Գլխավոր տեղեկություն
Տիպ
Համաձայնագիր
Тип
Исходный акт (22.05.2013-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀԱԳՆՊՏ 2013.07.26/16(24)
Принят
Հայաստանի Հանրապետություն
Дата принятия
15.08.2012
Дата подписания
15.08.2012
Дата вступления в силу
22.05.2013

Հ Ա Մ Ա Ձ Ա Յ Ն Ա Գ Ի Ր

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՖԻԼԻՊԻՆՆԵՐԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ԿԱՄ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԱՆՁՆԱԳՐԵՐ ՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԱՆՑ ՄՈՒՏՔԻ ԱՐՏՈՆԱԳՐԻ ՊԱՀԱՆՋԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության Կառավարությունը և Ֆիլիպինների Հանրապետության Կառավարությունը, այսուհետ` Պայմանավորվող կողմեր,

 

ցանկանալով էլ ավելի զարգացնել բարեկամական հարաբերությունները և համագործակցությունը երկու երկրների միջև,

 

նպատակ ունենալով պարզեցնելու և նպաստելու Պայմանավորվող կողմերից մեկի դիվանագիտական կամ պաշտոնական անձնագրեր ունեցող քաղաքացիների այցելություններին մյուս Պայմանավորվող կողմի պետության տարածք,

 

համաձայնեցին հետևյալի մասին.

 

Հոդված 1

 

1. Պայմանավորվող կողմերից որևէ մեկի այն քաղաքացիները, ովքեր ունեն դիվանագիտական կամ պաշտոնական վավեր անձնագրեր, ազատվում են մուտքի արտոնագրի պահանջից մյուս Պայմանավորվող կողմի տարածք մուտքի, ելքի և այդ տարածքով տարանցման համար:

2. Սույն հոդվածի 1-ին պարբերությունում նշված անձանց թույլատրվում է առանց մուտքի արտոնագրերի գտնվել մյուս Պայմանավորվող կողմի տարածքում իննսուն (90) օրը չգերազանցող ժամանակահատվածով: Պայմանավորվող կողմի դիվանագիտական առաքելության կամ հյուպատոսական հիմնարկի գրավոր խնդրանքի հիման վրա մյուս Պայմանավորվող կողմը կարող է դիվանագիտական կամ պաշտոնական վավեր անձնագրեր ունեցող անձանց համար երկարաձգել տվյալ տարածքում գտնվելու ժամանակահատվածը:

 

Հոդված 2

 

1. Դիվանագիտական կամ պաշտոնական վավեր անձնագրեր ունեցող՝ Պայմանավորվող կողմերից որևէ մեկի այն քաղաքացիները, ովքեր դիվանագիտական առաքելության կամ հյուպատոսական հիմնարկի անդամներ են կամ մյուս Պայմանավորվող կողմի տարածքում գտնվող միջազգային կազմակերպություններում ներկայացուցիչներ, ազատվում են մուտքի արտոնագրի պահանջից մյուս Պայմանավորվող կողմի տարածք մուտքի, ելքի, այդ տարածքով տարանցման և այնտեղ գտնվելու համար՝ իրենց պաշտոնավարման ժամկետի ընթացքում:

 

2. Սույն հոդվածի 1-ին պարբերության մեջ նշված անձանց մուտքի արտոնագրի պահանջից ազատումը կիրառվում է նաև նրանց ընտանիքների անդամների նկատմամբ (ամուսին և մինչև 21 տարեկանը լրացած երեխաներ), որոնք ունեն դիվանագիտական կամ պաշտոնական վավեր անձնագրեր:

 

3. Մուտքի օրվանից հետո 90 (իննսուն) օրվա ընթացքում, սույն հոդվածի 1-ին և 2-րդ պարբերության մեջ նշված անձինք անցնում են ընդունող երկրի տարածքում գտնվելու համար անհրաժեշտ գրանցման ընթացակարգեր ընդունող երկրի իրավասու մարմիններում:

 

 Հոդված 3

 

Սույն հոդվածի 1-ին և 2-րդ պարբերությունների մեջ նշված` Պայմանավորվող կողմերից որևէ մեկի քաղաքացիները կարող են մուտք գործել մյուս Պայմանավորվող կողմի տարածք, տարանցել այդ տարածքը կամ դուրս գալ այդ տարածքից միջազգային ուղևորների համար նախատեսված ցանկացած սահմանային կետով՝ պայմանով, որ մյուս Պայմանավորվող կողմի համապատասխան մարմինների կողմից պահպանվեն անհրաժեշտ ձևական պահանջները՝ կիրառելի կանոնակարգերին համապատասխան:

 

Հոդված 4

 

Պայմանավորվող կողմերից մեկի այն քաղաքացիները, ովքեր ունեն դիվանագիտական կամ պաշտոնական վավեր անձնագրեր, մյուս Պայմանավորվող կողմի տարածքում իրենց գտնվելու ընթացքում պարտավորություն են կրում պահպանելու գործող օրենքներն ու կանոնակարգերը:

 

Հոդված 5

 

Պայմանավորվող կողմերից ցանկացածն իրեն իրավունք է վերապահում մերժելու Պայմանավորվող կողմի՝ դիվանագիտական կամ պաշտոնական վավեր անձնագիր ունեցող ցանկացած քաղաքացու մուտքը կամ կրճատելու նրա գտնվելու ժամանակահատվածը, ում այն համարում է անցանկալի անձ:

 

Հոդված 6

 

Պայմանավորվող կողմերից ցանկացածը կարող է ժամանակավորապես կասեցնել սույն Համաձայնագրի կիրառումը ամբողջությամբ կամ մասնակիորեն՝ ելնելով հանրային կարգի, ազգային անվտանգության կամ հանրության առողջության նկատառումներից: Այդպիսի կասեցման կամ կասեցումը դադարեցնելու մասին դիվանագիտական ուղիներով ծանուցվում է մյուս Պայմանավորվող կողմը՝ նախքան կասեցումն իրականացնելը կամ հրապարակելը:

 

Հոդված 7

 

1. Պայմանավորվող կողմերը դիվանագիտական ուղիներով փոխանակում են իրենց դիվանագիտական և պաշտոնական անձնագրերի նմուշները սույն Համաձայնագիրն ուժի մեջ մտնելու օրվանից առաջ երեսուն (30) օրվա ընթացքում:

2. Պայմանավորվող կողմերից ցանկացածը մյուս Պայմանավորվող կողմին դիվանագիտական ուղիներով ծանուցում է իր դիվանագիտական կամ պաշտոնական ցանկացած անձնագրի ցանկացած փոփոխության վերաբերյալ և ուղարկում դիվանագիտական կամ պաշտոնական նոր անձնագրերի նմուշները դրանք շրջանառության մեջ դնելուց առնվազն երեսուն (30) օր առաջ:

 

Հոդված 8

 

Պայմանավորվող կողմերի փոխադարձ համաձայնությամբ, դիվանագիտական հայտագրերի փոխանակման միջոցով սույն Համաձայնագրում կարող են կատարվել փոփոխություններ կամ լրացումներ:

 

Հոդված 9

 

Սույն Համաձայնագրի մեկնաբանումից, կիրարկումից կամ կիրառումից ծագած ցանկացած վեճ Պայմանավորվող կողմերի միջև կարգավորվում է խաղաղ եղանակով՝ Պայմանավորվող կողմերի միջև խորհրդակցությունների կամ բանակցությունների միջոցով:

 

Հոդված 10

 

1. Սույն Համաձայնագիրն ուժի մեջ է մտնում դիվանագիտական ուղիներով վերջին գրավոր ծանուցումն ստանալուց երեսուն (30) օր հետո, որով Պայմանավորվող կողմերը հայտնում են միմյանց, որ Համաձայնագիրն ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ ներպետական իրավական պահանջները կատարվել են:

2. Սույն Համաձայնագիրն ուժի մեջ է մնում անորոշ ժամկետով և ուժի մեջ է մնում մինչև իննսուներորդ (90) օրն այն օրվանից հետո, երբ Պայմանավորվող կողմերից որևէ մեկը դիվանագիտական ուղիներով մյուս Պայմանավորվող կողմին ծանուցում է Համաձայնագրի գործողությունը դադարեցնելու իր մտադրության մասին:

 

Ի ՀԱՍՏԱՏՈՒՄՆ ՈՐԻ՝ ներքոստորագրյալները, իրենց Կառավարությունների կողմից պատշաճ կերպով լիազորված լինելով, ստորագրեցին սույն Համաձայնագիրը:

 

Կատարված է Մանիլա քաղաքում 2012 թվականի օգոստոսի 15-ին, երկու բնօրինակով՝ հայերեն և անգլերեն լեզուներով, ընդ որում՝ բոլոր տեքստերն էլ հավասարազոր են: Սույն Համաձայնագրի դրույթների մեկնաբանման ընթացքում տարաձայնություններ առաջանալու դեպքում գերակայում է անգլերեն լեզվով տեքստը:

 

Համաձայնագիրն ուժի մեջ է մտել 2013 թ. մայիսի 22-ին: