Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (22.04.2010-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2010.06.01/22(756).1 Հոդ.578.29
Принят
Վճռաբեկ դատարան
Дата принятия
22.04.2010
Подписан
Նախագահող
Дата подписания
22.04.2010
Дата вступления в силу
22.04.2010

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

ՀՀ վարչական դատարանի վճիռ

Վարչական գործ թիվ ՎԴ/0880/05/09

վարչական գործ թիվ ՎԴ/0880/05/09

2010թ.

Նախագահող դատավոր՝ Ա. Սարգսյան

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան)

նախագահությամբ

Ս. Սարգսյանի

մասնակցությամբ դատավորներ

Ա. Բարսեղյանի

 

Վ. Աբելյանի

Ս. Անտոնյանի

Վ. Ավանեսյանի

Մ. ԴՐՄԵՅԱՆԻ

Ե. Խունդկարյանի

Է. Հայրիյանի

Տ. Պետրոսյանի

Ե. Սողոմոնյանի

 

2010 թվականի ապրիլի 22-ին

դռնբաց դատական նիստում, քննելով Գայանե Հարությունյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վարչական դատարանի 30.06.2009 թվականի վճռի դեմ՝ ըստ հայցի ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի (այսուհետ՝ Կոմիտե) ընդդեմ Գայանե Հարությունյանի՝ գումար բռնագանձելու պահանջի մասին և ըստ հայցի Գայանե Հարությունյանի ընդդեմ Կոմիտեի՝ վարչական ակտն անվավեր ճանաչելու պահանջի մասին,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով դատարան՝ Կոմիտեն պահանջել է բռնագանձել Գայանե Հարությունյանից 5.666.720 ՀՀ դրամ։

Դիմելով դատարան՝ Գայանե Հարությունյանը պահանջել է անվավեր ճանաչել Կոմիտեի 03.12.2008 թվականի որոշման՝ վարչական տույժ նշանակելու մասը։

ՀՀ վարչական դատարանի 30.04.2009 թվականի որոշմամբ թիվ ՎԴ/0880/05/09 և ՎԴ/1391/05/09 վարչական գործերը միացվել են մեկ վարույթում։

ՀՀ վարչական դատարանի (այսուհետ` Դատարան) 30.06.2009 թվականի վճռով Կոմիտեի հայցը բավարարվել է, իսկ Գայանե Հարությունյանի հայցը մերժվել է։

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Գայանե Հարությունյանը։

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել։

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Դատարանը խախտել է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 24-րդ, 26-րդ հոդվածները, չի կիրառել ՀՀ մաքսային օրենսգրքի 56-րդ, 138-րդ, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 55-րդ, 62-րդ, 63-րդ հոդվածները, որոնք պետք է կիրառեր։

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանում է հետևյալ փաստարկներով.

Դատարանը հաշվի չի առել, որ Կոմիտեի 03.12.2008 թվականի որոշումը վարչական տույժ նշանակելու մասով հիմնազուրկ է և անօրինական, քանի որ քրեական գործի վարույթի շրջանակներում չի կարող վարչական տույժ նշանակվել, և այն չի համապատասխանում վարչական ակտին ներկայացվող պահանջներին։

Մինչև վարչական տույժ նշանակելը Կոմիտեն պետք է իրականացներ վարչական վարույթ, որի մասին պետք է ծանուցեր Գայանե Հարությունյանին, վերջինիս հնարավորություն պետք է տրվեր տալու բացատրություններ, ինչը չի արվել։ Գայանե Հարությունյանը տեղեկացվել և մասնակցել է միայն քրեական գործի վարույթին, իսկ վարչական վարույթի մասին չի տեղեկացվել, քանի որ նման վարույթ չի իրականացվել։

Տվյալ դեպքում հաշվի չի առնվել այն հանգամանքը, որ Գայանե Հարությունյանը բոլոր մաքսակետերն անցել է բացահայտ կերպով և անվերապահորեն կատարել է Կոմիտեի աշխատակիցների բոլոր պահանջները։ Հետևաբար, եթե Կոմիտեի աշխատակիցները թերացել են իրենց գործում, ապա դա մաքսային ծառայության խնդիրն է։

Դատարանը հաշվի չի առել այն հանգամանքը, որ Գայանե Հարությունյանը չէր կարող ավտոմեքենան թաքցնել մաքսային հսկողությունից։ Գայանե Հարությունյանի եղբոր` Աշոտ Հարությունյանի կողմից լրացված հայտարարագրերը հանձնվել են մաքսատան աշխատակիցներին։ Հակառակ դեպքում նրանք թույլ չէին տա մաքսակետից շարժվել։ Եթե անգամ որևէ ձևակերպում թերի է արվել, կամ այդ փաստաթղթերը կորել են, ապա դրա համար պատասխանատվության պետք է ենթարկվեին մաքսային ծառայողները։

Այսինքն՝ որևէ գործողություն կատարելու պահանջը կամ չկատարելու համար պատասխանատվությունը պետք է ուղղված լինի մաքսային հսկողություն իրականացնող պաշտոնատար անձին, եթե քաղաքացին նրան ենթարկվել է, չի խաբել կեղծ տեղեկություններ կամ փաստաթղթեր ներկայացնելով կամ չի թաքցրել ապրանքներ կամ տրանսպորտային միջոցներ։

Դատարանը, անտեսելով ներկայացված փաստերը, չիրականացնելով գործում առկա փաստական տվյալների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտություն, ոչ պատշաճ քննության արդյունքում կայացրել է անհիմն վճիռ։

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Դատարանի 30.06.2009 թվականի վճիռը և այն փոփոխել՝ Կոմիտեի հայցը մերժել, իսկ Գայանե Հարությունյանի հայցը՝ բավարարել։

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը

Բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը՝

1. Կոմիտեի նախագահին հասցեագրված 02.10.2008 թվականի դիմումով Գայանե Հարությունյանը հայտնել է, որ 2007 թվականին Բավրայի մաքսակետով արտահանել է իր անձնական «Toyota RAV-4» մակնիշի ավտոմեքենան, սակայն հայտարարագիր չի լրացվել, և խնդրել է թույլատրել այն ձևակերպել «արտահանում ազատ շրջանառության համար» մաքսային ռեժիմով (գ.թ. 28)։

2. 09.10.2008 թվականի ծանուցագրով Գայանե Հարությունյանը 13.10.2008 թվականին՝ ժամը 11.00-ին, հրավիրվել է Կոմիտեի հետաքննության բաժին՝ հետաքննիչ Հ. Սաֆարյանի մոտ (գ.թ. 31)։

3. 10.10.2008 թվականի «Մաքսային կանոնների խախտման վերաբերյալ» արձանագրության համաձայն՝ 2007 թվականի մայիս ամսին Գայանե Հարությունյանը Բավրայի մաքսակետով տեղափոխել և Ուկրաինայի Հանրապետություն է արտահանել իրեն պատկանող «Toyota RAV-4» մակնիշի, 09LO849 պետհամարանիշի ավտոմեքենան։ Գայանե Հարությունյանի գործողություններում առկա են ՀՀ մաքսային օրենսգրքի 203-րդ հոդվածով նախատեսված կանոնների խախտման հատկանիշներ (գ.թ. 37)։

4. Կոմիտեի հետաքննության բաժնի քննիչ Հ. Սաֆարյանի մոտ 10.10.2008 թվականին տված Գայանե Հարությունյանի բացատրության համաձայն՝ «ավտոմեքենայի ղեկին եղել է եղբայրս՝ Աշոտ Հարությունյանը, իսկ ուղևոր եղել եմ ես», «մաքսային ձևակերպումներով զբաղվել է եղբայրս», «2007 թվականի մայիսի 16-ին մենք անցանք սահմանը և մտանք Վրաստան։ Փոթի նավահանգստում պարզվեց, որ բեռնափոխադրող նավն արդեն մեկնել է, որի պատճառով վերադարձանք Հայաստան՝ նախապես ճշտելով նավի ժամանման օրը։ Մայիսի 20-ին մենք կրկին ուղևորվեցինք և հասանք Բավրայի մաքսային կետ, որտեղ անցանք մաքսային հսկողություն», «Մաքսային տեսուչներից ոչ մեկն ինձ չի հարցրել, թե ինչ նպատակով է ավտոմեքենան անցնում սահմանը» (գ.թ. 32-34)։

5. Կոմիտեի 03.12.2008 թվականի որոշմամբ Գայանե Հարությունյանի նկատմամբ քրեական գործի հարուցումը մերժվել է, և նույն որոշմամբ Գայանե Հարությունյանը տուգանվել է «Toyota RAV-4» մակնիշի, 09LO849 պետհամարանիշի ավտոմեքենայի մաքսային արժեքի՝ 5.666.720 ՀՀ դրամի չափով (գ.թ. 47-49)։

6. Գործում առկա չէ վարչական վարույթի մասին Գայանե Հարությունյանին ծանուցելու փաստը հավաստող ապացույց։

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները

Քննելով վճռաբեկ բողոքը վերը նշված հիմքի սահմաններում` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ վճռաբեկ բողոքը հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ.

«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ առանձին տեսակի վարչական վարույթների առանձնահատկությունները սահմանվում են օրենքներով և ՀՀ միջազգային պայմանագրերով։

ՀՀ մաքսային օրենսգրքի 205-րդ հոդվածի համաձայն՝ մաքսային կանոնների խախտման վերաբերյալ գործերի վարույթը կարգավորվում է սույն գլխով և Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի սույն գլխին չհակասող մասով։

Նույն օրենսգրքի 219-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ մաքսային կանոնների խախտման վերաբերյալ գործը քննվում է վարչական պատասխանատվության ենթարկվող անձի մասնակցությամբ, իսկ նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ գործը կարող է քննվել նաև տվյալ անձի բացակայության դեպքում, եթե քննության տեղի ու ժամանակի մասին սահմանված կարգով նրան տեղյակ է պահվել, սակայն վերջինիս կողմից որևէ միջնորդություն չի հարուցվել, կամ եթե անձը բացակայում է, և հայտնի չէ նրա գտնվելու վայրը, կամ եթե նա գտնվում է Հայաստանի Հանրապետության սահմաններից դուրս։

Վարչական պատասխանատվության ենթարկելու գործերի վարույթը վարչական պատասխանատվության ենթարկելու մասին առանձին տեսակի վարչական վարույթ է, որը կարգավորվում է Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի՝ վարչական պատասխանատվության ենթարկելու մասին գործերի քննության վարույթը կարգավորող նորմերով, եթե այլ բան նախատեսված չէ ՀՀ մաքսային օրենսգրքով։

ՀՀ մաքսային օրենսգրքի 226-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ վարչական պատասխանատվության ենթարկվող անձն իր նկատմամբ վարույթ սկսվելու պահից իրավունք ունի տալ բացատրություններ, հարուցել միջնորդություններ, օգտվել փաստաբանի կամ մասնագետի ծառայությունից, ելույթ ունենալ մայրենի լեզվով և օգտվել թարգմանչի ծառայություններից, եթե չի տիրապետում հայերենին, ծանոթանալ գործի նյութերին, բողոքարկել վարչական տույժ նշանակելու մասին որոշումը, իմանալ, թե ինչի համար է իր նկատմամբ վարույթ հարուցվել, վարույթն իրականացնող մարմնից ստանալ վարույթի ընթացքում իր իրավունքների մասին պարզաբանումներ, առարկել վարույթն իրականացնող մարմնի գործողությունների դեմ և պահանջել իր առարկությունները մտցնել արձանագրության մեջ, հայտնել բացարկներ, ծանոթանալ արձանագրություններին, որոնց նա մասնակցել կամ ներկա է գտնվել, դիտողություններ ներկայացնել արձանագրությունում գրառումների ճշտության և լրիվության կապակցությամբ, պահանջել արձանագրության մեջ գրառումներ կատարել այն հանգամանքների մասին, որոնք իր կարծիքով պետք է նշվեն։

Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 275-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի համաձայն՝ վարչական իրավախախտման գործը քննության նախապատրաստելու ընթացքում պետական մարմինը (պաշտոնատար անձը) լուծում է նաև այն հարցը, թե գործի քննությանը մասնակցող անձինք ծանուցվե՞լ են արդյոք դրա քննության ժամանակի և տեղի մասին։

Վերը նշված հոդվածների վերլուծությունից հետևում է, որ օրենսդիրը, սահմանելով վարչական պատասխանատվության ենթարկվող անձի իրավունքներն ու պարտականությունները, միաժամանակ սահմանում է պարտադիր կանոն, այն է՝ վարչական իրավախախտման վերաբերյալ գործի քննությունը վարչական պատասխանատվության ենթարկվող անձի ներկայությամբ։ Նշված կանոնից բացառություն է կազմում միայն այն դեպքը, երբ տվյալներ կան գործի քննության տեղի և ժամանակի մասին նրան ժամանակին ծանուցելու վերաբերյալ, և եթե նրանից միջնորդություն չի ստացվել գործի քննությունը հետաձգելու մասին։

Այսպիսով, օրենսդիրը, ՀՀ մաքսային օրենսգրքով սահմանելով վարչական պատասխանատվության ենթարկվող անձի ներկայությամբ վարչական իրավախախտման վերաբերյալ գործի քննության իրականացման պարտադիր պահանջ, միաժամանակ Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքով սահմանել է պետական մարմնի (պաշտոնատար անձի) պարտականությունը՝ վարչական իրավախախտման գործը քննության նախապատրաստելու ընթացքում լուծելու գործի քննության ժամանակի և տեղի մասին քննությանը մասնակցող անձանց պատշաճ ծանուցելու հարցը։

Վճռաբեկ դատարանն իր նախկինում կայացրած որոշումներում անդրադարձել է վարչական մարմինների կողմից վարչական վարույթի մասնակիցներին ծանուցելու վերաբերյալ իրավական հարցին։

Մասնավորապես, Վճռաբեկ դատարանը նշել է, որ վարչական պատասխանատվության ենթարկելու մասին գործերի քննության մասին վարույթի մասնակիցներին ծանուցելը պետք է նպատակ հետապնդի ապահովել պատասխանատվության ենթարկվող անձին լսելու հնարավորությունը, ինչը հնարավորություն կտա վերջինիս լիարժեք իրականացնել իր իրավունքների պաշտպանությունը։ Հետևաբար, ընտրվող պատշաճ ծանուցման ձևը պետք է լինի այնպիսին, որ անձին հնարավորություն ընձեռի ապահովել վերոհիշյալ պահանջները։

Բացի այդ, Վճռաբեկ դատարանը նշել է, որ վարչական պատասխանատվության ենթարկվող անձի լսված լինելու իրավունքը բխում է վարչական վարույթի մասնակիցների իրավունքերի ու ազատությունների արդյունավետ պաշտպանության լիարժեք իրականացման սկզբունքից, որը երաշխավորված է ՀՀ Սահմանադրության 18-րդ հոդվածի 1-ին մասով և «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ՝ Կոնվենցիա) 13-րդ հոդվածով։

Միաժամանակ, Վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ Կոնվեցիայի 13-րդ հոդվածով սահմանված պաշտպանության միջոցները պետք է արդյունավետ լինեն թե գործնական և թե իրավական առումներով, մասնավորապես այն առումով, որ պաշտպանության միջոցներից օգտվելը չպետք է անհիմն խոչընդոտվի պետական մարնինների գործողություններով կամ անգործությամբ (տե՛ս Իվանովը և այլոք ընդդեմ Բուլղարիայի գործով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի 24.11.2006 թվականի որոշումը, կետ 70), (տե՛ս ՀՀ աշխատանքի պետական տեսչության հայցն ընդդեմ Ընկերության տնօրենների խորհրդի նախագահ, գլխավոր տնօրեն Վալերի Օվսյաննիկովի՝ պատասխանողին գործողություններ կատարելուն պարտավորեցնելու և պարտավոր անձի նկատմամբ տուգանք նշանակելու պահանջների մասին, և Վալերի Օվսյաննիկովի հակընդդեմ հայցն ընդդեմ Տեսչության՝ Տեսչության 15.10.2007 թվականի թիվ 15-Ա որոշումն անվավեր ճանաչելու և այն վերացնելու պահանջների մասին, Վճռաբեկ դատարանի 26.12.2008 թվականի թիվ ՎԴ/0016/05/08 որոշումը)։

Սույն գործով Դատարանը, հաստատված համարելով այն հանգամանքը, որ Գայանե Հարությունյանը վարչական վարույթի ընթացքում չի ներկայացրել այնպիսի տվյալներ կամ տեղեկություններ, որոնց հավաստիությունը վարչական մարմինը կասկածի տակ է դրել, հանգել է այն հետևության, որ վարչական տույժ նշանակելու մասին որոշումը կայացվել է էական փաստական և իրավական հիմքերի առկայության պայմաններում։

Մինչդեռ սույն գործում առկա չէ վարչական վարույթի մասին Գայանե Հարությունյանին ծանուցելու փաստը հավաստող որևէ ապացույց։

Հիմք ընդունելով վերոգրյալը՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Գայանե Հարությունյանը չի ծանուցվել վարչական վարույթի մասին, որի հետևանքով Կոմիտեի կողմից չի ապահովվել նրա մասնակցությունը վարչական վարույթին։

Նման պայմաններում Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Կոմիտեի 03.12.2008 թվականի որոշման՝ վարչական տույժ նշանակելու մասը, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 63-րդ հոդվածի ուժով ոչ իրավաչափ է։

Ինչ վերաբերում է նյութական նորմերի խախտման վերաբերյալ բողոք բերած անձի փաստարկներին, ապա Կոմիտեի 03.12.2008 թվականի որոշման՝ վարչական տույժ նշանակելու մասը ոչ իրավաչափ լինելու պայմաններում Վճռաբեկ դատարանը դրանց չի անդրադառնում։

Այսպիսով, սույն վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը համարում է բավարար՝ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 227-րդ և 228-րդ հոդվածների ուժով Դատարանի վճիռը բեկանելու համար։

Միաժամանակ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ տվյալ դեպքում անհրաժեշտ է կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-րդ հոդվածի 1-ին կետի 4-րդ ենթակետով սահմանված՝ ստորադաս դատարանի դատական ակտը փոփոխելու ՀՀ վճռաբեկ դատարանի լիազորությունը հետևյալ հիմնավորմամբ.

ՀՀ Սահմանադրության 19-րդ հոդվածի և «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ՝ Կոնվենցիայի) 6-րդ հոդվածի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի ողջամիտ ժամկետում իր գործի քննության իրավունք։ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գործը ողջամիտ ժամկետում քննելը հանդիսանում է ՀՀ Սահմանադրության և Կոնվենցիայի վերը նշված հոդվածներով ամրագրված անձի արդար դատաքննության իրավունքի տարր, հետևաբար, գործի անհարկի ձգձգումները վտանգ են պարունակում նշված իրավունքի խախտման տեսանկյունից։ Տվյալ դեպքում, Վճռաբեկ դատարանի կողմից ստորադաս դատարանի դատական ակտը փոփոխելը բխում է արդարադատության արդյունավետության շահերից։

Դատական ակտը փոփոխելիս Վճռաբեկ դատարանը հիմք է ընդունում սույն որոշման պատճառաբանությունները, ինչպես նաև գործի նոր քննության անհրաժեշտության բացակայությունը։

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-2412-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել։ Բեկանել ՀՀ վարչական դատարանի 30.06.2009 թվականի վճիռը և այն փոփոխել՝ Գայանե Հարությունյանի հայցը բավարարել՝ անվավեր ճանաչել ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի 03.12.2008 թվականի որոշման՝ վարչական տույժ նշանակելու մասը, իսկ ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի հայցը մերժել։

2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման։

 

Նախագահող`

 

Ս. Սարգսյան

Դատավորներ`

 

Ա. Բարսեղյան

Վ. Աբելյան

Ս. Անտոնյան

Վ. ԱՎԱՆԵՍՅԱՆ

Մ. Դրմեյան

Ե. Խունդկարյան

Է. Հայրիյան

Տ. Պետրոսյան

Ե. Սողոմոնյան