Հ Ա Մ Ա Ձ Ա Յ Ն Ա Գ Ի Ր
Հայաստանի Հանրապետության Կառավարության և Կիպրոսի Հանրապետության Կառավարության միջև` կազմակերպված և հանցագործությունների այլ տեսակների դեմ պայքարում համագործակցության մասին
Հայաստանի Հանրապետության Կառավարությունը և Կիպրոսի Հանրապետության Կառավարությունը, այսուհետ՝ Պայմանավորվող կողմեր,
ձգտելով ջանքեր գործադրել՝ նպաստելու համար իրենց երկկողմ հարաբերությունների հետագա զարգացմանը,
խորապես մտահոգվելով հանցագործության անդրազգային տարածմամբ,
գիտակցելով երկկողմ համագործակցության մեծ նշանակությունը կազմակերպված հանցավորության և հանցագործությունների այլ տեսակների դեմ պայքարում և դրանց արդյունավետ կանխման գործում,
նպատակ ունենալով խորացնել և ներդաշնակեցնել իրենց համատեղ ջանքերը հանցագործությունների դեմ պայքարում,
ընդունելով այս համագործակցության փոխշահավետությունը երկու Պայմանավորվող կողմերի համար,
հաշվի առնելով համապատասխան միջազգային պայմանագրերը, որոնց կողմեր են իրենք հանդիսանում,
հարգելով իրենց ազգային օրենսդրությունը և հավասարության ու փոխադարձության սկզբունքները,
համաձայնեցին հետևյալի մասին.
Հոդված 1
1. Հաշվի առնելով իրենց ազգային օրենսդրությունը և դրան համապատասխան, ինչպես նաև համաձայն սույն Համաձայնագրի դրույթներին` Պայմանավորվող կողմերը կհամագործակցեն կազմակերպված հանցավորության և հանցագործությունների այլ տեսակների դեմ պայքարի, բացահայտման, կանխման և հետապնդման գործում, ինչպիսիք են.
1) անձանց կյանքի և ֆիզիկական անձեռնմխելիության դեմ հանցագործությունները,
2) ահաբեկչական գործունեության հետ կապված հանցագործությունները,
3) թմրամիջոցների, հոգեներգործուն նյութերի և դրանց բաղադրիչների ապօրինի աճեցումը, արտադրությունը, մշակման եղանակով ստացումը, արտահանումը, ներմուծումը, տարանցմամբ փոխադրումը կամ ապօրինի շրջանառությունը,
4) հասարակական կարգի և հասարակական անվտանգության դեմ հանցագործությունները,
5) միջուկային և ռադիոակտիվ նյութերի գողությունը, դրանց փոխադրումը, ապօրինի առևտուրը, դրանց ոչ ճիշտ օգտագործումը կամ ոչ ճիշտ օգտագործմամբ վնաս հասցնելու վտանգը,
6) հանցագործությունները, որոնք ընդգրկում են առևանգումը, պատանդ վերցնելը կամ անօրինական կալանքի տակ պահելը,
7) մարդկանց անօրինական տեղափոխումը,
8) հրազենի, ռազմամթերքի և պայթուցիկ նյութերի ապօրինի արտադրությունը, տիրապետումը և տեղափոխումը,
9) տնտեսական խարդախությունը, փողի լվացումը և կոռուպցիան,
10) թղթադրամների, մետաղադրամների, վճարման այլ միջոցների և արժեթղթերի կեղծումը և դրանց շրջանառությունը,
11) մշակութային առարկաների, հատկապես հնաոճ իրերի և արվեստի գործերի գողությունն ու անօրինական առևտուրը և շրջանառությունը,
12) սահմանի անօրինական հատումը և տեղափոխությունը,
13) անձնագրերի, այլ ճամփորդական փաստաթղթերի, ինքնությունը հաստատող վկայականների և այլ փաստաթղթերի կեղծումը, դրանց օգտագործումն ու շրջանառությունը,
14) մեքենաների գողությունը, վարորդական իրավունքի վկայականների և մեքենայի այլ փաստաթղթերի կեղծումը,
15) որևէ առարկայի գողությունը, ապօրինի փոխադրումը և մաքսանենգությունը,
16) անձանց սեռական շահագործումը,
17) երեխաներ ընդգրկող պոռնոգրաֆիկ նյութերի արտադրությունը և շրջանառությունը,
18) ծովահենությունը և օդահենությունը,
19) մտավոր սեփականության դեմ կատարված հանցագործությունները,
20) համակարգչային հանցագործությունները:
2. Պայմանավորվող կողմերը կհամագործակցեն մասնավորապես այն դեպքերում, երբ հանցագործությունները կամ դրանց նախապատրաստվելը իրականացվում են Պայմանավորվող կողմերից մեկի տարածքում, և ստացված տվյալները կապված են մյուս Պայմանավորվող կողմի տարածքի հետ:
Հոդված 2
1. Սույն Համաձայնագրի դրույթների իրականացման համար Պայմանավորվող կողմերի իրավասու մարմինները, Հայաստանի Հանրապետության կողմից`
1) ոստիկանությունը,
2) ազգային անվտանգության ծառայությունը,
3) գլխավոր դատախազությունը,
4) Հայաստանի Հանրապետության Կառավարությանն առընթեր մաքսային պետական կոմիտեն,
և Կիպրոսի Հանրապետության կողմից`
1) արդարադատության և հասարակական կարգի նախարարությունը,
2) ոստիկանության շտաբը,
3) ներքին գործերի նախարարությունը,
4) մաքսատուրքերի և ակցիզային հարկերի դեպարտամենտը,
պետք է իրենց լիազորությունների և իրավասության շրջանակներում ուղղակիորեն համագործակցեն միմյանց հետ և կարող են Համաձայնագրով սահմանել իրենց համագործակցության որոշակի ոլորտները և հաղորդակցման ձևերը:
2. Սույն Համաձայնագրի շրջանակներում համագործակցությունը կիրականացվի շահագրգիռ Կողմի իրավասու մարմինների կողմից ներկայացված` համագործակցելու վերաբերյալ դիմումների հիման վրա։ Համագործակցության դիմումը պետք է ներկայացվի գրավոր։ Անհետաձգելի դեպքերում դիմումը կարող է կատարվել բանավոր, բայց այն երեք օրվա ընթացքում պետք է հաստատել գրավոր՝ օգտագործելով, iոter alia, կապի տեխնիկական միջոցները։
3. Իրենց իրավասության շրջանակներում համապատասխան մարմինները կարող են փոխանակել կապի սպաներ և համաձայնվել անմիջական համագործակցության որոշակի ուղիների և մեթոդների վերաբերյալ:
4. Պայմանավորվող կողմերի համապատասխան մարմինները այցի նախատեսված ժամկետից ոչ ուշ, քան երկու շաբաթ առաջ պետք է միմյանց ներկայացնեն այն անձանց անունները, որոնք կմասնակցեն փորձագետների փոխանակմանը:
5. Այլ համաձայնության բացակայության դեպքում համագործակցող մարմինների հաղորդակցման և տեղեկատվության փոխանակման համար կօգտագործվի անգլերենը:
6. Որևէ մարմնի իրավասության կամ անվան ցանկացած փոփոխության դեպքում Պայմանավորվող կողմերը պետք է դրա մասին միմյանց տեղեկացնեն դիվանագիտական ուղիներով:
Հոդված 3
1. Հանցագործության բացահայտման և կանխման գործում համագործակցության դեպքում Պայմանավորվող կողմերի իրավասու մարմինները.
1) միմյանց կտեղեկացնեն հանցագործության մեջ ընդգրկված անձանց տվյալների, հանցագործների միջև կապերի, հանցավոր խմբերի կառուցվածքի, առանձին հանցագործի և խմբի դերի, գործերի տվյալների (հատկապես հանցագործության ժամանակի, վայրի և մեթոդի), հարձակման ենթարկված շինությունների, խախտված օրենքի, ձեռնարկվող միջոցների մասին, ինչպես նաև որևէ այլ մանրամասնի մասին, որը անհրաժեշտ է նման հանցագործությունների կանխման և խափանման համար,
2) դիմումի դեպքում կձեռնարկեն հայցվող Պայմանավորվող կողմի ազգային օրենսդրությամբ թույլատրված օպերատիվ և այլ միջոցներ,
3) կփոխանակեն տվյալներ և փորձ հանցագործության կատարման մեթոդների և նոր տեսակների վերաբերյալ,
4) կփոխանակեն իրենց քրեական և քրեագիտական ուսումնասիրությունների արդյունքները,
5) միմյանց կտեղեկացնեն քննություն կատարելու տեխնիկայի և աշխատանքային մեթոդների ու սարքավորումների կիրառման վերաբերյալ իրենց փորձի մասին՝ դրանք կատարելագործելու նպատակով,
6) դիմումի դեպքում միմյանց կտրամադրեն տեղեկատվություն հանցավոր գործողություններից բխող կամ հանցագործությունների կատարման համար օգտագործվող առարկաների և դրանց նմուշների վերաբերյալ,
7) կփոխանակեն քրեական ոլորտի մասնագետներ` համատեղ կամ փոխադարձ ուսուցման և վերապատրաստման համար բարձր մակարդակով փորձաքննություն անցկացնելու և քրեական տեխնիկայի ժամանակակից ձեռքբերումների, ինչպես նաև հանցավորության դեմ պայքարում օգտագործվող սարքավորումների և մեթոդների փոխադարձ ուսումնասիրման համար,
8) անհրաժեշտության դեպքում կհանդիպեն` համակարգված միջոցները նախապատրաստելու և խթանելու համար խորհրդակցելու նպատակով,
9) կհամագործակցեն վերահսկվող մատակարարումները հեշտացնելու նպատակով` ներգրավված անձանց ձերբակալումը հնարավոր դարձնելու համար` պայմանով, որ անհրաժեշտ տեղեկատվությունը տրամադրվի հայցվող գործողության իրականացումից առնվազն 48 ժամ առաջ:
2. Բացի դրանից` համագործակցությունը Պայմանավորվող կողմերի իրավասու մարմինների միջև կընդգրկի.
1) տեղեկատվության փոխանակումը սույն Համաձայնագրում նշված հանցավոր գործողություններին վերաբերող օրենսդրական դրույթների մասին,
2) տեղեկատվության փոխանակումը հանցավոր գործողություններից ստացված եկամուտների վերաբերյալ,
3) տեղեկատվության փոխանակումը ուսումնասիրությունների և այլ գործողությունների վերաբերյալ` կապված անհայտ կորած կամ հետախուզվող անձանց հետ,
4) օտարերկրացիների և միգրացիայի վերաբերյալ փորձի և օրենսդրական դրույթների փոխանակումը, ինչպես նաև ճամփորդական փաստաթղթերի, վիզաների և կնիքների նմուշների փոխանակումը,
5) տեղեկատվության փոխանակումը անօրինական միգրացիայի, միգրանտների անօրինական փոխադրումներ կազմակերպողների և օժանդակողների վերաբերյալ:
Հոդված 4
Ահաբեկչական գործողությունների հետ կապված հանցագործությունների կանխման և հանցագործությունների դեմ պայքարի համար Պայմանավորվող կողմերի իրավասու մարմինները.
1) կփոխանակեն տեղեկատվություն և տվյալներ ահաբեկչական գործունեության հետ կապված` պլանավորված կամ կատարված հանցագործությունների վերաբերյալ, այն անձանց մասին տեղեկատվություն և տվյալներ, ովքեր մասնակցում են այդ հանցագործություններին, դրանց կատարման մեթոդների և օգտագործվող տեխնիկական սարքավորումների վերաբերյալ.
2) կփոխանակեն տեղեկատվություն և տվյալներ ահաբեկչական խմբերի և դրանց անդամների վերաբերյալ, ովքեր պլանավորում, կատարում կամ կատարել են հանցագործություններ` կապված ահաբեկչական գործունեության, մյուս Պայմանավորվող կողմին վնաս հասցնելու հետ, ինչպես նաև կփոխանակեն տեղեկատվություն և տվյալներ, որոնք անհրաժեշտ են ահաբեկչության դեմ պայքարի և հասարակությանը լուրջ վտանգ սպառնացող հանցագործությունների կանխման համար:
Հոդված 5
Թմրամիջոցների, հոգեներգործուն նյութերի և դրանց բաղադրիչների անօրինական աճեցման, արտադրության, մշակման ճանապարհով ստացման, արտահանման, ներմուծման, տարանցմամբ փոխադրման և ապօրինի շրջանառության կանխման համար Պայմանավորվող կողմերի իրավասու մարմինները.
1) միմյանց կփոխանցեն թմրամիջոցների անօրինական արտադրության և շրջանառության մեջ ներգրավված անձանց մասին տվյալներ, թաքստոցների մասին, տրանսպորտային միջոցների մասին և այդ անձանց աշխատանքային մեթոդների մասին, թմրամիջոցների և հոգեներգործուն նյութերի ծագման վայրի և վերջնակետի մասին տվյալներ, ինչպես նաև` այդ հանցագործությունների վերաբերյալ որևէ այլ մանրամասնություն, որը անհրաժեշտ է այս հանցագործությունների կանխման համար,
2) միմյանց կհաղորդեն իրենց ունեցած տեղեկատվությունը ապօրինի շրջանառությունում սովորաբար օգտագործվող մեթոդների և այլ համապատասխան փաստերի մասին,
3) կփոխանակեն թմրամիջոցների շրջանառության և չարաշահման վերաբերյալ իրենց քրեական և քրեագիտական ուսումնասիրությունների արդյունքները,
4) միմյանց կփոխանցեն իրենց տրամադրության տակ եղած` բնական և սինթետիկ ծագում ունեցող թմրամիջոցների և հոգեներգործուն նյութերի նմուշները,
5) կփոխանակեն թմրամիջոցների, հոգեներգործուն նյութերի և դրանց բաղադրիչների օրինական առևտրի հսկողության ոլորտում ունեցած փորձը:
Հոդված 6
1. Պայմանավորվող կողմերի իրավասու մարմինները կապահովեն իրենց տրամադրված տեղեկատվության պահպանությունը իրենց ազգային օրենսդրության համապատասխան:
2. Մի Պայմանավորվող կողմի իրավասու մարմնի կողմից փոխանցված տեղեկատվության հրապարակման կամ հրապարակված լինելու վտանգի դեպքում տեղեկատվություն ստացող Պայմանավորվող կողմի իրավասու մարմինները անմիջապես կտեղեկացնեն մյուս Պայմանավորվող կողմի իրավասու մարմիններին դրա մասին և համապատասխան հանգամանքների մասին: Ծանուցումը կներառի կատարվածի հանգամանքների և տեղեկատվության հրապարակումը հետագայում կանխելու համար ձեռնարկված միջոցների մասին տեղեկատվություն:
Հոդված 7
Սույն Համաձայնագրի համաձայն փոխանցված փաստաթղթերը, տվյալները և տեխնիկական սարքավորումները կարող են փոխանցվել երրորդ երկրի միայն տրամադրող Պայմանավորվող կողմի իրավասու մարմնի գրավոր համաձայնության դեպքում և անձնական բնույթի տվյալների պաշտպանության վերաբերյալ ազգային օրենսդրության համապատասխան:
Հոդված 8
Համագործակցության ընթացքում փոխանցված անձնական տվյալների պաշտպանության համար կգործեն հետևյալ պայմանները.
1) մի Պայմանավորվող կողմի ստացող իրավասու մարմինները կարող են օգտագործել տվյալները միմիայն մյուս Պայմանավորվող կողմի տրամադրող իրավասու մարմինների կողմից նշված նպատակի համար և պայմանների համաձայն,
2) մի Պայմանավորվող կողմի տրամադրող իրավասու մարմնի դիմումի դեպքում մյուս Պայմանավորվող կողմի ստացող իրավասու մարմինը կտրամադրի տեղեկատվություն փոխանցված տվյալների օգտագործման և վերջնական արդյունքների վերաբերյալ,
3) անձնական տվյալները կարող են տրամադրվել 2-րդ հոդվածում նշված Պայմանավորվող կողմերի համապատասխան մարմիններին: Տվյալները կարող են տրամադրվել մյուս իրավասու մարմիններին միայն տրամադրող մարմնի նախնական թույլտվությամբ,
4) Պայմանավորվող կողմերի իրավասու մարմինները պետք է արդյունավետորեն պաշտպանեն տրամադրված անձնական տվյալները չթույլատրված ձեռքբերումից, փոփոխումից և հրապարակումից,
5) Պայմանավորվող կողմի տրամադրող իրավասու մարմինը պատասխանատու է տվյալների ճշգրիտ լինելու համար: Եթե պարզվի, որ տվյալները կեղծ են, ապա մյուս Պայմանավորվող կողմի ստացող մարմինները պետք է դրա մասին անմիջապես տեղեկացվեն: Այդ դեպքում ստացող կողմը պարտավոր է ուղղել կամ ոչնչացնել այդ տվյալները,
6) մի Պայմանավորվող կողմի տրամադրող իրավասու մարմինները կարող են սահմանել ժամկետային սահմանափակում մյուս Պայմանավորվող կողմի տեղեկություններ պարունակող ֆայլերից տվյալները հանելու համար:
Հոդված 9
1. Սույն Համաձայնագրի համաձայն համագործակցությունը զարգացնելու և քննարկելու նպատակով Պայմանավորվող կողմերը կստեղծեն համատեղ հանձնաժողով: Պայմանավորվող կողմերը դիվանագիտական ուղիներով միմյանց կծանուցեն համատեղ հանձնաժողովում նշանակված իրենց անդամների մասին:
2. Համատեղ հանձնաժողովը Պայմանավորվող կողմերից մեկի նախաձեռնությամբ անհրաժեշտության դեպքում կանցկացնի հանդիպումներ: Հանձնաժողովն իր հանդիպումները կանցկացնի Հայաստանի Հանրապետությունում և Կիպրոսի Հանրապետությունում` հաջորդաբար:
Հոդված 10
Յուրաքանչյուր Պայմանավորվող կողմ կարող է ամբողջությամբ կամ մասամբ մերժել օգնության կամ համագործակցության վերաբերյալ դիմումի կատարումը կամ էլ որոշ պայմաններ առաջադրել այն դեպքում, երբ այդ դիմումի կատարումը սահմանափակում է իր ազգային ինքնիշխանությունը, վտանգում է անվտանգությունը կամ այլ հիմնական շահերը կամ էլ խախտում է իր ազգային օրենսդրությունը:
Հոդված 11
Սույն Համաձայնագիրը չի ազդում Պայմանավորվող կողմերի կողմից կնքված երկկողմ կամ բազմակողմ միջազգային պայմանագրերից բխող պարտավորությունների վրա:
Հոդված 12
1. Սույն Համաձայնագրի մեկնաբանման կամ կիրառման հետ կապված տարաձայնությունները կկարգավորվեն Պայմանավորվող կողմերի իրավասու մարմինների միջև` անմիջական բանակցությունների միջոցով:
2. 1-ին կետում նախատեսված բանակցությունների միջոցով համաձայնություն ձեռք չբերելու դեպքում ցանկացած տարաձայնություն կկարգավորվի դիվանագիտական ուղիներով` առանց երրորդ կողմին դիմելու:
Հոդված 13
Սույն Համաձայնագրի դրույթների կատարման հետ կապված ցանկացած ծախս կրում է այն Պայմանավորվող կողմը, որի տարածքում ծախսերը կատարվել են, եթե Պայմանավորվող կողմերը այլ որոշում չեն ընդունել:
Հոդված 14
1. Սույն Համաձայնագիրն ուժի մեջ կմտնի Պայմանավորվող կողմերի ազգային օրենսդրությամբ նախատեսված համապատասխան ներքին ընթացակարգի կատարման մասին վերջին ծանուցումից 30 օր հետո:
2. Սույն Համաձայնագիրը կնքվում է անորոշ ժամկետով և կարող է դադարեցվել յուրաքանչյուր Պայմանավորվող կողմի կողմից` դիվանագիտական ուղիներով ծանուցելու միջոցով: Այդ դեպքում Համաձայնագրի գործողությունը դադարում է նշված ծանուցումը ստանալուց վեց ամիս հետո։
Կատարված է Նիկոսիա քաղաքում 2006թ. նոյեմբերի 23-ին, երկու բնօրինակով, յուրաքանչյուրը՝ հայերեն, հունարեն և անգլերեն, բոլոր տեքստերը հավասարազոր են։ Մեկնաբանման ժամանակ տարաձայնությունների դեպքում նախապատվությունը կտրվի անգլերեն տեքստին։
Համաձայնագիրն ուժի մեջ է մտել 2008 թ. փետրվարի 27-ին:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|