Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Тип
Ինկորպորացիա (04.05.2010-մինչ օրս)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2010.09.28/46(780).1 Հոդ.1084.72
Принят
Վիճակագրության, պետական ռեգիստրի և վերլուծության նախարարի առաջին տեղակալ
Дата принятия
04.05.2010
Подписан
Նալբանդյանի գյուղական համայնքի ավագանի
Дата подписания
04.05.2010
Дата вступления в силу
04.05.2010

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի որոշում
գործ թիվ ԵԱՔԴ/0120/01/09

ԵԱՔԴ/0120/01/09

Նախագահող դատավոր՝ Ա. Հովհաննիսյան

Դատավորներ՝ Ե. Դարբինյան, 
                                Ս. Չիչոյան

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան)

նախագահությամբ

 Դ. ԱՎԵՏԻՍՅԱՆԻ

մասնակցությամբ դատավորներ

Հ. Ասատրյանի

Ե. ԴԱՆԻԵԼՅԱՆԻ

 

Հ. ՂՈՒԿԱՍՅԱՆԻ

 

Ա. ՊՈՂՈՍՅԱՆԻ

 

Ս. ՕՀԱՆՅԱՆԻ

 
քարտուղարությամբ

Մ. ՊԵՏՐՈՍՅԱՆԻ

 

 

2010թ. մայիսի 4-ին

 ք. Երևանում

 

դռնբաց դատական նիստում, քննության առնելով մեղադրողի վճռաբեկ բողոքը ամբաստանյալ Ռուբեն Հմայակի Խաչատրյանի վերաբերյալ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 2010 թվականի փետրվարի 11-ի որոշման դեմ,

 

 ՊԱՐԶԵՑ

 

 Գործի դատավարական նախապատմությունը.

 

1. 2009թ. հունիսի 30-ին ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի Քանաքեռ-Զեյթուն քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է թիվ 09110209 քրեական գործը:

2. 2009թ. հուլիսի 1-ին Ռուբեն Խաչատրյանը ձերբակալվել է: 2009թ. հուլիսի 4-ին Ռ.Խաչատրյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով: 2009թ. օգոստոսի 31-ին քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն համայնքների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան:

3. Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն համայնքների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանն արագացված դատական քննության կիրառմամբ 2009թ. հոկտեմբերի 14-ի դատավճռով Ռ.Խաչատրյանին մեղավոր է ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով և դատապարտել ազատազրկման 3 (երեք) տարի ժամկետով:

4. Ռ.Խաչատրյանի պաշտպանի վերաքննիչ բողոքի հիման վրա քննության առնելով գործը՝ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը 2010թ. փետրվարի 11-ի որոշմամբ պատժի մասով փոփոխել է Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն համայնքների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի 2009թ. հոկտեմբերի 14-ի դատավճիռը: Ռ.Խաչատրյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով և դատապարտվել ազատազրկման 3 (երեք) տարի ժամկետով: ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածի հիման վրա Ռ.Խաչատրյանի նկատմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չի կիրառվել, և սահմանվել է փորձաշրջան 2 (երկու) տարի ժամկետով:

5. ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 2010թ. փետրվարի 11-ի որոշման դեմ վճռաբեկ բողոք է բերել ՀՀ գլխավոր դատախազի տեղակալը:

Վճռաբեկ դատարանը 2010թ. ապրիլի 15-ի որոշմամբ բողոքը վարույթ է ընդունել:

Դատավարության մասնակիցների կողմից վճռաբեկ բողոքի պատասխան չի ուղարկվել:

 

Գործի փաստական հանգամանքները.

 

 6. Ռուբեն Խաչատրյանը ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով դատապարտվել է հետևյալ արարքի համար. 2009թ հունիսի 30-ին` ժամը 15.00-ի սահմաններում, նկատելով, որ իր կողմից Ռուբինյանց 9 շենքի նկուղի միջանցք տեղափոխված նստարանը հանվել և դրվել է շենքի բակում, այդ կապակցությամբ վիճաբանել է նույն շենքի թիվ 16 բնակարանի բնակիչ Ավետիք Սարիբեկյանի հետ, որի ժամանակ ձեռքին եղած զոդման սարքի էլեկտրոդի կտորով մեկ անգամ դիտավորությամբ հարվածել է վերջինիս կրծքավանդակի ձախ կեսին` նրա առողջությանը պատճառելով կյանքին վտանգ սպառնացող ծանր վնաս:

 

Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.

 

Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

7. Բողոքի հեղինակը նշել է, որ Ռ.Խաչատրյանի նկատմամբ պատիժ նշանակելիս ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը որպես քրեական պատասխանատվությունն ու պատիժը մեղմացնող հանգամանքներ հաշվի է առել այն, որ նա ինքնակամ ներկայացել է ոստիկանության բաժին, զղջացել է կատարածի համար, նախկինում դատված չի եղել, բնութագրվում է դրական, վերականգնել է պատճառված նյութական վնասը, հաշտվել է տուժողի հետ, դատարանը հաշվի է առել նաև քրեական պատասխանատվությունը ծանրացնող հանգամանքների բացակայությունը:

 Վկայակոչելով Վճռաբեկ դատարանի 2007թ. նոյեմբերի 30-ի որոշումը՝ բողոքաբերը փաստարկել է, որ շարադրված հանգամանքները հաշվի առնելու արդյունքում ՀՀ վերաքննիչ քրեական դատարանն անտեսել է ամբաստանյալի կողմից կատարված հանցագործության՝ հանրության համար վտանգավորության աստիճանն ու բնույթը, չի գնահատել նրա բացասական, ագրեսիվ վարքագիծը, մասնավորապես այն, որ ամբաստանյալ Ռ.Խաչատրյանն է վիճաբանության մեջ մտել տուժողի հետ, իր հետ նախապես բերված սուր ծայր ունեցող առարկայով` զոդման սարքի էլեկտրոդով, դիտավորությամբ հարվածել է վերջինիս կրծքավանդակին` նրա առողջությանը պատճառելով կյանքին վտանգ սպառնացող ծանր վնաս, որից հետո որևէ կերպ չփորձելով օգնություն ցույց տալ իր ընկեր և հարևան տուժողին` դիմել է փախուստի:

 8. Բողոքաբերը նշել է նաև, որ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը որպես Ռ.Խաչատրյանի քրեական պատասխանատվությունն ու պատիժը մեղմացնող հանգամանք դիտել է Ռ.Խաչատրյանի նկատմամբ ազատազրկման հետ չկապված պատիժ նշանակելու տուժողի խնդրանքը: Մինչդեռ, ըստ նրա, դատարանի նման մոտեցումն արդարացված չէ, քանի որ հանրային մեղադրանքի գործերով տուժողի կողմից պատժաչափի և պատժատեսակի վերաբերյալ միջնորդություն կատարելը դուրս է նրա դատավարական կարգավիճակից և չի կարող պատասխանատվությունն ու պատիժը մեղմացնող հանգամանք հանդիսանալ:

 9. Բողոքաբերը փաստարկել է, որ ամբաստանյալի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդված կիրառելիս ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը հաշվի է առել նաև նրա` ժամկետային զինվորական ծառայության մեկնելու հնարավորության նպատակահարմարությունը, ինչը, ըստ նրա, չի հանդիսանում առանց նշանակված պատիժը կրելու դատապարտյալի ուղղվելու հնարավորության հետ կապված հանգամանք:

 10. Վերոշարադրյալի հիման վրա բողոք բերած անձը եզրահանգել է, որ Ռ.Խաչատրյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածի կիրառմամբ ազատազրկման ձևով պատիժը պայմանականորեն չկիրառելն անարդարացի է` ակնհայտ մեղմ լինելու պատճառով, չի համապատասխանում ամբաստանյալի կատարած հանցագործության ծանրությանը, չի նպաստում սոցիալական արդարության վերականգնմանը, հանցագործությունների կանխմանն ու պատժի ենթարկված անձի ուղղվելուն: Ուստի, խնդրել է բեկանել ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 2010թ. փետրվարի 11-ի որոշումը և օրինական ուժ տալ Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն համայնքների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի 2009թ. հոկտեմբերի 14-ի դատավճռին:

 

Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.

11. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված իրավական հարցը հետևյալն է. Ռ.Խաչատրյանի նկատմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելու վերաբերյալ որոշում կայացնելիս ՀՀ վերաքննիչ դատարանը պատշաճ գնահատե՞լ է արդյոք գործի բոլոր փաստական հանգամանքները:

12. Համաձայն ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածի՝

«1. Եթե դատարանը, կալանքի, ազատազրկման կամ կարգապահական գումարտակում պահելու ձևով պատիժ նշանակելով, հանգում է հետևության, որ դատապարտյալի ուղղվելը հնարավոր է առանց պատիժը կրելու, ապա կարող է որոշում կայացնել այդ պատիժը պայմանականորեն չկիրառելու մասին:

2. Պատիժը պայմանականորեն չկիրառելիս դատարանը հաշվի է առնում հանցավորի անձը բնութագրող տվյալները, պատասխանատվությունը և պատիժը մեղմացնող և ծանրացնող հանգամանքները:

(...)»:

13. Անձի նկատմամբ նշանակված ազատազրկման ձևով պատիժը պայմանականորեն չկիրառելու հետ կապված հարցերին Վճռաբեկ դատարանն անդրադարձել է ՎԲ-192/07, ՎԲ-50/07, ՎԲ-201/07, ՎԲ-124/07, ԱՎԴ2/0059/01/08, ԵԱՔԴ/0078/01/09 և այլ որոշումներում, որոնցում հայտնել և վերահաստատել է իրավական դիրքորոշում այն մասին, որ, չնայած պատիժը պայմանականորեն չկիրառելու հետ կապված ՀՀ քրեական օրենսգիրքն ինչպես հանցագործությունների, այնպես էլ անձանց շրջանակի որևէ սահմանափակում չի նախատեսել, այնուհանդերձ, դատարանը պարտավոր է, ղեկավարվելով ՀՀ քրեական օրենսգրքի 61-րդ հոդվածով նախատեսված պատիժ նշանակելու ընդհանուր սկզբունքներով, հաշվի առնել նաև հանցագործության՝ հանրության համար վտանգավորության աստիճանն ու բնույթը: Դատարանի կողմից նշանակվող պատժի արդարացիության հիմնական պահանջն այն է, որ պատիժը պետք է համապատասխանի հանցագործության վտանգավորության աստիճանին ու բնույթին:

Պատիժը պայմանականորեն չկիրառելու համար կարևոր նշանակություն ունեն հանցագործության կատարման հանգամանքները, եղանակը, գործիքներն ու միջոցները, մեղքի ձևը, հանցավորի կողմից այդ հանցագործության հանրորեն վտանգավոր հետևանքները նախատեսելու բնույթն ու աստիճանը (տե'ս Վճռաբեկ դատարանի` Դավիթ Ռոբերտի Հովհաննիսյանի վերաբերյալ գործով 2009թ. դեկտեմբերի 18-ի ԵԱՔԴ/0078/01/09 որոշման 18-րդ կետը):

14. Հիմք ընդունելով նախորդ կետում և համապատասխանաբար նաև վկայակոչված որոշումներում առկա դատողությունները՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ պատասխանատվությունն ու պատիժը մեղմացնող և ծանրացնող հանգամանքները հնարավորություն են տալիս պատկերացում կազմել հանցագործության` հանրության համար վտանգավորության աստիճանի և բնույթի, հանցավորի անձնավորության մասին և ամեն մի կոնկրետ գործով անհատականացնել պատիժը: Պատիժը մեղմացնող և ծանրացնող հանգամանքների ցանկի վերլուծությունը ցույց է տալիս, որ քննարկվող հանգամանքները վերաբերում են ինչպես հանցագործությանը, այնպես էլ հանցավորի անձնավորությանը կամ բնութագրում են հանցագործությունն ու հանցավորի անձնավորությունը միաժամանակ: Այդ պատճառով էլ պատիժը մեղմացնող և ծանրացնող հանգամանքները պետք է դիտարկել որպես հանցակազմի սահմաններից դուրս հանգամանքներ, որոնք ուղղակի կամ անուղղակի վերաբերում են հանցագործությանը կամ հանցավորի անձնավորությանը, բարձրացնում կամ իջեցնում են հասարակական վտանգավորության աստիճանը և ազդում պատժի վրա:

15. Սույն գործի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանն ամբաստանյալի նկատմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելիս որպես նրա պատասխանատվությունն ու պատիժը մեղմացնող հանգամանք հաշվի է առել Արաբկիրի զինվորական կոմիսարիատի կողմից զինակոչիկ Ռ.Խաչատրյանին 2010թ. փետրվարի 25-ին զինկոմիսարիատ բժշկական հանձնաժողով անցնելու համար ծանուցումը, ինչպես նաև զորակոչային տեղամասում կցագրման վկայականը` գարնանային զորակոչային ծառայության մեկնելու համար (տե'ս քրեական գործ, 282-283 էջեր):(տե՛ս

16. Ելնելով սույն որոշման 13-15-րդ կետերում առկա վերլուծությունից` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի կողմից որպես Ռ.Խաչատրյանի պատասխանատվությունն ու պատիժը մեղմացնող հանգամանք դիտված՝ Արաբկիրի զինվորական կոմիսարիատի ծանուցումը, ինչպես նաև զորակոչային տեղամասում կցագրման վկայականը ո՛չ ուղղակի, ո՛չ անուղղակի կերպով չեն վերաբերում հանցագործությանը կամ հանցավորի անձին, չեն բարձրացնում կամ իջեցնում նրա արարքի հասարակական վտանգավորության աստիճանը և հետևաբար չեն կարող վկայել նրա նկատմամբ նշանակված պատժի կրման անհրաժեշտության առկայության կամ բացակայության մասին:

17. Ինչ վերաբերում է ՀՀ վերաքննիչ դատարանի որոշման մեջ վկայակոչված այն հանգամանքներին, որ Ռ.Խաչատրյանը ինքնակամ ներկայացել է ոստիկանության բաժին, տվել է ինքնախոստովանական ցուցմունքներ, անկեղծորեն զղջացել է կատարածի համար, նախկինում դատված չի եղել, Ճարտարագիտական համալսարանի վերջին կուրսի ուսանող է, բնութագրվում է դրական, հաշտվել է տուժողի հետ, վերականգնել պատճառված նյութական վնասը, և տուժողը խնդրել է ամբաստանյալի նկատմամբ նշանակել ազատազրկման հետ չկապված պատիժ, ապա Վճռաբեկ դատարանը գտնում է, որ դրանք չեն վկայում Ռ.Խաչատրյանի կատարած հանցագործությանը բնորոշ հանրային վտանգավորության բացակայության մասին (տե՛ս սույն որոշման 6-րդ կետը), դրանք չեն նվազեցնում ամբաստանյալի կատարած արարքի հանրային վտագավորության աստիճանը, ուստի Ռ.Խաչատրյանի նկատմամբ պատիժը պայմանականորեն չկիրառելու օբյեկտիվ հիմք չեն:

18. Հիմք ընդունելով սույն որոշման 11-17-րդ կետերում շարադրված վերլուծությունը՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Ռ.Խաչատրյանի նկատմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելու վերաբերյալ որոշում կայացնելիս ՀՀ վերաքննիչ դատարանը պատշաճ չի գնահատել սույն գործի բոլոր փաստական հանգամանքները և անհիմն կիրառել է ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածը, այսինքն՝ կիրառել է քրեական օրենսգրքի հոդված, որը ենթակա չէր կիրառման: Դրա արդյունքում թույլ է տրվել նաև ՀՀ քրեական օրենսգրքի Ընդհանուր մասի նորմերի՝ 5-րդ, 10-րդ և 61-րդ հոդվածներով սահմանված օրինականության, արդարության, պատասխանատվության անհատականացման և պատիժ նշանակելու ընդհանուր սկզբունքների խախտում: Այսպիսով, Վերաքննիչ դատարանը, ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածի հիման վրա Ռ.Խաչատրյանի նկատմամբ նշանակված ազատազրկման ձևով պատիժը պայմանականորեն չկիրառելով, սխալ է կիրառել քրեական օրենքը, ինչը, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 397-րդ հոդվածի հիման վրա, դատական ակտը բեկանելու հիմք է:

Միևնույն ժամանակ, այդ քրեական օրենքի ոչ ճիշտ կիրառումը հանգեցրել է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 358-րդ հոդվածի պահանջներին չհամապատասխանող անօրինական և չհիմնավորված որոշման կայացմանը, ինչը, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 398-րդ հոդվածի հիման վրա, քրեադատավարական օրենքի էական խախտում է և նույնպես դատական ակտը բեկանելու հիմք:

Վերը նշված նյութական և դատավարական իրավունքի խախտումները, որոնք ազդել են պատժի կրման անհրաժեշտության մասով գործով ճիշտ որոշում կայացնելու վրա, Վճռաբեկ դատարանում ուղղվել չեն կարող: Ուստի անհրաժեշտ է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 419-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի հիման վրա պատիժը պայմանականորեն չկիրառելն անհիմն լինելու պատճառաբանությամբ բեկանել վերաքննիչ դատարանի որոշումը և գործն ուղարկել նույն դատարան` նոր քննության:

19. Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 92-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետութ­յան քրեական դատավարության օրենսգրքի 21-րդ, 403-406-րդ, 419-րդ, 422-424-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել մասնակիորեն: Ամբաստանյալ Ռուբեն Հմայակի Խաչատրյանի վերաբերյալ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 2010թ. փետրվարի 11-ի որոշումը բեկանել և գործն ուղարկել նույն դատարան՝ նոր քննության:

2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող`

 

Դ. ԱՎԵՏԻՍՅԱՆ

Դատավորներ`

Հ. ԱՍԱՏՐՅԱՆ

 

Ե. ԴԱՆԻԵԼՅԱՆ

Հ. ՂՈՒԿԱՍՅԱՆ

 

Ա. ՊՈՂՈՍՅԱՆ

Ս. ՕՀԱՆՅԱՆ