Գլխավոր տեղեկություն
Տիպ
Համաձայնագիր
Тип
Ինկորպորացիա (02.01.2015-մինչ օրս)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2015.01.21/3(1092) Հոդ.49
Принят
Հայաստանի Հանրապետություն
Дата принятия
22.06.2011
Дата подписания
22.06.2011
Дата вступления в силу
02.01.2015

Հ Ա Մ Ա Ձ Ա Յ Ն Ա Գ Ի Ր

 

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՄԱՔՍԱՅԻՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՔՍԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆՆ ԱՌՆՉՎՈՂ ՀԱՐՑԵՐՈՎ ՄԱՔՍԱՅԻՆ ԳՈՐԾԵՐՈՒՄ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԵՎ ՓՈԽՕԳՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 

Եվրասիական տնտեսական համայնքի շրջանակներում՝ Մաքսային միության անդամ պետությունները, այսուհետ՝ Կողմեր,

հիմնվելով «Միասնական մաքսային տարածք ստեղծելու և Մաքսային միություն ձևավորելու մասին» 2007 թվականի հոկտեմբերի 6-ի պայմանագրի վրա,

հիմնվելով «Մաքսային միության մաքսային օրենսգրքի մասին» 2009 թվականի նոյեմբերի 27-ի պայմանագրի վրա,

հիմնվելով ԵվրԱզԷՍ-ի Միջպետական խորհրդի (Մաքսային միության բարձրագույն մարմնի) որոշումների վրա,

ցանկանալով մաքսային գործի ոլորտում համագործակցության միջոցով զարգացնել բարեկամական հարաբերությունները,

ցանկանալով ԵվրԱզԷՍ-ի շրջանակներում ապահովել մաքսային ծառայությունների փոխգործակցությունը Մաքսային միության միասնական մաքսային տարածքում (այսուհետ՝ Մաքսային միություն),

ձգտելով ստեղծել Մաքսային ծառայությունների ներկայացուցչությունների աշխատակիցների համար կացության և համագործակցության իրավական հիմքեր,

համաձայնեցին հետևյալի մասին.

 

Հոդված 1

 

Սույն Համաձայնագրի նպատակներով գործածվում են հետևյալ եզրույթները՝

«Կողմերի մաքսային ծառայություններ»՝ Կողմերի պետական մարմինները, որոնք լիազորված են Մաքսային գործի ոլորտում,

«Մաքսային ծառայության ներկայացուցչություն»՝ Կողմի մաքսային ծառայության լիազորված կառուցվածքային ստորաբաժանում, որը գործում է մյուս Կողմի տարածքում,

«Կառավարության աշխատակիցներ»՝ անձինք, որոնք ուղարկվել են աշխատելու Մաքսային ծառայության ներկայացուցչությունում և անցել են այն գործառույթների կատարմանը, որոնք դրվել են Մաքսային ծառայության ներկայացուցչության վրա՝ սույն Համաձայնագրի 3-րդ հոդվածի համաձայն,

«Ներկայացուցչության աշխատակիցների ընտանիքի անդամներ»՝ աշխատակիցների ամուսինները, երեխաները, ինչպես նաև Ներկայացուցչության աշխատակիցների հետ մշտապես միասին բնակվող՝ նրանց խնամքի տակ գտնվող ազգականները:

 

Հոդված 2

 

Կողմերը մյուս Կողմերի տարածքում հիմնում են Մաքսային ծառայությունների ներկայացուցչություններ:

Մաքսային ծառայության ներկայացուցչությունը կարող է ձևավորվել որպես իրավաբանական անձի իրավունքներով օժտված առանձնացված ստորաբաժանում կամ կազմել Կողմի դիվանագիտական ներկայացուցչության մաս:

Մաքսային ծառայության ներկայացուցչությունը գործում է այն Կողմի օրենսդրության հիման վրա, որը հիմնել է մաքսային ծառայության տվյալ ներկայացուցչությունը:

Մաքսային ծառայության ներկայացուցչության վրա տարածվում է իր գտնվելու երկրի օրենսդրությունը:

Մաքսային ծառայության ներկայացուցչությունը գլխավորում է Մաքսային ծառայության ներկայացուցչության ղեկավարը:

Մաքսային ծառայության ներկայացուցչության ղեկավարը գտնվելու երկրի մաքսային ծառայության կոլեգիայի անդամ է:

Մաքսային ծառայության ներկայացուցչությունը կարող է ունենալ սեփական կնիք և բանկային հաշիվ:

Մաքսային ծառայության ներկայացուցչության գործունեությունն իրականացվում է Կողմի մաքսային ծառայության ղեկավարի կողմից հաստատվող կանոնակարգի հիման վրա:

 

Հոդված 3

 

Մաքսային ծառայության ներկայացուցչության աշխատակիցները, նպատակ ունենալով ապահովելու Կողմերի մաքսային ծառայությունների միջև համագործակցությունը, իրականացնում են հետևյալ հիմնական գործառույթները՝

Մաքսային միության մաքսային օրենսդրության կատարման դիտանցում,

իրենց իրավասությունների սահմաններում Մաքսային միության օրենսդրության կատարման արդյունավետությունը բարձրացնելու համար առաջարկների պատրաստում,

գտնվելու երկրում Մաքսային միության մաքսային սահմանի անցակետերում մաքսային և այլ տեսակի պետական հսկողության իրականացման վերլուծություն, դրանց միասնականացման և կատարելագործման ուղղությամբ առաջարկների մշակում,

Մաքսային միության մաքսային սահմանով տեղաշարժվող ապրանքային հոսքերի մասին տվյալների վերլուծություն (ներառյալ տարանցիկ փոխադրվող ապրանքները և ֆիզիկական անձանց ապրանքները),

գտնվելու երկրի մաքսային ծառայության կողմից կիրառվող մաքսային տեխնոլոգիաների ուսումնասիրություն և Կողմերի մաքսային ծառայություններին ծանուցում դրական փորձի մասին,

մասնակցություն Կողմերի մաքսային ծառայությունների միջև տեղեկատվության փոխանակման գործընթացում:

 

Հոդված 4

 

Մաքսային ծառայության ներկայացուցչության աշխատակիցները՝ իրենց իրավասությունների շրջանակներում իրենց վերապահված գործառույթների կատարումն ապահովելու նպատակով իրավունք ունեն՝

ներկայացնելու մաքսային ծառայության շահերը Կողմերի մաքսային ծառայություններում, Մաքսային միության հանձնաժողովում, մաքսային գործի ոլորտում գործող միջազգային կազմակերպություններում, ԵվրԱզԷՍ-ի և ԱՊՀ-ի տարածքում ինտեգրացման կառավարմամբ զբաղվող մարմիններում,

փոխգործակցելու գտնվելու երկրի մաքսային ծառայության հետ Մաքսային միության միասնական մաքսային տարածքում մաքսային հսկողության արդյունավետությունը բարձրացնելու և մաքսային ենթակառուցվածքը զարգացնելու հարցերով,

փոխգործակցելու գտնվելու երկրի մաքսային մարմինների պաշտոնատար անձանց հետ խնդրահարույց իրավիճակների հայտնաբերման և վերացման հարցերով,

փոխգործակցելու գտնվելու երկրի գործադիր իշխանությունների այն պետական մարմինների հետ, որոնք Մաքսային միության մաքսային սահմանին իրականացնում են սահմանային, մաքսային և այլ տեսակի պետական հսկողություն,

փոխգործակցելու Կողմերի պետական իշխանության այլ մարմինների հետ,

մասնակցելու մաքսային ոլորտում համատեղ տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառման գործընթացում,

մասնակցելու իրավապահ գործունեության հարցերով տեղեկությունների միջազգային փոխանակման իրականացման գործընթացում և փոխգործակցելու Կողմերի մաքսային ծառայությունների իրավապահ ստորաբաժանումների հետ:

 

Հոդված 5

 

Առանձնացված ստորաբաժանումների ձևով Մաքսային ծառայությունների ներկայացուցչություններ ստեղծելիս տվյալ ներկայացուցչությունների ղեկավարներն ու տեղակալները, ինչպես նաև նրանց ընտանիքների անդամները գտնվելու երկրում օժտվում են նույն արտոնություններով և անձեռնմխելիությամբ, որով օժտված են օտարերկրյա դիվանագիտական ներկայացուցչությունների դիվանագիտական անձնակազմերի անդամները:

Մաքսային ծառայությունների ներկայացուցչության ղեկավարի և ղեկավարի տեղակալի համապատասխան հաստիքային միավորները ներառվում են (փոխանցվում են, հաշվառվում են) Կողմի դիվանագիտական ներկայացուցչության (Արտաքին գործերի նախարարության) կազմում:

Մաքսային ծառայության ներկայացուցչության ծառայողական շինությունները, պաշտոնական նամակագրությունը, արխիվները և փաստաթղթերն անձեռնմխելի են:

Մաքսային ծառայության ներկայացուցչությունների ֆինանսավորումն իրականացվում է այն Կողմի միջոցով, որի մաքսային ծառայությունը դրանք ներկայացնում են:

Կողմերն անհատույց, հավասարության հիմունքներով ստանձնում են Մաքսային ծառայության ներկայացուցչությանը ծառայողական տարածքներով ապահովելու պարտավորությունները:

 

Հոդված 6

 

Մաքսային ծառայության ներկայացուցչությունը տեղակայվում է ըստ գտնվելու երկրի մաքսային ծառայության տեղակայման վայրի:

Կողմերի մաքսային ծառայությունների համաձայնությամբ Մաքսային ծառայության ներկայացուցչությունների աշխատակիցները կարող են տեղակայվել գտնվելու երկրի այլ վայրերում:

Մաքսային ծառայության ներկայացուցչության կազմը, աշխատակիցների թիվը և կառուցվածքը սահմանում է այն հիմնող Կողմի մաքսային ծառայությունը՝ գտնվելու երկրի մաքսային ծառայության համաձայնությամբ:

Ներկայացուցչության աշխատակիցների կողմից մաքսային ծառայության մաքսային մարմիններ, ինչպես նաև գտնվելու երկրի Մաքսային միության մաքսային սահմանին գտնվող անցակետեր այցելելու կարգը նույնական է գտնվելու երկրի մաքսային ծառայության աշխատակիցների կողմից նշված օբյեկտներ այցելելու կարգին:

Մաքսային ծառայության ներկայացուցչության գործունեության ապահովման հետ կապված առանձին հարցերի շուրջ կարող է որոշում կայացվել Մաքսային ծառայության ներկայացուցչությունը հիմնող Կողմի և գտնվելու երկրի համաձայնությամբ:

 

Հոդված 7

 

Մաքսային ծառայության ներկայացուցչությունը ազատվում է գտնվելու երկրի բոլոր մակարդակների բյուջեներ մուտքագրվելու ենթակա բոլոր տեսակի հարկերից և այլ պարտադիր վճարներից՝ բացի ծառայության որոշակի տեսակների վճարներ համարվող հարկերից և այլ պարտադիր վճարներից:

 

Հոդված 8

 

Կողմերից յուրաքանչյուրը ճանաչում է Մաքսային ծառայության ներկայացուցչությունների աշխատակիցների՝ ուժի մեջ գտնվող՝ անձը հաստատող, տրանսպորտային միջոցի վարման իրավունքը հաստատող փաստաթղթերը, ինչպես նաև նրանց ծառայողական փաստաթղթերը:

Գտնվելու երկրի մաքսային ծառայությունը Մաքսային ծառայության ներկայացուցչության աշխատակիցներին ապահովում է իրենց կարգավիճակը հաստատող ծառայողական փաստաթղթերով:

 

Հոդված 9

 

Կողմերի փոխադարձ համաձայնությամբ սույն Համաձայնագրում կարող են կատարվել փոփոխություններ և լրացումներ, որոնք ձևակերպվում են առանձին արձանագրություններով:

 

Հոդված 10

 

Կողմերի միջև ծագող՝ սույն Համաձայնագրի մեկնաբանման և (կամ) կիրառման հետ կապված վեճերը կարգավորվում են խորհրդակցություններ ու բանակցություններ անցկացնելու միջոցով:

Եթե Կողմերը խորհրդակցությունների ու բանակցությունների միջոցով վեճը չեն կարգավորում դրանց անցկացման վերաբերյալ՝ մի Կողմից մյուս Կողմերին հասցեագրված պաշտոնական գրավոր դիմումը ներկայացնելու օրվանից հետո վեց ամսվա ընթացքում, ապա Կողմերից յուրաքանչյուրն այդ վեճը հանձնում է Եվրասիական տնտեսական համայնքի դատարանի քննությանը:

 

Հոդված 11

 

Սույն Համաձայնագիրը ժամանակավոր կիրառվում է ստորագրման պահից և ենթակա է վավերացման:

Սույն Համաձայնագիրն ուժի մեջ է մտնում սույն Համաձայնագիրն ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգերը Կողմերի կողմից կատարվելու մասին վերջին գրավոր ծանուցումն ավանդապահի կողմից դիվանագիտական ուղիներով ստանալու օրվանից:

 

Կատարված է Մոսկվա քաղաքում, 2011 թվականի հունիսի 22-ին, մեկ բնօրինակից՝ ռուսերենով:

Սույն Համաձայնագրի բնօրինակը պահվում է Մաքսային միության հանձնաժողովում, որը յուրաքանչյուր Կողմին կտրամադրի դրա հաստատված պատճենը:

 

Բելառուսի
Հանրապետության կողմից

 

(ստորագրություն)

Ղազախստանի
Հանրապետության կողմից

 

(ստորագրություն)

Ռուսաստանի
Դաշնության կողմից

 

(ստորագրություն)

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան