Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Тип
Ինկորպորացիա (25.06.2010-մինչ օրս)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2010.09.28/46(780).1 Հոդ.1084.51
Принят
Վճռաբեկ դատարան
Дата принятия
25.06.2010
Подписан
Նախագահող
Дата подписания
25.06.2010
Дата вступления в силу
25.06.2010

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

ՀՀ վարչական դատարանի վճիռ
Վարչական գործ թիվ ՎԴ/3986/05/09

Վարչական գործ թիվ ՎԴ/3986/05/09
2010թ.

Նախագահող դատավոր՝ Ռ. Սարգսյան

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան)

նախագահությամբ

Ս. Սարգսյանի

մասնակցությամբ դատավորներ

Վ. Ավանեսյանի

 

Ս. Անտոնյանի

 

Ա. Բարսեղյանի

 

Մ. ԴՐՄԵՅԱՆԻ

Ե. Խունդկարյանի

Է. Հայրիյանի

Ե. Սողոմոնյանի

2010 թվականի հունիսի 25-ին

դռնբաց դատական նիստում, քննելով Նունե Զաքարյանի և Ջուլիետա Բալայանի վճռաբեկ բողոքը ՀՀ վարչական դատարանի 17.12.2009 թվականի վճռի դեմ՝ ըստ հայցի Սամվել, Կարապետ Հաջիյանների և Գրիգոր Հաջյանի ընդդեմ ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Արաբկիրի տարածքային ստորաբաժանման (այսուհետ` Կադաստր), Լեռնիկ Խաչատրյանի, Ջուլիետա Բալայանի, Վարդան Օհանյանի, Նունե Զաքարյանի, երրորդ անձ Երևանի քաղաքապետարանի` Երևանի Վ. Փափազյան 2-րդ նրբանցքի թիվ 119ա հասցեի 404քմ մակերեսով հողամասի նկատմամբ պետական գրանցման միասնական 01-003 4-85 մատյանի 154 համարի տակ Լեռնիկ Խաչատրյանի անվամբ կատարված սեփականության իրավունքի պետական գրանցումը, որպես անվավերության հետևանք Լեռնիկ Խաչատրյանի և Ջուլիետա Բալայանի միջև 23.04.2007 թվականին կնքված անշարժ գույքի առուվաճառքի թիվ 2023 պայմանագիրը, դրանից բխող պետական գրանցման միասնական 01-003 4-85 մատյանի 154 համարի տակ Ջուլիետա Բալայանի անվամբ կատարված սեփականության իրավունքի պետական գրանցումը, Ջուլիետա Բալայանի և Վարդան Օհանյանի միջև 02.07.2007 թվականին կնքված անշարժ գույքի առուվաճառքի թիվ 2354 պայմանագիրը, դրանից բխող պետական գրանցման միասնական 01-003 4-85 մատյանի 154 համարի տակ Վարդան Օհանյանի անվամբ կատարված սեփականության իրավունքի պետական գրանցումը, Վարդան Օհանյանի և Նունե Զաքարյանի միջև 20.08.2009 թվականին կնքված անշարժ գույքի առուվաճառքի թիվ 5018 պայմանագիրը, դրանից բխող պետական գրանցման միասնական 01-003 4-85 մատյանի 154 համարի տակ Նունե Զաքարյանի անվամբ կատարված սեփականության իրավունքի պետական գրանցումն անվավեր ճանաչելու, Կադաստրի` գրանցման մատյանի տվյալ անշարժ գույքի միավորի գրանցման թերթիկում և կադաստրային քարտեզում, նշված ակտերի անվավերությունից բխող փոփոխություններ կատարել պարտավորեցնելու պահանջների մասին,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը

Առանձին հայցերով դիմելով դատարան՝ Կարապետ և Սամվել Հաջիյանները և Գրիգոր Հաջյանը պահանջել են անվավեր ճանաչել Երևանի Արաբկիր համայնքի Վ. Փափազյան 2-րդ նրբանցքի թիվ 119ա հասցեի 420քմ մակերեսով հողամասի նկատմամբ պետական գրանցման միասնական 01-003 4-85 մատյանի 154 համարի տակ Լեռնիկ Խաչատրյանի անվամբ կատարված սեփականության իրավունքի պետական գրանցումը, որպես անվավերության հետևանք Լեռնիկ Խաչատրյանի և Ջուլիետա Բալայանի միջև 23.04.2007 թվականին կնքված անշարժ գույքի առուվաճառքի թիվ 2023 պայմանագիրը, դրանից բխող պետական գրանցման միասնական 01-003 4-85 մատյանի 154 համարի տակ Ջուլիետա Բալայանի անվամբ կատարված սեփականության իրավունքի պետական գրանցումը, Ջուլիետա Բալայանի և Վարդան Օհանյանի միջև 02.07.2007 թվականին կնքված անշարժ գույքի առուվաճառքի թիվ 2354 պայմանագիրը, դրանից բխող պետական գրանցման միասնական 01-003 4-85 մատյանի 154 համարի տակ Վարդան Օհանյանի անվամբ կատարված սեփականության իրավունքի պետական գրանցումը, Վարդան Օհանյանի և Նունե Զաքարյանի միջև 20.08.2009 թվականին կնքված անշարժ գույքի առուվաճառքի թիվ 5018 պայմանագիրը, դրանից բխող պետական գրանցման միասնական 01-003 4-85 մատյանի 154 համարի տակ Նունե Զաքարյանի անվամբ կատարված սեփականության իրավունքով պետական գրանցումը և պարտադրել Կադաստրին կատարել նշված ակտերի անվավերությունից բխող փոփոխություններ` գրանցման մատյանի տվյալ անշարժ գույքի միավորի գրանցման թերթիկում և կադաստրային քարտեզում:

ՀՀ վարչական դատարանի (այսուհետ` Դատարան)14.10.2009 թվականի որոշմամբ վերոհիշյալ հայցերով վարչական գործերը միացվել են մեկ վարույթում:

Դատարանի 17.12.2009 թվականի վճռով Կարապետ և Սամվել Հաջիյանների և Գրիգոր Հաջյանի հայցերը բավարարվել են:

Սույն գործով վճռաբեկ բողոք են ներկայացրել Նունե Զաքարյանը և Ջուլիետա Բալայանը:

Վճռաբեկ բողոքի պատասխան են ներկայացրել Սամվել և Կարապետ Հաջիյանները:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

1) Դատարանը խախտել է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 5-րդ, 23-րդ 24-րդ, և 26-րդ հոդվածները, 27-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ կետերը, 62-րդ հոդվածը, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 131-րդ հոդվածը, չի կիրառել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 275-րդ հոդվածը, 1991 թվականին ընդունված ՀՀ հողային օրենսգրքի 9-րդ հոդվածը, ՀՀ հողային օրենսգրքի 4-րդ հոդվածի 3-րդ կետը, ՀՀ Սահմանադրության 8-րդ և 31-րդ հոդվածները, «Երևան քաղաքում իրավունքը հաստատող փաստաթղթերի չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի կիրառման մասին Երևանի քաղաքապետի և ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահի 30.10.2008 թվականի պաշտոնական պարզաբանումը, որոնք պետք է կիրառեր, կիրառել է ՀՀ հողային օրենսգրքի 72-րդ հոդվածը, «Երևան քաղաքում իրավունքը հաստատող փաստաթղթերը չպահպանած անհատական բնակելի տների կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածը, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 63-րդ, 64-րդ հոդվածները, 66-րդ հոդվածի 3-րդ մասի «Դ» ենթակետը, «Գույքի նկատմամբ իրավունքի պետական գրանցման մասին» ՀՀ օրենքի 35 հոդվածը, որոնք չպետք է կիրառեր:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանում է հետևյալ փաստարկներով.

Դատարանը պատշաճ չգնահատելով գործում գտնվող ապացույցները` հաստատված չի համարել այն փաստը, որ Լեռնիկ Խաչատրյանի անվամբ կատարված իրավունքի պետական գրանցումն իրավաչափ է:

Դատարանն ատնեսել է այն հանգամանքը, որ Լեռնիկ Խաչատրյանի սեփականության իրավունքը վիճելի հողամասի նկատմամբ ծագել է ՀՍՍՀ Երևանի 26 Կոմիսարների շրջխորհրդի գործկոմի 12.04.1974 թվականի նիստի հ. 8 որոշման հիման վրա: Վերը նշված որոշումը որևէ ակտով կամ դատական կարգով անվավեր ճանաչված չէ, ինչպես նաև առկա չէ օրինական ուժի մեջ մտած որևէ դատավճիռ, որով հաստատված կլիներ վերը նշված որոշման կեղծ լինելը:

Դատարանը, անտեսելով այն հանգամանքը, որ Լեռնիկ Խաչատրյանի սեփականության իրավունքը Երևանի Վ. Փափազյան փողոցի 2-րդ նրբանցքի թիվ 119ա հասցեում գտնվող 404քմ մակերեսով հողամասի նկատմամբ ծագել է ՀՍՍՀ Երևանի 26 Կոմիսարների շրջխորհրդի գործկոմի 12.04.1974 թվականի նիստի հ. 8 որոշման հիման վրա, 1991 թվականին ընդունված ՀՀ հողային օրենսգրքի 9-րդ հոդվածի ուժով: Հետևաբար, Վերաքննիչ քաղաքացիական դատարանի 10.04.2009 թվականի որոշումը, որով բեկանվել է Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանի 01.06.2006 թվականի վճիռը սեփականության իրավունքի դադարման հիմք չէ:

Դատարանը պատշաճ չի գնահատել այն հանգամանքը, որ Սամվել, Կարապետ Հաջիյանները և Գրիգոր Հաջյանը 1990-ական թվականներից մինչև 2007 թվականի հուլիս ամիսը չեն բնակվել Հայաստանի Հանրապետությունում, իսկ Երևանի Վ. Փափազյան փողոցի 2-րդ նրբանցքի 119 հասցեի հողամասի նկատմամբ սեփականության իրավունք են ձեռք բերել ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագրի հիման վրա, հետևաբար` Դատարանի կողմից վկայակոչած «Երևան քաղաքում իրավունքը հաստատող փաստաթղթերը չպահպանած անհատական բնակելի տների կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածը կիրառելի չէ, քանի որ վերը նշված օրենքով ամրագրված է մինչև 2001 թվականի մայիսի 15-ը հողամասը տիրապետելու պարտադիր պայմանը, մինչդեռ Կարապետ և Սամվել Հաջիյանների և Գրիգոր Հաջյանի կողմից այն տիրապետվել է 2007 թվականի հուլիս ամսից հետո:

Դատարանը, պատշաճ չգնահատելով գործում գտնվող ապացույցները, հանգել է հետևության, որ Կարապետ և Սամվել Հաջիյանները և Գրիգոր Հաջյանը 10 տարի անընդմեջ տիրապետում և օգտագործում են վիճելի հողամասը, և վերջիններս կարող էին ձեռք բերել ձեռքբերման վաղեմության ուժով օգտագործման նախապատվության իրավունք վիճելի հողամասի նկատմամբ: Մինչդեռ Դատարանն անտեսել է այն հանգամանքը, որ Կարապետ և Սամվել Հաջիյանները և Գրիգոր Հաջյանը Հայաստանի Հանրապետություն մուտք են գործել 2007 թվականի հուլիսի ամսին և Ռուսատանի Դաշնության քաղաքացիներ են: Հետևաբար` Դատարանի կողմից ՀՀ հողային օրենսգրքի 72-րդ հոդվածը կիրառելի չէ:

2) Դատարանը չի կիրառել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 275-րդ հոդվածը, որը պետք է կիրառեր:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանում է հետևյալ փաստարկներով.

Դատարանը, անվավեր ճանաչելով Լեռնիկ Խաչատրյանի և Ջուլիետա Բալայանի միջև 23.04.2007 թվականին կնքված առուվաճառքի պայմանագիրը և անվավերության հետևանքները կիրառելով, անտեսել է այն հանգամանքը, որ Կարապետ և Սամվել Հաջիյանները և Գրիգոր Հաջյանը, չհանդիսանալով վիճելի 404քմ մակերեսով հողամասի սեփականատեր, որևէ ակտով, տեղական ինքնակառավարման կամ պետական կառավարման մարմին վերջիններիս չի տրամադրել տիրապետման իրավունք, ուստի պատշաճ հայցվորներ չեն: Տվյալ դեպքում Դատարանն առուվաճառքի պայմանագիրն անվավեր ճանաչելիս անվավերության հետևանաքներ չէր կարող կիրառել, քանի որ վիճելի գույքը ձեռք է բերվել հատուցմամբ, և գույքի բարեխիղճ ձեռք բերողները չգիտեին և չէին կարող իմանալ, որ գույքը ձեռք են բերում այն օտարելու իրավունք չունեցող անձից: Բացի այդ, Կարապետ և Սամվել Հաջիյանները և Գրիգոր Հաջյանը, չհանդիսանալով վիճելի գույքի սեփականատերեր չեն կարող ետ պահանջել այդ գույքը:

Բացի այդ, վերանայվող դատական ակտն առերևույթ հակասում է ՀՀ վճռաբեկ դատարանի 06.07.2007 թվականի թիվ 3-1098 (ՎԴ) որոշմանը, քանի որ սույն վարչական գործի փաստական հանգամանքները վերը նշված որոշման փաստական հանգամանքերի հետ նույնական են:

 

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձինք պահանջել են բեկանել Դատարանի 17.12.2009 թվականի վճիռը և հայցերը մերժել:

 

2.1 Վճռաբեկ բողոքի պատասխանի հիմնավորումները.

Լեռնիկ Խաչատրյանը փաստաթղթերը կեղծելու հիմքով Երևանի Վ. Փափազյան փողոցի 119ա հասցեի 404քմ մակերեսով հողամասի նկատմամբ ձեռք է բերել սեփականության իրավունք: ՀՍՍՀ Երևանի 26 Կոմիսարների շրջխորհրդի գործկոմի 12.04.1974 թվականի նիստի հ. 8 որոշումը կեղծ լինելու հանգամանքը հաստատվել է Դատարանի 04.11.2008 թվականի թիվ ԵԱՔԴ/0051/11/08 որոշմամբ և Վերաքննիչ դատարանի 10.04.2009 թվականի թիվ 08-1849 որոշմամբ: Հետևաբար` Լեռնիկ Խաչատրյանի կողմից վիճելի գույքի օտարումը չի կարող դիտվել օրինական, քանի որ Վերաքննիչ դատարանի 10.04.2009 թվականի որոշման հիման վրա վիճելի հողամասի սեփականության իրավունքի գրանցման հիմքերն անվավեր են ճանաչվել:

Ինչ վերաբերում է ՀՀ վճռաբեկ դատարանի 06.07.2007 թվականի թիվ 3-1098(ՎԴ) նախադեպային որոշմանը, ապա վերը նշված նախադեպային որոշման և սույն գործի փաստական հանգամանքները նույնական չեն:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը՝

1) ՀՍՍՀ Երևանի 26 Կոմիսարների շրջխորհրդի գործկոմի 12.04.1974 թվականի նիստի հ. 8 որոշմամբ Մկրտիչ Խաչատրյանի անվամբ Երևանի Վ. Փափազյան փողոցի (նախկին Նանսենի) 2-րդ նրբանցքի 119ա կիսակառույց տունը, 420քմ մակերեսով հողամասը վերաձևակերպվել է որդու` Լեռնիկ Խաչատրյանի անվամբ (գ.թ հատոր 1-ին գ.թ 48-50):

2) Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանի 01.06.2006 թվականի վճռով Լեռնիկ Խաչատրյանի դիմումը բավարարվել է և հաստատվել է իրավաբանական նշանակություն ունեցող այն փաստը, որ ՀԽՍՀ Երևանի 26 Կոմիսարների շրջխորհրդի գործկոմի 12.04.1974թվականի թիվ 8 որոշման հիմքով, Երևանի Փափազյան 2-րդ նրբանցքի թիվ 119ա հասցեի 420քմ մակերեսով հողամասը Լեռնիկ Խաչատրյանը տիրապետում է սեփականության իրավունքով:

Վերը նշված վճռի հիման վրա 20.06.2006 թվականին Լեռնիկ Խաչատրյանի անվամբ Երևանի Վ. Փափազյան փողոցի 2-րդ նրբանցքի 119ա տան նկատմամբ Կադաստրը կատարել է պետական գրանցում (հատոր 1-ին գ.թ 38-41, 61-63):

3) Երևանի Վ. Փափազյան փողոցի 2-րդ նրբանցքի 119ա տան նկատմամբ 23.04.2007 թվականի առուվաճառքի պայմանագրի հիման վրա Ջուլիետա Բալայանի անվամբ Կադաստրը կատարել է իրավունքների պետական գրանցում (հատոր 1-ին գ.թ 63-64, հատոր 4-րդ գ.թ 171):

4) Երևանի Վ. Փափազյան փողոցի 2-րդ նրբանցքի 119ա տան նկատմամբ 02.07.2007 թվականի անշարժ գույքի առուվաճառքի պայմանագրի հիման վրա Վարդան Օհանյանի անվամբ Կադաստրը կատարել է պետական գրանցում (հատոր 1-ին գ.թ 65-66, հատոր 4-րդ գ.թ 172):

5) Երևանի Վ. Փափազյան փողոցի 2-րդ նրբանցքի 119ա տան նկատմամբ 20.08.2009 թվականի անշարժ գույքի առուվաճառքի պայմանագրի հիման վրա Նունե Զաքարյանի անվամբ Կադաստրը կատարել է պետական գրանցում ( հատոր 2-րդ գ.թ 115-117):

6) ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 10.04.2009 թվականի որոշմամբ բեկանվել է Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանի 01.06.2006 թվականի վճիռը, և դիմումը թողնվել է առանց քննության (հատոր 1-ին գ.թ 42-46):

7) Արաբկիրի քննչական բաժնի 16.08.2008 թվականի քրեական գործի վարույթը կասեցնելու մասին որոշմամբ թիվ 14108208 քրեական գործի վարույթը կասեցվել է` որպես մեղադրյալ ներգրավման ենթակա անձի անհայտ լինելու պատճառով (հատոր 6-րդ գ.թ 54-57):

8) Կարապետ և Սամվել Հաջիյանները 28.07.2007 թվականին մուտք են գործել Հայաստանի Հանրապետություն ( հատոր 1-ին գ.թ 59-60, հատոր 2-րդ գ.թ 27-28):

9) Սամվել Հաջիյանին 1/3 մասով, Կարապետ Հաջիյանին 1/3 մասով և Գրիգոր Հաջյանին 1/3 մասով 25.08.2007 թվականի թիվ 6966 ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագրի հիման վրա Երևանի Վ. Փափազյան փողոցի 2-րդ նրբանցքի թիվ 119 բնակելի տան (585քմ մակերեսով) նկատմամբ Կադաստրը 06.09.2007 թվականին կատարել է սեփականության իրավունքի պետական գրանցում (հատոր 1-ին գ.թ 52-54):

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը

Քննելով վճռաբեկ բողոքը նշված հիմքի սահմաններում՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ`

1) Բողոքն առաջին հիմքով հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ.

29.01.1991 թվականի ընդունված ՀՀ հողային օրենսգրքի 9-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն` տնամերձ հողամասերը, ինչպես նաև այգեգործական և բնակելի տան շինարարության ու դրա սպասարկման համար Հայաստանի Հանրապետության քաղաքացիների ունեցած հողամասերը անհատույց կարգով թողնվում են նրանց որպես սեփականություն:

Սույն գործի փաստերի համաձայն` ՀՍՍՀ Երևանի 26 Կոմիսարների շրջխորհրդի գործկոմի 12.04.1974 թվականի նիստի հ. 8 որոշմամբ Երևանի Վ. Փափազյան փողոցի 2-րդ նրբանցքի թիվ 119ա կիսակառույց տունը, 420քմ մակերեսով հողամասը հատկացվել է Լեռնիկ Խաչատրյանին:

«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 53-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` վարչական ակտն արտաքին ներգործություն ունեցող այն որոշումը, կարգադրությունը, հրամանը կամ այլ անհատական իրավական ակտն է, որը վարչական մարմինն ընդունել է հանրային իրավունքի բնագավառում կոնկրետ գործի կարգավորման նպատակով և ուղղված է անձանց համար իրավունքներ և պարտականություններ սահմանելուն, փոփոխելուն, վերացնելուն կամ ճանաչելուն:

Վճռաբեկ դատարանն իր նախկին որոշումներում անդրադարձել է վարչական ակտերի իրավաչափության հարցին: Մասնավորապես, Վճռաբեկ դատարանը նշել է, որ եթե վարչական ակտը չի վիճարկվել, չի հաստատվել դրա առոչինչ լինելը, չի ճանաչվել ոչ իրավաչափ` անվավեր, չի կորցրել իր ուժը, հետևաբար յուրաքանչյուր ոք, ՀՀ Սահմանադրության 5-րդ հոդվածի համաձայն, պարտավոր է ելնել այն կանխավարկածից, որ այն ընդունվել է Սահմանադրությամբ կամ օրենքներով իր լիազորությունների շրջանակում: Դրա հետևանքով պետք է եզրակացնել, որ վարչական ակտը իրավաչափ է և որևէ անձ, մասնավորապես, պետական մարմինը, չի կարող կասկածի տակ դնել այդ ակտի իրավաչափությունը (տես, օրինակ` Լևոն Ղազարյան ընդդեմ ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Նոր Նորքի տարածքային ստորաբաժանման, երրորդ անձ Երևանի քաղաքապետարանի` Երևանի քաղաքապետի 18.11.2005 թվականի նոյեմբերի 18-ի թիվ 2453-Ա որոշման 3-րդ կետի պահանջը կատարելու, Երևան քաղաքի Նոր Նորքի 9-րդ միկրոշրջանի թիվ 14 շենքի մոտ գտնվող 51,9 քմ ավտոտնակի նկատմամբ սեփականության իրավունքը գրանցելուն պարտավորեցնելու պահանջի մասին 21.12.2006 թվականի Քաղ. գործ թիվ 3-2440(ՎԴ) որոշումը):

Դատարանը վճիռ կայացնելիս պատճառաբանել է, որ «Լեռնիկ Խաչատրյանի սեփականության իրավունքի պետական գրանցման համար հիմք է հանդիսացել Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանի 01.06.2006թ. վճիռը, որը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 10.04.2009թ. որոշմամբ բեկանվել է, և ըստ էության վերացել է այն իրավական հիմքը, որի հիման վրա 20.06.2006թ-ին գրանցվել է Լեռնիկ Խաչատրյանի սեփականության իրավունքը Երևանի Վ. Փափազյան 2-րդ նրբանցքի 119ա հասցեի 404քմ մակերեսով հողամասի նկատմամբ, հետևաբար գրանցման համար հիմք հանդիսացող իրավական հիմքը այլևս առկա չլինելու պարագայում վարչական ակտը իր ուժը չի կարող պահպանել և իրավաբանական հետևանքների հանգեցնել, ուստի արդեն իսկ իրավաբանական հիմքից զուրկ գրանցումը ենթակա է անվավեր ճանաչման»:

Տվյալ դեպքում Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանը Լեռնիկ Խաչատրյանի դիմումը քննել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 34-րդ գլխով սահմանված կանոններով, և 01.06.2006 թվականին վճռի հիմքում դրվել է ՀՍՍՀ Երևանի 26 Կոմիսարների շրջխորհրդի գործկոմի 12.04.1974 թվականի նիստի հ. 8 որոշումը, իսկ ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 10.04.2009 թվականի որոշմամբ` վիճելի հողամասի նկատմամբ իրավունքի մասին վեճ ծագելու հիմքով բեկանվել է Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանի 01.06.2006 թվականի վճիռը, և դիմումը թողնվել է առանց քննության: Փաստորեն, ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 10.04.2009 թվականի որոշմամբ Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանի 01.06.2006 թվականի վճիռը բեկանվելով` անվավեր չի ճանաչվել Լեռնիկ Խաչատրյանի Երևանի Վ. Փափազյան փողոցի 2-րդ նրբանցքի թիվ 119ա հասցեի 420քմ մակերեսով հողամասը հատկացնելու ՀՍՍՀ Երևանի 26 Կոմիսարների շրջխորհրդի գործկոմի 12.04.1974 թվականի նիստի հ. 8 որոշումը: Այսպիսով, ՀՍՍՀ Երևանի 26 Կոմիսարների շրջխորհրդի գործկոմի 12.04.1974 թվականի նիստի հ. 8 որոշումը չի ճանաչվել ոչ իրավաչափ:

«Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի համաձայն` անշարժ գույքի նկատմամբ սեփականության իրավունքի դադարման մասին որոշումները, վճիռներն ու դատավճիռները, անշարժ գույքից կամ դրա մի մասից սեփականատիրոջ հրաժարվելու մասին դիմումները, անշարժ գույքի վարձակալության, օգտագործման իրավունքի դադարման մասին որոշումները ենթակա են պետական գրանցման` կատարելով համապատասխան փոփոխություններ գրանցման մատյանի` տվյալ անշարժ գույքի միավորի գրանցման թերթիկում և կադաստրային քարտեզում:

Վերը նշված հոդվածից հետևում է, որ սեփականության իրավունքն անշարժ գույքի նկատմամբ կարող է դադարել սեփականատիրոջ կողմից գույքից հրաժարվելու մասին դիմում ներկայացնելով և որոշումների, վճիռների և դատավճիռների հիման վրա:

Մինչդեռ, սույն վարչական գործում առկա չէ որևէ ապացույց` որոշում, վճիռ կամ դատավճիռ, որով դադարեցված կհամարվեր Լեռնիկ Խաչատրյանի սեփականության իրավունքի պետական գրանցումը` Երևանի Վ. Փափազյան փողոցի 2-րդ նրբանցքի թիվ 119ա հասցեի նկատմամբ:

 

2) Բողոքը երկրորդ հիմքով հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ.

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 275-րդ հոդվածի համաձայն` եթե գույքը հատուցմամբ ձեռք է բերվել այդ գույքն օտարելու իրավունք չունեցող անձից, որի մասին ձեռք բերողը չգիտեր և չէր կարող իմանալ (բարեխիղճ ձեռք բերող), ապա սեփականատերն իրավունք ունի ձեռք բերողից տվյալ գույքը պահանջել միայն այն դեպքում, երբ գույքը կորցրել է սեփականատերը կամ այն անձը, ում այդ գույքի սեփականատերը հանձնել է տիրապետման, կամ այն հափշտակվել է մեկից կամ մյուսից, կամ նրանց տիրապետումից դուրս է եկել այլ ճանապարհով` անկախ նրանց կամքից: Եթե գույքն անհատույց է ձեռք բերվել այն օտարելու իրավունք չունեցող անձից, ապա սեփականատերը բոլոր դեպքերում իրավունք ունի հետ պահանջել այդ գույքը:

Վճռաբեկ դատարանն իր նախկին որոշումներում անդրադարձել է գույքը բարեխիղճ ձեռք բերողի հարցին (տես, օրինակ` Անահիդա և Մհեր Բաղդասարյանների հայցի ընդդեմ Կենտրոն նոտարական տարածքի, Սարգիս և Գարեգին Վարդանյանների, Զեփյուռ Շուլուկյանի, Վազգեն Ղարիբյանի, Գուրգեն Կիտուրյանի, ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Կենտրոն տարածքային ստորաբաժանման՝ բնակարանի առուվաճառքի պայմանագրերը, սեփականության իրավունքի գրանցման վկայականներն անվավեր ճանաչելու և սեփականատիրոջը վերադարձնելու պահանջների մասին 06.07.2007 թվականի Քաղ. գործ թիվ 3-1098(ՎԴ) որոշումը):

Սույն գործով Դատարանը, անտեսելով գործում առկա վերը նշված փաստական հանգամանքները, խախտել է ինչպես ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 275-րդ հոդվածով ամրագրված բարեխիղճ ձեռք բերողին վերաբերող պայմանը, այնպես էլ բարեխիղճ ձեռք բերողից գույքը հետ պահանջելու դեպքերը:

Սույն գործի փաստերի համաձայն` Երևանի Վ. Փափազյան փողոցի 2-րդ նրբանցքի 119ա հասցեի 404քմ մակերեսով հողամասի սեփականատեր Լեռնիկ Խաչատրյանը օգտվելով ՀՀ Սահմանադրությամբ ամրագրված իր սեփականատիրոջ իրավունքից, վաճառել է այն: Ջուլիետա Բալայանը վիճելի գույքը 23.04.2007 թվականի անշարժ գույքի առուվաճառքի պայմանագրով սեփականատիրոջից` Լեռնիկ Խաչատրյանից ձեռք է բերել հատուցմամբ, և նրա տիրապետումից այն դուրս է եկել իր կամքի համաձայն: Վարդան Օհանյանը նույնպես վիճելի գույքը 02.07.2007 թվականի անշարժ գույքի առուվաճառքի պայմանագրով ձեռք է բերել սեփականատիրոջից` Ջուլիետա Բալայանից հատուցմամբ, և այն Ջուլիետա Բալայանի տիրապետումից դուրս է եկել նրա կամքով: Նունե Զաքարյանը նույնպես վիճելի գույքը 20.08.2009 թվականի անշարժ գույքի առուվաճառքի պայմանագրով ձեռք է բերել հատուցմամբ և Վարդան Օհանյանի տիրապետումից դուրս է եկել նրա կամքով:

Այսպիսով, վերը նշված փաստարկների առկայության պայմաններում Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ՀՀ վճռաբեկ դատարանի` նախկինում ընդունված 06.07.2007 թվականի թիվ 3-1098 (ՎԴ) որոշման փաստական հանգամանքները սույն վարչական գործի փաստական հանգամանքների հետ նույնական են:

 

Վերոնշյալ պատճառաբանություններով հերքվում են վճռաբեկ բողոքի պատասխանում բերված փաստարկները:

 

Վճռաբեկ բողոքի նշված հիմքերի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 227-րդ և 228-րդ հոդվածների համաձայն, Դատարանի վճիռը բեկանելու համար:

 

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի հոդվածով, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-2412-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել մասնակիորեն: Բեկանել ՀՀ վարչական դատարանի 17.12.2009 թվականի վճիռը և գործն ուղարկել նույն դատարան` նոր քննության:

2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող`

 

Ս. Սարգսյան

Դատավորներ`

Վ. ԱՎԱՆԵՍՅԱՆ

Ս. Անտոնյան

 

Ա. Բարսեղյան

Մ. ԴՐՄԵՅԱՆ

Ե. Խունդկարյան

Է. Հայրիյան

Ե. ՍՈՂՈՄՈՆՅԱՆ

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան