ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ
18 հունիսի 2010 թ. |
N 118-Ն |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԽՈՐՀՐԴԱՆԻՇԵՐԻ ՊԱՐՏԱԴԻՐ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԱՅԼ ԴԵՊՔԵՐԸ ԵՎ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Երևան քաղաքի ավագանու 2010 թվականի ապրիլի 12-ի «Երևան քաղաքի խորհրդանիշերի մասին» N 85-Ն որոշումը և ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 4-րդ մասով`
Երևան քաղաքի ավագանին որոշում է.
1. Սահմանել Երևան քաղաքի խորհրդանիշերի պարտադիր օգտագործման այլ դեպքերը և կարգը` համաձայն N 1, N 2 և N 3 հավելվածների։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը։
Երևանի քաղաքապետ |
Գ. Բեգլարյան |
Հավելված N 1
Հաստատված է Երևանի ավագանու 18 հունիսի 2010 թվականի N 118-Ն որոշմամբ |
ԵՐԵՎԱՆԻ ԶԻՆԱՆՇԱՆԻ
ՊԱՐՏԱԴԻՐ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԱՅԼ ԴԵՊՔԵՐԸ ԵՎ ԿԱՐԳԸ
Երևանի զինանշանը պարտադիր օգտագործվում է`
1. Երևանի ավագանու խմբակցությունների աշխատասենյակներում, Երևանի վարչական շրջանների ղեկավարների նստավայրերի, ինչպես նաև Երևանի քաղաքապետարանի կառուցվածքային և առանձնացված ստորաբաժանումների, Երևանի ենթակայության կազմակերպությունների զբաղեցրած շենքերի վրա:
2. Երևանի ավագանու անդամների և քաղաքապետի, քաղաքապետարանի կառուցվածքային և առանձնացված ստորաբաժանումների, Երևանի ենթակայության կազմակերպությունների աշխատակիցների վկայականների, կազմակերպությունների անվանատախտակների, կնիքների, դրոշմակնիքների, ձևաթղթերի, Երևանի քաղաքապետարանի առանձնացված և կառուցվածքային ստորաբաժանումների կնիքների և դրոշմակնիքների, ձևաթղթերի, ինչպես նաև պաշտոնական փաստաթղթերի վրա։
3. Երևանում կազմակերպվող քաղաքային նշանակության միջոցառումների և տոնակատարությունների, այդ թվում` «Երևանի օր» տոնակատարության և քաղաքային այլ տոների, միջոցառումների, արարողությունների, փառատոների ընթացքում։
4. Երևանի քաղաքապետի կողմից տրվող հուշամեդալների, մեդալների, կրծքանշանների, շնորհակալագրերի, պատվոգրերի, ինչպես նաև պարգևների և պատվավոր կոչումների վկայականների վրա:
5. Երևանի քաղաքապետի երդման արարողության ընթացքում:
6. Երևանի պաշտոնական համացանցային կայքում` հttp:www.yerevan.am/:
7. Երևանի տարածքում օտարերկրյա պետության (քաղաքի) զինանշանի հետ միաժամանակ տեղադրելու դեպքում այլ պետության (քաղաքի) զինանշանի չափերը չեն կարող գերազանցել Երևանի զինանշանի չափերը:
8. Երևանի զինանշանը օտարերկրյա պետության (քաղաքի) զինանշանի հետ միաժամանակ տեղադրելու դեպքում Երևանի և օտարերկրյա պետության (քաղաքի) զինանշանները պետք է տեղադրվեն միևնույն հարթության վրա:
9. Երևանի զինանշանը օտարերկրյա պետության (քաղաքի) զինանշանի հետ միաժամանակ տեղադրվելու դեպքում Երևանի զինանշանը պետք է տեղադրվի տվյալ շենքի ձախ կողմից (դեմքով դեպի այդ շենքը):
Եթե միաժամանակ տեղադրվում է կենտ թվով մի քանի զինանշան, ապա Երևանի զինանշանը պետք է տեղադրվի դրանց մեջտեղում:
Եթե միաժամանակ տեղադրվում են զույգ թվով (2 և ավելի) զինանշաններ, ապա Երևանի զինանշանը պետք է տեղադրվի կենտրոնից ձախ:
10. Երևանի զինանշանը և Հայաստանի Հանրապետության զինանշանը միաժամանակ տեղադրելու կարգը սահմանվում է «Հայաստանի Հանրապետության զինանշանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով:
11. Երևանի զինանշանը «Գովազդի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխան կարող է օգտագործվել միայն սոցիալական գովազդում:
12. Արգելվում է Երևանի զինանշանի առանձին տարրերի օգտագործումը:
Հավելված N 2
Երևանի ավագանու 18 հունիսի 2010 թվականի N 118-Ն որոշմամբ |
ԵՐԵՎԱՆԻ ԴՐՈՇԻ
ՊԱՐՏԱԴԻՐ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԱՅԼ ԴԵՊՔԵՐԸ ԵՎ ԿԱՐԳԸ
Երևանի դրոշը պարտադիր օգտագործվում է`
1. Երևանի ավագանու խմբակցությունների աշխատասենյակներում, Երևանի վարչական շրջանների ղեկավարների նստավայրերի, ինչպես նաև Երևանի քաղաքապետարանի կառուցվածքային և առանձնացված ստորաբաժանումների, Երևանի ենթակայության կազմակերպությունների զբաղեցրած շենքերի վրա:
2. Երևանում կազմակերպվող քաղաքային նշանակության միջոցառումների և տոնակատարությունների, այդ թվում` «Երևանի օր» տոնակատարության և քաղաքային այլ տոների, միջոցառումների, արարողությունների, փառատոների ընթացքում։
3. Երևանի քաղաքապետի կողմից կազմակերպվող պաշտոնական ընդունելությունների և արարողությունների բացման և փակման ընթացքում:
4. Երևանի պաշտոնական համացանցային կայքում` հttp:www.yerevan.am:
5. Երևանի տարածքում օտարերկրյա պետության (քաղաքի) դրոշի հետ միաժամանակ Երևանի դրոշը տեղադրելու դեպքում այլ պետության (քաղաքի) դրոշի չափերը չեն կարող գերազանցել Երևանի դրոշի չափերը:
Երևան քաղաքի դրոշը օտարերկրյա պետության (քաղաքի) դրոշի հետ միաժամանակ տեղադրելու դեպքում Երևանի և օտարերկրյա պետության (քաղաքի) դրոշները պետք է տեղադրվեն միևնույն հարթության վրա:
6. Եթե միաժամանակ տեղադրվում է կենտ թվով մի քանի դրոշ, ապա Երևան քաղաքի դրոշը պետք է տեղադրվի դրանց մեջտեղում:
Եթե միաժամանակ տեղադրվում են զույգ թվով (2 և ավելի) դրոշներ, ապա Երևանի դրոշը պետք է տեղադրվի կենտրոնից ձախ:
7. Երևանի դրոշը և Հայաստանի Հանրապետության դրոշը միաժամանակ տեղադրելու կարգը սահմանվում է «Հայաստանի Հանրապետության դրոշի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով:
8. Երևանի դրոշը «Գովազդի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխան կարող է օգտագործվել միայն սոցիալական գովազդում:
9. Երևանի քաղաքապետի երդման արարողության ժամանակ պետք է տեղադրված լինի Երևանի դրոշը:
10. Երևանի դրոշը պետք է բարձրացված լինի լուսաբացից մինչև մայրամուտ, իսկ համապատասխան լուսավորության դեպքում նաև գիշերային ժամերին:
11. Երևանի դրոշը իջեցվում է պաշտոնապես հայտարարված սգո օրերին կամ սգո արարողությունների ժամանակ` մինչև դրոշաձողի մեջտեղը: Դրոշի վերևի մասում ամրացվում է սև ժապավեն, որի երկարությունը հավասարեցվում է դրոշի երկարությանը:
12. Արգելվում է օգտագործել Երևանի դրոշի առանձին տարրերը:
Հավելված N 3 Հաստատված է Երևանի ավագանու 18 հունիսի 2010 թվականի N 118-Ն որոշմամբ |
ԵՐԵՎԱՆԻ ՕՐՀՆԵՐԳԻ
ՊԱՐՏԱԴԻՐ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԱՅԼ ԴԵՊՔԵՐԸ ԵՎ ԿԱՐԳԸ
Երևանի օրհներգը պարտադիր օգտագործվում է`
1. Երևանում հուշարձանների, հուշաքանդակների, հուշատախտակների և այլ ճարտարապետական և պատմական նշանակություն ունեցող կառույցների բացման հանդիսավոր արարողությունների ժամանակ:
2. Երևանում կազմակերպվող քաղաքային նշանակության միջոցառումների և տոնակատարությունների, այդ թվում` «Երևանի օր» տոնակատարության և քաղաքային այլ տոների, միջոցառումների, արարողությունների, փառատոների ընթացքում:
3. Երևանի քաղաքապետի երդման արարողության ժամանակ։
4. Երևան համայնքի կողմից հյուպատոսական և դիվանագիտական պատվիրակությունների ընդունելության արարողության ժամանակ՝ տվյալ երկրի մայրաքաղաքի համապատասխան օրհներգը հնչեցնելուց հետո:
5. Երևանի օրհներգը կատարվում է վոկալ, գործիքային, նվագախմբային, երգչախմբային, նվագախմբային-երգչախմբային տարբերակներով կամ ձայնագրությունը հնչեցնելով:
6. Օրհներգի կատարման ժամանակ բոլորը հոտնկայս են (դրոշի առկայության դեպքում՝ դեմքով շրջված դեպի դրոշը):
7. Տեղական ինքնակառավարման մարմինների կամ այլ պաշտոնական պատվիրակության մասնակցությամբ օտարերկրյա պետությունների տարածքում անցկացվող պաշտոնական ու հանդիսավոր արարողությունների և միջոցառումների ժամանակ Երևանի օրհներգը հնչում է սույն կարգի և տվյալ օտարերկրյա պետության օրենսդրությանը համապատասխան:
8. Արգելվում է օգտագործել Երևանի օրհներգի առանձին տարրերը:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|