Գլխավոր տեղեկություն
Номер
ՍԴՈ-899
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (25.06.2010-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2010.07.07/31(765) Հոդ.766
Принят
ՀՀ Սահմանադրական դատարան
Дата принятия
25.06.2010
Подписан
Նախագահող
Дата подписания
25.06.2010
Дата вступления в силу
25.06.2010

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը

Քաղ. Երևան

25 հունիսի 2010 թ.

2010 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 23-ԻՆ ԴԱՄԱՍԿՈՍՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՍԻՐԻԱՅԻ ԱՐԱԲԱԿԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ՀԱՆՁՆՄԱՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

 

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը` կազմով. Գ. Հարությունյանի (նախագահող), Կ. Բալայանի (զեկուցող), Հ. Դանիելյանի, Ֆ. Թոխյանի, Մ. Թոփուզյանի, Վ. Հովհաննիսյանի, Հ. Նազարյանի, Ռ. Պապայանի, Վ. Պողոսյանի,

համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100-րդ հոդվածի 2-րդ կետի, 101-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 25, 38 և 72-րդ հոդվածների,

դռնբաց նիստում գրավոր ընթացակարգով քննեց «2010 թվականի մարտի 23-ին Դամասկոսում ստորագրված` Հայաստանի Հանրապետության և Սիրիայի Արաբական Հանրապետության միջև հանձնման համաձայնագրում ամրագրված պարտավորությունների` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:

Գործի քննության առիթ է հանդիսացել Հանրապետության Նախագահի` 08.06.2010թ. ՀՀ սահմանադրական դատարան մուտքագրված դիմումը:

Ուսումնասիրելով սույն գործով զեկուցողի գրավոր հաղորդումը, Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցիչ` ՀՀ արդարադատության նախարար Գ. Դանիելյանի գրավոր բացատրությունը, հետազոտելով համաձայնագիրը և գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը պարզեց.

Հայաստանի Հանրապետության և Սիրիայի Արաբական Հանրապետության միջև քննության առարկա համաձայնագիրն ստորագրվել է 2010 թվականի մարտի 23-ին` Դամասկոսում:

Նշված համաձայնագրի նպատակն է երկկողմ հարաբերությունների ամրապնդումը և հանձնման բնագավառում արդյունավետ համագործակցությունը:

Համաձայնագրի համաձայն` քրեական հետապնդման մեջ գտնվող անձի հանձնումն իրականացվում է այն բոլոր արարքների համար, որոնք Հայաստանի Հանրապետության և Սիրիայի Արաբական Հանրապետության օրենքներով համարվում են հանցանք և պատժվում են ազատազրկմամբ առնվազն մեկ տարի ժամկետով: Հանձնումը կարող է իրականացվել նաև այն դատապարտյալի նկատմամբ, որի կատարած արարքը և դրա համար նախատեսված առավելագույն պատիժը համապատասխանում են վերոնշյալին, և կայացված դատավճիռը սահմանում է առնվազն վեց ամիս ազատազրկում:

Համաձայնագրով Հայաստանի Հանրապետությունն ստանձնում է, մասնավորապես, հետևյալ պարտավորությունները.

Սիրիական կողմի հարցման դեպքում հանձնել ՀՀ տարածքում գտնվող յուրաքանչյուր անձի, ով հանցանք կատարելու կամ պատիժը կրելու համար հետապնդման մեջ է գտնվում Սիրիական կողմի իրավասու մարմինների կողմից (հոդված 1),

ստանալով հանձնման մասին հարցումը, բացառությամբ համաձայնագրի 3-րդ հոդվածում նշված դեպքերի, որպես հայցվող Կողմ, ՀՀ օրենքներին համապատասխան ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ պահանջվող անձին ձերբակալելու կամ կալանավորելու համար (հոդված 6),

անհետաձգելի դեպքերում` Ինտերպոլի միջոցով կամ դիվանագիտական ուղիներով Սիրիական կողմի իրավասու մարմինների գրավոր հարցման դեպքում ՀՀ օրենսդրությանը համապատասխան ժամանակավորապես կալանավորել պահանջվող անձին (հոդված 7, մաս 1),

Սիրիական կողմի համաձայնության բացակայության պարագայում` հանձնված անձին չենթարկել քրեական հետապնդման և չպատժել հանձնման հիմք հանդիսացած հանցանքից բացի, նրա` մինչև իր փոխանցումը կատարած այլ հանցանքի համար (հոդված 11, մաս 1),

եթե հանձնված անձը վերադառնում է ՀՀ տարածք նախքան հետապնդումը, դատավարությունը կամ պատժի կատարումը դադարեցնելը, ապա, հայցող Սիրիական կողմի պահանջով, նա կրկին հանձնվում է (հոդված 13),

որպես հայցվող Կողմ` հայցող Սիրիական կողմին փոխանցել հանցանքի ապացույց հանդիսացող բոլոր իրերն ու առարկաները, հանցագործության գործիքները կամ հանցանքի հետևանքով ձեռք բերված գործիքները, նույնիսկ այն դեպքում, եթե հանձնումը չի կարող իրականացվել հանձնման ենթակա անձի մահվան կամ փախուստի պատճառով կամ հնարավոր որևէ այլ պատճառով (հոդված 14, մաս 1),

որպես հայցվող Կողմ` հոգալ ՀՀ տարածքում հանձնման հետ կապված ծախսերը, իսկ որպես հայցող Կողմ կրել տարանցիկ փոխադրման հետ կապված ծախսերը (հոդված 16):

Ստանձնած պարտավորությունները համահունչ են Հայաստանի Հանրապետության մասնակցությամբ համընդգրկուն միջազգային պայմանագրերի դրույթներին:

Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100-րդ հոդվածի 2-րդ կետով, 102-րդ հոդվածի առաջին և չորրորդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 63 և 64-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը որոշեց.

1. 2010 թվականի մարտի 23-ին Դամասկոսում ստորագրված` Հայաստանի Հանրապետության և Սիրիայի Արաբական Հանրապետության միջև հանձնման համաձայնագրում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:

2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102-րդ հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից։

Նախագահող

Գ. Հարությունյան


25 հունիսի 2010 թ.

 ՍԴՈ-899

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան