ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը
Քաղ. Երևան |
25 մայիսի 2010 թ. |
2010 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 5-ԻՆ ԵՐԵՎԱՆՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՎԵՐԱԿԱՌՈՒՑՄԱՆ ԵՎ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԲԱՆԿԻ ՄԻՋԵՎ ՓՈԽԱՌՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ (ԼՐԱՑՈՒՑԻՉ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՈՒՄ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԻ ՀԱՄԱՐ) ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ
Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը՝ կազմով. Գ. Հարությունյանի (նախագահող), Կ. Բալայանի, Հ. Դանիելյանի, Ֆ. Թոխյանի, Մ. Թոփուզյանի, Վ. Հովհաննիսյանի (զեկուցող), Հ. Նազարյանի, Ռ. Պապայանի,
համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100-րդ հոդվածի 2-րդ կետի, 101-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 25, 38 և 72-րդ հոդվածների,
դռնբաց նիստում գրավոր ընթացակարգով քննեց «2010 թվականի մարտի 5-ին Երևանում ստորագրված` Հայաստանի Հանրապետության և Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի միջև փոխառության համաձայնագրում (Լրացուցիչ ֆինանսավորում Սոցիալական պաշտպանության վարչարարության ծրագրի համար) ամրագրված պարտավորությունների՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:
Գործի քննության առիթ է հանդիսացել Հանրապետության Նախագահի` 5 մայիսի 2010թ. ՀՀ սահմանադրական դատարանում մուտքագրված դիմումը:
Ուսումնասիրելով սույն գործով զեկուցողի գրավոր հաղորդումը, Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցիչ` ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Վ. Արամյանի գրավոր բացատրությունը, հետազոտելով համաձայնագիրը և գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը պարզեց.
Հայաստանի Հանրապետության և Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի միջև փոխառության համաձայնագիրը (Լրացուցիչ ֆինանսավորում Սոցիալական պաշտպանության վարչարարության ծրագրի համար) ստորագրվել է 2010 թվականի մարտի 5-ին` Երևանում:
Ըստ համաձայնագրի` Բանկը համաձայնագրում սահմանված կամ դրանում նշված պայմաններով և ժամկետներում Վարկառուին տրամադրում է հինգ միլիոն դոլարի չափով գումար (վարկ)` համաձայնագրի 1-ին ժամանակացույցում նկարագրված Ծրագրի ֆինանսավորմանն աջակցելու համար:
Ծրագրի նպատակն է բարելավել հանրային զբաղվածության, կենսաթոշակային և սոցիալական աջակցության գործակալությունների գործունեությունը (արդյունավետությունը, գործունակությունը, որակը) բնակչությանը ծառայությունների մատուցման գործում:
Ծրագիրը բաղկացած է Սկզբնական ծրագրի բոլոր բաղադրիչների համաձայն ծավալվող միջոցառումներից:
Համաձայնագրով Հայաստանի Հանրապետությունը` որպես Վարկառու, ստանձնում է, մասնավորապես, հետևյալ պարտավորությունները.
- վճարել սկզբնավճար, որը հավասար պետք է լինի վարկի գումարի մեկ քառորդ տոկոսին (0.25%),
- յուրաքանչյուր տարվա մայիսի 1-ին և նոյեմբերի 1-ին տոկոսի յուրաքանչյուր ժամանակահատվածի համար վճարել տոկոսագումար, որի դրույքաչափը հավասար է վարկի արժույթի ԼԻԲՈՐ-ին` ավելացնելով փոփոխական տարբերությունը (variable spread)` պայմանով, որ վարկի ամբողջ մայր գումարի կամ դրա մի մասի փոխարկումից հետո, փոխարկման ժամանակահատվածում Վարկառուի կողմից այդպիսի գումարի դիմաց վճարման ենթակա տոկոսագումարը կորոշվի Ընդհանուր պայմանների IV հոդվածի դրույթների համաձայն: Չնայած նշվածին, եթե վարկի առհանված մնացորդի որևէ գումար ժամանակին չի վճարվում, և վճարում չի կատարվում երեսուն (30) օրվա ընթացքում, ապա Վարկառուի կողմից վճարվելիք տոկոսը պետք է հաշվարկվի համաձայն Ընդհանուր պայմանների,
- վարկի մայր գումարը վճարել համաձայնագրի 3-րդ ժամանակացույցում սահմանված մարման ժամանակացույցին համապատասխան,
- հայտարարել Ծրագրի նպատակներին իր հանձնառության մասին` Ծրագիրն իրականացնելով ՀՀ ֆինանսների նախարարության միջոցով` Գործառնական ձեռնարկի և Ընդհանուր պայմանների դրույթների համաձայն,
- ապահովել Ծրագրի իրականացումը համաձայնագրի 2-րդ Ժամանակացույցի դրույթներին համապատասխան` առանց սահմանափակելու համաձայնագրի 3.01 բաժնի դրույթները,
- Ծրագրի իրականացման համար ձեռնարկել ինստիտուցիոնալ միջոցառումներ, հակակոռուպցիոն միջոցառումներ` համաձայնագրի 2-րդ Ժամանակացույցի դրույթներին համապատասխան,
- մոնիտորինգի ենթարկել և գնահատել Ծրագրի առաջընթացը և պատրաստել Ծրագրի իրականացման հաշվետվություններ,
- վարել կամ հանձնարարել վարելու ֆինանսական կառավարման համակարգ,
- աուդիտի ենթարկել իր ֆինանսական հաշվետվությունները` դրանք համաձայնագրում սահմանված ժամկետներում ներկայացնելով Բանկին,
- Ծրագրի համար պահանջվող և վարկի միջոցներից ֆինանսավորման ենթակա բոլոր ապրանքները և աշխատանքները գնել Գնումների ուղեցույցի 1-ին բաժնում սահմանված կամ նշված պահանջների համաձայն,
- Ծրագրի համար պահանջվող և վարկի միջոցներից ֆինանսավորման ենթակա բոլոր խորհրդատվական ծառայությունները գնել Խորհրդատուի ուղեցույցում սահմանված կամ նշված պահանջների համաձայն,
- իրականացնել վարկի գումարների մարումը` համաձայնագրի 3-րդ ժամանակացույցի դրույթներին համապատասխան:
Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100-րդ հոդվածի 2-րդ կետով, 102-րդ հոդվածի առաջին և չորրորդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 63 և 64-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը որոշեց.
1. 2010 թվականի մարտի 5-ին Երևանում ստորագրված` Հայաստանի Հանրապետության և Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի միջև փոխառության համաձայնագրում (Լրացուցիչ ֆինանսավորում Սոցիալական պաշտպանության վարչարարության ծրագրի համար) ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:
2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102-րդ հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:
Նախագահող |
Գ. Հարությունյան |
|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|