Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (22.04.2010-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2010.06.01/22(756).1 Հոդ.578.6
Принят
Վճռաբեկ դատարան
Дата принятия
22.04.2010
Подписан
Նախագահող
Дата подписания
22.04.2010
Дата вступления в силу
22.04.2010

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

ՀՀ վերաքննիչ դատարանի որոշում 

Քաղաքացիական գործ թիվ ԵՇԴ/1345/02/08

Քաղաքացիական գործ թիվ ԵՇԴ/1345/02/08

2010թ.

Նախագահող դատավոր՝ Տ. Նազարյան

Դատավորներ՝ Կ. Հակոբյան

               Տ. Սահակյան

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան)

նախագահությամբ

Ս. Սարգսյանի

մասնակցությամբ դատավորներ

Ս. Անտոնյանի

 

Վ. Աբելյանի

Վ. Ավանեսյանի

Ա. Բարսեղյանի

Մ. ԴՐՄԵՅԱՆԻ

Ե. Խունդկարյանի

Է. հայրիյանի

Տ. Պետրոսյանի

Ե. Սողոմոնյանի

 

2010 թվականի ապրիլի 22-ին

դռնբաց դատական նիստում, քննելով Երևանի քաղաքապետարանի «Երևանի էլեկտրատրանսպորտ» ՓԲԸ-ի (այսուհետ` Ընկերություն) վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 15.10.2009 թվականի որոշման դեմ՝ ըստ հայցի Հայկ Նարիմանյանի ընդդեմ Ընկերության` պատճառված վնասի հատուցման պահանջի մասին,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով դատարան` Հայկ Նարիմանյանը պահանջել է բռնագանձել Ընկերությունից 1.045.300 ՀՀ դրամ` որպես պատճառված վնասի հատուցում։

Երևանի Շենգավիթ համայնքի ընդհանուր իրավասության դատարանի (այսուհետ` Դատարան) 23.06.2009 թվականի վճռով հայցը մերժվել է։

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 15.10.2009 թվականի որոշմամբ Դատարանի 23.06.2009 թվականի վճիռը բեկանվել է և գործն ուղարկվել նոր քննության։

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Ընկերությունը։

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել։

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածը, չի կիրառել ՀՀ կառավարության 28.07.2007 թվականի «ՀՀ ճանապարհային երթևեկության կանոնները հաստատելու մասին» թիվ 955-Ն որոշման (այսուհետ` ՃԵԿ) 65-րդ և 66-րդ կետերը, որոնք պետք է կիրառեր։

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանում է հետևյալ փաստարկներով.

Դատարանը, գործում առկա ապացույցների բազմակողմանի և օբյեկտիվ հետազոտության արդյունքում արդարացիորեն գտել է, որ «ԳԱԶ 52» մակնիշի ավտոմեքենայի վարորդի մեղքի և տեղի ունեցած վթարի միջև պատճառահետևանքային կապ չկա։ Մինչդեռ, Վերաքննիչ դատարանը հիմնվել է ենթադրությունների վրա և գտել, որ եթե «ԳԱԶ 52» մակնիշի ավտոմեքենան կայանած չլիներ երթևեկությանը հակառակ ուղղությամբ, ապա վթարը տեղի չէր ունենա, իսկ անվտանգության համապատասխան նշանները վերջինիս կողմից տեղադրված լինելու դեպքում հնարավոր է` «ԳԱԶ 3110» մակնիշի ավտոմեքենայի առջևից 6-7 մ հեռավորության վրա ընթացող «Բոգդան» մակնիշի ավտոբուսը, դրանք նկատելով, ավելի վաղ մանևրեր ձախ` հնարավորություն ընձեռելով «ԳԱԶ 3110» մակնիշի ավտոմեքենայի վարորդին նկատել տեղադրված նշանները և կանխել վթարը։ Սակայն, Վերաքննիչ դատարանն անտեսել է այն հանգամանքը, որ փորձագետի տված բացատրությամբ չի պարզվել, թե վթարին նախորդող պահին ինչ պետք է աներ «ԳԱԶ 52» մակնիշի ավտոմեքենայի վարորդը, որպեսզի բացառվեր «ԳԱԶ 3110» մակնիշի ավտոմեքենայի բախումը «ԳԱԶ 52» մակնիշի ավտոմեքենային։

Բացի այդ, «ԳԱԶ 3110» մակնիշի ավտոմեքենայի վարորդը չի պահպանել Կանոնների 65-րդ և 66-րդ հոդվածների պահանջները, այն է` գերազանցել է սահմանված արագությունը` հաշվի չառնելով երթևեկության ինտենսիվությունը, ճանապարհային պայմանները, տեսանելիությունը երթևեկության ուղղությամբ, չի ընտրել այնպիսի արագություն, որը հնարավորություն է տալիս ապահովելու տրանսպորտային միջոցի լիարժեք կառավարումը։

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 15.10.2009 թվականի որոշումը և օրինական ուժ տալ Դատարանի 23.06.2009 թվականի վճռին։

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը

Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեն հետևյալ փաստերը՝

1. 23.07.2008 թվականի դատաավտոտեխնիկական փորձաքննության եզրակացության համաձայն` 07.07.2008 թվականին Երևանի Մյասնիկյան և Ռուբինյանց փողոցների խաչմերուկում Նորայր Հակոբյանը տրոլեյբուսին սնուցող հոսանքալարը վերանորոգելու նպատակով Ընկերությանը պատկանող «ԳԱԶ 52» մակնիշի 689 ՏԼ 68 պ/հ ավտոմեքենան կանգնեցրել է Երևանի Մյասնիկյան և Ռուբինյանց փողոցների խաչմերուկում` ճանապարհի կենտրոնական մասում, երթևեկությանը հակառակ ուղղությամբ, չի միացրել ավտոմեքենայի վթարային ազդանշանը, այդ վայրում տեղակայված մեքենան չի նշել համապատասխան ճանապարհային նշաններով, ուղղորդող կամ ցանկապատող սարքավորումներով, ինչի արդունքում թույլ է տրվել «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքի 21-րդ հոդվածի 2-րդ մասի խախտում (հատոր 1-ին, գ.թ. 19-24)։

2. 07.07.2008 թվականին` ժամը 10։00-ի սահմաններում Երևանի Մյասնիկյան և Ռուբինյանց փողոցների խաչմերուկում Ռուբեն Սարգսյանի կողմից վարած Հայկ Նարիմանյանին պատկանող «ԳԱԶ 3110» մակնիշի ավտոմեքենան ընդհարվել է Ընկերությանը պատկանող «ԳԱԶ 52» մակնիշի ավտոմեքենային (հատոր 1-ին, գ.թ. 19)։

3. 23.07.2008 թվականի դատաավտոտեխնիկական փորձաքննության եզրակացության համաձայն` վթարին նախորդող պահին «ԳԱԶ 3110» մակնիշի ավտոմեքենայի առջևից 6-7 մետր հեռավորության վրա նույն ուղղությամբ ընթացել է «Բոգդան» մակնիշի ավտոբուս, որի վարորդը, առանց թարթիչը միացնելու, կտրուկ ձախ է մանևրել, որից հետո «ԳԱԶ 3110» մակնիշի ավտոմեքենայի վարորդը մոտ 20-25 մետր հեռավորության վրա միայն նկատել է երթևեկությանը հակառակ կանգնած «ԳԱԶ 52» մակնիշի ավտոմեքենային, ինչի հետևանքով «ԳԱԶ 3110» մակնիշի ավտոմեքենայի վարորդը տվյալ ընդհարումը կանխելու տեխնիկական հնարավորություն չի ունեցել (հատոր 1-ին, գ.թ. 20)։

4) 18.07.2008 թվականի ապրանքագիտական փորձաքննության եզրակացության համաձայն` «ԳԱԶ 3110» մակնիշի ավտոմեքենայի սեփականատիրոջը հասցվել է 1.045.300 ՀՀ դրամի նյութական վնաս (հատոր 1-ին, գ.թ. 24)։

5) 09.07.2008 թվականի «Ճանապարհատրանսպորտային դեպքի վայրի զննության մասին» արձանագրության 25-րդ կետի «ա» և «բ» կետերի համաձայն` դեպքի վայրում անվադողի և արգելակման հետքեր չեն հայտնաբերվել (հատոր 1-ին, գ.թ. 15)։

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը

Քննելով վճռաբեկ բողոքը նշված հիմքի սահմաններում` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այն հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ.

«Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքի 21-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` ճանապարհի վրա աշխատանք կատարելու համար պատասխանատու պաշտոնատար անձը պարտավոր է այդ աշխատանքը կազմակերպել` ապահովելով ճանապարհային երթևեկության անվտանգությունը։ Ճանապարհի վրա աշխատանքի կատարման վայրը, ինչպես նաև այդ վայրում տեղակայված ճանապարհային մեքենաները, շինարարական նյութերը, կառուցվածքները և աշխատանքի կատարման համար անհրաժեշտ այլ առարկաները նշվում են համապատասխան ճանապարհային նշաններով, ուղղորդ կամ ցանկապատող սարքավորումներով, իսկ օրվա մութ ժամանակ և անբավարար տեսանելիության պայմաններում՝ նաև կարմիր կամ դեղին ազդանշանային լույսերով։

ՃԵԿ-ի 65-րդ կետի համաձայն` վարորդը տրանսպորտային միջոցը պետք է վարի սահմանված արագությունը չգերազանցող արագությամբ` հաշվի առնելով երթևեկության ինտենսիվությունն ու տրանսպորտային միջոցի և բեռի վիճակն ու առանձնահատկությունները, ճանապարհային և օդերևութաբանական պայմանները, մասնավորապես, ճանապարհային ծածկույթի վիճակն ու տեսանելիությունը երթևեկության ուղղությամբ։

ՃԵԿ-ի 66-րդ կետի համաձայն` վարորդը պետք է ընտրի այնպիսի արագություն, որը հնարավորություն է տալիս նրան կանոնների պահանջներին համապատասխան ապահովելու տրանսպորտային միջոցի լիարժեք կառավարումը։

ՃԵԿ-ի 67-րդ կետի համաձայն` երթևեկության համար խոչընդոտ կամ վտանգ առաջանալու դեպքում, որը վարորդն ի վիճակի էր հայտնաբերել, նա պետք է միջոցներ ձեռնարկի արագությունն իջեցնելու` ընդհուպ մինչև տրանսպորտային միջոցը կանգնեցնելը։

Վերոնշյալ դրույթներից հետևում է, որ վարորդը պետք է տրանսպորտային միջոցը վարի այնպիսի արագությամբ, որը նրան հնարավորություն կտա երթևեկության համար խոչընդոտ կամ վտանգ առաջանալու դեպքում ժամանակին իջեցնել արագությունը, իսկ անհրաժեշտության դեպքում նաև արգելակել` խուսափելով հնարավոր վթարային իրավիճակներից։

Սույն գործի փաստերի համաձայն` 07.07.2008 թվականին` ժամը 10։00-ի սահմաններում, Երևանի Մյասնիկյան և Ռուբինյանց փողոցների խաչմերուկում Նորայր Հակոբյանը տրոլեյբուսին սնուցող հոսանքալարը վերանորոգելու նպատակով Ընկերությանը պատկանող «ԳԱԶ 52» մակնիշի 689 ՏԼ 68 պ/հ ավտոմեքենան կանգնեցրել է Երևանի Մյասնիկյան և Ռուբինյանց փողոցների խաչմերուկում` ճանապարհի կենտրոնական մասում, երթևեկությանը հակառակ ուղղությամբ։ Նույն պահին Ռուբեն Սարգսյանի կողմից վարած Հայկ Նարիմանյանին պատկանող «ԳԱԶ 3110» մակնիշի ավտոմեքենան ընդհարվել է Ընկերությանը պատկանող «ԳԱԶ 52» մակնիշի ավտոմեքենային։ Վթարին նախորդող պահին «ԳԱԶ 3110» մակնիշի ավտոմեքենայի առջևից 6-7 մետր հեռավորության վրա նույն ուղղությամբ ընթացել է «Բոգդան» մակնիշի ավտոբուս, որի վարորդը, առանց թարթիչը միացնելու, կտրուկ ձախ է մանևրել, որից հետո «ԳԱԶ 3110» մակնիշի ավտոմեքենայի վարորդը մոտ 20-25 մետր հեռավորության վրա միայն նկատել է երթևեկությանը հակառակ կանգնած «ԳԱԶ 52» մակնիշի ավտոմեքենային, ինչի հետևանքով «ԳԱԶ 3110» մակնիշի ավտոմեքենայի վարորդը տվյալ ընդհարումը կանխելու տեխնիկական հնարավորություն չի ունեցել։

Դատարանը արձանագրելով «ԳԱԶ 52» մակնիշի ավտոմեքենայի վարորդի կողմից «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքի 21-րդ հոդվածի 2-րդ մասի խախտման փաստը, այդուհանդերձ նշել է, որ վնասն Ընկերության մեղքով չի պատճառվել, «ԳԱԶ 52» մակնիշի ավտոմեքենայի վարորդի կամ ճանապարհի այդ հատվածում աշխատանք կատարելու համար պատասխանատու պաշտոնատար անձի գործողության (անգործության) և տեղի ունեցած պատահարի միջև պատճառահետևանքային կապ չկա, քանի որ անգամ «ԳԱԶ 52» մակնիշի ավտոմեքենայի վարորդի կողմից հիշյալ օրենքի պահանջները պահպանելու դեպքում էլ, միևնույն է, վթարն անխուսափելի էր։ «ԳԱԶ 3110» ավտոմեքենայի վարորդը տեխնիկական տեսակետից չի ունեցել ժամանակին կատարված արգելակումով մեքենան կանգնեցնելու տեխնիկական հնարավորություն։

Վերաքննիչ դատարանը, բեկանել է Դատարանի վճիռը և գործն ուղարկել է նոր քննության` պատճառաբանելով, որ եթե «ԳԱԶ 52» մակնիշի ավտոմեքենան կանգնեցված չլիներ երթևեկությանը հակառակ ուղղությամբ, վթարը տեղի չէր ունենա։ Բացի այդ, գործը նոր քննության ուղարկելը պայմանավորել է վթարի պահին «ԳԱԶ 3110» մակնիշի ավտոմեքենայի արագությունը պարզելու անհրաժեշտությամբ, ինչը պարզելուց է կախված Ընկերության կողմից հատուցման ենթակա գումարի չափը։

Մինչդեռ, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանը անտեսել է այն փաստը, որ թեև «ԳԱԶ 52» մակնիշի ավտոմեքենայի վարորդի կողմից խախտվել է «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքի 21-րդ հոդվածի 2-րդ մասը, ինչը վարչական պատասխանատվության ենթարկելու հիմք է, սակայն նշված խախտման և տեղի ունեցած պատահարի միջև պատճառահետևանքային կապը սույն գործով չի հիմնավորվել։

Մասնավորապես, «ԳԱԶ 52» մակնիշի ավտոմեքենայի վարորդի կողմից կատարված խախտումը ճանապարհային նշաններ չտեղադրելն է։ Մինչդեռ, սույն գործով չի հիմնավորվել այն հանգամանքը, որ նման նշանների տեղադրման դեպքում վթարը տեղի չէր ունենա։ «ԳԱԶ 3110» մակնիշի ավտոմեքենայի վարորդը պարտավոր էր պահպանել ՃԵԿ-ի 67-րդ կետի պահանջը և վտանգը հայտնաբերելու պահից պետք է արգելակեր մեքենան։ Մինչդեռ, գործում առկա 09.07.2008 թվականի «Ճանապարհատրանսպորտային դեպքի վայրի զննության մասին» արձանագրության 25-րդ կետի «ա» և «բ» կետերի համաձայն` դեպքի վայրում անվադողի և արգելակման հետքեր չեն հայտնաբերվել, ինչը անտեսվել է նաև 23.07.2008 թվականի դատաավտոտեխնիկական փորձաքննության ժամանակ։

Հետևաբար, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ «ԳԱԶ 3110» մակնիշի ավտոմեքենայի վարորդը պարտավոր էր իր առջևից ընթացող «Բոգդան» մակնիշի ավտոբուսից պահպանել այնպիսի հեռավորություն, որի դեպքում նա ժամանակ կունենար ավելի վաղ նկատել վտանգը և ժամանակին արգելակել։

 

Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը բավարար է, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 227-րդ և 228-րդ հոդվածի համաձայն, Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու համար։

 

Միաժամանակ, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ տվյալ դեպքում անհրաժեշտ է կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով սահմանված՝ առաջին ատյանի դատարանի դատական ակտին օրինական ուժ տալու՝ Վճռաբեկ դատարանի լիազորությունը հետևյալ հիմնավորմամբ.

«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի ողջամիտ ժամկետում իր գործի քննության իրավունք։ Սույն քաղաքացիական գործով վեճի լուծումն էական նշանակություն ունի գործին մասնակցող անձանց համար։ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գործը ողջամիտ ժամկետում քննելը հանդիսանում է «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի նույն հոդվածով ամրագրված անձի արդար դատաքննության իրավունքի տարր, հետևաբար, գործի անհարկի ձգձգումները վտանգ են պարունակում նշված իրավունքի խախտման տեսանկյունից։ Տվյալ դեպքում, Վճռաբեկ դատարանի կողմից ստորադաս դատարանի դատական ակտին օրինական ուժ տալը բխում է արդարադատության արդյունավետության շահերից, քանի որ սույն գործով վերջնական դատական ակտ կայացնելու համար նոր հանգամանք հաստատելու անհրաժեշտությունը բացակայում է։

 

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-2412-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել։ Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 15.10.2009 թվականի որոշումը և օրինական ուժ տալ Երևանի Շենգավիթ համայնքի ընդհանուր իրավասության դատարանի 23.06.2009 թվականի վճռին։

2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման։

 

Նախագահող`

 

Ս. Սարգսյան

Դատավորներ`

 

Ս. Անտոնյան

 

Վ. Աբելյան

Վ. Ավանեսյան

Ա. Բարսեղյան

Մ. ԴՐՄԵՅԱՆ

Ե. Խունդկարյան

Է. Հայրիյան

Տ. Պետրոսյան

Ե. Սողոմոնյան