Գլխավոր տեղեկություն
Номер
ՍԴՈ-888
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (25.05.2010-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2010.06.09/25(759) Հոդ.610
Принят
ՀՀ Սահմանադրական դատարան
Дата принятия
25.05.2010
Подписан
Նախագահող
Дата подписания
25.05.2010
Дата вступления в силу
25.05.2010

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը

 

Քաղ. Երևան

 25 մայիսի 2010 թ.

 

2010 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 30-ԻՆ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՎԵՐԱԿԱՌՈՒՑՄԱՆ ԵՎ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԲԱՆԿԻ ՄԻՋԵՎ ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ (ՀԱՆՐԱՅԻՆ ՀԱՏՎԱԾԻ ԱՐԴԻԱԿԱՆԱՑՄԱՆ ԵՐԿՐՈՐԴ ԾՐԱԳԻՐ) ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

 

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը՝ կազմով. Գ. Հարությունյանի (նախագահող), Կ. Բալայանի, Հ. Դանիելյանի (զեկուցող), Ֆ. Թոխյանի, Մ. Թոփուզյանի, Վ. Հովհաննիսյանի, Հ. Նազարյանի, Ռ. Պապայանի,

համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100-րդ հոդվածի 2-րդ կետի, 101-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 25, 38 և 72-րդ հոդվածների,

դռնբաց նիստում գրավոր ընթացակարգով քննեց «2010 թվականի մարտի 30-ին ստորագրված` Հայաստանի Հանրապետության և Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի միջև վարկային համաձայնագրում (Հանրային հատվածի արդիականացման երկրորդ ծրագիր) ամրագրված պարտավորությունների` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:

Գործի քննության առիթը Հանրապետության Նախագահի` Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանում 14.05.2010թ. մուտքագրված դիմումն է:

Ուսումնասիրելով սույն գործով զեկուցողի գրավոր հաղորդումը, Հանրապետության Նախագահի ներկայացուցիչ` ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Վ. Արամյանի գրավոր բացատրությունը, հետազոտելով համաձայնագիրը և գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը պարզեց.

1. Համաձայնագիրն ստորագրվել է 2010 թվականի մարտի 30-ին Երևանում` հանրային հատվածի կառավարման ամրապնդման նպատակով:

2. Համաձայնագրի բաղկացուցիչ մաս են կազմում երեք ժամանակացույց և մեկ հավելված, որոնցով սահմանված են ծրագրի նկարագրությունը, ծրագրի իրականացման կարգը, վարկի մարման ժամանակացույցը, սահմանումները և ընդհանուր պայմանների փոփոխությունները:

3. Համաձայնագրով նախատեսվում է, որ Բանկը Հայաստանի Հանրապետությանը կտրամադրի 9.000.000 (ինը միլիոն) ԱՄՆ դոլարին համարժեք վարկ` համաձայնագրով նախատեսված միջոցառումների ֆինանսավորման նպատակով: Ծրագրի իրականացման վերջնաժամկետ սահմանված է 2015 թվականի հուլիսի 31-ը:

4. Վարկը Հայաստանի Հանրապետությանը տրամադրվում է 25 տարի ժամկետով, որից 10-ը` արտոնյալ (առանց մայր գումարի վճարման): Վարկի տոկոսադրույքը կազմում է 6-ամսյա USD LIBOR+ փոփոխական մարժա: Մայր գումարի մարումները կատարվելու են կիսամյակային հավասար մասնաբաժիններով` սկսած 2020 թվականի մայիսի 1-ից մինչև 2034 թվականի մայիսի 1-ը:

5. Համաձայնագրով Հայաստանի Հանրապետությունն ստանձնում է, մասնավորապես, հետևյալ պարտավորությունները.

ա) իրականացնել ծրագիրը համաձայնագրի դրույթներին և դրա բաղկացուցիչ մաս հանդիսացող ժամանակացույցերին և հավելվածին համապատասխան,

բ) ծրագրի իրականացման ողջ պատասխանատվությունը վերապահել Հանրային հատվածի բարեփոխումների հանձնաժողովին (ՀՀԲՀ) և ապահովել, որ ՀՀԲՀ-ն ծրագիրն իրականացնի ծրագրի իրականացման պլանին և ծրագրի գործառնական ձեռնարկին համապատասխան,

գ) ծրագրի պատշաճ համակարգումը և իրականացումն ապահովելու նպատակով կազմավորել ծրագրի կառավարման խումբ, որը բաղկացած կլինի ծրագրի ղեկավարից և աշխատակազմի անդամներից,

դ) ապահովել ծրագրի իրականացումը Հակակոռուպցիոն ուղեցույցի դրույթներին համապատասխան,

ե) մոնիտորինգի ենթարկել և գնահատել ծրագրի առաջընթացը և պատրաստել ծրագրի հաշվետվություններ և դրանք ներկայացնել մյուս կողմին ոչ ուշ, քան փակման ամսաթվից վեց ամիս անց, ինչպես նաև մյուս կողմին տրամադրել մոնիտորինգի և գնահատման տարեկան հաշվետվություն և աշխատանքային տարեկան ծրագիր մինչև յուրաքանչյուր տարվա մարտի 1-ը,

զ) վարել կամ հանձնարարել վարել ֆինանսական կառավարման համակարգ, պատրաստել և յուրաքանչյուր օրացուցային եռամսյակի ավարտից ոչ ուշ, քան քառասունհինգ օրվա ընթացքում մյուս կողմին ներկայացնել միջանկյալ, աուդիտ չանցած ֆինանսական հաշվետվություններ ծրագրի համար եռամսյակային կտրվածքով, ինչպես նաև աուդիտի ենթարկել իր ֆինանսական հաշվետվությունները,

է) բացառությամբ համաձայնագրով սահմանված դեպքերի` ապրանքները և աշխատանքները գնել Միջազգային մրցակցային սակարկությունների հիման վրա շնորհված պայմանագրերով, իսկ խորհրդատվական ծառայությունները` այն պայմանագրերով, որոնք շնորհվել են որակի և գնի վրա հիմնված ընտրության հիման վրա:

6. Համաձայնագրով սահմանված են ծրագրի մոնիտորինգի և գնահատման, ֆինանսական կառավարման և աուդիտի, գնումների, վարկի գումարների առհանման, վարկի տոկոսագումարների վճարման կարգն ու պայմանները:

7. Համաձայնագիրն ամրագրում է դրույթներ, որոնք սահմանում են համաձայնագիրն ուժի մեջ մտնելու և դադարելու, ինչպես նաև համաձայնագրում փոփոխություններ և լրացումներ կատարելու կարգն ու պայմանները:

Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100-րդ հոդվածի 2-րդ կետով, 102-րդ հոդվածի 1-ին և 4-րդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 63 և 64-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը որոշեց.

 

1. 2010 թվականի մարտի 30-ին ստորագրված` Հայաստանի Հանրապետության և Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի միջև վարկային համաձայնագրում (Հանրային հատվածի արդիականացման երկրորդ ծրագիր) ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը։

2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

 

Նախագահող

Գ. Հարությունյան


25 մայիսի 2010 թ.
 ՍԴՈ-888