Գլխավոր տեղեկություն
Номер
ՍԴՈ-896
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (15.06.2010-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2010.06.23/28(762) Հոդ.718
Принят
ՀՀ Սահմանադրական դատարան
Дата принятия
15.06.2010
Подписан
Նախագահող
Дата подписания
15.06.2010
Дата вступления в силу
15.06.2010

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը

 

Քաղ. Երևան

 15 հունիսի 2010 թ.

 

ՔԱՂԱՔԱՑԻ ԱՐՈՒՍՅԱԿ ԱԹԱՆԵՍՅԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 221-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ԵՐԿՐՈՐԴ ՄԱՍԻ 3-ՐԴ ԿԵՏԻ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 221-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ԱՌԱՋԻՆ ՄԱՍԻ 1-ԻՆ ԿԵՏԻ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

 

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը՝ կազմով. Գ. Հարությունյանի (նախագահող), Կ. Բալայանի, Հ. Դանիելյանի, Ֆ. Թոխյանի (զեկուցող), Մ. Թոփուզյանի, Վ. Հովհաննիսյանի, Հ. Նազարյանի, Վ. Պողոսյանի,

մասնակցությամբ`

դիմող Ա. Աթանեսյանի,

գործով որպես պատասխանող ներգրավված` ՀՀ Ազգային ժողովի պաշտոնական ներկայացուցիչ` ՀՀ Ազգային ժողովի նախագահի խորհրդական Դ. Մելքոնյանի,

համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100-րդ հոդվածի 1-ին կետի, 101-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի, «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 25, 38 և 69-րդ հոդվածների,

դռնբաց նիստում գրավոր ընթացակարգով քննեց «Քաղաքացի Արուսյակ Աթանեսյանի դիմումի հիման վրա` Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի 221-րդ հոդվածի երկրորդ մասի 3-րդ կետի և Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքի 221-րդ հոդվածի առաջին մասի 1-ին կետի` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը։

Գործի քննության առիթը քաղաքացի Ա. Աթանեսյանի` 16.02.2010թ. ՀՀ սահմանադրական դատարան մուտքագրված դիմումն է:

Ուսումնասիրելով գործով զեկուցողի գրավոր հաղորդումը, դիմող և պատասխանող կողմերի գրավոր բացատրությունները, հետազոտելով Հայաստանի Հանրապետության աշխատանքային և Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքերը և գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը պարզեց.

1. ՀՀ աշխատանքային օրենսգիրքը ՀՀ Ազգային ժողովի կողմից ընդունվել է 2004 թվականի նոյեմբերի 9-ին, Հայաստանի Հանրապետության Նախագահի կողմից ստորագրվել` 2004 թվականի դեկտեմբերի 14-ին և ուժի մեջ է մտել 2005 թվականի հունիսի 21-ին:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգիրքը ՀՀ Ազգային ժողովի կողմից ընդունվել է 1998 թվականի հունիսի 17-ին, Հայաստանի Հանրապետության Նախագահի կողմից ստորագրվել` 1998 թվականի օգոստոսի 7-ին և ուժի մեջ է մտել 1999 թվականի հունվարի 1-ից:

ՀՀ աշխատանքային օրենսգրքի վիճարկվող` «Աշխատանքային կարգապահության կոպիտ խախտումը» վերտառությամբ 221-րդ հոդվածի երկրորդ մասի 3-րդ կետը, մասնավորապես, սահմանում է. «Աշխատանքային կարգապահության կոպիտ խախտում կարող է համարվել ... իր և այլոց համար անօրինական եկամուտներ ստանալու կամ այլ անձնական դրդապատճառներով պաշտոնեական դիրքը օգտագործելը, ինչպես նաև կամայականություն դրսևորելը»:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 221-րդ հոդվածի առաջին մասի 1-ին կետը սահմանում է. «Գործն ըստ էության լուծող դատական ակտի վերաքննության արդյունքում վերաքննիչ դատարանը ... մերժում է վերաքննիչ բողոքը` դատական ակտը թողնելով օրինական ուժի մեջ: Այն դեպքում, երբ վերաքննիչ դատարանը մերժում է վերաքննիչ բողոքը, սակայն դատարանի կայացրած գործն ըստ էության ճիշտ լուծող դատական ակտը թերի է պատճառաբանված, սխալ է պատճառաբանված կամ պատճառաբանված չէ, ապա վերաքննիչ դատարանը պատճառաբանում է անփոփոխ թողնված դատական ակտը»:

2. Քննության առարկա գործի դատավարական նախապատմությունը հանգում է նրան, որ դիմողը 2000 թվականի հունվարին արդարադատության նախարարի հրամանով նշանակվել է ՀՀ արդարադատության նախարարության ՔԿԱԳ գործակալության Թալինի տարածքային բաժնի պետ: ՀՀ արդարադատության նախարարության ստուգումների և մեթոդաբանության վարչությունը 2009 թվականի փետրվարի 24-26-ն ընկած ժամանակահատվածում ստուգումներ է իրականացրել ՔԿԱԳ գործակալության Թալինի տարածքային ստորաբաժանումում, որի արդյունքներով ՀՀ արդարադատության նախարարը ՀՀ փոխվարչապետին և Թալինի քաղաքապետին գրություն է ներկայացրել այն մասին, որ 2007-2008 թվականներն ընկած ժամանակահատվածում ՔԿԱԳ գործակալության Թալինի տարածքային ստորաբաժանման աշխատանքներում առկա են որոշակի թերություններ և բացթողումներ, և առաջարկվել է քննարկել աշխատողներին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցը:

2009 թվականի մարտի 16-ին Թալինի քաղաքապետի հրամանով, հիմք ընդունելով ՀՀ աշխատանքային օրենսգրքի 113-րդ հոդվածը և ստուգումների արդյունքների վերաբերյալ 27.02.2009թ. տեղեկանքը, դիմողն ազատվել է զբաղեցրած պաշտոնից:

Դիմողը դիմել է ՀՀ Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության դատարան` Թալինի քաղաքապետի 16.03.2009թ. թիվ 2 հրամանն անվավեր ճանաչելու և աշխատանքային խախտված իրավունքը վերականգնելու` իր զբաղեցրած պաշտոնում վերականգնելու պահանջներով, ինչը ՀՀ Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության դատարանի 29.05.2009 թվականի վճռով մերժվել է: Դատարանը հիմք է ընդունել 27.02.2009թ. ստուգման վերաբերյալ տեղեկանքում արձանագրված փաստերը` ընդգծելով, որ ստուգման վերաբերյալ տեղեկանքը չի վիճարկվել դիմողի կողմից:

Վերը նշված վճռի դեմ դիմողը վերաքննիչ բողոք է ներկայացրել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարան: Վերջինս, հիմք ընդունելով 27.02.2009թ. ստուգման վերաբերյալ տեղեկանքում արձանագրված փաստերը, մեկնաբանելով ՀՀ աշխատանքային օրենսգրքի 221-րդ հոդվածի երկրորդ մասի 3-րդ կետում նշված «կամայականություն» եզրույթը, հաստատված համարելով, որ 27.02.2009թ. ստուգման վերաբերյալ տեղեկանքում արձանագրված փաստերը հանդիսանում են կամայականության դրսևորումներ, իր` 31.07.2009թ. որոշմամբ մերժել է դիմողի վերաքննիչ բողոքը` անփոփոխ թողնելով ՀՀ Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության դատարանի 29.05.2009թ. վճիռը: Միաժամանակ, հիմք ընդունելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 221-րդ հոդվածի առաջին մասի 1-ին կետի պահանջները` վերաքննիչ քաղաքացիական դատարանը պատճառաբանել է ՀՀ Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության դատարանի` անփոփոխ թողնված վճիռը:

Վերը նշված որոշման դեմ դիմողը վճռաբեկ բողոք է ներկայացրել ՀՀ վճռաբեկ դատարան: Վերջինս, վերահաստատելով ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի եզրահանգումները, իր` 23.09.2009թ. որոշմամբ վերադարձրել է վճռաբեկ բողոքը:

3. Դիմողը գտնում է, որ ՀՀ աշխատանքային օրենսգրքի վիճարկվող դրույթում օգտագործված «կամայականություն դրսևորելը» բառակապակցությունը հակասում է ՀՀ Սահմանադրության 1-ին հոդվածում ամրագրված իրավական պետության սկզբունքին, որովհետև այն ձևակերպված է ոչ հստակ, անորոշ, ինչը տարընկալումների և տարակերպ մեկնաբանությունների տեղիք է տալիս, որի արդյունքում խախտվում են օրենքի առջև բոլորի հավասարության սկզբունքը` ամրագրված ՀՀ Սահմանադրության 14.1-րդ հոդվածում, և 32-րդ հոդվածի առաջին մասով երաշխավորված իրավունքը:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 221-րդ հոդվածի առաջին մասի 1-ին կետի դրույթների առնչությամբ դիմողը գտնում է, որ դրանք հակասում են ՀՀ Սահմանադրության 18 և 19-րդ հոդվածներով սահմանված` համապատասխանաբար դատական պաշտպանության արդյունավետ միջոցի և արդար դատաքննության իրավունքներին:

4. Պատասխանող կողմը` առարկելով դիմողի փաստարկների դեմ, ՀՀ աշխատանքային օրենսգրքի 221-րդ հոդվածի երկրորդ մասի 3-րդ կետի առնչությամբ գտնում է, որ ներկայացված դիմումում դիմողն առավելապես անդրադարձել է ընդհանուր իրավասության դատարանների, մասնավորապես` վերաքննիչ դատարանի կողմից կոնկրետ գործով վիճարկվող դրույթի կիրառմանը: Ըստ պատասխանողի` դիմումի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ դիմողը ձևականորեն վիճարկելով ՀՀ աշխատանքային օրենսգրքի 221-րդ հոդվածի երկրորդ մասի 3-րդ կետի սահմանադրականությունը` ըստ էության բարձրացնում է այդ դրույթի կիրառման իրավաչափության հարց: Ուստի պատասխանողը գտնում է, որ գործի վարույթը ՀՀ աշխատանքային օրենսգրքի 221-րդ հոդվածի երկրորդ մասի 3-րդ կետի մասով ենթակա է կարճման:

Ինչ վերաբերում է վիճարկվող` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 221-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետին, ապա պատասխանողը գտնում է, որ այս դրույթում ամրագրված` վերաքննիչ դատարանի լիազորությունն ուղղակիորեն պայմանավորված է ողջամիտ ժամկետում գործը քննելու պահանջով և ուղղված է գործի շրջապտույտի կանխմանը: Այսինքն` վիճարկվող դրույթը վերաքննիչ դատարանին լիազորում է իր իրավասության սահմաններում, եթե դա հնարավոր է դատական ակտի վերաքննության արդյունքում, վերացնել գործն ըստ էության լուծող դատական ակտի թերությունները` դրանով իսկ կանխելով գործի քննության անհարկի ձգձգումներն ու շրջապտույտը:

5. ՀՀ աշխատանքային օրենսգրքի 221-րդ հոդվածի երկրորդ մասի 3-րդ կետի առնչությամբ, հաշվի առնելով այն հանգամանքը, որ դիմողն իր իրավունքների խախտումը հիմնականում պայմանավորում է ՀՀ աշխատանքային օրենսգրքի 221-րդ հոդվածի երկրորդ մասի 3-րդ կետում օգտագործված «կամայականություն դրսևորելը» բառակապակցության իրավական անորոշությամբ և դրա հետևանքով իրավակիրառ պրակտիկայում այդ դրույթներին տրված, իր կարծիքով, սխալ մեկնաբանությամբ, հիմք ընդունելով «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 63-րդ հոդվածի 1-ին մասի և 68-րդ հոդվածի 7-րդ մասի պահանջները, սույն գործի քննության շրջանակներում սահմանադրական դատարանը կարևորում է ՀՀ աշխատանքային օրենսգրքի 221-րդ հոդվածի երկրորդ մասի 3-րդ կետում օգտագործված` «կամայականություն դրսևորելը» բառակապակցության սահմանադրաիրավական իմաստի բացահայտման անհրաժեշտությունը:

6. Սահմանադրական դատարանը` վերահաստատելով իր ՍԴՈ-747 և ՍԴՈ-780 որոշումներում ամրագրված իրավական դիրքորոշումները, սույն գործով կրկին անգամ ընդգծում է, որ օրենքներում օգտագործվող առանձին հասկացություններ չեն կարող ինքնաբավ լինել: Դրանց բովանդակությունը, բնորոշ հատկանիշների շրջանակը ճշգրտվում են ոչ միայն օրինաստեղծ գործունեության արդյունքում, այլ նաև դատական պրակտիկայում: Տվյալ դեպքում խոսքը վերաբերում է ՀՀ աշխատանքային օրենսգրքի 221-րդ հոդվածի երկրորդ մասի 3-րդ կետում օգտագործված` «կամայականություն դրսևորելը» բառակապակցության և դրան բնորոշ հատկանիշների բովանդակության բացահայտմանը:

Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ տվյալ գործով ՀՀ քաղաքացիական վերաքննիչ դատարանը ՀՀ աշխատանքային օրենսգրքի 221-րդ հոդվածի երկրորդ մասի 3-րդ կետում օգտագործված` «կամայականություն դրսևորելը» բառակապակցությունը մեկնաբանել է որպես ցանկացած գործողություն կամ անգործություն` կատարված պաշտոնատար անձի կողմից, որը նախատեսված չէ օրենքով և կատարվել է դրա պահանջների խախտմամբ: Այսինքն` վերաքննիչ դատարանը «կամայականություն» եզրույթի նման մեկնաբանությամբ կամայական գործողության բովանդակությունն ըստ էության նույնացրել է ապօրինի գործողության բովանդակության հետ:

«Կամայականություն» եզրույթը ՀՀ օրենսդրության մեջ հստակ բնորոշված չէ, այն սահմանափակ կիրառում ունի և գործող օրենսդրության, մասնավորապես, «Երեխայի իրավունքների մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածի երկրորդ պարբերության, «Շահութահարկի մասին» ՀՀ օրենքի 60-րդ հոդվածի 1-ին կետի, ինչպես նաև դատական պրակտիկայի` ՀՀ վճռաբեկ դատարանի 2006 թվականի դեկտեմբերի 21-ի թիվ 3-2497 (ՎԴ), 2006թ. դեկտեմբերի 22-ի թիվ ՎԲ-341/06, 2007 թվականի հունվարի 26-ի թիվ 3-1 (ՏԴ), 2007 թվականի մարտի 2-ի թիվ 3-295 (ՎԴ), 2007 թվականի դեկտեմբերի 25-ի թիվ 3-1832 (ՎԴ), 2008 թվականի նոյեմբերի 28-ի թիվ ԼԴ/0162/06/08 որոշումներում արտահայտված իրավական դիրքորոշումների ուսումնասիրությունը վկայում է այն մասին, որ ՀՀ օրենսդրության մեջ և դատական պրակտիկայում «կամայականություն» եզրույթը մեկնաբանվում է որպես ապօրինություն, օրինականության սկզբունքի խախտում:

ՀՀ աշխատանքային օրենսգրքի վիճարկվող` 221-րդ հոդվածի երկրորդ մասի 3-րդ կետում առկա է նաև «իր և այլոց համար անօրինական եկամուտներ ստանալը կամ այլ անձնական դրդապատճառներով պաշտոնեական դիրքը օգտագործելը» բառակապակցությունը, որպես ապօրինի վարքագծի դրսևորման առանձնահատուկ ձև, որն առավել որոշակի է, քան «կամայականություն դրսևորելը» բառակապակցությունը:

Հաշվի առնելով «կամայականություն» եզրույթի վերաբերյալ ՀՀ օրենսդրության մեջ և դատական պրակտիկայում ըստ էության միասնական նման բնորոշման առկայությունը, ինչպես նաև այն հանգամանքը, որ ՀՀ աշխատանքային օրենսգրքի վիճարկվող` 221-րդ հոդվածի բոլոր դրույթները, ինչպես նաև երկրորդ մասի 3-րդ կետի դիսպոզիցիան որպես ապօրինի վարքագծի դրսևորման ձև են մատնանշում անօրինականության տարբեր տեսակներ, սահմանադրական դատարանը գտնում է, որ նման պայմաններում ՀՀ աշխատանքային օրենսգրքի վիճարկվող` 221-րդ հոդվածի երկրորդ մասի 3-րդ կետում «կամայականություն դրսևորելը» բառակապակցությունն ինքնին ավելորդ է և կարող է «ապօրինի» եզրույթի կամայական և հակասական մեկնաբանության տեղիք տալ:

Հիմք ընդունելով վերոգրյալը, ինչպես նաև այն հանգամանքը, որ ՀՀ աշխատանքային օրենսգիրքը կամայականություն դրսևորելը համարում է աշխատանքային կարգապահության կոպիտ խախտում, որը հիմք է հանդիսանում աշխատողին առանց կարգապահական առավել մեղմ տույժերի ենթարկելու աշխատանքից անհապաղ ազատելու համար, սահմանադրական դատարանը գտնում է, որ սույն գործով վիճարկվող` ՀՀ աշխատանքային օրենսգրքի 221-րդ հոդվածի երկրորդ մասի 3-րդ կետում օգտագործված` «կամայականություն դրսևորելը» բառակապակցությունն ապօրինի վարքագծի սուբյեկտիվ ընկալման ու տարածական մեկնաբանության և դրա արդյունքում` աշխատողին անհապաղ աշխատանքից ազատելու իրավականորեն չհիմնավորված հնարավորություն է ստեղծում:

7. ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 221-րդ հոդվածի առաջին մասի 1-ին կետի առնչությամբ, հաշվի առնելով այն հանգամանքը, որ դիմողն իր իրավունքների խախտումը հիմնականում պայմանավորում է ՀՀ Սահմանադրության 18 և 19-րդ հոդվածներով սահմանված` համապատասխանաբար դատական պաշտպանության արդյունավետ միջոցի և արդար դատաքննության իրավունքների, իր կարծիքով` խախտմամբ, սույն գործի քննության շրջանակներում սահմանադրական դատարանը կարևորում է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 221-րդ հոդվածի առաջին մասի 1-ին կետի դրույթների սահմանադրականության գնահատումը ՀՀ Սահմանադրության 19-րդ հոդվածի առաջին մասում ամրագրված` գործի քննության ողջամիտ ժամկետների և դատական ակտի պատճառաբանվածության երաշխիքների միաժամանակյա ապահովման համատեքստում:

ՀՀ Սահմանադրության 19-րդ հոդվածի սահմանադրաիրավական բովանդակությանը ՀՀ սահմանադրական դատարանն անդրադարձել է բազմաթիվ որոշումներում (ՍԴՈ-664, ՍԴՈ-665, ՍԴՈ-690, ՍԴՈ-691, ՍԴՈ-773, ՍԴՈ-751, ՍԴՈ-758, ՍԴՈ-765, ՍԴՈ-767, ՍԴՈ-780, ՍԴՈ-787, ՍԴՈ-818, ՍԴՈ-833, ՍԴՈ-851): Սույն գործի շրջանակներում սահմանադրական դատարանը կարևորում է հարցին անդրադարձը բողոքարկման ինստիտուտի արդյունավետության ապահովման տեսանկյունից:

 Վերաքննիչ ատյանի դատարանների` դատական համակարգում ունեցած դերով են պայմանավորված դատական բողոքարկման հարաբերությունների կարգավորման բնագավառում կատարված օրենսդրական փոփոխությունները, որոնց արդյունքում համապատասխանաբար ՀՀ վերաքննիչ քրեական և ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարաններին, ի լրումն այլ լիազորությունների, իրավունք է վերապահվում վերաքննիչ բողոքը մերժելիս պատճառաբանել անփոփոխ թողնված դատական ակտը, եթե դատարանի կայացրած` գործն ըստ էության ճիշտ լուծող դատական ակտը թերի է պատճառաբանված, սխալ է պատճառաբանված կամ պատճառաբանված չէ` դրանով իսկ երաշխավորելով առաջին ատյանի դատարանի գործն ըստ էության ճիշտ լուծած դատական ակտի ինչպես հիմնավորվածությունը, այնպես էլ հնարավորինս լիարժեք ընկալումն ու մատչելիությունը:

Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ քննարկվող լիազորությունը վերապահված է նաև ՀՀ վճռաբեկ դատարանին` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 6-րդ կետերով: Բացի դրանից, համանման նորմեր տեղ են գտել նաև ՀՀ դատական օրենսգրքի 48-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետում, 60-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 6-րդ կետերում:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 221-րդ հոդվածի առաջին մասի 1-ին կետով և ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի առաջին մասի 1-ին կետով նախատեսված լիազորության համադրված վերլուծությունը վկայում է, որ վերաքննիչ ատյանի դատարաններին նման լիազորություն վերապահելը նպատակ է հետապնդել անհրաժեշտության դեպքում երաշխավորել առաջին ատյանի դատարանի գործն ըստ էության ճիշտ լուծած դատական ակտի պատճառաբանվածությունը և դատաքննությունը ողջամիտ ժամկետում կազմակերպելու սահմանադրաիրավական պահանջի իրացումը, ինչպես նաև ապահովել իրավական որոշակիության սկզբունքի իրացումը:

Սահմանադրական դատարանը միաժամանակ ընդգծում է, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 221-րդ հոդվածի առաջին մասի 1-ին կետը, նախատեսելով ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի` խնդրո առարկա լիազորությունը, միաժամանակ, որպես այդ լիազորության կիրառման իրավաչափությունն ապահովող երաշխիք, ամրագրում է դրանից օգտվելու չափորոշիչներ: Այն է` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 221-րդ հոդվածի առաջին մասի 1-ին կետով նախատեսված լիազորությունը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանը կարող է կիրառել բոլոր այն դեպքերում, երբ առաջին ատյանի դատարանը կայացրել է գործն ըստ էության ճիշտ լուծող դատական ակտ, սակայն այն «...թերի է պատճառաբանված, սխալ է պատճառաբանված կամ պատճառաբանված չէ»: Նման գործը վերաքննության կարգով վերանայելիս ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանը պարտավոր է առաջին ատյանի դատական ակտի պատճառաբանությունները լրացնել նոր պատճառաբանություններով, եթե այդ ակտը թերի է պատճառաբանված, ճիշտ պատճառաբանել, եթե այդ ակտը սխալ է պատճառաբանված, կամ պատճառաբանել, եթե այդ ակտն ընդհանրապես պատճառաբանված չէ:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանին նշված լիազորությունը վերապահելիս օրենսդիրը նկատի է ունեցել նաև ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 228-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված` ըստ էության ճիշտ վճռի` ձևական նկատառումներով բեկանման արգելքի հանգամանքը:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 221-րդ հոդվածի առաջին մասի 1-ին կետի` «...թերի է պատճառաբանված, սխալ է պատճառաբանված» բառակապակցությունը սահմանադրականության խնդիր չի առաջացնում և ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանին վերապահված` քննարկվող լիազորությունը համահունչ է ՀՀ Սահմանադրությամբ, Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին եվրոպական կոնվենցիայով երաշխավորված` արդար դատաքննության և ողջամիտ ժամկետներում դատական քննության իրավունքներին: Հիշյալ լիազորության բացակայությունը, ընդհակառակը, կարող է վտանգել արդար դատաքննության, ինչպես նաև ողջամիտ ժամկետներում դատաքննության իրավունքները:

Այլ է վիճակը «...կամ պատճառաբանված չէ» բառակապակցության առնչությամբ: Նման ձևակերպման առկայությունն ինքնաբերաբար ենթադրում է չպատճառաբանված դատական ակտի գոյություն: ՀՀ սահմանադրական դատարանն իր` 9 ապրիլի 2007թ. ՍԴՈ-690 որոշման մեջ հստակ իրավական դիրքորոշումներ է արտահայտել դատական ակտի պատճառաբանված լինելու սահմանադրաիրավական անհրաժեշտության վերաբերյալ, և այդ դիրքորոշումներն ամբողջությամբ վերաբերելի են նաև քննության առարկա գործին: Սահմանադրական դատարանը գտնում է, որ օրենսդրությունն ընդհանրապես պետք է բացառի չպատճառաբանված դատական ակտի գոյությունը, որովհետև նման ակտը չի կարող համապատասխանել իրավական պետության հիմնարար սկզբունքներին, չի կարող երաշխավորել մարդկանց իրավունքների արդյունավետ դատական պաշտպանություն, ինչպես նաև ապահովել խախտված իրավունքների արդյունավետ վերականգնում:

 Այդ նկատառումներից ելնելով է, որ, մասնավորապես, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգիրքը (հոդված 132) պարտադիր նորմատիվ պահանջ է սահմանում դատական վճռի բովանդակության վերաբերյալ, նախատեսելով, որ «դատարանի վճիռը կազմված է ներածական, նկարագրական, պատճառաբանական և եզրափակիչ մասերից»: Միաժամանակ, նույն հոդվածի 1-ին մասում սահմանվում է, որ «Վճռի պատճառաբանական մասում պետք է նշվեն դատարանի կողմից պարզված գործի հանգամանքները, ապացույցները, որոնց վրա հիմնված են դատարանի հետևությունները, այս կամ այն ապացույցները մերժելու փաստարկները, ինչպես նաև այն օրենքները, Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերը և այլ իրավական ակտերը, որոնցով դատարանը ղեկավարվել է վճիռ կայացնելիս»:

Դատարանի վճռի պատճառաբանման անհրաժեշտությանն անդրադարձել է նաև Մարդու իրավունքների եվրոպական դատարանը` մասնավորապես շեշտելով, որ արդար դատաքննության պահանջը ներառում է նաև դատարանի պատճառաբանված որոշում ընդունելու պարտավորությունը (տե՛ս Van de Hunk v. tհe Netherlands, Judgment of 19 April 1994):

Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100-րդ հոդվածի 1-ին կետով, 102-րդ հոդվածով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 63, 64 և 69-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը որոշեց.

1. Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի 221-րդ հոդվածի երկրորդ մասի 3-րդ կետը` «...ինչպես նաև կամայականություն դրսևորելը» բառակապակցության մասով ճանաչել Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 1, 3, 14.1-րդ հոդվածների պահանջներին հակասող և անվավեր:

2. Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքի 221-րդ հոդվածի առաջին մասի 1-ին կետը` «...կամ պատճառաբանված չէ» բառակապակցության մասով ճանաչել Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 1-ին, 18-րդ (1-ին մաս), 19-րդ (1-ին մաս) հոդվածների պահանջներին հակասող և անվավեր:

3. «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 68-րդ հոդվածի 9-րդ մասի հիմքով ՀՀ Սահմանադրության 1-ին, 18-րդ (1-ին մաս), 19-րդ (1-ին մաս) հոդվածների պահանջներին հակասող և անվավեր ճանաչել նաև ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը` «...կամ չպատճառաբանված է» և 6-րդ կետը` «...պատճառաբանված չէ» բառակապակցությունների մասով:

4. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102-րդ հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից։

 

Նախագահող

Գ. Հարությունյան


15 հունիսի 2010 թ.
 ՍԴՈ-896