Գլխավոր տեղեկություն
Номер
ՍԴՈ-897
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (22.06.2010-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2010.06.30/29(763) Հոդ.733
Принят
ՀՀ Սահմանադրական դատարան
Дата принятия
22.06.2010
Подписан
Նախագահող
Дата подписания
22.06.2010
Дата вступления в силу
22.06.2010

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը

 

Քաղ. Երևան

 22 հունիսի 2010 թ.


2010 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 11-ԻՆ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՎԵՐԱԿԱՌՈՒՑՄԱՆ ԵՎ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԲԱՆԿԻ ՄԻՋԵՎ «ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆ ԵՎ ԻՆՈՎԱՑԻՈՆ ԾՐԱԳՐԻ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ՀԱՄԱՐ» P457-AM ԿԱՆԽԱՎՃԱՐԻ ՆԱՄԱԿ-ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

 

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը` կազմով. Գ. Հարությունյանի (նախագահող), Կ. Բալայանի, Հ. Դանիելյանի (զեկուցող), Ֆ. Թոխյանի, Մ. Թոփուզյանի, Վ. Հովհաննիսյանի, Հ. Նազարյանի, Վ. Պողոսյանի,

մասնակցությամբ` Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցիչ` ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Մ. Թումասյանի,

համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100-րդ հոդվածի 2-րդ կետի, 101-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 25, 38 և 72-րդ հոդվածների,

դռնբաց նիստում գրավոր ընթացակարգով քննեց «2010 թվականի հունիսի 11-ին ստորագրված` Հայաստանի Հանրապետության և Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի միջև «Էլեկտրոնային հասարակության և ինովացիոն ծրագրի նախապատրաստման համար» P457-AM կանխավճարի նամակ-համաձայնագրում ամրագրված պարտավորությունների՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:

Գործի քննության առիթ է հանդիսացել Հանրապետության Նախագահի` 2010թ. հունիսի 17-ի դիմումը սահմանադրական դատարան:

Ուսումնասիրելով սույն գործով զեկուցողի գրավոր հաղորդումը, Հանրապետության Նախագահի ներկայացուցչի գրավոր բացատրությունը, հետազոտելով նամակ-համաձայնագիրը և գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը պարզեց.

1. Կանխավճարի նամակ-համաձայնագիրն ստորագրվել է 2010թ. հունիսի 11-ին, որի նպատակն է օժանդակել աջակցման ծրագրի (այսուհետ` Ծրագիր) նախապատրաստմանը, այն է` ա) ավելացնել այն տնային տնտեսությունների, բիզնեսների և հանրային կառույցների քանակը, որոնց հասանելի են ապահով և մատչելի համացանցը, համակարգիչները և էլեկտրոնային ծառայությունները, բ) ավելացնել գիտելիքի և տեխնոլոգիաների վրա հիմնված ոլորտի ծավալները և ապահովել շուկայի, ֆինանսների, հմտությունների և զբաղվածության ավելի լավ հասանելիություն տվյալ ոլորտում:

Նամակ-համաձայնագիրն ունի հավելված, որով սահմանվում են կանխավճարի (այսուհետ` կանխավճար) տրամադրման պայմանները և իրականացվելիք միջոցառումների (այսուհետ` միջոցառումներ) նկարագրությունը: Նամակ-համաձայնագրի անբաժանելի մասն են կազմում 2008թ. հունվարի 15-ով թվագրված Ստանդարտ պայմանները:

2. Նամակ-համաձայնագրով Վերակառուցման և զարգացման միջազգային բանկը (այսուհետ` Համաշխարհային բանկ) առաջարկում է Հայաստանի Հանրապետությանը (այսուհետ` Ստացող) Ծրագրի նախապատրաստման միջոցներից նամակ-համաձայնագրում և դրա հավելվածում ներկայացվող պայմաններով տրամադրել 3.000.000 ԱՄՆ դոլարը չգերազանցող գումարի չափով կանխավճար՝ օժանդակելու համար միջոցառումների ֆինանսավորմանը:

Իր համաձայնությունը հաստատելով` Ստացողը փաստում է, որ լիազորված է կնքել համաձայնագիրը և իրականացնել միջոցառումները, հետ վճարել կանխավճարը, նամակ-համաձայնագրի շրջանակներում իրականացնել իր մյուս պարտավորությունները:

3. Նամակ-համաձայնագրի հավելվածով սահմանվում են իրականացվող միջոցառումները, նախատեսվում են դրանց մոնիթորինգը և գնահատումը, ֆինանսական կառավարումը, գնումների ու կանխավճարի առհանման պայմանները:

Մասնավորապես, համաձայն նամակ-համաձայնագրի բաժին 3.01-ի` միջոցառումների շրջանակներում ապրանքների, խորհրդատվական ծառայությունների, վերապատրաստումների և գործառնական ծախսերի (2.300.000 ԱՄՆ դոլար), ինչպես նաև նամակ-համաձայնագրի բաժին 2.01 (բ)-ի` տրամադրվող ենթավարկերի (700.000 ԱՄՆ դոլար) համար կանխավճարի միջոցներից Ստացողը կարող է գումարներ առհանել ֆինանսավորման ենթակա ծախսերի 100%-ը` առանց հարկերի:

4. Նամակ-համաձայնագրով Հայաստանի Հանրապետությունն ստանձնում է, մասնավորապես, հետևյալ պարտավորությունները.

- ստեղծել Ծրագրի կազմկոմիտե, որը պետք է կազմված լինի Ծրագրի իրականացման գործում ներգրավված նախարարությունների և գործակալությունների ներկայացուցիչներից,

- Ծրագրի կազմկոմիտեի միջոցով նամակ-համաձայնագրի շրջանակներում միջոցառումներն իրականացնել պատշաճ հետևողականությամբ և արդյունավետությամբ, Համաշխարհային բանկին ներկայացնել ապրանքների, խորհրդատվական ծառայությունների, վերապատրաստումների և գործառնական ծախսերի, ինչպես նաև կանխավճարի միջոցների օգտագործման վերաբերյալ ողջ տեղեկատվությունը,

- կանխավճարի միջոցների հաշվին ֆինանսավորման ենթակա ապրանքներ, աշխատանքներ և ծառայություններ ձեռք բերելիս ղեկավարվել նամակ-համաձայնագրի հավելվածի դրույթներով` նախատեսված Համաշխարհային բանկի կողմից մշակված Գնումների ուղեցույցով,

- համաձայնագրի հավելվածի բաժին 3.01-ի աղյուսակի Կատեգորիա 2-ում ներկայացվող կանխավճարի միջոցների մի մասը տրամադրել Համաշխարհային բանկի հետ սերտ համագործակցությամբ ընտրված ֆինանսական կազմակերպություններին (այսուհետ` ՄՖԿ-ներ)` ՀՀ-ի և յուրաքանչյուր ՄՖԿ-ի միջև կնքված լրացուցիչ վարկավորման համաձայնագրերի շրջանակներում,

- աուդիտի ենթարկել ֆինանսական հաշվետվությունները կանխավճարի իրականացման ողջ ժամանակահատվածի համար, իսկ միջանկյալ, աուդիտի չենթարկված ֆինանսական հաշվետվությունները միջոցառումների համար պատրաստել և Համաշխարհային բանկին ներկայացնել ոչ ուշ, քան յուրաքանչյուր օրացուցային կիսամյակի ավարտից 45 օր հետո կիսամյակային կտրվածքով,

- բոլոր ապրանքները և ծառայությունները, բացի խորհրդատվական ծառայություններից, ձեռք բերել 2004թ. մայիսին հրապարակված և 2006թ. հոկտեմբերին վերանայված` «ՎԶՄԲ փոխառությունների և ՄԶԸ վարկերի շրջանակում գնումների ուղեցույցների» I բաժնի և նամակ-համաձայնագրի I բաժնի դրույթների համաձայն,

- բոլոր խորհրդատվական ծառայությունները ձեռք բերել 2004թ. մայիսին հրապարակված և 2006թ. հոկտեմբերին վերանայված` «Համաշխարհային բանկի վարկառուների կողմից խորհրդատուների ընտրության և վարձելու ուղեցույցի» I և IV բաժինների և նամակ-համաձայնագրի հավելվածի համաձայն,

- վճարել տոկոս` առհանված կանխավճարի մնացորդի դիմաց, որի տոկոսադրույքը պետք է հավասար լինի ԱՄՆ դոլարի համար ԼԻԲՈՐ + ֆիքսված տարբերություն: Տոկոսների գանձումն սկսվելու է կանխավճարի գումարների առհանման օրից և պետք է վճարվի յուրաքանչյուր տարվա հունվարի 1-ին և հուլիսի 1-ին:

Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100-րդ հոդվածի 2-րդ կետով, 102-րդ հոդվածի առաջին և չորրորդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 63, 64 և 72-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը որոշեց.

1. 2010 թվականի հունիսի 11-ին ստորագրված` Հայաստանի Հանրապետության և Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի միջև «Էլեկտրոնային հասարակության և ինովացիոն ծրագրի նախապատրաստման համար» P457-AM կանխավճարի նամակ-համաձայնագրում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը։

2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102-րդ հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

 

Նախագահող

Գ. Հարությունյան


22 հունիսի 2010 թ.
 ՍԴՈ-897