Գլխավոր տեղեկություն
Տիպ
Արձանագրություն
Тип
Ինկորպորացիա (02.01.2015-10.10.2016)
Статус
Գործողությունը դադարեցված է
Первоисточник
ՀՀՊՏ 2015.01.21/3(1092) Հոդ.27
Принят
Հայաստանի Հանրապետություն
Дата принятия
12.12.2008
Дата подписания
12.12.2008
Дата вступления в силу
02.01.2015
Ուժը կորցնելու ամսաթիվ
10.10.2016

Ա Ր Ձ Ա Ն Ա Գ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

 

ՄԱՔՍԱՅԻՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՍԱԿԱԳՆԱՅԻՆ ԱՌԱՆՁՆԱՇՆՈՐՀՈՒՄՆԵՐԻ ՄԻԱՍՆԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ

 

Բելառուսի Հանրապետության Կառավարությունը, Ղազախստանի Հանրապետության Կառավարությունը և Ռուսաստանի Դաշնության Կառավարությունը, այսուհետ` Կողմերը,

հիմնվելով 2008 թվականի հունվարի 25-ի «Միասնական մաքսային և սակագնային կարգավորումների մասին» համաձայնագրի վրա,

տնտեսական ինտեգրման խորացմանը աջակցելու և բարեխիղճ մրցակցություն իրականացնելու նպատակով,

ղեկավարվելով միջազգային առևտրի համընդհանուր նորմերով և կանոններով,

համաձայնեցին հետևյալի մասին.

 

Հոդված 1

 

Այն պահից, երբ Կողմերը Մաքսային միության հանձնաժողովին (այսուհետ՝ Հանձնաժողով) տրամադրում են Միասնական մաքսային սակագին կիրառելու լիազորությունները, Կողմ պետությունների մաքսային տարածք կամ միասնական մաքսային տարածք զարգացող կամ առավել թույլ զարգացած երկրներից ծագած և ներմուծվող ապրանքների ներմուծման սակագնային առանձնաշնորհումները (պրեֆերենցիաները) տրամադրվում են միայն սույն Արձանագրության համաձայն:

 

Հոդված 2

 

Սակագնային առանձնաշնորհումների համակարգից օգտվող զարգացող երկրների ցանկը հաստատվում է Հանձնաժողովի կողմից:

Այս ցանկում ներառվում են այն երկրները, որոնք Համաշխարհային բանկի կողմից չեն դասակարգվել որպես եկամտի բարձր մակարդակով երկրներ:

Այն երկիրը, որը Համաշխարհային բանկի կողմից չի դասակարգվել որպես եկամտի բարձր մակարդակով երկիր, կարող է չներառվել նշված ցանկում կամ հանվել դրանից հետևյալ դեպքերում`

երկիրը հասել է եկամտի այն մակարդակին, որը Համաշխարհային բանկի կողմից սահմանվում է որպես բարձր,

այդ երկրից վերջին երկու տարիների ընթացքում արտաքին տնտեսական գործունեության Միասնական ապրանքային անվանացանկի ամենամեծ արժեքային ծավալը ունեցող հինգ խմբերի ապրանքների ներկրման ծավալը հավասար է կամ գերազանցում է առանձնաշնորհումների համակարգից օգտվող երկրներից այդ ապրանքների ներմուծման ընդհանուր ծավալի 75 տոկոսը,

տվյալ երկիրն իրականացնում է անբարյացակամ գործողություններ, ինչպիսիք են՝ Կողմ պետությունների կամ Կողմ պետությունների ֆիզիկական և (կամ) իրավաբանական անձանց տնտեսական շահերի բազմակի խախտումը, այդ թվում՝ այն գործողությունները, որոնք անհիմն փակում են այդ Կողմ երկրների ֆիզիկական և (կամ) իրավաբանական անձանց մուտքը տվյալ երկրի շուկա կամ ցանկացած այլ կերպ անհիմն խտրականություն են դրսևորում Կողմ երկրների ֆիզիկական և (կամ) իրավաբանական անձանց նկատմամբ,

առկա են թմրանյութերի արտահանման կամ տարանցման վերահսկողության լուրջ թերություններ,

երկիրը չի հետևում փողերի լվացման դեմ պայքարի միջազգային պայմանագրերին:

 

Հոդված 3

 

Սակագնային առանձնաշնորհումների համակարգից օգտվող առավել թույլ զարգացած երկրների ցանկը հաստատվում է Հանձնաժողովի կողմից:

Սույն ցանկում ընդգրկվում են այն երկրները, որոնք ներառված են ՄԱԿ-ի առավել թույլ զարգացած երկրների ցուցակի մեջ:

 

Հոդված 4

 

Զարգացող և առավել թույլ զարգացած երկրներից ծագած և ներմուծվող այն ապրանքների ցանկը, որոնց ներմուծման ժամանակ տրամադրվում են սակագնային առանձնաշնորհումներ, հաստատվում է Հանձնաժողովի կողմից:

Սույն ցանկի ապրանքային դիրքերի քանակը չի կարող գերազանցել Արտաքին տնտեսական գործունեության միասնական ապրանքային անվանացանկի ենթադիրքերի ընդհանուր քանակի 20 տոկոսը:

Անհրաժեշտության դեպքում Հանձնաժողովը հաստատում է առավել թույլ զարգացած երկրներից ծագած և ներմուծվող այն ապրանքների լրացուցիչ ցանկը, որոնց ներմուծման ժամանակ տրամադրվում են սակագնային առանձնաշնորհումներ:

Սույն ցանկի ապրանքային դիրքերի քանակը չի կարող գերազանցել Արտաքին տնտեսական գործունեության միասնական ապրանքային անվանացանկի ենթադիրքերի ընդհանուր քանակի 5 տոկոսը:

 

Հոդված 5

 

Կողմերի պայմանավորվածությամբ սույն Արձանագրությունում կարող են կատարվել փոփոխություններ, որոնք ձևակերպվում են առանձին արձանագրություններով:

 

Հոդված 6

 

Կողմերի միջև ծագող՝ սույն Արձանագրության մեկնաբանման և (կամ) կիրառման հետ կապված վեճերը կարգավորվում են շահագրգիռ Կողմերի միջև անցկացվող խորհրդակցությունների ու բանակցությունների միջոցով, իսկ համաձայնություն ձեռք չբերվելու դեպքում, ցանկացած շահագրգիռ Կողմի նախաձեռնությամբ վեճը հանձնվում է Եվրասիական տնտեսական համայնքի դատարանի քննությանը:

 

Հոդված 7

 

Սույն Արձանագրությունն ուժի մեջ մտնելու, դրան միանալու և դրանից դուրս գալու կարգը սահմանվում է «Մաքսային միության իրավապայմանագրային բազայի ձևավորմանն ուղղված միջազգային պայմանագրերի ուժի մեջ մտնելու, դրանցից դուրս գալու և դրանց միանալու կարգի մասին» 2007 թվականի հոկտեմբերի 6-ի արձանագրությամբ:

 

Կատարված է Մոսկվա քաղաքում, 2008 թվականի դեկտեմբերի 12-ին, մեկ բնօրինակից՝ ռուսերենով:

Սույն Արձանագրության բնօրինակը պահվում է ավանդապահի մոտ, որը, մինչև իր գործառույթները Հանձնաժողովին փոխանցելը, Եվրասիական տնտեսական համայնքի ինտեգրման հարցերով կոմիտեն է:

Ավանդապահը յուրաքանչյուր Կողմին կտրամադրի սույն Արձանագրության հաստատված պատճենը:

(սույն արձանագրությունը 29.05.2014 «ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» պայմանագրի 102 հոդվածի համաձայն ունի անցումային դրույթ)

 

Բելառուսի
Հանրապետության
 Կառավարության կողմից

 

(ստորագրություն)

Ղազախստանի
Հանրապետության
Կառավարության կողմից

 

(ստորագրություն)

Ռուսաստանի
Դաշնության
Կառավարության կողմից

 

(ստորագրություն)