Գլխավոր տեղեկություն
Номер
թիվ 147-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (01.01.2011-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀԳՏ 2010.09.15/21(373) Հոդ.264
Принят
Կենտրոնական բանկի խորհուրդ
Дата принятия
29.06.2010
Подписан
Կենտրոնական բանկի նախագահ
Дата подписания
30.06.2010
Дата вступления в силу
01.01.2011

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

8 սեպտեմբերի 2010 թ.

Պետական գրանցման թիվ 05010330

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ

 

29 հունիսի 2010 թ.

 թիվ 147-Ն

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ 1999 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 23-Ի ԹԻՎ 63 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Բանկերի և բանկային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 57-րդ հոդվածի 5-րդ մասը, «Վարկային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 15-րդ հոդվածի 3-րդ մասը, «Շահութահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 2-րդ մասի «ժզ» կետը և 18-րդ հոդվածը, «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասը, 20-րդ հոդվածի «ե» կետը և ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի 1-4-րդ մասերով և 70-րդ հոդվածով՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 1999 թվականի ապրիլի 23-ի «Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերի վարկերի ու դեբիտորական պարտքերի դասակարգման և հնարավոր կորուստների պահուստների ձևավորման կարգին հավանություն տալու մասին» թիվ 63 որոշմամբ հավանության արժանացած «Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերի վարկերի ու դեբիտորական պարտքերի դասակարգման և հնարավոր կորուստների պահուստների ձևավորման կարգում» (այսուհետ` Կարգ) կատարել փոփոխություններ և լրացումներ` համաձայն Հավելվածի (կցվում է):

2. Սահմանել, որ «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի և Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության կողմից համատեղ հաստատված «Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերի վարկերի և դեբիտորական պարտքերի դասակարգման և հնարավոր կորուստների պահուստների ձևավորման կարգի» 3.6 կետի կիրառման մասին» Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2003 թվականի հուլիսի 1-ի թիվ 1 պարզաբանումը, «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի և Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության կողմից համատեղ հաստատված «Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերի վարկերի և դեբիտորական պարտքերի դասակարգման և հնարավոր կորուստների պահուստների ձևավորման կարգի» 2.5 և 5.1 կետերի մասին» Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2003 թվականի հուլիսի 30-ի թիվ 2 պարզաբանումը և Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի և Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության կողմից համատեղ հաստատված «Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերի վարկերի և դեբիտորական պարտքերի դասակարգման և հնարավոր կորուստների պահուստների ձևավորման կարգի» 2.7 և 3.6 ենթակետերի կիրառման վերաբերյալ» Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2003 թվականի օգոստոսի 12-ի թիվ 3 պարզաբանումը կիրառելի չեն:

3. Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերը և վարկային կազմակերպությունները սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո եռամսյա ժամկետում Կենտրոնական բանկ են ներկայացնում վարկերի ու դեբիտորական պարտքերի (ակտիվների) դասակարգման և հնարավոր կորուստների պահուստների ձևավորման ներքին կանոնակարգերը` մշակված Կարգի դրույթներին համապատասխան:

4. Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերը և վարկային կազմակերպությունները սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո եռամսյա ժամկետում սույն որոշման հավելվածի 8-րդ և 10-րդ կետերում նշված ներքին իրավական ակտերը ներկայացնում են Կենտրոնական բանկ, եթե սույն որոշման ընդունման արդյունքում նախկինում Կենտրոնական բանկ ներկայացված ներքին իրավական ակտերը չեն համապատասխանում Կարգի պահանջներին:

5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2011 թվականի հունվարի 1-ից: Սույն որոշման հավելվածի 30-րդ և 31-րդ կետերով լրացվող դրույթների պահանջները տարածվում են միայն սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո ակտիվների դուրսգրման հետ կապված հարաբերությունների վրա:

 

ՀՀ կենտրոնական

բանկի նախագահ

Ա. Ջավադյան


2010 թ. հունիսի 30

ք. Երևան

 

Հավելված

 

Հաստատված է
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի խորհրդի
2010 թվականի հունիսի 29-ի թիվ 147-Ն որոշմամբ

Հաստատված է
Հայաստանի Հանրապետության
ֆինանսների նախարարի 2010 թվականի
30 հունիսի թիվ 444-Ն հրամանով

Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահ՝

____________ Արթուր Ջավադյան

29 հունիսի 2010 թ.

Հայաստանի Հանրապետության
ֆինանսների նախարար՝

 ____________ Տիգրան Դավթյան

30 հունիսի 2010 թ.

Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 1999 թվականի ապրիլի 23-ի «Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերի վարկերի ու դեբիտորական պարտքերի դասակարգման և հնարավոր կորուստների պահուստների ձևավորման կարգին հավանություն տալու մասին» թիվ 63 որոշմամբ հավանության արժանացած «Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերի վարկերի ու դեբիտորական պարտքերի դասակարգման և հնարավոր կորուստների պահուստների ձևավորման կարգում» (այսուհետ` Կարգ) կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները.

1. Կարգի 1.1-րդ կետը ««Բանկերի և բանկային գործունեության մասին» ՀՀ օրենքի 57-րդ հոդվածի» բառերից հետո լրացնել «, «Վարկային կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքի 15-րդ հոդվածի 3-րդ մասի» բառերով, իսկ «ՀՀ տարածքում գործող բանկերի» բառերից հետո լրացնել «և վարկային կազմակերպությունների (այսուհետ` բանկեր)» բառերով:

2. Կարգի 1.5-րդ կետում «ճշգրտելու ակտիվների դասակարգումը՝ սույն կարգին համաձայն և պահուստավորումը՝ սույն կարգի 4.2. կետին համաձայն» բառերը փոխարինել «ճշգրտելու ակտիվների դասակարգումը և (կամ) պահուստավորումը՝ սույն կարգին համապատասխան» բառերով:

3. Կարգի 2.6-րդ կետի «ա» ենթակետում «սահմանված ժամկետից» բառերը փոխարինել «պայմանագրում նշված ժամկետից» բառերով:

4. Կարգի 2.6-րդ կետի «գ» ենթակետից հանել «վճարման» բառը:

5. Կարգի 2.6-րդ կետի 6-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Այն ակտիվները, որոնց համար սահմանված չեն (պայմանագրում նշված չեն) մարման նախապես որոշված ժամկետներ (պայմաններ), համարվում են չաշխատող ակտիվներ, եթե ակտիվի ձևավորման օրվանից սկսած 90 օրվա ընթացքում, ինչպես նաև դրան հաջորդող յուրաքանչյուր 90 օրվա ընթացքում չի մարվել ակտիվի սկզբնական գումարի առնվազն 25%-ը: Սույն պարբերությունում նշված դեպքերում 90-օրյա ժամկետին հաջորդող օրվանից սկսած ակտիվը համարվում է չաշխատող և շարունակում է դիտարկվել չաշխատող մինչև ակտիվի ամբողջական մարումը:»:

6. Կարգի 2.7-րդ կետից հանել «(կամ դրանց մասերը)» բառերը:

7. Կարգի 2.7-րդ կետը «դ» ենթակետից հետո լրացնել նոր պարբերությամբ` հետևյալ բովանդակությամբ.

«Եթե ակտիվը մասամբ է ապահովված սույն կետի «ա» ենթակետում նշված ապահովվածության տեսակներով և միաժամանակ բավարարում է սույն կետի «բ», «գ» և «դ» ենթակետերով սահմանված պայմաններին, ապա ակտիվի չապահովված մասը դիտարկվում է որպես ապահովվածություն չունեցող (բլանկային) ակտիվ:»:

8. Կարգը 2.7.1-րդ կետից հետո լրացնել նոր 2.7.2., 2.7.3. և 2.7.4. կետերով` հետևյալ բովանդակությամբ.

«2.7.2. Սույն կարգի 2.7-րդ կետի «ա» ենթակետում նշված ապահովվածության տեսակներով չապահովված և սույն կարգի 2.7-րդ կետի «դ» ենթակետում նշված պայմաններին բավարարող ակտիվները, որպեսզի համարվեն փոխառուի (պարտապանի) ֆինանսական վիճակը (այդ թվում՝ ֆինանսական հոսքերը) բնութագրող բավարար տեղեկատվությամբ և (կամ) փոխառության (պարտքի) վերադարձելիությունը հիմնավորող տեղեկատվությամբ կամ այլ հիմնավոր փաստաթղթերով ապահովված և չդիտարկվեն բլանկային, բանկը Կենտրոնական բանկ պետք է ներկայացնի բանկի գործառնությունները կանոնակարգող այն ներքին իրավական ակտերը, որոնցում սահմանված են սույն կետում նշված ակտիվների ձևավորման գործընթացները և փոխառուի ֆինանսական վիճակի գնահատման սկզբունքները՝ Կենտրոնական բանկի կողմից համապատասխան եզրակացություն ստանալու համար:

Մինչև ներքին իրավական ակտերի, ներքին իրավական ակտերում ամրագրված սկզբունքների վերաբերյալ Կենտրոնական բանկի եզրակացությունը ստանալը, բանկերն այդ իրավական ակտերին համապատասխան տեղաբաշխված ակտիվները կարող են դիտարկել ոչ բլանկային:

Կենտրոնական բանկի կողմից 30-օրյա ժամկետում սույն կետում նշված ներքին իրավական ակտերի վերաբերյալ եզրակացություն չտալու դեպքում, Կենտրոնական բանկի դրական եզրակացությունը համարվում է տրված:

Կենտրոնական բանկի կողմից բացասական եզրակացություն ստանալու դեպքում սույն կետում նշված ներքին իրավական ակտերին համապատասխան տեղաբաշխվող ակտիվները պետք է դիտարկվեն բլանկային` բացասական եզրակացությունը ստանալու օրվանից սկսած, ընդ որում` բացասական եզրակացությունը տարածվում է նաև մինչև բացասական եզրակացություն տալը ներքին իրավական ակտերին համապատասխան տեղաբաշխված ակտիվների վրա:

Կենտրոնական բանկը նախկինում ներկայացված ներքին իրավական ակտերի վերաբերյալ տրված դրական եզրակացությունը կարող է ուժը կորցրած ճանաչել, եթե տեղի է ունեցել հանգամանքների այնպիսի փոփոխություն, որի պայմաններում այդ ներքին իրավական ակտերը կարող են վտանգել տվյալ բանկի կամ բանկային համակարգի ֆինանսական կայունությունը:

Կենտրոնական բանկի կողմից նախկինում տրված դրական եզրակացությունը ուժը կորցրած ճանաչելու դեպքում ներքին իրավական ակտերին համապատասխան տեղաբաշխվող ակտիվները պետք է դիտարկվեն բլանկային` դրական եզրակացությունը ուժը կորցրած ճանաչելու մասին Կենտրոնական բանկի որոշումը ստանալու օրվանից սկսած, ընդ որում դրական եզրակացությունը ուժը կորցրած ճանաչելու մասին Կենտրոնական բանկի որոշումը չի կարող տարածվել մինչև այդ ներքին իրավական ակտերին համապատասխան տեղաբաշխված ակտիվների վրա:

Եթե սույն կետում նշված ակտիվները ձևավորվել են Կենտրոնական բանկ ներկայացված ներքին իրավական ակտերի շրջանակներից դուրս կամ բանկում բացակայում են նման ներքին իրավական ակտերը, ապա բանկը` ակտիվները ոչ բլանկային չդիտարկելու վերաբերյալ Կենտրոնական բանկի եզրակացությունն ստանալու նպատակով, պետք է Կենտրոնական բանկ ներկայացնի տվյալ փոխառուի (պարտապանի) ֆինանսական վիճակը (այդ թվում՝ ֆինանսական հոսքերը) բնութագրող բավարար տեղեկատվությամբ և (կամ) փոխառության (պարտքի) վերադարձելիությունը հիմնավորող տեղեկատվությամբ ապահովվածությունը հիմնավորող համապատասխան փաստաթղթեր: Մինչև Կենտրոնական բանկից համապատասխան եզրակացություն ստանալն այդ ակտիվները կարող են բանկի կողմից դիտարկվել ոչ բլանկային, իսկ բացասական եզրակացություն ստանալու դեպքում պետք է դիտարկվեն բլանկային` Կենտրոնական բանկից համապատասխան եզրակացությունը ստանալու օրվանից: Կենտրոնական բանկի կողմից 30-օրյա ժամկետում սույն պարբերությունում նշված հիմնավորող փաստաթղթերի վերաբերյալ եզրակացություն չտալու դեպքում, Կենտրոնական բանկի դրական եզրակացությունը համարվում է տրված:

Կենտրոնական բանկի կողմից սույն կետում նշված ներքին իրավական ակտերի, ներքին իրավական ակտերում ամրագրված սկզբունքների, հիմնավորող փաստաթղթերի վերաբերյալ բացասական եզրակացություն չտալը որևէ պատասխանատվություն չի առաջացնում Կենտրոնական բանկի համար:

2.7.3. Սույն կարգի 2.7-րդ կետում նշված դրույթները չեն տարածվում Կենտրոնական բանկի և Հայաստանի Հանրապետության նկատմամբ ունեցած պահանջների վրա:

2.7.4. Եթե բանկի կողմից տեղաբաշխված ակտիվը միաժամանակ բավարարում է սույն կարգի 2.7-րդ կետի «բ», «գ», «դ» ենթակետերով սահմանված պայմաններին և ապահովված է միայն սույն կարգի 2.7-րդ կետի «ա» ենթակետով սահմանված իրավաբանական անձի երաշխավորությամբ կամ երաշխիքով, ապա տվյալ ակտիվը պետք է դասակարգվի՝ հիմք ընդունելով ստորև նշված դասերից ամենախիստը.

1) երաշխիք կամ երաշխավորություն տրամադրող իրավաբանական անձի վերաբերյալ բանկերի նկատմամբ ունեցած դասակարգված պարտավորությունների (առկայության դեպքում) գծով բանկերի կողմից տրված միասնական ամենախիստ դասը,

2) տվյալ փոխառուի (պարտապանի) գծով սույն կարգի 3.4-րդ կետում նշված առավել խիստ չափանիշը:»:

9. Կարգի 2.10-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«2.10. Վերաֆինանսավորված ակտիվներ են համարվում.

1) այն ակտիվները, որոնց մի մասի մարումը, պայմանավորված փոխառուի (պարտապանի) վատ ֆինանսական դրությամբ և (կամ) փոխառուի (պարտապանի)` բանկի նկատմամբ առկա պարտավորությունները մարելու ոչ բավարար կարողությամբ, իրականացվել է նոր ստանձնած պարտավորությունների հաշվին` անկախ այն հանգամանքից, թե նոր պարտավորությունները ձևավորվել են նույն բանկում, թե այլ բանկերում,

2) այն ակտիվները, որոնք ուղղվել են սույն կետի 1-ին ենթակետում նշված ակտիվների (կամ դրանց մի մասի) մարմանը:»:

10. Կարգը 2.10-րդ կետից հետո լրացնել նոր 2.10.1., 2.10.2., 2.11. կետերով հետևյալ բովանդակությամբ.

 «2.10.1. ՀՀ կենտրոնական բանկի վերահսկողության ծառայության հիմնավոր կարծիքով վերաֆինանսավորված ակտիվների (կամ դրանց մասերի) դասակարգումը կարող է փոխվել:

2.10.2. Բանկի ակտիվների պայմաններն ի օգուտ փոխառուի (պարտապանի) վերանայելու դեպքում, որպեսզի այդ ակտիվները Կենտրոնական բանկի կողմից չդիտարկվեն վերանայված պայմաններով, բանկը Կենտրոնական բանկ պետք է ներկայացնի նշված գործառնությունները կանոնակարգող բանկի ներքին իրավական ակտերը, որոնցում պետք է նշվեն ակտիվների պայմանների վերանայման այնպիսի սկզբունքներ և գործընթացներ, որոնք թույլ չեն տալիս ակտիվների պայմանների վերանայում փոխառուի (պարտապանի) վատ ֆինանսական վիճակի պայմաններում՝ Կենտրոնական բանկի կողմից համապատասխան եզրակացություն ստանալու համար:

Մինչ ներքին իրավական ակտերի, ներքին իրավական ակտերում ամրագրված սկզբունքների վերաբերյալ Կենտրոնական բանկի եզրակացություն ստանալը, եթե ակտիվների պայմանները վերանայվել են այդ ներքին իրավական ակտերին համապատասխան, ապա այդ ակտիվները կարող են չդիտարկվել վերանայված պայմաններով:

Կենտրոնական բանկի կողմից 30-օրյա ժամկետում սույն կետում նշված ներքին իրավական ակտերի վերաբերյալ եզրակացություն չտալու դեպքում, Կենտրոնական բանկի դրական եզրակացությունը համարվում է տրված:

Կենտրոնական բանկի կողմից բացասական եզրակացություն ստանալու դեպքում սույն կետում նշված ներքին իրավական ակտերին համապատասխան տեղաբաշխվող ակտիվները պետք է դիտարկվեն վերանայված պայմաններով` բացասական եզրակացությունը ստանալու օրվանից սկսած, ընդ որում բացասական եզրակացությունը տարածվում է նաև մինչև բացասական եզրակացություն տալը ներքին իրավական ակտերին համապատասխան տեղաբաշխված ակտիվների վրա:

Կենտրոնական բանկը նախկինում ներկայացված ներքին իրավական ակտերի վերաբերյալ տրված դրական եզրակացությունը կարող է ուժը կորցրած ճանաչել, եթե տեղի է ունեցել հանգամանքների այնպիսի փոփոխություն, որի պայմաններում այդ ներքին իրավական ակտերը կարող են վտանգել տվյալ բանկի կամ բանկային համակարգի ֆինանսական կայունությունը:

Կենտրոնական բանկի կողմից նախկինում տրված դրական եզրակացությունը ուժը կորցրած ճանաչելու դեպքում ներքին իրավական ակտերին համապատասխան տեղաբաշխվող ակտիվները պետք է դիտարկվեն վերանայված պայմաններով` դրական եզրակացությունը ուժը կորցրած ճանաչելու մասին Կենտրոնական բանկի որոշումը ստանալու օրվանից սկսած, ընդ որում դրական եզրակացությունը ուժը կորցրած ճանաչելու մասին Կենտրոնական բանկի որոշումը չի կարող տարածվել մինչև այդ ներքին իրավական ակտերին համապատասխան տեղաբաշխված ակտիվների վրա:

Եթե բանկն ի օգուտ փոխառուի (պարտապանի) վերանայել է ակտիվների պայմանները սույն կետում նշված ներքին իրավական ակտերի շրջանակներից դուրս, ապա որպեսզի այդ ակտիվները սույն կարգի համաձայն Կենտրոնական բանկի կողմից չդիտարկվեն վերանայված պայմաններով, բանկը պետք է Կենտրոնական բանկ ներկայացնի տվյալ ակտիվների գծով փոխառուի (պարտապանի) ֆինանսական վիճակը (այդ թվում` ֆինանսական հոսքերը) բնութագրող և (կամ) փոխառության (պարտքի) վերադարձելիությունը հիմնավորող համապատասխան փաստաթղթեր՝ այդ ակտիվները վերանայված պայմաններով չդիտարկելու վերաբերյալ Կենտրոնական բանկի եզրակացությունն ստանալու համար: Մինչև Կենտրոնական բանկի եզրակացությունը ստանալը, բանկը կարող է սույն պարբերության մեջ նշված ակտիվները չդիտարկել վերանայված պայմաններով, իսկ Կենտրոնական բանկի կողմից բացասական եզրակացություն ստանալու դեպքում` այդ ակտիվները պետք է դիտարկվեն վերանայված պայմաններով` Կենտրոնական բանկից համապատասխան եզրակացությունը ստանալու օրվանից: Կենտրոնական բանկի կողմից 30-օրյա ժամկետում սույն պարբերությունում նշված հիմնավորող փաստաթղթերի վերաբերյալ եզրակացություն չտալու դեպքում, Կենտրոնական բանկի դրական եզրակացությունը համարվում է տրված:

 Կենտրոնական բանկի կողմից սույն կետում նշված ներքին իրավական ակտերի, ներքին իրավական ակտերում ամրագրված սկզբունքների, հիմնավորող փաստաթղթերի վերաբերյալ բացասական եզրակացություն չտալը որևէ պատասխանատվություն չի առաջացնում Կենտրոնական բանկի համար:

2.11. Սույն կարգի դրույթները չեն տարածվում 1000 Հայաստանի Հանրապետության դրամը չգերազանցող ակտիվների վրա:»:

11. Կարգի 3.1-րդ կետում «30 օրը» բառերը փոխարինել «ամիսը» բառով:

12. Կարգի 3.3-րդ կետից հանել «(տես 3.11 կետի աղյուսակը)» բառերը:

13. Կարգի 3.4-րդ կետը «օբյեկտիվ և սուբյեկտիվ» բառերից հետո լրացնել «, ինչպես նաև սույն կարգի 3.4.1-րդ կետով սահմանված» բառերով:

14. Կարգը լրացնել նոր` 3.4.1-րդ կետով հետևյալ բովանդակությամբ.

«3.4.1. Բանկն իր փոխառուին տրամադրված վարկերի և դեբիտորական պարտքերի դասակարգումը պետք է իրականացնի ելնելով բոլոր բանկերի կողմից միևնույն փոխառուին տրամադրված վարկերի և դեբիտորական պարտքերի գծով առկա միասնական ամենախիստ դասից` առաջնորդվելով տվյալ փոխառուին բանկերի կողմից տրված վարկերի և դեբիտորական պարտքերի ժամկետանց օրերի քանակի վերաբերյալ Կենտրոնական բանկի վարկային ռեգիստրից կամ վարկային բյուրոյից ստացված տեղեկատվությամբ` համաձայն սույն կարգի 3.11 կետի օբյեկտիվ չափանիշների:»:

15. Կարգի 3.7-րդ կետի «ա» ենթակետում «կացությունը» բառը փոխարինել «վիճակը» բառով:

16. Կարգի 3.7-րդ կետի վերջին պարբերության առաջին նախադասությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Ստանդարտ ակտիվներն ունեն բավարար ապահովվածություն (գրավով, երաշխիքով, երաշխավորությամբ, ֆինանսական հոսքերով և այլն) պայմանագրով սահմանված հիմնական գումարի և տոկոսների գծով մարումները (վճարումները) կատարելու համար:»:

17. Կարգի 3.7.1-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 «3.7.1. Հսկվող են դասակարգվում այն ակտիվները, որոնք չնայած սպասարկվում են սկզբնական պայմանագրի համաձայն, սակայն տեղի է ունեցել փոխառուի (պարտապանի) ֆինանսական վիճակի վատթարացում կամ ի հայտ են եկել այնպիսի պայմաններ, որոնց պարագայում հնարավոր է փոխառուի (պարտապանի) ֆինանսական վիճակի վատթարացում, որի արդյունքում կարող է վտանգվել ակտիվը մարելու (սպասարկելու) փոխառուի (պարտապանի) բավարար ունակությունը:»:

18. Կարգի 3.8-րդ կետում`

1) առաջին պարբերությունում «կապված փոխառուի (պարտապանի) ֆինանսական վիճակից կամ նրա պարտքը մարելու ունակությունից» բառերը փոխարինել «կապված փոխառուի (պարտապանի) ֆինանսական վատ դրության կամ նրա պարտքը մարելու անկարողության հետ:» բառերով,

2) 5-րդ պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Ոչ ստանդարտ ակտիվներն ունեն ակնհայտ ռիսկեր, որոնք նվազեցնում են ակտիվի ամբողջական մարման հավանականությունը:»,

3) 6-րդ պարբերությունը «գրավի վերաբերյալ համարժեք փաստաթղթերի բացակայության» բառերից հետո լրացնել «կամ ակտիվը (կամ դրա մի մասը) ոչ նպատակային օգտագործելու» բառերով:

19. Կարգի 3.11-րդ կետի առաջին պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Ակտիվների դասակարգման չափանիշներն ամփոփվում են ստորև բերված աղյուսակում: Սույն կարգի 2.6-րդ կետի «գ» ենթակետի հիման վրա չաշխատող համարվող ակտիվների դասակարգման առանձնահատկությունները սահմանվում են սույն կարգի 3.15-3.17-րդ կետերով.»:

20. Կարգի 3.13-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«3.13. Սույն կարգի 2.6-րդ կետի «ա» ենթակետի հիման վրա չաշխատող համարվող ակտիվների դասակարգումն իրականացվում է հիմք ընդունելով դասակարգման օրվա դրությամբ ակտիվի գծով առկա առավելագույն ժամկետանց օրերի քանակը:»:

21. Կարգը լրացնել նոր 3.14-րդ, 3.15-րդ, 3.16-րդ, 3.17-րդ, 3.18-րդ կետերով` հետևյալ բովանդակությամբ.

«3.14. Փոխառուի (պարտապանի) կողմից ակտիվի ոչ նպատակային օգտագործման դեպքում, որը հանգեցրել է կամ կարող է հանգեցնել ակտիվի գծով պայմանագրային պարտավորությունների չկատարմանը, ակտիվը բանկի կամ Կենտրոնական բանկի վերահսկողության ծառայության կողմից ակտիվի ոչ նպատակային օգտագործման փաստը բացահայտելու օրվանից սուբյեկտիվ չափանիշով պետք է դասակարգվի ոչ ստանդարտ, կասկածելի կամ անհուսալի` հաշվի առնելով սույն կարգով սահմանված համապատասխանաբար ոչ ստանդարտ, կասկածելի կամ անհուսալի ակտիվների սահմանումները:

3.15. Սույն կարգի 2.9-րդ և 2.10-րդ կետերում նշված ակտիվները այդ ակտիվների պայմանների վերանայման դեպքում ակտիվի դասակարգման օրը դասակարգվում են ոչ ստանդարտ, եթե սույն կարգի 3.4-րդ կետի համաձայն ավելի խիստ դաս առկա չէ: Ակտիվների հետագա դասակարգումն իրականացվում է ստորև բերված աղյուսակի համաձայն.

 

Ակտիվի դասը

Օբյեկտիվ չափանիշ

Ոչ ստանդարտ

վերանայված կարգավիճակում է մինչև 90 օր

Կասկածելի

վերանայված կարգավիճակում է 91-180 օր

Անհուսալի

վերանայված կարգավիճակում է 181 և ավելի օր

Եթե սույն կարգի համաձայն` ակտիվների վերանայման պահին ակտիվները դասակարգված են ոչ ստանդարտ կամ կասկածելի, ապա այդ ակտիվները կարող են մնալ նույն դասում, եթե համապատասխանում են սույն կարգում սահմանված համապատասխանաբար «ոչ ստանդարտ» կամ «կասկածելի» ակտիվների սահմանումներին: Սույն մասում նշված ակտիվների հետագա դասակարգումն իրականացվում է սույն կարգի 3.11-րդ կետին համապատասխան:

3.16. Բանկերը Կենտրոնական բանկի համաձայնությունը ստանալու նպատակով Կենտրոնական բանկ կարող են ներկայացնել սույն կարգի 2.9-րդ և 2.10-րդ կետերում նշված ակտիվների պայմանների վերանայումից հետո ակտիվների հետագա դասակարգման վերաբերյալ իրենց ներքին իրավական ակտերը, որոնց համաձայն` ներքին իրավական ակտերում նշված պայմանների առկայության դեպքում հնարավոր կլինի ակտիվների դասի հետագա բարելավումը: Ներքին իրավական ակտերում պետք է առնվազն սահմանվեն սկզբնական պայմանագրի նկատմամբ վճարումների (մարումների) քանակի և հիմնական գումարի մարման ծավալի ողջամիտ նվազագույն մեծություններ, ինչպես նաև ցանկացած երկու հաջորդական մարումների միջև ընկած ողջամիտ առավելագույն ժամկետներ, որի պարագայում, վերանայված պայմանագրի համաձայն սպասարկվելու դեպքում, հնարավոր կլինի ակտիվի դասի բարելավումը: Ներքին իրավական ակտերում պետք է նախատեսվի, որ ավելի բարձր (բարելավված) դասով դասակարգելու պահին ակտիվը պետք է բավարարի համապատասխան դասի ակտիվի համար սույն կարգով սահմանված չափանիշներին: Ներքին իրավական ակտերը չեն կարող վերաբերել այն ակտիվներին, որոնք նախկինում վերանայվել են առնվազն մեկ անգամ, ինչպես նաև այն ակտիվներին, որոնք վերանայման պահին դասակարգված են եղել ոչ ստանդարտ, կասկածելի կամ անհուսալի:

Մինչ ներքին իրավական ակտերի, ներքին իրավական ակտերում ամրագրված սկզբունքների վերաբերյալ Կենտրոնական բանկի եզրակացությունը ստանալը, ակտիվները կարող են դասակարգվել այդ ներքին իրավական ակտերին համապատասխան:

Կենտրոնական բանկի կողմից 30-օրյա ժամկետում սույն կետում նշված ներքին իրավական ակտերի վերաբերյալ եզրակացություն չտալու դեպքում, Կենտրոնական բանկի դրական եզրակացությունը համարվում է տրված:

Կենտրոնական բանկի կողմից բացասական եզրակացություն ստանալու դեպքում սույն կետում նշված ներքին իրավական ակտերի պահանջներին բավարարող ակտիվները պետք է դասակարգեն սույն կարգի 3.15-րդ կետով սահմանված կարգով` բացասական եզրակացությունը ստանալու օրվանից սկսած, ընդ որում` բացասական եզրակացությունը տարածվում է նաև մինչև բացասական եզրակացություն տալը ներքին իրավական ակտերին համապատասխան տեղաբաշխված ակտիվների վրա:

Կենտրոնական բանկը նախկինում ներկայացված ներքին իրավական ակտերի վերաբերյալ տրված դրական եզրակացությունը կարող է ուժը կորցրած ճանաչել, եթե տեղի է ունեցել հանգամանքների այնպիսի փոփոխություն, որի պայմաններում այդ ներքին իրավական ակտերը կարող են վտանգել տվյալ բանկի կամ բանկային համակարգի ֆինանսական կայունությունը:

Կենտրոնական բանկի կողմից նախկինում տրված դրական եզրակացությունը ուժը կորցրած ճանաչելու դեպքում ներքին իրավական ակտերի պահանջներին բավարարող ակտիվները պետք է դասակարգվեն սույն կարգի 3.15-րդ կետով սահմանված կարգով` դրական եզրակացությունը ուժը կորցրած ճանաչելու մասին Կենտրոնական բանկի որոշումը ստանալու օրվանից սկսած, ընդ որում դրական եզրակացությունը ուժը կորցրած ճանաչելու մասին Կենտրոնական բանկի որոշումը չի կարող տարածվել մինչև այդ ներքին իրավական ակտերին համապատասխան դասակարգված ակտիվների վրա:

Կենտրոնական բանկի կողմից սույն կետում նշված ներքին իրավական ակտերի, ներքին իրավական ակտերում ամրագրված սկզբունքների վերաբերյալ բացասական եզրակացություն չտալը որևէ պատասխանատվության չի առաջացնում Կենտրոնական բանկի համար:

3.17. Սույն կարգի 3.16-րդ կետում նշված ներքին իրավական ակտեր չունենալու դեպքում, ակտիվի վերանայման պայմանները կամ ակտիվի վերանայումից հետո վերանայված պայմանագրի սպասարկման պայմանները սույն կարգի 3.16-րդ կետում նշված ներքին իրավական ակտերին չհամապատասխանելու դեպքում, ակտիվների դասակարգումն իրականացվում է սույն կարգի 3.15-րդ կետին համապատասխան:

 3.18. Կենտրոնական բանկի վերահսկողության արդյունքում պարտավորեցված սուբյեկտիվ չափանիշի հիման վրա դասակարգված ակտիվը շարունակում է մնալ նույն դասում այնքան ժամանակ, քանի դեռ ակտիվը սուբյեկտիվ դասակարգելու համար հիմք հանդիսացող չափանիշի (չափանիշների) փոփոխություն տեղի չի ունեցել կամ չեն առաջացել սույն կարգի 3.4-րդ կետի համաձայն առավել խիստ չափանիշով դասակարգելու հիմքերը: Ակտիվը սուբյեկտիվ դասակարգելու համար հիմք հանդիսացող չափանիշի (չափանիշների) փոփոխության դեպքում բանկերն ինքնուրույն են փոփոխում (այդ թվում` բարելավում) ակտիվի դասը, բացառությամբ այն դեպքերի, երբ Կենտրոնական բանկի վերահսկողության ծառայության կողմից նախապես սահմանվել են այդ ակտիվի հետագա դասակարգման չափանիշները, ժամկետները և կարգը:»:

22. Կարգի 4.1-րդ կետը «3.1 կետին համապատասխան» բառերից հետո լրացնել «, բացառությամբ ապահովվածություն չունեցող (բլանկային) ակտիվների, որոնց գծով պահուստները ճշգրտվում են ակտիվի ձևավորման պահին:» բառերով:

23. Կարգի 4.2-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«4.2. Բանկերը ձևավորում են հատուկ պահուստ հետևյալ չափերով.

1) Հայաստանի Հանրապետության դրամով արտահայտված ակտիվների դեպքում.

ա. հսկվող ակտիվների համար` 10%,

բ. ոչ ստանդարտ ակտիվների համար` 20%,

գ. կասկածելի ակտիվների համար՝ 50%,

դ. անհուսալի ակտիվների համար՝ 100%:

2) Արտարժույթով արտահայտված ակտիվների դեպքում.

ա. հսկվող ակտիվների համար` 12%,

բ. ոչ ստանդարտ ակտիվների համար` 24%,

գ. կասկածելի ակտիվների համար՝ 60%,

դ. անհուսալի ակտիվների համար՝ 100%:»:

24. Կարգի 4.4-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«4.4. Ելնելով սույն կարգի 7.2-րդ կետին համապատասխան բանկերի կողմից մշակված ներքին կանոնակարգերից, բանկերն ինքնուրույն, առանց Կենտրոնական բանկի վերահսկողության ծառայության համաձայնությունը ստանալու, կարող են ավելացնել հատկացումները ընդհանուր պահուստին ստանդարտ ակտիվների համար՝ մինչև 2%-ը, իսկ հատուկ պահուստին՝ հետևյալ չափերով.

1) Հայաստանի Հանրապետության դրամով արտահայտված ակտիվների դեպքում.

ա. հսկվող ակտիվների համար` մինչև 15%-ը,

բ. ոչ ստանդարտ ակտիվների համար` մինչև 25%-ը,

գ. կասկածելի ակտիվների համար՝ մինչև 70%-ը:

2) Արտարժույթով արտահայտված ակտիվների դեպքում.

ա. հսկվող ակտիվների համար` մինչև 18%-ը,

բ. ոչ ստանդարտ ակտիվների համար` մինչև 30%-ը,

գ. կասկածելի ակտիվների համար՝ մինչև 85%-ը:»:

25. Կարգի 4.5-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«4.5. Եթե ակտիվը ճանաչվում է անհուսալի, ապա այն ակտիվի դասակարգման օրը պետք է դուրս գրվի բանկի հաշվեկշռից` «հատուկ պահուստի» հաշվին, և շարունակվի հաշվառվել բանկի հետհաշվեկշռային հաշիվներում (այսուհետ` ծանուցման հաշիվներ), բացառությամբ ապահովվածություն չունեցող (բլանկային) ակտիվների (կամ դրանց մասերի), որոնք առանց դասակարգման դուրս են գրվում բանկի հաշվեկշռից ակտիվի ձևավորման պահին: Կենտրոնական բանկի վերահսկողության արդյունքում պարտավորեցված, սուբյեկտիվ չափանիշի հիման վրա դասակարգված ակտիվների դիմաց պահուստների ճշգրտումը Կենտրոնական բանկի վերահսկողության ծառայության պահանջով կարող է իրականացվել Կենտրոնական բանկի վերահսկողության ծառայության կողմից նշված օրը:»:

26. Կարգը լրացնել նոր 4.6-րդ կետով` հետևյալ բովանդակությամբ.

«4.6. Կենտրոնական բանկի վերահսկողության ծառայությունը, Կենտրոնական բանկի կողմից սահմանված կարգով, կարող է վերահսկողության արդյունքում պարտավորեցնել բանկին որոշակի գումարով պահուստ ձևավորել կոնկրետ ակտիվի կամ ակտիվների խմբի համար` առանց ակտիվի (ակտիվների) դասակարգման:»:

27. Կարգի 5.1-րդ կետում «դրա վճարումը» բառերը փոխարինել «ակտիվի դասակարգումը ստանդարտ» բառերով:

28. Կարգի 5.4-րդ կետն ուժը կորցրած ճանաչել:

29. Կարգի 5.5-րդ կետի երկրորդ նախադասությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Անհուսալի ճանաչելու դեպքում հաշվեկշռից դուրս գրելուց հետո բանկը հաշվառում է հաշվեգրված, բայց դեռևս չգանձված տոկոսները ծանուցման հաշիվներում և կարող է շարունակել տոկոսների (և (կամ) տուժանքների) հաշվարկումը` համապատասխան ծանուցման հաշիվներում:»:

30. Կարգը լրացնել նոր 6.4.3-րդ կետով` հետևյալ բովանդակությամբ.

«6.4.3. փոխառուի (պարտապանի)՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով լուծարվելու դեպքում:»:

31. Կարգը լրացնել նոր 6.5.1-րդ և 6.5.2-րդ կետերով` հետևյալ բովանդակությամբ.

«6.5.1. Եթե բանկի ծանուցման հաշիվներում հաշվառվող ակտիվը (կամ դրա մի մասը) դուրս է գրվել ծանուցման հաշիվներից մինչև սույն կարգի 6.4.2-րդ կետում նշված հայցային վաղեմության ժամկետի ավարտը կամ սույն կարգի 6.4.3-րդ կետում նշված փոխառուի (պարտապանի) լուծարվելը ակտիվի (կամ դրա մի մասի) անհատույց զիջման կամ ներման արդյունքում, որով փոխառուի (պարտապանի) նկատմամբ բանկի պահանջի իրավունքը դադարել է, ապա շահութահարկի հաշվարկման նպատակով բանկի հաշվետու ժամանակաշրջանի հարկվող եկամուտն ավելանում է այդ ակտիվի (կամ դրա մի մասի) գումարի չափով:

6.5.2. Եթե բանկի ծանուցման հաշիվներում հաշվառվող ակտիվը (կամ դրա մի մասը) դուրս է գրվել ակտիվի (կամ դրա մի մասի) նկատմամբ բանկի իրավունքի պաշտպանության հայցային վաղեմության ժամկետը լրանալու հիմքով, ապա շահութահարկի հաշվարկման նպատակով բանկի հաշվետու ժամանակաշրջանի հարկվող եկամուտն ավելանում է այդ ակտիվի (կամ դրա մի մասի) գումարի չափով, բացառությամբ եթե ակտիվի (կամ դրա մի մասի) գումարը չի գերազանցում 1 միլիոն Հայաստանի Հանրապետության դրամը:»:

32. Կարգի 6.6-րդ կետում «ՀՀ պետական եկամուտների նախարարության համապատասխան տարածքային հարկային տեսչությանը» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեին» բառերով: