Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (25.06.2010-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2010.09.28/46(780).1 Հոդ.1084.71
Принят
Վճռաբեկ դատարան
Дата принятия
25.06.2010
Подписан
Նախագահող
Дата подписания
25.06.2010
Дата вступления в силу
25.06.2010

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի որոշում 
գործ թիվ ԵԱՔԴ/0045/01/09

ԵԱՔԴ/0045/01/09

 

Նախագահող դատավոր՝ Գ. Մելիք-Սարգսյան

Դատավորներ՝ Մ. Պետրոսյան

               Ս. Համբարձումյան

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան)

նախագահությամբ

Դ. Ավետիսյանի

մասնակցությամբ դատավորներ

Հ. Ասատրյանի

 

Ե. Դանիելյանի

 Հ. Ղուկասյանի

Ա. Պողոսյանի

Ս. Օհանյանի

 
քարտուղարությամբ

Մ. Պետրոսյանի

 

2010 թվականի մայիսի 04-ին

 ք. Երևանում

 

դռնբաց դատական նիստում, քննության առնելով Արսեն Եղիշի Միրզոյանի վերաբերյալ ՀՀ քրեական օրենսգրքի 185-րդ հոդվածի 1-ին մասով, 117-րդ և 118-րդ հոդվածներով ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 2010 թվականի փետրվարի 8-ի որոշման դեմ տուժող Արտակ Միրզոյանի օրինական ներկայացուցիչ և տուժող Արևհատ Ղարիբյանի վճռաբեկ բողոքը,

 

ՊԱՐԶԵՑ

 

Գործի դատավարական նախապատմությունը.

1. 2008 թվականի սեպտեմբերի 5-ին ՀՀ ոստիկանության ՔԳՎ Երևանի քննչական վարչության Արաբկիրի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածի և 185-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է թիվ 14135508 քրեական գործը:

2. ՀՀ ոստիկանության ՔԳՎ Արաբկիրի քննչական բաժնի քննիչ Հ.Ավետիսյանի 2008 թվականի սեպտեմբերի 8-ի որոշմամբ Արևհատ Ղարիբյանը թիվ 14135508 քրեական գործով ճանաչվել է տուժող:

3. 2008 թվականի հոկտեմբերի 30-ին Արսեն Միրզոյանը ներգրավվել է որպես մեղադրյալ, նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 117-րդ, 118-րդ հոդվածներով, 185-րդ հոդվածի 1-ին մասով և նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին:

4. 2008 թվականի դեկտեմբերի 3-ին Արսեն Միրզոյանի նկատմամբ հայտարարվել է հետախուզում: 2008 թվականի դեկտեմբերի 4-ին նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանքը:

5. 2008 թվականի դեկտեմբերի 8-ին Արսեն Միրզոյանը հայտնաբերվել և կալանավորվել է:

6. Նախաքննության մարմնի 2008 թվականի հոկտեմբերի 10-ի որոշմամբ Արտակ Միրզոյանը ճանաչվել է տուժող, իսկ նույն օրվա մեկ այլ որոշմամբ Արևհատ Ղազարյանը ճանաչվել է Արտակ Միրզոյանի օրինական ներկայացուցիչ:

7. ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 2008 թվականի դեկտեմբերի 19-ի որոշմամբ Արսեն Միրզոյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանքը վերացվել է և նրա նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է ստորագրություն չհեռանալու մասին:

8. 2009 թվականի ապրիլի 27-ին թիվ 14135508 քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն համայնքների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան:

9. Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի 2009 թվականի նոյեմբերի 13-ի դատավճռով Արսեն Միրզոյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 185-րդ հոդվածի 1-ին մասով, 117-րդ, 118-րդ հոդվածներով և դատապարտվել` ՀՀ քրեական օրենսգրքի 185-րդ հոդվածի 1-ին մասով` տուգանքի 100.000 /մեկ հարյուր հազար/ ՀՀ դրամի չափով, ՀՀ քրեական օրենսգրքի 117-րդ հոդվածով` տուգանքի 80.000 /ութսուն հազար/ ՀՀ դրամի չափով, ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածով` տուգանքի 60.000 /վաթսուն հազար/ ՀՀ դրամի չափով:

ՀՀ քրեական օրենսգրքի 66-րդ հոդվածով սահմանված` նշանակված պատիժները մասնակիորեն գումարելու սկզբունքով Արսեն Միրզոյանի նկատմամբ վերջնական պատիժ է նշանակվել տուգանք 200.000 /երկու հարյուր հազար/ ՀՀ դրամի չափով:

Կիրառվել է «Համաներում հայտարարելու մասին» ՀՀ Ազգային ժողովի 2009 թվականի հունիսի 19-ի որոշման 1-ին կետի 3-րդ ենթակետը, և Արսեն Միրզոյանն ազատվել է պատժի կրումից:

10. Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի 2009 թվականի նոյեմբերի 13-ի դատավճռի դեմ ամբաստանյալ Արսեն Միրզոյանը վերաքննիչ բողոք է ներկայացրել` պահանջելով այն բեկանել, գործի վարույթը կարճել և իրեն արդարացնել:

Ամբաստանյալ Արսեն Միրզոյանի վերաքննիչ բողոքի քննության արդյունքում ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը 2010 թվականի փետրվարի 8-ի որոշմամբ Արսեն Միրզոյանի վերաքննիչ բողոքը բավարարել է և ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի կիրառմամբ (դիմողի բողոքի բացակայության հիմքով) բեկանել է Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի 2009 թվականի նոյեմբերի 13-ի դատավճիռը, Արսեն Միրզոյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցրել է և գործի վարույթը` կարճել:

11. ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 2010 թվականի փետրվարի 8-ի որոշման դեմ վճռաբեկ բողոք է բերել տուժող Արտակ Միրզոյանի օրինական ներկայացուցիչ և տուժող Արևհատ Ղարիբյանը, ինչպես նաև Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների դատախազի տեղակալ Ա.Շահազիզյանը:

Վճռաբեկ դատարանը 2010 թվականի մարտի 30-ի որոշմամբ տուժողի օրինական ներկայացուցիչ և տուժող Արևհատ Ղարիբյանի բողոքը վարույթ է ընդունել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 414.2-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի հիմքով («բողոքում բարձրացված հարցի վերաբերյալ վճռաբեկ դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ օրենքի միատեսակ կիրառության համար»):

 Վճռաբեկ դատարանի 2010 թվականի մարտի 30-ի մեկ այլ որոշմամբ` ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 407-րդ հոդվածի 3-րդ մասի հիմքով Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների դատախազի տեղակալ Ա.Շահազիզյանի վճռաբեկ բողոքը թողնվել է առանց քննության:

Ամբաստանյալ Արսեն Միրզոյանի կողմից ներկայացվել է վճռաբեկ բողոքի պատասխան, պատասխանի հիմնավորում և հիմնավորման լրացում:

 

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստական հանգամանքները.

Սույն վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստական հանգամանքները.

12. Արսեն Միրզոյանին մեղադրանք է առաջադրվել այն արարքի համար, որ նա իր կնոջ` Արևհատ Յուրիկի Ղարիբյանի հետ գտնվելով լարված փոխհարաբերությունների մեջ, 2008 թվականի հունիսի 19-ին` ժամը 22:30-ի սահմաններում, Երևան քաղաքի Կոմիտասի պողոտայի 36բ շենքի թիվ 2 բնակարանում կենցաղային հարցերի շուրջ վիճաբանել է վերջինիս հետ` վիճաբանությունը վերածելով կռվի և քաշքշուկի: Արսեն Միրզոյանը մարմնական վնասվածքներ հասցնելու նպատակով, ձեռքերով հարվածել է Ա.Ղարիբյանի դեմքին և մարմնին` պատճառելով մարմնական վնասվածքներ, որոնք առողջության թեթև վնասի հատկանիշներ չեն պարունակել: Միաժամանակ Արսեն Միրզոյանը վիճաբանության ժամանակ, գույքային վնաս պատճառելու դիտավորությամբ վերցրել է Ա.Ղարիբյանի «Մոտորոլա-Ց 350» տեսակի բջջային հեռախոսը և հատակին հարվածելով կոտրել է այն` վերջինիս պատճառելով 9.000 ՀՀ դրամի գույքային վնաս:

Բացի այդ, 2008 թվականի հունիսի 21-ին, Արսեն Միրզոյանը Երևան քաղաքի Կոմիտասի պողոտայի 36բ շենքի թիվ 2 բնակարանում Ա.Ղարիբյանի հետ ծագած վիճաբանության ընթացքում գույքային վնաս պատճառելու դիտավորությամբ կրկին կոտրել է վերջինիս «Նոկիա-2600» տեսակի բջջային հեռախոսը` պատճառելով 10.000 ՀՀ դրամի գույքային վնաս:

Այնուհետև, 2008 թվականի սեպտեմբերի 20-ին` ժամը 20:30-ի սահմաններում, Արսեն Միրզոյանը կրկին վիճաբանության ընթացքում, մարմնական վնասվածքներ հասցնելու նպատակով, ձեռքերով և գլխով հարվածել է իր որդուն` Արտակ Միրզոյանին և կնոջը` Ա.Ղարիբյանին` Արտակ Միրզոյանի առողջությանը դիտավորությամբ պատճառելով թեթև վնաս` առողջության կարճատև քայքայումով, իսկ Ա.Ղարիբյանին դիտավորությամբ պատճառելով մարմնական վնասվածքներ, որոնք առողջության թեթև վնասի հատկանիշներ չեն պարունակել: Նշվածի կապակցությամբ 2008 թվականի սեպտեմբերի 20-ին Արտակ Միրզոյանը հաղորդում է ներկայացրել ՀՀ ոստիկանության Արաբկիրի բաժին, և նույն օրը կազմվել է թիվ 011384 արձանագրությունը` հաղորդում ընդունելու մասին (տե՛ս քրեական գործ, հատոր 1-ին, էջ 92):

13. Գործում առկա է տուժող Արևհատ Ղարիբյանի դիմումը` իրեն պատճառված գույքային վնասի և ծեծի համար Արսեն Միրզոյանին քրեական պատասխանատվության ենթարկելու մասին (տե՛ս քրեական գործ, հատոր 1-ին, էջ 54):

14. Սույն գործով դատաքննության ընթացքում տուժողները բազմիցս հայտնել են իրենց դիրքորոշումը ամբաստանյալի հետ չհաշտվելու և վերջինիս քրեական պատասխանատվության ենթարկելու պահանջի վերաբերյալ (տե՛ս Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն համայնքների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի 2009 թվականի հունիսի 17-ի դատական նիստի արձանագրության համառոտագրումը՝ քրեական գործ, 2-րդ հատոր, էջ 29, տուժող Արտակ Միրզոյանի դիմումը՝ քրեական գործ, հատոր 2-րդ, 33, 38 էջեր):

 

Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.

Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

15. Բողոքաբերը փաստարկել է, որ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը թույլ է տվել առերևույթ դատական սխալ, որը կարող է ծանր հետևանքներ առաջացնել անչափահաս երեխայի համար` հոգեբանական առումով:

Ըստ բողոքաբերի` ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի որոշումը կայացվել է քրեադատավարական նորմերի կոպիտ խախտումներով, մասնավորապես` ստորադաս դատարանը խախտել է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 17-րդ հոդվածի, 35-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի, 183-րդ, 372-373-րդ, 385-րդ, 396-րդ, 398-րդ հոդվածների պահանջները:

16. Բողոք բերած անձը նշել է, որ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը դուրս է եկել վերաքննիչ բողոքի շրջանակներից, քանի որ Արսեն Միրզոյանի կողմից չի վիճարկվել տուժողների բողոքի առկայության հարցը, բացի այդ որոշում կայացնելիս հիմք են ընդունվել բացառապես ամբաստանյալի անհիմն հայտարարությունները:

Ըստ բողոքաբերի` սույն քրեական գործով առկա են ինչպես Արտակ Միրզոյանի կողմից տրված համապատասխան հայտարարությունը` բողոքը, այնպես էլ իր դիմումը, որն ըստ էության բողոք է, բացի այդ և՛ նախաքննության, և՛ դատաքննության ընթացքում ինքը բազմիցս հայտարարել է, որ չի ցանկանում ամբաստանյալի հետ հաշտվել և պահանջել է նրան ենթարկել քրեական պատասխանատվության:

17. Բողոքի հեղինակը փաստարկել է նաև, որ բողոքում բարձրացված հարցի վերաբերյալ Վճռաբեկ դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ օրենքի միատեսակ կիրառության համար:

Հիմք ընդունելով վերոգրյալը` բողոքաբերը խնդրել է բեկանել ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 2010 թվականի փետրվարի 8-ի որոշումը և օրինական ուժ տալ Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի 2009 թվականի նոյեմբերի 13-ի դատավճռին:

 

Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.

18. Սույն գործով վճռաբեկ դատարանի առջև բարձրացված իրավական հարցը հետևյալն է. ՀՀ վերաքննիչ քրեական դատարանն իրավասո՞ւ էր արդյոք Արսեն Միրզոյանի նկատմամբ դադարեցնել քրեական հետապնդումը և կարճել գործի վարույթը հարուցված քրեական գործում տուժողի պատշաճ գրավոր բողոքի բացակայության պատճառաբանությամբ` այն դեպքում, երբ առկա են հանցագործության վերաբերյալ տուժողի հայտարարությունը և տուժողի օրինական ներկայացուցչի դիմումը:

19. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 6-րդ հոդվածի 17-րդ կետի համաձայն` քրեական հետապնդումն այն բոլոր դատավարական գործողություններն են, որոնք իրականացնում են քրեական հետապնդման մարմինները, իսկ սույն օրենսգրքով նախատեսված դեպքերում տուժողը՝ նպատակ ունենալով բացահայտել քրեական օրենսգրքով չթույլատրված արարքը կատարած անձին, վերջինիս մեղավորությունը հանցանքի կատարման մեջ, ինչպես նաև ապահովել այդպիսի անձի նկատմամբ պատժի և հարկադրանքի այլ միջոցներ կիրառելը:

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 33-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` «Կատարված հանցագործության ծանրությունից և բնույթից ելնելով՝ քրեական դատավարությունում հետապնդումն իրականացվում է հանրային և մասնավոր կարգով»:

Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ «Մասնավոր հետապնդման գործեր են համարվում սույն օրենսգրքի 183-րդ հոդվածով նախատեսված հանցագործությունների վերաբերյալ գործերը»:

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 183-րդ հոդվածը սահմանում է մասնավոր հետապնդման, այսինքն՝ տուժողի բողոքի հիման վրա հարուցվող քրեական գործերի սպառիչ ցանկը, որոնց մեջ մատնանշված են նաև ՀՀ քրեական օրենսգրքի 117-րդ, 118-րդ հոդվածները և 185-րդ հոդվածի 1-ին մասը:

20. Շարադրված նորմերի կապակցությամբ Վճռաբեկ դատարանն իրավական դիրքորոշում է հայտնել Ա.Աբրահամյանի վերաբերյալ որոշման 9-րդ կետում, որի համաձայն՝ «(…) մասնավոր մեղադրանքով գործ հարուցելու և դրանով քրեական հետապնդում իրականացնելու հնարավորությունը լիովին կախված է դիմողի՝ հանցավորին քրեական պատասխանատվության ենթարկելու միջոցով իր իրավունքների և օրինական շահերի պաշտպանության համար քրեական հետապնդման մարմնին դիմելու ցանկությունից և կամարտահայտությունից» (տե՛ս Արմեն Զախարի Աբրահամյանի վերաբերյալ ՀՀ վճռաբեկ դատարանի 2006 թվականի դեկտեմբերի 26-ի թիվ ՎԲ-73/08 որոշումը):

21. Անձի կամահայտնության հիման վրա, այն է՝ մասնավոր մեղադրանքով քրեական գործ հարուցելու հարցի վերաբերյալ իրավական դիրքորոշում է հայտնել նաև Մարդու իրավունքների եվրոպական դատարանը Յանկովիչն ընդդեմ Խորվաթիայի գործով (տե՛ս Jankovic v. Croatia, 05.03.2009թ., գանգատ թիվ 38478/05) վճռում: Նշված վճռի մեջ Եվրոպական դատարանն արձանագրել է, որ. «(…) Խորվաթիայի քրեական իրավունքում այն քրեական հանցագործությունները, որոնք պետք է քննվեն Պետական մեղադրողի գրասենյակի կողմից կա՛մ սեփական նախաձեռնությամբ, կա՛մ մասնավոր հայտարարության հիման վրա, տարբերակվում են այն հանցագործություններից, որոնք պետք է քննվեն մասնավոր մեղադրանքի շրջանակներում: (…)» (տե՛ս Յանկովիչի վճռի 48-րդ կետը):

«(…) Նախնական քննություն սկսելու վերաբերյալ իր սկզբնական պահանջում դիմողն արդեն հստակեցրել էր, որ պահանջում է նախնական քննություն, inter alia, 2003թ. հունիսի 6-ի իր հայտարարության հետ կապված, որում նշվել էր, որ երեք անձ հարձակում էին գործել նրա վրա: Նա նշել էր այդ անձանց անունները և հասցեները: Նա պնդել էր, որ բռնության դեպքերը, inter alia, հանդիսանում են հանցագործություններ՝ կապված սպառնալիքի և բռնություն գործադրելու հետ: Ի հիմնավորումն իր պնդումների՝ նա ներկայացրել էր գործին վերաբերող բժշկական փաստաթուղթ» (տե՛ս Յանկովիչի վճռի 53-րդ կետը):

Այնուհետև արձանագրելով նաև այն, որ դիմողի հայտարարությունը ներկայացված չի եղել քրեական վարույթներով Խորվաթիայի Պետական մեղադրողի գրասենյակ ներկայացվող հայտարարությունների համար սահմանված ձևով (տե՛ս Յանկովիչի վճռի 54-րդ կետը)՝ Եվրոպական դատարանը նշել է. «(…) սույն դեպքի վերաբերյալ առկա է եղել ոստիկանության արձանագրություն, որում ևս նկարագրվում է դիմողի նկատմամբ բռնության կիրառման դեպքը և այն, որ [համապատասխան] Տեղական պետական մեղադրողի գրասենյակի կողմից այս դեպքը հաշվառվել է: Ուստի դժվար է ընդունել [համապատասխան] Շրջանային դատարանի դատավորի այն եզրակացությունը, որ նախնական քննություն իրականացնելու վերաբերյալ դիմողի խնդրանքը մերժվել է այն հիմքով, որ այն եղել է անհստակ և ոչ լրիվ: Հակառակ դրան, [Եվրոպական] Դատարանը գտնում է, որ դիմողը հստակ ներկայացրել է, որ խնդրում է նախնական քննություն իրականացնել իր նկատմամբ կիրառված բռնության փաստով: Նա շահագրգռություն է ցուցաբերել իր գործի նկատմամբ և լուրջ նպատակներ է ունեցել մեղադրելու իր վրա հարձակում գործած անձանց: Նրա փաստարկները գործը քննող իրավասու դատավորի համար բավարար են եղել նրա պահանջի հիման վրա վարույթ հարուցելու համար: Այդ փաստարկները պարունակել են [օրենքով] պահանջվող ամբողջ տեղեկությունը (տե՛ս Յանկովիչի վճռի 55-րդ կետը):

22. Սույն գործի նյութերով հաստատված է, որ 2008 թվականի սեպտեմբերի 20-ին Արտակ Միրզոյանը հաղորդում է ներկայացրել ՀՀ ոստիկանության Արաբկիրի բաժին առ այն, որ Արսեն Միրզոյանը վիճաբանության ընթացքում, մարմնական վնասվածքներ հասցնելու նպատակով ձեռքերով և գլխով հարվածել է իրեն՝ առողջությանը դիտավորությամբ պատճառելով թեթև վնաս` առողջության կարճատև քայքայումով: Գործի նյութերում առկա է տուժող Արևհատ Ղարիբյանի դիմումը` իրեն պատճառված գույքային վնասի և ծեծի համար Արսեն Միրզոյանին քրեական պատասխանատվության ենթարկելու մասին (տե՛ս սույն որոշման 12-րդ և 13-րդ կետերը):

Բացի այդ, գործի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ դատաքննության ընթացքում տուժողները հայտնել են իրենց դիրքորոշումը ամբաստանյալի հետ չհաշտվելու և վերջինիս քրեական պատասխանատվության ենթարկելու ցանկության վերաբերյալ (տե՛ս սույն որոշման 14-րդ կետը):

Շարադրված փաստական հանգամանքները վկայում են այն մասին, որ Արսեն Միրզոյանին քրեական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ տուժողները դրսևորել են հստակ կամարտահայտություն: Այդ կապակցությամբ տուժողները շահագրգռություն են ցուցաբերել և լուրջ նպատակներ են ունեցել մեղադրելու իրենց նկատմամբ բռնություն գործադրած անձին: Տուժողների դիրքորոշման հստակ լինելու մասին է վկայում նաև այն, որ սույն քրեական գործի ինչպես նախաքննության, այնպես էլ դատաքննության ընթացքում նրանք բազմիցս հայտարարել են ամբաստանյալի հետ չհաշտվելու մասին:

23. Հիմք ընդունելով սույն որոշման 21-րդ և 22-րդ կետերը՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ և՛ Յանկովիչի գործով, և՛ սույն գործով քննության առարկա հանդիսացող խնդիրը կապված է անձի կողմից մասնավոր մեղադրանքի ներկայացման ձևական պահանջների պահպանման հետ: Այս պայմաններում սույն գործի և Յանկովիչի գործի փաստական հանգամանքների նմանությունը քանակապես և որակապես բավարար է Յանկովիչի գործով վճռի հիմնավորումներում պարունակվող ընդհանրական դրույթները սույն գործի նկատմամբ կիրառելու համար (Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռների կիրառելիության հարցի մասին տե՛ս Սեյրան Այվազյանի վերաբերյալ ՀՀ վճռաբեկ դատարանի 2008 թվականի մայիսի 23-ի թիվ ՎԲ-17/08 որոշման 22-28-րդ կետերը):

24. Հիմք ընդունելով վերևում, և հատկապես նախորդ կետում առկա վերլուծությունները` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանն իրավասու չէր Արսեն Միրզոյանի նկատմամբ դադարեցնել քրեական հետապնդումը և կարճել գործի վարույթը հարուցված քրեական գործում տուժողի պատշաճ գրավոր բողոքի բացակայության պատճառաբանությամբ, քանի որ սույն գործով առկա են հանցագործության վերաբերյալ տուժողի հայտարարությունը և տուժողի օրինական ներկայացուցչի դիմումը:

Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի նշված որոշումը կայացվել է՝ ելնելով ձևական նկատառումներից, և դրա արդյունքում թույլ է տրվել քրեադատավարական օրենքի էական խախտում, քանի որ ըստ էության մասնավոր բողոքի առկայության պայմաններում դադարեցվել է քրեական հետապնդումը և կարճվել է գործի վարույթը:

25. Ելնելով վերոգրյալից, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ անհրաժեշտ է բեկանել ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 2010 թվականի փետրվարի 8-ի որոշումը և օրինական ուժ տալ Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի 2009 թվականի նոյեմբերի 13-ի դատավճռին:

Վճռաբեկ դատարանը գտնում է, որ մասնավոր հետապնդման գործերով առկա է օրենքի միատեսակ կիրառության ապահովման խնդիր:

Հաշվի առնելով վերը շարադրված հիմնավորումները և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 92-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 403-406-րդ, 419-րդ, 422-424-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Ամբաստանյալ Արսեն Եղիշի Միրզոյանի վերաբերյալ ՀՀ քրեական օրենսգրքի 185-րդ հոդվածի 1-ին մասով, 117-րդ և 118-րդ հոդվածներով ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 2010 թվականի փետրվարի 8-ի որոշումը բեկանել և օրինական ուժ տալ նրա վերաբերյալ Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի 2009 թվականի նոյեմբերի 13-ի դատավճռին:

2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող`

 

Դ. Ավետիսյան

Դատավորներ`

Հ. Ասատրյան

 

Ե. Դանիելյան

Հ. Ղուկասյան

 

Ա. Պողոսյան

Ս. Օհանյան