ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
11 սեպտեմբերի 2008 թվականի N 1049-Ն
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՓՅՈՒՌՔԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ» ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՉԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿ ՍՏԵՂԾԵԼՈՒ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՓՅՈՒՌՔԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կառավարության կառուցվածքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 1-ին հոդվածի 14-րդ կետի, «Պետական կառավարչական հիմնարկների մասին» Հայաստանի Հանրապետության oրենքի 7-րդ հոդվածի 1-ին մասի և «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 43-րդ հոդվածի 3-րդ ու 4-րդ մասերի դրույթները` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Ստեղծել «Հայաստանի Հանրապետության սփյուռքի նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկ:
2. Հաստատել`
1) Հայաստանի Հանրապետության սփյուռքի նախարարության կանոնադրությունը` համաձայն N 1 հավելվածի.
2) Հայաստանի Հանրապետության սփյուռքի նախարարության աշխատակազմի կառուցվածքը` համաձայն N 2 հավելվածի։
3. Հայաստանի Հանրապետության սփյուռքի նախարարին` երկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություն Հայաստանի Հանրապետության սփյուռքի նախարարության աշխատակազմին հանձնվող գույքի կազմի և չափի վերաբերյալ:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2008 թվականի հոկտեմբերի 1-ից:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
2008 թ. սեպտեմբերի 24 Երևան |
|
Հավելված N 1 ՀՀ կառավարության 2008 թվականիսեպտեմբերի 11-ի N 1049-Ն որոշման |
Կ Ա Ն Ո Ն Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՓՅՈՒՌՔԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Հայաստանի Հանրապետության սփյուռքի նախարարությունը (այսուհետ` նախարարություն) գործադիր իշխանության հանրապետական մարմին է, որը, Հայաստանի Հանրապետության Նախագահի ընդհանուր ղեկավարությամբ, մշակում և Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, oրենքներով, սույն կանոնադրությամբ և այլ իրավական ակտերով սահմանված կարգով իրականացնում է Հայաստանի Հանրապետության կառավարության քաղաքականությունը՝ Հայաստանի և հայկական սփյուռքի (օտարերկրյա պետություններում գործող բոլոր հայկական մշակութային, բարեգործական, հայրենակցական, երիտասարդական, կրթական, գիտական, արհեստակցական, գաղափարական, կոմիտեական կազմակերպություններ, տարբեր հոգևոր միաբանություններ, հաստատություններ, կառույցներ, միություններ, հիմնադրամներ կամ միավորումներ, զանգվածային լրատվության միջոցներ և այլ մարմիններ, անհատներ) միջև կապերի ամրապնդման, դրանց գործակցության զարգացման, հայապահպանության, ներգաղթի կազմակերպման և իր իրավասությանը վերապահված այլ բնագավառներում՝ Հայաստան-սփյուռք հարաբերությունների շրջանակներում համագործակցելով դիվանագիտական ծառայությունների հետ:
(1-ին կետը փոփ. 22.10.09 N 1183-Ն)
2. Նախարարությունն ստեղծվում, վերակազմակերպվում է, և նրա գործունեությունը դադարեցվում է Հայաստանի Հանրապետության Նախագահի հրամանագրով:
3. Նախարարության լիազորությունները սահմանվում են Հայաստանի Հանրապետության oրենքներով, Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով, Հայաստանի Հանրապետության Նախագահի հրամանագրերով, կարգադրություններով և Հայաստանի Հանրապետության կառավարության, Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշումներով, սույն կանոնադրությամբ:
4. Նախարարությունն իր գործունեությունն իրականացնում է Հայաստանի Հանրապետության oրենքներին, սույն կանոնադրությանը և այլ իրավական ակտերին համապատասխան:
5. Նախարարությունն ունի Հայաստանի Հանրապետության զինանշանի պատկերով, հայերեն, անգլերեն և ռուսերեն` իր անվանմամբ կլոր կնիք, ձևաթղթեր, խորհրդանիշ և այլ անհատականացման միջոցներ:
6. Նախարարությունը կազմված է նախարարից, նախարարի տեղակալից, խորհրդականից, մամուլի քարտուղարից, օգնականից և նախարարության աշխատակազմից: Նախարարության համակարգում կարող են ընդգրկվել նախարարության կառավարման ոլորտում գործող պետական մարմիններ, Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչություններին կից գործող ներկայացուցիչներ կամ ներկայացուցչություններ, նախարարության ենթակայությանը հանձնված պետական ոչ առևտրային կազմակերպություններ:
7. Նախարարության գործունեության նպատակը Հայաստանի Հանրապետության և հայկական սփյուռքի գործակցության ապահովմանը, դրանց միջև կապերի ամրապնդմանը, հայ ժողովրդի հոգևոր միասնությանը, հայ կրթական, գիտական, մշակութային, տնտեսական, երիտասարդության, մարզական կյանքի զարգացմանը, հայկական աշխարհի ստեղծմանը նպաստող պայմանների ստեղծումն է` Հայաստան-սփյուռք գործակցության զարգացման քաղաքականության մշակման, իրականացման, համակարգման և արդյունքների գնահատման միջոցով:
8. Հայաստան-սփյուռք գործակցության զարգացման քաղաքականության հիմնական ուղղությունների մշակման բնագավառում նախարարության խնդիրներն են`
1) Հայաստանի Հանրապետության և հայկական սփյուռքի գործակցության զարգացման հայեցակարգի մշակումը, Հայաստանի Հանրապետության Նախագահին և Հայաստանի Հանրապետության կառավարություն Հայաստանի Հանրապետության և հայկական սփյուռքի գործակցության վերաբերյալ առաջարկություններ ներկայացնելը.
2) հայկական համայնքներում ազգային ինքնության արմատավորման ու պահպանման նպատակով սփյուռքի կազմակերպությունների հետ համատեղ ուծացումը կանխելու, լեզվամշակութային ծրագրեր իրականացնելու համար միջոցներ ձեռնարկելը.
3) բնակության կամ քաղաքացիության երկրի հասարակական, քաղաքական և տնտեսական կյանքին հայ մարդու լիարժեք ինտեգրմանն աջակցելը.
4) այլալեզու և այլադավան հայերի շրջանում հայկական ազգային ինքնության հաստատմանն ու արմատավորմանը նպաստելը.
5) համահայկական միասնական տեղեկատվական դաշտի ձևավորմանն ու զարգացմանը, յուրաքանչյուր հայի համար Հայաստանի մասին տեղեկատվության մատչելիության ապահովմանը, ինչպես նաև հայկական սփյուռքի և Հայաստանի Հանրապետությունում գործող զանգվածային լրատվամիջոցների համագործակցության զարգացմանը նպաստելը.
6) բոլոր երկրներում հայապահպանության և հայ համայնքների զարգացման համար բարենպաստ միջավայրի ձևավորմանն ու զարգացմանը, համահայկական ծրագրերի մշակմանն ու իրականացմանն աջակցելը.
7) հայկական ինքնության շուրջ սփյուռքի համայնքների ինքնակազմակերպման կառույցների ստեղծմանը և Հայաստանի Հանրապետության հետ այդ կառույցների կապերի ամրապնդմանն ու զարգացման ծրագրերի իրականացմանն աջակցելը.
8) հայկական սփյուռքի համայնքային շահերն առանձին պետությունների հետ Հայաստանի Հանրապետության երկկողմ, միջպետական հարաբերությունների հաստատման ու զարգացման գործընթացում ներառմանը նպաստելը.
9) հայրենադարձությունը խթանող ծրագրերի մշակումը, դեպի Հայաստան սփյուռքի երիտասարդների ուխտագնացությանն աջակցելը և անհրաժեշտ պայմանների ստեղծումը` հայոց պետականության ամրապնդման, ժողովրդագրության բարելավման և համազգային խնդիրների լուծման գործում սփյուռքահայերի մասնակցությունն ապահովելու համար.
10) տեղեկատվական տեխնոլոգիաների միջոցով գաղթօջախների մասին տվյալների էլեկտրոնային շտեմարանի կազմմանը, կրթական, գիտական, տնտեսական, մշակութային և այլ ոլորտներում առկա ներուժի հաշվառման կառուցակարգերի և տվյալների միասնական բազայի ստեղծմանը, մասնագիտական հանձնախմբերի ձևավորմանը, կրթական համակարգերի ներդրմանը, հայագիտության բնագավառում հեռավար ուսուցմանն աջակցելը.
11) Հայաստան-սփյուռք գործակցության մասնագիտական կազմակերպակառուցվածքային համակարգի մշակման ու ներդրման միջոցների, ձևերի ընտրության և իրականացման գործընթացի համակարգումը, Հայաստան-սփյուռք համահայկական համակարգող մարմնի կազմակերպմանն օգնելը, որը կսահմանի Հայաստան-սփյուռք գործակցության առաջնահերթությունները, կքննարկի համահայկական հիմնահարցերը, կառաջարկի լուծումներ և կտա երաշխավորություններ.
12) հայկական պետականության ամրապնդմանն ու համազգային խնդիրների լուծմանը սփյուռքահայերի արդյունավետ մասնակցությանը, նրանց ներուժի օգտագործման համար նպաստավոր քաղաքական, տնտեսական, մշակութային և հոգևոր միջավայրի ձևավորմանն աջակցելը.
13) Հայաստանի ներքին խնդիրների լուծման համար սփյուռքի ներուժի ներգրավման կայուն և արդյունավետ մեխանիզմների մշակումը.
14) համազգային նշանակության խնդիրների ձևակերպմանն ու լուծմանն ուղղված Հայաստանի Հանրապետության և հայկական սփյուռքի քաղաքական, տնտեսական, մտավոր, գիտակրթական, հոգևոր-մշակութային կարողությունների ու ջանքերի համախմբումը.
14.1) ապահովել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ժողովածուների, տեղեկագրերի, պարբերականների հրատարակումների ծրագրավորումը.
15) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված այլ խնդիրների իրականացումը:
(8-րդ կետը լրաց. 20.05.10 N 610-Ն)
II. ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ
9. Նախարարությունն իր նպատակի և խնդիրների իրականացման համար, Հայաստանի Հանրապետության oրենսդրությամբ սահմանված կարգով, ըստ ոլորտների իրականացնում է հետևյալ գործառույթները`
1) Հայաստան-սփյուռք գործակցության իրավիճակի ու միտումների հետազոտում և վերլուծություն, Հայաստան-սփյուռք գործակցության զարգացման հիմնական ոլորտների և ուղղությունների բացահայտում ու նախանշում.
2) Հայաստան-սփյուռք գործակցության զարգացման պետական քաղաքականության մշակում և դրա վերաբերյալ Հայաստանի Հանրապետության Նախագահին, Հայաստանի Հանրապետության կառավարություն և Հայաստանի Հանրապետության վարչապետին առաջարկություններ ներկայացնելը.
3) Հայաստան-սփյուռք գործակցության զարգացման իրավական հիմքերի կատարելագործում, նախարարության գործունեության ոլորտին առնչվող իրավական ակտերի կիրառման պրակտիկայի ընդհանրացում, սփյուռքահայերի կացության իրավունքի, երկքաղաքացիության, քաղաքացիաիրավական հարաբերությունների կարգավորման, հաղորդակցության հնարավորությունների վերաբերյալ իրավական ակտերի նախագծերի մշակում.
4) Հայաստանի Հանրապետությունում և հայկական սփյուռքում Հայաստան-սփյուռք գործակցության զարգացման, Հայաստանի, հայ ժողովրդի վարկանիշն ամրապնդող նպատակային համահայկական, մշակութային, կրթական, գիտական, հոգևոր, տնտեսական, մարզական և այլ ոլորտներում հավաքների, գիտաժողովների, խորհրդաժողովների, փառատոների, համատեղ միջոցառումների կազմակերպման ծրագրերի մշակում և իրականացման մոնիթորինգ, ինչպես նաև այդ ոլորտներում պետական լիազոր մարմինների ու տեղական ինքնակառավարման մարմինների հետ համագործակցություն.
5) սփյուռքի կրթական, գիտական, մշակութային, երիտասարդական, մարզական և այլ կազմակերպությունների, այդ ոլորտներում գործող առանձին անհատների ու Հայաստանի Հանրապետության համապատասխան կազմակերպությունների և անհատների միջև կապերի հաստատմանն ու զարգացմանը նպաստելը, մասնագետների գործուղման, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կողմից ձեռնարկվող պետական և հասարակական նախաձեռնություններին, համապետական և համահայկական նշանակություն ունեցող հարցերի վերաբերյալ քննարկումներին, միջոցառումներին և ծրագրերին սփյուռքի կրթամշակութային գործիչների, գիտնականների, ձեռներեցների, կանանց, երիտասարդների ընդգրկմանը միտված ծրագրերի մշակում և իրականացման մոնիթորինգ.
6) սփյուռքի մշակույթի զարգացման ռազմավարության մշակմանը մասնակցություն, սփյուռքում հայապահպան գործունեությանը, հայ մշակութային ժառանգության պահպանմանը, զարգացմանն ու տարածմանն աջակցություն, սփյուռքի կազմակերպությունների, հասարակական և հոգևոր կառույցների ու անհատների հետ սփյուռքում հայկական ունեցվածքի պահպանման և ուսումնասիրման ծրագրերի մշակում և իրականացման մոնիթորինգ.
7) հայեցի կրթության և դաստիարակության ռազմավարության մշակմանը մասնակցություն, համահայկական կրթական ծրագրերի իրականացմանը, համապատասխան ծրագրերի ու դասագրքերի մշակմանը և հրատարակմանը Հայաստանի Հանրապետության կառույցների և սփյուռքի մասնագետների մասնակցության ապահովում, մասնագետների վերապատրաստման դասընթացների կազմակերպման, սփյուռքի կրթամշակութային հաստատություններն անհրաժեշտ դասագրքերով և մեթոդական ձեռնարկներով ապահովելուն ուղղված աշխատանքների համակարգում, համապատասխան լիազոր մարմնի հետ համատեղ` Հայաստանի Հանրապետության բարձրագույն և միջնակարգ մասնագիտական ուսումնական հաստատություններում հայագիտական մասնագիտությունների գծով սփյուռքահայերի ուսումնառության հնարավորությունների ընդլայնմանն ուղղված ծրագրերի մշակում և իրականացման մոնիթորինգ.
8) սփյուռքի համար տարածաշրջանների պահանջներին համապատասխան մասնագետների պատրաստման կարիքների գնահատում և ծրագրերի մշակում, սփյուռքի պատմության և հիմնախնդիրների վերաբերյալ հետազոտությունների իրականացման ծրագրերի մշակում ու իրականացման մոնիթորինգ.
9) այլալեզու և այլադավան հայերի վերաինտեգրմանն ուղղված հայադարձության ծրագրերի մշակում և իրականացման մոնիթորինգ.
10) աջակցելը Հայաստանի Հանրապետության տնտեսական ծրագրերին սփյուռքի ձեռներեցների մասնակցությանը` Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման, տարածաշրջանային և միջազգային մրցունակության ամրապնդման, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության և սփյուռքի միջև զբոսաշրջության զարգացման գործում սփյուռքի գործարարների ջանքերին և նրանց կողմից իրականացվող միջոցառումների համակարգմանը.
11) Հայաստանի և սփյուռքի տեղեկատվության փոխանակման քաղաքականության մշակում` համահայկական միասնական տեղեկատվական համակարգերի միջոցով: Հեռուստակամուրջների, տեսահամաժողովների, համահայկական խորհրդաժողովների անցկացման ծրագրերի մշակում, առանձին երկրների հայկական համայնքների մասին լիարժեք, ամբողջական պատմական, վիճակագրական, քաղաքական, կրթամշակութային, հոգևոր, գիտական, տնտեսական և այլ տեղեկությունների հավաքագրման, հայկական համայնքների մասին համապարփակ տեղեկատվական շտեմարանների ստեղծման ծրագրերի մշակման աշխատանքների համակարգում.
12) հակահայկական քարոզչության, հայատյացության արտահայտման, հայոց պատմության կեղծարարների դեմ պայքարի արդյունավետ ու հստակ կառուցակարգերի ձևավորմանը և դրանց հակազդեցությանը մասնակցություն.
13) ծրագրերի մշակում` սփյուռքի չկազմակերպված հատվածների ինքնակազմակերպմանը, համահայկական մասնագիտական հանձնախմբերի, միավորումների ստեղծմանն ու գործունեությանը նպաստելու համար.
14) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ իրեն վերապահված իրավասությունների շրջանակներում Հայաստանի Հանրապետության և Եվրոպայի միության միջև կնքված «Գործընկերության և համագործակցության մասին» համաձայնագրի և «Եվրոպական նոր հարևանություն» ծրագրի շրջանակներում Հայաստան-Եվրամիություն գործողությունների ծրագրի իրականացմանը մասնակցություն.
15) Հայաստանի Հանրապետության օրենսդրության հիման վրա սփյուռքահայերին Հայաստանի Հանրապետության քաղաքացիության ձեռքբերման հարցում աջակցելը.
16) իր իրավասությանը վերապահված հարցերով Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցու, ինչպես նաև այլ հոգևոր կառույցների հետ սերտ համագործակցության ապահովում, «հայ», «հայություն», «Հայաստան» մնայուն արժեքների, համազգային առաջնահերթ խնդիրների շուրջ Հայաստանի Հանրապետության և հայկական սփյուռքի հայկական կազմակերպությունների համախմբում.
17) Հայաստանի Հանրապետության և հայկական սփյուռքի գործակցության մասնագիտական կազմակերպակառուցվածքային համակարգի մշակման ու ներդրման միջոցների, ձևերի և դրանց իրականացման հիմնարար քայլերի ձեռնարկման աշխատանքների համակարգում` համահայկական համակարգող մարմին ձևավորելու և դրա միջոցով համագործակցության առաջնահերթությունները որոշելու, համահայկական հիմնախնդիրներին լուծումներ և երաշխավորություններ տալու համար.
18) իր իրավասության սահմաններում` Հայաստանի Հանրապետության Նախագահին, Հայաստանի Հանրապետության կառավարություն, Հայաստանի Հանրապետության վարչապետին համապատասխան իրավական ակտեր ընդունելու կամ իրավական ակտ ընդունելու ընթացակարգը նախաձեռնելու, Հայաստանի Հանրապետության և օտարերկրյա պետությունների, միջազգային կազմակերպությունների միջև միջազգային իրավական ակտեր ընդունելու գործընթաց նախաձեռնելու վերաբերյալ առաջարկություններ ներկայացնելը.
19) սփյուռքում Հայաստանի Հանրապետության պետական քաղաքականության հիմնադրույթները ներկայացնելը` դրանց իրագործումն ապահովելու համար.
20) (Ենթակետն ուժը կորցրել է 20.05.10 N 610-Ն)
21) ըստ համայնքների` մասնագիտական հանձնախմբերի ձևավորում, միջոցառումների կազմակերպում, հայկական ներուժի հաշվառում` Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության աջակցությամբ և Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչությունների հետ համագործակցությամբ.
22) (Ենթակետն ուժը կորցրել է 20.05.10 N 610-Ն)
23) Հայաստանի Հանրապետության և հայկական սփյուռքի միջև հարաբերությունների ոլորտում գործող հանրապետական գործադիր և տարածքային մարմինների գործունեության համակարգում և Հայաստանի Հանրապետությունում գործող համահայկական ու սփյուռքի հասարակական կազմակերպությունների հետ գործակցություն.
24) Հայաստան-սփյուռք գործակցության զարգացման բնագավառում պետական կառավարման այլ մարմինների հետ համագործակցություն, անհրաժեշտության դեպքում նրանց հետ համատեղ` աշխատանքային խմբերի ու հանձնաժողովների ստեղծում, համատեղ հրամանների արձակում, խորհրդակցությունների, սեմինարների, քննարկումների, հանդիպումների անցկացման ծրագրերի մշակում և իրականացման մոնիթորինգ.
25) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով` նախարարության աշխատողների ընտրության գործընթացի կազմակերպում, կադրերի վերապատրաստման, մասնագիտական որակավորման բարձրացման աշխատանքների համակարգում.
26) նախարարությանը հասցեագրված նամակների, դիմումների, առաջարկությունների, բողոքների ժամանակին քննարկման կազմակերպում` հետամուտ լինելով բարձրացված հարցերի պատշաճ և արդարացի լուծմանը, ինչպես նաև միջոցների ձեռնարկում` նախարարության աշխատակազմի գործունեության մեջ տեղ գտած թերությունների վերացման նպատակով.
27) Հայաստանի Հանրապետության oրենսդրությամբ նախատեսված այլ գործառույթների իրականացում:
(9-րդ կետը խմբ., փոփ. 20.05.10 N 610-Ն)
III. ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ
10. Նախարարությունը կառավարում է Հայաստանի Հանրապետության սփյուռքի նախարարը (այսուհետ` նախարար), որին պաշտոնի նշանակում և պաշտոնից ազատում է Հայաստանի Հանրապետության Նախագահը` Հայաստանի Հանրապետության վարչապետի առաջարկությամբ: Նախարարն ունի տեղակալներ, որոնց պաշտոնի նշանակում և պաշտոնից ազատում է Հայաստանի Հանրապետության վարչապետը` խորհրդակցելով նախարարի հետ: Նախարարն իր գործունեության ընթացքում առաջնորդվում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, Հայաստանի Հանրապետության oրենքներով, Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով, Հայաստանի Հանրապետության Նախագահի հրամանագրերով, Հայաստանի Հանրապետության կառավարության, Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշումներով, սույն կանոնադրությամբ և այլ իրավական ակտերով:
11. Նախարարն իրականացնում է նախարարությանը վերապահված խնդիրներն ու գործառույթները և պատասխանատու է լիազորված բնագավառներում քաղաքականության մշակման ու իրականացման, տիրող իրավիճակի և հեռանկարային զարգացման ապահովման համար:
12. Նախարարը հաշվետու է Հայաստանի Հանրապետության Նախագահին, Հայաստանի Հանրապետության կառավարությանը և Հայաստանի Հանրապետության վարչապետին:
13. Նախարարը`
1) իր իրավասության սահմաններում ընդունում և oրենքով սահմանված կարգով հրապարակում է գերատեսչական իրավական ակտեր.
2) ղեկավարում է նախարարության համակարգի ընդհանուր և ընթացիկ գործունեությունը, պատասխանատու է նախարարության առջև դրված խնդիրների ու գործառույթների իրականացման համար.
3) oրենքով, սույն կանոնադրությամբ և այլ իրավական ակտերով նախատեսված գործունեության բնագավառներին, նպատակներին ու խնդիրներին համապատասխան` առաջարկություններ է ներկայացնում Հայաստանի Հանրապետության կառավարություն.
4) իր իրավասության սահմաններում արձակում է հրամաններ և տալիս ցուցումներ, առանց լիազորագրի հանդես է գալիս Հայաստանի Հանրապետության կամ նախարարության անունից, ինչպես նաև տալիս է Հայաստանի Հանրապետության կամ նախարարության անունից հանդես գալու լիազորագրեր, այդ թվում` նաև վերալիազորման իրավունքով լիազորագրեր.
5) Հայաստանի Հանրապետության oրենսդրությամբ սահմանված դեպքերում և կարգով նշանակումներ է կատարում նախարարության քաղաքացիական ծառայության և այլ պաշտոններում, ինչպես նաև աշխատողների նկատմամբ կիրառում է խրախուսանքի ու կարգապահական տույժի միջոցներ.
6) պաշտոնի նշանակում և պաշտոնից ազատում է իր խորհրդականներին, oգնականներին, մամուլի քարտուղարին, նախարարության ենթակայությանը հանձնված պետական ոչ առևտրային կազմակերպությունների ղեկավարներին, ինչպես նաև կարող է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով նշանակումներ կատարել այլ պաշտոններում, այդ թվում` Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչություններին կից գործող ներկայացուցիչներին և ներկայացուցչություններում աշխատողներին.
7) Հայաստանի Հանրապետության oրենսդրությանը և սույն կանոնադրությանը համապատասխան` սահմանում է նախարարության աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումների իրավասությունները.
8) սահմանում է աշխատանքի բաշխումն իր տեղակալների միջև.
9) oրենքով և սույն կանոնադրությամբ նախատեսված իր լիազորությունների սահմաններում կասեցնում կամ ուժը կորցրած է ճանաչում իր տեղակալների, նախարարության աշխատակազմի ղեկավարի, նախարարության աշխատակազմի առանձնացված ստորաբաժանումների ղեկավարների, ինչպես նաև նախարարության ենթակայությանը հանձնված պետական ոչ առևտրային կազմակերպությունների ղեկավարների` Հայաստանի Հանրապետության oրենսդրության պահանջներին հակասող հրամանները, հանձնարարագրերը, կարգադրությունները, հրահանգները և ցուցումները.
10) լսում և Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատմանն է ներկայացնում նախարարության աշխատակազմի գործունեության մասին տարեկան հաշվետվություններն ու տարեկան հաշվեկշիռը, քննում դրանց գործունեության ստուգման արդյունքները, հաստատում նախարարության աշխատակազմի տարեկան պահպանման ծախսերի նախահաշիվը, դրա կատարողականը և ֆինանսական հաշվետվությունների արժանահավատության վերստուգման արդյունքները.
11) իրականացնում է վերահսկողություն նախարարության աշխատակազմին ամրացված պետական սեփականության օգտագործման, պահպանության և oտարման նկատմամբ.
12) Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատմանն է ներկայացնում նախարարության, նախարարության համակարգում գործող պետական մարմինների կանոնադրությունները և նախարարության աշխատակազմի կառուցվածքը.
13) Հայաստանի Հանրապետության վարչապետի հաստատմանն է ներկայացնում նախարարության աշխատողների թիվը.
14) oրենքով նախատեսված դեպքերում և կարգով շնորհում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ծառայության 1-ին, 2-րդ և 3-րդ դասերի խորհրդականների դասային աստիճաններ, ինչպես նաև իջեցնում է դասային աստիճանը և զրկում դասային աստիճանից.
15) կարող է ստեղծել խորհրդակցական մարմիններ` ինչպես Հայաստանում, այնպես էլ սփյուռքում.
16) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով` հաստատում է մրցութային և ատեստավորման հանձնաժողովների կազմերն ու աշխատակարգը, նախարարության աշխատանքային կարգապահության կանոնները.
17) ներկայացնում է առաջարկություններ համասփյուռքյան խորհրդաժողովներին, սփյուռքին առնչվող հարցերին նվիրված խորհրդակցություններին մասնակցող նախարարությունների պատվիրակությունների ձևավորման և կազմի վերաբերյալ.
18) իրականացնում է oրենքով, այլ իրավական ակտերով և սույն կանոնադրությամբ նախատեսված այլ լիազորություններ:
14. Նախարարի բացակայության դեպքում, նրա հանձնարարությամբ, նախարարի պարտականությունները կատարում է նախարարի տեղակալներից մեկը:
15. Նախարարը Հայաստանում, սփյուռքում ունի խորհրդականներ, oգնականներ և մամուլի քարտուղար (նաև` հասարակական կարգով):
16. Նախարարը կարող է սահմանել խրախուսանքի ձևեր և միջոցներ:
17. Նախարարի տեղակալը`
1) իրեն հանձնարարված բնագավառներում քաղաքականության ապահովման համար իր լիազորությունների սահմաններում իրականացնում է աշխատանքներ` տալով ցուցումներ և հանձնարարականներ.
2) նախարարության նպատակներին և խնդիրներին համապատասխան` սահմանում է իրեն հանձնարարված բնագավառների` նախարարության համակարգի մարմիններին որոշակի հանձնարարականներ և առաջադրանքներ, դրանց կատարման նկատմամբ իրականացնում վերահսկողություն.
3) նախարարի հանձնարարությամբ նախապատրաստում է նախարարի մոտ քննարկվելիք հարցերը և կազմակերպում դրանց նախնական քննարկումները.
4) իր լիազորությունների սահմաններում համագործակցում է պետական կառավարման և այլ մարմինների, կազմակերպությունների ու հիմնարկների հետ.
5) իրեն հանձնարարված բնագավառներում համակարգում է համապատասխան զարգացման ծրագրերի մշակման և իրականացման աշխատանքները.
6) նախարարին պարբերաբար ներկայացնում է տեղեկատվություն իրեն հանձնարարված բնագավառներում տիրող իրավիճակի մասին.
7) իրեն հանձնարարված բնագավառներում ապահովում է նախարարի հրամանների ու ցուցումների կատարման նկատմամբ վերահսկողությունը և արդյունքների մասին տեղեկացնում նախարարին.
8) նախարարին և աշխատակազմի ղեկավարին ներկայացնում է առաջարկություններ նրանց իրավասություններին վերաբերող հարցերի մասին.
9) կատարում է նախարարի հանձնարարությունները, նրա աջակցությամբ իրականացնում այլ գործառույթներ:
18. Նախարարի խորհրդականը`
1) համաձայնեցնելով նախարարի հետ` կազմում է իրենց աշխատանքային ծրագրերը.
2) նախարարին պարբերաբար ներկայացնում է զեկույցներ, անհրաժեշտ վերլուծական նյութեր իրեն հանձնարարված բնագավառներում տիրող իրավիճակի, երևույթների և իրադարձությունների մասին, ինչպես նաև` առաջարկություններ առկա հիմնահարցերի լուծման վերաբերյալ.
3) կազմակերպում է սփյուռքահայերի և Հայաստանի Հանրապետության քաղաքացիների ընդունելություններ.
4) նախարարի հանձնարարությամբ` մասնակցում է պետական և տեղական ինքնակառավարման մարմիններում, կազմակերպություններում, սփյուռքում` իրեն հանձնարարված բնագավառներին վերաբերող հարցերի քննարկմանը.
5) մշակում է ծրագրերի, միջոցառումների նախագծեր, պատրաստում տեղեկատվական նյութեր, ներկայացնում առաջարկություններ, անցկացնում հետազոտություններ.
6) նախարարի որոշմամբ` կարող է ղեկավարել նախարարին առընթեր խորհրդակցական մարմինների գործունեությունը կամ մասնակցել դրանց աշխատանքներին.
7) նախարարի հանձնարարությամբ` հրավիրում է խորհրդակցություններ, կազմակերպում իրեն հանձնարարված հարցերի քննարկումները.
8) կատարում է նախարարի կողմից տրված այլ հանձնարարականներ:
19. Նախարարի oգնականը`
1) կազմակերպչական, տեղեկատվական և տեխնիկական աջակցություն է ցուցաբերում նախարարին.
2) համաձայնեցնելով նախարարի հետ` կազմակերպում է նախարարի ընթացիկ և հեռանկարային աշխատանքների ծրագրերի նախապատրաստումը և դրանք ներկայացնում նախարարին.
3) կազմակերպում է նախարարի խորհրդակցությունների, հանդիպումների, այցերի և ուղևորությունների նախապատրաստումը.
4) համագործակցելով նախարարության աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումների աշխատողների հետ` նախարարի համար նախապատրաստում է տեղեկատվական և վերլուծական նյութեր.
5) նախապատրաստում և նախարարին է ներկայացնում առաջարկություններ աշխատանքային ծրագրերի վերաբերյալ.
6) կազմակերպում է սփյուռքահայ և Հայաստանի քաղաքացիների ընդունելությունները նախարարի մոտ.
7) կատարում է նախարարի կողմից տրված այլ հանձնարարականներ:
20. Նախարարի մամուլի քարտուղարը`
1) նախարարի պաշտոնական տեսակետները ներկայացնում է Հայաստանի Հանրապետության և օտարերկրյա պետությունների տեղեկատվության միջոցներին.
2) անցկացնում է ասուլիսներ և ճեպազրույցներ.
3) իր գործունեության ծրագրման և իրականացման վերաբերյալ առաջարկություններ ու վերլուծություններ է ներկայացնում նախարարին և նախարարի հետ համաձայնեցնելուց հետո հետևում դրանց իրականացմանը.
4) կազմակերպում է նախարարի հարցազրույցները, ասուլիսները և հանդիպումները մամուլի և զանգվածային լրատվության մյուս միջոցների ներկայացուցիչների հետ.
5) նախարարի հանձնարարությամբ` հանդես է գալիս հայտարարություններով, պարզաբանումներով, հերքումներով.
6) վերլուծում է օրվա մամուլը, այլ զանգվածային լրատվության միջոցների նյութերը, Հայաստան-սփյուռք գործակցության զարգացման մասին տեղեկատվությունը, սփյուռքի մամուլը և ամփոփ տեղեկատվություն ներկայացնում նախարարին.
7) կատարում է նախարարի կողմից տրված այլ հանձնարարականներ:
21. Նախարարի սահմանած գործառույթները և հանձնարարականները կատարելիս` նախարարի խորհրդականները, օգնականները, նախարարի մամուլի քարտուղարը համագործակցում են միմյանց, նախարարության աշխատակազմի ղեկավարի, նախարարության աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումների, ինչպես նաև սփյուռքի կազմակերպությունների ղեկավարների հետ:
21.1. Նախարարության առջև դրված խնդիրներն ու գործառույթներն արդյունավետ իրականացնելու նպատակով նախարարին կից ստեղծվում է կոլեգիա (ատյան): Նախարարին կից կոլեգիան (ատյանը)`
1) օժանդակում է նախարարության գործունեության ռազմավարական պլանավորման, քաղաքական որոշումների ընդունման, միջոցառումների ծրագրերի մշակման գործընթացներին.
2) նպաստում է ռազմավարական ծրագրերի իրականացմանը, գնահատմանը և այդ գործընթացներում քաղաքացիական հասարակության մասնակցությանը.
3) մշակում և ներկայացնում է նախարարության կառավարման արդյունավետության բարձրացման վերաբերյալ առաջարկություններ:
(21.1 կետը լրաց. 25.12.08 N 1553-Ն)
IV. ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԸ
22. Նախարարության աշխատակազմի նպատակը և խնդիրը նախարարությանը (այդ թվում` նրա կազմում գործող գործակալություններին ու տեսչություններին) oրենքներով, սույն կանոնադրությամբ և այլ իրավական ակտերով վերապահված լիազորությունների լիարժեք ու արդյունավետ իրականացման, ինչպես նաև քաղաքացիական իրավահարաբերություններին նախարարության մասնակցության ապահովումն է:
23. Նախարարության աշխատակազմն իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող պետական կառավարչական հիմնարկ է, որը Հայաստանի Հանրապետության oրենսդրությամբ սահմանված կարգով ենթակա է հաշվառման` իրավաբանական անձանց գրանցում իրականացնող մարմնի կողմից:
24. Նախարարության աշխատակազմը գործում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիական oրենսգրքի, «Պետական կառավարչական հիմնարկների մասին» և «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների, այլ oրենքների ու իրավական ակտերի, Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի և սույն կանոնադրության հիման վրա:
25. Նախարարության աշխատակազմն իր իրավասության սահմաններում կարող է Հայաստանի Հանրապետության անունից ձեռք բերել ու իրականացնել գույքային և անձնական ոչ գույքային իրավունքներ, կրել պարտականություններ, դատարանում հանդես գալ որպես հայցվոր կամ պատասխանող:
26. Նախարարության աշխատակազմն ունի Հայաստանի Հանրապետության զինանշանի պատկերով և իր` հայերեն, անգլերեն, ռուսերեն անվանմամբ կլոր կնիք, ձևաթղթեր, խորհրդանիշ և այլ անհատականացման միջոցներ:
27. Նախարարության աշխատակազմն ունի ինքնուրույն հաշվեկշիռ:
28. Նախարարության աշխատակազմը չի կարող իրականացնել ձեռնարկատիրական գործունեություն: Նախարարության աշխատակազմի կատարած գործառույթների և մատուցած ծառայությունների դիմաց կարող է գանձվել միայն պետական տուրք` oրենքով սահմանված չափով և կարգով:
29. Նախարարության աշխատակազմն իր ֆինանսական գործառնություններն իրականացնում է Հայաստանի Հանրապետության գանձապետական համակարգի միջոցով: Նախարարության աշխատակազմի պահպանման կարիքների համար, ինչպես նաև նախարարության լիազորությանը վերապահված բյուջետային ծրագրերի շրջանակներում գնումները կատարվում են «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության oրենքով սահմանված կարգով:
30. Նախարարության աշխատակազմի պարտավորությունների համար պատասխանատվությունը կրում է Հայաստանի Հանրապետությունը:
31. Նախարարության աշխատակազմի անվանումն է` «Հայաստանի Հանրապետության սփյուռքի նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկ:
32. Նախարարության աշխատակազմի գտնվելու վայրն է` Հայաստանի Հանրապետություն, քաղ. Երևան, Վազգեն Սարգսյան 26/1:
V. ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԳՈՒՅՔԸ
33. Նախարարության աշխատակազմի գույքն oրենքով սահմանված կարգով ձևավորվում է Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության անունից աշխատակազմի կնքած գործարքներով ձեռք բերված և նախարարության աշխատակազմի տիրապետմանը, տնoրինմանն ու oգտագործմանը հանձնված (ամրացված), այդ թվում` վարձակալության կարգով, օրենքով սահմանված այլ աղբյուրներից գոյացած գույքից (ներառյալ գույքային իրավունքները), որը հաշվառվում է նրա հաշվեկշռում: Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ նախարարության աշխատակազմին կարող է վերապահվել նաև պետական բաժնետոմսերի կամ բաժնեմասերի տիրապետման իրավասություն:
34. Հայաստանի Հանրապետության կառավարությունն իրավունք ունի ցանկացած ժամանակ վերցնելու նախարարության աշխատակազմի գույքը:
35. Նախարարության աշխատակազմն իրավունք ունի oրենքով, իր կանոնադրությամբ և այլ իրավական ակտերով նախատեսված դեպքերում և կարգով, իր գործունեության նպատակներին և գույքի նշանակությանը համապատասխան, տիրապետելու, oգտագործելու և տնoրինելու իր գույքը:
VI. ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ
36. Նախարարության աշխատակազմի կառուցվածքում ներառվում են նրա կառուցվածքային ստորաբաժանումները (վարչություններ, ինքնուրույն բաժիններ, քարտուղարություն)։ Նախարարության աշխատակազմի կառուցվածքում կարող են ներառվել նաև առանձնացված ստորաբաժանումներ (գործակալություններ, տեսչություններ, ներկայացուցչություններ):
37. Նախարարության աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումների կանոնադրությունները հաստատում է նախարարը:
38. Նախարարության աշխատակազմի առանձնացված ստորաբաժանումների կանոնադրությունները հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը` նախարարի ներկայացմամբ:
39. Նախարարության աշխատակազմի առանձնացված ստորաբաժանումն oրենքով, իսկ առանձին դեպքերում` նաև Հայաստանի Հանրապետության oրենսդրությամբ նախատեսված ծառայություններ մատուցող, վերահսկողական գործառույթներ և պատասխանատվության միջոցներ կիրառող մարմին է:
40. Նախարարության աշխատակազմի առանձնացված ստորաբաժանումն իրականացնում է նաև նախարարության աշխատակազմի առանձին գործառույթներ կամ դրանց մի մասը և հանդես է գալիս Հայաստանի Հանրապետության անունից:
41. Նախարարության աշխատակազմի առանձնացված ստորաբաժանումն իրավունք ունի Հայաստանի Հանրապետության անունից ձեռք բերելու և իրականացնելու գույքային ու անձնական ոչ գույքային իրավունքներ, կրելու պարտականություններ, դատարանում հանդես գալու որպես հայցվոր կամ պատասխանող:
42. Նախարարության աշխատակազմի առանձնացված ստորաբաժանումն ունի Հայաստանի Հանրապետության զինանշանի պատկերով և նախարարության աշխատակազմի ու իր` հայերեն, անգլերեն, ռուսերեն անվանումներով կլոր կնիք, ձևաթղթեր, խորհրդանիշ և այլ անհատականացման միջոցներ:
VII. ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ
43. Նախարարության աշխատակազմի կառավարումն իրականացնում են Հայաստանի Հանրապետության կառավարությունն ու նախարարը` oրենքով և սույն կանոնադրությամբ իրենց վերապահված իրավասությունների սահմաններում: Նախարարության աշխատակազմը ղեկավարում է նախարարության աշխատակազմի ղեկավարը:
44. Հայաստանի Հանրապետության կառավարությունը`
1) օրենքով սահմանված կարգով պաշտոնի նշանակում և պաշտոնից ազատում է նախարարության աշխատակազմի ղեկավարին.
2) վերակազմակերպում և դադարեցնում է նախարարության աշխատակազմի գործունեությունը.
3) հաստատում է նախարարության կանոնադրությունը և դրանում կատարվող փոփոխությունները.
4) որոշում է նախարարության աշխատակազմին հանձնվող գույքի կազմը և չափը.
5) հաստատում է նախարարության աշխատակազմի կառուցվածքը.
6) իրականացնում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ և oրենքներով իրեն վերապահված այլ լիազորություններ:
45. Նախարարության աշխատակազմի ղեկավարն oրենքով, այլ իրավական ակտերով, նախարարի հրամաններով, որոշումներով, սույն կանոնադրությամբ իրեն վերապահված լիազորությունների սահմաններում ղեկավարում է նախարարության աշխատակազմի ընթացիկ գործունեությունը և կրում պատասխանատվություն oրենքները, այլ իրավական ակտերը, Հայաստանի Հանրապետության կառավարության ու Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշումները, սույն կանոնադրության պահանջները, հրամանները, որոշումները, հանձնարարականները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու համար:
46. Նախարարության աշխատակազմի ղեկավարն oրենքով սահմանված կարգով գույքային պատասխանատվություն է կրում իր մեղքով պետությանը պատճառված վնասի համար: Նախարարության աշխատակազմի ղեկավարի լիազորությունների դադարեցումը հիմք չէ պատճառված վնասը հատուցելու պարտականությունները չկատարելու համար:
47. Նախարարության աշխատակազմի ղեկավարը պարտավոր է չկատարել հիմնադրի, նախարարի` Հայաստանի Հանրապետության oրենսդրությանը հակասող որոշումները, կարգադրությունները, հրամաններն ու հրահանգները:
48. Նախարարության աշխատակազմի ղեկավարի բացակայության դեպքում նրան փոխարինում է նրա տեղակալներից մեկը` նախարարի հրամանով:
49. Նախարարության աշխատակազմի ղեկավարը`
1) առանց լիազորագրի` իր իրավասության սահմաններում հանդես է գալիս Հայաստանի Հանրապետության անունից և ներկայացնում նրա շահերը, իր լիազորության սահմաններում դատարանում հանդես է գալիս որպես հայցվոր կամ պատասխանող, տալիս է լիազորագրեր` դատարանում գործը վարելու և այլ դատավարական գործողություններ իրականացնելու համար.
2) oրենքով, այլ իրավական ակտերով, հիմնադրի կանոնադրությամբ և սույն կանոնադրությամբ սահմանված կարգով տնoրինում է հիմնարկին ամրացված պետական գույքը, այդ թվում` ֆինանսական միջոցները.
3) իր իրավասության սահմաններում տալիս է Հայաստանի Հանրապետության անունից հանդես գալու լիազորագրեր, այդ թվում` վերալիազորման իրավունքով լիազորագրեր.
4) oրենքով և սույն կանոնադրությամբ սահմանված իր լիազորությունների սահմաններում պաշտոնի (աշխատանքի) նշանակում և պաշտոնից (աշխատանքից) ազատում է նախարարության աշխատակազմի աշխատողներին, նրանց նկատմամբ կիրառում խրախուսանքի ու կարգապահական տույժի միջոցներ.
5) օրենքով սահմանված դեպքերում և կարգով շնորհում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ծառայության 1-ին, 2-րդ և 3-րդ դասերի առաջատար ծառայողների և Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ծառայության 1-ին, 2-րդ և 3-րդ դասերի կրտսեր ծառայողների դասային աստիճանները, ինչպես նաև իջեցնում է դասային աստիճանը և զրկում դասային աստիճանից.
6) oրենքով, այլ իրավական ակտերով և սույն կանոնադրությամբ սահմանված իր լիազորությունների սահմաններում արձակում է հրամաններ, տալիս պարտադիր կատարման համար ցուցումներ.
7) նախարարի հաստատմանն է ներկայացնում նախարարության աշխատակազմի տարեկան հաշվետվություններն ու տարեկան հաշվեկշիռը, այդ թվում` ապահովում է նախարարության աշխատակազմի հաշվապահական հաշվառումը վարելը, ֆինանսական հաշվետվություններ կազմելը և ներկայացնելը, նախարարի հաստատմանն է ներկայացնում նախարարության աշխատակազմի տարեկան պահպանման ծախսերի նախահաշիվը, դրա կատարողականը, տարեկան ֆինանսական հաշվետվություններն ու տարեկան հաշվեկշիռը, միջոցներ է ձեռնարկում ստուգումներով հայտնաբերված ֆինանսական խախտումների վերացման համար.
8) նախարարին է ներկայացնում առաջարկություններ նախարարության աշխատակազմի գործունեության հիմնական ուղղությունների վերաբերյալ.
9) կազմակերպում է նախարարության բյուջեի նախագծի նախապատրաստական աշխատանքները և ապահովում բյուջետային միջոցներից ծախսերի կատարումը.
10) կազմակերպում է նախարարությունում քննարկումների և խորհրդակցությունների անցկացումը.
11) վերահսկում է նախարարության աշխատակազմի կողմից` սահմանված ժամկետներում աշխատանքների կատարման ընթացքը.
12) նախարարի ստորագրությանն է ներկայացնում նախարարի հրամանները.
13) ապահովում է համագործակցությունը Հայաստանի Հանրապետության պետական իշխանության այլ մարմինների աշխատակազմերի հետ.
14) կազմակերպում է նախարարությունում գործավարության և տեխնիկական սպասարկման աշխատանքները.
15) իրականացնում է oրենքով, այլ իրավական ակտերով և սույն կանոնադրությամբ նախատեսված այլ լիազորություններ, այդ թվում` նաև գլխավոր ֆինանսիստի պարտականությունները:
(49-րդ կետը լրաց. 22.10.09 N 1183-Ն)
50. Նախարարության աշխատակազմի գլխավոր ֆինանսիստը ղեկավարում է աշխատակազմի ֆինանսական և հաշվապահական հաշվառման ծառայությունները, գործում նախարարի անմիջական ենթակայությամբ և իրականացնում «Հայաստանի Հանրապետության գանձապետական համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված լիազորությունները:
(50-րդ կետը փոփ. 22.10.09 N 1183-Ն)
51. Նախարարության աշխատակազմի գլխավոր ֆինանսիստը պատասխանատու է հաշվապահական հաշվառումը վարելու, նախարարության աշխատակազմի ֆինանսական, բյուջետային, հարկային, վիճակագրական, պարտադիր վճարների հաշվետվությունները ժամանակին կազմելու համար:
VIII. ՀԱՇՎԱՊԱՀԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՈՒՄԸ ԵՎ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
52. Նախարարության աշխատակազմը Հայաստանի Հանրապետության oրենսդրությամբ սահմանված կարգով վարում է հաշվապահական հաշվառում և համապատասխան մարմիններ է ներկայացնում ֆինանսական, հարկային, մաքսային, պարտադիր վճարների և վիճակագրական հաշվետվություններ, հաշվարկներ, հայտարարագրեր:
53. Նախարարության աշխատակազմի գործունեության տարեկան ֆինանսական հաշվետվությունների հավաստիությունը կարող է ենթարկվել վերստուգման (աուդիտի)` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:
IX. ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ ԵՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԴԱԴԱՐՈՒՄԸ
54. Նախարարության աշխատակազմի վերակազմակերպման և նրա գործունեության դադարման կարգն ու պայմանները սահմանվում են oրենքով:
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար |
Դ. Սարգսյան |
Հավելված N 2 ՀՀ կառավարության 2008 թվականիսեպտեմբերի 11-ի N 1049-Ն որոշման |
Կ Ա Ռ ՈՒ Ց Վ Ա Ծ Ք
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՓՅՈՒՌՔԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ
I. ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Մամուլի և հասարակայնության հետ կապերի վարչություն
Տեղեկատվության և հեռահաղորդակցության վարչություն
Եվրոպայի հայ համայնքների վարչություն
Ամերիկայի հայ համայնքների վարչություն
ԱՊՀ հայ համայնքների վարչություն
Մերձավոր և Միջին Արևելքի հայ համայնքների վարչություն
Համահայկական, միջազգային և եկեղեցական կառույցների հետ կապերի
վարչություն
Հայրենադարձության և հետազոտությունների վարչություն
Համահայկական ծրագրերի վարչություն
Գործերի կառավարչություն
II. ԲԱԺԻՆՆԵՐ
Ֆինանսական բաժին
Իրավաբանական բաժին
Քարտուղարություն
Առաջին բաժին
Անձնակազմի կառավարման բաժին
(Հավելվածը լրաց., փոփ. 16.09.10 N 1212-Ն)
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար |
Դ. Սարգսյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|