Գլխավոր տեղեկություն
Номер
ՍԴՈ-886
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (25.05.2010-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2010.06.09/25(759) Հոդ.608
Принят
ՀՀ Սահմանադրական դատարան
Дата принятия
25.05.2010
Подписан
Նախագահող
Дата подписания
25.05.2010
Дата вступления в силу
25.05.2010

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը

 

Քաղ. Երևան

 25 մայիսի 2010 թ.

 

2008 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 10-ԻՆ ԲԻՇԿԵԿՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ` ԱՆԿԱԽ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍՆԱԿԻՑ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ` ՊԵՏԱԿԱՆ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ԵՆԹԱԿԱ ԱՆՁԱՆՑ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՈՒՂՂՈՒԹՅԱՄԲ ՓՈԽՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ (ԿԻՑ ԱՌԱՐԿՈՒԹՅԱՄԲ) ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

 

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը՝ կազմով. Գ. Հարությունյանի (նախագահող), Կ. Բալայանի (զեկուցող), Հ. Դանիելյանի, Ֆ. Թոխյանի, Մ. Թոփուզյանի, Վ. Հովհաննիսյանի, Հ. Նազարյանի, Ռ. Պապայանի,

համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100-րդ հոդվածի 2-րդ կետի, 101-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 25, 38 և 72-րդ հոդվածների,

դռնբաց նիստում գրավոր ընթացակարգով քննեց «2008 թվականի հոկտեմբերի 10-ին Բիշկեկում ստորագրված` Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների` պետական պահպանության ենթակա անձանց անվտանգության ապահովման ուղղությամբ փոխհամագործակցության մասին համաձայնագրում (կից առարկությամբ) ամրագրված պարտավորությունների` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:

Գործի քննության առիթ է հանդիսացել Հանրապետության Նախագահի` 07.05.2010թ. ՀՀ սահմանադրական դատարան մուտքագրված դիմումը:

Ուսումնասիրելով սույն գործով զեկուցողի գրավոր հաղորդումը, Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցիչ` ՀՀ պետական պահպանության ծառայության պետ Հ. Հարությունյանի բացատրությունը, հետազոտելով համաձայնագիրը և գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը պարզեց.

1. Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների` պետական պահպանության ենթակա անձանց անվտանգության ապահովման ուղղությամբ փոխհամագործակցության մասին համաձայնագիրը (կից առարկությամբ) /այսուհետ` համաձայնագիր/ Հայաստանի Հանրապետության կողմից ստորագրվել է 2008 թվականի հոկտեմբերի 10-ին` Բիշկեկում:

Համաձայնագիրն ստորագրել են Հայաստանի Հանրապետությունը (առարկությամբ), Ադրբեջանի Հանրապետությունը (վերապահումով), Բելառուսի Հանրապետությունը, Ղազախստանի Հանրապետությունը, Ղրղզստանի Հանրապետությունը, Մոլդովայի Հանրապետությունը (վերապահումով), Ռուսաստանի Դաշնությունը, Տաջիկստանի Հանրապետությունը, Ուզբեկստանի Հանրապետությունը:

2. Նշված համաձայնագրի նպատակն է նպաստել պետական պահպանության օբյեկտների անվտանգության ապահովման և պահպանվող օբյեկտների պաշտպանության ոլորտում համագործակցության հետագա զարգացմանը և խորացմանը:

Սույն համաձայնագրով Հայաստանի Հանրապետությունը պարտավորվում է, մասնավորապես`

իրականացնել փոխհամագործակցություն և համակարգել գործունեությունը պետական պահպանության ենթակա օբյեկտների անվտանգության ապահովման և պահպանվող օբյեկտների պաշտպանության (հոդված 2, ա) կետ), տեղեկատվության փոխանակման, տեղեկատվական համակարգերի, օպերատիվ հաշվառումների ու արխիվների հավաքման և օգտագործման (հոդված 2, բ) կետ), պահպանության գործունեությունում նյութերի, տեխնիկական և տրանսպորտային միջոցների, հանդերձանքի, զենքի, զինամթերքի, հատուկ միջոցների, սարքավորումների և կապի միջոցների օգտագործման (հոդված 2, գ) կետ), կադրերի մասնագիտական ուսուցման և վերապատրաստման (հոդված 2, ե) կետ), նորմատիվային իրավական հենքի մշակման ուղղություններով (հոդված 2, զ) կետ),

պետական պահպանության օբյեկտների անվտանգության ապահովման և պահպանվող օբյեկտների պաշտպանության ոլորտում` ապահովել պետական պահպանության օբյեկտների անվտանգությունը և պաշտպանությունը` պետական պահպանության օբյեկտների գտնվելու վայրում` պահպանական միջոցառումների անցկացման ժամանակ (հոդված 3, ա) կետ), պետական պահպանության օբյեկտների ու պահպանվող օբյեկտների նկատմամբ հակաիրավական ոտնձգությունների կանխարգելման, բացահայտման և կանխման ժամանակ (հոդված 3, բ) կետ), այդ օբյեկտների կենսական կարևորություն ունեցող շահերի համար սպառնալիքի մասին տեղեկություններ ստանալու ժամանակ (հոդված 3, գ) կետ), ի շահ պետական պահպանության օբյեկտների անվտանգության ապահովման` օպերատիվ հետախուզական միջոցառումների անցկացման ժամանակ (հոդված 3, դ) կետ),

ՀՀ-ի տարածքում գտնվելու ժամանակ ապահովել պետական պահպանության ենթակա անձանց անվտանգությունը` ՀՀ օրենսդրությանը համապատասխան (հոդված 3, 2-րդ պարբերություն),

ՀՀ-ում ստեղծել տեղեկատվական համակարգ պետական պահպանության օբյեկտների անվտանգության ապահովման նպատակով հետաքրքրություն ներկայացնող հարցերի վերաբերյալ (հոդված 4, 1-2 պարբերություն) և այդ տեղեկատվությունը տրամադրել երրորդ կողմի միայն տեղեկատվություն տրամադրած պետության լիազորված պետական մարմնի գրավոր համաձայնությամբ և նրա կողմից սահմանված ծավալով (հոդված 4, 4-րդ պարբերություն),

ապահովել համատեղ պահպանության միջոցառումների մասնակիցների համար բոլոր քաղաքացիական իրավունքներն ու ազատությունները` միջազգային իրավունքի հանրաճանաչ սկզբունքներին և նորմերին համապատասխան, ստեղծել անհրաժեշտ պայմաններ ծառայողական պարտականությունների կատարման համար (հոդված 7, 1-ին պարբերություն),

փոխգործակցել ազգային օրենսդրությունների ներդաշնակեցման, համագործակցության նորմատիվային իրավական բազայի կատարելագործման հարցերի շուրջ` Կողմերի լիազորված պետական մարմինների արդյունավետ գործունեության ապահովման նպատակով և հօգուտ պետական պահպանության օբյեկտների անվտանգության ապահովման ու պահպանվող օբյեկտների պաշտպանության (հոդված 9, 1-ին պարբերություն),

ազգային օրենսդրությանը համապատասխան, լիազորված պետական մարմինների միջոցով փոխանակել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող նորմատիվային իրավական ակտեր (հոդված 9, 2-րդ պարբերություն),

անհրաժեշտության դեպքում ստեղծել համակարգման համատեղ շտաբներ, խորհուրդներ կամ աշխատանքային խմբեր, փոխանակել ներկայացուցիչներ և մշակել համատեղ միջոցառումների ծրագիր (հոդված 10),

համաձայնագրի կիրառման և մեկնաբանման հետ կապված վեճերը լուծել շահագրգիռ Կողմերի խորհրդակցությունների ու բանակցությունների կամ Կողմերի միջև համաձայնեցված այլ ընթացակարգերի միջոցով (հոդված 12):

3. Ադրբեջանի Հանրապետությունը վերապահում է կատարել համաձայնագրի 10-րդ հոդվածի վերաբերյալ: «Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների` պետական պահպանության ենթակա անձանց անվտանգության ապահովման ուղղությամբ փոխհամագործակցության մասին» համաձայնագրում շարադրված դրույթներից ոչ մեկը Ադրբեջանի Հանրապետությունը չի կիրառելու Հայաստանի Հանրապետության նկատմամբ:

Հայաստանի Հանրապետությունը չի ընդունում Ադրբեջանի Հանրապետության վերապահումը, և նա նույնպես չի կիրառելու սույն համաձայնագրի դրույթները Ադրբեջանի Հանրապետության նկատմամբ:

Մոլդովայի Հանրապետությունը վերապահում է արել համաձայնագրի այն մասի նկատմամբ, որն առնչվում է օրենսդրության ներդաշնակեցմանը, համատեղ օպերատիվ հետախուզական միջոցառումների իրականացմանը, Մոլդովայի Հանրապետության տարածքում համակարգման համատեղ մշտական շտաբների, խորհուրդների կամ աշխատանքային խմբերի ստեղծմանը և 16-րդ հոդվածի ֆինանսական պարտավորություններին առնչվող մասի նկատմամբ:

Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100-րդ հոդվածի 2-րդ կետով, 102-րդ հոդվածի առաջին և չորրորդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 63 և 64-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը որոշեց.

 

1. 2008 թվականի հոկտեմբերի 10-ին Բիշկեկում ստորագրված` Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների` պետական պահպանության ենթակա անձանց անվտանգության ապահովման ուղղությամբ փոխհամագործակցության մասին համաձայնագրում (կից առարկությամբ) ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:

2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102-րդ հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

 

Նախագահող

Գ. Հարությունյան


25 մայիսի 2010 թ.
 ՍԴՈ-886

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան