Գլխավոր տեղեկություն
Տիպ
Արձանագրություն
Тип
Исходный акт (05.04.2022-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Միասնական կայք 2022.06.13-2022.06.26 Պաշտոնական հրապարակման օրը 22.06.2022
Принят
Եվրասիական տնտեսական միության անդամ պետություն
Дата принятия
29.05.2019
Подписан
Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններ
Дата подписания
29.05.2019
Дата вступления в силу
05.04.2022

ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ

 

«ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» 2014 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 29-Ի ՊԱՅՄԱՆԱԳՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ (ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԷԼԵԿՏՐԱԷՆԵՐԳԵՏԻԿԱԿԱՆ ՇՈՒԿԱՅԻ ՁԵՎԱՎՈՐՄԱՆ ՄԱՍՈՎ)

 

Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունները, այսուհետ՝ անդամ պետություններ,

առաջնորդվելով «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի 115-րդ հոդվածով,

անդամ պետությունների էներգետիկ անվտանգության բարձրացման, Եվրասիական տնտեսական միությունում էլեկտրաէներգետիկայի բնագավառում բարեխիղճ մրցակցության, անդամ պետությունների տնտեսությունների արդյունավետության և մրցունակության բարձրացման համար պայմանների ստեղծումն ապահովող իրավական տիրույթի ձևավորման, տնտեսական փոխշահավետ և իրավահավասար համագործակցության հետագա ամրապնդման նպատակով

համաձայնեցին հետևյալի մասին՝

 

Հոդված 1

 

«Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրում կատարել հետևյալ փոփոխությունները.

1) 81-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

 

«Հոդված 81

 

Միության ընդհանուր էլեկտրաէներգետիկական շուկայի ձևավորումը, գործունեությունը և զարգացումը

 

Միության ընդհանուր էլեկտրաէներգետիկական շուկայի ձևավորումը, գործունեությունը և զարգացումն իրականացվում են սույն Պայմանագրի թիվ 21 հավելվածով սահմանված սկզբունքների և կանոնների հիման վրա՝ հաշվի առնելով սույն Պայմանագրի 104-րդ հոդվածի 8-րդ կետը:».

2) 82-րդ հոդվածում՝

1-ին կետում «սույն Պայմանագրի թիվ 21 հավելվածի համաձայն միասնական սկզբունքներին և կանոններին համապատասխան» բառերը փոխարինել «սույն Պայմանագրի թիվ 21 հավելվածին և Միության մարմնի՝ նշված հավելվածի 5-րդ կետով նախատեսված ակտին համապատասխան» բառերով.

2-րդ կետն ուժը կորցրած ճանաչել.

3) 104-րդ հոդվածում՝

2-րդ և 3-րդ կետերն ուժը կորցրած ճանաչել.

8-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«8. «Եվրասիական տնտեսական միության ընդհանուր էլեկտրաէներգետիկական շուկայի մասին» արձանագրության (սույն Պայմանագրի թիվ 21 հավելված) 5-8-րդ կետերին համապատասխան ընդունված ակտերից վերջինն ուժի մեջ մտնելու պահից՝

նշված արձանագրության 43-49-րդ կետերը և դրա հավելվածը կորցնում են ուժը.

նշված արձանագրության 2-րդ կետը, 5-րդ կետի առաջին և երկրորդ պարբերությունները, 10-38-րդ կետերը, 39-րդ կետի երրորդ և չորրորդ պարբերությունները, 40-րդ կետն ուժի մեջ են մտնում:».

4) «Էլեկտրաէներգետիկայի ոլորտում բնական մենաշնորհների սուբյեկտների ծառայությունների հասանելիության ապահովման, այդ թվում՝ գնագոյացման և սակագնային քաղաքականության հիմունքների մասին» արձանագրության մեջ (նշված Պայմանագրի թիվ 21 հավելված)՝

անվանումը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«Արձանագրություն՝ Եվրասիական տնտեսական միության ընդհանուր էլեկտրաէներգետիկական շուկայի մասին».

1-12-րդ կետերը փոխարինել հետևյալ բովանդակությամբ տեքստով՝

 

«I. Ընդհանուր դրույթներ

 

1. Սույն արձանագրությունը մշակվել է «Եվրասիական տնտեսական միության մասին» պայմանագրի (այսուհետ՝ Պայմանագիր) 81-րդ և 82-րդ հոդվածներին համապատասխան և դրանով սահմանվում են Միության ընդհանուր էլեկտրաէներգետիկական շուկայի ձևավորման, գործունեության և զարգացման իրավական հիմքերը:

2. Սույն արձանագրության և սույն արձանագրությամբ նախատեսված ակտերի դրույթները չեն տարածվում երրորդ պետությունների հետ անդամ պետությունների կողմից էլեկտրական էներգիայի առևտրի հետ կապված հարաբերությունների վրա, այդ թվում՝ անդամ պետության տարածքով երրորդ պետությունների տարածքներ, երրորդ պետությունների տարածքներից անդամ պետության տարածքով էլեկտրական էներգիայի (հզորության) միջպետական հաղորդման հետ կապված հարաբերությունների վրա:

Երրորդ պետությունների էլեկտրաէներգետիկայի սուբյեկտների նկատմամբ պարտավորությունները կատարելու նպատակով էլեկտրական էներգիայի (հզորության) միջպետական հաղորդումը կարգավորվում է այն անդամ պետության օրենսդրությամբ, որի տարածքով իրականացվում է էլեկտրական էներգիայի (հզորության) միջպետական հաղորդումը:

3. Սույն արձանագրության մեջ գործածվող հասկացություններն ունեն հետևյալ իմաստը՝

միանալու մասին պայմանագիր՝ Միության ընդհանուր էլեկտրաէներգետիկական շուկայում էլեկտրական էներգիայի փոխադարձ առևտրի կանոններին համապատասխան կնքվող պայմանագիր, որով սահմանվում են Միության ընդհանուր էլեկտրաէներգետիկական շուկայի մասնակցի, էլեկտրական էներգիայի կենտրոնացված առևտրի որոշակի տեսակի մասով կենտրոնացված առևտրի օպերատորի (օպերատորների) և Միության ընդհանուր էլեկտրաէներգետիկական շուկայի այլ ենթակառուցվածքային կազմակերպությունների միջև փոխադարձ պարտավորությունները, որոնք ապահովում են կենտրոնացված առևտրի արդյունքներով էլեկտրական էներգիայի առք ու վաճառքի պայմանագրերի կատարումը.

էլեկտրաէներգետիկայի ոլորտում բնական մենաշնորհների սուբյեկտների ծառայությունների հասանելիություն՝ Միության ընդհանուր էլեկտրաէներգետիկական շուկայում էլեկտրաէներգետիկայի ոլորտում բնական մենաշնորհների սուբյեկտների ծառայություններից օգտվելու՝ Միության ընդհանուր էլեկտրաէներգետիկական շուկայի սուբյեկտների հնարավորությունը.

էլեկտրական էներգիայի (հզորության) փոխարինում՝ անդամ պետության սահմանին (սահմաններին) տեղակայված մատակարարման տարբեր կետերի միջոցով դեպի էլեկտրաէներգետիկական համակարգ և դրանից դուրս էլեկտրաէներգիայի (հզորության) հավասար ծավալների փոխկապակցված և միաժամանակյա մատակարարում.

էլեկտրահաղորդման միջպետական գիծ՝ անդամ պետությունների պետական սահմանները հատող էլեկտրահաղորդման գիծ.

էլեկտրական էներգիայի (հզորության) միջպետական հաղորդում՝ անդամ պետությունների լիազորված կազմակերպությունների կողմից էլեկտրական էներգիայի (հզորության) փոխադրման և (կամ) փոխարինման ծառայությունների մատուցում։ Անդամ պետության օրենսդրության համաձայն՝ համապատասխան հարաբերությունները ձևակերպվում են էլեկտրական էներգիայի (հզորության) հաղորդման (տարանցման) ծառայությունների մատուցման պայմանագրերով կամ քաղաքացիաիրավական այլ պայմանագրերով, ներառյալ՝ էլեկտրական էներգիայի առք ու վաճառքի պայմանագրերը.

միջպետական հատվածք՝ երկու և ավելի պետությունների էներգահամակարգերի (էներգահամակարգերի մասերի) միջև լարման բոլոր դասերի այն էլեկտրահաղորդման գծերի տեխնոլոգիապես պայմանավորված ամբողջությունը, որոնք անցնում են անդամ պետությունների սահմաններով, ինչպես նաև անդամ պետությունների և երրորդ պետությունների սահմաններով.

միջպետական փոխհոսք՝ էլեկտրահաղորդման միջպետական գծով էլեկտրական էներգիայի (հզորության) փոխհոսք․

Միության ընդհանուր էլեկտրաէներգետիկական շուկա՝ զուգահեռ աշխատող էլեկտրաէներգետիկական համակարգերի հիման վրա տարբեր անդամ պետությունների էլեկտրաէներգետիկական ներքին մեծածախ շուկաների սուբյեկտների միջև առկա հարաբերությունների համակարգ, որը կապված է էլեկտրական էներգիայի (հզորության) առք ու վաճառքի հետ, գործում է սույն արձանագրության, սույն արձանագրության 5-8-րդ կետերով նախատեսված ակտերի և Միության ընդհանուր էլեկտրաէներգետիկական շուկայի սուբյեկտների միջև համապատասխան պայմանագրերի հիման վրա.

կենտրոնացված առևտրի օպերատոր՝ Միության ընդհանուր էլեկտրաէներգետիկական շուկայում էլեկտրական էներգիայի կենտրոնացված առևտրի որոշակի տեսակի կազմակերպման մասով ծառայություններ մատուցող կազմակերպություն.

էլեկտրական էներգիայի (հզորության) փոխադրում՝ անդամ պետություններից մեկի տարածքում արտադրված էլեկտրական էներգիայի (հզորության) փոխհոսքերի ապահովում մեկ այլ անդամ պետության ցանցերով՝ այդ պետության սահմանին (սահմաններին) տեղակայված մատակարարման կետերի միջև.

էլեկտրական էներգիայի սալդո-փոխհոսք՝ միջպետական հատվածքների կազմի մեջ մտնող էլեկտրահաղորդման բոլոր գծերով էլեկտրական էներգիայի միջպետական փոխհոսքերի հանրահաշվական գումար (հաշվի առնելով ուղղությունը).

ազատ երկկողմ պայմանագիր՝ Միության ընդհանուր էլեկտրաէներգետիկական շուկայի մասնակիցների միջև կնքված՝ էլեկտրական էներգիայի առք ու վաճառքի պայմանագիր, որի մեջ մատակարարման և հաշվարկների ծավալները, գները, ժամկետները և պարտավորությունների կատարման այլ պայմաններ ինքնուրույն սահմանում են պայմանագրի կողմերը՝ հաշվի առնելով միջպետական հատվածքների թողունակությունը, տեխնոլոգիական և կարգավորող այլ սահմանափակումներ.

ցանցային օպերատոր՝ անդամ պետության տարածքով, այդ անդամ պետության օրենսդրությանը համապատասխան, էլեկտրական էներգիայի հաղորդման ծառայություններ մատուցելու համար լիազորված կազմակերպություն.

համակարգային օպերատոր՝ անդամ պետության օրենսդրությանը համապատասխան՝ անդամ պետության էլեկտրաէներգետիկական համակարգի օպերատիվ-կարգավարական կառավարում իրականացնելու համար լիազորված կազմակերպություն.

ժամկետային պայմանագիր՝ Միության ընդհանուր էլեկտրաէներգետիկական շուկայի մասնակիցների միջև էլեկտրական էներգիայի առք ու վաճառքի պայմանագիր, որը ստանդարտացված պայմաններ է պարունակում էլեկտրական էներգիայի մատակարարման ժամանակահատվածի և ժամերի, ինչպես նաև այլ էական պայմանների վերաբերյալ, որում էլեկտրական էներգիայի գինն ու ծավալը սահմանվում են կենտրոնացված առևտուր իրականացնելիս՝ ժամկետային պայմանագրերի մասով կենտրոնացված առևտրի օպերատորի կանոնակարգերին համապատասխան.

էլեկտրաէներգետիկական ներքին մեծածախ շուկայի սուբյեկտներ՝ անդամ պետության օրենսդրությանը համապատասխան՝ այդ անդամ պետության էլեկտրաէներգետիկական մեծածախ շուկայի սուբյեկտներ հանդիսացող իրավաբանական անձինք.

փակուղային սխեմա՝ սխեմա, որի դեպքում մեկ անդամ պետության էլեկտրական էներգիա սպառողների էլեկտրամատակարարումն իրականացվում է միջպետական էլեկտրահաղորդման այն գծերով, որոնք լարում են ստանում այլ անդամ պետության կողմից.

էլեկտրաէներգետիկայի ոլորտում բնական մենաշնորհների սուբյեկտների ծառայություններ՝ էլեկտրական էներգիայի հաղորդման, էլեկտրաէներգետիկայի ոլորտում օպերատիվ-կարգավարական կառավարման ծառայություններ, որոնք մատուցվում են բնական մենաշնորհների սուբյեկտների կողմից Միության ընդհանուր էլեկտրաէներգետիկական շուկայում փոխադարձ առևտրի և էլեկտրական էներգիայի (հզորության) միջպետական հաղորդման ապահովման համար։

 

II. Միության ընդհանուր էլեկտրաէներգետիկական շուկայի ձևավորման, գործունեության և զարգացման սկզբունքները

 

4. Միության ընդհանուր էլեկտրաէներգետիկական շուկայի ձևավորումը, գործունեությունը և զարգացումն իրականացվում են հետևյալ սկզբունքների հիման վրա՝

1) իրավահավասարության, փոխշահավետության և որևէ անդամ պետության տնտեսական վնաս չհասցնելու վրա հիմնված համագործակցություն.

2) էլեկտրական էներգիա արտադրողների և սպառողների, ինչպես նաև Միության ընդհանուր էլեկտրաէներգետիկական շուկայի այլ սուբյեկտների տնտեսական շահերի հավասարակշռության պահպանում.

3) շուկայական հարաբերությունների և բարեխիղճ մրցակցության վրա հիմնված մեխանիզմների առաջնահերթ օգտագործում` գործունեության մրցակցային տեսակներում էլեկտրական էներգիայի (հզորության) պահանջարկի բավարարման կայուն համակարգի ձևավորման համար.

4) տեխնիկական հնարավորությունների սահմաններում էլեկտրաէներգետիկայի ոլորտում բնական մենաշնորհների սուբյեկտների ծառայությունների անարգել հասանելիության ապահովում՝ էլեկտրական էներգիայի (հզորության) միջպետական հաղորդում իրականացնելու ժամանակ անդամ պետությունների ներքին կարիքների ապահովման համար նշված ծառայություններն առաջնահերթ օգտագործելու պայմանով.

5) Միության ընդհանուր էլեկտրաէներգետիկական շուկայի փուլային ձևավորում և զարգացում՝ անդամ պետությունների զուգահեռ աշխատող էլեկտրաէներգետիկական համակարգերի հիման վրա` հաշվի առնելով անդամ պետությունների էլեկտրաէներգետիկական շուկաների առկա մոդելների առանձնահատկությունները.

6) անդամ պետությունների էլեկտրաէներգետիկական համակարգերի զուգահեռ աշխատանքի տեխնիկական և տնտեսական առավելությունների օգտագործում՝ զուգահեռ աշխատանքի փոխհամաձայնեցված պայմանների պահպանմամբ.

7) անդամ պետությունների սուբյեկտների միջև էլեկտրական էներգիայի առևտրի իրականացում` հաշվի առնելով անդամ պետությունների էներգետիկ անվտանգությունը.

8) էլեկտրաէներգետիկայի ոլորտում անդամ պետությունների օրենսդրության փուլային ներդաշնակեցում, այդ թվում՝ Միության ընդհանուր էլեկտրաէներգետիկական շուկայի սուբյեկտների կողմից տեղեկատվության բացահայտման մասով:

 

III. Միության ընդհանուր էլեկտրաէներգետիկական շուկայի գործունեության կանոնները

 

5. Առկա տեխնիկական հնարավորության սահմաններում անդամ պետություններն ապահովում են էլեկտրահաղորդման միջպետական գծերով էլեկտրական էներգիայի (հզորության) միջպետական փոխանցման անարգել հասանելիությունը՝ հաշվի առնելով անդամ պետությունների էլեկտրական էներգիայի (հզորության) ներքին կարիքների ապահովումը՝ էլեկտրական էներգիայի (հզորության) միջպետական հաղորդման հասանելիության ապահովման սկզբունքները և կարգը սահմանող պայմաններին համապատասխան (այսուհետ՝ հասանելիության կանոններ):

Էլեկտրական էներգիայի (հզորության) միջպետական հաղորդումն իրականացվում է էլեկտրական էներգիայի (հզորության) միջպետական հաղորդում իրականացնելու համար լիազորված կազմակերպության (կազմակերպությունների) և էլեկտրական էներգիայի (հզորության) միջպետական հաղորդման ծառայության սպառողի միջև համապատասխան պայմանագրերի հիման վրա: Նշված պայմանագրերը կնքելու, կատարելու, փոփոխելու, լուծելու, գործողությունը դադարեցնելու, գրանցելու և հաշվառելու կարգը սահմանվում է հասանելիության կանոններով:

Հասանելիության կանոնները հաստատում է Միջկառավարական խորհուրդը:

6. Միության ընդհանուր էլեկտրաէներգետիկական շուկայում էլեկտրական էներգիայի փոխադարձ առևտուրը կարգավորվում է Միջկառավարական խորհրդի կողմից հաստատվող կանոններով (այսուհետ՝ էլեկտրական էներգիայի փոխադարձ առևտրի կանոններ):

7. Միջպետական հատույթների թողունակության սահմանման և բաշխման հետ կապված իրավահարաբերությունների կարգավորումն իրականացվում է Միջկառավարական խորհրդի կողմից հաստատվող՝ Միության ընդհանուր էլեկտրաէներգետիկական շուկայի սուբյեկտների փոխհարաբերությունները կանոնակարգող կանոններին համապատասխան՝ Միության ընդհանուր էլեկտրաէներգետիկական շուկայում էլեկտրական էներգիայի փոխադարձ առևտրի և էլեկտրական էներգիայի (հզորության) միջպետական հաղորդման իրականացման համար հասանելի էլեկտրահաղորդման միջպետական գծերի թողունակությունը սահմանելիս և բաշխելիս:

8. Միության ընդհանուր էլեկտրաէներգետիկական շուկայի գործունեության ընթացքում Միության ընդհանուր էլեկտրաէներգետիկական շուկայի սուբյեկտների, անդամ պետությունների պետական մարմինների և Հանձնաժողովի տեղեկատվական փոխգործակցությունն իրականացվում է Միության ընդհանուր էլեկտրաէներգետիկական շուկայի գործունեության ընթացքում տվյալների կազմը սահմանող և դրանք Միության ընդհանուր էլեկտրաէներգետիկական շուկայի սուբյեկտների, անդամ պետությունների պետական մարմինների և Հանձնաժողովի կողմից տրամադրելու ընթացակարգը սահմանող և Միջկառավարական խորհրդի կողմից հաստատվող կանոններին համապատասխան (այսուհետ՝ տեղեկատվության փոխանակման կանոններ):

 

IV. Հանձնաժողովի լիազորությունները

 

9. Միության ընդհանուր էլեկտրաէներգետիկական շուկայի ձևավորումը, գործունեությունը և զարգացումն ապահովելու նպատակով Հանձնաժողովն իրականացնում է հետևյալ լիազորությունները՝

1) Միության ընդհանուր էլեկտրաէներգետիկական շուկայի գործունեության մշտադիտարկում՝ Հանձնաժողովի խորհրդի կողմից հաստատվող կարգով.

2) Միության ընդհանուր էլեկտրաէներգետիկական շուկայի նկատմամբ իրավական կարգավորման կատարելագործման վերաբերյալ առաջարկների նախապատրաստում.

3) սույն արձանագրությամբ նախատեսված այլ լիազորություններ:

 

V. Միության ընդհանուր էլեկտրաէներգետիկական շուկայի կառավարումը և դրա գործունեության ապահովումը

 

10. Միության ընդհանուր էլեկտրաէներգետիկական շուկայի կառավարումն իրականացնում և դրա գործունեությունն ապահովում են հետևյալ մարմիններն ու կազմակերպությունները՝

անդամ պետությունների այն պետական մարմինները, որոնք, անդամ պետությունների օրենսդրությանը համապատասխան, լիազորված են իրականացնել էլեկտրաէներգետիկայի ոլորտում կարգավորում և (կամ) հսկողություն.

Միության ընդհանուր էլեկտրաէներգետիկական շուկայի ենթակառուցվածքային կազմակերպությունները:

Միության ընդհանուր էլեկտրաէներգետիկական շուկայի գործունեությունն ապահովելու նպատակով անդամ պետությունների նախաձեռնությամբ Բարձրագույն խորհրդի որոշմամբ կարող են ստեղծվել օժանդակ մարմիններ (անդամ պետությունների պետական մարմինների ղեկավարների խորհուրդը, աշխատանքային խմբերը, հատուկ հանձնաժողովները):

11. Անդամ պետությունների օրենսդրությանը համապատասխան էլեկտրաէներգետիկայի ոլորտում կարգավորում և (կամ) հսկողություն իրականացնելու համար լիազորված անդամ պետությունների պետական մարմինների շարքին կարող են դասվել նաև՝

անդամ պետությունների՝ էլեկտրաէներգետիկայի ոլորտում պետական քաղաքականության իրականացման համար լիազորված պետական մարմինները.

անդամ պետությունների՝ մրցակցային (հակամենաշնորհային) քաղաքականության իրականացման և (կամ) անցկացման համար լիազորված պետական մարմինները.

անդամ պետությունների՝ բնական մենաշնորհների սուբյեկտների գործունեության կարգավորման և (կամ) հսկողության լիազորություններով օժտված պետական մարմինները:

Անդամ պետության օրենսդրությանը համապատասխան էլեկտրաէներգետիկայի ոլորտում կարգավորում և (կամ) հսկողություն իրականացնելու համար լիազորված տվյալ անդամ պետության պետական մարմինները Միության ընդհանուր էլեկտրաէներգետիկական շուկայի գործունեությունն ապահովելու նպատակով իրականացնում են հետևյալ գործառույթներն ու լիազորությունները՝

ապահովում են սույն արձանագրության իրականացմանն ուղղված միջոցառումների կատարումը.

աջակցում են էլեկտրաէներգետիկայի ոլորտում անդամ պետության օրենսդրության ներդաշնակեցմանը՝ սույն արձանագրության 5-8-րդ կետերին համապատասխան ընդունվող ակտերին համապատասխան.

մասնակցում են Միության ընդհանուր էլեկտրաէներգետիկական շուկայի գործունեության մշտադիտարկման տվյալների նախապատրաստմանը և ուսումնասիրմանը.

իրականացնում են անդամ պետության մրցակցային (հակամենաշնորհային) օրենսդրության, անդամ պետության տարածքում գրանցված Միության ընդհանուր էլեկտրաէներգետիկական շուկայի սուբյեկտների կողմից էլեկտրական էներգիայի փոխադարձ առևտրի կանոնների և անդամ պետության տարածքներ մուտք գործելու կանոնների պահպանման նկատմամբ վերահսկողություն.

իրականացնում են անդամ պետության տարածքում գրանցված և Միության ընդհանուր էլեկտրաէներգետիկական շուկայում գործունեություն իրականացնող՝ էլեկտրաէներգետիկայի ոլորտում բնական մենաշնորհների սուբյեկտների գործունեության կարգավորում և հսկողություն՝ բնական մենաշնորհների գործունեության կարգավորման և (կամ) հսկողության ոլորտում անդամ պետության օրենսդրությանը համապատասխան.

ուսումնասիրում են այն բողոքները, որոնք վերաբերում են համապատասխան անդամ պետության տարածքում գրանցված՝ Միության ընդհանուր էլեկտրաէներգետիկական շուկայի սուբյեկտի կողմից հասանելիության կանոնների խախտմանը.

հաստատում են համապատասխան անդամ պետության տարածքում գրանցված և էլեկտրաէներգետիկայի ոլորտի բնական մենաշնորհների սուբյեկտներ չհանդիսացող Միության ընդհանուր էլեկտրաէներգետիկական շուկայի ենթակառուցվածքային կազմակերպությունների ծառայությունների գների (սակագների) որոշման մեթոդական ցուցումները.

սույն արձանագրության 5-8-րդ կետերին համապատասխան ընդունվող ակտերով և անդամ պետությունների օրենսդրությամբ նախատեսված այլ գործառույթներ և լիազորություններ:

Անդամ պետությունների օրենսդրությանը համապատասխան էլեկտրաէներգետիկայի ոլորտում կարգավորում և (կամ) հսկողություն իրականացնելու համար լիազորված անդամ պետությունների պետական մարմինների կողմից սույն կետում նշված գործառույթների և լիազորությունների իրականացման կարգը սահմանվում է համապատասխան անդամ պետությունների օրենսդրությամբ:

12. Միության ընդհանուր էլեկտրաէներգետիկական շուկայի ենթակառուցվածքային կազմակերպությունների կազմը սահմանվում է սույն արձանագրության 21-23-րդ կետերին համապատասխան:

Միության ընդհանուր էլեկտրաէներգետիկական շուկայի գործունեության ապահովման մասով Միության ընդհանուր էլեկտրաէներգետիկական շուկայի ենթակառուցվածքային կազմակերպությունների իրավունքներն ու պարտականությունները (գործառույթներն ու լիազորությունները) սահմանվում են սույն արձանագրությամբ, սույն արձանագրության 5-8-րդ կետերին համապատասխան ընդունվող ակտերով և անդամ պետությունների օրենսդրությամբ՝ այդ ակտերով սահմանված մասով:

13. Անդամ պետություններն ապահովում են անդամ պետությունների օրենսդրությանը համապատասխան էլեկտրաէներգետիկայի ոլորտում կարգավորում և (կամ) հսկողություն իրականացնելու համար լիազորված անդամ պետությունների պետական մարմինների, Միության ընդհանուր էլեկտրաէներգետիկական շուկայի ենթակառուցվածքային կազմակերպությունների և Միության ընդհանուր էլեկտրաէներգետիկական շուկայի մասնակիցների փոխգործակցությունը:

 

VI. Միության ընդհանուր էլեկտրաէներգետիկական շուկայի սուբյեկտները

 

14. Միության ընդհանուր էլեկտրաէներգետիկական շուկայի սուբյեկտների կազմում ընդգրկված են՝

1) Միության ընդհանուր էլեկտրաէներգետիկական շուկայի մասնակիցները.

2) Միության ընդհանուր էլեկտրաէներգետիկական շուկայի ենթակառուցվածքային կազմակերպությունները:

15. Միության ընդհանուր էլեկտրաէներգետիկական շուկայում Միության ընդհանուր էլեկտրաէներգետիկական շուկայի սուբյեկտների իրավունքներն ու պարտականությունները (գործառույթները և լիազորությունները) սահմանվում են սույն արձանագրությանը, սույն արձանագրության 5-8-րդ կետերին համապատասխան ընդունվող ակտերին և անդամ պետությունների օրենսդրության՝ այդ ակտերով սահմանված մասին համապատասխան:

16. Միության ընդհանուր էլեկտրաէներգետիկական շուկայի սուբյեկտների ռեեստրը ներառում է անդամ պետությունների էլեկտրաէներգետիկական ներքին մեծածախ շուկաների այն սուբյեկտների մասին տեղեկատվությունը, որոնք, սույն արձանագրության 17-19-րդ կետերին համապատասխան, իրավունք ունեն մասնակցություն ունենալու Միության ընդհանուր էլեկտրաէներգետիկական շուկայում, ինչպես նաև սույն արձանագրության 21-րդ կետում նշված՝ անդամ պետությունների այն ենթակառուցվածքային կազմակերպությունների մասին տեղեկատվությունը, որոնք լիազորված են մասնակցություն ունենալու Միության ընդհանուր էլեկտրաէներգետիկական շուկայում: Նշված տեղեկատվությունը ձևավորվում է անդամ պետությունների օրենսդրությանը համապատասխան լիազորված մարմինների (կազմակերպությունների) կողմից:

Միության ընդհանուր էլեկտրաէներգետիկական շուկայի սուբյեկտների ռեեստրի ձևավորումն ու վարումն իրականացվում են տեղեկատվության փոխանակման կանոններին համապատասխան:

 

VII. Միության ընդհանուր էլեկտրաէներգետիկական շուկայի մասնակիցները

 

17. Միության ընդհանուր էլեկտրաէներգետիկական շուկայի մասնակիցների կազմում ընդգրկված են՝

1) համապատասխան անդամ պետությունների օրենսդրությանը համապատասխան՝ էլեկտրական էներգիայի վաճառք (մատակարարում) իրականացնող և էլեկտրաէներգետիկական ներքին մեծածախ շուկաների սուբյեկտներ հանդիսացող իրավաբանական անձինք.

2) համապատասխան անդամ պետությունների օրենսդրությանը համապատասխան՝ էլեկտրական էներգիայի գնում իրականացնող և էլեկտրաէներգետիկական ներքին մեծածախ շուկաների սուբյեկտներ հանդիսացող իրավաբանական անձինք.

3) այլընտրանքի և սեփական անդամ պետության ներքին էլեկտրաէներգետիկական շուկայում էլեկտրական էներգիա գնելու հնարավորության բացակայության դեպքում սահմանակից անդամ պետությունից էլեկտրահաղորդման միջպետական գծերով «փակուղային սխեմայով» էլեկտրական էներգիայի գնում իրականացնող իրավաբանական անձինք.

4) պլանային արժեքներից էլեկտրական էներգիայի փաստացի սալդո-փոխհոսքերի ժամային շեղումների կարգավորման համար անդամ պետությունների օրենսդրությանը համապատասխան լիազորված իրավաբանական անձինք:

18. Մինչև սույն արձանագրության 19-րդ կետով նախատեսված՝ Հանձնաժողովի խորհրդի որոշումն ուժի մեջ մտնելը յուրաքանչյուր անդամ պետություն, իր օրենսդրության համաձայն, կարող է էլեկտրաէներգետիկական ներքին մեծածախ շուկայի սուբյեկտին օժտել Միության ընդհանուր էլեկտրաէներգետիկական շուկայում մասնակցություն ունենալու լիազորություններով, ինչպես նաև սահմանել այն իրավաբանական անձանց ցուցակը, որոնք իրավունք ունեն մասնակցելու Միության ընդհանուր էլեկտրաէներգետիկական շուկայում էլեկտրական էներգիայի առևտրին:

19. Միության գազի ընդհանուր շուկայի ձևավորման մասին միջազգային պայմանագիրը, ինչպես նաև Միության գազի ընդհանուր շուկայի աշխատանքն ապահովելու համար անհրաժեշտ՝ Միության մարմինների ակտերն ուժի մեջ մտնելուց հետո Հանձնաժողովի խորհրդի կողմից ընդունվում է որոշում, որին համապատասխան անդամ պետությունները պայմաններ են ստեղծում Միության ընդհանուր էլեկտրաէներգետիկական շուկայում կամավոր և մրցակցային հիմունքներով էլեկտրաէներգետիկական ներքին մեծածախ շուկաների բոլոր սուբյեկտների մասնակցության համար: Հանձնաժողովի խորհրդի նշված որոշումն ուժի մեջ մտնելուց հետո անդամ պետություններն իրավունք չունեն էլեկտրաէներգետիկական ներքին մեծածախ շուկայի առանձին սուբյեկտներին լիազորելու Միության ընդհանուր էլեկտրաէներգետիկական շուկայում մասնակցություն ունենալու համար (բացառությամբ սույն արձանագրությամբ նախատեսված դեպքերի):

20. Անդամ պետությունների իրավաբանական անձինք Միության ընդհանուր էլեկտրաէներգետիկական շուկայում էլեկտրական էներգիայի առևտուր իրականացնում են այն դեպքում, երբ էլեկտրաէներգետիկայի ոլորտում միաժամանակ չեն իրականացնում (չեն համատեղում) գործունեության բնական մենաշնորհային և մրցակցային տեսակներ:

Սույն կետի առաջին պարբերության դրույթները չեն տարածվում Միության ընդհանուր էլեկտրաէներգետիկական շուկայում էլեկտրական էներգիայի առևտրի վրա հետևյալ դեպքերում՝

Միության ընդհանուր էլեկտրաէներգետիկական շուկայում էլեկտրական էներգիայի առևտուրն իրականացվում է պլանային արժեքներից էլեկտրական էներգիայի փաստացի սալդո-փոխհոսքերի ժամային շեղումների կարգավորման նպատակով.

Միության ընդհանուր էլեկտրաէներգետիկական շուկայում էլեկտրական էներգիայի գնումն իրականացվում է համակարգային և (կամ) ցանցային օպերատորների կողմից՝ էլեկտրական էներգիայի փոխադարձ առևտրի կանոններով սահմանված դեպքերում էլեկտրական ցանցերում կորուստները փոխհատուցելու նպատակով:

Սույն կետի առաջին պարբերության դրույթները չեն տարածվում էլեկտրական էներգիայի արտադրություն և (կամ) վաճառք իրականացնող՝ անդամ պետության իրավաբանական անձանց վրա, եթե սույն արձանագրությունն ուժի մեջ մտնելու օրվա դրությամբ տվյալ անդամ պետությունում էլեկտրական էներգիայի արտադրությունը և (կամ) վաճառքն առնչվում են բնական մենաշնորհների ոլորտներին՝ «Բնական մենաշնորհի սուբյեկտների գործունեության կարգավորման միասնական սկզբունքների և կանոնների մասին» արձանագրության 2-րդ հավելվածին համապատասխան (Պայմանագրի թիվ 20 հավելված):

Սույն կետի հինգերորդ պարբերությունում նշված իրավաբանական անձանց՝ Միության ընդհանուր էլեկտրաէներգետիկական շուկայում էլեկտրական էներգիայի առևտրին մասնակցելու առանձնահատկությունները սահմանվում են էլեկտրական էներգիայի փոխադարձ առևտրի կանոններով՝ հաշվի առնելով «Բնական մենաշնորհների սուբյեկտների գործունեության կարգավորման միասնական սկզբունքների և կանոնների մասին» արձանագրության դրույթները (Պայմանագրի թիվ 20 հավելված):

 

VIII. Միության ընդհանուր էլեկտրաէներգետիկական շուկայի ենթակառուցվածքային կազմակերպությունները

 

21. Միության ընդհանուր էլեկտրաէներգետիկական շուկայի ենթակառուցվածքային կազմակերպությունների կազմում ընդգրկված են՝

1) համակարգային օպերատորները.

2) ցանցային օպերատորները.

3) կենտրոնացված առևտրի օպերատորը (օպերատորները).

4) սույն արձանագրության 5-8-րդ կետերին համապատասխան ընդունվող ակտերին համապատասխան՝ էլեկտրական էներգիայի փոխադարձ առևտրի ժամանակ Միության ընդհանուր էլեկտրաէներգետիկական շուկայի սուբյեկտներին ծառայություններ մատուցող այլ կազմակերպություններ:

22. Մեկ անդամ պետության՝ Միության ընդհանուր էլեկտրաէներգետիկական շուկայի մի քանի ենթակառուցվածքային կազմակերպությունների գործառույթները կարող են համատեղվել՝ այդ անդամ պետության օրենսդրությանը համապատասխան:

23. Միության ընդհանուր էլեկտրաէներգետիկական շուկայի ենթակառուցվածքային կազմակերպությունները ծառայություններ են մատուցում սույն արձանագրության 5-8-րդ կետերին համապատասխան ընդունվող ակտերի համաձայն կնքվող պայմանագրերին համապատասխան:

 

IX. Միության ընդհանուր էլեկտրաէներգետիկական շուկայում էլեկտրական էներգիայի առևտուրը

 

24. Միության ընդհանուր էլեկտրաէներգետիկական շուկայում էլեկտրական էներգիայի առևտրի իրականացման եղանակները՝

1) ազատ երկկողմ պայմանագրերով Միության ընդհանուր էլեկտրաէներգետիկական շուկայի մասնակիցների միջև էլեկտրական էներգիայի փոխադարձ առևտուր.

2) Միության ընդհանուր էլեկտրաէներգետիկական շուկայի մասնակիցների միջև էլեկտրական էներգիայի կենտրոնացված առևտուր, որի տեսակները սահմանվում են էլեկտրական էներգիայի փոխադարձ առևտրի կանոններով և այդ թվում ներառում են «մեկ օր առաջ» կենտրոնացված առևտուրը՝ դրա տնտեսական նպատակահարմարության պայմանով (այսուհետ՝ էլեկտրական էներգիայի կենտրոնացված առևտուր).

3) պլանային արժեքներից էլեկտրական էներգիայի փաստացի սալդո-փոխհոսքերի ժամային շեղումների կարգավորում՝ դրա համար լիազորված անդամ պետությունների կազմակերպությունների միջև կնքվող պայմանագրերի հիման վրա:

25. Միության ընդհանուր էլեկտրաէներգետիկական շուկայում էլեկտրական էներգիայի առևտուրն իրականացվում է Միության ընդհանուր էլեկտրաէներգետիկական շուկայի՝ տարբեր անդամ պետությունների իրավաբանական անձ հանդիսացող մասնակիցների միջև՝ անդամ պետությունների պետական սահմանների համապատասխան միջպետական հատվածքներում սույն արձանագրությանը, էլեկտրական էներգիայի փոխադարձ առևտրի կանոններին համապատասխան և այն պայմանագրերի հիման վրա, որոնց կնքումն անհրաժեշտ է սահմանված առևտրի եղանակի օգտագործմամբ էլեկտրական էներգիայի առևտուր իրականացնելու համար:

26. Էլեկտրական էներգիայի փոխադարձ առևտրի կանոններով սահմանվում են Միության ընդհանուր էլեկտրաէներգետիկական շուկայի մասնակիցների այն գործողությունները, որոնք նշված մասնակիցները պետք է կատարեն առևտրի համապատասխան եղանակի օգտագործմամբ առևտուր սկսելու համար:

Պայմանագրերի էական պայմանների ցանկը, որոնց կնքումն անհրաժեշտ է առևտրի սահմանված եղանակի օգտագործմամբ, այդ թվում՝ ազատ երկկողմ պայմանագրերով Միության ընդհանուր էլեկտրաէներգետիկական շուկայում էլեկտրական էներգիայի առևտրին մասնակցելու համար, և նշված պայմանագրերը կնքելու, կատարելու, փոփոխելու, լուծելու, դրանց գործողությունը դադարեցնելու, ինչպես նաև դրանք գրանցելու ու հաշվառելու կարգը սահմանվում են էլեկտրական էներգիայի փոխադարձ առևտրի կանոններով ու հասանելիության կանոններով: Նշված կանոններով սահմանվում է Միության ընդհանուր էլեկտրաէներգետիկական շուկայում էլեկտրական էներգիայի առևտրին մասնակցելու համար անհրաժեշտ այն պայմանագրերի ցանկը, որոնք կնքվում են Հանձնաժողովի խորհրդի կողմից հաստատվող ստանդարտ ձևերին համապատասխան: Համաձայն այդ ձևերի՝ կնքված պայմանագրերի պայմանները չեն կարող միակողմանի կարգով փոփոխվել պայմանագրերի կողմեր հանդիսացող՝ Միության ընդհանուր էլեկտրաէներգետիկական շուկայի մասնակիցների կողմից:

27. Միության ընդհանուր էլեկտրաէներգետիկական շուկայի մասնակիցների միջև էլեկտրական էներգիայի փոխադարձ առևտուրն ազատ երկկողմ պայմանագրերով իրականացվում է Միության ընդհանուր էլեկտրաէներգետիկական շուկայի մասնակիցների կողմից՝ էլեկտրական էներգիայի առք ու վաճառքի երկկողմ պայմանագրեր կնքելու միջոցով այն գներով, ծավալով և մատակարարման պայմաններով, որոնք պայմանագրերի կողմերը սահմանում են ինքնուրույն՝ հաշվի առնելով միջպետական հատվածքների թողունակությունը, այլ տեխնոլոգիական և կանոնակարգող սահմանափակումները: Էլեկտրական էներգիայի մատակարարման ծավալների փոփոխումը և ազատ երկկողմ պայմանագրի լուծումն իրականացվում են էլեկտրական էներգիայի փոխադարձ առևտրի կանոններով սահմանված կարգով և ժամկետներում։ Միության ընդհանուր էլեկտրաէներգետիկական շուկայում սահմանված կարգով գրանցված ազատ երկկողմ պայմանագրերով գնվող (վաճառվող) էլեկտրական էներգիայի ծավալներն անդամ պետությունների էլեկտրական էներգիայի ներքին մեծածախ շուկաներում պետք է հաշվառվեն այդ անդամ պետությունների օրենսդրությանը համապատասխան:

28. Էլեկտրական էներգիայի կենտրոնացված առևտուրն իրականացվում է Միության ընդհանուր էլեկտրաէներգետիկական շուկայի մասնակիցների կողմից՝ առևտրի էլեկտրոնային համակարգի օգտագործմամբ, որն ապահովում է էլեկտրական էներգիայի գների և գնման (վաճառքի) ծավալների սահմանումը՝ էլեկտրական էներգիայի փոխադարձ առևտրի կանոններին համապատասխան: Էլեկտրական էներգիայի կենտրոնացված առևտրի կազմակերպման ծառայությունները մատուցվում են կենտրոնացված առևտրի օպերատորի (օպերատորների) կողմից՝ պայմանագրային հատուցելի հիմունքներով:

Միության ընդհանուր էլեկտրաէներգետիկական շուկայում էլեկտրական էներգիայի կենտրոնացված առևտրի արդյունքներով կնքված և Միության ընդհանուր էլեկտրաէներգետիկական շուկայում սահմանված կարգով գրանցված պայմանագրերով գնվող (վաճառվող) էլեկտրական էներգիայի ծավալներն անդամ պետությունների էլեկտրական էներգիայի ներքին մեծածախ շուկաներում պետք է գրանցվեն և հաշվառվեն այդ անդամ պետությունների օրենսդրությանը համապատասխան:

29. Պլանային արժեքներից էլեկտրական էներգիայի փաստացի սալդո-փոխհոսքերի ժամային շեղումները կարգավորելու և Միության ընդհանուր էլեկտրաէներգետիկական շուկայի մասնակիցների կողմից համապատասխան միջպետական հատվածքներով էլեկտրական էներգիայի փոխադարձ առևտուր իրականացնելու հնարավորությունն ապահովելու նպատակներով շեղումների կարգավորման համար լիազորված սահմանակից անդամ պետությունների կազմակերպությունները, էլեկտրական էներգիայի փոխադարձ առևտրի կանոններին համապատասխան, կնքում են ժամային շեղումների առք ու վաճառքի պայմանագրեր կամ այլ պայմանագրեր, եթե դա չի հակասում անդամ պետությունների օրենսդրությանը:

Սույն արձանագրության 24-րդ կետի 1-ին և 2-րդ ենթակետերում նշված եղանակներով էլեկտրական էներգիայի առևտուրը Միության ընդհանուր էլեկտրաէներգետիկական շուկայի մասնակիցների միջև՝ համապատասխան հատվածքով, չի իրականացվում մինչև սույն կետի առաջին պարբերության մեջ նշված պայմանագրերի կնքումը։

Ժամային շեղումների մեծությունների հաշվարկման կարգը և դրանց կարգավորման կարգը սահմանվում են էլեկտրական էներգիայի փոխադարձ առևտրի կանոններով:

Միջպետական հատվածքներում, որտեղ Միության ընդհանուր էլեկտրաէներգետիկական շուկայի մասնակիցների միջև իրականացվում է էլեկտրական էներգիայի այնպիսի առևտուր, որն առնչություն ունի «փակուղային սխեմայով» այլընտրանքի և սեփական անդամ պետության ներքին էլեկտրաէներգետիկական շուկայում էլեկտրական էներգիա գնելու հնարավորության բացակայության դեպքում էլեկտրական էներգիայով սպառողներին էլեկտրամատակարարման հետ, շեղումների կարգավորումն իրականացվում է էլեկտրական էներգիայի առք ու վաճառքի ազատ երկկողմ պայմանագրերի շրջանակներում:

30. Յուրաքանչյուր անդամ պետություն, սեփական օրենսդրությանը համապատասխան, սահմանում է պլանային արժեքներից էլեկտրական էներգիայի փաստացի սալդո-փոխհոսքերի ժամային շեղումների կարգավորմանը մասնակցելու և համապատասխան պայմանագրեր կնքելու համար լիազորված էլեկտրաէներգետիկական ներքին մեծածախ շուկայի սուբյեկտին:

Պլանային արժեքներից էլեկտրական էներգիայի փաստացի սալդո-փոխհոսքերի ժամային շեղումների կարգավորման պայմանագրեր կնքելու մասին տեղեկատվությունը Միության ընդհանուր էլեկտրաէներգետիկական շուկայի սուբյեկտներին տրամադրվում է տեղեկատվության փոխանակման կանոններին համապատասխան:

31. Մյուս անդամ պետությունների հետ ընդհանուր սահման չունեցող անդամ պետության՝ Միության ընդհանուր էլեկտրաէներգետիկական շուկայի մասնակիցների կողմից այդպիսի անդամ պետության հետ սահմանակից երրորդ պետության տարածքով Միության ընդհանուր էլեկտրաէներգետիկական շուկայում էլեկտրական էներգիայով առևտուր իրականացնելու համար մյուս անդամ պետությունների հետ ընդհանուր սահման չունեցող անդամ պետության լիազորված կազմակերպության և երրորդ պետության օրենսդրությանը համապատասխան՝ համապատասխան պայմանագրեր կնքելու համար լիազորված կազմակերպության միջև պետք է կնքվեն պլանային արժեքներից էլեկտրական էներգիայի փաստացի սալդո-փոխհոսքերի ժամային շեղումների կարգավորման պայմանագրեր:

Մյուս անդամ պետությունների հետ ընդհանուր սահման չունեցող անդամ պետության՝ Միության ընդհանուր էլեկտրաէներգետիկական շուկայի մասնակիցների կողմից Միության ընդհանուր էլեկտրաէներգետիկական շուկայում էլեկտրական էներգիայի առևտուր իրականացնելու անհրաժեշտ պայման է նաև երկու ուղղությամբ երրորդ պետությունով էլեկտրական էներգիայի տարանցման պայմանագրերի կնքումը (առկայությունը):

 

X. Կենտրոնացված առևտրի օպերատորը (օպերատորները)

 

32. Միության ընդհանուր էլեկտրաէներգետիկական շուկայում էլեկտրական էներգիայի կենտրոնացված առևտրի կազմակերպումն իրականացվում է անդամ պետության (անդամ պետությունների) կազմակերպության (կազմակերպությունների) կողմից, որը սահմանվել է Հանձնաժողովի խորհրդի կողմից՝ անդամ պետությունների առաջարկների հիման վրա։

33. Կենտրոնացված առևտրի օպերատորի (օպերատորների) իրավունքները և պարտականությունները (գործառույթներն ու լիազորությունները) սահմանվում են էլեկտրական էներգիայի փոխադարձ առևտրի կանոններով, տեղեկատվության փոխանակման կանոններով, միանալու մասին պայմանագրով (պայմանագրերով) և կենտրոնացված առևտրի օպերատորի (օպերատորների) կանոնակարգերով։

34. Էլեկտրական էներգիայի կենտրոնացված առևտրի կազմակերպման մասով ծառայությունների մատուցումն իրականացվում է առևտրի համապատասխան էլեկտրոնային համակարգի առևտրային հարթակի օգտագործմամբ։

35. Միանալու մասին պայմանագրի ձևը (պայմանագրերի ձևերը), սույն արձանագրության 5-8-րդ կետերին համապատասխան ընդունվող ակտերով նախատեսված պայմանագրերի ստանդարտ ձևերն ու կանոնակարգերը հաստատվում են Հանձնաժողովի խորհրդի կողմից՝ անդամ պետությունների առաջարկների հիման վրա։

36. Կենտրոնացված առևտրի օպերատորի (օպերատորների) ծառայությունների գնի (սակագնի) որոշման սկզբունքները սահմանվում են էլեկտրական էներգիայի փոխադարձ առևտրի կանոններով։

 

XI. Միության ընդհանուր էլեկտրաէներգետիկական շուկայում էլեկտրական էներգիայի առևտրի տեխնոլոգիական հիմքը

 

37. Միության ընդհանուր էլեկտրաէներգետիկական շուկայում էլեկտրական էներգիայի առևտրի տեխնոլոգիական հիմք են կազմում՝

1) տեղեկատվության փոխանակման համակարգը, որն ապահովում է Միության ընդհանուր էլեկտրաէներգետիկական շուկայի սուբյեկտների փոխգործակցությունը անդամ պետությունների էլեկտրաէներգետիկական համակարգերի և էլեկտրաէներգետիկական շուկաների գործունեության մասին տվյալների հիման վրա.

2) առևտրի էլեկտրոնային համակարգը, որն ապահովում է կենտրոնացված առևտրի անցկացումը ժամկետային պայմանագրերով.

3) առևտրի էլեկտրոնային համակարգը, որն ապահովում է «մեկ օր առաջ» կենտրոնացված առևտրի անցկացումը։

 

XII. Միության ընդհանուր էլեկտրաէներգետիկական շուկայում էլեկտրաէներգետիկայի ոլորտում բնական մենաշնորհների սուբյեկտների, ինչպես նաև էլեկտրական էներգիայի (հզորության) միջպետական հաղորդում իրականացնելու համար լիազորված այլ կազմակերպությունների գործունեության կարգավորումն ու վերահսկողությունը

 

38. Էլեկտրաէներգետիկայի ոլորտում բնական մենաշնորհների սուբյեկտների և էլեկտրական էներգիայի (հզորության) միջպետական հաղորդում իրականացնելու համար լիազորված այլ կազմակերպությունների գործունեության կարգավորումն ու վերահսկողությունը նրանց կողմից էլեկտրական էներգիայի (հզորության) միջպետական հաղորդում իրականացնելու ժամանակ իրականացվում են սույն արձանագրությանը, հասանելիության կանոններին և այն անդամ պետության օրենսդրությանը համապատասխան, որի տարածքով իրականացվում է էլեկտրական էներգիայի (հզորության) միջպետական հաղորդումը։

Էլեկտրաէներգետիկայի ոլորտում բնական մենաշնորհների սուբյեկտների գործունեության կարգավորումն ու վերահսկողությունը Միության ընդհանուր էլեկտրաէներգետիկական շուկայում էլեկտրական էներգիայի գնում (վաճառք) իրականացնող՝ էլեկտրաէներգետիկական ներքին մեծածախ շուկայի սուբյեկտներին իրենց կողմից համապատասխան ծառայություններ մատուցելիս իրականացվում է տվյալ անդամ պետության օրենսդրությանը համապատասխան՝ հաշվի առնելով «Բնական մենաշնորհների սուբյեկտների գործունեության կարգավորման միասնական սկզբունքների և կանոնների մասին» արձանագրության (Պայմանագրի թիվ 20 հավելված) 3-րդ կետում նշված սկզբունքները։

Էլեկտրաէներգետիկայի ոլորտում բնական մենաշնորհների սուբյեկտների՝ էլեկտրաէներգետիկայում էլեկտրական էներգիայի հաղորդման և օպերատիվ-կարգավարական կառավարման ծառայությունները մատուցվում են միայն այն անդամ պետության ներքին էլեկտրաէներգետիկական շուկայի սուբյեկտներին, որի տարածքում, տվյալ անդամ պետության օրենսդրությանը համապատասխան, իրականացվում է տվյալ ծառայությունների մատուցումը։ Ընդ որում, Միության ընդհանուր էլեկտրաէներգետիկական շուկայում էլեկտրական էներգիայի գնում (վաճառք) իրականացնող՝ էլեկտրաէներգետիկական ներքին մեծածախ շուկայի սուբյեկտների համար էլեկտրաէներգետիկայի ոլորտում բնական մենաշնորհների նշված սուբյեկտների ծառայությունների հասանելիությունը պետք է ապահովվի նույն պայմաններով, որով համապատասխան ծառայությունների հասանելիությունն ապահովվում է միայն անդամ պետության ներքին մեծածախ էլեկտրաէներգետիկական շուկայում էլեկտրական էներգիայի գնում (վաճառք) իրականացնող սուբյեկտների համար։

39. Էլեկտրաէներգետիկայի ոլորտում բնական մենաշնորհների սուբյեկտների ծառայությունների նկատմամբ գնագոյացումը (սակագնի գոյացումը) իրականացվում է անդամ պետությունների օրենսդրությանը համապատասխան։

Էլեկտրաէներգետիկայի ոլորտում բնական մենաշնորհների սուբյեկտների ծառայությունների գները (սակագները) Միության ընդհանուր էլեկտրաէներգետիկական շուկայում չպետք է գերազանցեն էլեկտրաէներգետիկական ներքին մեծածախ շուկայի սուբյեկտների համար համանման ներքին գները (սակագները)։

Անդամ պետության տարածքում էլեկտրական էներգիայի (հզորության) միջպետական հաղորդում իրականացնելիս գնագոյացման (սակագնի գոյացման) ժամանակ պետք է հաշվի առնել էլեկտրական էներգիայի (հզորության) միջպետական հաղորդում իրականացնելու համար լիազորված կազմակերպության փոխհատուցումը, այդ կազմակերպության կողմից անդամ պետության օրենսդրությանը համապատասխան ներքին էլեկտրաէներգետիկական շուկայում էլեկտրական էներգիայի (հզորության) միջպետական հաղորդման ապահովմամբ պայմանավորված ծախսերի (ծախքերի) փոխհատուցումը։ Ընդ որում, եթե էլեկտրական էներգիայի (հզորության) միջպետական հաղորդում իրականացնելու գինը (սակագինը) սահմանվում է այն պարամետրերի կանխատեսումային արժեքների հիման վրա, որոնք հաշվի են առնվում նշված գինը (սակագինը) անդամ պետության օրենսդրությանը համապատասխան սահմանելիս, ապա էլեկտրական էներգիայի (հզորության) միջպետական հաղորդում իրականացնելու գնի (սակագնի) հետագա սահմանման ժամանակ հաշվի է առնվում նախորդ հաշվարկային ժամանակահատվածին առնչվող տվյալ պարամետրերի կանխատեսումային և փաստացի արժեքների միջև տարբերությունը։

Էլեկտրական էներգիայի (հզորության) միջպետական հաղորդում իրականացնելու գները (սակագները) սահմանվում են նախօրոք՝ մինչև հերթական օրացուցային ամսվա (հաշվարկային ժամանակահատվածի) սկիզբը, հասանելիության կանոններով նախատեսված ժամկետում, և տվյալ օրացուցային ամսվա (հաշվարկային ժամանակահատվածի) պարտավորությունների մասով փոփոխության ենթակա չեն։

 

XIII. Միության ընդհանուր էլեկտրաէներգետիկական շուկայի հակամենաշնորհային կարգավորումը

 

40. Միության ընդհանուր էլեկտրաէներգետիկական շուկայի հակամենաշնորհային կարգավորումն իրականացվում է անդամ պետությունների օրենսդրությանը և Պայմանագրի XVIII բաժնին համապատասխան՝ հաշվի առնելով Պայմանագրի XIX և XX բաժիններով և սույն արձանագրությամբ սահմանված առանձնահատկությունները:

 

XIV. Միջպետական էլեկտրական ցանցերի զարգացումը

 

41. Անդամ պետությունն իր տարածքում իրականացնում է միջպետական էլեկտրական ցանցերի զարգացում՝ Հանձնաժողովի խորհրդի կողմից հաստատված միջպետական էլեկտրական ցանցերի զարգացման մասին հիմնադրույթին և իր օրենսդրությանը համապատասխան։

 

XV. Միության ընդհանուր էլեկտրաէներգետիկական շուկայի ձևավորման և զարգացման փուլերը

 

42. Սույն արձանագրությամբ նախատեսված ակտերի ընդունման ժամկետները, ինչպես նաև Միության ընդհանուր էլեկտրաէներգետիկական շուկայի զարգացման փուլերը սահմանվում են Բարձրագույն խորհրդի կողմից։

 

XVI. Էլեկտրական էներգիայի (հզորության) միջպետական հաղորդման իրականացումը

 

43. Սույն բաժնի նպատակներով օգտագործվում են հետևյալ հասկացությունները՝

էլեկտրական էներգիայի (հզորության) ներքին կարիքներ՝ էլեկտրական էներգիայի (հզորության) ծավալներ, որոնք անհրաժեշտ են համապատասխան անդամ պետությունների տարածքներում դրանց սպառման համար.

էլեկտրաէներգետիկայի ոլորտում բնական մենաշնորհների սուբյեկտների ծառայությունների հասանելիություն՝ անդամ պետություններից մեկի ներքին շուկայի սուբյեկտի՝ այլ անդամ պետության տարածքում էլեկտրաէներգետիկայի ոլորտում բնական մենաշնորհների սուբյեկտների ծառայություններից օգտվելու հնարավորություն.

էլեկտրական էներգիայի ներքին շուկայի սուբյեկտներ՝ անդամ պետության՝ այդ անդամ պետության օրենսդրությանը համապատասխան էլեկտրական էներգիայի (հզորության) շուկայի սուբյեկտ հանդիսացող անձինք, որոնք էլեկտրաէներգետիկայի ոլորտում իրականացնում են գործունեություն, այդ թվում՝ էլեկտրական էներգիայի (հզորության) արտադրություն, էլեկտրական էներգիայի (հզորության) ձեռքբերում և վաճառք, էլեկտրական էներգիայի բաշխում, սպառողների էներգամատակարարում, էլեկտրաէներգետիկայի ոլորտում էլեկտրական էներգիայի (հզորության) հաղորդման, օպերատիվ-կարգավարական կառավարման մասով ծառայությունների մատուցում, էլեկտրական էներգիայի (հզորության) իրացում, էլեկտրաէներգիայի առք ու վաճառքի կազմակերպում։

44. Առկա տեխնիկական հնարավորության սահմաններում անդամ պետություններն ապահովում են էլեկտրաէներգետիկայի ոլորտում բնական մենաշնորհների սուբյեկտների ծառայություններից անարգել օգտվելու հնարավորություն` անդամ պետությունների՝ էլեկտրական էներգիայի (հզորության) ներքին կարիքների ապահովման համար նշված ծառայությունների առաջնահերթ օգտագործման պայմանով՝ հետևյալ սկզբունքների հիման վրա՝

1) էլեկտրական էներգիայի (հզորության) ներքին շուկայի սուբյեկտներին ներկայացվող պահանջների հավասարությունը, որոնք սահմանված են այն անդամ պետության օրենսդրությամբ, որի տարածքում մատուցվում են այդ ծառայությունները.

2) էլեկտրաէներգետիկայի ոլորտում բնական մենաշնորհների ծառայություններից օգտվելու հնարավորություն տրամադրելիս անդամ պետությունների օրենսդրությունը հաշվի առնելը՝ անդամ պետությունների ներքին կարիքների ապահովման համար նշված ծառայությունների առաջնահերթ օգտագործման պայմանով.

3) էլեկտրաէներգետիկայի այն օբյեկտների տեխնիկական պատշաճ վիճակի ապահովումը, որոնք ազդում են անդամ պետությունների էլեկտրաէներգետիկական համակարգերի զուգահեռ աշխատանքի ռեժիմների վրա՝ էլեկտրաէներգետիկայի ոլորտում բնական մենաշնորհների սուբյեկտների կողմից ծառայությունների մատուցման ժամանակ.

4) անդամ պետությունների էլեկտրաէներգիայի ներքին շուկաների սուբյեկտների միջև ծագող հարաբերությունների պայմանագրային ձևակերպումը.

5) էլեկտրաէներգետիկայի ոլորտում անդամ պետությունների բնական մենաշնորհների սուբյեկտների ծառայությունների հատուցելիությունը։

45. Էլեկտրական էներգիայի (հզորության) միջպետական հաղորդման ապահովումն իրականացվում է հետևյալ սկզբունքների հիման վրա՝

1) սահմանակից անդամ պետության էլեկտրաէներգետիկական համակարգով էլեկտրական էներգիայի (հզորության) միջպետական հաղորդումն ապահովվում է անդամ պետությունների կողմից առկա տեխնիկական հնարավորության սահմաններում՝ անդամ պետությունների՝ էլեկտրական էներգիայի (հզորության) ներքին կարիքների առաջնահերթ ապահովման պայմանով.

2) էլեկտրական էներգիայի (հզորության) միջպետական հաղորդման տեխնիկական հնարավորության սահմանումն իրականացվում է ըստ հետևյալ առաջնահերթության`

այն անդամ պետության՝ էլեկտրական էներգիայի (հզորության) ներքին կարիքների ապահովումը, որի էլեկտրաէներգետիկական համակարգով պլանավորվում է իրականացնել միջպետական հաղորդումը.

էլեկտրական էներգիայի (հզորության) միջպետական հաղորդման ապահովում անդամ պետության էլեկտրաէներգետիկական համակարգի մի մասից դրա մյուս մաս՝ սահմանակից անդամ պետության էլեկտրաէներգետիկական համակարգի միջոցով.

էլեկտրական էներգիայի (հզորության) միջպետական հաղորդման ապահովում անդամ պետության էլեկտրաէներգետիկական համակարգով մեկ անդամ պետության էլեկտրաէներգետիկական համակարգից այլ անդամ պետության էլեկտրաէներգետիկական համակարգ.

էլեկտրական էներգիայի (հզորության) միջպետական հաղորդման ապահովում անդամ պետության էլեկտրաէներգետիկական համակարգով՝ երրորդ պետությունների էլեկտրաէներգետիկայի ոլորտի սուբյեկտների նկատմամբ պարտավորությունների կատարման նպատակով.

3) էլեկտրական էներգիայի (հզորության) միջպետական հաղորդման ժամանակ անդամ պետությունների լիազորված կազմակերպություններն առաջնորդվում են էլեկտրական էներգիայի (հզորության) միջպետական հաղորդման արժեքի փոխհատուցման սկզբունքով՝ ելնելով անդամ պետության օրենսդրությունից.

4) երրորդ պետությունների էլեկտրաէներգետիկայի ոլորտի սուբյեկտների նկատմամբ պարտավորությունները կատարելու նպատակով էլեկտրական էներգիայի (հզորության) միջպետական հաղորդումը կարգավորվում է երկկողմ հիմունքներով՝ հաշվի առնելով համապատասխան անդամ պետության օրենսդրությունը։

46. Էլեկտրաէներգետիկական համակարգերով էլեկտրական էներգիայի (հզորության) անխափան միջպետական հաղորդում ապահովելու նպատակով անդամ պետություններն իրականացնում են համաձայնեցված նախապատրաստական համալիր միջոցառումներ, այն է՝

մինչև էլեկտրական էներգիայի (հզորության) մատակարարման օրացուցային տարվա սկիզբը՝ անդամ պետությունների կողմից լիազորված կազմակերպությունների կողմից հայտագրվում են միջպետական հաղորդման համար նախատեսված էլեկտրական էներգիայի (հզորության) պլանային ծավալները՝ էլեկտրական էներգիայի (հզորության) արտադրության և սպառման կանխատեսվող ազգային հաշվեկշիռների մեջ դրանք հաշվի առնելու համար, այդ թվում՝ բնական մենաշնորհների սուբյեկտների ծառայությունների սակագների հաշվարկի ժամանակ այդ մատակարարումների հաշվառման համար.

էլեկտրական էներգիայի (հզորության) միջպետական հաղորդման պլանային արժեքի հաշվարկների հիման վրա՝ անդամ պետությունների կողմից լիազորված կազմակերպությունները կնքում են պայմանագրեր՝ ի կատարումն ձեռք բերված պայմանավորվածությունների։

Անդամ պետությունների էլեկտրաէներգետիկական համակարգերով էլեկտրական էներգիայի (հզորության) անխափան միջպետական հաղորդում ապահովելու նպատակով անդամ պետությունների լիազորված մարմինները կիրառում են անդամ պետությունների միջև էլեկտրական էներգիայի (հզորության) միջպետական հաղորդման իրականացման մեթոդաբանությունը, որը ներառում է էլեկտրական էներգիայի (հզորության) միջպետական հաղորդման տեխնիկական պայմանների և ծավալների սահմանման կարգը, ինչպես նաև էլեկտրական էներգիայի (հզորության) միջպետական հաղորդման հետ կապված ծառայությունների գնագոյացման (սակագնի գոյացման) համաձայնեցված մոտեցումները՝ համաձայն սույն արձանագրության հավելվածի։

Անդամ պետությունների օրենսդրությանը համապատասխան սահմանվող կազմակերպություններն իրենց պետության տարածքով էլեկտրական էներգիայի (հզորության) միջպետական հաղորդումն ապահովում են նշված մեթոդաբանությանը համապատասխան։

47. Էլեկտրական էներգիայի (հզորության) միջպետական հաղորդումը և էլեկտրական էներգիայի (հզորության) միջպետական հաղորդման ապահովման համար անհրաժեշտ էլեկտրացանցային տնտեսության օբյեկտների շահագործումն իրականացվում են էլեկտրական էներգիայի (հզորության) միջպետական հաղորդման ապահովման հետ կապված ծառայությունները մատուցող անդամ պետության նորմատիվ իրավական և նորմատիվ-տեխնիկական փաստաթղթերին համապատասխան։

48. Էլեկտրական էներգիայի (հզորության) միջպետական հաղորդման մերժման դեպքում անդամ պետությունների կողմից լիազորված կազմակերպություններն ապահովում են մերժման պատճառները հիմնավորող նյութերի տրամադրումը։

49. Էլեկտրական էներգիայի (հզորության) միջպետական հաղորդմանը վերաբերող հարաբերությունների կարգավորումն իրականացվում է՝ հաշվի առնելով գործող այլ միջազգային պայմանագրեր։».

նշված արձանագրության հավելվածում՝

համարակալված վերնագիրը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«Հավելված՝ Եվրասիական տնտեսական միության ընդհանուր էլեկտրաէներգետիկական շուկայի մասին արձանագրության».

2.1 կետի վեցերորդ պարբերության մեջ ««Էլեկտրաէներգետիկայի ոլորտում բնական մենաշնորհների սուբյեկտների ծառայությունների հասանելիության ապահովման, այդ թվում՝ գնագոյացման և սակագնային քաղաքականության հիմունքների մասին» արձանագրությամբ» բառերը փոխարինել ««Եվրասիական տնտեսական միության ընդհանուր էլեկտրաէներգետիկական շուկայի մասին» արձանագրությամբ» բառերով.

2.3 կետի 2.3.1 ենթակետի հինգերորդ պարբերության մեջ ««Էլեկտրաէներգետիկայի ոլորտում բնական մենաշնորհների սուբյեկտների ծառայությունների հասանելիության ապահովման, այդ թվում՝ գնագոյացման և սակագնային քաղաքականության հիմունքների մասին» արձանագրության» բառերը փոխարինել ««Եվրասիական տնտեսական միության ընդհանուր էլեկտրաէներգետիկական շուկայի մասին» արձանագրության» բառերով։

 

Հոդված 2

 

Սույն արձանագրությունն ուժի մեջ է մտնում այն ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգերն անդամ պետությունների կողմից կատարվելու մասին վերջին գրավոր ծանուցումն ավանդապահի կողմից ստանալու օրվանից:

 

Կատարված է Նուր-Սուլտան քաղաքում 2019 թվականի մայիսի 29-ին, մեկ բնօրինակից՝ ռուսերեն։

Սույն արձանագրության բնօրինակը պահվում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովում, որը՝ որպես սույն արձանագրության ավանդապահ, անդամ պետություններից յուրաքանչյուրին կուղարկի դրա հաստատված պատճենը։

 

Հայաստանի Հանրապետության կողմից`

Բելառուսի Հանրապետության կողմից`

Ղազախստանի Հանրապետության կողմից`

Ղրղզստանի Հանրապետության կողմից`

Ռուսաստանի Դաշնության կողմից`

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 22 հունիսի 2022 թվական: