Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (22.04.2010-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2010.06.01/22(756).1 Հոդ.578.43
Принят
Վճռաբեկ դատարան
Дата принятия
22.04.2010
Подписан
Նախագահող
Дата подписания
22.04.2010
Дата вступления в силу
22.04.2010

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

ՀՀ վարչական դատարանի վճիռ

Վարչական գործ թիվ ՎԴ4/0074/05/09

Վարչական գործ թիվ ՎԴ4/0074/05/09

2010թ.

Նախագահող դատավոր՝ Ա. Ծատուրյան

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան)

նախագահությամբ

Ս. Սարգսյանի

մասնակցությամբ դատավորներ

Է. Հայրիյանի

Վ. Աբելյանի

Ս. Անտոնյանի

Վ. Ավանեսյանի

Ա. Բարսեղյանի

Մ. ԴՐՄԵՅԱՆԻ

Ե. Խունդկարյանի

Տ. Պետրոսյանի

Ե. Սողոմոնյանի

 

2010 թվականի ապրիլի 22-ին

դռնբաց դատական նիստում, քննելով «Ինֆորմացիայի ազատության կենտրոն» հասարակական կազմակերպության վճռաբեկ բողոքը ՀՀ վարչական դատարանի 13.08.2009 թվականի վճռի դեմ՝ ըստ հայցի «Ինֆորմացիայի ազատության կենտրոն» հասարակական կազմակերպության (այսուհետ՝ Կազմակերպություն) ընդդեմ ՀՀ Արմավիրի մարզի Զարթոնքի գյուղապետարանի (այսուհետ՝ Գյուղապետարան)` Գյուղապետարանի գործողությունները կամ անգործությունը ոչ իրավաչափ ճանաչելու, տեղեկատվություն տրամադրելուն պարտավորեցնելու և Զարթոնքի գյուղապետին վարչական պատասխանատվության ենթարկելու պահանջների մասին,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով դատարան՝ Կազմակերպությունը պահանջել է ոչ իրավաչափ ճանաչել Գյուղապետարանի այն գործողությունները կամ անգործությունը, որով օրենքով սահմանված առավելագույն ժամկետում սպառիչ և լրիվ պատասխան չի տրվել հայցվող տեղեկատվության վերաբերյալ, պարտավորեցնել տրամադրել տեղեկատվություն և Զարթոնքի գյուղապետին ենթարկել 50.000 ՀՀ դրամ վարչական պատասխանատվության։

Գործի դատաքննության ընթացքում Կազմակերպությունը հրաժարվել է տեղեկատվություն տրամադրել պարտավորեցնելու և Զարթոնքի գյուղապետին վարչական պատասխանատվության ենթարկելու պահանջներից։

ՀՀ վարչական դատարանի (այսուհետ` Դատարան) 13.08.2009 թվականի վճռով գործի վարույթը կարճվել է։

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Կազմակերպությունը։

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել։

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Դատարանը խախտել է ՀՀ Սահմանադրության 18-րդ, 19-րդ հոդվածները, ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 1-ին, 26-րդ, 65-րդ և 66-րդ հոդվածները, որի արդյունքում չի կիրառել «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածը, որը պետք է կիրառեր։

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանում է հետևյալ փաստարկներով.

Դատարանը հաշվի չի առել, որ Կազմակերպությունն անհրաժեշտ տեղեկատվություն ստանալու համար հարցում է ներկայացրել Գյուղապետարան, սակայն օրենքով սահմանված ժամկետում չի տրամադրել այն` խախտելով «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածը։

Հետագայում Գյուղապետարանը տրամադրել է պահանջվող տեղեկատվությունը, որը հաշվի առնելով` Կազմակերպությունը հրաժարվել է տեղեկատվություն տրամադրելուն պարտավորեցնելու և Զարթոնքի գյուղապետին վարչական պատասխանատվության ենթարկելու պահանջներից ու պնդել է միայն անգործությունը ոչ իրավաչափ ճանաչելու պահանջը։

 Մինչդեռ Դատարանը գտել է, որ հայցի չհրաժարված մասով նույնպես գործի վարույթը ենթակա է կարճման` պատճառաբանելով, որ «գործողությունը կամ անգործությունն անվավեր ճանաչելու հայցով վարչական դատարան դիմելու իրավունք վերապահված չէ», «ՀՀ վարչական դատավարության օրենսգրքով գործողությունները կամ անգործությունը ոչ իրավաչափ ճանաչելու հայցատեսակ չի սահմանվում»։

Մինչդեռ Դատարանը հաշվի չի առել, որ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 1-ին հոդվածը նախատեսում է վարչական մարմնի կամ դրա պաշտոնատար անձի գործողության կամ անգործության իրավաչափության բողոքարկումը ՀՀ վարչական դատարանում։

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Դատարանի 13.08.2009 թվականի վճռի` Գյուղապետարանի գործողությունները կամ անգործությունը ոչ իրավաչափ ճանաչելու մասով գործի վարույթը կարճելու մասը և այն փոփոխել՝ Գյուղապետարանի անգործությունը ոչ իրավաչափ ճանաչելու մասով հայցը բավարարել։

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը

Բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը՝

1. Կազմակերպությունը 03.02.2009 թվականի հարցմամբ Գյուղապետարանից պահանջել է տրամադրել տեղեկություն՝ Զարթոնքի համայնքի 2008 թվականի բյուջեի պատճենը և Զարթոնքի համայնքի 2008 թվականի բյուջեի կատարման հաշվետվության պատճենը (գ.թ. 10)։

2. Գյուղապետարանը պահանջված տեղեկատվությունն առաքել է Կազմակերպությանը 17.03.2009 թվականին (գ.թ. 43-44)։

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները

Քննելով վճռաբեկ բողոքը վերը նշված հիմքի սահմաններում` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ վճռաբեկ բողոքը հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ.

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 90-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ վարչական դատարանը գործի քննության ցանկացած փուլում կարճում է գործի վարույթը, եթե վեճն ընդդատյա չէ դատարանի քննությանը։

Սույն վարչական գործով Դատարանը, Կազմակերպության՝ Գյուղապետարանի գործողությունները կամ անգործությունը ոչ իրավաչափ ճանաչելու պահանջի մասով գործի վարույթի կարճման հիմքում դրել է այն հանգամանքը, որ Գյուղապետարանի անգործությունը ոչ իրավաչափ ճանաչելու մասով վեճն ընդդատյա չէ Դատարանին և եկել այն եզրահանգման, որ ՀՀ վարչական դատավարության օրենսգիրքը գործողությունները կամ անգործությունը ոչ իրավաչափ ճանաչելու հայցատեսակ չի սահմանում, հետևաբար, նման հայցով վարչական դատարան դիմելու իրավունք վերապահված չէ։

Վճռաբեկ դատարանը գտնում է, որ բողոքի հիմքում բարձրացված իրավական հարցին պատասխանելու համար վճռաբեկ բողոքի շրջանակներում պետք է քննարկման առարկա դարձվի հետևյալ հարցադրումը.

Արդյո՞ք պետական, տեղական ինքնակառավարման մարմինների և դրանց պաշտոնատար անձանց գործողությունները կամ անգործությունը ոչ իրավաչափ ճանաչելու պահանջներն ընդդատյա են վարչական դատարանին։

ՀՀ Սահմանադրության 18-րդ հոդվածի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքների և ազատությունների դատական, ինչպես նաև պետական այլ մարմինների առջև իրավական պաշտպանության արդյունավետ միջոցների իրավունք։

ՀՀ Սահմանադրության 19-րդ հոդվածի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի իր խախտված իրավունքները վերականգնելու, ինչպես նաև իրեն ներկայացված մեղադրանքի հիմնավորվածությունը պարզելու համար հավասարության պայմաններում, արդարության բոլոր պահանջների պահպանմամբ, անկախ և անկողմնակալ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում իր գործի հրապարակային քննության իրավունք։

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 1-ին հոդվածի համաձայն` սույն օրենսգիրքը սահմանում է վարչական դատարանում և վճռաբեկ դատարանում պետական և տեղական ինքնակառավարման մարմինների ու դրանց պաշտոնատար անձանց վարչական և նորմատիվ ակտերի, գործողությունների կամ անգործության դեմ ֆիզիկական և իրավաբանական անձանց դատական պաշտպանության իրավունքի իրականացման կարգը, ինչպես նաև ֆիզիկական և իրավաբանական անձանց դեմ վարչական մարմինների և պաշտոնատար անձանց հայցադիմումների քննության կարգը։

 ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ յուրաքանչյուր ֆիզիկական կամ իրավաբանական անձ սույն օրենսգրքով սահմանված կարգով իրավունք ունի դիմելու վարչական դատարան, եթե համարում է, որ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների կամ դրանց պաշտոնատար անձանց վարչական ակտերով, գործողություններով կամ անգործությամբ`

1) խախտվել են կամ անմիջականորեն կարող են խախտվել նրա` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, միջազգային պայմանագրերով, օրենքներով և այլ իրավական ակտերով ամրագրված իրավունքները և ազատությունները, այդ թվում, եթե`

ա. խոչընդոտներ են հարուցվել այդ իրավունքների և ազատությունների իրականացման համար,

բ. չեն ապահովվել անհրաժեշտ պայմաններ` այդ իրավունքների իրականացման համար, սակայն դրանք պետք է ապահովվեին Հայաստանի Հանրապետության Սահմանադրության, միջազգային պայմանագրի, օրենքի կամ այլ իրավական ակտերի ուժով.

2) նրա վրա ոչ իրավաչափորեն դրվել է որևէ պարտականություն.

3) նա վարչական կարգով ոչ իրավաչափորեն ենթարկվել է վարչական պատասխանատվության։

Վերը նշված նորմերի վերլուծությունից հետևում է, որ օրենսդիրը սահմանելով պետական և տեղական ինքնակառավարման մարմինների ու դրանց պաշտոնատար անձանց գործողությունների կամ անգործության դեմ ֆիզիկական և իրավաբանական անձանց դատական պաշտպանության իրավունքի իրականացման կարգը վարչական դատարանում, դրանով ամրագրել է նաև տվյալ դատարանում այդ իրավունքի իրականացման ձևը՝ հայց հարուցելը։ Մասնավորապես, իրավունք է վերապահել յուրաքանչյուր իրավաբանական անձի օրենքով սահմանված կարգով դիմելու վարչական դատարան, եթե նագտնում է, որ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների կամ դրանց պաշտոնատար անձանց գործողություններով կամ անգործությամբ խախտվել են կամ անմիջականորեն կարող են խախտվել նրա` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, միջազգային պայմանագրերով, օրենքներով և այլ իրավական ակտերով ամրագրված իրավունքները և ազատությունները։

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 68-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ ճանաչման հայցով հայցվորը կարող է պահանջել ոչ իրավաչափ ճանաչելով այլևս իրավաբանական ուժ չունեցող միջամտող վարչական ակտը կամ գործողությունը, եթե հայցվորն արդարացիորեն շահագրգռված է ակտը կամ գործողությունը ոչ իրավաչափ ճանաչելու մեջ, այսինքն`

 1) առկա է նմանատիպ իրավիճակում նմանատիպ միջամտող վարչական ակտ կրկին ընդունելու կամ գործողություն կրկին կատարելու վտանգ.

