6-րդ հավելվածի ներկայիս տեքստը առավել հարկադրող բնույթի նոր դրույթներով փոխարինելուն` ազգային վարորդական վկայականներում բերված տեքստի բովանդակությունը միջազգային մակարդակով համաձայնեցնելու նպատակով: Այդ նոր դրույթները մասնավորապես վերաբերում են.

- վարորդական վկայականում թույլատրվող կարգերին և ենթակարգերին` համապատասխան ծածկագրերի և պատկերագրերի նշմամբ (8-11-րդ կետեր).

- այն տեղեկություններին, որոնք պարտադիր կամ ֆակուլտատիվ կարգով պետք է նշվեն ազգային վարորդական վկայականներում (4-5-րդ կետեր).

- թղթից պատրաստվող վկայականների փոխարեն պլաստիկից պատրաստվող վկայականների օգտագործման հնարավորությանը (2-րդ կետ),

և Պայմանավորվող կողմերի համար պարունակում են ցուցումներ վարորդական վկայականի նախընտրելի գույնի, ինչպես նաև պլաստիկից պատրաստվող վկայականի չափերի վերաբերյալ (2-րդ կետ), որոնք պետք է օգտագործել:

 

Հավելված 7

 

Առաջարկվող ուղղումն ուղղված է միջազգային վարորդական իրավունքի ներկայիս նմուշի փոփոխությանը` 41-րդ հոդվածի 2-րդ կետի դրույթներին համապատասխանության ապահովման նպատակով, ինչպես նաև հաշվի առնելով 6-րդ հավելվածում նշված վարորդական վկայականներում ներառելու համար տրանսպորտային միջոցների կարգերը և ենթակարգերը:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան