ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՀՀ վարչական դատարանի վճիռ |
Վարչական գործ թիվ ՎԴ/3557/05/09 2010թ. |
Նախագահող դատավոր՝ Կ. Բաղդասարյան |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան)
նախագահությամբ |
Ս. Սարգսյանի | |
մասնակցությամբ դատավորներ |
Ե. Խունդկարյանի | |
Վ. Աբելյանի | ||
Ս. Անտոնյանի | ||
Վ. Ավանեսյանի | ||
Ա. Բարսեղյանի | ||
Մ. ԴՐՄԵՅԱՆԻ | ||
Է. Հայրիյանի | ||
Տ. Պետրոսյանի |
2010 թվականի մայիսի 27-ին
դռնբաց դատական նիստում, քննելով ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի Հրազդանի տարածքային հարկային տեսչության (այսուհետ` Տեսչություն) վճռաբեկ բողոքը ՀՀ վարչական դատարանի 20.11.2009 թվականի վճռի դեմ` ըստ Տեսչության հայցի ընդդեմ «Ս.Է.Գ. Գրիգորյաններ» ՍՊԸ-ի (այսուհետ` Ընկերություն)` 4.064.500 ՀՀ դրամ բռնագանձելու պահանջի մասին,
Պ Ա Ր Զ Ե Ց
1. Գործի դատավարական նախապատմությունը
Դիմելով ՀՀ վարչական դատարան` Տեսչությունը պահանջել է բռնագանձել Ընկերությունից 4.064.500 ՀՀ դրամ:
ՀՀ վարչական դատարանի (այսուհետ` Դատարան) 20.11.2009 թվականի վճռով հայցը մերժվել է:
Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Տեսչությունը:
Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:
2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը
Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.
1) Դատարանը սխալ է մեկնաբանել «Հարկերի մասին» ՀՀ օրենքի 23-րդ, 25-րդ, 27-րդ հոդվածները, «Շահութահարկի մասին» ՀՀ օրենքի 33-րդ հոդվածը, «Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենքի 6-րդ, 43-րդ հոդվածները:
Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.
Դատարանն անտեսել է, որ ՀՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության (այսուհետ` Ծառայություն) Հրազդանի տարածքային հարկային տեսչության 25.06.2008 թվականի թիվ 1033017 ակտով Ընկերությանն առաջադրվել է 8.965.100 ՀՀ դրամի հարկային պարտավորություն, որից շահութահարկի գծով` 5.084.700 ՀՀ դրամ, ավելացված արժեքի հարկի գծով` 2.984.000 ՀՀ դրամ, «Հարկային ծառայության մասին» ՀՀ օրենքի 28-րդ հոդվածով նախատեսված գումար` 896.400 ՀՀ դրամ: Սակայն նշված պարտավորություններից Ընկերությունը վճարել է 6.518.984 ՀՀ դրամը միայն:
Դատարանը հաշվի չի առել, որ ՀՀ արդարադատության նախարարության «Փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ի 26.02.2009 թվականի թիվ 01890909 եզրակացությամբ հաստատվել են սկզբնական փորձաքննությամբ տրված եզրակացությամբ Ընկերության նկատմամբ հաշվարկված 6.518.984 ՀՀ դրամի հարկային պարտավորությունները, որոնք սակայն հաշվարկվել են առանց ձեռքբերման փաստաթղթերի ներկայացման, քանի որ դրանք, Ընկերության հայտարարության համաձայն, վերջինիս մոտ չէին գտնվում:
2) Դատարանը սխալ է մեկնաբանել «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 34-րդ հոդվածը, «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետը:
Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.
Դատարանն անտեսել է, որ ՀՀ քաղաքաշինության նախարարության կողմից տրված 20.10.2006 թվականի թիվ 10569 լիցենզիայի համար յուրաքանչյուր տարվա պետական տուրքն Ընկերությունը պարտավոր էր վճարել մինչև հոկտեմբերի 20-ը: Իսկ ՀՀ քաղաքաշինության նախարարի հրամանով Ընկերության այդ լիցենզիան դադարեցվել է 18.01.2008 թվականին: Այսինքն` Ընկերությունը մինչև 20.10.2007 թվականը չի վճարել նշված լիցենզիայի տարեկան պետական տուրքի գումարը` 100.000 ՀՀ դրամը, այլ վճարել է 32.000 ՀՀ դրամ:
Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Դատարանի 20.11.2009 թվականի վճիռը և այն փոփոխել` հայցը բավարարել:
3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը.
1) Տեսչության տեղեկանքի համաձայն` 22.06.2009 թվականի դրությամբ Ընկերության պարտավորությունները կազմում են 4.064.500 ՀՀ դրամ, որից շահութահարկի գծով տուգանք` 1.420.600 ՀՀ դրամ, ավելացված արժեքի հարկի գծով` 1.239.400 ՀՀ դրամ` տույժ` 332.200 ՀՀ դրամ, տուգանք` 907.200 ՀՀ դրամ, «Հարկային ծառայության մասին» ՀՀ օրենքի 28-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով սահմանված հարկային մարմնի համակարգի զարգացման ֆոնդի գումար` 896.500 ՀՀ դրամ` ապառք` 502.000 ՀՀ դրամ, տույժ` 93.300 ՀՀ դրամ, տուգանք` 301.200 ՀՀ դրամ, պետական տուրքի գծով` 508.000 ՀՀ դրամ` ապառք` 168.000 ՀՀ դրամ, տույժ` 340.000 ՀՀ դրամ (գ.թ. 6):
2) Ծառայության Հրազդանի տարածքային հարկային տեսչության 25.06.2008 թվականի թիվ 1033017 ակտով Ընկերությանն առաջադրվել են 8.965.100 ՀՀ դրամի հարկային պարտավորություններ, որոնցից շահութահարկի գծով` 5.084.700 ՀՀ դրամ, ավելացված արժեքի հարկի գծով` 2.984.000 ՀՀ դրամ, «Հարկային ծառայության մասին» ՀՀ օրենքի 28-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով նախատեսված գումար` 896.400 ՀՀ դրամ (գ.թ. 10-15):
3) Նշված պարտավորություններից Ընկերությունը վճարել է 6.518.984 ՀՀ դրամը, ինչը հաստատվում է գործում առկա վճարման անդորրագրերով և ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի քննչական վարչության ավագ քննիչ Ա. Ասատրյանի 30.04.2009 թվականի «Քրեական գործով վարույթը կարճելու և քրեական հետապնդում չիրականացնելու մասին» որոշմամբ (գ.թ. 44-51, 95-96):
4) Ծառայության Հրազդանի տարածքային հարկային տեսչության 25.06.2008 թվականի թիվ 1033017 ակտն Ընկերությունը չի վիճարկել:
5) ՀՀ քաղաքաշինության նախարարության 24.01.2008 թվականի թիվ ԱՀ-24/217 գրության համաձայն` ՀՀ քաղաքաշինության նախարարի 18.01.2008 թվականի թիվ 05 հրամանով Ընկերության 26.12.2007 թվականի դիմումի հիման վրա «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետի հիմքով դադարեցվել է Ընկերությանը տրամադրված 20.10.2006 թվականի թիվ 10569 լիցենզիայի գործողությունը (գ.թ. 58):
6) Ընկերության 20.10.2006 թվականի «Կապիտալ շինարարության իրականացում, ըստ քաղաքաշինության հետևյալ ոլորտի` էներգետիկ» թիվ 10569 լիցենզիայի համար տարեկան պետական տուրքը կազմում էր 100.000 ՀՀ դրամ:
4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները
Քննելով վճռաբեկ բողոքը նշված հիմքերի սահմաններում` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ`
1) Վճռաբեկ բողոքն առաջին հիմքով հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ.
ՀՀ Սահմանադրության 5-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` պետական և տեղական ինքնակառավարման մարմիններն ու պաշտոնատար անձինք իրավասու են կատարելու միայն այնպիսի գործողություններ, որոնց համար լիազորված են Սահմանադրությամբ կամ օրենքներով:
ՀՀ Սահմանադրության 45-րդ հոդվածի համաձայն` յուրաքանչյուր ոք պարտավոր է օրենքով սահմանված կարգով և չափով մուծել հարկեր, տուրքեր, կատարել պարտադիր այլ վճարումներ:
ՀՀ Սահմանադրության 47-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր ոք պարտավոր է պահպանել Սահմանադրությունը և օրենքները, հարգել այլոց իրավունքները, ազատությունները և արժանապատվությունը:
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 64-րդ հոդվածի համաձայն` վարչական դատարանում գործը հարուցվում է հայցի հիման վրա:
Նշված նորմերի վերլուծությունից հետևում է, որ ՀՀ վարչական դատարանը գործը հարուցում, քննում և լուծում է միայն հայցի հիման վրա և միմիայն հայցի շրջանակներում: Իսկ վարչական ակտի իրավաչափության ստուգման պահանջի բացակայության պայմաններում իր նախաձեռնությամբ անդրադառնալով վարչական ակտի իրավաչափության հարցին և բացառելով դրա իրավական հետևանքներ առաջացնելու հնարավորությունը` ՀՀ վարչական դատարանը դուրս է գալիս հայցի շրջանակներից: ՀՀ Սահմանադրության ուժով վարչական ակտի չվիճարկման պայմաններում յուրաքանչյուր ոք պարտավոր է ելնել այն կանխավարկածից, որ վարչական ակտն ընդունվել է ՀՀ Սահմանադրությամբ և օրենքներով սահմանված վարչական մարմնի լիազորությունների շրջանակում, և այն ենթակա է կատարման: Դրա հետևանքով պետք է եզրակացնել, որ չվիճարկված վարչական ակտն իրավաչափ է և որևէ անձ, այդ թվում` պետական մարմինը, չի կարող կասկածի տակ դնել դրա իրավաչափությունը (իրավական հիմնավորումը տե´ս նաև` ըստ Երևանի քաղաքապետարանի հայցի ընդդեմ Հրաչյա Քարամյանի` ինքնակամ շինությունը քանդելուն պարտավորեցնելու և 200.000 ՀՀ դրամ վարչական տուգանքը բռնագանձելու պահանջների մասին թիվ ՎԴ/2068/05/08 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 27.05.2009 թվականի որոշումը):
Սույն գործով Դատարանը շահութահարկի, ավելացված արժեքի հարկի և «Հարկային ծառայության մասին» ՀՀ օրենքի 28-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով սահմանված հարկային մարմնի համակարգի զարգացման ֆոնդի գումարի մասով հայցը մերժելու հիմքում դրել է այն հանգամանքը, որ ՀՀ արդարադատության նախարարության «Փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ի 26.02.2009 թվականի թիվ 01890909 եզրակացությամբ հաստատվել են սկզբնական փորձաքննությամբ տրված եզրակացությամբ Ընկերության նկատմամբ հաշվարկված 6.518.984 ՀՀ դրամի հարկային պարտավորությունները: Իսկ Ընկերությունը 6.518.984 ՀՀ դրամը 30.04.2009 թվականի դրությամբ ամբողջությամբ վճարել է, ինչը հիմնավորվում է ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի քննչական վարչության ավագ քննիչ Ա. Ասատրյանի 30.04.2009 թվականի «Քրեական գործով վարույթը կարճելու և քրեական հետապնդում չիրականացնելու մասին» որոշմամբ:
Մինչդեռ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Դատարանի նշված պատճառաբանությունն անհիմն է, քանի որ Դատարանն անտեսել է այն հանգամանքը, որ Ծառայության Հրազդանի տարածքային հարկային տեսչության 25.06.2008 թվականի թիվ 1033017 ակտը չի վիճարկվել: Հետևաբար Դատարանը պարտավոր էր ելնել այն կանխավարկածից, որ նշված ակտն ընդունվել է ՀՀ Սահմանադրությամբ և օրենքներով սահմանված Ծառայության Հրազդանի տարածքային հարկային տեսչության լիազորությունների շրջանակում, և այն ենթակա է կատարման: Այսինքն` Դատարանն իրավասու չէր կասկածի տակ դնել դրա իրավաչափությունը:
Նշվածի արդյունքում Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Դատարանը Տեսչության հայցը մերժելիս դուրս է եկել դրա շրջանակներից, քանի որ Ծառայության Հրազդանի տարածքային հարկային տեսչության 25.06.2008 թվականի թիվ 1033017 ակտի իրավաչափության ստուգման պահանջի բացակայության պայմաններում իր նախաձեռնությամբ անդրադարձել է նշված ակտի իրավաչափության հարցին և բացառել է դրա իրավական հետևանքներ առաջացնելու հնարավորությունը:
2) Վճռաբեկ բողոքը երկրորդ հիմքով հիմնավոր չէ հետևյալ պատճառաբանությամբ.
«Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածի համաձայն` պետական տուրք վճարողները պարտավոր են` ... նույն օրենքով սահմանված դեպքերում պետական բյուջե վճարել պետական տուրքը ժամանակին չվճարելու համար հաշվարկված տույժի գումարները:
«Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի համաձայն` պետական տուրքի վճարման` իրավաբանական անձանց պարտավորությունը դադարում է այդ պարտավորության կատարումով, պետական տուրքի վճարումից ազատումով, պետական տուրքի վերացումով կամ օրենքով սահմանված այլ հիմքերով, իսկ ֆիզիկական անձանց համար` պարտավորության կատարումով, պետական տուրքի վճարումից ազատումով, պետական տուրքի վերացումով կամ պետական տուրք վճարողի մահվան դեպքում:
«Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 6.1-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի համաձայն` անկախ նույն օրենքի 6-րդ հոդվածում նշված դրույթներից` ֆիզիկական անձանց և կազմակերպությունների հերթական տարեկան պետական տուրքի վճարման պարտավորությունը դադարում է, եթե տարեկան պետական տուրք վճարողը մինչև հերթական տարեկան պետական տուրքի վճարման համար նույն օրենքով սահմանված ժամկետի վերջին օրը լիազոր մարմին դիմում է ներկայացնում լիազոր մարմնի կողմից տարեկան պետական տուրքի գանձման օբյեկտ հանդիսացող ծառայությունների մատուցման կամ գործողությունների կատարման արդյունքում տրված փաստաթղթերի (իրավունքների, թույլտվությունների, արտոնագրերի, լիցենզիաների) գործողության դադարեցման (ուժը կորցրած ճանաչվելու) համար և այդ դիմումի հետագա բավարարման դեպքում:
Եթե տարեկան պետական տուրք վճարողն իրավունքի, թույլտվության, արտոնագրի կամ լիցենզիայի գործողության դադարեցման (ուժը կորցրած ճանաչվելու) համար դիմումը լիազոր մարմին ներկայացնում է հերթական տարեկան պետական տուրքի վճարման համար նույն օրենքով սահմանված ժամկետի վերջին օրվանից հետո, ապա դրա բավարարման դեպքում հերթական տարեկան պետական տուրքի վճարման համար նույն օրենքով սահմանված ժամկետի վերջին օրվանից (դիմումում դադարեցման ավելի ուշ ժամկետ նշված լինելու դեպքում` այդ օրվանից) սկսած հաշվարկվում է միայն տույժ` մինչև գործողության դադարեցման (ուժը կորցրած ճանաչվելու) համար դիմումի ներկայացման օրը: Եթե դիմումում նշված է ավելի վաղ ժամկետ, քան դիմումի ներկայացման օրը, ապա տույժը հաշվարկվում է մինչև իրավունքի, թույլտվության, արտոնագրի կամ լիցենզիայի գործողության դադարեցման (ուժը կորցրած ճանաչվելու) համար դիմումի ներկայացման օրը:
«Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 34-րդ հոդվածի 3-րդ պարբերության համաձայն` նույն օրենքով սահմանված տարեկան հերթական պետական տուրքի վճարումը յուրաքանչյուր առաջիկա տարվա համար կատարվում է մինչև առաջիկա տարին սկսելը` լիազոր մարմնի կողմից տարեկան պետական տուրքի գանձման օբյեկտ հանդիսացող ծառայությունների մատուցման կամ գործողությունների կատարման արդյունքում փաստաթղթերի (իրավունքների, թույլտվությունների, արտոնագրերի, լիցենզիաների) վրա նշված փաստաթղթերի (իրավունքների, թույլտվությունների, արտոնագրերի, լիցենզիաների) տրման ամսաթվից ոչ ուշ:
«Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 3-րդ պարբերության համաձայն` նույն օրենքով սահմանված կարգով պետական տուրքի վճարման ժամկետի հետաձգման գծով արտոնություն ունեցող վճարողի կողմից պետական տուրքի վճարման համար սահմանված ժամկետներում վճարումը, ինչպես նաև նույն օրենքով սահմանված տարեկան պետական տուրքերի վճարման համար սահմանված ժամկետներում վճարումը չկատարելու դեպքում բյուջե չվճարված պետական տուրքի գումարները ենթակա են վճարողից բռնագանձման պետական բյուջե` ժամկետանց յուրաքանչյուր օրվա համար 0.5 տոկոսի չափով հաշվարկված տույժի հետ միասին:
Նշված նորմերի վերլուծությունից հետևում է, որ յուրաքանչյուր առաջիկա տարվա համար տարեկան հերթական պետական տուրքի վճարումը պետք է կատարվի մինչև այդ տարին սկսելը, իսկ պետական տուրքի վճարման տեսանկյունից տարին սկսված է համարվում լիցենզիայի տրման ամսաթվից: Այդ պահանջը խախտելու հետևանքով պետական տուրքը բռնագանձվում է ժամկետանց յուրաքանչյուր օրվա համար 0.5 տոկոսի չափով հաշվարկված տույժի հետ միասին: Սակայն այն դեպքում, երբ մինչև հերթական տարեկան պետական տուրքի վճարման համար սահմանված ժամկետի վերջին օրը լիազոր մարմնին դիմում է ներկայացվում լիցենզիայի գործողության դադարեցման համար, և այդ դիմումը բավարարվում է, հերթական տարեկան պետական տուրքի վճարման պարտավորությունը համարվում է դադարած: Միաժամանակ այն դեպքում, երբ նշված դիմումը լիազոր մարմնին է ներկայացվում հերթական տարեկան պետական տուրքի վճարման համար սահմանված ժամկետի վերջին օրվանից հետո, ապա դրա բավարարման դեպքում հերթական տարեկան պետական տուրքի վճարման համար սահմանված ժամկետի վերջին օրվանից սկսած հաշվարկվում է միայն տույժ մինչև լիցենզիայի գործողության դադարեցման համար դիմումի ներկայացման օրը:
Սույն գործով Դատարանը պետական տուրքի մասով հայցը մերժելու հիմքում դրել է այն հանգամանքը, որ ՀՀ քաղաքաշինության նախարարության 24.01.2008 թվականի թիվ ԱՀ-24/217 գրության համաձայն` 20.10.2006 թվականին Ընկերությանը տրված թիվ 10569 լիցենզիայի գործողությունն Ընկերության 26.12.2007 թվականի դիմումի հիման վրա «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետով նախատեսված հիմքով դադարեցվել է ՀՀ քաղաքաշինության նախարարի 18.01.2008 թվականի թիվ 05 հրամանով: Միաժամանակ 25.12.2007 թվականի թիվ 71225003018882 վճարման անդորրագրի համաձայն` Ընկերությունը վճարել է կապիտալ շինարարության իրականացման համար տրված լիցենզիայի պետական տուրքի համար հաշվարկված 32.000 ՀՀ դրամ տույժի գումարը:
Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Դատարանի նշված պատճառաբանությունը հիմնավոր է, քանի որ սույն գործում առկա ՀՀ քաղաքաշինության նախարարության 24.01.2008 թվականի թիվ ԱՀ-24/217 գրությամբ հաստատվում է այն հանգամանքը, որ Ընկերությունը 20.10.2006 թվականի թիվ 10569 լիցենզիայի գործողությունը դադարեցնելու վերաբերյալ դիմումը լիցենզավորող մարմնին է ներկայացրել 26.12.2007 թվականին, որը բավարարվել է, և ՀՀ քաղաքաշինության նախարարի 18.01.2008 թվականի թիվ 05 հրամանով նշված լիցենզիայի գործողությունը դադարեցվել է: Այսինքն` Ընկերությունը նշված դիմումը լիցենզավորող մարմնին է ներկայացրել հերթական տարեկան պետական տուրքի վճարման համար սահմանված ժամկետի վերջին օրվանից` 20.10.2007 թվականից, 68 օր հետո` 26.12.2007 թվականին, և այն բավարարվել է: Հետևաբար «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 6.1-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի 2-րդ պարբերության ուժով Ընկերության` հերթական տարեկան պետական տուրք վճարելու պարտավորությունը դադարել է, և Ընկերությունը պարտավոր էր վճարել միայն 20.10.2007 թվականից մինչև 26.12.2007 թվականը հաշվարկված տույժերը:
Վերոգրյալի հիման վրա Վճռաբեկ դատարանը գտնում է, որ հայցը ենթակա է մերժման 508.000 ՀՀ դրամի չափով:
Այսպիսով, սույն վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը համարում է բավարար` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 227-րդ և 228-րդ հոդվածների ուժով Դատարանի վճիռը մասնակիորեն բեկանելու համար:
Միաժամանակ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով անհրաժեշտ է կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-րդ հոդվածի 1-ին կետի 4-րդ ենթակետով սահմանված` ստորադաս դատարանի դատական ակտը փոփոխելու Վճռաբեկ դատարանի լիազորությունը հետևյալ հիմնավորմամբ.
ՀՀ Սահմանադրության 19-րդ հոդվածի և «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի ողջամիտ ժամկետում իր գործի քննության իրավունք: Սույն գործով վեճի լուծումն էական նշանակություն ունի գործին մասնակցող անձանց համար: Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գործը ողջամիտ ժամկետում քննելը հանդիսանում է ՀՀ Սահմանադրության և «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի նույն հոդվածներով ամրագրված` անձի արդար դատաքննության իրավունքի տարր, հետևաբար, գործի անհարկի ձգձգումները վտանգ են պարունակում նշված իրավունքի խախտման տեսանկյունից: Տվյալ դեպքում Վճռաբեկ դատարանի կողմից ստորադաս դատարանի դատական ակտը փոփոխելը բխում է արդարադատության արդյունավետության շահերից, քանի որ սույն գործով վերջնական դատական ակտ կայացնելու համար նոր հանգամանք հաստատելու անհրաժեշտությունը բացակայում է:
Դատական ակտը փոփոխելիս Վճռաբեկ դատարանը հիմք է ընդունում սույն որոշման պատճառաբանությունները, ինչպես նաև գործի նոր քննության անհրաժեշտության բացակայությունը:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-2412-րդ հոդվածներով, ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 59-րդ և 118-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը
ՈՐՈՇԵՑ
1. Վճռաբեկ բողոքը բավարարել մասնակիորեն: Բեկանել ՀՀ վարչական դատարանի 20.11.2009 թվականի վճիռը և այն փոփոխել. ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի Հրազդանի տարածքային հարկային տեսչության հայցը բավարարել մասնակիորեն` «Ս.Է.Գ. Գրիգորյաններ» ՍՊԸ-ից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել 3.556.500 ՀՀ դրամ: Մնացած մասով հայցը մերժել:
2. «Ս.Է.Գ. Գրիգորյաններ» ՍՊԸ-ից հօգուտ ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի Հրազդանի տարածքային հարկային տեսչության բռնագանձել 71.130 ՀՀ դրամ` որպես հայցադիմումի և 106.695 ՀՀ դրամ` որպես վճռաբեկ բողոքի համար վճարված պետական տուրքեր:
3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:
Նախագահող` |
|
Ս. Սարգսյան |
Դատավորներ` |
|
Ե. Խունդկարյան |
Վ. Աբելյան | ||
Ս. Անտոնյան | ||
Վ. Ավանեսյան | ||
Ա. Բարսեղյան | ||
Մ. ԴՐՄԵՅԱՆ | ||
Է. Հայրիյան | ||
Տ. Պետրոսյան |