Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (30.07.2010-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2010.09.28/46(780).1 Հոդ.1084.43
Принят
Վճռաբեկ դատարան
Дата принятия
30.07.2010
Подписан
Նախագահող
Дата подписания
30.07.2010
Дата вступления в силу
30.07.2010

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

ՀՀ վարչական դատարանի վճիռ
Վարչական գործ թիվ ՎԴ/2894/05/09

Վարչական գործ թիվ ՎԴ/2894/05/09

2010թ.

Նախագահող դատավոր՝ Ա. Միրզոյան

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան)

նախագահությամբ

Ս. Սարգսյանի

մասնակցությամբ դատավորներ

Տ. Պետրոսյանի

 

Վ. Աբելյանի

Ս. Անտոնյանի

Վ. Ավանեսյանի

Ե. Խունդկարյանի

Է. Հայրիյանի

 

2010 թվականի հուլիսի 30-ին

դռնբաց դատական նիստում, քննելով «Սիփան-1» ՍՊԸ-ի (այսուհետ՝ Ընկերություն) վճռաբեկ բողոքը ՀՀ վարչական դատարանի 12.04.2010 թվականի վճռի դեմ` ըստ հայցի Ընկերության ընդդեմ ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարության (այսուհետ՝ Նախարարություն)՝ վարչական ակտն անվավեր ճանաչելու պահանջի մասին,

 

Պ Ա Ր Զ Ե Ց

 

1. Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով դատարան` Ընկերությունը պահանջել է անվավեր ճանաչել ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարի 13.03.2009 թվականի թիվ 22-Ա հրամանը՝ ՀՀ Սյունիքի մարզի Լիճքվազ-Թեյի ոսկու հանքավայրի Ընկերության թիվ ՀԱ-Լ-14/252 հանքարդյունահանման լիցենզիան չեղյալ ճանաչելու մասին։

ՀՀ վարչական դատարանի (այսուհետ` Դատարան) 12.04.2010 թվականի վճռով հայցը մերժվել է։

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Ընկերությունը։

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել։

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Դատարանը կիրառել է ՀՀ ընդերքի մասին օրենսգրքի 15-րդ հոդվածի 6-րդ կետը, ՀՀ կառավարության 15.08.1994 թվականի թիվ 374-Ն որոշումը, որոնք չպետք է կիրառեր, չի կիրառել «Ընդերքն օգտակար հանածոների շահագործման նպատակով ուսումնասիրության և արդյունահանման համար տրամադրելու (կոնցեսիայի) մասին» ՀՀ օրենքի 10-րդ հոդվածի 6-րդ մասը, ՀՀ կառավարության 09.02.1998 թվականի թիվ 80, 29.12.2005 թվականի թիվ 2306-Ն որոշումները, որոնք պետք է կիրառեր, խախտել է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 6-րդ, 24-րդ, 25-րդ, 26-րդ, 86-րդ հոդվածների պահանջները։

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանում է հետևյալ փաստարկներով.

Դատարանը բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ չի գնահատել գործում առկա և Ընկերության կողմից ներկայացված մի շարք ապացույցներ։

Մասնավորապես Դատարանը, նշելով, որ Ընկերությունը պետք է մինչև 02.04.2005 թվականը պատասխանողի հետ կնքեր լիցենզային պայմանագիր, հաշվի չի առել ՀՀ բնապահպանության նախարարության ընդերքօգտագործման հարցերով խորհրդի 16.05.2006 թվականին տեղի ունեցած նիստի արձանագրությունը և ՀՀ բնապահպանության նախարարի տեղակալի 26.12.2006 թվականի գրությունը։

Այսպես, 16.05.2006 թվականին տեղի ունեցած նիստի արձանագրությամբ հիմնավորվում է, որ հատուկ լիցենզիայի տրամադրումից հետո լիազոր պետական մարմինն Ընկերությունից պահանջել է իրականացնել հանքավայրի լրահետախուզման աշխատանքներ, որին համապատասխան Ընկերությունը ներկայացրել է աշխատանքների նախագիծ։ Իսկ ՀՀ բնապահպանության նախարարի տեղակալի 26.12.2006 թվականի գրությամբ հիմնավորվում է այն փաստը, որ այն հանքավայրը, որի համար Ընկերությանը տրվել էր հանքարդյունահանման հատուկ լիցենզիան, գտնվում էր պաշարների լրահետախուզման և վերագնահատման փուլում։

Այսինքն` Ընկերությանը հատուկ լիցենզիայի տրամադրումից հետո պետական իրավասու մարմինների կողմից սկսվել էր Լիճքվազ-Թեյի ոսկի-բազմամետաղային հանքավայրի պաշարների վերահաստատման գործընթաց, որի համար հիմք էին լինելու Ընկերության կողմից իրականացվող վերագնահատման աշխատանքները։

Տվյալ դեպքում «Ընդերքն օգտակար հանածոների շահագործման նպատակով ուսումնասիրության և արդյունահանման համար տրամադրելու (կոնցեսիայի) մասին» ՀՀ օրենքի 10-րդ հոդվածի 6-րդ մասի ուժով պետական լիազոր մարմնի և Ընկերության միջև լիցենզային պայմանագրի կնքման ժամկետի սկիզբը սկսվելու էր հանքավայրի պաշարների վերահաստատումից հետո, որը ժամանակագրական առումով չէր կարող ավելի շուտ լինել, քան վերագնահատման աշխատանքների ավարտը։ Ընդ որում, գործում առկա «Ընդերքի երկրաբանական ուսումնասիրության պետական գրանցման մասին» տեղեկանքով հաստատվում է, որ Ընկերության կողմից կատարման ենթակա աշխատանքների սկիզբը 2006 թվականի 3-րդ եռամսյակն է, իսկ ավարտը՝ 2008 թվականի 4-րդ եռամսյակը։

Հետևաբար, գործող օրենսդրությամբ հայցվոր Ընկերության և պետական լիազոր մարմնի միջև լիցենզային պայմանագրի կնքման ժամկետի սկիզբը չէր կարող լինել ավելի շուտ, քան 2009 թվականի հունվարի 1-ը, իսկ Ընկերությունը լիցենզային պայմանագիր կնքելու իրավունք ուներ առնվազն մինչև 2009 թվականի հոկտեմբերի 1-ը։ Ուստի լիցենզային պայմանագիր չկնքելու հիմքով Ընկերության հատուկ լիցենզիան չէր կարող անվավեր ճանաչվել։

Դատարանն անտեսել է նաև ՀՀ բնական պաշարների նախարարության 26.12.2006 թվականի 6-ԱԴ/163 գրությունը, որից ուղղակիորեն հետևում է, որ լրահետախուզման և վերագնահատման աշխատանքները կատարվում են Ընկերությանը տրամադրված լիցենզիայում նշված հանքավայրում։

Հետևաբար, աշխատանքների կատարման ժամկետը երկարացնելու մասին Ընկերության դիմումը վերաբերելի է այն հանքավայրին, որի համար տրվել է ՀԱ-Լ-14/252 հանքարդյունահանման հատուկ լիցենզիան։ Ընդ որում, վկայակոչվող գրությամբ լիազոր մարմինը նպատակահարմար չի համարել նախագծի քննարկումը` պատճառաբանելով, որ դրան անդրադարձ կկատարվի լրահետախուզման և վերագնահատման աշխատանքներից, այսինքն՝ դրանց վերահաստատումից հետո։

Վերը նշվածը վկայում է, որ այս ապացույցը հերքում է նաև Դատարանի հետևությունն այն մասին, որ Ընկերության կողմից երբևէ հանքավայրի շահագործման նախագիծ չի ներկայացվել։

Բացի այդ, Դատարանը, կիրառելով 1992 թվականին ընդունված «Ընդերքի մասին» ՀՀ օրենսգիրքը և ՀՀ կառավարության 1994 թվականի թիվ 374-Ն որոշումը, որպես «իրավահարաբերության պահին գործող» նորմեր, հաշվի չի առել, որ սույն գործի հետ այդ նորմերը որևէ առնչություն չունեն, քանի որ 21.12.2002 թվականին ուժի մեջ է մտել ՀՀ ընդերքի մասին օրենսգիրքը, իսկ 01.04.2003 թվականին՝ Կոնցեսիայի մասին օրենքը, որի հիման վրա 30.06.2004 թվականին Ընկերությանը տրամադրվել է ՀԱ-Լ-14/252 հանքարդյունահանման հատուկ լիցենզիան։

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Դատարանի 12.04.2010 թվականի վճիռը և այն փոփոխել՝ հայցը բավարարել։

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը.

1) 13.04.2000 թվականին Ընկերությանը տրամադրված ՀՀ Սյունիքի մարզի Լիճքվազ-Թեյի ոսկու հանքավայրի թիվ ՀՎ-ՄՇ-13/28 արտոնագիրը 30.06.2004 թվականին փոխարինվել է թիվ ՀԱ-Լ-14/252 հանքարդյունահանման հատուկ լիցենզիայով (գ.թ. 12)։

2) ՀՀ շահագործվող մետաղական հանքավայրերի պաշարների վերագնահատման հարցի քննարկման վերաբերյալ, Նախարարության ընդերքօգտագործման հարցերով խորհրդի նիստի 15.05.2006 թվականի թիվ 2 արձանագրության համաձայն` խորհուրդը, հաշվի առնելով, որ մետաղների գները միջազգային շուկայում կտրուկ աճել են, անհրաժեշտություն է առաջացել որոշ հանքավայրերի կոնդիցիաների և պաշարների վերանայումը, որի արդյունքում ակնկալվում է պաշարների մինչև 15-20 տոկոս հավելաճ, առաջարկել է վերահաշվարկել Լիճքվազ-Թեյի ոսկու հանքավայրի կոնդիցիաների պարամետրերը։ Միաժամանակ արձանագրվել է, որ «Սիփան-1» ՍՊԸ-ն 30.06.2004 թվականին ստացել է թիվ ՀԱ-Լ-14/252 հանքարդյունահանման հատուկ լիցենզիան։ Հանքավայրի պաշարները հաստատվել են 02.02.2004 թվականին և ՀՀ ՕՀՊԳ-ի կողմից եղել է արձանագրային հանձնարարական Լիճքվազ-Թեյի ոսկու-բազմամետաղային հանքավայրի վերին հորիզոնի, մակաբացման ապարների երկրաբանական ուսումնասիրություն իրականացնելու համար։ Հաշվի առնելով, որ «Սիփան-1» ՍՊԸ-ի կողմից ՀՀ բնապահպանության նախարարությանը ներկայացվել է համապատասխան նախագիծ, առաջարկվել է 29.12.2005 թվականի ՀՀ կառավարության թիվ 2306-Ն որոշման պահանջների համաձայն կատարվելիք աշխատանքներին տալ պետական գրանցում»։ Խորհրդի նիստում որոշվել է` երաշխավորել Հանրապետական երկրաբանական ֆոնդին գրանցելու «ՀՀ Սյունիքի մարզի Լիճքվազ-Թեյի ոսկու-բազմամետաղային հանքավայրի վերին հորիզոնի մակբացման ապարների լրահետախուզական աշխատանքները» (գ.թ. 56-57)։

3) «Հանրապետական երկրաբանական ֆոնդ» ՊՈԱԿ-ի ընդերքի երկրաբանական ուսումնասիրության պետական գրանցման մասին 19.05.2006 թվականի թիվ ֆ-06-38/1 տեղեկանքի համաձայն՝ «Հանրապետական երկրաբանական ֆոնդ» ՊՈԱԿ-ում գրանցվել են ՀՀ Սյունիքի մարզի Լիճքվազ-Թեյի ոսկու-բազմամետաղային հանքավայրի վերին հորիզոնի լրահետախուզման աշխատանքները։ Նշված աշխատանքների կատարման համար սահմանվել է ժամկետ, որն ընդգրկել է 2006 թվականի 3-րդ եռամսյակից մինչև 2008 թվականի 4-րդ եռամսյակի ավարտն ընկած ժամանակահատվածը։ Նույն տեղեկանքի համաձայն՝ աշխատանքների նախագծային արժեքը կազմել է 116.2 հազար ՀՀ դրամ (գ.թ. 58)։

4) Նախարարության 26.12.2006 թվականի թիվ 6-ԱԴ/163 գրության համաձայն՝ «ՀՀ բնապահպանության նախարարությունը, քննարկելով «Սիփան-1» ՍՊ ընկերության կողմից ներկայացված Լիճքվազ-Թեյի ոսկու հանքավայրի շահագործման նախագիծը գտել է, որ՝

ա. Հանքավայրը համաձայն հանքարդյունահանման հատուկ լիցենզիայի՝ թիվ ՀԱ-Լ-14/252, տրամադրված է «Սիփան-1» ՍՊԸ 25 տարի ժամկետով.

բ. Հանքավայրը ներկա դրությամբ գտնվում է պաշարների լրահետախուզման և վերագնահատման փուլում, որը կբերի պաշարների զգալի աճի, ինչպես արտահաշվեկշռային պաշարների վերագնահատման, այնպես էլ նոր հանքային մարմինների հայտնաբերման հաշվին.

գ. Պաշարների աճը հավանաբար կբերի հանքավայրի բացման և մշակման սխեմայի փոփոխության.

դ. Նախարարություն դիմելու պահի դրությամբ ընկերությունը չի ունեցել հանքավայրի շահագործման համար անհրաժեշտ տարածքներ՝ պոչամբարային տնտեսություն կազմակերպելու համար։

Հաշվի առնելով վերոնշյալը` Նախարարությունը նպատակահարմար է գտել հանքավայրի շահագործման նախագծի վերջնական քննարկումները իրականացնել պաշարների լրահետախուզման և վերագնահատման աշխատանքների ավարտից հետո» (գ.թ. 55)։

5) Նախարարությանը հասցեագրված 15.12.2008 թվականի գրությամբ Ընկերությունը խնդրել է թույլատրել երկու տարով երկարաձգել ՀՀ Սյունիքի մարզի Լիճքվազ-Թեյի ոսկու-բազմամետաղային հանքավայրի վերագնահատման աշխատանքները, որոնց ավարտման ժամկետ էր սահմանված 31.12.2008 թվականը, և աշխատանքները գրանցել «Հանրապետական երկրաբանական ֆոնդ» ՊՈԱԿ-ում (գ.թ. 8)։

6) Նախարարության աշխատակազմի ղեկավարի 13.01.2009 թվականի թիվ 05-ԿՂ-03-34 գրության համաձայն՝ «վերագնահատման աշխատանքների ժամկետը երկարաձգելու վերաբերյալ Ձեր դիմումը քննության առնելու նպատակով լրացուցիչ փաստաթղթեր են պահանջվել համապատասխան գործակալություններից։ Գրության վերաբերյալ նախարարության դիրքորոշման մասին լրացուցիչ Ձեզ կտեղեկացվի փաստաթղթերի քննարկման արդյունքում» (գ.թ. 9)։

7) ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարի 13.03.2009 թվականի թիվ 22-Ա հրամանով չեղյալ է ճանաչվել Ընկերության թիվ ՀԱ-Լ-14/252 հանքարդյունահանման հատուկ լիցենզիան։ Հրամանի հիմքում դրվել է «Ընդերքն օգտակար հանածոների շահագործման նպատակով ուսումնասիրության և արդյունահանման համար տրամադրելու (կոնցեսիայի) մասին» ՀՀ օրենքի 10-րդ հոդվածի 6-րդ մասը և ՀՀ ընդերքի մասին օրենսգրքի 15-րդ հոդվածի 6-րդ կետը (գ.թ. 11)։

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը

Քննելով վճռաբեկ բողոքը նշված հիմքի սահմաններում` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ վճռաբեկ բողոքը հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ.

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 22-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատարանը սույն օրենսգրքով սահմանված կարգով հավաքված ապացույցների հետազոտման և գնահատման միջոցով պարզում է գործի լուծման համար էական նշանակություն ունեցող բոլոր փաստերը։

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 24-րդ հոդվածի համաձայն` դատարանը, անմիջականորեն գնահատելով գործում եղած բոլոր ապացույցները, որոշում է փաստի հաստատված լինելու հարցը` բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման վրա հիմնված ներքին համոզմամբ։ Դատարանը վճռի մեջ պետք է պատճառաբանի նման համոզմունքի ձևավորումը։

Վերը նշված հոդվածների վերլուծությունից հետևում է, որ դատարանը գործի լուծման համար էական նշանակություն ունեցող բոլոր փաստերը պարզում է ապացույցների հետազոտման և գնահատման միջոցով։ Ընդ որում, գործի լուծման համար էական նշանակություն ունեցող փաստի հաստատված լինելու հարցը դատարանը պարզում է գործում եղած բոլոր ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման վրա հիմնված ներքին համոզմամբ։

«Ընդերքն օգտակար հանածոների շահագործման նպատակով ուսումնասիրության և արդյունահանման համար տրամադրելու (Կոնցեսիայի) մասին» ՀՀ օրենքի 10-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ ընդերքի ուսումնասիրության աշխատանքներ կամ հանքարդյունահանում կարող է իրականացվել միայն սույն օրենքի համաձայն տրամադրված հանքային իրավունքների կամ սույն օրենքով նախատեսված այլ իրավասության առկայության դեպքում։

Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ սույն օրենքի պահանջներին համապատասխան դիմում ներկայացրած ցանկացած տնտեսավարող սուբյեկտին կարող է, կախված հայցվող լիցենզիայի ժամկետից, տրամադրվել ուսումնասիրության հատուկ լիցենզիա, ուսումնասիրության լիցենզիա, հանքարդյունահանման հատուկ լիցենզիա, հանքարդյունահանման լիցենզիա։

Նույն հոդվածի 6-րդ մասի համաձայն՝ լիցենզառուի և լիազոր մարմնի միջև կնքվում է լիցենզային պայմանագիր։ Լիցենզային պայմանագիրը, ինչպես նաև սահմանված կարգով փորձաքննություն անցած և հաստատված նախագիծը հանդիսանում են տվյալ հանքային իրավունքը հավաստող լիցենզիայի անբաժանելի մասը։ Լիցենզիայի գործողության ժամկետի սկիզբ է համարվում լիցենզային պայմանագրի կնքման պահը։ Լիցենզիայի տրման և լիցենզային պայմանագրի կնքման միջև ընկած ժամանակահատվածը չի կարող գերազանցել` … 3) հանքարդյունահանման հատուկ լիցենզիայի համար` 9 ամիսը, բացառությամբ սույն հոդվածի վեցերորդ մասի 5-րդ կետով սահմանված դեպքի, իսկ նույն մասի 5-րդ կետի համաձայն՝ օրենսդրությամբ սահմանված կարգով պահանջվող պաշարների վերահաստատման անհրաժեշտության դեպքում պաշարների վերահաստատումից հետո՝ 9 ամիսը։

ՀՀ կառավարության 09.02.1998 թվականի պինդ օգտակար հանածոների հանքավայրերի պաշարների և կանխատեսումային ռեսուրսների դասակարգումը հաստատելու մասին թիվ 80 որոշման 32-րդ կետի «ե» ենթակետի համաձայն՝ շահագործվող հանքավայրերում (տեղամասերում) հանքային հումքի կոնդիցիաները և պաշարները ենթակա են վերահաստատման ոչ ուշ, քան 10 տարին մեկ անգամ։ Կոնդիցիաների պարամետրերը և պինդ օգտակար հանածոների պաշարները ենթակա են վերահաստատման, եթե` փոփոխվել են հանքավայրի բնական պայմանների մասին պատկերացումները, սոցիալ-տնտեսական իրադրությունը, շուկայի պահանջարկը, հանքային հումքի արդյունահանման ու վերամշակման տեխնոլոգիաները և այլ օբյեկտիվ պայմաններ` հանգեցնելով շահույթի 20 և ավելի տոկոսով աճի (նվազման)։

ՀՀ կառավարության 29.12.2005 թվականի թիվ 2306-Ն որոշմամբ հաստատված «Օգտակար հանածոների հանքավայրերի երկրաբանատնտեսագիտական գնահատման» կարգի 4-րդ կետի համաձայն՝ հանքավայրի գնահատումն իրականացվում է դրա երկրաբանական ուսումնասիրության և շահագործման ընթացքում, իսկ սույն կարգի 7-րդ կետում նշված դեպքերում` նաև հանքարդյունահանման լիցենզիայի (հատուկ լիցենզիայի) տրամադրման ու լիցենզային պայմանագրի կնքման միջև ընկած ժամանակահատվածում։

Նույն կարգի 7-րդ կետի համաձայն՝ հանքարդյունահանման լիցենզիայի (հատուկ լիցենզիայի) տրամադրման ու լիցենզային պայմանագրի կնքման միջև ընկած ժամանակահատվածում հանքավայրի վերագնահատումը կատարվում է, եթե փոփոխվել են հանքահումքի որակին ստանդարտներով կամ տեխնիկական կանոնակարգերով ներկայացվող պահանջները և (կամ) բացահայտված է հանքավայրի նախկինում տրված գնահատականի անհամապատասխանությունը երկրի սոցիալ-տնտեսական և շուկայի արդի պայմաններին, գիտության և տեխնիկայի ներկայիս մակարդակներին։

Նշված նորմերի վերլուծությունից հետևում է, որ լիցենզիայի գործողության ժամկետի սկիզբ է համարվում լիցենզային պայմանագրի կնքման պահը, որը հանքարդյունահանման հատուկ լիցենզիայի դեպքում պետք է կնքվի լիցենզիայի տրման պահից 9 ամսվա ընթացքում, բացառությամբ այն դեպքի, երբ անհրաժեշտություն է առաջացել վերահաստատելու պաշարները։ Ընդ որում, այս դեպքում լիցենզային պայմանագիրը կնքվում է պաշարների վերահաստատումից հետո 9-ամսյա ժամկետում։

Սույն գործով Դատարանը, հաստատված համարելով, որ Ընկերությունը պարտավոր էր 9-ամսյա ժամկետում՝ մինչև 2005 թվականի ապրիլի 2-ը, կնքել լիցենզային պայմանագիր, հանգել է այն հետևության, որ Ընկերությունը չի կատարել օրենսդրության պահանջը, հետևաբար 2005 թվականի ապրիլի 2-ից առկա էին հանքարդյունահանման հատուկ լիցենզիան օրենքի ուժով չեղյալ ճանաչելու հիմքերը։

Միաժամանակ Դատարանը, կիրառելով 1992 թվականին ընդունված ՀՀ ընդերքի մասին օրենսգիրքը, ՀՀ կառավարության 1994 թվականի թիվ 374-Ն որոշումը, նշել է, որ իրավահարաբերության պահին գործող դրույթների համաձայն՝ արտոնագիրը ստանալուց ի վեր Ընկերությունը պարտավոր էր կազմել հանքավայրի շահագործման նախագիծ, համաձայնեցնել այն բնագավառի հատկապես լիազորված պետական կառավարչական մարմինների, ինչպես նաև պետական իշխանության տեղական մարմինների հետ, կնքել հանքավայրի շահագործման պայմանագիր, ստանալ լեռնահատկացման ակտ և սկսել շահագործման աշխատանքները, ինչը փաստացի չի կատարվել։ Ընկերությունը չի ունեցել նախագիծ և լիցենզային պայմանագիր, հետևաբար չէր կարող համարվել հանքային իրավունք կրող տնտեսավարող սուբյեկտ։

Մինչդեռ սույն գործի փաստերի համաձայն՝ 13.04.2000 թվականին Ընկերությանը տրամադրված ՀՀ Սյունիքի մարզի Լիճքվազ-Թեյի ոսկու հանքավայրի թիվ ՀՎ-ՄՇ-13/28 արտոնագիրը 30.06.2004 թվականին փոխարինվել է թիվ ՀԱ-Լ-14/252 հանքարդյունահանման հատուկ լիցենզիայով։ Նախարարության ընդերքօգտագործման հարցերով խորհրդի նիստի 15.05.2006 թվականի թիվ 2 արձանագրության համաձայն` խորհուրդը, հաշվի առնելով, որ մետաղների գները միջազգային շուկայում կտրուկ աճել են, անհրաժեշտություն է առաջացել որոշ հանքավայրերի կոնդիցիաների և պաշարների վերանայումը, որի արդյունքում ակնկալվում է պաշարների մինչև 15-20 տոկոս հավելաճ, առաջարկել է վերահաշվարկել Լիճքվազ-Թեյի ոսկու հանքավայրի կոնդիցիաների պարամետրերը։ Միաժամանակ արձանագրվել է, որ ՀՀ Սյունիքի մարզի Լիճքվազ-Թեյի ոսկու-բազմամետաղային հանքավայրի պաշարները հաստատվել են 02.02.2004 թվականին և ՀՀ ՕՀՊԳ-ի կողմից եղել է արձանագրային հանձնարարական հանքավայրի վերին հորիզոնի, մակաբացման ապարների երկրաբանական ուսումնասիրություն իրականացնելու համար։

Հիմք ընդունելով վերոգրյալը և սույն գործի փաստերը համադրելով` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ հանքարդյունահանման հատուկ լիցենզիա տրամադրելուց հետո պետական լիազոր մարմինը օրենդրությամբ իրեն վերապահված լիազորությունների շրջանակներում հանձնարարել է Ընկերությանն իրականացնել Լիճքվազ-Թեյի ոսկու-բազմամետաղային հանքավայրի պաշարների կոնդիցիաների և պաշարների վերագնահատում, այսինքն՝ ՀՀ Սյունիքի մարզի Լիճքվազ-Թեյի ոսկու-բազմամետաղային հանքավայրը գտնվել է պաշարների լրահետախուզման և վերագնահատման փուլում։

Ընդ որում, այդ փուլը սկսվել է պետական լիազոր մարմնի կողմից լիցենզառու Ընկերությանը պահանջ ներկայացնելով՝ ՀՀ կառավարության կողմից սահմանված՝ պաշարների վերահաստատման անհրաժեշտության չափորոշիչներից ելնելով։ Ընկերության կողմից կատարման ենթակա աշխատանքների համար սկիզբ է գրանցվել 2006 թվականի 3-րդ եռամսյակը, ավարտը՝ 2008 թվականի 4-րդ եռամսյակը։ Այսինքն` տվյալ դեպքում պաշարների վերահաստատումը հնարավոր է միայն հանքավայրի պաշարների լրահետախուզման և վերագնահատման աշխատանքների ավարտից հետո։

Հետևաբար, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ «Ընդերքն օգտակար հանածոների շահագործման նպատակով ուսումնասիրության և արդյունահանման համար տրամադրելու (Կոնցեսիայի) մասին» ՀՀ օրենքի 10-րդ հոդվածի 6-րդ մասի 3-րդ և 5-րդ կետերի ուժով պաշարների վերահաստատման անհրաժեշտության դեպքում լիցենզային պայմանագիրը պետք է կնքվի պաշարների վերահաստատումից հետո՝ 9 ամսվա ընթացքում։

Ուստի հիմնավոր է բողոքի պատճառաբանությունն այն մասին, որ լիցենզային պայմանագրի կնքման ժամկետի հաշվարկի սկիզբը չէր կարող համարվել ավելի շուտ, քան աշխատանքների ժամկետի ավարտը։

Ինչ վերաբերում է Դատարանի այն պատճառաբանությանը, որ արտոնագիրը ստանալուց ի վեր Ընկերությունը չի կազմել հանքավայրի շահագործման նախագիծ, ապա Վճռաբեկ դատարանն այն անհիմն է համարում, քանի որ «Հանրապետական երկրաբանական ֆոնդ» ՊՈԱԿ-ի ընդերքի երկրաբանական ուսումնասիրության պետական գրանցման մասին 19.05.2006 թվականի թիվ ֆ-06-38/1 տեղեկանքի համաձայն՝ «Հանրապետական երկրաբանական ֆոնդ» ՊՈԱԿ-ում գրանցվել է ՀՀ Սյունիքի մարզի Լիճքվազ-Թեյի ոսկու-բազմամետաղային հանքավայրի վերին հորիզոնի լրահետախուզման աշխատանքները, որոնց կատարման համար սահմանվել է ժամկետ 2006 թվականի 3-րդ եռամսյակից մինչև 2008 թվականի 4-րդ եռամսյակի ավարտն ընկած ժամանակահատվածը։ Ավելին, 26.12.2006 թվականի թիվ 6-ԱԴ/163 գրությամբ Նախարարությունը հայտնել է, որ քննարկելով Ընկերության կողմից ներկայացված Լիճքվազ-Թեյի ոսկու հանքավայրի շահագործման նախագիծը` նպատակահարմար է գտնում հանքավայրի շահագործման նախագծի վերջնական քննարկումներն իրականացնել պաշարների լրահետախուզման և վերագնահատման աշխատանքների ավարտից հետո, քանի որ հանքավայրն այդ պահի դրությամբ գտնվում է պաշարների լրահետախուզման և վերագնահատման փուլում, որը կբերի պաշարների զգալի աճի, ինչպես արտահաշվեկշռային պաշարների վերագնահատման, այնպես էլ նոր հանքային մարմինների հայտնաբերման հաշվին։

Ինչ վերաբերում է բողոք բերած անձի այն փաստարկին, որ Դատարանը կիրառելով 1992 թվականին ընդունված «Ընդերքի մասին» ՀՀ օրենսգիրքը և ՀՀ կառավարության 1994 թվականի թիվ 374-Ն որոշումը, որպես «իրավահարաբերության պահին գործող» նորմեր, հաշվի չի առել, որ տվյալ գործով այդ նորմները որևէ առնչություն չունեն, ապա Վճռաբեկ դատարանը այն հիմնավոր է համարում, քանի որ Ընկերության թիվ ՀԱ-Լ-14/252 հանքարդյունահանման հատուկ լիցենզիան չեղյալ ճանաչելու 13.03.2009 թվականի թիվ 22-Ա հրամանի հիմքում դրվել է 01.04.2003 թվականին ուժի մեջ մտած «Ընդերքն օգտակար հանածոների շահագործման նպատակով ուսումնասիրության և արդյունահանման համար տրամադրելու (կոնցեսիայի) մասին» ՀՀ օրենքի 10-րդ հոդվածի 6-րդ մասը և 21.12.2002 թվականին ուժի մեջ մտած ՀՀ ընդերքի մասին օրենսգրքի 15-րդ հոդվածի 6-րդ կետը։

Այսպիսով, սույն վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար՝ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 227-րդ և 228-րդ հոդվածների ուժով Դատարանի վճիռը բեկանելու համար։

Միաժամանակ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ տվյալ դեպքում անհրաժեշտ է կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-րդ հոդվածի 1-ին կետի 4-րդ ենթակետով սահմանված՝ ստորադաս դատարանի դատական ակտը փոփոխելու ՀՀ վճռաբեկ դատարանի լիազորությունը հետևյալ հիմնավորմամբ.

ՀՀ Սահմանադրության 19-րդ հոդվածի և «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ՝ Կոնվենցիայի) 6-րդ հոդվածի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի ողջամիտ ժամկետում իր գործի քննության իրավունք։ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գործը ողջամիտ ժամկետում քննելը հանդիսանում է ՀՀ Սահմանադրության և Կոնվենցիայի վերը նշված հոդվածներով ամրագրված անձի արդար դատաքննության իրավունքի տարր, հետևաբար, գործի անհարկի ձգձգումները վտանգ են պարունակում նշված իրավունքի խախտման տեսանկյունից։ Տվյալ դեպքում, Վճռաբեկ դատարանի կողմից ստորադաս դատարանի դատական ակտը փոփոխելը բխում է արդարադատության արդյունավետության շահերից։

Դատական ակտը փոփոխելիս Վճռաբեկ դատարանը հիմք է ընդունում սույն որոշման պատճառաբանությունները, ինչպես նաև գործի նոր քննության անհրաժեշտության բացակայությունը։

 Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-2412-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը

 

Ո Ր Ո Շ Ե Ց

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել։ Բեկանել ՀՀ վարչական դատարանի 12.04.2010 թվականի վճիռը և այն փոփոխել. «Սիփան-1» ՍՊԸ-ի հայցը բավարարել՝ անվավեր ճանաչել ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարի 13.03.2009 թվականի թիվ 22-Ա հրամանը։

2. ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարությունից հօգուտ «Սիփան-1» ՍՊԸ-ի բռնագանձել 20.000 (քսան հազար) ՀՀ դրամ` որպես վճռաբեկ բողոքի համար վճարված պետական տուրք։

3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման։

 

Նախագահող`

 

Ս. Սարգսյան

Դատավորներ`

 

Տ. Պետրոսյան

 

Վ. Աբելյան

Ս. Անտոնյան

Վ. Ավանեսյան

Ե. Խունդկարյան

Է. Հայրիյան