 2) հայցվորը մտադիր է պահանջել գույքային վնասի հատուցում, կամ

 3) դա նպատակ է հետապնդում վերականգնելու հայցվորի պատիվը, արժանապատվությունը կամ գործարար համբավը։

Նույն օրենսգրքի 59-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի համաձայն՝ եթե պատասխանող է հանդիսացել պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինը կամ պաշտոնատար անձը, ապա դատական ծախսերը դրվում են Հայաստանի Հանրապետության կամ համապատասխան համայնքի վրա, եթե` պատասխանողի որոշումը, գործողությունը կամ անգործությունը դատարանը ճանաչել է ոչ իրավաչափ։

Հետևաբար, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ առկա է պետական և տեղական ինքնակառավարման մարմինների ու դրանց պաշտոնատար անձանց ինչպես գործողությունները, այնպես էլ անգործությունը դատական կարգով վիճարկելու՝ ոչ իրավաչափ ճանաչելու հնարավորություն։

Բացի այդ, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն՝ վարչարարություն` վարչական մարմինների արտաքին ներգործություն ունեցող գործունեություն, որը եզրափակվում է վարչական կամ նորմատիվ ակտերի ընդունմամբ, ինչպես նաև գործողություն կամ անգործություն, որն անձանց համար առաջացնում է փաստական հետևանքներ։

Նույն օրենքի 69-րդ հոդվածի համաձայն՝ անձինք իրենց իրավունքները պաշտպանելու նպատակով իրավունք ունեն բողոքարկելու վարչական ակտերը, վարչական մարմնի գործողությունը կամ անգործությունը։

 Նույն օրենքի 96-րդ հոդվածի համաձայն՝ վնասի հատուցում չի իրականացվում, քանի դեռ վարչական մարմնի իրավական ակտը, գործողությունը կամ անգործությունը, որով անձին վնաս է հասցվել, սահմանված կարգով ոչ իրավաչափ չի ճանաչվել, բացառությամբ սույն օրենքի 109-րդ հոդվածով նախատեսված դեպքերի։

Հիմք ընդունելով վերոգրյալը, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ վարչարարության ընթացքում պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների (պաշտոնատար անձանց) վարչարարությունը դրսևորվում են ինչպես որոշակի գործողությունների կատարմամբ, այնպես էլ՝ անգործությամբ։ Ընդ որում վարչական մարմնի անգործության հետևանքով պատճառված վնասը ենթակա է հատուցման միայն գործողությունը կամ անգործությունը օրենքով սահմանված կարգով ոչ իրավաչափ ճանաչվելու դեպքում։

Նման պայմաններում, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ հիմնավոր չէ Դատարանի այն պատճառաբանությունը, որ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 68-րդ հոդվածից հետևում է, որ գործողությունը կամ անգործությունը ոչ իրավաչափ ճանաչելու հայցով վարչական դատարան դիմելու իրավունք վերապահված չէ։

Ինչ վերաբերում է նյութական իրավունքի նորմերի խախտման վերաբերյալ վճռաբեկ բողոք բերած անձի փաստարկին, ապա գործի վարույթի կարճման և այդ փաստարկները վարչական դատարանում քննության առարկա դարձված չլինելու պայմաններում Վճռաբեկ դատարանը դրանց չի անդրադառնում։

Այսպիսով, սույն վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը համարում է բավարար՝ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 228-րդ հոդվածի ուժով Դատարանի վճիռը մասնակիորեն բեկանելու համար։

 

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-2412-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել մասնակիորեն։ Բեկանել ՀՀ վարչական դատարանի 13.08.2009 թվականի վճռի` ՀՀ Արմավիրի մարզի Զարթոնքի գյուղապետարանի գործողությունները կամ անգործությունը ոչ իրավաչափ ճանաչելու մասով գործի վարույթը կարճելու մասը և գործն այդ մասով ուղարկել նույն դատարան` նոր քննության։ Վճռի մնացած մասը թողնել օրինական ուժի մեջ։

2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման։

 

Նախագահող`

 

Ս. Սարգսյան

Դատավորներ`

 

Է. Հայրիյան

Վ. Աբելյան

Ս. Անտոնյան

Վ. Ավանեսյան

ա. Բարսեղյան

Մ. ԴՐՄԵՅԱՆ

Ե. Խունդկարյան

Տ. Պետրոսյան

Ե. Սողոմոնյան