Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (26.03.2010-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2010.08.10/37(771).1 Հոդ.898.25
Принят
Վճռաբեկ դատարան
Дата принятия
26.03.2010
Подписан
Նախագահող
Дата подписания
26.03.2010
Дата вступления в силу
26.03.2010

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

Հայաստանի Հանրապետության

վերաքննիչ քրեական դատարանի որոշում

գործ թիվ ԵԿԴ/0058/11/09

ԵԿԴ/0058/11/09

 

Նախագահող դատավոր՝ Ս. Չիչոյան


Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան)

նախագահությամբ`

Դ. Ավետիսյանի

 

մասնակցությամբ դատավորներ`

Հ. Ասատրյանի

 

 

Ե. Դանիելյանի

 

 

Հ. Ղուկասյանի

 

 

Ա. Պողոսյանի

  Ս. Օհանյանի

 

 

 

քարտուղարությամբ

Կ. Աբրահամյանի

մասնակցությամբ բողոք բերած անձ

Լ. Սիմոնյանի

2010 թվականի մարտի 26-ին

 Երևան քաղաքում

 

դռնբաց դատական նիստում, քննելով դիմող Ֆրունզիկ Խաչիկի Գալստյանի ներկայացուցիչ Լ.Սիմոնյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 2009 թվականի նոյեմբերի 16-ի որոշման դեմ,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը

 

1. 2008 թվականի ապրիլի 22-ին ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Կոտայքի մարզի քննչական բաժնում հարուցվել է թիվ 49104408 քրեական գործը ՀՀ քրեական օրենսգրքի 325-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով` «ԱՄՖ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության տնօրեն Ռաֆայել Սողոմոնյանի կողմից իրավունք վերապահող փաստաթղթեր կեղծելու և օգտագործելու փաստի առթիվ:

2008 թվականի մայիսի 24-ից քրեական գործի նախաքննությունը շարունակվել է ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության հատկապես կարևոր գործերի քննության վարչությունում:

ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության հատկապես կարևոր գործերի քննության վարչության քննիչ Հ.Մանգոյանի 2009 թվականի ապրիլի 22-ի որոշմամբ քրեական գործի վարույթը կարճվել է, և Ռ.Սողոմոնյանի նկատմամբ քրեական հետապնդում չի իրականացվել` նրա գործողություններում ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ, 214-րդ, 325-րդ հոդվածների հանցակազմերի բացակայության հիմքով, իսկ Հովսեփ և Ֆրունզիկ Գալստյանների նկատմամբ քրեական հետապնդում չի իրականացվել` նրանց գործողություններում ՀՀ քրեական օրենսգրքի 325-րդ հոդվածով նախատեսված հանցակազմի բացակայության հիմքով:

Վերոգրյալ որոշումը «ԱՄՖ» ՍՊԸ-ի հիմնադիրներ Բենիկ Հարությունյանի, Հովսեփ և Ֆրունզիկ Գալստյանների կողմից բողոքարկվել է ՀՀ գլխավոր դատախազին, որը ՀՀ գլխավոր դատախազության սեփականության և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության դատախազ Հ.Սարգսյանի 2009 թվականի հուլիսի 9-ի որոշմամբ մերժվել է:

2. Թիվ 49104408 քրեական գործի վարույթը կարճելու և քրեական հետապնդում չիրականացնելու որոշման դեմ Բ.Հարությունյանը, Հ.Գալստյանը և Ֆ.Գալստյանը բողոք են ներկայացրել Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան (այսուհետ` Առաջին ատյանի դատարան), որը դատարանի 2009 թվականի հոկտեմբերի 2-ի որոշմամբ մերժվել է:

3. Նույն անձանց վերաքննիչ բողոքի քննության արդյունքում Վերաքննիչ դատարանը 2009 թվականի նոյեմբերի 16-ին որոշում է կայացրել բողոքը մերժելու, Առաջին ատյանի դատարանի 2009 թվականի հոկտեմբերի 2-ի որոշումն օրինական ուժի մեջ թողնելու մասին:

4. Վերաքննիչ դատարանի վերոգրյալ որոշման դեմ վճռաբեկ բողոքներ են բերել Հ.Գալստյանը և Ֆ.Գալստյանի ներկայացուցիչ Լ.Սիմոնյանը:

Վճռաբեկ դատարանի 2010 թվականի հունվարի 18-ի որոշմամբ Հ.Գալստյանի վճռաբեկ բողոքը վերադարձվել է` ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 407-րդ հոդվածի և 414.2-րդ հոդվածի 1-ին մասի պահանջներին չհամապատասխանելու հիմքով:

Վճռաբեկ դատարանը 2010 թվականի հունվարի 18-ի որոշմամբ Ֆ.Գալստյանի ներկայացուցիչ Լ.Սիմոնյանի վճռաբեկ բողոքը վարույթ է ընդունել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 414.2-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի հիմքով («բողոքում բարձրացված հարցի վերաբերյալ վճռաբեկ դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ օրենքի միատեսակ կիրառության համար»):

Դատավարության մասնակիցների կողմից վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

 

2. Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստերը

 

5. 2008 թվականի հունիսի 23-ին նախաքննության մարմինը որոշում է կայացրել ՀՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության Երևան քաղաքի Մյասնիկյանի տարածքային հարկային տեսչությունից «ԱՄՖ» ՍՊԸ-ի հարկային գործն առգրավելու մասին (տե'ս քրեական գործ, հատոր 3-րդ, էջ 87):

2008 թվականի հուլիսի 3-ին որոշում է կայացվել ՀՀ կառավարությանն առընթեր մաքսային պետական կոմիտեի Արարատյան տարածաշրջանային մաքսատնից «ԱՄՖ» ՍՊԸ-ի մաքսային թղթապանակն առգրավելու մասին (տե'ս քրեական գործ, հատոր 3-րդ, էջ 92):

6. ՀՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության պետի տեղակալ Ռ.Քոչարյանի 2008 թվականի հուլիսի 29-ի թիվ 6852/4-4 գրությամբ նախաքննության մարմին է ներկայացվել ՀՀ ԿԱ հարկային պետական ծառայության տեղեկատվական բազայում «ԱՄՖ» ՍՊԸ-ի կողմից 1999-2008 թվականների ընթացքում կատարված առևտրային գործարքների վերաբերյալ առկա տեղեկատվությունը (տե'ս քրեական գործ, հատոր 4-րդ, էջեր 233-235):

7. Նախաքննության մարմնի 2008 թվականի հունիսի 17-ի որոշման հիման վրա, «ԱՄՖ» ՍՊԸ-ի ֆինանսատնտեսական գործունեությունը ստուգելու նպատակով, ՀՀ ֆինանսների նախարարության ներքին աուդիտի գնահատման և ֆինանսական վերահսկողության վարչության կողմից կատարվել է ստուգում, որի արդյունքներով կազմվել է թիվ 343-Ա ակտը: Ստուգման ակտում նշվել է` «Ստուգման ընթացքում առկա չէին հաշվապահական հաշվառման փաստաթղթերը, դրամարկղի գրքերը (միայն ներկայացվել է դրամարկղի գիրքը, որը սկսվում է 2004 թվականի հունվարից մինչև 2006 թվականի հոկտեմբեր ամիսը, գիրքը փակված չէ), ինչպես նաև անալիտիկ և սինթետիկ հաշվառման փաստաթղթերը»:

Ստուգման ակտում ուսումնասիրության է ենթարկվել «ԱՄՖ» ՍՊԸ-ի 1999-2008 թվականների ֆինանսատնտեսական գործունեությունն ըստ դրվագների (տե'ս քրեական գործ, հատոր 9-րդ, էջեր 7-24):

8. Նախաքննության մարմնի 2008 թվականի դեկտեմբերի 25-ի որոշմամբ նշանակվել է դատահաշվապահական և դատատնտեսագիտական համալիր փորձաքննություն, ինչի արդյունքում կազմվել է թիվ 09-0005 եզրակացությունը: Փորձագետները թիվ 343-Ա ստուգման ակտում շարադրված դրվագների շրաջանակներում իրականացրել են ուսումնասիրություն` «ԱՄՖ» ՍՊԸ-ի կողմից կատարված ծախսերի, կնքված գործարքների իրականացման ընթացքում հաշվապահական և ֆինանսատնտեսական բնույթի խախտումների և դրանց հետևանքով պատճառված վնասի առկայության կամ բացակայության վերաբերյալ ըստ հետևյալ դրվագների`

Դրվագ 1-ին. 2001-2004 թվականներին «Հայռուսգազարդ» ՓԲԸ-ն «ԱՄՖ» ՍՊԸ-ին պարտք է եղել ընդհանուր 3.2 մլն ԱՄՆ դոլար, որն աստիճանաբար մարվել է: Նշված գումարից ՍՊԸ-ի տնօրեն Ռ.Սողոմոնյանը, առանց մյուս բաժնետերերին տեղեկացնելու, կատարել է փոխանցումներ, մասնավորապես`

66.6 մլն ՀՀ դրամ «Տոնտոն» ինվեստիցիոն ՍՊԸ-ին,

126.0 մլն ՀՀ դրամ «Յունայթեդ Թրավել» ՍՊԸ-ին,

70.0 մլն ՀՀ դրամ «Գազամեր» ՍՊԸ-ին,

160.0 հազ. ԱՄՆ դոլար` գործով չպարզված շվեյցարական բանկին,

37.0 մլն ՀՀ դրամ ՍՊԸ-ի փոխտնօրեն Հ.Ավագյանի հաշվեհամարին:

Դրվագ 2-րդ. «ԱՄՖ» ՍՊԸ-ի միջոցներով 1997 թվականին «Լույս» ԱԿ-ից 70.0 մլն ՀՀ դրամով ձեռք է բերվել Երևան քաղաքի Մելիքյան 3 հասցեում գտնվող նախկին մանկապարտեզը, որը ձևակերպվել է «Սաֆե» ՍՊԸ-ի անվամբ, որի հիմնադիրն է հանդիսացել Ռ.Սողոմոնյանի ընկեր, «Հայգազարդ» ՊՓԲԸ-ի նախկին տնօրեն Կ.Իսրայելյանի եղբայր Արմեն Իսրայելյանը: Կ.Իսրայելյանը, Ռ.Սողոմոնյանի հետ պայմանավորվածության գալով, 17.01.2005 թվականին մանկապարտեզի շենքը և հողամասը 22.3 մլն ՀՀ դրամով վաճառել են Մարտին Թորոսյանին: (…)

Դրվագ 3-րդ. Ռ.Սողոմոնյանը 13.07.2006 թվականին «ԱՄՖ» ՍՊԸ-ի անվամբ գործունեության ծրագիր է ներկայացրել «Զարգացման հայկական բանկ» ԲԲԸ-ին: Ռ.Սողոմոնյանը նույն բանկին ներկայացրել է ընկերության մասնակիցների ընդհանուր ժողովի արձանագրություն, համաձայն որի` բաժնետերերը մասնակցել են ժողովին և որոշել վարկ ստանալու համար դիմել բանկին: Ըստ հարցաքննված մյուս երեք բաժնետերերի` նման ժողով չի կայացել և իրենք այդ մասին չեն իմացել: Արդյունքում «Զարգացման հայկական բանկ» ԲԲԸ-ից «ԱՄՖ» ՍՊԸ-ն ստացել է 54.6 մլն ՀՀ դրամի վարկ, որն օգտագործել է ոչ նպատակային: (…)

Դրվագ 4-րդ. «ԱՄՖ» ՍՊԸ-ն 2006 թվականին ՀՀ ֆինանսների նախարարությանը պարտք է եղել 40 մլն ՀՀ դրամ, որը գոյացել է հետևյալ կերպ.

ա) Ռ.Սողոմոնյանը, առանց «ԱՄՖ» ՍՊԸ-ի բաժնետերերի համաձայնության, ՍՊԸ-ի անվամբ երաշխիք նամակ է տվել ընկերության փոխտնօրեն Հ.Ավագյանի կողմից «Տրաստ բանկ» ՓԲԸ-ից վերցրած 38.0 հազ. ԱՄՆ դոլար վարկի համար, ինչի արդյունքում ՍՊԸ-ն կրել է համապարտ պատասխանատվություն,

բ) 12 մլն ՀՀ դրամը «Տրաստ բանկ» ՓԲԸ-ի վերաբերյալ դատարանում քննվող գործերով քաղաքացիական հայցերի չվճարված վարկերի դիմաց պետական տուրքն է,

գ) 25 մլն ՀՀ դրամը «ԱՄՖ» ՍՊԸ-ի պարտքն է «Միավորված բանկ» ԲԲԸ-ին այն դեպքում, երբ ՍՊԸ-ն բանկում` սեփական հաշվարկային հաշվեհամարին ունեցել է 17 մլն ՀՀ դրամի միջոցներ, սակայն բանկի լուծարման ժամանակ Ռ.Սողոմոնյանը չի գրանցել «ԱՄՖ» ՍՊԸ-ն որպես պարտատեր և չի կատարել մասնակի մարում:

Վերը նշված պարտքը ՀՀ ֆինանսների նախարարությունը զիջել է «Տոնտոն» ինվեստիցիոն ՍՊԸ-ին, որի դիմաց Ռ.Սողոմոնյանը, առանց «ԱՄՖ» ՍՊԸ-ի բաժնետերերին տեղյակ պահելու, գրավադրել է «Սպորտ» ԲԲԸ-ի` «ԱՄՖ» ՍՊԸ-ի սեփականություն հանդիսացող 56%` 2972 հատ հասարակ անվանական բաժնետոմսերը, որոնց իրական արժեքն ըստ «Էսկո» կոնցեռնի գնահատման կազմում է 200.0 մլն ՀՀ դրամ: (…)

Դրվագ 5-րդ. 19.10.2006 թվականին Ռ.Սողոմոնյանը «ԱՄՖ» ՍՊԸ-ի անվամբ Տիգրան Մնացականյանից փոխառությամբ, 12 օր ժամկետով, վերցրել է 41 մլն ՀՀ դրամ, պայմանագրով սահմանվել է, որ ժամանակին գումարը չվճարելու դեպքում առաջանում է 5 մլն ՀՀ դրամ տույժ և չվճարված գումարի դիմաց` օրական 0.2% տուգանք: Գումարը ժամանակին չի վճարվել, և Տ.Մնացականյանը դիմել է դատարան, 25.11.2006 թվականին դատարանը որոշում է կայացրել «ԱՄՖ» ՍՊԸ-ից հօգուտ Տ.Մնացականյանի բռնագանձել 54 մլն ՀՀ դրամ: Ռ.Սողոմոնյանի կողմից դատարանի որոշումը չի բողոքարկվել: Ռ.Սողոմոնյանը գումարի փոխարեն Տ.Մնացականյանին է հանձնել «ԱՄՖ» ՍՊԸ-ի սեփականություն հանդիսացող` Երևանի Ահարոնյան փողոցի 16 հասցեում գտնվող նախկին մանկապարտեզի շենքը, որի արժեքն ըստ «Էքսպերտ» ՍՊԸ-ի գնահատման տվյալ ժամանակաշրջանում կազմել է 240 մլն ՀՀ դրամ: (…)

Դրվագ 6-րդ. Ռ.Սողոմոնյանը, Երևանի Ջրվեժ թաղամասում գտնվող «Հիդրոապարատ» ԲԲԸ-ի` «ԱՄՖ» ՍՊԸ-ի սեփականություն հանդիսացող 65%` 132.615 հատ անվանական հասարակ բաժնետոմսերը, առանց «ԱՄՖ» ՍՊԸ-ի բաժնետերերին տեղյակ պահելու, Հայաստանի ֆոնդային բորսայի միջոցով օտարել է «Հայգազարդ» ՊՓԲԸ-ին` որպես 1.62 մլրդ ՀՀ դրամ պարտքի մի մասի մարում: Բաժնետոմսերը գնահատվել են 265.2 մլն ՀՀ դրամ: «Հայգազարդ» ՊՓԲԸ-ին «ԱՄՖ» ՍՊԸ-ի պարտքը գոյացել է հետևյալ կերպ. 31.05.2000 թվականին «Հայգազարդ» ՊՓԲԸ-ի և «ԱՄՖ» ՍՊԸ-ի միջև կնքվել է պահանջի իրավունքը զիջելու մասին համաձայնագիր, որի համաձայն` «Նաիրիտ» ԳԱ ՊՓԲԸ-ի կողմից մինչև 1997 թվականին օգտագործված բնական գազի դիմաց «Հայգազարդ» ՊՓԲԸ-ին պարտք մնացած 1.62 մլրդ ՀՀ դրամ գումարի պահանջի իրավունքը զիջվել է «ԱՄՖ» ՍՊԸ-ին: Նույն պայմանագրով Ռ.Սողոմոնյանը պարտավորվել է պարտքը մարել մինչև 2004 թվականի հունվար ամիսը: 2001 թվականի հունվարին Ռ.Սողոմոնյանը, չունենալով այդ իրավունքը, «Հիդրոապարատ» ԲԲԸ-ի ամբողջ գույքը գրավադրել է «Հայգազարդ» ՊՓԲԸ-ում: Ռ.Սողոմոնյանը չի վճարել պարտքից որևէ լումա այն դեպքում, երբ այդ ժամանակահատվածում «ԱՄՖ» ՍՊԸ-ի հաշվարկային հաշիվներում, տարբեր բանկերում, ինչպես նաև «Հայռուսգազարդ» ՓԲԸ-ում մուտքագրվել է մոտ 2 մլրդ ՀՀ դրամից ավելի դրամական միջոցներ: (…)

Դրվագ 7-րդ. 1998 թվականին «ԱՄՖ» ՍՊԸ-ի բաժնետեր Հ.Գալստյանն ընկերության գումարներով ՌԴ Կալինինգրադ քաղաքում գտնվող նավաշինարարական կոմբինատից ձեռք է բերել 2 հատ ձկնորսական նավ, ընդհանուր 500.0 հազ. ԱՄՆ դոլարով: Նավերը ձևակերպվել են «GAAS Fisհeries Limited» ընկերության անվամբ և պետք է աշխատեին Գանայի Հանրապետությունում: Նավերի ձեռքբերման, շահագործման, ձևակերպման և մյուս բոլոր հարցերով «ԱՄՖ» ՍՊԸ-ի անունից հանդես է եկել Ռ.Սողոմոնյանի ընկեր Կ.Իսրայելյանը: Նշված նավերի հետագա ճակատագիրը պարզված չէ: (…)

Դրվագ 8-րդ. Ռ.Սողոմոնյանը 04.03.2002 թվականին «Հրազդանի տրիկոտաժի ֆաբրիկա» ԲԲԸ-ի` «ԱՄՖ» ՍՊԸ-ի սեփականություն հանդիսացող 51%` 3189 հատ անվանական հասարակ բաժնետոմսերը «Տոնտոն» ինվեստիցիոն ՍՊԸ-ի միջոցով 6.4 մլն ՀՀ դրամով վաճառել է եղբորը` Վարազդատ Հովհաննիսյանին, առանց «ԱՄՖ» ՍՊԸ-ի բաժնետերերին տեղյակ պահելու: (…)

Դրվագ 9-րդ. 24.02.2000 թվականին Ռ.Սողոմանյանը և «ԱՄՖ» ՍՊԸ-ի տնօրենի տեղակալ Հ.Ավագյանը, համաձայնության գալով «Տրաստ բանկ» ՓԲԸ-ի գործադիր տնօրեն Տիգրան Առաքելյանի և «Հայկաբել» ՓԲԸ-ի բաժնետեր Աշոտ Սաֆարյանի հետ, «ԱՄՖ» ՍՊԸ-ի 6 աշխատակիցների անվամբ «Տրաստ բանկ» ՓԲԸ-ում ձևակերպել են 1.060 մլն ԱՄՆ դոլարի վարկ, որից փաստացի ստացվել է ընդամենը 260 հազ. ԱՄՆ դոլարը, որը տրվել է Ռ.Սողոմոնյանին, իսկ 800 հազ. ԱՄՆ դոլար վարկը չի ստացվել, «Տրաստ բանկ» ՓԲԸ-ն այդ գումարի հաշվին ուղղակի փաստաթղթային ձևակերպմամբ ցույց է տվել որպես Ա.Սաֆարյանի 700 հազ. ԱՄՆ դոլար վարկի մարում և «Տրաստ բանկ» ՓԲԸ-ի բաժնետեր Սուրեն Ազատյանի անունով 100 հազ. ԱՄՆ դոլար` որպես ավանդ: Ռ.Սողոմոնյանը վերոհիշյալ վարկերի դիմաց, առանց ՍՊԸ-ի բաժնետերերի իմացության և նրանց հետ համաձայնեցնելու, «ԱՄՖ» ՍՊԸ-ի անունից «Տրաստ բանկ» ՓԲԸ-ի հետ կնքել է երաշխիքային պայմանագրեր: «Տրաստ բանկ» ՓԲԸ-ն դիմել է Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարան, որի վճռով չստացված վարկերի և դրանց վրա հաշվարկված տոկոսների դիմաց «ԱՄՖ» ՍՊԸ-ն «Տրաստ բանկ» ՓԲԸ-ի նկատմամբ ստանձնել է 1.172 մլն ԱՄՆ դոլարի պարտավորություն: Նույն ժամանակահատվածում ՀՀ գլխավոր դատախազությունում հարուցված է եղել քրեական գործ` վերը նշված վարկերի անօրինական ձևակերպման փաստով: Դատարանի վճիռը բողոքարկվել է վերաքննիչ դատարան, սակայն Ռ.Սողոմոնյանը, առանց բաժնետերերի հետ խորհրդակցելու, բողոքները դատարանից հետ է վերցրել: 15.11.2001 թվականին «Տրաստ բանկ» ՓԲԸ-ն 1.172 մլն ԱՄՆ դոլարի պարտքը զիջել է «Հայաստան համահայկական հիմնադրամ»-ին` իր ունեցած պարտքի դիմաց, արդյունքում` «ԱՄՖ» ՍՊԸ-ն ստանձնել է պարտավորություն և վճարել 812 հազ. ԱՄՆ դոլար, իսկ չստացված վարկերի դիմաց վճարել է 119 հազ. ԱՄՆ դոլար տոկոսներ: Վերը նշված քրեական գործի քննության ընթացքում Ռ.Սողոմոնյանը հրաժարվել է ներկայացնել քաղաքացիական հայց` մոտ 1.400 մլն ԱՄՆ դոլարի չափով` պատճառաբանելով, թե քաղաքացիական հայցը կներկայացնի դատարանում, սակայն 23.04.2003 թվականին քրեական գործով կայացվել է մեղադրական դատավճիռ, որով հաստատվել է վերը նշված վարկերը ձևականորեն տրամադրելու հանգամանքները: Դատաքննության ընթացքում և դատավճիռը հրապարակելուց հետո Ռ.Սողոմոնյանն այդպես էլ քաղաքացիական հայց չի ներկայացրել և չի ճանաչվել որպես տուժող, որի արդյունքում «ԱՄՖ» ՍՊԸ-ն կրել է 1.400 մլն ԱՄՆ դոլարի վնաս: (…)

Դրվագ 10-րդ.

1) Համաձայն քրեական գործում առկա եռակողմ փոխադարձ ակտերի` «Հայռուսգազարդ» ՓԲԸ-ին թվով 16 կազմակերպություն 36 դեպքով պարտք են եղել ընդհանուր 202.561.100 ՀՀ դրամ: Այդ փոխադարձ ակտերով «Հայռուսգազարդ» ՓԲԸ-ն «ԱՄՖ» ՍՊԸ-ին է զիջել հիշյալ կազմակերպությունների պարտքի պահանջի իրավունքը, իր հերթին «ԱՄՖ» ՍՊԸ-ի հետ կատարելով փոխադարձ պարտավորությունների հաշվանցումներ: Արդյունքում նշված կազմակերպությունները պարտք են մնացել «ԱՄՖ» ՍՊԸ-ին ընդհանուր 202.561.100 ՀՀ դրամ: Հաշվապահական անալիտիկ և սինթետիկ հաշվառման փաստաթղթերի բացակայության պատճառով հնարավոր չէ պարզել, թե նշված պարտքերը վերադարձվել են «ԱՄՖ» ՍՊԸ-ին, թե` ոչ:

2) Հ.Գալստյանի կողմից ներկայացված «Միավորված բանկ» ԲԲԸ-ի 22.02.2008 թվականի թիվ 06 գրության համաձայն` «ԱՄՖ» ՍՊԸ-ն 14.08.2000 թվականին մարել է թվով 4 ֆիզիկական անձանց «Միավորված բանկ» ԲԲԸ-ում ունեցած վարկերը, մասնավորապես.

ա) Ա.Գասպարյանի վարկը կազմել է 30.000 ԱՄՆ դոլար, մարվել է 30.000 ԱՄՆ դոլար վարկը և 11.522.30 ԱՄՆ դոլար վարկի տոկոսը,

բ) Է.Փոքրիկյանի վարկը կազմել է 29.893 ԱՄՆ դոլար, որը մարվել է ամբողջությամբ,

գ) Ս.Մխիթարյանի վարկը կազմել է 8.000 ԱՄՆ դոլար, մարվել է 8.000 ԱՄՆ դոլար և 4.568 ԱՄՆ դոլար վարկային երաշխիքով տրված գումար,

դ) Ա.Իսրայելյանի վարկը կազմել է 12.000 ԱՄՆ դոլար, որը մարվել է ամբողջությամբ:

3) «Արդշինբանկ» ՓԲԸ-ի և «Հայխնայբանկ» ՓԲԸ-ի դրամարկղների չեկերով Հ.Ավագյանը ստացել է 53.630.000 ՀՀ դրամ, Ռ.Հովհաննիսյանը` 88.150.000 ՀՀ դրամ և Ա.Զաքարյանը` 282.803.000 ՀՀ դրամ: Նշված գումարների հետագա ծախսերի վերաբերյալ թե' ստուգմամբ, թե' փորձաքննությամբ զուտ հաշվապահական և տնտեսագիտական տեսանկյունից հնարավոր չի եղել որևէ պարզաբանում տալ, քանի որ բացակայում են «ԱՄՖ» ՍՊԸ-ի տվյալ ժամանակաշրջանին վերաբերող դրամարկղի գրքի և հաշվապահական հաշվառման սկզբնական փաստաթղթերը:

9. Դատահաշվապահական և դատատնտեսագիտական համալիր փորձաքննության արդյունքում արվել են հետևյալ հետևությունները.

ա) Համալիր փորձաքննությամբ հնարավոր չէ պարզել, թե «ԱՄՖ» ՍՊԸ-ի կողմից 1999-2008 թվականներին իրականացված ֆինանսատնտեսական գործունեությունը սահմանված կարգով փաստաթղթավորվել և հաշվապահական ձևակերպումներ ստացել են և հաշվառման կարգի խախտումներով են կատարվել, թե` ոչ, քանի որ ընկերության սկզբնական և սինթետիկ հաշվառման փաստաթղթերը, գրանցամատյանները, դրամարկղային գրքերը և հաշվապահական ձևակերպումները լրիվությամբ չեն պահպանվել:

բ) «ԱՄՖ» ՍՊԸ-ի 1999-2008 թվականների ընթացքում իրականացված ֆինանսատնտեսական գործունեության վերաբերյալ կազմված փաստաթղթերի և դրանց հիման վրա տրված հաշվապահական ձևակերպումների, ինչպես նաև գրանցամատյանների և դրամարկղային գրքերի ամբողջությամբ չպահպանման հետևանքով, թե' ստուգմամբ և թե' համալիր փորձաքննությամբ հնարավոր չէ պարզել, թե 1999-2008 թվականների ընթացքում ֆինանսատնտեսական գործունեությունն իրականացնելու ժամանակ կոնկրետ ինչպիսի խախտումներ են թույլ տրվել և դրանց հետևանքով ընկերությանը որքան վնաս է պատճառվել:

գ) Թիվ 343-Ա ակտում արձանագրված դրվագների վերաբերյալ քրեական գործում առկա փաստաթղթերում արտացոլված տվյալների համաձայն` «ԱՄՖ» ՍՊԸ-ն սույն եզրակացության հետազոտական մասում նշված 1-ին դրվագով կրել է 103.6 մլն ՀՀ դրամի ուղղակի վնաս, իսկ թիվ 5-րդ և 8-րդ դրվագներով` 139.387 մլն ՀՀ դրամի անուղղակի վնաս:

դ) «ԱՄՖ» ՍՊԸ-ի տնօրինության կողմից համապատասխան միջոցներ չեն ձեռնարկվել դեբիտորական պարտքերի մարման ուղղությամբ, որի արդյունքում ընկերությունը չմարված դեբիտորական պարտքերի գումարի չափով կրել է վնաս:

ե) «ԱՄՖ» ՍՊԸ-ի 1999-2008 թվականների ընթացքում իրականացված ֆինանսատնտեսական գործունեության վերաբերյալ կազմված փաստաթղթերի և դրանց հիման վրա տրված հաշվապահական ձևակերպումների, ինչպես նաև գրանցամատյանների ու դրամարկղային գրքերի ամբողջությամբ չպահպանման հետևանքով, հնարավոր չէ պարզել, թե ընկերությունն իրականացված ֆինանսատնտեսական գործունեության ընթացքում ազատ շրջանառու միջոցներ ունեցել է, թե` ոչ, եթե այո, ապա արդյո՞ք այդպիսիք բավարար էին նույն ժամանակահատվածում ընկերության ունեցած պարտավորությունները մարելու համար (տե'ս քրեական գործ, հատոր 12-րդ, էջեր 37-68):

10. Առաջին ատյանի դատարանն իր 2009 թվականի հոկտեմբերի 2-ի որոշման մեջ նշել է` «Ուսումնասիրելով բողոքը և ներկայացրած նյութերը, դատարանը գտնում է, որ բողոքարկված գործողությունները կատարված են օրենքին համապատասխան, և անձի իրավունքները կամ ազատությունները խախտված չեն, ուստի բողոքը պետք է մերժել» (տե'ս նյութեր, էջ 114):

11. Վերաքննիչ դատարանն իր 2009 թվականի նոյեմբերի 11-ի որոշման մեջ նշել է` «Այսպիսով, վերաքննիչ քրեական դատարանը հանգեց այն հետևության, որ ընդհանուր իրավասության դատարանը պահպանելով ՀՀ քրեադատավարական օրենսդրության պահանջները` կայացրել է օրինական և հիմնավորված որոշում, այն բեկանելու հիմքեր չկան, ուստի վերաքննիչ բողոքը պետք է մերժել» (տե՛ս նյութեր, էջ 174):

 

3. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը

 

Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

12. Բողոքաբերը գտնում է, որ դատարանների կայացրած որոշումներն ապօրինի և անհիմն են, պատճառաբանված չեն և չեն բխում ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի պահանջներից:

13. Բողոքի հեղինակը, ըստ դրվագների վերլուծելով սույն գործով իրականացված ստուգման ակտի և համալիր փորձաքննության եզրակացության մեջ շարադրված հանգամանքները, եզրակացնում է, որ Ռ.Սողոմոնյանը, հանդիսանալով «ԱՄՖ» ՍՊԸ-ի տնօրեն, իր լիազորություններն օգտագործել է կազմակերպության շահերին հակառակ, իրավունք վերապահող կեղծ փաստաթղթեր պատրաստելու և օգտագործելու եղանակով վատնել է ընկերությանը պատկանող գույքը` դրանով իսկ ընկերության մասնակիցներին պատճառելով առանձնապես խոշոր չափերի վնաս:

Ըստ բողոքաբերի` մինչդատական վարույթն իրականացնող մարմինը մի շարք դրվագներով չի ձեռնարկել օրենքով նախատեսված բոլոր միջոցառումները` գործի հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման համար, իսկ որոշ դրվագներով օբյեկտիվորեն չի գնահատել Ռ.Սողոմոնյանի մեղավորությունը հաստատող ապացույցները, ինչի արդյունքում անհիմն որոշում է կայացրել նրա նկատմամբ հանցակազմի բացակայության պատճառաբանությամբ քրեական հետապնդում չիրականացնելու մասին, իսկ դատարանները, անտեսելով քրեադատավարական օրենքի վերոգրյալ խախտումները, հաստատել են նշված որոշումը:

14. Հիմք ընդունելով վերոգրյալը` բողոք բերած անձը խնդրում է բեկանել Առաջին ատյանի դատարանի 2009 թվականի հոկտեմբերի 2-ի, Վերաքննիչ դատարանի 2009 թվականի նոյեմբերի 11-ի որոշումները և վերացնել քննիչ Հ.Մանգոյանի կողմից 2009 թվականի ապրիլի 22-ին կայացված` քրեական գործի վարույթը կարճելու և քրեական հետապնդում չիրականացնելու մասին որոշումը:

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը

 

15. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված իրավական հարցը հետևյալն է. ստորադաս դատարանների դատական ակտերն արդյո՞ք օրինական, հիմնավորված և պատճառաբանված են:

16. ՀՀ Սահմանադրության 19-րդ հոդվածի համաձայն` «Յուրաքանչյուր ոք ունի իր խախտված իրավունքները վերականգնելու (…) համար հավասարության պայմաններում, արդարության բոլոր պահանջների պահպանմամբ, անկախ և անկողմնակալ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում իր գործի հրապարակային քննության իրավունք (…)»:

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 17-րդ հոդվածի համաձայն`

«1. Յուրաքանչյուր ոք ունի արդարության բոլոր պահանջների պահպանմամբ, անկախ և անկողմնակալ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում իր շահերին առնչվող քրեական գործի քննության իրավունք: (…)

4. (…) քրեական դատավարության ընթացքում օրինականության խախտումների վերաբերյալ բողոքները պետք է մանրակրկիտ ստուգի քրեական վարույթն իրականացնող մարմինը»:

 ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 103-րդ հոդվածի համաձայն`

«1. (…) Սույն օրենսգրքով նախատեսված դեպքերում քրեական հետապնդման մարմնի գործողությունները և որոշումները կարող են բողոքարկվել դատարան (…)

10. Քրեական վարույթն իրականացնող մարմինը բողոքի վերաբերյալ ընդունում է պատճառաբանված որոշում (…)»:

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 358-րդ հոդվածի համաձայն`

«1. Դատարանի դատավճիռը պետք է լինի օրինական և հիմնավորված: (…)

4. Դատարանի դատավճիռը պետք է լինի պատճառաբանված: Պատճառաբանման ենթակա են դատարանի կողմից դատավճռում շարադրված բոլոր հետևությունները և որոշումները»:

17. Մինչդատական վարույթի նկատմամբ իրականացվող դատական վերահսկողությունը նպատակ է հետապնդում նպաստել քրեական դատավարության խնդիրների իրականացմանը, այդ թվում` հանցագործությունների բացահայտմանը, անձի, հասարակության և պետության պաշտպանությանը հանցագործություններից: Միևնույն ժամանակ դատական վերահսկողությունն անձի սահմանադրական իրավունքների և ազատությունների պաշտպանության կարևորագույն երաշխիքներից է, ինչն էականորեն բարձրացնում է քրեական դատավարության այդ փուլում դատարանների կողմից կայացվող որոշումների իրավական նշանակությունը: Ուստի մինչդատական վարույթն իրականացնող մարմնի որոշումների և գործողությունների օրինականության և հիմնավորվածության ստուգման արդյունքում դատարանների կողմից օրինականությունից շեղվող, չհիմնավորված, չպատճառաբանված կամ ոչ պատշաճ պատճառաբանված որոշումների կայացումն անընդունելի է:

Վերոգրյալի հիման վրա՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 358-րդ հոդվածով սահմանված` դատավճռին ներկայացվող օրինականության, հիմնավորվածության և պատճառաբանվածության պահանջները վերաբերելի են նաև մինչդատական վարույթի նկատմամբ իրականացվող դատական վերահսկողության շրջանակներում կայացվող դատական ակտերին (որոշումներին):

18. Դատական ակտն օրինական է, եթե կայացվել է գործող օրենսդրության պահանջների պահպանմամբ, և հիմնավորված` եթե դրանում արված հետևությունները հիմնված են դատական քննության ժամանակ հետազոտված ապացույցների վրա: Դատական ակտի պատճառաբանվածությունը կոչված է պարզաբանելու, թե ինչու է դատարանը եկել այս կամ այն հետևության, որ իրավանորմերով է ղեկավարվել նման որոշում կայացնելիս և միևնույն ժամանակ հնարավորություն է ստեղծում վերադաս դատարանի կողմից դատական ակտի օրինականության և հիմնավորվածության ստուգման համար:

19. Պատճառաբանված որոշման բացակայությունն արդեն իսկ օբյեկտիվորեն սահմանափակում է վերադաս դատական ատյանի հնարավորությունը` լիարժեք դատական ստուգման ենթարկելու բողոքարկվող դատական ակտի օրինականությունն ու հիմնավորվածությունը և կայացնելու արդարացի որոշում, հետևաբար դատական ակտի չպատճառաբանված լինելը հանգեցնում է քրեական դատավարության կարևորագույն սկզբունքներից մեկի` ՀՀ Սահմանադրությամբ և քրեադատավարական օրենքով երաշխավորված արդար դատական քննության իրավունքի խախտման:

20. Սույն որոշման նախորդ կետում շարադրված մոտեցմանը համահունչ իրավական դիրքորոշում է հայտնել նաև Մարդու իրավունքների եվրոպական դատարանն իր մի շարք որոշումներում՝ ներպետական դատարանների կողմից կայացված որոշումների չպատճառաբանվածությունը կամ ոչ բավարար պատճառաբանվածությունը դիտելով որպես «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին մասով երաշխավորված` անձի արդար դատական քննության իրավունքի խախտում (տե՛ս Սալովն ընդդեմ Ուկրաինայի (Salov v. Ukraine) 06.09.2005 թվականի որոշումը, գանգատ թիվ 65518/01, Բոլդեան ընդդեմ Ռումինիայի (Boldea v. Romania) 15.02.2007 թվականի որոշումը, գանգատ թիվ 19997/02, Գրադինարն ընդդեմ Մոլդովայի (Gradinar v. Moldova) 08.04.2008 թվականի որոշումը, գանգատ թիվ 7170/02):

21. Ինչպես երևում է դիմողներ Բ.Հարությունյանի, Հ.Գալստյանի և Ֆ.Գալստյանի բողոքը մերժելու մասին Առաջին ատյանի դատարանի 2009 թվականի հոկտեմբերի 2-ի որոշման ուսումնասիրությունից՝ դրանում իսպառ բացակայում է պատճառաբանական մասը (տե'ս սույն որոշման 10-րդ կետը): Առաջին ատյանի դատարանը, նշելով, որ «բողոքարկված գործողությունները կատարված են օրենքին համապատասխան, և անձի իրավունքները կամ ազատությունները խախտված չեն, ուստի բողոքը պետք է մերժել», իր նշված հետևությունները պատճառաբանելու համար որևէ փաստարկ չի բերել` դրանով իսկ սահամանափակելով վերադաս դատական ատյանի հնարավորությունը լիարժեք դատական ստուգման ենթարկելու բողոքարկվող դատական ակտի օրինականությունն ու հիմնավորվածությունը:

Արդյունքում` խախտվել են դիմողների` «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայով, ՀՀ Սահմանադրությամբ և քրեադատավարական օրենքով երաշխավորված արդար դատական քննության իրավունքը:

22. Հիմք ընդունելով վերոգրյալը՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով ստորադաս դատարանների դատական ակտերի օրինականության և հիմնավորվածության վերաբերյալ հետևություն անել հնարավոր չէ, իսկ Վերաքննիչ դատարանի հետևությունն այն մասին, որ «ընդհանուր իրավասության դատարանը, պահպանելով ՀՀ քրեադատավարական օրենսդրության պահանջները, կայացրել է օրինական և հիմնավորված որոշում» (տե՛ս սույն որոշման 11-րդ կետը), հիմնազուրկ է:

23. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 398-րդ հոդվածի համաձայն`

«1. Քրեադատավարական օրենքի էական խախտումներ են դատական քննության ժամանակ սույն օրենսգրքի սկզբունքների և այլ ընդհանուր դրույթների խախտումները, որոնք գործին մասնակցող անձանց` օրենքով երաշխավորված իրավունքներից զրկելու կամ դրանցում սահմանափակելու կամ այլ ճանապարհով խոչընդոտել են գործի հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտմանը, ազդել են կամ կարող էին ազդել գործով ճիշտ որոշում կայացնելու վրա: (…)

3. Դատավճիռը բոլոր դեպքերում ենթակա է բեկանման, եթե` (…)

10) դատավճռում իսպառ բացակայում է դրա նկարագրական-պատճառաբանական մասը (…)»:

Վերոգրյալը Վճռաբեկ դատարանին հիմք է տալիս բեկանել Առաջին ատյանի դատարանի ու Վերաքննիչ դատարանի որոշումները և գործն ուղարկել Առաջին ատյանի դատարան` նոր քննության:

24. Հիմք ընդունելով վերոգրյալը` Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ չի համարում քննության առնել սույն որոշման 13-րդ կետում շարադրված նյութական և դատավարական իրավունքի նորմերի ենթադրյալ խախտումների վերաբերյալ փաստարկները. դրանց հնարավոր է անդրադառնալ միայն սույն որոշման մեջ արձանագրված դատավարական իրավունքի խախտումը վերացնելուց հետո:

25. Վճռաբեկ դատարանը գտնում է, որ մինչդատական վարույթի նկատմամբ իրականացվող վերահսկողության արդյունքում դատարանների կողմից կայացվող որոշումների պատճառաբանված լինելու իրավական հարցի վերաբերյալ առկա է օրենքի միատեսակ կիրառության ապահովման խնդիր:

26. Միևնույն ժամանակ Վճռաբեկ դատարանը հարկ է համարում մի շարք հարցերի վերաբերյալ արտահայտել իրավական դիրքորոշումներ, որոնք ուղղորդող նշանակություն կունենան Առաջին ատյանի դատարանի կողմից թիվ 49104408 քրեական գործի վարույթը կարճելու և քրեական հետապնդում չիրականացնելու մասին քննիչի որոշման դեմ բերված բողոքի քննության ժամանակ.

ա) ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 2-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի համաձայն` «Քրեական դատավարություն իրականացնող մարմինները պարտավոր են ձեռնարկել բոլոր միջոցառումները, որպեսզի իրենց գործունեության արդյունքում քրեական օրենսգրքերով չթույլատրված արարք կատարած յուրաքանչյուր ոք բացահայտվի և քրեական օրենքով նախատեսված դեպքերում և սույն օրենսգրքով սահմանված կարգով պատասխանատվության ենթարկվի»:

Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Առաջին ատյանի դատարանը նախևառաջ պետք է պարզի, թե քրեական հետապնդում իրականացնող մարմինը ձեռնարկե՞լ է արդյոք քրեադատավարական օրենքով նախատեսված բոլոր անհրաժեշտ միջոցառումները` սույն գործի հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման համար, և ցուցաբերե՞լ է արդյոք բավարար ջանասիրություն «ԱՄՖ» ՍՊԸ-ի կողմից կատարված ծախսերի, կնքված գործարքների իրականացման ընթացքում հաշվապահական և ֆինանսատնտեսական բնույթի խախտումները և դրանց հետևանքով պատճառված վնասի առկայությունը կամ բացակայությունը պարզելու համար:

Մասնավորապես անհրաժեշտ է պարզել՝ քրեական վարույթն իրականացնող մարմինը հարցաքննե՞լ է արդյոք սույն որոշման 8-րդ կետում շարադրված դրվագների հետ առնչություն ունեցող բոլոր անձանց, կատարե՞լ է արդյոք առերեսումներ` նշված անձանց ցուցմունքների մեջ առկա հակասությունները պարզելու նպատակով, թե` ոչ:

Քննության առարկա պետք է լինի նաև այն հարցը, թե սույն գործով նախաքննություն իրականացնող մարմինը պարզե՞լ է արդյոք, թե «ԱՄՖ» ՍՊԸ-ի կողմից կատարված վերոգրյալ գործարքները «Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների մասին» ՀՀ օրենքի 48-րդ հոդվածի իմաստով հանդիսացե՞լ են խոշոր գործարքներ և եթե՝ այո, ապա ընկերության գործադիր կառավարում իրականացնող մարմինն օժտվա՞ծ էր արդյոք առանց ընկերության ընդհանուր ժողովի որոշման նման խոշոր գործարքներ կատարելու, ընկերության սեփականություն հանդիսացող գույքը գրավադրելու կամ օտարելու լիազորություններով:

Քրեական գործի նյութերի ուսումնասիրությունից երևում է նաև, որ սույն գործով իրականացված թե՛ ստուգմամբ և թե՛ համալիր փորձաքննությամբ հնարավոր չի եղել պարզել, թե 1999-2008 թվականների ընթացքում «ԱՄՖ» ՍՊԸ-ի կողմից իրականացված ֆինանսատնտեսական գործունեության ժամանակ կոնկրետ ինչպիսի խախտումներ են թույլ տրվել և դրանց հետևանքով ընկերությանը որքան վնաս է պատճառվել` ընկերության ֆինանսատնտեսական գործունեության վերաբերյալ կազմված փաստաթղթերի և դրանց հիման վրա տրված հաշվապահական ձևակերպումների, ինչպես նաև գրանցամատյանների և դրամարկղային գրքերի ամբողջությամբ պահպանված չլինելու հետևանքով (տե՛ս սույն որոշման 7-րդ և 9-րդ կետերը): Առաջին ատյանի դատարանը պետք է պարզի, թե քրեական վարույթն իրականացնող մարմինը պարզել է արդյո՞ք «ԱՄՖ» ՍՊԸ-ի ֆինանսատնտեսական գործունեությանն առնչվող վերոգրյալ փաստաթղթերի կազմման և պահպանման համար պատասխանատվություն կրող անձանց շրջանակը և ձեռնարկել է արդյո՞ք անհրաժեշտ միջոցառումներ նշված փաստաթղթերը գտնելու և քրեական գործի նյութերին կցելու համար:

բ) Համալիր փորձաքննության եզրակացության ուսումնասիրությունից երևում է, որ փորձագետները համապատասխան ուսումնասիրության արդյունքում հանգել են հետևության այն մասին, որ քրեական գործում առկա փաստաթղթերում արտացոլված տվյալների համաձայն` «ԱՄՖ» ՍՊԸ-ն եզրակացության հետազոտական մասում նշված 1-ին դրվագով կրել է 103.600.000 ՀՀ դրամի ուղղակի վնաս, իսկ թիվ 5-րդ և 8-րդ դրվագներով` 139.387.000 ՀՀ դրամի անուղղակի վնաս: Բացի այդ, ընկերության տնօրինության կողմից համապատասխան միջոցներ չեն ձեռնարկվել դեբիտորական պարտքերի մարման ուղղությամբ, որի արդյունքում ընկերությունը չմարված դեբիտորական պարտքերի գումարի չափով կրել է վնաս (տե'ս սույն որոշման 9-րդ կետի «գ» և «դ» ենթակետերը):

Ինչպես երևում է քրեական գործի վարույթը կարճելու և քրեական հետապնդում չիրականացնելու մասին քննիչի որոշման ուսումնասիրությունից, քրեական վարույթն իրականացնող մարմինը նշված դրվագներով հաստատված է համարել, որ այդ գործարքներով «ԱՄՖ» ՍՊԸ-ին, անձանց կամ պետության իրավունքներին և օրինական շահերին էական վնաս չի պատճառվել: Առաջին ատյանի դատարանը պետք է պարզի, թե ի՞նչ ապացույցներով է ղեկավարվել քրեական վարույթն իրականացնող մարմինը նման հետևության հանգելիս, և արդյո՞ք դրանք բավարար էին նման եզրակացություն անելու համար:

Բացի այդ, քրեական գործի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ «ԱՄՖ» ՍՊԸ-ի տնօրեն Ռ.Սողոմոնյանը 13.07.2006 թվականին ընկերության անվամբ գործունեության ծրագիր է ներկայացրել «Զարգացման հայկական բանկ» ԲԲԸ-ին` միևնույն ժամանակ բանկին ներկայացնելով ընկերության մասնակիցների ընդհանուր ժողովի կեղծված արձանագրություն, համաձայն որի` բաժնետերերը մասնակցել են ժողովին և որոշել վարկ ստանալու համար դիմել բանկին: Արդյունքում` «Զարգացման հայկական բանկ» ԲԲԸ-ից «ԱՄՖ» ՍՊԸ-ն ստացել է 54.600.000 ՀՀ դրամի վարկ (տե՛ս սույն որոշման 8-րդ կետը, դրվագ 3-րդ): Քրեական գործի վարույթը կարճելու մասին որոշման ուսումնասիրությունից երևում է, որ քննիչը նշված դրվագով քրեական հետապնդում չի իրականացրել` պատճառաբանելով, որ հիշյալ փաստաթղթի կազմումը կրել է զուտ ձևական բնույթ, դրանով ընկերությանը և որևէ այլ սուբյեկտի վնաս չի պատճառվել:

Մինչդեռ ՀՀ քրեական օրենսգրքի 325-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` «Իրավունք վերապահող կամ պատասխանատվությունից ազատող վկայական կամ պաշտոնական այլ փաստաթուղթ կեղծելը` կեղծողի կողմից անձամբ կամ այլ անձի կողմից դրանք օգտագործելու կամ իրացնելու նպատակով (...), ինչպես նաև ակնհայտ կեղծ փաստաթուղթ օգտագործելը (...)» հանցագործություն է:

Ինչպես երևում է ՀՀ քրեական օրենսգրքի 325-րդ հոդվածի 1-ին մասի դիսպոզիցիայի վերլուծությունից, այն քրեական պատասխանատվություն է նախատեսում իրավունք վերապահող կամ պատասխանատվությունից ազատող պաշտոնական այլ փաստաթուղթ կեղծելու և ակնհայտ կեղծ փաստաթուղթ օգտագործելու համար, իսկ այդ ընթացքում որևէ այլ սուբյեկտի վնաս պատճառելը ՀՀ քրեական օրենսգրքի 325-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործության հատկանիշ չէ:

Առաջին ատյանի դատարանը պետք է ուսումնասիրություն կատարի նաև վերոգրյալի կապակցությամբ և իրավական գնահատական տա նշված դրվագով քրեական հետապնդում չիրականացնելու մասին նախաքննության մարմնի որոշմանը:

գ) Քրեական գործի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ նախաքննության մարմինը առգրավել է «ԱՄՖ» ՍՊԸ-ի հարկային գործը և մաքսային թղթապանակը (տե'ս սույն որոշման 5-րդ կետը): Քրեական գործի նյութերում առկա են ՀՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության պետի տեղակալի թվով երկու գրություններ, որտեղ արտացոլված է ՀՀ ԿԱ հարկային պետական ծառայության տեղեկատվական բազայում «ԱՄՖ» ՍՊԸ-ի կողմից 1999-2008 թվականների ընթացքում կատարված առևտրային գործարքների վերաբերյալ առկա տեղեկատվությունը (տե'ս սույն որոշման 6-րդ կետը):

Առաջին ատյանի դատարանը պետք է պարզի, թե արդյո՞ք քրեական վարույթն իրականացնող մարմինը կատարել է անհրաժեշտ քննություն պարզելու համար` «ԱՄՖ» ՍՊԸ-ի կողմից կատարված առևտրային գործարքներն արտացոլվա՞ծ են եղել ՀՀ ԿԱ հարկային պետական ծառայության տեղեկատվական բազայում, ընկերության ֆինանսատնտեսական գործունեությունը արդյո՞ք պատշաճ ձևակերպում է ստացել հարկային ու մաքսային մարմիններում և ՍՊԸ-ի ֆինանսատնտեսական գործունեության արդյունքում ծագած հարկային և մաքսային պարտավորությունները կատարվե՞լ են ամբողջությամբ, թե` ոչ:

27. Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն որոշման 26-րդ կետի «ա», «բ» և «գ» ենթակետերում նշված հանգամանքների շուրջ ուսումնասիրություն կատարելուց հետո միայն Առաջին ատյանի դատարանը հնարավորություն կունենա անհրաժեշտ հետևություններ անել թիվ 49104408 քրեական գործի վարույթը կարճելու և քրեական հետապնդում չիրականացնելու մասին քննիչի որոշման օրինականության ու հիմնավորվածության վերաբերյալ և նշված որոշմանը տալ համապատասխան իրավական գնահատական:

Հաշվի առնելով վերը շարադրված հիմնավորումները և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 92-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 403-406-րդ, 419-րդ, 422-424-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել մասնակիորեն: Դիմողներ Բենիկ Նիկոլայի Հարությունյանի, Ֆրունզիկ Խաչիկի Գալստյանի և Հովսեփ Խաչիկի Գալստյանի բողոքը մերժելու մասին Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի 2009 թվականի հոկտեմբերի 2-ի որոշումը և այն օրինական ուժի մեջ թողնելու մասին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 2009 թվականի նոյեմբերի 16-ի որոշումը բեկանել և գործն ուղարկել Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան` նոր քննության:

2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող`

 

Դ. Ավետիսյան

Դատավորներ`

 

Հ. Ասատրյան

Ե. Դանիելյան

Հ. Ղուկասյան
Ա. Պողոսյան
Ս. Օհանյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան