Հ Ա Մ Ա Ձ Ա Յ Ն Ա Գ Ի Ր
Հայաստանի Հանրապետության Կառավարության և Ռուսաստանի Դաշնության Կառավարության միջև Մոսկվա քաղաքում Համառուսաստանյան Ցուցահանդեսային Կենտրոնի տարածքում, Հայաստանի Հանրապետության «Արմենիա» ցուցահանդեսաառևտրային կենտրոնի ստեղծման մասին
Հայաստանի Հանրապետության Կառավարությունը և Ռուսաստանի Դաշնության Կառավարությունը, այսուհետ` Կողմեր,
հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև բարեկամական հարաբերությունները,
հիմնվելով Անկախ Պետությունների Համագործակցության պետությունների ղեկավարների խորհրդի՝ 2002 թվականի հոկտեմբերի 7-ի՝ Մոսկվա քաղաքում Համառուսաստանյան Ցուցահանդեսային Կենտրոնի բազայի հիման վրա Անկախ Պետությունների Համագործակցության մասնակից պետությունների մշտական գործող ցուցահանդեսների ստեղծման մասին որոշման և այդ նպատակներով համապատասխան պայմանագրաիրավական հիմքերի մշակման անհրաժեշտության վրա,
ի շահ տնտեսական փոխշահավետ համագործակցության խորացման, մշակութային, գիտական, կրթական կապերի զարգացման,
համաձայնեցին հետևյալի մասին.
Հոդված 1
Սույն Համաձայնագրի նպատակն է ք. Մոսկվայում Համառուսաստանյան Ցուցահանդեսային Կենտրոնի տարածքում, Հայաստանի Հանրապետության «Արմենիա» ցուցահանդեսաառևտրային կենտրոնի ստեղծումը:
Հոդված 2
Սույն Համաձայնագրի 1-ին հոդվածով նախատեսված նպատակներով, Ռուսական կողմը Հայկական կողմին 50 տարով վարձակալության է տրամադրում դաշնային նշանակության մշակութային ժառանգության «Ածխային արդյունաբերություն» տաղավարը (այսուհետ` Օբյեկտ) տեղակայված՝ ք. Մոսկվա, պողոտա Միր, շ. 119, 68 շինություն հասցեում, 1833 քառ. մետր ընդհանուր մակերեսով` տարեկան 1 ռուսական ռուբլի վարձակալության չափով, և անմիջապես օբյեկտով զբաղեցված և նրա հետ պատմականորեն և գործառույթներով կապված հողամասը (այսուհետ` հողամաս)՝ 1 ռուսական ռուբլի տարեկան վարձակալությամբ:
Ռուսական կողմը Հայկական կողմին տրամադրում է հողամաս, առանց հողամասի վարձակալման պայմանագրի կնքման իրավունքի համար վճարի գանձման:
Հոդված 3
Սույն Համաձայնագրի կատարման մասով Կողմերի լիազորված կազմակերպություններն են.
- Հայկական կողմից - «Արմիմպորտ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը:
- Ռուսական կողմից - Պետական ունեցվածքի կառավարման Դաշնային գործակալությունը:
Կողմերից յուրաքանչյուրը մյուս Կողմին դիվանագիտական խողովակներով տեղեկացնում է մյուս կողմին իր կողմից լիազորված կազմակերպության փոփոխության մասին:
Հոդված 4
Սույն Համաձայնագրի ուժի մեջ մտնելու օրվանից 3 ամսվա ընթացքում Կողմերի լիազորված կազմակերպությունների կողմից կկնքվեն Օբյեկտի և հողամասի վարձակալության պայմանագրեր սույն Համաձայնագրի 2-րդ հոդվածով նախատեսված պայմաններով` Ռուսաստանի Դաշնության օրենսդրությանը համապատասխան:
Սույն Համաձայնագրի 11-րդ հոդվածի դրույթներին համապատասխան սույն Համաձայնագրի գործողության ժամկետի երկարաձգման դեպքում, Կողմերի լիազորված կազմակերպությունների կողմից կնքվում են վարձակալության նոր պայմանագրեր՝ նույն պայմաններով հերթական 50-ամյա ժամանակաշրջանի համար:
Հոդված 5
Ռուսական կողմը երաշխավորում է, որ Օբյեկտը և հողամասը ազատ են պարտքերից, երրորդ անձանց իրավունքներից, գրավադրված չեն կամ ծանրաբեռնված չեն որևէ այլ կերպ, ինչը կխոչընդոտեր սույն Համաձայնագրի նպատակներով դրանց օգտագործմանը:
Հոդված 6
Օբյեկտը և հողամասը օգտագործվում են միայն սույն Համաձայնագրի 1-ին հոդվածով նախատեսված նպատակներով` ցուցահանդեսային-առևտրային գործունեության իրականացման, մշակութային միջոցառումների կազմակերպման և ազգային խոհանոցի ռեստորանի (սրճարանի) բացման միջոցով:
Օբյեկտի և նրանով զբաղեցված հողամասի այլ նպատակներով օգտագործում չի թույլատրվում:
Հոդված 7
Օբյեկտի պահպանման, օգտագործման և պետական պաշտպանության ոլորտում հարաբերությունները կապված հողօգտագործման և քաղաքաշինական գործունեության հետ կանոնակարգվում են Ռուսաստանի Դաշնության հողային օրենսդրությամբ, Ռուսաստանի Դաշնության քաղաքաշինության և ճարտարապետական գործունեության մասին օրենսդրությամբ, շրջակա միջավայրի պաշտպանության մասին Ռուսաստանի Դաշնության օրենսդրությամբ, ինչպես նաև Ռուսաստանի Դաշնության՝ ժողովուրդների մշակութային ժառանգության օբյեկտների (պատմական և մշակութային հուշարձաններ) պահպանման, մասսայականացման, և պետական պաշտպանության ոլորտում Ռուսաստանի Դաշնության օրենսդրությամբ:
Հոդված 8
Օբյեկտի կապիտալ վերանորոգումը, վերանորոգման և վերականգնման աշխատանքները, շահագործումը և հողամասի պահպանումը, ինչպես նաև շահագործման պատասխանատվության սահմաններում գտնվող ինժեներական կոմունիկացիաների բոլոր տեսակի վերանորոգումները և պահպանումը իրականացնում է Հայկական կողմը` իր հաշվին:
Հոդված 9
Սույն Համաձայնագրի կատարման ընթացքում Կողմերի միջև ծագող վիճելի հարցերը կլուծվեն Կողմերի միջև բանակցությունների և խորհրդակցությունների վարման ճանապարհով:
Հոդված 10
Կողմերի համաձայնությամբ սույն Համաձայնագրում կարող են կատարվել փոփոխություններ, որոնք ձևակերպվում են առանձին արձանագրություններով և ուժի մեջ են մտնում սույն Համաձայնագրի 11-րդ հոդվածով նախատեսված կարգով:
Հոդված 11
Սույն Համաձայնագիրն ուժի մեջ է մտնում Կողմերի կողմից ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգերի կատարման մասին վերջին գրավոր ծանուցագիրը դիվանագիտական խողովակներով ստանալու օրվանից:
Սույն Համաձայնագիրը կնքվում է 50 տարի ժամկետով` հետագա այդպիսի ժամանակահատվածներով, ինքնաբերաբար երկարացման պայմանով, եթե հերթական ժամանակաշրջանի լրանալուց ոչ պակաս, քան մեկ տարի առաջ, Կողմերից երևէ մեկը գրավոր չհայտնի սույն Համաձայնագրի գործողության դադարեցման վերաբերյալ իր մտադրության մասին:
Օբյեկտի և հողամասի վարձակալության պայմանագրերի վաղաժամկետ դադարեցման կամ լուծման դեպքում սույն Համաձայնագիրը դադարեցնում է իր գործունեությունը:
Կատարված է ք. Մոսկվայում 2011 թվականի հունիսի 28-ին, երկու օրինակով, հայերեն և ռուսերեն, ընդ որում երկու տեքստերը հավասարազոր են:
Համաձայնագիրն ուժի մեջ է մտել 2011 թ. սեպտեմբերի 7-ին
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|