Գլխավոր տեղեկություն
Номер
ՍԴՈ-885
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (25.05.2010-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2010.06.09/25(759) Հոդ.607
Принят
ՀՀ Սահմանադրական դատարան
Дата принятия
25.05.2010
Подписан
Նախագահող
Дата подписания
25.05.2010
Дата вступления в силу
25.05.2010

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը

 

Քաղ. Երևան

 25 մայիսի 2010 թ.

 

2010 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 5-ԻՆ ԵՐԵՎԱՆՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՎԵՐԱԿԱՌՈՒՑՄԱՆ ԵՎ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԲԱՆԿԻ ՄԻՋԵՎ ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ (ԵՐԿՐՈՐԴ ԼՐԱՑՈՒՑԻՉ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՈՒՄ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐԻ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ 3-ՐԴ ԾՐԱԳՐԻ ՀԱՄԱՐ) ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

 

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը՝ կազմով. Գ. Հարությունյանի (նախագահող), Կ. Բալայանի, Հ. Դանիելյանի, Ֆ. Թոխյանի, Մ. Թոփուզյանի, Վ. Հովհաննիսյանի, Հ. Նազարյանի, Ռ. Պապայանի (զեկուցող),

համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100-րդ հոդվածի 2-րդ կետի, 101-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 25, 38 և 72-րդ հոդվածների,

դռնբաց նիստում գրավոր ընթացակարգով քննեց «2010 թվականի մարտի 5-ին Երևանում ստորագրված` Հայաստանի Հանրապետության և Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի միջև վարկային համաձայնագրում (Երկրորդ լրացուցիչ ֆինանսավորում Սոցիալական ներդրումների հիմնադրամի 3-րդ ծրագրի համար) ամրագրված պարտավորությունների՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:

Գործի քննության առիթը Հանրապետության Նախագահի՝ 05.05.2010թ. ՀՀ սահմանադրական դատարան մուտքագրված դիմումն է:

Ուսումնասիրելով սույն գործով զեկուցողի գրավոր հաղորդումը, Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցիչ` ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Վ. Արամյանի գրավոր բացատրությունը, հետազոտելով համաձայնագիրը և գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը պարզեց.

1. Համաձայնագիրն ստորագրվել է 2010թ. մարտի 5-ին Երևանում` Սկզբնական ծրագրին լրացուցիչ ֆինանսավորում տրամադրելու նպատակով:

2. Ծրագրի նպատակն է համայնքային ենթակառուցվածքների և ծառայությունների որակի բարելավման, համայնքային ու քաղաքային մակարդակում լրացուցիչ ինստիտուցիոնալ կարողությունների խթանման միջոցով օժանդակել անապահովների և խոցելի խմբերի կենսամակարդակի բարձրացմանն ուղղված քաղաքականությանը:

3. Համաձայնագիրը բաղկացած է վեց հոդվածից, երեք առդիրից և հավելվածից:

4. Համաձայնագրում ամրագրված կամ նշված պայմաններով Վերակառուցման և զարգացման միջազգային բանկը Հայաստանի Հանրապետությանը տրամադրում է յոթ միլիոն ԱՄՆ դոլար գումարի չափով վարկ, որը կարող է ժամանակ առ ժամանակ փոխարկվել արժույթի փոխարկման միջոցով վերը նշյալ Ծրագրի ֆինանսավորմանն օժանդակելու համար:

5. Համաձայնագրով Հայաստանի Հանրապետությունն ստանձնում է, մասնավորապես, հետևյալ պարտավորությունները.

վճարել սկզբնական վճար վարկի գումարի մեկ տոկոսի մեկ քառորդի (0.25%) չափով,

սկսած 2020 թվականի ապրիլի 15-ից մինչև 2034 թվականի ապրիլի 15-ը կիսամյակային մուծումներով մարել վարկի մայր գումարը,

ՀՍՆՀ կանոնադրությունում կամ ենթաօրենսդրական ակտերում բոլոր էական փոփոխությունները, գործադիր տնօրենի և վարչության պետի պաշտոններում նշանակումները, ինչպես նաև աշխատանքային պայմանների փոփոխությունները համաձայնեցնել Բանկի հետ,

ապահովել, որպեսզի Ծրագրի շրջանակներում կատարվող գնումներն իրականացվեն համաձայն 1999 թվականի դեկտեմբերի 22-ի թիվ 765 որոշման` առավելագույնը հարյուր հիսուն հազար ԱՄՆ դոլար արժողությամբ գործարքների,

ծրագրի իրականացումը խթանելու նպատակով ստացողի կողմից լրացուցիչ համաձայնագրում փոփոխություններ կատարելու դեպքում ՀՀ իրավունքներն իրականացնել այնպես, որ պաշտպանվեն ՀՀ և Բանկի շահերը, իրագործվեն ֆինանսավորման նպատակները,

ապահովել, որպեսզի Ծրագրի համար պահանջվող և վարկի միջոցներից ֆինանսավորվելիք բոլոր ապրանքներն ու աշխատանքները, ինչպես նաև բոլոր խորհրդատվական ծառայությունները գնվեն Գնումների ուղեցույցի և Առդիրի դրույթներին համահունչ:

Համաձայնագրով սահմանված են նաև դրա գործողության մեջ դնելու և դադարեցման ընթացակարգերը:

Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100-րդ հոդվածի 2-րդ կետով, 102-րդ հոդվածի առաջին և չորրորդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 63 և 64-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը որոշեց.

 

1. 2010 թվականի մարտի 5-ին Երևանում ստորագրված` Հայաստանի Հանրապետության և Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի միջև վարկային համաձայնագրում (Երկրորդ լրացուցիչ ֆինանսավորում Սոցիալական ներդրումների հիմնադրամի 3-րդ ծրագրի համար) ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:

2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

 

Նախագահող

Գ. Հարությունյան


25 մայիսի 2010 թ.
 ՍԴՈ-885

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան