Գլխավոր տեղեկություն
Номер
N 1045-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (11.09.2010-25.08.2011)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2010.09.01/42(776) Հոդ.962
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
05.08.2010
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
25.08.2010
Дата вступления в силу
11.09.2010

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

5 օգոստոսի 2010 թվականի N 1045-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Պետական կառավարչական հիմնարկների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ կետերի, 11-րդ հոդվածի 1-ին կետի, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի պահանջներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել`

1) Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության աշխատակազմի իրավական ակտերի փորձաքննության գործակալության կանոնադրությունը` համաձայն N 1 հավելվածի.

2) Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության աշխատակազմի իրավական ակտերի փորձաքննության գործակալության կառուցվածքը` համաձայն N 2 հավելվածի։

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը։

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան


2010 թ. օգոստոսի 25
Երևան

 
 

Հավելված N 1

 ՀՀ կառավարության 2010 թվականի

օգոստոսի 5-ի N 1045-Ն որոշման

 

Կ Ա Ն Ո Ն Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅԱՆ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության իրավական ակտերի փորձաքննության գործակալությունը (այսուհետ` գործակալություն) Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության (այսուհետ` նախարարություն) աշխատակազմի առանձնացված ստորաբաժանում է, որն օրենքով, իսկ առանձին դեպքերում` նաև Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված դեպքերում, մատուցում է ծառայություններ իրավական ակտերի և իրավական ակտերի նախագծերի փորձաքննության, իրավական ակտերի գրանցման և հաշվառման բնագավառներում` հանդես գալով Հայաստանի Հանրապետության անունից։

2. Գործակալությունն ստեղծվում, վերակազմակերպվում է, և նրա գործունեությունը դադարեցվում է Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ։ Գործակալությունը գործում է իր կանոնադրության համաձայն, որը, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի (այսուհետ` նախարար) ներկայացմամբ, հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը։

3. Գործակալության լիազորությունները սահմանվում են օրենքով, Հայաստանի Հանրապետության Նախագահի հրամանագրերով, կարգադրություններով, Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումներով, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով։

4. Գործակալությունն իր գործունեությունն իրականացնում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը և այլ իրավական ակտերին համապատասխան։

5. Գործակալությունն օրենքով կամ այլ իրավական ակտերով նախատեսված դեպքերում իրավունք ունի Հայաստանի Հանրապետության անունից ձեռք բերելու և իրականացնելու գույքային ու անձնական ոչ գույքային իրավունքներ, կրելու պարտականություններ, դատարանում հանդես գալու որպես հայցվոր կամ պատասխանող։

6. Գործակալությունն ունի Հայաստանի Հանրապետության զինանշանի պատկերով և գործակալության հայերեն անվանմամբ կլոր կնիք, ձևաթղթեր, խորհրդանիշ և այլ անհատականացման միջոցներ։

 

II. ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՆՊԱՏԱԿՆԵՐԸ ԵՎ ԽՆԴԻՐՆԵՐԸ

 

7. Գործակալության նպատակները և խնդիրներն են`

1) իրավական ակտերի նախագծերի` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը, Հայաստանի Հանրապետության օրենքներին և այլ իրավական ակտերին, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի պահանջներին համապատասխանության վերաբերյալ պետական պարտադիր փորձաքննության կազմակերպման և իրականացման ապահովումը.

2) Հայաստանի Հանրապետության պետական կառավարման մարմինների ղեկավարների կողմից ընդունված գերատեսչական նորմատիվ իրավական ակտերի` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը, Հայաստանի Հանրապետության օրենքներին և այլ իրավական ակտերին, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի պահանջներին համապատասխանության վերաբերյալ պետական պարտադիր փորձաքննության իրականացման և գրանցման ապահովումը.

3) Հայաստանի Հանրապետության տեղական ինքնակառավարման մարմինների նորմատիվ իրավական ակտերի` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը, Հայաստանի Հանրապետության օրենքներին և այլ իրավական ակտերին, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի պահանջներին համապատասխանության վերաբերյալ պետական պարտադիր փորձաքննության իրականացման և գրանցման ապահովումը.

4) Հայաստանի Հանրապետության իրավական ակտերի հաշվառումը, պետական գրանցումը և նորմատիվ իրավական ակտերի պահառուի գործառույթի իրականացման ապահովումը.

5) իրավական ակտերի պաշտոնական հրապարակման և պաշտոնական վերահրատարակման իրականացման ապահովումը։

 

III. ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ

 

8. Գործակալությունն իր նպատակների և խնդիրների իրականացման համար` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով իրականացնում է հետևյալ գործառույթները`

1) Հայաստանի Հանրապետության օրենքների, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նորմատիվ որոշումների, Հայաստանի Հանրապետության Նախագահի նորմատիվ հրամանագրերի և կարգադրությունների, Հայաստանի Հանրապետության կառավարության և Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշումների (այսուհետ` օրենսդրական ակտեր) նախագծերի` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը, Հայաստանի Հանրապետության օրենքներին և այլ իրավական ակտերին համապատասխանության վերաբերյալ պետական պարտադիր փորձաքննության իրականացումը.

2) Հայաստանի Հանրապետության գործող իրավական ակտերի` Հայաստանի Հանրապետության Սահմանադրության, Հայաստանի Հանրապետության օրենքների և այլ իրավական ակտերի, միջազգային պայմանագրերի պահանջների համապատասխանության վերաբերյալ պետական փորձաքննության իրականացում և համապատասխան առաջարկություններ ներկայացնելը.

3) գերատեսչական և օրենքով նախատեսված նորմատիվ իրավական այլ ակտերի պետական փորձաքննության իրականացում.

4) տեղական ինքնակառավարման մարմինների նորմատիվ իրավական ակտերի պետական պարտադիր փորձաքննության իրականացում.

5) Հայաստանի Հանրապետության իրավական ակտերի հաշվառում, պետական գրանցում և նորմատիվ իրավական ակտերի պահառուի գործառույթի իրականացում.

6) իրավական ակտերի պաշտոնական հրապարակման ու պաշտոնական վերահրատարակման ապահովում և իրավական ակտերի էլեկտրոնային ժողովածուի կազմում ու հրապարակման կազմակերպում.

7) իրավական ակտերի պաշտոնական ինկորպորացիայի իրականացում.

8) իրավական ակտերի համակարգում, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության իրավական ակտերի համակարգված ժողովածուների կազմում և հրապարակման կազմակերպում.

9) օրենքով և այլ իրավական ակտերով նախատեսված դեպքերում այլ պաշտոնական փաստաթղթերի հրատարակման կամ հրապարակման կազմակերպում.

10) օրենքի պահանջների խախտմամբ ընդունված, հրապարակված կամ կիրառվող իրավական ակտերի հայտնաբերման դեպքում դիմում է տվյալ ակտն ընդունած մարմին` առաջարկելով վերացնել օրենքի խախտումները: Իրավական ակտն ընդունած մարմնի կողմից օրենքի խախտումները չվերացվելու դեպքում` խախտումը վերացնելու վերաբերյալ առաջարկությունը ներկայացնելուց 15 օր հետո դիմում է դատարան` օրենքի պահանջների խախտմամբ ընդունված, հրապարակված կամ կիրառվող իրավական ակտն անվավեր ճանաչելու համար.

11) Հայաստանի Հանրապետության և օտարերկրյա պետությունների պետական համապատասխան մարմինների, կազմակերպությունների, ինչպես նաև միջազգային կազմակերպությունների հետ համագործակցություն.

12) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված այլ գործառույթների իրականացում։

 

IV. ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ

 

9. Գործակալությունը կառավարում է նախարարը: Գործակալության անմիջական ղեկավարումն իրականացնում է գործակալության պետը, որը պաշտոնի նշանակվում և պաշտոնից ազատվում է «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով։ Իր գործունեության ընթացքում գործակալության պետն առաջնորդվում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, Հայաստանի Հանրապետության օրենքներով, նախարարության կանոնադրությամբ ու սույն կանոնադրությամբ, ինչպես նաև այլ իրավական ակտերով և Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով։

10. Գործակալության պետը պատասխանատու է իրավական ակտերի և իրավական ակտերի նախագծերի փորձաքննության, իրավական ակտերի գրանցման և հաշվառման բնագավառներում մատուցվող ծառայությունների որակի, ինչպես նաև դրանց` օրենքներին և այլ իրավական ակտերին համապատասխանության համար։

11. Գործակալության պետը հաշվետու է Հայաստանի Հանրապետության վարչապետին, նախարարին, գործակալության գործունեությունը համակարգող` նախարարի համապատասխան տեղակալին, իսկ քաղաքացիական ծառայության մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված դեպքերում նաև` նախարարության աշխատակազմի ղեկավարին։

12. Գործակալության պետի բացակայության դեպքում նրա փոխարինումն իրականացվում է քաղաքացիական ծառայության մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

13. Գործակալության պետը`

1) ղեկավարում է գործակալության ընթացիկ գործունեությունը, պատասխանատու է գործակալության առջև դրված խնդիրների ու գործառույթների իրականացման համար.

2) համապատասխան նախարարին կամ նրա համապատասխան տեղակալին ներկայացնում է առաջարկություններ օրենքով, այլ իրավական ակտերով և սույն կանոնադրությամբ նախատեսված գործունեության բնագավառի, նպատակների և խնդիրների վերաբերյալ.

3) իր իրավասության սահմաններում արձակում է կարգադրություններ և տալիս ցուցումներ, առանց լիազորագրի հանդես է գալիս Հայաստանի Հանրապետության և գործակալության անունից, ինչպես նաև տալիս է գործակալության անունից հանդես գալու լիազորագրեր, այդ թվում` նաև վերալիազորման իրավունքով լիազորագրեր.

4) իր իրավասության սահմաններում նախարարության աշխատակազմի ղեկավարին ներկայացնում է առաջարկություններ գործակալության աշխատողների նկատմամբ խրախուսանքի կամ կարգապահական տույժի միջոցների կիրառման վերաբերյալ.

5) նախարարին կամ նրա համապատասխան տեղակալին պարբերաբար ներկայացնում է տեղեկատվություն գործակալության կողմից իրականացվող աշխատանքների ընթացքի մասին.

6) ապահովում է նախարարի հրամանների և ցուցումների, ինչպես նաև նախարարի համապատասխան տեղակալի ցուցումների, հանձնարարականների ու առաջադրանքների կատարումը և արդյունքների մասին տեղեկացնում նախարարին կամ նրա համապատասխան տեղակալին.

7) նախարարության կանոնադրությանը և սույն կանոնադրությանը համապատասխան սահմանում է գործակալության կառուցվածքային ստորաբաժանումների իրավասությունները.

8) լսում է գործակալության կառուցվածքային ստորաբաժանումների գործունեության մասին հաշվետվությունները, քննարկում դրանց գործունեության ստուգման արդյունքները.

9) իրականացնում է վերահսկողություն գործակալության կառուցվածքային ստորաբաժանումների օգտագործմանը հանձնված պետական սեփականության պահպանության նկատմամբ.

10) նախարարին ներկայացնում է առաջարկություններ գործակալության կառուցվածքի և աշխատողների թվի, ինչպես նաև գործակալության խորհրդակցական մարմիններ ստեղծելու վերաբերյալ.

11) իր լիազորության սահմաններում համագործակցում է պետական կառավարման, տեղական ինքնակառավարման և այլ մարմինների հետ.

12) իրականացնում է օրենքով, այլ իրավական ակտերով և սույն կանոնադրությամբ նախատեսված այլ լիազորություններ։

 

V. ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ

 

14. օրենքով, այլ իրավական ակտերով, նախարարության կանոնադրությամբ և սույն կանոնադրությամբ գործակալությանը վերապահված լիազորությունների լիարժեք և արդյունավետ իրականացումը, ինչպես նաև քաղաքացիական իրավահարաբերություններին նրա մասնակցությունն ապահովում է նախարարության աշխատակազմը։

15. Գործակալությունն ունի կառուցվածքային ստորաբաժանումներ։

16. Գործակալության կառուցվածքային ստորաբաժանումների աշխատողները քաղաքացիական ծառայողներ են։

17. Գործակալության վերակազմակերպման և նրա գործունեության դադարման կարգն ու պայմանները սահմանվում են օրենքով և այլ իրավական ակտերով։

 

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան

 

Հավելված N 2

 ՀՀ կառավարության 2010 թվականի

օգոստոսի 5-ի N 1045-Ն որոշման

 

Կ Ա Ռ ՈՒ Ց Վ Ա Ծ Ք

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅԱՆ

 

 I. Կառուցվածքային ստորաբաժանումներ

 

Բաժիններ

1. Պետաիրավական օրենսդրության փորձաքննության բաժին

2. Ֆինանսատնտեսական օրենսդրության փորձաքննության բաժին

 

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան