Հ Ա Մ Ա Ձ Ա Յ Ն Ա Գ Ի Ր
ՍևԾՈՎՅԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ /ՍԾՏՀ/ ՄԱՍՆԱԿԻՑ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԻՋև ԲՆԱԿԱՆ և ՏԵԽՆԱԾԻՆ ԱՂԵՏՆԵՐԻ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ և ԴՐԱՆՑ ՀԵՏևԱՆՔՆԵՐԻ ՎԵՐԱՑՄԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
Սույն Համաձայնագրի կողմեր հանդիսացող Կառավարությունները, այսուհետ՝ Կողմեր,
հաշվի առնելով այնպիսի արտակարգ իրավիճակների առաջացման հնարավորությունը, որոնք չեն կարող վերացվել Կողմերի սեփական ուժերով և հնարավորություններով, և այս փաստից բխող Կողմերի համակարգված գործողությունների պահանջը, որոնց նպատակն է արտակարգ իրավիճակների կանխումը և հաղթահարումը,
ձգտելով հետագայում ընդլայնել զարգացող տարածաշրջանային համագործակցությունը՝ արտակարգ իրավիճակների դեպքում աջակցություն ցույց տալու և, համատեղ ջանքեր գործադրելով, տուժած բնակչությանը համակարգված օգնություն տրամադրելու նպատակով,
աջակցելով ՄԱԿ-ի ջանքերին միջազգային անհրաժեշտ օգնության բնագավառում, հաշվի առնելով և հաստատելով տարբեր միջազգային տարածաշրջանային և ենթատարածաշրջանային կազմակերպությունների շրջանակներում գործող համընդհանուր նորմերն ու կանոնները, համապատասխան միջազգային կոնվենցիաները և համաձայնագրերը, ինչպես նաև նպատակ ունենալով ներդրում կատարել ազգային օրենսդրության մշակման գործում,
խրախուսելով հետագա համագործակցությունը միջազգային անհրաժեշտ օգնության բնագավառում Սևծովյան Կարմիր Խաչի և Կարմիր Մահիկի Ընկերությունների Առաջին Կոնֆերանսի /1997թ./ կողմից արված նախաձեռնությունների հիման վրա,
արտահայտելով իրենց օժանդակությունը Միջազգային սևծովյան փրկության կենտրոնի հիմնադրման գաղափարին՝ օգտագործելով ՍԾՏՀ երկրների և այլ նմանատիպ միջազգային կենտրոնների կուտակած փորձը,
համաձայնեցին հետևյալի մասին.
Հ ո դ վ ա ծ 1
Կիրառման ոլորտ
1. Սույն Համաձայնագիրը սահմանում է Կողմերի համակարգված գործողությունների սկզբունքներն ու շրջանակները բնական և տեխնածին աղետների դեպքում:
2. Սույն Համաձայնագիրը կիրառվում է այնպիսի բնական և տեխնածին աղետների դեպքում, որոնք չեն կարող վերացվել Կողմերի սեփական ուժերով:
Հ ո դ վ ա ծ 2
Սահմանումներ
Սույն Համաձայնագրի նպատակների համար ներքոհիշյալ արտահայտությունները ունեն իրենց վերագրված հետևյալ իմաստները՝
«օգնություն»՝ ապրանքներ, նյութեր, անձնակազմ և ծառայություններ, որոնք ապահովում է Օժանդակող կողմը Խնդրող Կողմի կարիքները հոգալու համար,
«Օժանդակող կողմ»՝ օգնություն տրամադրող Կողմ,
«Օգնության խումբ»՝ Օժանդակող կողմի մասնագետների խումբ, որը նշանակվել է օգնություն ցույց տալու համար և հագեցված է բոլոր անհրաժեշտ միջոցներով,
«իրավասու մարմին»՝ սույն Համաձայնագրի կիրառման հետ կապված գործողությունների կառավարման և համակարգման համար յուրաքանչյուր Կողմից նշանակված գործակալություն,
«աղետ»՝ միջադեպ որոշակի տարածքում, որը ծագել է որպես այնպիսի դժբախտ պատահարի, վտանգավոր բնական երևույթի, բնական կամ տեխնածին աղետի հետևանք, որը կարող է առաջացնել կամ առաջացրել է մարդկանց կյանքի կամ շրջակա միջավայրի համար վտանգ պարունակող զգալի ֆիզիկական, սոցիալական, տնտեսական և մշակութային վնաս,
«արտակարգ իրավիճակ»՝ հաճախ վտանգավոր իրավիճակ, որը ծագում է հանկարծակի և պահանջում է անհապաղ գործողություններ,
«արտակարգ իրավիճակի վայր»՝ տարածք, որտեղ ստեղծվել է արտակարգ իրավիճակ,
«արտակարգ իրավիճակների հաղթահարում»՝ որոնման, փրկարարական և այլ հրատապ վերականգնողական աշխատանքներ, որոնք ձեռնարկվում են արտակարգ իրավիճակների դեպքում և նպատակ ունեն փրկել մարդկանց կյանքը և պաշտպանել նրանց առողջությունը, նվազագույնի հասցնել բնապահպանական, մշակութային և նյութական վնասները, ինչպես նաև արտակարգ իրավիճակի վայրում առաջացած երկրորդական վտանգավոր հետևանքները,
«սարքավորումներ»՝ նյութեր, տեխնիկական և տրանսպորտային հարմարություններ, Օգնության խմբի ռազմական պաշարներ և դրա անդամների անհատական աշխատանքային սարքեր,
«օգնության բեռներ»՝ նյութական միջոցներ, որոնք հավաքվել են անվճար, ազատված են հարկերից և բաշխվում են աղետից տուժած բնակչության շրջանում,
«անձնական տվյալներ»՝ բոլոր տեսակի տեղեկություններ սույն Համաձայնագրի կապակցությամբ որոշակի արտակարգ իրավիճակներին առնչվող ֆիզիկական անձանց վերաբերյալ,
«Խնդրող կողմ»՝ օգնություն ստանալու համար դիմող կողմ,
«որոնման և փրկարարական աշխատանքներ»՝ աշխատանքներ, որոնց նպատակն է փրկել մարդկանց և պահպանել արտակարգ իրավիճակի վայրում գտնվող նյութական ու մշակութային արժեքները և շրջակա միջավայրը, ինչպես որ դրանք որոշված են միջազգային իրավասու մարմինների կողմից:
«տարանցման պետություն»՝ յուրաքանչյուր պետություն, որի կառավարությունը Կողմ է հանդիսանում, բացառությամբ Խնդրող կամ Օժանդակող պետության, որոնց տարածքով՝ ներառյալ օդային տարածքի և/կամ տարածքային ջրերի, փոխադրվում են Օգնության խումբը, օգնության հանդերձանքը և սարքավորումներն ու բեռները:
Հ ո դ վ ա ծ 3
Սկզբունքներ
1. Սույն Համաձայնագրի դրույթներին, ինչպես նաև միջազգային հանրաճանաչ սկզբունքներին և կարգավորումներին համապատասխան, Կողմերը կհամագործակցեն բնական և տեխնածին աղետների և/կամ, դրանց հնարավորության դեպքում, կարևոր հրատապ տեղեկատվություն և օգնություն տրամադրելու համար:
2. Եթե Կողմը իր պետության տարածքում տեղի ունեցած բնական կամ տեխնածին աղետի դեպքում օգնության կարիք ունի, այդ Կողմը կարող է օգնություն խնդրել մյուս Կողմից /Կողմերից/՝ ազգային դիմումի ներկայացման միջոցով: Օժանդակող Կողմը /Կողմերը/ օգնում է Խնդրող կողմին՝ աղետի կանխարգելման և/կամ հետևանքների վերացմանը նպատակաուղղված ձևերով և միջոցներով:
3. Կողմերը օգնություն ցույց կտան միմյանց իրենց հնարավորություններին համապատասխան: Օգնությունը կտրվի անվճար, եթե Կողմերն այլ բան չպայմանավորվեն:
4. Խնդրող Կողմը կապահովի օգնության բեռների անարգել ստացումը և դրանց բաշխումը բացառապես տուժած բնակչությանը: Օգնության բեռները բաշխվում են առանց որևէ ռասայական, կրոնական, լեզվական և քաղաքական կամ այլ գործոններից կախված խտրականության:
Հ ո դ վ ա ծ 4
Օգնություն ստանալու և տեղեկատվության փոխանակման դիմում
1. Կողմերը արտակարգ իրավիճակներում օգնություն խնդրելու համար պետք է լիազորեն մարմիններին:
2. Օգնությունը կտրամադրվի դիմումի հիման վրա, որտեղ Խնդրող Կողմը նշում է.
- աղետի տեղը, ժամը, բնույթը և ծավալները, ինչպես նաև տուժած վայրում ճգնաժամի ընթացքի վիճակը,
- արդեն ձեռնարկված միջոցները, պահանջվող օգնության բնորոշումը, աղետների հաղթահարման համար անհրաժեշտ առաջնային օգնության տեսակը:
3. Օժանդակող կողմը պետք է անհապաղ որոշում ընդունի օգնություն ցույց տալու վերաբերյալ և Խնդրող կողմին տեղեկացնի օգնության փոխադրման ծավալների և պայմանների մասին:
4. Սույն հոդվածի 2-րդ կետում նշված տեղեկատվությունը պետք է նորացվի՝ հետևելով իրավիճակի զարգացմանը:
Հ ո դ վ ա ծ 5
Տարանցում
Խնդրող կողմի դիմումի հիման վրա տարանցման պետության կառավարությունը պետք է անհրաժեշտ օժանդակություն ցուցաբերի իր պետության տարածքով օգնության անարգել տեղափոխման ընթացքում՝ իր ազգային օրենսդրությանը, միջազգային իրավունքին և պրակտիկային համապատասխան:
Հոդված 6
Իրավասու մարմիններ և տեղական կետեր
1. Սույն Համաձայնագրի կիրառման հետ կապված աշխատանքները համակարգելու համար Կողմերից յուրաքանչյուրը նշանակում /կամ սահմանում/ է մեկ կամ մի քանի իրավասու մարմիններ, այսուհետ՝ «իրավասու մարմիններ»:
2. Առանց վնաս հասցնելու գոյություն ունեցող այլ երկկողմ և բազմակողմ համաձայնությունների, յուրաքանչյուր Կողմ կնշանակի կամ կստեղծի արտակարգ իրավիճակների դեպքում տեղեկություններ հաղորդող և օգնություն հատկացնող մեկ կամ մի քանի իրավասու տեղական կետեր:
3. Կողմերը դիվանագիտական ուղիներով միմյանց գրավոր կծանուցեն իրավասու մարմնի /մարմինների/, ինչպես նաև տեղական կետի /կետերի/ վերաբերյալ ցանկացած փոփոխության մասին:
4. Յուրաքանչյուր Կողմ կապահովի իրավասու մարմնի /մարմինների/ և տեղական կետի /կետերի/ անխափան գործունեությունը:
Հ ո դ վ ա ծ 7
Արտակարգ իրավիճակների Աշխատանքային խումբ /կոմիտե/
Սույն Համաձայնագրի կիրառման համար իրավասու ազգային իշխանությունները կնշանակեն ՍԾՏՀ-ի շրջանակներում ստեղծվող համապատասխան ընդհանուր մարմնի /Արտակարգ իրավիճակների Աշխատանքային խմբի/ իրենց ներկայացուցիչներին:
Հ ո դ վ ա ծ 8
Արտակարգ իրավիճակների դեպքում օգնության համակարգում և կառավարում
1. Խնդրող կողմի իրավասու մարմինը կհամակարգի, կկառավարի և կվերահսկի Օգնության խմբի գործողությունները՝ դրա ղեկավարների միջոցով:
2. Խնդրող կողմը Օժանդակող կողմի խմբի ղեկավարներին պետք է տեղեկացնի արտակարգ իրավիճակի վայրում և գործողությունների կոնկրետ տեղամասերում իրավիճակի զարգացման մասին և, անհրաժեշտության դեպքում, այդ խմբերին ապահովի թարգմանիչներով և կապի համար անհրաժեշտ միջոցներով այն շտաբի հետ, որն իրականացնում է որոնողական, փրկարարական և անհետաձգելի այլ աշխատանքների ընդհանուր կառավարումը:
3. Օգնության խմբերի սարքավորումները պետք է բավարարեն ժամանման պահից 72 ժամվա ընթացքում արտակարգ իրավիճակի գոտում գործողությունների կատարման համար: Խնդրող կողմը, տվյալ ժամկետը լրանալուց հետո, պետք է ապահովի այդ խմբերին բոլոր անհրաժեշտ առարկաներով՝ նրանց խնդրանքի հիման վրա:
4. Խնդրող կողմը պետք է ապահովի Օգնության խմբերի անդամների անվտանգությունը, անվճար բուժսպասարկումը, սնունդն ու կացարանը, ինչպես նաև տրամադրի առաջին անհրաժեշտության
առարկաներ՝ նրանց սեփական պաշարների սպառման դեպքում:
Հ ո դ վ ա ծ 9
Օգնության խմբերի կողմից սահմանն անցնելու կարգը և մնալու կանոնները
1. Խնդրող կողմի կամ տարանցման պետության սահմանն Օգնության խմբերի անդամների կողմից անցնելու կարգը պետք է սահմանվի դրանց ազգային օրենսդրությամբ, միջազգային իրավունքով և Խնդրող և/կամ տարանցիկ պետության երկկողմ համաձայնագրերով:
2. Խնդրող կողմի սահմանով շնավարժ խմբերի անցնելու և Խնդրող կողմի պետության տարածքում դրանց մնալու կարգը պետք է սահմանվի յուրաքանչյուր դեպքում Խնդրող կողմի պետության տարածքում գործող կարանտինային կանոններին համապատասխան:
3. Օգնության խմբերի անդամները պարտավոր են պահպանել Խնդրող կողմի և/կամ տարանցման պետության պետական օրենքներն ու կանոնները: Միևնույն ժամանակ աշխատանքային և այլ համապատասխան օրենսդրության առումով նրանք գտնվում են Օժանդակող կողմի իրավասության ներքո:
Այն դեպքում, երբ այդ խմբերը ներառում են իրենց կազմի մեջ քաղաքացիական պաշտպանության ռազմական անձնակազմ, նրանց մնալն, ըստ նախնական պայմանավորվածության, և գործունեությունը կկարգավորվեն Օժանդակող կողմի նման անձնակազմի կարգավիճակը կարգավորող օրենսդրության համաձայն:
4. Օգնության խմբերի, նրանց սարքավորումների և օգնության բեռների փոխադրման նպատակների համար՝ դրանք հնարավորին սեղմ ժամկետներում նպատակատեղ հասցնելու համար, կարող է օգտագործվել համապատասխան տրանսպորտային միջոցներից ցանկացածը:
Օգնության փոխադրման համար տրանսպորտի հատուկ միջոցների օգտագործման կարգը կսահմանվի Կողմերի իրավասու մարմինների կողմից:
Հ ո դ վ ա ծ 10
Օգնության միջոցների և բեռների ներմուծումը, արտահանումը և տարանցումը
1. Օգնության նպատակների համար ներմուծվող և արտահանվող օգնության սարքավորումներն ու ապրանքները, ի կատարումն սույն Համաձայնագրի, կազատվեն մաքսային տուրքերից, հարկերից և վճարումներից:
2. Օգնության սարքավորումների և ապրանքների մաքսային ստուգումն ու հսկողությունը պետք է իրականացվի պարզեցված ձևով առաջնության կարգով՝ Կողմերի իրավասու մարմինների կողմից տրված ծանուցագրերի հիման վրա, որոնցում նշվում է օգնության խմբերի կազմը և ներմուծվող ու արտահանվող օգնության սարքավորումների և բեռների ցուցակը:
3. Թմրամիջոցներ և հոգեներգործուն նյութեր կարող են ներմուծվել միայն բժշկական օգնության համար անհրաժեշտ քանակությամբ և օգտագործվել միայն որակյալ բժշկական անձնակազմի կողմից: Այս դեպքում Օգնության խմբի ղեկավարը պետք է մաքսային հսկողության մարմիններին ներկայացնի հայտարարագիր՝ թմրամիջոցների և հոգեներգործուն նյութերի ցանկով, նշելով դրանց նոմենկլատուրան և գումարը:
Խնդրող կողմի համապատասխան իշխանությունները կարող են հսկողություն իրականացնել վերոհիշյալ միջոցների և նյութերի օգտագործման և պահպանման նկատմամբ:
Առաքելության ժամանակ չօգտագործված թմրամիջոցներն ու հոգեներգործուն նյութերը պետք է դուրս հանվեն Խնդրող կողմի պետության տարածքից: Առաքելության ավարտից հետո պետք է ներկայացվի օգտագործված թմրամիջոցների և հոգեներգործուն նյութերի մասին փաստաթուղթ՝ Օգնության խմբի ղեկավարի և բժշկի ստորագրությամբ և Խնդրող կողմի համապատասխան իշխանությունների կողմից նշանակված իրավասու մարմնի հաստատմամբ:
Հ ո դ վ ա ծ 11
Օդանավ
1. Օգնության խմբերի, օգնության սարքավորումների, բեռների ու ապրանքների փոխադրումը կարող է իրականացվել օդանավերի միջոցով:
2. Տրամադրող կողմի իրավասու մարմնին պետք է տեղեկացվի օգնություն ցույց տալու նպատակով օդանավեր օգտագործելու որոշման մասին՝ նշելով վայրէջքի վայրը, թռիչքների երթուղին, օդանավի տեսակն ու տարբերակիչ նշանները, անձնակազմի անդամների թիվը, բեռի տեսակը, չվացուցակը և ուղևորների կազմը /աշխատակազմ, տեխնիկական անձնակազմ, լրագրողներ և այլն/:
3. Օդանավի թռիչքները, քաղաքացիական կամ պետական, պետք է իրականացվեն Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպության /ICAO/ և Կողմերի կանոններին համապատասխան:
Պետական օդանավի համար ևս պահանջվում է դիվանագիտական դյուրացում:
4. Օժանդակող կողմի՝ սույն Համաձայնագրով նախատեսված արտակարգ իրավիճակների դեպքում օգնություն ցույց տվող օդանավերն ազատվում են անցաթիռի, վայրէջքի, կանգառի, վերթիռի և նավագնացության ծառայությունների համար վճարներից:
5. Արտակարգ իրավիճակների ժամանակ օգնություն տրամադրող օդանավերի թռիչքների դեպքում օդանավերի վառելիքի և տեխնիկական սպասարկման ծախսերի հետ կապված հարցերը, յուրաքանչյուր առանձին դեպքում, պետք է կարգավորվեն սույն Համաձայնագրով՝ համապատասխան Կողմերի իշխանությունների կողմից:
Հ ո դ վ ա ծ 12
Օգնություն
Օգնության տրամադրումը պետք է իրականացվի սույն Համաձայնագրի 3-րդ հոդվածով նախատեսված սկզբունքների համաձայն:
Հ ո դ վ ա ծ 13
Արտակարգ իրավիճակների դեպքում ցույց տրվող օգնության համար ծախսերի փոխհատուցում
1. Խնդրող կողմը կարող է ցանկացած պահին չեղյալ հայտարարել օգնություն ցույց տալու մասին իր խնդրանքը:
Խնդրող կողմը անմիջապես պետք է տեղեկացնի Օժանդակող կողմին իր որոշման մասին, իսկ Օժանդակող կողմը կարող է պահանջել մինչև տվյալ պահը կատարված ծախսերի փոխհատուցումը:
2. Օժանդակող կողմը պետք է ապահովի Օգնության խմբերի անդամների ապահովագրումը և այդ ծախսերը պետք է ներառվեն օգնություն ցույց տալու ընդհանուր ծախսերի մեջ:
3. Օժանդակող կողմի իրավասու մարմինը օգնություն ցույց տալու աշխատանքներն ավարտելուց անմիջապես հետո Խնդրող կողմի իրավասու մարմնին գրավոր պետք է տեղեկացնի ցույց տրված օգնության մասին:
4. Խնդրող կողմի իրավասու մարմինը Օժանդակող կողմի իրավասու մարմնին ներկայացնում է ամփոփիչ տեղեկատվություն, որը բովանդակում է արտակարգ իրավիճակի բնութագիրը և ծագման պատճառները, ստացված օգնության ձևն ու ծավալը և կատարված աշխատանքի արդյունքները:
Հ ո դ վ ա ծ 14
Վնասի փոխհատուցում
1. Խնդրող կողմը պետք է հատուցի սույն Համաձայնագրի իրականացման հետ կապված գործողությունների իրականացման ընթացքում Օգնության խմբերի անդամների առողջությանը հասցված վնասի կամ նրանց մահվան հետ կապված բոլոր ծախսերը: Շահագրգիռ Կողմերը կհամաձայնեն փոխհատուցման գումարի վերաբերյալ:
2. Եթե Օգնության խմբի անդամը Խնդրող կողմի պետության տարածքում սույն Համաձայնագրի իրականացման հետ կապված առաքելության ժամանակ վնաս է պատճառում իրավաբանական կամ ֆիզիկական անձի, այդ վնասը պետք է փոխհատուցվի Խնդրող կողմի կողմից՝ համաձայն իր քաղաքացիների կողմից օգնություն ցուցաբերելիս վնաս պատճառելու դեպքում կիրառվող իրավական կարգավորումների:
3. Օգնության խմբի անդամի ղեկավարությամբ դիտավորությամբ կամ կոպիտ անփութությամբ հասցված վնասը պետք է հատուցի Օժանդակող կողմը, եթե վնասի փաստը ապացուցվել է Խնդրող կողմի դատական ատյանի կողմից:
Հ ո դ վ ա ծ 15
Անձնական տվյալների հաղորդում
Սույն Համաձայնագրի շրջանակներում անձնական տվյալների հաղորդումը այլ Կողմերին պետք է
իրականացվի սույն Համաձայնագրի անբաժանելի մաս հանդիսացող Հավելված 1-ին համապատասխան:
Հ ո դ վ ա ծ 16
Համագործակցություն միջազգային և ազգային կազմակերպությունների /հաստատությունների/ հետ
Մասնակից Կողմերը, փոխադարձ պայմանավորվածության հիման վրա, կարող են հրավիրել շահագրգիռ միջազգային և ազգային կազմակերպություններին /հաստատություններին/՝ մասնակցելու սույն Համաձայնագրի կիրառման հետ կապված միջոցառումներին:
Հ ո դ վ ա ծ 17
Ստորագրում
Սույն Համաձայնագիրը բաց է ստորագրման համար ՍԾՏՀ յուրաքանչյուր պետության կողմից:
Հ ո դ վ ա ծ 18
Վավերացում, ընդունում, հաստատում, հավանության արժանացում կամ միացում
1. Սույն Համաձայնագիրը ենթակա է վավերացման, ընդունման, հաստատման, հավանության արժանացման կամ միացման:
Վավերացման, ընդունման, հաստատման, հավանության արժանացման կամ միացման փաստաթղթերը հանձնվում են սույն Համաձայնագրի Ավանդապահին:
2. Սույն Համաձայնագրի ավանդապահը Ռուսաստանի Դաշնության կառավարությունն է, որը պետք է Կողմերին ուղարկի վերոհիշյալ փաստաթղթերի հաստատված պատճենները:
Հ ո դ վ ա ծ 19
Համաձայնագրի ուժի մեջ մտնելը և դրա գործողության ժամկետը
1. Սույն Համաձայնագիրը ուժի մեջ է մտնում առնվազն վեց պետությունների վավերացման, ընդունման, հաստատման, հավանության արժանացման կամ միացման փաստաթղթերը Ավանդապահին հանձնելուց հետո և կնքվում է անորոշ ժամկետով:
2. Յուրաքանչյուր պետության համար, որը վավերացնում, ընդունում, հաստատում, հավանության է արժանացնում սույն Համաձայնագիրը կամ միանում է դրան՝ վավերացման, հաստատման, ընդունման, հավանության արժանացման կամ միացման 6-րդ փաստաթուղթը ավանդապահին հանձնելուց հետո, սույն Համաձայնագիրը ուժի մեջ է մտնում այդ պետության վավերացման, ընդունման, հաստատման, հավանության արժանացնելու կամ միացման փաստաթուղթը Ավանդապահին հանձնելու օրը:
Հ ո դ վ ա ծ 20
Համաձայնագրից դուրս գալը
1. Յուրաքանչյուր Կողմ կարող է դուրս գալ սույն Համաձայնագրից՝ Ավանդապահին ներկայացնելով այդ փաստի մասին մյուս Կողմերին տեղեկացնող գրավոր ծանուցագիր:
2. Համաձայնագրից դուրս գալը իրականացվում է Ավանդապահի կողմից այդպիսի ծանուցում ստանալու ամսաթվից հետո՝ 90-րդ օրը:
3. Յուրաքանչյուր կողմ, որը ցանկանում է սույն Համաձայնագրից դուրս գալ ավելի շուտ, պետք է համապատասխանաբար գրավոր ծանուցի Ավանդապահին: Ծանուցումը պետք է կատարվի ոչ ուշ քան դուրս գալու համար դիմումի ներկայացնելուց հետո 30 օրում:
Հ ո դ վ ա ծ 21
Սույն Համաձայնագրում կատարվող լրացումներ
1. Յուրաքանչյուր Կողմ կարող է առաջարկել սույն Համաձայնագրում լրացումներ կատարել:
2. Լրացումներ կատարելու վերաբերյալ առաջարկը գրավոր պետք է ներկայացվի սույն Համաձայնագրի 7-րդ Հոդվածում նշված Աշխատանքային խմբին /կոմիտեին/, որն այնուհետև այդ մասին կտեղեկացնի բոլոր Կողմերին: Այդ ուղղությամբ ձեռնարկվելիք հետագա գործունեության տեսակը նշում է Աշխատանքային խումբը՝ Կողմերի կողմից որոշված իր մանդատին համապատասխան:
Հ ո դ վ ա ծ 22
Փոխհարաբերություն այլ միջազգային համաձայնագրերի հետ
Սույն Համաձայնագիրը չի շոշափի այլ միջազգային համաձայնագրերով Կողմերի ձեռք բերված իրավունքներն ու ստանձնած պարտականությունները:
Հ ո դ վ ա ծ 23
Վեճերի կարգավորում
Սույն Համաձայնագրի մեկնաբանման կամ կիրառման վերաբերյալ երկու կամ ավելի Կողմերի միջև անհամաձայնության առաջացման դեպքում, Կողմերը կլուծեն այն բանակցությունների միջոցով և, եթե անհրաժեշտ լինի՝ դիվանագիտական ուղիներով:
Հ ո դ վ ա ծ 24
Համաձայնագրի լեզուն
Սույն Համաձայնագրի բնօրինակը կատարված է անգլերեն լեզվով:
Ստորագրված է Սոչի քաղաքում, 1998թ. ապրիլի 15-ին:
Ի հաստատումն վերոհիշյալի, լինելով պատշաճորեն լիազորված, ստորև թվարկվածները ստորագրեցին սույն Համաձայնագիրը:
Հ ա վ ե լ վ ա ծ 1
Ա ն ձ ն ա կ ա ն տ վ յ ա լ ն ե ր ի փ ո խ ա ն ա կ ո ւ մ
Սույն Համաձայնագրի շրջանակներում և Կողմերի պետությունների օրենսդրության սահմաններում անձնական տվյալների փոխանակման կանոնները հետևյալն են.
1. Ստացող կողմի կողմից տվյալների օգտագործումը թույլատրվում է Հաղորդող կողմի կողմից սահմանած նպատակների համար և պայմաններով:
2. Ստացող կողմը, Հաղորդող կողմից հարցում ստանալու դեպքում, վերջինիս պետք է տեղեկացնի անձնական տվյալների օգտագործման և դրանցով ձեռք բերված արդյունքների մասին:
3. Անձնական տվյալները հաղորդվում են միայն իրավասու մարմիններին: Անձնական տվյալների հետագա փոխանակումը հնարավոր է միայն Հաղորդող կողմի թույլտվությամբ:
4. Հաղորդող կողմը պարտավոր է տրամադրել հաղորդման նպատակներին համապատասխանող հավաստի տվյալներ՝ հաշվի առնելով համապատասխան ազգային կանոնները: Ստացող կողմը, սխալ կամ չթույլատրված տվյալներ ստանալու դեպքում ուղղում է սխալները կամ տվյալներն ամբողջությամբ ոչնչացնում է:
5. Ցանկացած անձ, որին վնաս է հասցվել իրեն վերաբերող անձնական տվյալների օգտագործմամբ, իրավունք ունի դիմել տվյալների օգտագործման վկայագիր ստանալու համար՝ այդ տվյալների օգտագործման նպատակները ներկայացնելուց հետո: Եթե հասարակական շահերը գերազանցում են տուժած անձի շահերը, վերջինս կորցնում է վերը նշված իրավունքը: Ցանկացած այլ դեպքերում այդ անձն իրավունք ունի ստանալ սերտիֆիկատ՝ այն պետության ազգային օրենսդրության համաձայն, որի տարածքում եղել է պահանջը:
6. Եթե սույն Համաձայնագրի շրջանակներում տվյալներ հաղորդելը որևէ մեկին ֆիզիկական կամ բարոյական վնաս է պատճառում, ապա դրա համար պատասխանատվություն է կրում Ընդունող կողմը՝ իր ազգային օրենսդրությանը համապատասխան: Վնասված կամ տուժած անձի /անձերի/ հետ գործ ունենալիս, Ընդունող կողմը չի կարող ազատվել պատասխանատվությունից և այն դնել Հաղորդող կողմի վրա:
7. Անձնական տվյալների գործողության ժամկետները պետք է ծանուցվեն Հաղորդող կողմի կողմից՝ իր ազգային օրենսդրության համաձայն:
8. Կողմերը պարտավոր են գրանցել ելքի և մուտքի անձնական տվյալները որպես պաշտոնական փաստաթղթեր:
9. Կողմերը պարտավոր են պաշտպանել անձնական տվյալները՝ իրենց ազգային դասակարգումով չթույլատրված օգտագործման հնարավորությունից, փոփոխություններից և հրապարակումներից խուսափելու համար:
* Համաձայնագիրը Հայաստանի Հանրապետության համար ուժի մեջ է մտել 2003 թվականի մարտի 11-ից: