Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (25.06.2010-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2010.09.28/46(780).1 Հոդ.1084.3
Принят
Վճռաբեկ դատարան
Дата принятия
25.06.2010
Подписан
Նախագահող
Дата подписания
25.06.2010
Дата вступления в силу
25.06.2010

 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական
դատարանի որոշում 

Քաղաքացիական գործ թիվ ԵԿԴ/2915/02/08

Քաղաքացիական գործ թիվ ԵԿԴ/2915/02/08

2010թ.

Նախագահող դատավոր՝ Դ. Խաչատրյան

Դատավորներ՝ Ն. Տավարացյան

               Ս. Միքայելյան

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան)

նախագահությամբ

Ս. Սարգսյանի

մասնակցությամբ դատավորներ

Վ. Աբելյանի

 

Ս. Անտոնյանի

Վ. Ավանեսյանի

Ա. Բարսեղյանի

Մ. ԴՐՄԵՅԱՆԻ

Է. Հայրիյանի

Ե. Սողոմոնյանի

2010 թվականի հունիսի 25-ին

դռնբաց դատական նիստում, քննելով Արամ Սանասարյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 17.12.2009 թվականի որոշման դեմ` ըստ Արամ Սանասարյանի հայցի ընդդեմ Գուրգեն Մկրտչյանի, Երանիկ, Էռնեստ, Էռնա Հայրիյանների, երրորդ անձ ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Կենտրոն տարածքային ստորաբաժանման (այսուհետ` Կադաստր)՝ փաստացի զբաղեցրած հողամասի նկատմամբ սեփականության իրավունքը ճանաչելու և ըստ Երանիկ և Էռնա Հայրիյանների հակընդդեմ հայցի ընդդեմ Արամ Սանասարյանի, երրորդ անձ Կադաստրի՝ Սլավիկ Հայրիյանի ժառանգությունն ընդունած ժառանգ համարելու և հողամասի բաժնի նկատմամբ սեփականության իրավունքը ճանաչելու պահանջի մասին և ըստ Գուրգեն Մկրտչյանի հակընդդեմ հայցի ընդդեմ Արամ Սանասարյանի, Երանիկ, Էռնեստ, Էռնա Հայրիյանների, երրորդ անձ Կադաստրի՝ հողամասի բաժնի նկատմամբ սեփականության իրավունքը ճանաչելու պահանջի մասին,

 

 ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով դատարան` Արամ Սանասարյանը պահանջել է ձեռքբերման վաղեմության ուժով ճանաչել սեփականության իրավունքը Երևանի Չկալովի թիվ 35 հասցեում գտնվող 486.4քմ մակերեսով հողամասի նկատմամբ և կատարել պետական գրանցում:

Հակընդդեմ հայցով դիմելով դատարան՝ Երանիկ և Էռնա Հայրիյանները պահանջել են ընդհանուր համատեղ սեփականության ներքո գտնվող գույքից բաժինն առանձնացնել:

Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանի 27.06.2007 թվականի վճռով հայցը բավարարվել է, իսկ հակընդդեմ հայցը՝ մերժվել:

 ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 11.03.2008 թվականի որոշմամբ Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանի վճիռը թողնվել է օրինական ուժի մեջ:

 ՀՀ վճռաբեկ դատարանի 25.07.2008 թվականի որոշմամբ ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 11.03.2008 թվականի որոշումը բեկանվել է, և գործն ուղարկվել է նոր քննության:

17.06.2009 թվականին Երանիկ Հայրիյանը ավելացրել է հայցային պահանջի չափն ու պահանջել ժառանգությունն ընդունած ժառանգ համարել և Երևանի Չկալովի թիվ 35 հասցեում գտնվող 486.4քմ մակերեսով հողամասի 27/80 բաժնի նկատմամբ ճանաչել սեփականության իրավունքը:

Հակընդդեմ հայցով դիմելով դատարան՝ Գուրգեն Մկրտչյանը պահանջել է Երևանի Չկալովի թիվ 35 հասցեում գտնվող 486.4քմ մակերեսով հողամասի 9/80 մասի նկատմամբ ճանաչել սեփականության իրավունքը:

 Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանի (այսուհետ՝ Դատարան) 09.10.2009 թվականի վճռով Արամ Սանասարյանի հայցը մերժվել է, հակընդդեմ հայցերը բավարարվել են:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 17.12.2009 թվականի որոշմամբ Արամ Սանասարյանի վերաքննիչ բողոքը մերժվել է, և Դատարանի 09.10.2009 թվականի վճիռը թողնվել է օրինական ուժի մեջ:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Արամ Սանասարյանը:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

1) Վերաքննիչ դատարանը սխալ է մեկնաբանել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 187-րդ հոդվածով նախատեսված՝ ձեռքբերման վաղեմության ուժով սեփականության իրավունքի ձեռքբերման հիմքերը, խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածը:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանը բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ չի հետազոտել գործում առկա ապացույցները, մասնավորապես այն, որ դատաքննությամբ ապացուցվել է, որ վիճելի 486.4քմ մակերեսով հողատարածքի 135.2քմ մակերեսը ծանրաբեռնված է շինություններով, իսկ մնացած ազատ հողատարածքը մշտապես զբաղեցրել է միայն Սանասարյանների ընտանիքը, ինչն ապացուցվում է նաև Սանասարյանների կողմից կատարված հողի հարկի մուծումներով: Ավելին, Հայրիյանների սենյակը գտնվում է տան երկրորդ հարկում, ունի առանձին մուտք, հողամասի հետ որևէ առնչություն չունի, ու այն նրանց կողմից երբևէ չի տիրապետվել, և նրանք ազատ հողատարածքի օգտագործման պահանջ երբևէ չեն ներկայացրել:

2) Վերաքննիչ դատարանը անտեսել է, որ Դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 132-րդ հոդվածը:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Դատարանը վճռի պատճառաբանական մասում չի նշել դատարանի կողմից պարզված հանգամանքները, ապացույցները, որոնց վրա հիմնված են դատարանի հետևությունները, այս կամ այն ապացույցները մերժելու փաստարկները:

Վերաքննիչ դատարանը հակընդդեմ հայցերը բավարարելիս հիմք է ընդունել հակընդդեմ հայցվորների բանավոր հայտարարությունները՝ անտեսելով հայցապահանջը հիմնավորող գործում առկա գրավոր ապացույցները, մասնավորապես Սպանդարյանի շրջգործկոմի 14.10.1989 թվականի տեղեկանքը, որի համաձայն` Գուրգեն Մկրտչյանը քանդել է Երևանի Չկալովի թիվ 35 հասցեում գտնվող տան երկրորդ հարկի 17.0քմ մակերեսով իրեն պատկանող մեկ սենյակը և դադարեցրել դրա նկատմամբ սեփականության իրավունքը: Ինչ վերաբերում է վիճելի հողամասին, ապա Գուրգեն Մկրտչյանն այն երբեք չի տիրապետել:

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է մասնակիորեն բեկանել և փոփոխել Վերաքննիչ դատարանի 17.12.2009 թվականի որոշումը. Երանիկ Հայրիյանի հայցը բավարարել մասնակիորեն՝ ճանաչել նրա սեփականության իրավունքը միայն շինություններով ծանրաբեռնված Երևանի Չկալովի թիվ 35 տան հողամասի 50.4քմ մակերեսի նկատմամբ, Գուրգեն Մկրտչյանի հակընդդեմ հայցը մերժել: ՀՀ քաղաքացիական օրենսգքրի 187-րդ հոդվածի հիմքով ճանաչել Արամ Սանասարյանի սեփականության իրավունքը շինություններից ազատ հողամասի նկատմամբ:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը.

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը՝

1. 07.07.1988 թվականին կնքված բնակելի տան առուծախի պայմանագրով Գուրգեն Մկրտչյանը գնել է Չկալովի թիվ 35 տան 9/80 մասի 17քմ մակերեսով մեկ սենյակը (հատոր 1-ին, գ.թ. 13):

2. 29.04.1989 թվականին կնքված բնակելի տան առուծախի պայմանագրով Սլավիկ Հայրիյանը գնել է Երևանի Չկալովի թիվ 35 տան 27/80 մասը (հատոր 1-ին, գ.թ. 38):

3. Կադաստրի 15.03.2007 թվականի գրության համաձայն` Երևանի Չկալովի 35 տունը 1167.0քմ մակերեսով հողամասով և 144.20քմ մակերեսով շինություններով հաշվառված էր Արամ Սանասարյանի պապի՝ Արամ Սանասարի Սանասարյանի անունով (հատոր 1-ին, գ.թ. 72):

4. Երևանի Չկալովի թիվ 35 տան 87քմ մակերեսով շինությունները հաշվառված են Վահրամ Սանասարյանի անունով, 50.4քմ մակերեսով շինությունները հաշվառված են Սլավիկ Հայրիյանի անունով, իսկ 17քմ մակերեսով սենյակը՝ Գուրգեն Մկրտչյանի անունով (հատոր 1-ին, գ.թ. 72):

5. 15.12.1965 թվականի թիվ-716 «Գնահատման ակտով» և «Կառուցագետ» ՍՊԸ-ի 01.02.2007 թվականի դատատեխնիկական փորձաքննության եզրակացության համաձայն` Երևանի Չկալովի թիվ 35 տան 1167.0քմ մակերեսով հողատարածքից 685.03քմ մակերեսը պետության կարիքների համար վերցվել է, և այդ հողատարածքի վրա գտնվող տնկիների դիմաց Սանասարյաններին վճարվել է փոխհատուցում (հատոր 1-ին, գ.թ. 6 և գ.թ. 68):

 6. Սպանդարյանի շրջգործկոմի 14.10.1989 թվականի տեղականքի համաձայն` Գուրգեն Մկրտչյանը բնակարան ստանալու կապակցությամբ ամբողջությամբ քանդել է Երևանի Չկալովի 35 հասցեում գտնվող 17.0քմ մակերեսով մեկ սենյակը և կից կառույցները (հատոր 1-ին, գ.թ. 18):

7. 1989 թվականից Արամ Սանասարյանի իրավանախորդների և Արամ Սանասարյանի կողմից վճարվել են Երևանի Չկալովի 35 տան հողի հարկերը (հատոր 1-ին, գ.թ. 78-93):

8. 16.03.2005 թվականին ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագրի համաձայն` Արամ Սանասարյանն ընդունել է հոր՝ Վահրամ Սանասարյանի Երևանի Չկալովի 35 տան ժառանգությունը (հատոր 1-ին, գ.թ. 9):

9. «Կառուցագետ» ՍՊԸ-ի 01.02.2007 թվականի դատատեխնիկական փորձաքննության եզրակացությամբ հաստատվել է, որ Երևանի Չկալովի թիվ 35 տան բնակելի առաջին հարկը, ազատ հողատարածքը և հողատարածքում առկա շինությունները օգտագործվում են Արամ Սանասարյանի կողմից (հատոր 1-ին, գ.թ. 68):

10. 20.03.2007 թվականի թիվ-5 տեղամասի լիազոր ներկայացուցչի կողմից հաստատված Ալվարդ Դավթյանի, Հասմիկ Գևորգյանի, Մարգարիտա Գուրջիևայի և Կիմա Բաբայանի հայտարարության համաձայն` Արամ Սանասարյանը 1973 թվականից տիրապետում և օգտագործում է 486.4քմ մակերեսով հողամասը, ինչպես նաև 87.0քմ մակերեսով շինությունները, որի սեփականատերն է Արամ Սանասարյանի հայրը: Գուրգեն Մկրտչյանը 1989 թվականից չի բնակվել Երևանի Չկալովի թիվ 35 տան 17քմ մակերեսով սենյակում (հատոր 1-ին, գ.թ. 76):

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները.

Քննելով վճռաբեկ բողոքը վերը նշված հիմքերի սահմաններում` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ՝

1) Վճռաբեկ բողոքն առաջին հիմքով հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ.

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 187-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` քաղաքացին կամ իրավաբանական անձը, որն անշարժ գույքի սեփականատերը չէ, սակայն այն տասը տարվա ընթացքում բարեխղճորեն, բացահայտ և անընդմեջ տիրապետում է որպես սեփական գույք, այդ գույքի նկատմամբ ձեռք է բերում սեփականության իրավունք (ձեռքբերման վաղեմություն):

Վերոնշյալ հոդվածից հետևում է, որ ձեռքբերման վաղեմությունն իրենից ներկայացնում է օրենքով նախատեսված որոշակի ժամկետի լրանալու և որոշակի պայմանների վրա հասնելու ուժով մեկ անձի կողմից սեփականության իրավունքի ձեռքբերման, իսկ մյուսի կողմից այդ իրավունքի դադարման միջոց:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 187-րդ հոդվածի 1-ին մասի վերլուծությունից հետևում է, որ ձեռքբերման վաղեմության ուժով սեփականության իրավունքի ձեռքբերման համար անհրաժեշտ է մի շարք վավերապայմանների միաժամանակյա առկայությունը: Մասնավորապես դրանք են`

1. տիրապետումը պետք է լինի բարեխիղճ: Տիրապետման բարեխղճությունը գնահատվում է գույքն անձի փաստացի տիրապետմանն անցնելիս: Տիրապետողի մոտ պետք է առկա լինի այն համոզմունքը, որ նա գույքը ձեռք է բերում օրինական հիմքերով: Տիրապետումը պետք է հիմնված լինի այնպիսի փաստի վրա, որը տիրապետողին կարող է տալ բավարար հիմքեր ենթադրելու, որ նա այդ գույքը տիրապետելու է որպես սեփականություն:

2. Փաստացի տիրապետողը գույքը պետք է տիրապետի որպես սեփականը, այսինքն` գույքը փաստացի տիրապետողը պետք է մասնակցի գույքի կառավարմանը, հոգ տանի դրա պահպանման համար, ինչպես իր սեփական գույքի դեպքում: Անձը պետք է գույքը տիրապետի ինչպես սեփականը նաև երրորդ անձանց հետ հարաբերություններում:

3. Տիրապետումը պետք է լինի 10 տարի և անընդմեջ: Այսինքն՝ 10 տարվա ընթացքում գույքի տիրապետումը չպետք է ընդհատվի: Տիրապետումը կարող է ընդհատվել կամ տիրապետողի կամքով, երբ նա հրաժարվում է գույքի հետագա տիրապետումից (գույքը դուրս է գալիս նրա տիրապետումից), կամ գույքի սեփականատիրոջ կամ այլ անձանց գործողություններով, որոնք ուղղված են գույքը վերադարձնելուն:

4. Տիրապետումը պետք է լինի բացահայտ, այսինքն՝ փաստացի տիրապետողը գույքը չպետք է տիրապետի երրորդ անձանցից գաղտնի եղանակով (տես, օրինակ` Վոլոդյա և Միշա Նիկողոսյաններ ընդդեմ Մանվել, Սոֆիկ, Մելանյա, Սամվել Սարիբեկյաններ և Քնարիկ Աղազարյան, Մանվել Սարիբեկյան և Քնարիկ Աղազարյան ընդդեմ Վոլոդյա և Միշա Նիկողոսյաններ` ձեռքբերման վաղեմության ուժով սեփականության իրավունքը ճանաչելու, ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագիրը և սեփականության իրավունքի վկայականը մասնակի անվավեր ճանաչելու պահանջի մասին թիվ 3-1435/ՎԴ քաղաքացիական գործով Վճռաբեկ դատարանի 10.10.2007 թվականի որոշումը):

 Վերաքննիչ դատարանը Արամ Սանասարյանի հայցը մերժելու և Երանիկ Հայրիյանի հակընդդեմ հայցը բավարարելու հիմքում դրել է ՀՀ վճռաբեկ դատարանի 25.07.2008 թվականի որոշման պատճառաբանական մասը, որով ՀՀ Վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ 1971 թվականի ԽՍՀ հողային օրենսգրքի 84-րդ և 1991 թվականի նախկին ՀՀ հողային օրենսգրքի 9-րդ հոդվածների ուժով «հողամասի սեփականատերեր են դարձել Արամ Սանասարյանը և Սլավիկ Սանասարյանը՝ որպես դրա վրա գտնվող շենքի սեփականատերեր: Հետևաբար, վեճի առարկա ամբողջ հողամասի նկատմամբ Արամ Սանասարյանի սեփականության իրավունքի ճանաչման հայցապահանջը ենթակա է մերժման»:

 Վերաքննիչ դատարանը Երանիկ Հայրիյանի հակընդդեմ հայցը բավարարելիս փաստարկել է, որ 29.04.1989 թվականին կնքված բնակելի տան առուծախի պայմանագրով Սլավիկ Հայրիյանը դարձել է Երևանի Չկալովի թիվ 35 տան 27/80 մասի սեփականատերը, իսկ հետագայում՝ նրա մահից հետո, Երանիկ, Էռնեստ և Էռնա Հայրիյանները փաստացի ընդունել են Սլավիկ Հայրիյանի ժառանգությունը:

 Սույն գործի փաստերի համաձայն՝ Երևանի Չկալովի 35 տունը 1167.0քմ մակերեսով հողամասով և 144.20քմ մակերեսով շինությունները հաշվառված են եղել Արամ Սանասարյանի պապի՝ Արամ Սանասարի Սանասարյանի անունով, հետագայում 1965 թվականին 1167.0քմ մակերեսով հողատարածքի մի մասը պետության կարիքների համար վերցվել է: Ներկայումս 486.4քմ մակերեսով հողատարածքի մի մասը ծանրաբեռնված է շինություններով, որից 87քմ մակերեսով շինությունները հաշվառված են Արամ Սանասարյանի հոր՝ Վահրամ Սանասարյանի անունով, 50.4քմ մակերեսով շինությունները հաշվառված են Սլավիկ Հայրիյանի անունով, իսկ 17քմ մակերեսով սենյակը՝ Գուրգեն Մկրտչյանի անունով: «Կառուցագետ» ՍՊԸ-ի 01.02.2007 թվականի դատատեխնիկական փորձաքննության եզրակացությամբ հաստատվել է, որ Երևանի Չկալովի թիվ 35 տան բնակելի առաջին հարկը, ազատ հողատարածքը և հողատարածքում առկա շինությունները օգտագործվում են Արամ Սանասարյանի կողմից: 20.03.2007 թվականի թիվ-5 տեղամասի լիազոր ներկայացուցչի կողմից հաստատված հայտարարության համաձայն` Արամ Սանասարյանը 1973 թվականից տիրապետում և օգտագործում է 486.4քմ մակերեսով հողամասը, ինչպես նաև 87.0քմ մակերեսով շինությունները, որի սեփականմատերն է Արամ Սանասարյանի հայրը:

Վերը նշված փաստերի համադրության արդյունքում Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Արամ Սանասարյանը և Սլավիկ Հայրիյանը, տիրապետելով իրենց սեփականության իրավունքով պատկանող կառույցները, տիրապետել են նաև այդ շինություններով ծանրաբեռնված վիճելի հողամասը:

Ավելին, շինություններից ազատ տարածքը առանձնացված է և մշտապես օգտագործվել է միայն Սանասարյանների կողմից:

1991 թվականի ՀՀ հողային օրենսգրքի 9-րդ հոդվածի 4-րդ մասը նախատեսում է, որ տնամերձ հողամասերը, ինչպես նաև այգեգործության և բնակելի տան շինարարության ու դրա սպասարկման համար ՀՀ քաղաքացիների ունեցած հողամասերն անհատույց կարգով թողնվում են նրանց որպես սեփականություն:

Վճռաբեկ դատարանը գտնում է, որ վերոնշյալ փաստերը և 1991 թվականի ՀՀ հողային օրենսգրքի 9-րդ հոդվածով նախատեսված նորմը Արամ Սանասարյանին և Սլավիկ Հայրիյանին հիմք են տվել ենթադրելու, որ նրանք իրենց զբաղեցրած հողամասի սեփականատերերն են (տես՝ Յուրիկ Սարգսյանի հայցն ընդդեմ Արամ, Կարինե, Հրաչուհի, Կարեն Պողոսյանների, Արարատի մարզի Տափերականի գյուղապետարանի, ինքնուրույն պահանջներ չներկայացնող երրորդ անձ ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի աշխատակազմի Վեդու տարածքային ստորաբաժանման անշարժ գույքի սեփականության իրավունքի պետական գրանցումը մասնակիորեն անվավեր ճանաչելու և սեփականության իրավունքը ճանաչելու պահանջների մասին Վճռաբեկ դատարանի 24.07.2009 թվականի թիվ ԱՎԴ1/0090/02/08որոշումը):

 Հիմք ընդունելով վերոգրյալը՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Արամ Սանասարյանը ձեռք է բերել սեփականության իրավունք իրեն պատկանող շինություններով ծանրաբեռնված, ինչպես նաև իր տիրապետման ներքո գտնվող պարսպապատված հողատարածքի նկատմամբ:

 Ինչ վերաբերում է Երանիկ Հայրիյանի հայցապահանջին, ապա այն ենթակա է բավարարման մասնակիորեն՝ իր կողմից օգտագործվող շինություններով զբաղեցված 50.4քմ մակերեսով հողամասի նկատմամբ:

 

2) Վճռաբեկ բողոքը երկրորդ հիմքով հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ.

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 132-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ պարբերության համաձայն՝ վճռի պատճառաբանական մասում պետք է նշվեն դատարանի կողմից պարզված գործի հանգամանքները, ապացույցները, որոնց վրա հիմնված են դատարանի հետևությունները, այս կամ այն ապացույցները մերժելու փաստարկները, ինչպես նաև այն oրենքները, Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերը և այլ իրավական ակտերը, որոնցով դատարանը ղեկավարվել է վճիռ կայացնելիս:

Վճռաբեկ դատարանը հարկ է համարում նշել, որ յուրաքանչյուր դեպքում դատարանը պարտավոր է տալ վճռի թե՛ փաստական և թե՛ իրավական հիմնավորումները:

Վճռի իրավական հիմնավորումը կայանում է հաստատված փաստերի և իրավահարաբերությունների նկատմամբ նյութական իրավունքի համապատասխան նորմի կամ նորմերի ընտրության և կիրառման մեջ, այն նորմի (նորմերի), որի հիման վրա դատարանը եզրակացություն է անում վիճելի իրավահարաբերության առկայության կամ բացակայության մասին:

Վճռում ոչ միայն պետք է ցույց տալ նորմատիվ ակտի այս կամ այն հոդվածը, որում ամրագրված է կիրառման ենթակա նորմը, այլ պետք է պատճառաբանվի, թե հատկապես ինչու պետք է կիրառվի հենց այդ նորմը:

Վճռի իրավական հիմնավորումը բնութագրում է ինչպես դատարանի, այնպես էլ նրա վճռի իրավակիրառ գործառույթը, ընդգծում դատական գործունեության և դատական վճռի օրինականությունը (տե՛ս ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչություն ընդդեմ «Քնար-88» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության, քաղ. գործ թիվ 3-2504(ՏԴ) (գումար բռնագանձելու պահանջով)):

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 132-րդ հոդվածից բխում է, որ դատարանը պետք է նշի ոչ միայն այն ապացույցները, որոնց վրա հիմնվել է վճիռ կայացնելիս, այլև պետք է պատճառաբանի, թե ինչու է կողմի ներկայացրած այս կամ այն ապացույցը մերժվում: Միայն նման հիմնավորումը կարող է վկայել գործի բազմակողմանի հետազոտության մասին (տե՛ս Անժելա Ղազարյան, Արփիկ և Արմինե Գասպարյաններ ընդդեմ Շուշանիկ Սարգսյանի, Ոսկեհատ, Նունե և Հրանուշ Գասպարյանների՝ ժառանգական գույքը ժառանգների միջև բաժանելու պահանջի մասին քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 12.12.2007 թվականի որոշումը, թիվ 3-1843(ՎԴ)):

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 163-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ սեփականության իրավունքը սուբյեկտի՝ օրենքով և այլ իրավական ակտերով ճանաչված ու պահպանվող իրավունքն է՝ իր հայեցողությամբ տիրապետելու, օգտագործելու և տնօրինելու իրեն պատկանող գույքը:

 Նույն օրենսգրքի 279-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ սեփականության իրավունքը դադարում է սեփականատիրոջ կողմից իր գույքն օտարելու, սեփականության իրավունքից հրաժարվելու, գույքը ոչնչացնելու և գույքի նկատմամբ սեփականության իրավունքի կորստի՝ օրենքով նախատեսված այլ դեպքերում:

Դատարանը, ճանաչելով Գուրգեն Մկրտչյանի սեփականության իրավունքը 17քմ մակերեսով սենյակի և դրանով զբաղեցված հողամասի նկատմամբ, անտեսել է այն հանգամանքը, որ նոր հատկացվող բնակարանի միասնական օրդեր ստանալու կապակցությամբ Գուրգեն Մկրտչյանը 1989 թվականին ամբողջությամբ քանդել է սեփականության իրավունքով իրեն պատկանող 17քմ մակերեսով մեկ սենյակն ու կից կառույցները և տեղափոխվել այլ բնակության վայր:

 Այսինքն՝ 1989 թվականից դադարել է Գուրգեն Մկրտչյանի սեփականության իրավունքը 17քմ մակերեսով սենյակի նկատմամբ, հետևաբար նաև չէր կարող 29.01.1991 թվականին ընդունված ՀՀ հողային օրենսգրքի 9-րդ հոդվածի 5-րդ մասի ուժով դառնալ գոյություն չունեցող շինությամբ ծանրաբեռնված հողամասի սեփականատեր:

 

Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքերի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար՝ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 227-րդ և 228-րդ հոդվածների ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու՝ Արամ Սանասարյանի հայցը բավարարելու, Երանիկ Հայրիյանի հակընդդեմ հայցը մասնակիորեն բավարարելու և Գուրգեն Մկրտչյանի հակընդդեմ հայցը մերժելու համար:

 

Միաժամանակ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն քաղաքացիական գործով անհրաժեշտ է կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-րդ հոդվածի 1-ին կետի 4-րդ ենթակետով սահմանված՝ ստորադաս դատարանի դատական ակտը փոփոխելու Վճռաբեկ դատարանի լիազորությունը հետևյալ հիմնավորմամբ.

 «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի ողջամիտ ժամկետում իր գործի քննության իրավունք: Սույն քաղաքացիական գործով վեճի լուծումն էական նշանակություն ունի գործին մասնակցող անձանց համար: Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գործը ողջամիտ ժամկետում քննելը հանդիսանում է Կոնվենցիայի նույն հոդվածով ամրագրված՝ անձի արդար դատաքննության իրավունքի տարր, հետևաբար, գործի անհարկի ձգձգումները վտանգ են պարունակում նշված իրավունքի խախտման տեսանկյունից: Տվյալ դեպքում, Վճռաբեկ դատարանի կողմից ստորադաս դատարանի դատական ակտը փոփոխելը բխում է արդարադատության արդյունավետության շահերից, քանի որ սույն գործով վերջնական դատական ակտ կայացնելու համար նոր հանգամանք հաստատելու անհրաժեշտությունը բացակայում է:

 

Դատական ակտը փոփոխելիս Վճռաբեկ դատարանը հիմք է ընդունում սույն որոշման պատճառաբանությունները, ինչպես նաև գործի նոր քննության անհրաժեշտության բացակայությունը:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-2412-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 17.12.2009 թվականի որոշումը և այն փոփոխել. Արամ Սանասարյանի հայցը բավարարել` ճանաչել Արամ Սանասարյանի սեփականության իրավունքը Երևանի Չկալովի թիվ 35 հասցեում գտնվող շինություններից ազատ պարսպապատված հողամասի նկատմամբ:

Երանիկ Հայրիյանի հակընդդեմ հայցը բավարարել մասնակիորեն. Երանիկ Հայրիյանին համարել Սլավիկ Հայրիյանի ժառանգությունն ընդունած ժառանգ, ճանաչել Երանիկ Հայրիյանի սեփականության իրավունքը Երևանի Չկալովի թիվ 35 տան 50.4քմ մակերեսով շինությամբ զբաղեցված հողամասի նկատմամբ, շինություններով զբաղեցված մնացած հողամասի նկատմամբ ճանաչել Արամ Սանասարյանի սեփականության իրավունքը, հակընդդեմ հայցը մնացած մասով մերժել:

Գուրգեն Մկրտչյանի հակընդդեմ հայցը մերժել:

2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող`

 

Ս. Սարգսյան

Դատավորներ`

 

Վ. Աբելյան

 

Ս. Անտոնյան

Վ. Ավանեսյան

Ա. Բարսեղյան

Մ. ԴՐՄԵՅԱՆ

Է. Հայրիյան

Ե. ՍՈՂՈՄՈՆՅԱՆ