Գլխավոր տեղեկություն
Տիպ
Համաձայնագիր
Тип
Исходный акт (18.07.2012-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀԱԳՆՊՏ 2012.12.28/14(22)
Принят
Հայաստանի Հանրապետություն
Дата принятия
20.11.2009
Дата подписания
20.11.2009
Дата вступления в силу
18.07.2012

Հ Ա Մ Ա Ձ Ա Յ Ն Ա Գ Ի Ր

 

ԱՊՀ մասնակից պետությունների տարածքով անցնող միջազգային տրանսպորտային միջանցքների համաձայնեցված զարգացման մասին

 

Անկախ Պետությունների Համագործակցության մասնակից պետությունների կառավարությունները (այսուհետ` Կողմեր),

իրագործման նպատակով.

2008 թ. նոյեմբերի 14-ի՝ ԱՊՀ Կառավարությունների Ղեկավարների խորհրդի որոշմամբ հաստատված` մինչև 2020 թվականն ընկած ժամանակահատվածում ԱՊՀ մասնակից պետությունների տրանսպորտի բնագավառում համագործակցությունը` գերակա ուղղություններով,

2003 թ. սեպտեմբերի 18-ի հուշագիրը միջազգային տրանսպորտային միջանցքների ոլորտում ԱՊՀ մասնակից պետությունների համագործակցության մասին,

2004թ. սեպտեմբերի 15-ի՝ ԱՊՀ կառավարությունների Ղեկավարների խորհրդի որոշմամբ հաստատված՝ ԱՊՀ մասնակից պետությունների՝ մինչև 2010 թվականն ընկած ժամանակահատվածի համաձայնեցված տրանսպորտային քաղաքականության հայեցակարգը,

1998թ. սեպտեմբերի 11-ի արձանագրությունը Անկախ Պետությունների Համագործակցության միջազգային ավտոճանապարհների մասին,

ընդունելով ԱՊՀ մասնակից պետությունների տարածքով անցնող միջազգային տրանսպորտային միջանցքների հատվածների արդյունավետ շահագործման և զարգացման ապահովման համաձայնեցված քաղաքականության անցկացման, դրանց գործունեության՝ տրանսպորտային-տնտեսական օպտիմալ պայմանների ապահովման, լրացուցիչ տարանցիկ տրանսպորտային հոսքերի ներգրավման անհրաժեշտությունը,

գիտակցելով, որ ԱՊՀ մասնակից պետությունների տարածքով անցնող միջազգային տրանսպորտային միջանցքները հանդիսանում են տրանսպորտային միջանցքների եվրասիական համակարգի բաղկացուցիչ և անբաժանելի մասը,

հաշվի առնելով տարածաշրջանային տրանսպորտային համակարգի զարգացման համաշխարհային փորձը,

 համաձայնեցին հետևյալի մասին:

 

Հոդված 1

 

Սույն Համաձայնագրի նպատակներով գործածվում են հետևյալ եզրույթները.

միջազգային տրանսպորտային միջանցք (ՄՏՄ) - Կողմերի կողմից հաստատված` ինչպես առկա, այնպես էլ նորաստեղծ տրանսպորտային տարբեր միջոցների (բացառությամբ օդայինի), մայրուղային տրանսպորտային հաղորդակցման ուղիների ամբողջություն` համապատասխան հարմարանքներով, որոնք ապահովում են ուղևորների և բեռների փոխադրումները ԱՊՀ մասնակից պետությունների տարածքներն իրար կապող ուղղություններով,

ՄՏՄ ապահովման ենթահամակարգեր - ՄՏՄ համաձայնեցված զարգացման ապահովման նպատակով ԱՊՀ Կողմերի իրավասու մարմինների և ճյուղային համագործակցման մարմինների նորմատիվ իրավական, ռեսուրսային և տեղեկատվական-նյութատեխնիկական գործունեության ոլորտներ,

ՄՏՄ ապահովման ենթահամակարգերի ներդաշնակեցում - միջպետական գործունեություն` ուղղված ՄՏՄ ապահովման ենթահամակարգերի համաձայնեցված և հավասարակշիռ գործունեության և փոխգործակցության պայմանների ստեղծմանը` դրանց օգտագործման և զարգացման արդյունավետության բարձրացման նպատակով,

ՄՏՄ նորմատիվ իրավական ապահովման ենթահամակարգ - ՄՏՄ զարգացումը տրանսպորտի ոլորտում կանոնակարգող միջազգային պայմանագրերի և ԱՊՀ մասնակից պետությունների ազգային նորմատիվ իրավական ակտերի համալիր,

ՄՏՄ ռեսուրսային ապահովման ենթահամակարգ - ՄՏՄ ուղղություններով միջազգային տրանսպորտի գործընթացը կարգավորող՝ տրանսպորտային, ենթակառուցվածքային, ֆինանսական, տեխնոլոգիական ապահովման տարրերի, ինչպես նաև երթևեկության անվտանգության ապահովման համակարգի, բեռների և շրջակա միջավայրի պահպանության ապահովման ամբողջականացում,

ՄՏՄ տեղեկատվական-նյութատեխնիկական ապահովման ենթահամակարգ - բեռների և ուղևորների փոխադրման տեղեկատվական-փաստաթղթային կազմակերպման միջոցների և կանոնների, դրանց մոնիտորինգի, ՄՏՄ օգտագործման արդյունավետության վերլուծության և տվյալների հավաքման ամբողջականացում,

Կողմերի լիազոր մարմիններ - ՄՏՄ զարգացման և օգտագործման հետ կապված հարցերի լուծման համար Կողմերի կողմից որոշված մարմիններ:

 

Հոդված 2

 

Սույն Համաձայնագիրը կարգավորում է ԱՊՀ մասնակից պետությունների տարածքով անցնող ՄՏՄ հատվածների զարգացման և օգտագործման հարցերը ՄՏՄ ապահովման ենթահամակարգերի ներդաշնակեցման հիման վրա:

 

Հոդված 3

 

Կողմերը որոշում են ՄՏՄ արդյունավետ զարգացումը՝ որպես կայուն միջազգային տարանցիկ հաղորդակցության հիմնական բաղկացուցիչ մաս, և ստեղծում են սահմանափակումների վերացման համար փոխշահավետ պայմաններ` ԱՊՀ մասնակից պետությունների տարածքով բեռների և ուղևորների անարգել փոխադրումն ապահովելու նպատակով:

 

Հոդված 4

 

1. Կողմերը միջոցներ են ձեռնարկում` ուղղված ՄՏՄ ապահովման ենթահամակարգերի ներդաշնակեցմանը:

2. Սույն Համաձայնագրով սահմանված ուղղությունների իրականացման նպատակով Կողմերի իրավասու մարմինները մշակում են ՄՏՄ ապահովման ենթահամակարգերի ներդաշնակեցմանն ուղղված համատեղ պրակտիկ գործողությունների համաձայնեցված ծրագիր:

3. Ուղղությունների իրագործումն իրականացվում է փուլերով` Կողմերի իրավասու մարմինների և ԱՊՀ միջազգային տրանսպորտային նախագծերի ճյուղային համագործակցության մարմինների մշակումների հիմքի վրա:

 

Հոդված 5

 

1. ՄՏՄ նորմատիվ իրավական ապահովման ենթահամակարգերի ներդաշնակեցման առաջնային ուղղություններն են համարվում.

ԱՊՀ մասնակից պետությունների նորմատիվ իրավական բազայի ներդաշնակեցումը տրանսպորտի և մաքսային բնագավառի բազմակողմ համաձայնագրերով և կոնվենցիաներով ամրագրված միջազգային իրավունքի և չափորոշիչների, նորմերի և սկզբունքների հետ` ԱՊՀ մասնակից պետությունների տարատեսակ տրանսպորտի` եվրոպական և ասիական տրանսպորտային համակարգերին ինտեգրումն ապահովելու նպատակով,

ՄՏՄ համաձայնեցված զարգացման համար իրավական պայմաններ ստեղծելու նպատակով ԱՊՀ շրջանակներում միջազգային պայմանագրերի մշակում և ընդունում,

ռեժիմների և արտոնությունների միասնականացում` ամրագրված երկկողմ միջազգային պայմանագրերով, որոնց մասնակից են հանդիսանում սույն Համաձայնագրի մասնակից պետությունները, ինչպես նաև՝ անցում երկկողմ միջազգային պայմանագրերից բազմակողմի,

միջազգային, այդ թվում նաև տարանցիկ փոխադրումների իրականացման ժամանակ արգելքների համաձայնեցված վերացմանն ուղղված պայմանների ստեղծում,

համագործակցություն այն միջազգային կազմակերպությունների հետ, որոնց գործունեությունը կապված է միջազգային փոխադրումների կազմակերպման հետ:

2. Կողմերի իրավասու մարմինները մշակում են ՄՏՄ համաձայնեցված զարգացման հարցերը շոշափող առաջարկություններ` կապված նորմատիվ իրավական ակտերի կարգավորման և դրանց կիրառման մեխանիզմների կատարելագործման հետ, որոնք ուղղված են.

միջազգային փոխադրումների ոլորտում սույն Համաձայնագրի մասնակից պետությունների մաքսային օրենսդրությունների դրույթների միասնականացմանը,

նույնականացման միջոցների և փոխադրման փաստաթղթերի փոխադարձաբար ճանաչմանը,

տեղեկատվական տեխնոլոգիաների ներմուծմանը:

 

Հոդված 6

 

ՄՏՄ ռեսուրսային ապահովման ենթահամակարգի զարգացման առաջնային ուղղություններ են հանդիսանում.

ՄՏՄ հատվածների ենթակառուցվածքների զարգացման գերակայության, դրա օգտագործման արդյունավետության բարձրացման և զարգացման նախագծերի ներդրումային գրավչության մասին համաձայնեցված հանձնարարականների մշակումը,

ՄՏՄ ուղղություններով բեռների համակցված և բազմաբնույթ փոխադրումների իրականացման ժամանակ թափանցիկ սակագների ավելի լայն կիրառումը,

ՄՏՄ ուղղությունների վրա միջազգային փոխադրումների իրականացման դեպքում արգելքների վերացման համար պայմանների ստեղծումը,

մաքսային անցակետերի տեխնոլոգիական զինվածության բարելավումը և թողունակության բարձրացումը, մաքսային ձևակերպումների ընթացակարգերի և մաքսային վերահսկողության տեխնոլոգիաների կատարելագործումը,

տրանսպորտային միջոցների երթևեկության անվտանգության մակարդակի բարձրացմանն ուղղված համակարգերի և հարմարանքների ներդրումը,

բեռների առաքման տրանսպորտային տեխնոլոգիական փոխհամաձայնեցված կառուցվածքների ձևավորումը, համակցված բեռնափոխադրումների զարգացումը, սահմանային անցումների և անցակետերի աշխատանքի տեխնոլոգիական կատարելագործումը` նրանց անցման ժամանակի առավելագույն նվազեցման նպատակով,

ՄՏՄ օգտագործման արդյունավետության բարձրացման նպատակով պարբերական համատեղ հետազոտությունների իրականացումը` միջազգային տրանսպորտային ծառայությունների շուկայում և ապրանքային շուկաներում կատարվող փոփոխություններին համարժեք արձագանքելու համար:

 

Հոդված 7

 

ՄՏՄ տեղեկատվական նյութատեխնիկական ենթահամակարգի զարգացման գերակա ուղղություններ են հանդիսանում.

տրանսպորտային նյութատեխնիկական վիճակի բարելավումը,

տրանսպորտի բոլոր տեսակների հետ ինտեգրված տեղեկատվական- նյութատեխնիկական կենտրոնների ստեղծումը,

բեռների` միջազգային պահանջներին համապատասխան՝ առաջնակարգ նավիգացիոն համակարգերի և մոնիտորինգի ներդրումը,

ԱՊՀ մասնակից պետությունների տարածքով անցնող, ՄՏՄ հատվածներում իրականացվող տրանսպորտային գործընթացի կարգավորման միասնական ավտոմատացված համակարգի ստեղծումը, որը պետք է ինտեգրված լինի տրանսպորտային գործընթացների ազգային գերատեսչական և ճյուղային ավտոմատացված կառավարման համակարգերին,

ԱՊՀ մասնակից պետությունների տարածքով անցնող ՄՏՄ հատվածներով փոխադրվող ապրանքների գտնվելու վայրի, վիճակի և կարգավիճակի մասին տեղեկատվական թափանցիկության հասանելիությունը,

միջազգային չափորոշիչներին համապատասխան՝ էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության միասնական միջգերատեսչական համակարգի իրականացումը,

բոլորի կողմից ընդունված՝ գլոսարիի (օրենքների և ակտերի մեկնաբանությունների ժողովածուի) և կից միասնական փաստաթղթերի փաթեթի ստեղծումը,

ՄՏՄ օգտագործմամբ իրենց գործունեությունն իրականացնող տրանսպորտային օպերատորների առևտրային և տեղեկատվական անվտանգության ապահովումը:

 

Հոդված 8

 

1. Կողմերն իրենց իրավասու մարմինների և ԱՊՀ ճյուղային համագործակցության մարմինների համակարգման և տեղեկատվական ապահովման համար, ինչպես նաև ՄՏՄ համալիր և համաձայնեցված զարգացման իրագործման նպատակներով կստեղծեն ԱՊՀ Տրանսպորտային միջանցքները համակարգող հանձնաժողով, որը կիրականացնի իր գործունեությունը ԱՊՀ Տնտեսական խորհրդի կողմից հաստատված դրույթների հիման վրա:

2. ԱՊՀ Տրանսպորտային միջանցքները համակարգող հանձնաժողովի հիմնական գործառույթներն են.

Կողմերի իրավասու մարմինների և ՄՏՄ համատեղ օգտագործման և համաձայնեցված զարգացման հարցերով ԱՊՀ ճյուղային համագործակցության մարմինների գործունեության համակարգումը և տեղեկատվական ապահովումը,

ՄՏՄ ապահովման ենթահամակարգերի ներդաշնակեցման, ՄՏՄ օգտագործման և համաձայնեցված զարգացմանն ուղղված համալիր միջազգային տրանսպորտային նախագծերի և դրանց իրականացման ֆինանսատնտեսական մեխանիզմների համատեղ պրակտիկ գործողությունների ծրագրի մշակումը և համաձայնեցումը,

ՄՏՄ ապահովման ենթահամակարգերի զարգացման ղեկավարմանն ուղղված առաջարկությունների, նորմատիվ իրավական ակտերի նախագծերի փորձաքննությունը,

ՄՏՄ ապահովող ենթահամակարգերի զարգացման ներդրումների ներգրավման համար պայմանների ձևավորումը,

ՄՏՄ ներուժի օգտագործման արդյունավետության վերլուծությունը և առաջարկությունների մշակումը:

 

Հոդված 9

 

Սույն Համաձայնագիրը չի շոշափում Կողմերից յուրաքանչյուրի այն իրավունքներն ու պարտականությունները, որոնք բխում են այլ միջազգային պայմանագրերից, որոնց մասնակիցն են հանդիսանում նրանց պետությունները:

 

Հոդված 10

 

Սույն Համաձայնագրում Կողմերի փոխադարձ համաձայնությամբ կարող են կատարվել լրացումներ և փոփոխություններ, որոնք կհանդիսանան սույն Համաձայնագրի անբաժանելի մասը, կձևակերպվեն համապատասխան արձանագրությամբ և ուժի մեջ կմտնեն սույն Համաձայնագրի ուժի մեջ մտնելու համար նախատեսված կարգով:

 

Հոդված 11

 

Կողմերի միջև վիճելի հարցերը, որոնք կարող են առաջանալ սույն Համաձայնագրի կիրառման կամ մեկնաբանման ընթացքում, լուծվում են շահագրգիռ Կողմերի միջև՝ խորհրդակցությունների և բանակցությունների միջոցով կամ Կողմերի միջև համաձայնեցված այլ ընթացակարգերով:

 

Հոդված 12

 

Սույն Համաձայնագիրն ուժի մեջ է մտնում այն ստորագրած Կողմերի՝ ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգերի կատարման մասին երրորդ գրավոր ծանուցումն ավանդապահի ստանալու օրվանից:

Ներպետական ընթացակարգերն ավելի ուշ կատարած Կողմերի համար սույն Համաձայնագիրն ուժի մեջ է մտնում համապատասխան փաստաթղթերն ավանդապահի ստանալու օրվանից:

 

Հոդված 13

 

Սույն Համաձայնագիրն ուժի մեջ մտնելուց հետո բաց է ցանկացած պետության միանալու համար` միանալու մասին փաստաթղթերը ավանդապահին փոխանցելու միջոցով:

ԱՊՀ մասնակից պետության համար սույն Համաձայնագիրն ուժի մեջ է մտնում միանալու մասին փաստաթղթերն ավանդապահի ստանալու օրվանից 30 օր հետո:

Այն պետության համար, որն ԱՊՀ մասնակից չէ, սույն Համաձայնագիրն ուժի մեջ է մտնում դրա` ստորագրման մասին համաձայնություն տված կամ նրան միացած պետության՝ այդպիսի միանալու մասին վերջին ծանուցումն ավանդապահի ստանալու օրվանից 30 օր հետո:

 

Հոդված 14

 

Սույն Համաձայնագիրը կնքվում է անորոշ ժամկետով:

Կողմերից յուրաքանչյուրն ունի սույն Համաձայնագրից դուրս գալու իրավունք ավանդապահին իր` նման մտադրության մասին գրավոր ծանուցում ուղարկելով ոչ ուշ, քան դուրս գալուց վեց ամիս առաջ և կարգավորելով այն պարտավորությունները, որոնք ի հայտ են եկել Համաձայնագրի գործողության ժամանակ:

Կատարված է Յալթա քաղաքում 2009 թվականի նոյեմբերի 20-ին, ռուսերենով, մեկ բնօրինակով: Բնօրինակը պահվում է Անկախ Պետությունների Համագործակցության Գործադիր կոմիտեում, որը սույն Համաձայնագիրն ստորագրած յուրաքանչյուր պետության կուղարկի դրա վավերացված պատճենը:

 

Հայաստանի Հանրապետության համար Համաձայնագիրն ուժի մեջ է մտել 2012 թ. հուլիսի 18-ին

 

Վերապահում

 

Մոլդովայի Հանրապետության

 

ԱՊՀ կառավարությունների Ղեկավարների խորհրդի` մասնակից պետությունների տարածքով անցնող միջազգային տրանսպորտային միջանցքների համաձայնեցված զարգացման մասին Համաձայնագրի Որոշման վերաբերյալ

 

20-ը նոյեմբերի, 2009 թ.

ք. Յալթա

 

«Մոլդովայի Հանրապետությունը կկիրառի սույն Համաձայնագրի դրույթները` այդ ոլորտում ազգային օրենսդրությանը և իր ստանձնած միջազգային պարտավորություններին համապատասխան:

Մոլդովայի Հանրապետությունը կիրականացնի սույն Համաձայնագրի դրույթների իրականացման ֆինանսավորումը պետական բյուջեով այդ նպատակների համար հաստատված միջոցների հաշվին:

Սույն Համաձայնագիրը Մոլդովայի Հանրապետության համար ուժի մեջ կմտնի ներպետական ընթացակարգերը կատարելուց հետո»:

 

 

Վարչապետ`

 Վլադիմիր Ֆիլատ