Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (22.04.2010-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2010.06.01/22(756).1 Հոդ.578.35
Принят
Վճռաբեկ դատարան
Дата принятия
22.04.2010
Подписан
Նախագահող
Дата подписания
22.04.2010
Дата вступления в силу
22.04.2010

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

ՀՀ վարչական դատարանի վճիռ

Վարչական գործ թիվ ՎԴ/3815/05/09

Վարչական գործ թիվ ՎԴ/3815/05/09

2010թ.

Նախագահող դատավոր՝ Ռ. Սարգսյան

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան)

նախագահությամբ

Ս. Սարգսյանի

մասնակցությամբ դատավորներ

Մ. ԴՐՄԵՅԱՆԻ

Վ. Աբելյանի

Ս. Անտոնյանի

Վ. Ավանեսյանի

Ա. Բարսեղյանի

Ե. Խունդկարյանի

Է. Հայրիյանի

Տ. Պետրոսյանի

Ե. Սողոմոնյանի

 

2010 թվականի ապրիլի 22-ին

դռնբաց դատական նիստում, քննելով ՀՀ ԿԱ ՊԵԿ Սպանդարյանի հարկային տեսչության վճռաբեկ բողոքը ՀՀ վարչական դատարանի 20.10.2009 թվականի վճռի դեմ՝ ըստ հայցի ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի Սպանդարյանի հարկային տեսչության ընդդեմ «Ռաֆայել-1» արտադրական կոոպերատիվի (այսուհետ` Կոոպերատիվ) ավագ վաճառող Թադևոս Դերմենջյանի` 2.000.000 ՀՀ դրամ տուգանքը բռնագանձելու պահանջի մասին և Թադևոս Դերմենջյանի հակընդդեմ հայցի ընդդեմ ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի Սպանդարյանի հարկային տեսչության (այսուհետ` Տեսչություն)` 26.05.2009 թվականի վարչական իրավախախտման վերաբերյալ թիվ 102364 որոշումը և ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի ՀՏԱՀ վարչության (այսուհետ` Վարչություն) 11.05.2009 թվականի թիվ 1302385 ստուգման ակտն անվավեր ճանաչելու պահանջների մասին,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով դատարան՝ Տեսչությունը պահանջել է բռնագանձել Թադևոս Դերմենջյանից 2.000.000 ՀՀ դրամ տուգանք:

Հակընդդեմ հայցով դիմելով դատարան` Թադևոս Դերմենջյանը պահանջել է անվավեր ճանաչել Տեսչության 26.05.2009 թվականի վարչական իրավախախտման վերաբերյալ թիվ 102364 որոշումը և ՀՀ ԿԱ ՊԵԿ ՀՏԱՀ վարչության 11.05.2009 թվականի թիվ 1302385 ստուգման ակտը:

ՀՀ վարչական դատարանի (այսուհետ` Դատարան) 20.10.2009 թվականի վճռով հայցը մերժվել է, իսկ հակընդդեմ հայցը բավարարվել է:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Տեսչությունը:

Վճռաբեկ բողոքի պատասխան է ներկայացրել Թադևոս Դերմենջյանը:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Դատարանը սխալ է մեկնաբանել և սխալ է կիրառել «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 3-րդ կետը, «Արժութային կարգավորման և արժութային վերահսկողության մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 2-րդ կետը, Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 165-րդ հոդվածի 1-ին մասը:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանում է հետևյալ փաստարկներով.

Դատարանը հայցի մերժման հիմքում է դրել այն հանգամանքը, որ ստուգմանը մասնակից անձ է դարձվել հանձնարարագրում չնշված անձ, մինչդեռ տվյալ ստուգումը կատարելու համար օրենքը չի սահմանում, որ ստուգող անձը պետք է գնում կատարի, այսինքն՝ նշանակություն չունի թե գումարը ով է հանձնում վաճառողին՝ կենտրոնական բանկի աշխատակից, թե՝ այլ քաղաքացի:

Հիմնավոր չէ Դատարանի եզրահանգումը, որ Թադևոս Դերմենջյանը գործարքը կատարել է ՀՀ դրամով, քանի որ վերջինս իր բացատրությամբ ընդունել է իրավախախտում կատարելու փաստը, հետևաբար` վերջինիս նկատմամբ արդարացիորեն նշանակվել է վարչական տույժ:

 

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Դատարանի 20.10.2009 թվականի վճիռը և այն փոփոխել` հայցը բավարարել, իսկ հակընդդեմ հայցը մերժել:

 

2.1 Վճռաբեկ բողոքի պատասխանի հիմնավորումները

«Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 3-րդ կետն իր մեջ չի պարունակում որևէ նորմ, որը թույլ կտար ստուգումն սկսելուց առաջ հանձնարարագիրը չհանձնել տնտեսավարող սուբյեկտի ղեկավարին կամ նրան փոխարինող պաշտոնատար անձին:

Նշված օրենքի թիվ 2 հավելվածի «Հսկիչ գնումների անցկացման կարգ»-ի 1.4 կետի համաձայն հսկիչ գնում կատարելու լիազորությունը կարող է հաստատվել միայն հարկային մարմնի ղեկավարի կամ հարկային տեսչության պետի կողմից տրված գրավոր հանձնարարագրով:

Մինչդեռ, հսկիչ գնում իրականացրած անձը չի ունեցել համապատասխան հանձնարարագիր:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը՝

1. ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահի 08.05.2009 թվականի թիվ 02517166 հանձնարարագրով գլխավոր հարկային տեսուչներ՝ Դավիթ Ներսիսյանին, Կարեն Սարգսյանին և ավագ հարկային տեսուչ՝ Արման Միքայելյանին հանձնարարվել է Կոոպերատիվում կատարել «Արժութային կարգավորման և արժութային վերահսկողության մասին» ՀՀ օրենքի և արժութային հարաբերությունները կարգավորող այլ իրավական ակտերի պահանջների կատարման ճշտության ստուգում: Ստուգումը փաստացի սկսվել է 08.05.2009 թվականին (գ.թ. 25):

2. «Արժութային կարգավորման և արժութային վերահսկողության մասին» ՀՀ օրենքի և արժութային հարաբերությունները կարգավորող այլ իրավական ակտերի պահանջների կատարման ճշտության ստուգման արդյունքներով Վարչության 11.05.2009 թվականի թիվ 1302385 ստուգման ակտով արձանագրվել է, որ ստուգման արդյունքում Երևանի, Աբովյան 3/1 հասցեում գտնվող Կոոպերատիվին պատկանող խանութից 08.05.2009 թվականին ժամը 12:10-ի սահմաններում կատարվել է գնում: Գնվել է թվով 1 փողկապ 40.000 ՀՀ դրամ արժողությամբ, որի դիմաց վճարվել է 108 ԱՄՆ դոլար: Նշված գումարը վաճառող Դերմենջյանի կողմից ընդունվել է ԱՄՆ դոլարով և այն վերածելով ՀՀ դրամի մուտքագրվել է ՀԴՄ: Խախտվել է «Արժութային կարգավորման և արժութային վերահսկողության մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 2-րդ կետի պահանջը (գ.թ. 26):

3. 19.05.2009 թվականի «Վարչական իրավախախտման վերաբերյալ» թիվ 512 արձանագրության մեջ Թադևոս Դերմենջյանի բացատրության համաձայն. «Խախտումը կատարել եմ ես թյուրիմացաբար հաճախորդի շտապողականության պատճառով» (գ.թ. 3):

4. 26.05.2009 թվականի «Վարչական իրավախախտման գործի վերաբերյալ» թիվ 102364 որոշմամբ Կոոպերատիվի ավագ վաճառող Թադևոս Դերմենջյանը Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 165-րդ հոդվածի 1-ին հիմքով ենթարկվել է վարչական պատասխանատվության՝ տուգանքի 2.000.000 /երկու միլիոն/ դրամի չափով (գ.թ. 4):

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները

Քննելով վճռաբեկ բողոքը վերը նշված հիմքի սահմաններում՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այն հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ.

«Արժութային կարգավորման և արժութային վերահսկողության մասին» ՀՀ օրենքի 7-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն` Հայաստանի Հանրապետության տարածքում, բացառությամբ օտարերկրյա պետություններում Հայաստանի Հանրապետության դեսպանությունների, հյուպատոսական հիմնարկների, ընթացիկ արժութային գործարքների դիմաց վճարումները և կապիտալի շարժի ու ֆինանսական արժութային գործարքները կանխիկ և անկանխիկ իրականացվում են Հայաստանի Հանրապետության դրամով, բացառությամբ սույն հոդվածի 4-րդ, 5-րդ, 7-րդ և 8-րդ մասերում նշված դեպքերի:

Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 165-րդ հոդվածի 1-ին պարբերության համաձայն` Հայաստանի Հանրապետությունում ապրանքների իրացման, աշխատանքների կատարման, ծառայությունների մատուցման փողային գնանշումները, ինչպես նաև այդ գործարքների դիմաց դրամական (փողային) վճարումները Հայաստանի Հանրապետության դրամով իրականացնելու պահանջը չկատարելը` առաջացնում են տուգանքի նշանակում` խախտման գումարի չափով, բայց ոչ պակաս, քան նվազագույն աշխատավարձի երկուհազարապատիկի չափով, ընդ որում` յուրաքանչյուր պահանջի մի քանի խախտումներ թույլ տալու դեպքում յուրաքանչյուր խախտում համարվում է մեկ խախտում:

Վերը նշված հոդվածների վերլուծությունից հետևում է, որ Հայաստանի Հանրապետությունում գործարքների դիմաց դրամական վճարումները պետք է կատարվեն ՀՀ դրամով, ընդ որում նշված պահանջը չկատարելը առաջացնում է տուգանքի նշանակում:

Դատարանը հայցի մերժման և հակընդդեմ հայցի բավարարման հիմքում դրել է այն հանգամանքը, որ Թադևոս Դերմենջյանը գործարքը կատարել է ՀՀ դրամով և ստուգման ակտը կազմվել է օրենսդրության պահանջների խախտմամբ, մասնավորապես` ստուգման հանձնարարագիրը չի հանձնվել տնտեսավարող սուբյեկտի ղեկավարին կամ նրան փոխարինող պաշտոնատար անձին և ստուգմանը ներգրավվել է հանձնարարագրում չնշված անձ:

Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Դատարանի պատճառաբանությունն այն մասին, որ Թադևոս Դերմենջյանը գործարքը կատարել է ՀՀ դրամով, քանի որ հսկիչ-դրամարկղային մեքենա մուտքագրվել է ՀՀ դրամ, անհիմն է:

Մասնավորապես, սույն գործի փաստերի համաձայն` գումարը Թադևոս Դերմենջյանի կողմից ընդունվել է ԱՄՆ դոլարով: Վարչության 11.05.2009 թվականի թիվ 1302385 ստուգման ակտի բացատրական մասում նշվել է, որ վճարվել է 108 ԱՄՆ դոլար:

Բացի այդ, Թադևոս Դերմենջյանն ընդունել է այն փաստը, որ իր կողմից վաճառված փողկապի արժեքը ստացել է ԱՄՆ դոլարով:

Հետևաբար, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործի փաստերով հիմնավորվում է Թադևոս Դերմենջյանի կողմից գործարքը ԱՄՆ դոլարով կատարելու հանգամանքը:

 Ինչ վերաբերում է Դատարանի եզրահանգմանն այն մասին, որ ստուգումը կատարվել է հանձնարարագրում չնշված անձի կողմից, ապա Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այն անհիմն է, քանի որ Կենտրոնական բանկի աշխատակիցը ստուգմանը մասնակից անձ չէ, այլ զուտ կատարել է գնում, որից հետո հանձնարարագրում նշված անձինք կատարել են ստուգում և հայտնաբերել են վերոնշյալ խախտումը:

 

Այսպիսով, սույն վճռաբեկ բողոքի նշված հիմքերի առկայությունը Վճռաբեկ դատարանը համարում է բավարար՝ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 227-րդ և 228-րդ հոդվածների ուժով Դատարանի վճիռը բեկանելու համար:

 Միաժամանակ, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով անհրաժեշտ է կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-րդ հոդվածի 1-ին կետի 4-րդ ենթակետով սահմանված՝ ստորադաս դատարանի դատական ակտը փոփոխելու Վճռաբեկ դատարանի լիազորությունը հետևյալ հիմնավորմամբ.

ՀՀ Սահմանադրության 19-րդ հոդվածի և «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի ողջամիտ ժամկետում իր գործի քննության իրավունք: Սույն գործով վեճի լուծումն էական նշանակություն ունի գործին մասնակցող անձանց համար: Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գործը ողջամիտ ժամկետում քննելը հանդիսանում է ՀՀ Սահմանադրության և «Մարդու իրավունքների և հիմնարարազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի նույն հոդվածներով ամրագրված՝ անձի արդար դատաքննության իրավունքի տարր, հետևաբար գործի անհարկի ձգձգումները վտանգ են պարունակում նշված իրավունքի խախտման տեսանկյունից: Տվյալ դեպքում Վճռաբեկ դատարանի կողմից ստորադաս դատարանի դատական ակտը փոփոխելը բխում է արդարադատության արդյունավետության շահերից, քանի որ սույն գործով վերջնական դատական ակտ կայացնելու համար նոր հանգամանք հաստատելու անհրաժեշտությունը բացակայում է:

Դատական ակտը փոփոխելիս Վճռաբեկ դատարանը հիմք է ընդունում սույն որոշման պատճառաբանությունները, ինչպես նաև գործի նոր քննության անհրաժեշտության բացակայությունը:

 

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-2412-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Բեկանել ՀՀ վարչական դատարանի 20.10.2009 թվականի վճիռը և այն փոփոխել. ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի Սպանդարյանի հարկային տեսչության հայցը բավարարել՝ «Ռաֆայել-1» արտադրական կոոպերատիվի ավագ վաճառող Թադևոս Դերմենջյանից հօգուտ ՀՀ պետական բյուջեի բռնագանձել 2.000.000 ՀՀ դրամ վարչական տուգանքը: Հակընդդեմ հայցը մերժել:

2. Թադևոս Դերմենջյանից բռնագանձել հօգուտ Հայաստանի Հանրապետության 40.000 ՀՀ դրամ հայցադիմումի համար և հօգուտ ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի Սպանդարյանի հարկային տեսչության՝ 60.000 ՀՀ դրամ վճռաբեկ բողոքի համար վճարված պետական տուրքի գումարները:

3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող`

 

Ս. Սարգսյան

Դատավորներ`

 

Մ. ԴՐՄԵՅԱՆ

Վ. Աբելյան

Ս. Անտոնյան

Վ. Ավանեսյան

ա. Բարսեղյան

Ե. Խունդկարյան

Է. Հայրիյան

Տ. Պետրոսյան

Ե. Սողոմոնյան